Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 13.03.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33169/02/22

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33169/02/22

Նախագահող դատավոր`

 Ն Մարգարյան

Դատավորներ`

 Ս. Թորոսյան

 Կ. Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

ս. ՄեղրՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի փետրվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06072023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Միքաելյանի հայցի ընդդեմ Հիմնադրամի` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արամ Միքաելյանը պահանջել է անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ 17.06.2022 թվականի թիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքներում, ինչպես նաև Հիմնադրամից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 17.06.2022 թվականից:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14122022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «անվավեր ճանաչել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի 17.06.2022 թվականի թիվ 06-03-838/ՄՌԿՎ «Արամ Ռազմիկի Միքայելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին» հրամանը: «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին պարտավորեցնել Արամ Ռազմիկի Միքաելյանին վճարել աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին պարտավորեցնել Արամ Ռազմիկի Միքաելյանին վճարել հարկադիր պարապուրդի գումարը՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 20062022 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագրերը համարել լուծված: Հայցը՝ մնացած մասով, մերժել»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06072023 թվականի որոշմամբ Հիմնադրամի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Արամ Միքայելյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14122022 թվականի վճիռը մասնակիորեն՝ Արամ Միքայելյանին նախկին աշխատանքում չվերականգնելու, ինչպես նաև այդ պահանջին հաշվարկվող դատական ծախսերի մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները և 60-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ ու 11-րդ հոդվածները, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ ու 19-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճիռը բավարար չափով հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Դատարանը, մեխանիկորեն վերարտադրելով վեճի առարկա Հրամանի բովան­դակության մի մասը, որևէ կերպ չի անդրադարձել, գնահատել ու հստակ չի բացահայտել Արամ Միքաելյանի կողմից իրականացվող գործա­ռույթները և դրանց ուսումնա­դաստիարակչական բնույթը, որն առաջնային ու էական պայմանն է դրա հետ կատարված արարքի անհամատե­ղելիությունը որոշելու համար։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերաքննիչ բողոքի փաստարկները՝ գործատուի բարձրագույն ուսումնական հաստատություն հանդիսանալու և սովորողների նկատմամբ որոշակի պարտականություններ կրելու վերաբերյալ, որոնք արտացոլվում են «Կրթության մասին» ՀՀ օրենքի, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներում, ու սահմանափակվել է միայն գործատու և աշխատող հարաբերությունների խիստ մակերեսային արձանագրմամբ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ խոսքի ազատության իրավունքն անսահմանափակ իրավունք չէ և յուրաքանչյուր դեպքում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը պետք է գնահատվի համապատասխան աշխատանքի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթի իրականացման հետ համատեղելիության համատեքստում։

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով վերաքննիչ բողոքի փաստարկները, լրիվ և ամբողջական չի հետազոտել գործով ներկայացված ապացույցներն ու չի գնահատել դրանք համակցության մեջ, ինչի արդյունքում կատարել է փաստերի և ապացույցների միակողմանի գնահատումներ, որոնց արդյունքում խախտվել է դատավարության մրցակցության ու իրավահավասարության սկզբունքները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Արամ Միքայելյանի և «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև 27082005 թվականին կնքվել է թիվ 502 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գթ 52-54).

2) Արամ Միքայելյանի և «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի միջև 01032012 թվականին կնքվել է թիվ 8294 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն՝ Արամ Միքայելյանը նշանակվել է ԳԹՍ և ՈՎ բազային գիտահետազոտական լաբորատորիայում որպես առաջատար գիտաշխատող (հատոր 1-ին, գթ 56).

3) Արամ Միքաելյանի և Հիմնադրամի միջև 01042022 թվականին կնքվել է թիվ 18572 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն՝ Արամ Միքաելյանը պարտավորվել է Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ ամբիոնում դասավանդել 01042022 թվականից մինչև 30062022 թվականը (հատոր 1-ին, գթ 55).

4) Արամ Միքաելյանը, Հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադառնալով Հիմնադրամի և Ազգային բժշկական պալատի միջև 18052022 թվականին կնքված համագործակցության հուշագրին, կատարել է հետևյալ բովանդակությամբ գրառումը՝ «Հերթական «բլեֆը», թղթի թանաքը չորանալուց հետո մեկ վայրկյանի կյանք չունեցող շոու՝ «հանգուցյալ» միջոցառմանը նվիրված բազմաթիվ մեծադիր նկարներով: Այս «նախաձեռնության» արդյունավետությունը վերապահում եմ ինձ ...» (հատոր 1-ին, գթ 113).

5) Արամ Միքաելյանը՝ որպես Հիմնադրամի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, 20.08.2021 թվականին «https://www.aravot.am/» կայքում կատարել է հրապարակում, որում, ի թիվս այլնի, նշվել է«() Մարուխյանի «ամենանշանակալի» քայլը եղավ ռեկտորի տեղակալի պաշտոնի ստեղծումը և այդ պաշտոնում ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին նշանակումը։ Բոլորը Մարուխյանի անհեթեթ քայլը գնահատեցին որպես երախտագիտության դրսևորում։ (…) Բազմաքայլ պլանի հերթական քայլն առանց խոչընդոտների իրականացնելուց խանդավառված խումբը անցավ հաջորդ քայլին՝ առանց տեղեկացնելու ռեկտորի պաշտոնակատարին, առանց տեղեկացնելու ռեկտորատին, առանց տեղեկացնելու գիտական խորհրդին, հոգաբարձուների խորհրդի ինքնակոչ անդամներից կազմված նախաձեռնող խումբը ներկայացնում և հաստատում է կանոնադրական այնպիսի փոփոխություն, որը հնարավորություն կտա ցանկացած բուհ 5 տարի առաջ ավարտած մեկին հավակնել Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնին։ Բոլորի համար ակնհայտ էր, որ ռեկտորի ընտրության ժամանակ ցանկացած մարդ կունենա հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 16 դեմ ձայն, իսկ այդ գրպանային 16 հոգին միանշանակ կընտրեն Գոռին։ Այս պարագայում, մնացած 16 հոգուց 1 ձայն ստանալը բավարար էր Պոլիտեխնիկի թշնամիների թեկնածու Գոռին՝ ռեկտոր դառնալու համար։ Հաշվարկը պարզ էր՝ 16-ից 1-ը վերջավոր թիվ է և Աշոտյան, Մարուխյան, Գոռ և ընկերներ ոհմակը լծվեց 16-ից 1՝ ինչ գնով էլ լինի։ Իհարկե 30 արծաթը միշտ գտնում է տմարդին, այս դեպքն էլ բացառություն չէր, գտնվեց մեկը, սակայն այդ դեբիլը կամ գուցե նրան ուղղորդող դեբիլը փոխարենը առաջին փուլում վարձահատույց լինի 30 արծաթի դիմաց, ընտրությունը տեղափոխեց երկրորդ փուլ։ Իսկ երկրորդ փուլում աննախադեպ աղմկահարույց խախտումների պարագայում անողնաշար խորհրդի կողմից չհաստատված թղթի վրա գրվեց 17 կողմ և պոլիտեխնիկցիներին անհայտ, սակայն Գոռի կողմից խորհրդի կազմում ներդրված ոմն Վարդան Պետրոսյան Գոռին «հռչակեց» ռեկտոր, ի դեպ այս ամենը տեղի էր ունենում խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի լուռ անգործունեության կամ ես կասեի համաձայնության պարագայում։ Ռեկտորի հաստատման պրոցեսը երկար տևեց, բայց հաստատվեց նախարարության չորրորդական աշխատակցի կողմից հրապարակված անհեթեթ հիմնավորումների և կառավարության անտարբեր հաստատման արդյունքում։ (…) Ներկայումս պաշտոնների են նշանակվում բազեական-ուսխորհրդական սկզբունքով, անփորձ և ցավալի է հիմնականում ապաշնորհ նախկին ուսխորհրդական «առաջնորդներ», որոնք իրենց ուսանողական կառավարական տարիներին զբաղվել են միայն խարույկ-շուրջպարով ռազմահայրենասիրական դաստիարակության շղարշի ներքո, իսկ ուսումնական պրոցեսին առնչվել են միայն իրենց «համախոհ դասընկերների» համար գնահատական մուրալով։ Ազատվում են բազմամյա, բազմափորձ և նվիրյալ պոլիտեխնիկցիներից, ընտրություններ են իրականացնում արդեն փորձարկված սկզբունքով, պարզապես ջնջում են անցանկալի մարդկանց անունները, քանի որ նորընտիր գիտխորհուրդն էլ է զգալի չափով գրպանային, իսկ անցանկալի քվեարկության արդյունքների դեպքում հրապարակում են իրենց անհրաժեշտ արդյունքներ։ Պրոռեկտոր են նշանակվում պոլիտեխնիկին ոչ հարիր կենսագրությամբ կամ կենսակերպով մարդիկ։ Ի՞նչ նպատակով։ (…)» (հատոր 1-ին, գթ 102-105).

6) Արամ Միքաելյանը՝ որպես Հիմնադրամի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, 31.08.2021 թվականին «https://www.aravot.am/» կայքում կատարել է հրապարակում, որում, ի թիվս այլնի, նշվել է. «(…) Ո՞վ գիտի ի՞նչ առաքելություն ունի հոգաբարձուների խորհրդի անդամը։ Համոզված եմ շատերը, նույնիսկ մարդիկ ովքեր երբեք հոգաբարձուների խորհրդում չեն եղել։ Բայց արի ու տես, որ Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի Պոլիտեխնիկի ցուցակով ընտրված անդամները կարծում են թե իրենք միայն ռեկտորի ընտրությունները խեղաթյուրելու և պոլիտեխնիկի ֆինանսական միջոցները փոշիացնելու որոշումներ հաստատողներ են։ (…) Աշխատանքների նման կազմակերպման արդյունքում ի՞նչ կմնա ընդերքաբանության և մետալուրգիայի լաբորատոր բազայից, երբ դա մոտ կես կիլոմետր հեռավորությունից հասնի 1‑ին մասնաշենք։ Ժամկետների ինչ սահմանագիծ է նախատեսում միայն օգոստոսին սկսված «աշխարհացունց» այս ծրագիրը, միայն «հայտնի» է իրենց ու աստծուն, բայց որ մի ամբողջ ինստիտուտի ուսումնական գործընթացն առնվազը 2-3 ամիս տապալման է դատապարտված առավել քան ակնհայտ է։ Ամբողջ ցավը նրանում է, որ այս դեղնակտուցներին և նրանց հոգևոր հայրերին թվում է թե ինժեներ կարելի է պատրաստել լսարանի կամ ուսխորհրդի նստարանները մաշեցնելով՝ առանց լաբորատոր և գործնական փորձառությունների, և դա ևս մի անգամ համոզում է, որ սրանք ինժեներ չեն և չունեն ինժեներական մտածելակերպ։ Գուցե Պոլիտեխնիկում կազմակերպեն շոումենի կամ էկոտուրիզմի կրթական ծրագիր, կա անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Գործնական հմտություններն էլ կստուգվեն լաբորատոր սարքերից միլիոններ արժեցող խարույկ վառելու ունակությամբ։ Ով կցանկանա կվերապատրաստեն, ով չի ցանկանա կջնջեն մոտակա հարմար պահին։ (…) Եվ վերջապես հետաքրքիր է, այդ ո՞վ «Գոռ և ընկերներ ՍՊԸ»-ից միջնորդեց, ինչով, ինչպես և ո՞ւմ համոզեց, որ 45 օր անորոշության մատնված գործը հաստատվեց կառավարության կողմից։ Այդ ով էր ԲՀԿ-ՀՀԿ ու այժմ էլ իշխանական, թեև ներթափանցած այդ այսպես կոչված «պաշտոնյա-գարանտը», որ այս վիճակին հասցրեց Պոլիտեխնիկը։ Հարգելի Պոլիտեխնիկցիներ, դիմորդներ, լրատվամիջոցներ և այլ շահագրգիռ անձինք, ով չգիտի թող իմանա, կցված է ռեկտորի աթոռի այսօրվա զբաղեցնող Գոռ Վարդանյանի ասպիրանտուրայում ուսումնառության մաթեմատիկայի քննության տետրի պատճենը, որտեղ պարզ երևում է այդ անձի գիտելիքները ինժեներական գիտությունների մայր առարկայից: (…)» (հատոր 1-ին, գթ 99-101).

7) Արամ Միքաելյանը 17.12.2021 թվականին «https://www.aravot.am/» կայքում կատարել է հրապարակում, որում, ի թիվս այլնի, նշվել է «(…) Ուսխորհրդի նախագահին ռեկտորի տեղակալ նշանակելով՝ ընթացք ստացավ Գոռ Վարդանյանին ռեկտոր դարձնելու սցենարը։ Վերջինիս խայտառակ ընտրության մանրամասներին և դրա առնչությամբ հարուցված դատական գործերին անդրադարձներ բազմիցս հնչել են։ (…) Շատերը հույս ունեին, որ ընտրությունից մինչև հաստատումը 45 օր շունչը պահած ռեկտորը պետք է գործեր ի շահ Պոլիտեխնիկի, ցուցադրելու համար իր նվիրվածությունը գործին։ Ցավոք, ոգևորված իր անպատժելիության կարգավիճակից և օգտվելով ցուցաբերված հանդուրժողականության մթնոլորտից, հինգ տարվա եղած-չեղած փորձառությամբ շարունակեց իրեն բնորոշ գործելաոճը։ Շուրջ 8 ամիս է անցել ռեկտորի հաստատումից։ Ի՞նչ է արել նա առ այսօր Պոլիտեխնիկի համար։ Միանշանակ ոչինչ, բացի նեղ շրջանակում տրված խոստումները կատարելուց, ռեկտորի ընտրություններին վերաբերող Հոգաբարձուների խորհրդի նիստը շուկայի վերածած անձանց շնորհակալական պաշտոններ բաժանելուց և «բազեական» ոճով խարույկներ վառելու շատ պատասխանատու գործից՝ սա է իրական պատկերը։ Ակնհայտ է, որ Հոգաբարձուների խորհուրդը չի կարողացել լիարժեք կատարել իր դերը և այլևս չի վերահսկում անկառավարելի դարձած գործընթացները։ (…) Ռեկտորի աթոռին նստածը և իր անկարող թիմը, հասկանալով, որ տապալել են հաշվետու տարին, ինչպես միշտ հապճեպ, ձեռնամուխ են եղել որոշ ապրանքների գնման գործընթացներ կազմակերպելուն (հիմնականում համակարգչային տեխնիկա)։ Սակայն սրանց ուղեղին չի հասնում, որ եթե նույնիսկ 2021թ-ին մրցույթները կայանան և կնքվեն պայմանագրեր, ապա այդ գումարները չեն կարող հաշվառվել որպես 2021թ-ի ծախս։ Դրանք որպես ծախս կարող են հաշվառվել ապրանքները մատակարարելուց, ընդունելուց և վճարումը կատարելուց հետո միայն։ Ինչպես հասցնել այդ ուղեղներին, որ չիրացված գումարները չեն կարող համարվել լավ աշխատանքի արդյունք և հաջորդ տարի ծախսել, ինչպես իրենք են ասում` «խոշոր մտահղացումների համար»։ (…) Ուսումնական գործընթացից անտեղյակ մարդիկ քիմիական ուղղվածության տեխնոլոգիական լաբորատորիաներում կազմակերպում են ընդհանուր կրթաբլոկի առարկաների (լեզուների, իրավագիտության և այլն) դասընթացներ, իրենց անկարողությունն ու անգրագիտությունը քողարկելով լսարանային ֆոնդի սղությամբ։ Դա այն պայմաններում, երբ համալսարանում առկա են բազմաթիվ փակ ցուցադրական սենյակներ և «արտոնյալների» կողմից զբաղեցրած մի շարք աշխատասենյակներ։ (…) Գիտական խորհրդում վերջին ընտրություններին Գոռ Վարդանյանի հանդուգն երևակայությունն արդեն սահման չուներ։ (…)։ Սրանով Գ. Վարդանյանը շնորհակալություն հայտնեց և վարձահատույց եղավ «նվիրյալ» հոգաբարձուներից ևս մեկին իրեն ռեկտոր ընտրելու դիմաց՝ ակնհայտ ընտրակաշառք։ Ներկայիս ղեկավարության ապաշնորհ կառավարման դեպքերը բազմաթիվ են Ոչ մեկի համար նորություն չէ, որ ուսխորհուրդը վաղուց դարձել է ռեկտորի գրպանային գործիքը և համալսարանի բոլոր խորհուրդներում իրենց 25 տոկոս ձայները սպասարկում են որոշակի նեղ խմբի անձնական շահերը։ 3 բառանոց կենսագրությամբ մարդիկ, իրենց առաջնորդին ռեկտոր ընտրվելու գործում ցուցաբերած սխրանքների դիմաց ստանում են խոստացված պաշտոնները՝ պրոռեկտոր, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար, ինստիտուտի տնօրենի տեղակալ և այլն։ Համալսարանի տնտեսական գծով պրոռեկտոր է նշանակվել, ներկայիս ռեկտորին ուսխորհրդի նախագահ դարձրած նախկին ուսխորհրդի նախագահ Կարապետ Թոռչյանը, «բիզնեսմեն» որին առայժմ խորհուրդ ենք տալիս Համալսարանը բիզնես կենտրոնի վերածելուց և շահույթ ակնկալելուց առաջ կատարել պետության հանդեպ ունեցած սեփական հարկային պարտավորությունները։ Ուսխորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը նշանակվել է համալսարանի ամենամեծ ինստիտուտի տնօրենի տեղակալ, սակայն նրան չի բավարարում այդ պաշտոնը և նա 5-րդ մասնաշենքից տեղափոխվել է 3-րդ մասնաշենք և փորձում է տիրանալ, «պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար» պաշտոնի տրոհումից ակնկալվող կտորին։ Մեկ այլ ուսխորհրդական էլ, նշանակվել է համալսարանում ձևավորված առաջին ինստիտուտի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, ասպիրանտուրան ավարտելուց հետո տնօրեն «ընտրվելու» հեռանկարով։ Համալսարանի վերջին մի քանի ռեկտորների հետ աշխատած, փորձառու, իրեն գործին լիարժեք տիրապետող ռեկտորի գործավարը, նոր ռեկտորին վստահություն չներշնչելու պատճառաբանությամբ, փոխարինվել է, վստահելի, Ա. Աշոտյանի մոտ փորձառություն անցած նախարարի օգնականով։ Այս տարվա շրջանավարտ աղջնակը նշանակվել է անվտանգության գծով ռեկտորի օգնական, ստանձնելով «անվտանգ» սուրճ պատրաստելու պարտականությունը։ «Հանճարեղ» ռեկտորը մինչև հիմա չի հասկացել Համալսարանի գիտական քարտուղարի և քարտուղարուհու տարբերությունը և Գիտական քարտուղար է նշանակել գործնականում անփորձ մարդու, ում թվում է թե իր գործառույթը միայն քվեաթերթիկ բաժանելն է, ինչպես արդեն նշել ենք դա էլ նորմալ չի կարողանում անել։ Համալսարանի իրավախորհրդատու է նշանակվել Տիգրան Նաղդալյանը, ում աշխատանքային պարտականությունները սահմանափակվում են դատական ատյաններում Գոռ Վարդանյանի շահերի պաշտպանությունով։ Համալսարանում տիրող նման մթնոլորտը ստիպում է բազմաթիվ տարիների վաստակ ունեցող շատ պոլիտեխնիկցիների հեռանալ համալսարանից, անտարբեր նայել իրականությանը, իսկ շատերն էլ արտաքուստ «համակերպվում են» իրավիճակին, լռում են, աշխատանքը կորցնելու մտավախությունից։ Վերոգրյալը չի ներառում Գոռ Վարդանյանի ֆինանսատնտեսական «գործունեության» նկարագիրը, ինչին կանդրադառնանք առանձին հաղորդմամբ։ (…)» (հատոր 1-ին, գթ 106-110).

8) Արամ Միքաելյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար կատարել է հետևյալ բովանդակությամբ հրապարակումներ` «Պոլիտեխնիկում հերթական թատրոն ներկայացումն էր. մեկ դերասանը մեկնեց ու թատերախումբը շուրջպար բռնեց», «Պոլիտեխում «Գոռ & ընկերներ ՍՊԸ»-ի կազմակերպած հերթական ֆեյք ընտրության նիստ տեղի չունեցավ` բա գիտեք COVID-ով պայմանավորված մեծաթիվ մասնակիցներով հավաք չեն կազմակերպում, իսկ մինչ այդ` 2 օր առաջ, նույն դահլիճում տեղի ունեցած միջոցառումից», «(…) Պոլիտեխում և մասնավորապես մեր ինստիտուտում հերթական անմեղսունակության դրսևորումն է ... իմ բազմաթիվ հղումներին, որ կապվեք այս հարթակին` «մի քիչ ավելին» կսովորեք` համառ լռություն է ... կոնտակտները ես եմ հիմնել` իրենց կկծի ...» (հատոր 2-րդ, գթ 79-81).

9) Հիմնադրամի «Միկրոէլեկտրոնիկա և կենսաբժշկական սարքերի» ամբիոնի վարիչի պ/կ Օլեգ Պետրոսյանը ծառայողական գրություն է ներկայացրել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանին, որում, ի թիվս այլնի, նշվել է «Մեզ համար անհասկանալի և անակնկալ է «Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի խիստ բացասական և անհարգալից արտահայտությունները, որոնք նա գրառել է մեր համալսարանի ֆեյսբուքյան էջում։ Նման արտահայտությունները միանշանակորեն ազդում են համալսարանի հեղինակության վրա։ Պարոն Գ. Վարդանյան խնդրում եմ Ձեզ ձեռք առնել համապատասխան միջոցներ սույն տհաճ գրառումների հեղինակների նկատմամբ, հետագայում այդպիսի երևույթները բացառելու համար» (հատոր 1-ին, գթ 64).

10) Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը 24.05.2022 թվականին գրություն է ներկայացրել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանին, որում, ի թիվս այլնի, նշվել է «(…) Ձեր բուհի աշխատակից Արամ Միքաելյանի կողմից տրվել են անվայել և զրպարտող գնահատականներ (…) որով հարվածի տակ է դրվում Ազգային բժշկական պալատի բարի և արժեքաստեղծ համբավը։ (…) Հարգարժան ռեկտոր, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս փաստին և հայտնում մեր մտահոգությունը Ձեր աշխատակցի՝ դասախոսի և գիտնականի ոչ հարիր վարքագծի նկատմամբ նաև այն պատճառով, քանի նմանօրինակ դեպքերը հանրային ընկալման, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության շրջանակներում կարող են ձևավորել թյուր կարծիք ինչպես մեր համագործակցության, այնպես էլ Ազգային բժշկական պալատի գործունեության նկատմամբ» (հատոր 1-ին, գթ 62).

11) Հիմնադրամի «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ծառայողական գրություն է ներկայացրել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանին՝ 19.05.2022 թվականին գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրած լինելու վերաբերյալ, գրությամբ, ի թիվս այլն, նշվել է. «Ինստիտուտի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դատապարտել Արամ Միքաելյանի կողմից համալսարանի հեղինակությունը և բարի համբավը արատավորող գործունեությունը, և դիմել Ձեզ՝ բուհի Գիտական խորհրդում այս հանգամանքը քննարկելու, համապատասխան գնահատական տալու և բուհի բարի համբավը վտանգի տակ դնելուն ուղղված գործընթացը կանխելու միջոցներ ձեռնարկելու նպատակով» (հատոր 1-ին, գթ 66‑70).

12) 26.05.2022 թվականին հրավիրվել է Հիմնադրամի Գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է եղել ԼՄ և ՔՏ ինստիտուտի «Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքայելյանի հրապարակումների՝ Հիմնադրամի բարի համբավի և գիտամանկավարժական գործունեության վրա ազդեցության հարցի քննարկումը։ Գիտական խորհրդի նիստում, լսելով պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների ելույթները, այդ հարցի առնչությամբ Գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ միաձայն ընդունեց հայտարարություն առ այն, որ «1. Բուհի հեղինակության պահպանումը և բարձրացումը պետք է հանդիսանա ԲՈՒՀ-ի ցանկացած աշխատակցի և սովորողի առաջնային խնդիրը. 2. անթույլատրելի և գիտամանկավարժական գործունեության հետ անհամատեղելի է ԲՈՒՀ-ի գործունեության՝ ներառյալ ի դեմս կառավարման մարմինների, որոնք հանդես են գալիս ոչ անձնական տիրույթում և ներկայացնում են ԲՈՒՀ-ը տարբեր կառույցների և անձանց հետ հարաբերություններում, վերաբերյալ չստուգված, անհիմն և ապատեղեկատվություն հանդիսացող տեղեկությունների հրապարակումը և այլ կերպ տարածումը, որի արդյունքում տուժում է ԲՈՒՀ-ի հեղինակությունը, խարխլվում է ԲՈՒՀ-ի նկատմամբ սովորողների, գործընկերների և այլ կառույցների վստահությունը և համագործակցության հեռանկարները» (հատոր 1-ին, գթ 72-98).

13) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի 02.06.2022 թվականի որոշմամբ Արամ Միքաելյանի բողոքը բավարարվել է՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2022 թվականի ապրիլի 28-ի որոշումը վերացվել է ու հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Համաձայն որոշման նկարագրական մասի՝ «2022թ-ի ապրիլի 18-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Կենտրոնական բաժին է ստացվել Արամ Միքայելյանի դիմումն այն մասին, որ շուրջ մեկ տարի է բարձրաձայնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տիրող իրավիճակի, ռեկտոր Գ. Վարդանյանի անօրինականությունների և անկարողության վերաբերյալ: Մեկ տարի առաջ խիստ կասկածելի պայմաններում ռեկտոր դարձած Գ. Վարդանյանը, դրան նախորդած 5 տարիներին ռեկտորի տեղակալի պաշտոնն օգտագործել է իր ապօրինի ընտրության հիմքերը նախապատրաստելու, իր անձնական գովազդի համար և նա կատարել է ֆինանսական ակնհայտ խախտումներ. (…)» (հատոր 1-ին, գթ 17-25).

14) Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից 17.06.2022 թվականին ընդունվել է «Արամ Ռազմիկի Միքայելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին» թիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանը, որի համաձայն.

«(...) 7) Արամ Ռազմիկի Միքաելյանը, ՀԱՊՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադառնալով ՀԱՊՀ-ի և Ազգային բժշկական պալատի միջև 2022 թ. մայիսի 18-ին կնքված համագործակցության հուշագրի առնչությամբ կատարել է անհիմն և ՀԱՊՀ հեղինակությունը վարկաբեկող գրառում` հետևյալ բովանդակությամբ. «Հերթական «բլեֆը», թղթի թանաքը չորանալուց հետո մեկ վայրկյանի կյանք չունեցող շոու` «հանգուցյալ» միջոցառմանը նվիրված բազմաթիվ մեծադիր նկարներով: Այս «նախաձեռնության» արդյունավետության վերահսկումը վերապահում եմ ինձ...», որն իր հերթին գնահատելով նաև ՀԱՊՀ-ի և նրա ղեկավար անձնակազմի վերաբերյալ այլ պարբերական գրառումների լույսի ներքո, որպիսիք են`

71) «www.aravot.am» կայքում որպես Պոլիտեխնիկի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար 31.08.2021 թվականին հրապարակման մեջ կատարել է հիմնազուրկ հայտարարություններ առ այն, որ` «...Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի Պոլիտեխնիկի ցուցակով ընտրված անդամները կարծում են, թե իրենք միայն ռեկտորի ընտրությունները խեղաթյուրելու և պոլիտեխնիկի ֆինանսական միջոցները փոշիացնելու որոշումները հաստատողներն են», «Աշխատանքների նման կազմակերպման արդյունքում ի՞նչ կմնա ընդերքաբանության և մետալուրգիայի լաբորատոր բազայից, երբ դա մոտ կես կիլոմետր հեռավորությունից հասնի 1‑ին մասնաշենք: Ժամկետների ինչ սահմանագիծ է նախատեսում միայն օգոստոսին սկսված «աշխարհացունց» այս ծրագիրը, միայն «հայտնի» է իրենց ու աստծուն, բայց մի ամբողջ ինստիտուտի ուսումնական գործընթացն առնվազը 2-3 ամիս տապալման է դատապարտված առավել քան ակնհայտ է», «Գուցե Պոլիտեխնիկում կազմակերպեն շոումենի կամ էկոտուրիզմի կրթական ծրագիր, կա անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Գործնական հմտություններն էլ կստուգվեն լաբորատոր սարքերից միլիոններ արժեցող խարույկ վառելու ունակությամբ: Ով կցանկանա կվերապատրաստեն, ով չի ցանկանա կջնջեն մոտակա հարմար պահին:» և այլն.

72) «www.aravot.am» կայքում որպես Պոլիտեխնիկի Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար 20.08.2021թ. հրապարակման մեջ կատարել է հիմնազուրկ և տարրական էթիկայի կանոնները խախտող հայտարարություններն առ այն, որ` «Բոլորի համար ակնհայտ էր, որ ռեկտորի ընտրության ժամանակ ցանկացած մարդ կունենա հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 16 դեմ ձայն, իսկ այդ գրպանային 16 հոգին միանշանակ կընտրեն Գոռին: Այս պարագայում մնացած 16 հոգուց 1 ձայն ստանալը բավարար էր Պոլիտեխնիկի թշնամիների թեկնածու Գոռին` ռեկտոր դառնալու համար: Հաշվարկը պարզ էր` 16-ից 1-ը վերջավոր թիվ է և Աշոտյան, Մարուխյան, Գոռ և ընկերներ ոհմակը լծվեց 16-ից 1՝ ինչ գնով էլ լինի: Իհարկե 30 արծաթը միշտ գտնում է տմարդին, այս դեպքն էլ բացառություն չէր, գտնվեց մեկը, սակայն այդ դեբիլը կամ գուցե նրան ուղղորդող դեբիլը փոխարենն առաջին փուլում վարձահատույց լինի 30 արծաթի դիմաց, ընտրությունը տեղափոխեց երկրորդ փուլ: .... » և այլն.

73) «www.aravot.am» կայքում 17.12.2021 թվականի հրապարակման մեջ կատարել է հիմնազուրկ և տարրական էթիկայի կանոնները խախտող հայտարարություններն առ այն, որ` «Ռեկտորի աթոռին նստածը և իր անկարող թիմը հասկանալով, որ տապալել են հաշվետու տարին, ինչպես միշտ հապճեպ ձեռնամուխ են եղել որոշ ապրանքների գնման գործընթացներ կազմակերպելուն (հիմնականում համակարգչային տեխնիկա): Սակայն սրանց ուղեղին չի հասնում, որ եթե նույնիսկ 2021թ.-ին մրցույթները կայանան և կնքվեն պայմանագրեր, ապա այդ գումարները չեն կարող հաշվառվել որպես 2021թ. ծախս: ... », «ուսումնական գործընթացից անտեղյակ մարդիկ քիմիական ուղղվածության տեխնոլոգիական լաբորատորիաներում կազմակերպում են ընդհանուր կրթաբլոկի առարկաների (լեզուների, իրավագիտության և այլն) դասընթացներ, իրենց անկարողությունն ու անգրագիտությունը քողարկելով լսարանային ֆոնդի սղությամբ: Դա այն պայմաններում, երբ համալսարանում առկա են բազմաթիվ ցուցադրական սենյակներ և «արտոնյալների» կողմից զբաղեցված մի շարք աշխատասենյակներ» և այլն.

74) Միքաելյանը ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար կատարել է հիմնազուրկ և ՀԱՊՀ‑ի գործունեությունն անվանարկող հայտարարություններ, մասնավորապես` «Պոլիտեխնիկում հերթական թատրոն ներկայացումն էր. մեկ դերասանը մեկնեց ու թատերախումբը շուրջպար բռնեց», «Պոլիտեխում «Գոռ ընկերներ ՍՊԸ»-ի կազմակերպած հերթական ֆեյք ընտրության նիստ տեղի չունեցավ` բա գիտեք COVID-ով պայմանավորված մեծաթիվ մասնակիցներով հավաք չեն կազմակերպում, իսկ մինչ այդ` 2 օր առաջ, նույն դահլիճում տեղի ունեցած միջոցառումից», «Պոլիտեխում և մասնավորապես մեր ինստիտուտում հերթական անմեղսունակության դրսևորումն է ... իմ բազմաթիվ հղումներին, որ կապվեք այս հարթակին` «մի քիչ ավելին» կսովորեք` համառ լռություն է ... կոնտակտները ես եմ հիմնել` իրենց կկծի» և նմանատիպ այլ վիրավորական ու էթիկայից դուրս հայտարարություններ.

8) Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը 24.05.2022թ. գրություն է ուղղել ՀԱՊՀ ռեկտորին, որով հիմք ընդունելով Արամ Միքաելյանի` ՀԱՊՀ-ի և Ազգային բժշկական պալատի միջև 2022 թվականի մայիսի 18-ին կնքված համագործակցության հուշագրի առնչությամբ կատարած հայտարարությունը, նշվել է, որ ՀԱՊՀ աշխատակից Արամ Միքաելյանի կողմից արված անվայել և զրպարտող գնահատականներով հարվածի տակ է դրվում Ազգային բժշկական պալատի բարի ու արժեքաստեղծ համբավը, քանզի, լինելով համագործակցող կողմ, մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ են մոտենում հուշագրում ներառված յուրաքանչյուր աշխատանքի արդյունավետ իրականացման գործին: Գրությամբ ՀԱՊՀ ռեկտորի ուշադրությունն է հրավիրվել այն փաստին, որ աշխատակցի` դասախոսին ու գիտնականին ոչ հարիր վարքագիծը հանրային ընկալման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության շրջանում կարող են ձևավորել թյուր կարծիք ինչպես համագործակցության, այնպես էլ Ազգային բժշկական պալատի գործունեության նկատմամբ.

9) ՀԱՊՀ «Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքեր» ամբիոնի վարիչի պ/կ Օ. Պետրոսյանը ծառայողական գրություն է ներկայացրել առ այն, որ «Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքեր» ամբիոնը կենսաբժշկական ճարտարագիտության ուղղվածությամբ իրականացնում է միջին մասնագիտական, բակալավրական, մագիստրոսական և հետազոտական ծրագրեր, ինչի առումով ողջունելի էր ՀԱՊՀ-ի և Ազգային բժշկական պալատի միջև կնքված հուշագիրը: «... Մեզ համար անհասկանալի և անակնկալ էր «Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի խիստ բացասական և անհարգալից արտահայտությունները, որոնք նա գրառել է մեր ֆեյսբուքյան էջում: Նման արտահայտությունները միանշանակորեն ազդում են համալսարանի հեղինակության վրա: Պարոն Գ. Վարդանյան, խնդրում եմ Ձեզ ձեռք առնել համապատասխան միջոցներ սույն տհաճ գրառումների հեղինակի նկատմամբ, հետագայում այդպիսի երևույթները բացառելու համար»:

10) ՀԱՊՀ «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների» ինստիտուտի տնօրեն Ա. Հովհաննիսյանի ծառայողական գրություն է ներկայացրել առ այն, որ. «... 2022թ. մայիսի 19-ին ԼՄ և ՔՏ ինստիտուտում հրավիրվել է գիտական խորհրդի արտահերթ նիստ` «Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի կողմից պարբերաբար սոցիալական ցանցերում և մամուլում համալսարանին վարկաբեկող տեղեկություններ հրապարակելու հանգամանքը քննարկելու համար: Ինստիտուտի գիտական խորհուրդը որոշում է կայացրել դատապարտել Ա. Միքաելյանի կողմից համալսարանի հեղինակությունը և բարի համբավն արատավորող գործունեությունը և դիմել Ձեզ` բուհի գիտական խորհրդում այս հանգամանքը քննարկելու, համապատասխան գնահատական տալու և բուհի բարի համբավը վտանգի տակ դնելուն ուղղված գործընթացը կանխելու միջոցներ ձեռնարկելու նպատակով» և դրանց կից գիտական խորհրդի 19.05.2022թ. թիվ 16 արձանագրությունը, համաձայն որի` «Գիտական խորհուրդը որոշեց` բաց քվեարկությամբ` կողմ-16, դեմ-0, ձեռնպահ-0 ձայներով դատապարտել Ա. Միքաելյանի` համալսարանի հեղինակությունը և բարի համբավը արատավորող և վարկաբեկող գործունեությունը և հարցը ներկայացնել համալսարանի քննարկմանը»:

11) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհուրդը` մասնակցությամբ «Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ Արամ Միքաելյանի, քննության է առել Արամ Միքաելյանի հրապարակումների` ՀԱՊՀ-ի բարի համբավի և գիտամանկավարժական գործունեության վրա ազդեցության վերաբերյալ հարցը` հնարավորություն ընձեռելով Ա. Միքաելյանին ներկայացնել այն հիմնավորումները, որոնց վրա հենվելով վերջինս կատարել է բազմաթիվ վիրավորական, ոչ կոռեկտ հայտարարություններ` ներառյալ նոր կնքված հուշագրի վերաբերյալ, որի մասով դեռևս գործողություններ ձեռնարկված չեն եղել: Գիտական խորհրդի կողմից քննության են առնվել Ա. Միքաելյանի կողմից կատարված ՀԱՊՀ գործունեությունն արատավորող տարաբնույթ հայտարարությունները` ներառյալ Ուսանողական խորհրդի նախագահի կողմից ներկայացված տեղեկատվությունն առ այն, որ ուսանողությունը ներկայացրել է, որ Ա Միքաելյանի դասապրոցեսի ընթացքում հիմնական թեման Պոլիտեխնիկի վարկաբեկումն է հանդիսացել, ուսանողական խորհուրդը ներկայացվել է որպես «հանցավոր խմբավորում», որն ունի պարագլուխ, իսկ ներգրավված ուսանողները` որպես «հանցավոր խմբավորման մասնակիցներ»:

Քննարկման արդյունքում ՀԱՊՀ գիտական խորհուրդը արձանագրել է, որ`

«1 Բուհի հեղինակության պահպանումը և բարձրացումը պետք է հանդիսանա ԲՈՒՀ-ի ցանկացած աշխատակցի և սովորողի առաջնային խնդիրը.

2 անթույլատրելի և գիտամանկավարժական գործունեության հետ անհամատեղելի է ԲՈՒՀ-ի գործունեության՝ ներառյալ ի դեմս կառավարման մարմինների, որոնք հանդես են գալիս ոչ անձնական տիրույթում և ներկայացնում են ԲՈՒՀ-ը տարբեր կառույցների և անձանց հետ հարաբերություններում, վերաբերյալ չստուգված, անհիմն և ապատեղեկատվություն հանդիսացող տեղեկությունների հրապարակումը և այլ կերպ տարածումը, որի արդյունքում տուժում է ԲՈՒՀ-ի հեղինակությունը, խարխլվում է ԲՈՒՀ-ի նկատմամբ սովորողների, գործընկերների և այլ կառույցների վստահությունը և համագործակցության հեռանկարները».

գտնում եմ, որ առկա է բավարար համակցություն գնահատելու, որ Արամ Ռազմիկի Միքաելյանի արարքն անհամատեղելի է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործառույթներին, որի շրջանակներում խախտվում են ուսուցմանը և դաստիարակության ներկայացված հիմնարար սկզբունքները, ԲՈՒՀ-ի՝ որպես կրթություն իրականացնող կառույցի նկատմամբ սովորողների և գործընկերների մոտ ձևավորվում են խեղաթյուրված և իրականության հետ աղերս չունեցող պատկերացումներ՝ նվազեցնելով վստահությունը կառույցի նկատմամբ՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Լուծել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և քաղաքացի Արամ Ռազմիկի Միքաելյանի միջև 27 օգոստոսի 2005թ. կնքված թիվ 502 աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով:

2. Լուծել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և քաղաքացի Արամ Ռազմիկի Միքաելյանի միջև 2012թ. մարտի 05-ին կնքված թիվ 8294 աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով:

3. Լուծել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և քաղաքացի Արամ Ռազմիկի Միքաելյանի միջև 01 ապրիլի 2022թ. կնքված թիվ 18572 աշխատանքային պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով:

4. Տնտեսական գործունեության և ենթակառուցվածքների կառավարման գծով պրոռեկտոր՝ Կ.Ա. Թոռչյանին՝ ապահովել Արամ Ռազմիկի Միքաելյանին հանձնված նյութական արժեքների հանձնման-ընդունման գործընթացը:

5. Արամ Ռազմիկի Միքաելյանի հետ կատարել վերջնահաշվարկ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջների համաձայն:

Հրամանն ուժի մեջ է մտնում աշխատողին հանձնելու պահից» (հատոր 1-ին, գթ 10-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից իր գործառույթների հետ անհամատեղելի այնպիսի արարքի կատարմանը, որը կարող է հիմք հանդիսանալ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար՝ զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե (...) ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք։

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10‑րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝

1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը.

2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությանը, նշել է, որ գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով իր նախաձեռնությամբ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետը լրանալը, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները՝

1. աշխատողը հանդիսանում է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, և

2. աշխատողը թույլ է տվել համապատասխան աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք (տե՛ս Աստղիկ Մխիթարյանն ընդդեմ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի թիվ ԱՐԴ/3713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.04.2022 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորուստը, ըստ էության, պետք է պայմանավորված լինի ուսումնադաստիարակչական գործառույթները շարունակելու հետ անհամատեղելի արարք կատարելու փաստով: Ընդ որում, օրենսդրական կարգավորման տեսանկյունից ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար անհրաժեշտ նախապայման է բացառապես աշխատողի կատարած արարքի անհամատեղելիությունն իր աշխատանքի հետ, և արարքի դրսևորումն աշխատանքային կարգապահության խախտման ձևով իրավական արժևորում չունի (տե՛ս Կաթրին Աննի Ժաննին Ժոլիվե Ժոլիվե Բյուոնին ընդդեմ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/4054/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.01.2023 թվականի որոշումը

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված չէ, թե ինչպիսի արարքներն են նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով համարվում ուսումնադաստիարակչական գործառույթները շարունակելու հետ անհամատեղելի։

Անդրադառնալով այդ հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի արարքները պետք է հանդիսանան այնպիսին, որ խաթարեն այդ գործառույթների էությունը և նպատակը՝ վտանգելով կամ արգելք հանդիսանալով դրանց պատշաճ իրագործմանը, կամ հակասեն բարոյականության համընդհանուր նորմերին (տե՛ս Աստղիկ Մխիթարյանն ընդդեմ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի թիվ ԱՐԴ/3713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.04.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի այդպիսի մոտեցումը տրամաբանորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես օրենսդրությամբ, այնպես էլ ներքին կարգապահական կանոններով չեն կարող սահմանվել այն բոլոր պահանջները և սահմանափակումները, որոնք պետք է պահպանի ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը: Այդպիսի պահանջները բխում են տվյալ աշխատանքի բնույթից և դրա հասարակական նշանակությունից։ Գործատուի վստահությունն ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի նկատմամբ պայմանավորված է ոչ միայն աշխատանքային կարգապահության կանոնները պահպանելու հանգամանքով, այլև ուսումնադաստիարակչական գործառույթները, այդ թվում՝ սովորողների մեջ պատշաճ վարք և վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու պարտականությունները պատշաճ իրականացնելու աշխատողի ունակությամբ: Ըստ այդմ, գործատուն իրավասու է գնահատել, թե որքանով է աշխատողի արարքը խոչընդոտում նրա կողմից ուսումնադաստիարակչական գործառույթները, այդ թվում՝ սովորողների մեջ պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու պարտականությունները պատշաճ իրականացնելուն: Հետևաբար, եթե աշխատողի արարքն անհամատեղելի է ուսումնադաստիարակչական գործառույթների պատշաճ իրականացման հետ, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով անգամ այն դեպքում, երբ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքը չի դրսևորվել աշխատանքային կարգապահության սահմանված կանոնների խախտմամբ (տե՛ս Կաթրին Աննի Ժաննին Ժոլիվե Ժոլիվե Բյուոնին ընդդեմ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/4054/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.01.2023 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից իր գործառույթների հետ անհամատեղելի այնպիսի արարքի կատարման հետևանքներին, որը, չխաթարելով այդ գործառույթների էությունը և նպատակը, այդուհանդերձ կարող է հիմք հանդիսանալ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար, քանի որ ինքնին անհամատեղելի է տվյալ աշխատանքը տվյալ գործատուի մոտ շարունակելու հետ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ ու ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

Նշված դրույթից բխում է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերն այդ հարաբերությունների ողջ ընթացքում կարող են ունենալ իրավաչափ ակնկալիք (սպասելիք), որ հարաբերության մյուս կողմը գործելու է իրավաչափ, բարեխղճորեն և ողջամտորեն՝ ձեռնարկելով բացառապես այնպիսի գործողություններ, որոնք իրավաչափ են ու ողջամիտ, չեն վնասի իր շահերը, պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին խոսք կարող է լինել այնպիսի աշխատանքների կատարման դեպքում, որոնք իրենց էությամբ հիմնված են գործատուի և աշխատողի միջև ողջամտորեն ենթադրվող հատուկ կապի ու վստահության վրա առ այն, որ աշխատողը որոշակի հանգամանքներում կդրսևորի խելամտորեն կանխատեսելի և իրավաչափ վարքագիծ, գործատուի նկատմամբ վարվեցողականություն (լոյալություն), շրջահայացություն ու բարեխղճություն՝ նպաստելով աշխատանքային հարաբերությունների կայունությանը և արդյունավետությանը։ Խոսքն աշխատանքային‑իրավական հարաբերությունների ծագման այնպիսի նախադրյալի մասին է, որի բացակայության պայմաններում նման աշխատանքը տվյալ աշխատողին չէր վստահվի, և որի կորստի (վերանալու) դեպքում գործատուն անվերապահորեն զրկվում է այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել աշխատանքային պայմանագիրը կնքելիս։ Աշխատողի նկատմամբ վստահության կորուստը, որն աշխատողի կողմից իր աշխատանքի հետ անհամատեղելի արարք կատարելու հետևանք է, հարկ է դիտարկել որպես հանգամանքների այնպիսի էական փոփոխություն, որը ողջամտորեն կանխատեսելու հնարավորության առկայության պարագայում կողմերի միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով աշխատանքային պայմանագիր կամ ընդհանրապես այն չէր կնքվի։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածից բխում է, որ գործատուի և աշխատողի միջև ողջամտորեն ենթադրվող հատուկ կապի ու վստահության վրա հիմնված աշխատանքների թվին, ի թիվս այլնի, օրենսդիրը դասել է նաև ուսումնադաստիարակչական աշխատանքը։ Դա պայմանավորված է նրանով, որ կրթական, ուսումնադաստիարակչական հաստատությունների վրա օրենքով դրված և հանրային զգալի նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրների լուծումն այդ հաստատություններն իրականացնում են նման աշխատանք կատարող անձանց միջոցով, որոնց վարքագծից սպասելիքը լիովին խարսխված է վստահության վրա։ Հետևաբար այդպիսի աշխատանք կատարող անձը ևս կրում է իր գործատուի վստահությունը պահպանելու՝ որոշակի հանգամանքներում խելամտորեն կանխատեսելի և իրավաչափ վարքագիծ դրսևորելու, իր գործատուի նկատմամբ վարվեցողաբար, նրբանկատորեն, շրջահայացությամբ, բարեխղճորեն ու ողջամտորեն գործելու պարտականություն, որի խախտման և որպես հետևանք՝ գործատուի ու աշխատողի միջև վստահությունն անուղղելիորեն խզվելու դեպքում գործատուն իրավասու է իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը։ Գործատուն, իհարկե, պարտավոր է հիմնավորել, որ աշխատողն իր վարքագծով կասկածի տակ է դրել իր և գործատուի միջև վստահության ու վարվեցողության (լոյալության) հատուկ կապը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որոշակի հանգամանքներում խելամտորեն կանխատեսելի և իրավաչափ վարքագիծ դրսևորելու, իր գործատուի նկատմամբ վարվեցողաբար, նրբանկատորեն, շրջահայացությամբ, բարեխղճորեն ու ողջամտորեն գործելու աշխատողի պարտականությունը որոշակի հարաբերակցության մեջ է գտնվում կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքի հետ։

Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության ու անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1011-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (...)։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։

Սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈ-1396 որոշմամբ 26122017 թվականին անդրադառնալով Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքին, նշել է, որ արտահայտվելու ազատությունը և այն իրացնելու հիմնական միջոցների երաշխավորումը, որպես ժողովրդավարական հասարակության գոյության ու զարգացման կարևոր նախապայման, ունեն ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրաիրավական սկզբունքային նշանակություն։ Արտահայտվելու ազատությունը երաշխավորված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (19-րդ հոդված), Կոնվենցիայով (10-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով՝ կից կամընտիր արձանագրությամբ (19-րդ հոդված)։ Միաժամանակ, արտահայտվելու ազատությունն ինչպես միջազգային իրավական վերոհիշյալ փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով և օրենքով սահմանված կարգով ենթակա է սահմանափակման՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության ու բարոյականության (հանրային շահերի) կամ այլոց պատվի և բարի համբավի ու այլ հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարծիքի արտահայտման ազատությունն աշխատանքային հարաբերություններում ևս բացարձակ չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների առանձնահատկությունները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայով նախատեսված իրավունքների, մասնավորապես թիվ 1 Արձանագրության 10‑րդ հոդվածի պաշտպանության հրամայականին, սահմանել է, որ թեև պետությունը կրում է պարտականություն ապահովելու անձի իրավունքների իրացվածությունն ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր իրավահարաբերություններում, այնուհանդերձ, այդ իրավունքների իրացվածությունն ապահովելիս որպես ուղենիշ պետք է ընդունվի անհատի ու հանրության մրցակցող իրավունքների և օրինական շահերի միջև արդար հավասարակշռությունը (տե՛ս Karhuvaara and Iltalehti ընդդեմ Ֆինլանդիայի, 16.11.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 53678/00, կետ 42):

Եվրոպական դատարանը, հետագայում առավել հանգամանալից անդրադառնալով իրավունքների պաշտպանության համաչափությանը, նշել է, որ յուրաքանչյուր պարագայում պետք է արդար հավասարակշռություն ապահովվի մի կողմից անձի Կոնվենցիայով ամրագրված արտահայտման ազատության իրավունքի, իսկ մյուս կողմից՝ այն անձի պատվի, արժանապատվության և բարի համբավի միջև, ում նկատմամբ արտահայտվել են մեղադրական դատողություններ (տե՛ս Cumpănă and Mazăre ընդդեմ Ռումինիայի, 12.12.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 33348/96, կետ 91)։

Եվրոպական դատարանն այս համատեքստում նշել է, որ արտահայտվելու ազատությունը ենթադրում է նաև պարտավորություններ, ուստի յուրաքանչյուր անձ, կատարելով որոշակի տեղեկատվություն հայտնելու ընտրություն, պարտավոր է իրադրությանը համապատասխան մանրամասն ստուգել դրա ճշգրիտ և վստահելի լինելը։ Այս համատեքստում Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ դրդապատճառն էական նշանակություն ունի որոշելու համար, թե արդյոք որոշակի տեղեկատվության հրապարակումը պետք է պաշտպանվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի լույսի ներքո, թե` ոչ: Եվրոպական դատարանը մասնավորապես նշել է, որ անձնական դժգոհությունները, թշնամությունը կամ առավելության հասնելու ակնկալիքը չեն կարող դիտարկվել պաշտպանության ենթակա քննադատություններ: Ավելին՝ անհրաժեշտ է որպեսզի անձը գործի բարեխղճորեն և հավատա, որ իր կողմից ներկայացվող տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանն ու այն հրապարակելը բխում է հանրային շահերից (տե'ս Guja ընդդեմ Մոլդովայի, 12022008 թվականի վճիռը, գանգատ թիվ 14277/04, կետեր 75, 77)։

Եվրոպական դատարանը, առավել հանգամանալից անդրադառնալով Կոնվենցիայի 10‑րդ հոդվածի կիրառելիությանը նաև աշխատանքային հարաբերությունների ոլորտում՝ նշել է, որ անգամ այն դեպքերում, երբ աշխատողի կողմից արված հայտարարությունները հանդիսանում են հանրային մտահոգություն առարկա, միևնույն է աշխատողը պարտավոր է նման հայտարարություններ կատարելիս հաշվի առնել այլոց հեղինակությունն ու իրավունքները չխախտելու պահանջը՝ ելնելով անմեղության կանխավարկածից (տե՛ս Marchenko ընդդեմ Ուկրաինայի, 19.02.2009 թվականի վճիռը, գանգատ թիվ 4063/04, կետ 45)։

Հետագայում զարգացնելով այս դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ աշխատողները կաշկանդված են իրենց գործատուի նկատմամբ վարվեցողականության (լոյալության), զսպվածության և շրջահայացության պարտականությամբ (տե՛ս, օրինակ, Aurelian Oprea v. Ռումինիայի, 19.01.2016 թվականի վճիռը, գանգատ թիվ 12138/08, կետ 59)։

Անդրադառնալով աշխատանքային հարաբերություններում աշխատողի կողմից վարվեցողականության (լոյալության), զսպվածության և շրջահայացության սկզբունքների դրսևորման հրամայականի ու արտահայտվելու ազատության իրավունքի հարաբերակցությանը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ աշխատանքային հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Թեև աշխատանքային հարաբերություններում բարեխիղճ գործելու սկզբունքը չի պարտադրում լիակատար հավատարմություն գործատուի կամ այլ աշխատակիցների շահերի նկատմամբ, սակայն խոսքի ազատության որոշակի դրսևորումներ, որոնք այլ պարագայում կդիտվեն իրավաչափ, այնուհանդերձ կարող են լեգիտիմ չհամարվել աշխատանքային հարաբերություններում:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման առարկա պետք է դառնան քննադատական խոսքի ձևը, բովանդակությունը, շարժառիթները և հետևանքները։ Պետք է հստակ տարանջատել քննադատությունը վիրավորանքից։ Մասնագիտական միջավայրում անպարկեշտ և վիրավորական արտահայտությունների կիրառմամբ այլ անձանց հեղինակության նկատմամբ ոտնձգությունը, հաշվի առնելով դրա խիստ վնասակար հետևանքները, զանցանքի հատկապես ծանր ձև է, որը կարող է արդարացնել խիստ պատժամիջոցների կիրառումն աշխատողի նկատմամբ։ Քննադատության վիրավորական ձևը զրկում է աշխատողին սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի պաշտպանությունից։ Արտահայտված գաղափարների հանրային նշանակությունը չի արդարացնում նախապես մտածված և գրավոր շարադրված վիրավորական արտահայտությունների ընտրությունը (տե'ս Palomo Sánchez and others ընդդեմ Իսպանիայի, 12.09.2011 թվականի վճիռը, գանգատ թիվ 28955/06, կետ 67, 76)։

Եվրոպական դատարանը հավելել է, որ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով տեղեկատվության տարածումը պետք է կատարվի բարեխղճորեն հատկապես այն դեպքերում, երբ վնաս է պատճառում այլ անձանց (տե՛ս Bladet Tromso and Stensaas ընդդեմ Նորվեգիայի, 20051999 թվականի վճիռը, գանգատ թիվ 21980/93, կետ 65)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքն ինքնին չի կարող բավարար հիմք համարվել աշխատակցի կողմից գործատուի կամ կառույցի վերաբերյալ իր կարծիքը, ներառյալ՝ քննադատական և մեղադրական կարծիքը, ազատ արտահայտելու իրավունքի սահմանափակման համար։ Միաժամանակ Եվրոպական դատարանի վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ելնելով աշխատանքային հարաբերություններում աշխատակցի կողմից վարվեցողականության (լոյալության), զսպվածության և շրջահայացության սկզբունքների պահպանման հրամայականից՝ հատկապես հանրության լայն շրջանակներում խիստ կարևորություն ու հասարակական նշանակություն ունեցող կառույցներում, ինչպիսիք են նաև կրթական հաստատությունները, ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատակցի կողմից կատարված քննադատական և մեղադրական արտահայտությունները, չպետք է լինեն այն աստիճանի ու չպետք է կրեն արտահայտման այնպիսի ձև, որն ուղղակիորեն կհանգեցնի տվյալ կառույցի, նրա կառավարման մարմինների, ինչպես նաև այդ հաստատությունում աշխատող այլ անձանց, շրջանավարտների և սովորողների հեղինակության, պատվի, արժանապատվության ու բարի համբավի նսեմացմանը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում հատկապես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձի կողմից քննադատական կամ մեղադրական դիրքորոշման արտահայտումը պետք է հնարավորինս զերծ լինի վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանություններից, ինչը բխում է ինչպես աշխատանքային հարաբերություններում գործատուի և աշխատակցի միջև առկա վարվեցողականության (լոյալության), զսպվածության, վստահության ու փոխադարձ հարգանքի պահպանման անհրաժեշտությունից, այնպես էլ ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացման հետ համատեղելի վարքագծի ապահովման հրամայականից։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատակցի կողմից գործատուի վերաբերյալ կատարված մեղադրական դատողությունները չպետք է լինեն օբյեկտիվ հիմնավորումներից զուրկ, աշխատակցի մոտ առնվազն պետք է առկա լինեն բավարար հիմքեր ձևավորելու այն ողջամիտ կանխավարկածը, որ իր կողմից ներկայացվող տեղեկատվությունը ճշմարիտ է, ընդ որում՝ անձնական դժգոհությունները, թշնամությունը կամ առավելության հասնելու ակնկալիքը որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես պաշտպանության ենթակա քննադատություններ: Ավելին՝ անհրաժեշտ է, որ անձը գործի բարեխղճորեն և հավատա, որ իր կողմից տեղեկատվության նմանօրինակ ներկայացումն ու հրապարակումը բխում են հանրային շահերից ու չհիմնավորված ուղղակի վնաս չի պատճառում ինչպես ուսումնական կառույցի հեղինակությանը, այնպես էլ գործատուին։

Նման մոտեցումն առաջին հերթին պայմանավորված է ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձի վրա դրված աշխատանքային պարտականությունների առանձնահատկությամբ, քանի որ վերջինս կրում է նաև սովորողների մոտ պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու պարտականություն՝ ինքնին ծառայելով իրավական և բարոյականության համընդհանուր նորմերը հարգելու օրինակ։ Հենց այս առանձնահատկությամբ պայմանավորված էլ օրենսդիրը, որպես աշխատանքային պայմանագրի լուծման հիմք, նախատեսելով վստահության կորուստը, սահմանել է, որ դրա առանձին դրսևորում է նաև ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք թույլ տալը։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան՝ Արամ Միքաելյանը պահանջել է անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի՝ իր հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին 17.06.2022 թվականի թիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքներում, ինչպես նաև Հիմնադրամից բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 17.06.2022 թվականից:

Դատարանը, պատճառաբանելով, որ «Դատարանը գտնում է, որ ակադեմիական շրջանակներում ԲՈՒՀ-ի գործունեության վերաբերյալ պրոֆեսորադասախոսական կազմի քննադատությունը չի կարող որևէ կերպ քան օրենքով սահմանված կարգով սահմանափակվել, մեկնաբանել ի վնաս աշխատողի և/կամ իրավական ներգործության ենթարկելու հիմք հանդիսանալ։ ԲՈՒՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը ազատ են հրապարակայնորեն քննադատելու վարչական ղեկավարության գործունեությունը, կրթության և գիտության զարգացման ծրագրերի վերաբերյալ հանդես գալու առաջարկներով։ Միևնույն ժամանակ հրապարակային խոսքը, գրվածքը պետք է լինի հավասարակշիռ, փաստարկված, հեղինակի կողմից դրանց ներկայացումը բարեխիղճ։ (…) Դատարանը փաստում է, որ հրապարակումները, որոնք պարունակում են արտահայտություններ, ինչը կարող է առերևույթ վիրավորական արտահայտություններ համարվել, կատարվել են aravot.am էլեկտրոնային լրատվամիջոցում 20.08.2021թ. 17.12.2021թ, այսինքն` 17.06.2022 թվականի թիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանից շուրջ տաս և վեց ամիս առաջ։ Հրապարակումների վերաբերյալ քննարկում չի եղել, գործատուի կողմից աշխատողը տույժի չի ենթարկվել, ինչից կարելի է ենթադրել, որ գիտական խորհրդում քննարկման առիթը հանդիսացել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված օգտահաշվում տեղադրված Գոռ Վարդանյան «Բժշկական համայնքի ներգրավվածությունը չափազանց կարևոր է «կենսաբժշկական ճարտարագիտություն» կրթական ծրագրի ․․․» վերնագրով նյութի տակ Արամ Միքաելյանի կողմից կատարած մեկնաբանությունը, իսկ նախորդ հրապարակումները հրամանում քննարկելով գործատուն ցանկացել է հիմնավորել հրամանի հիմքում դրված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմնավոր լինելը։ Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ Արամ Ռազմիկի Միքաելյանի հրապարակումները վերաբերում են ԲՈՒՀ-ի ղեկավարության ընտրություններին, նրանց գործունեությանը և կրթության գործի կազմակերպման վերաբերյալ իր պատկերացումներին։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված օգտահաշվում տեղադրված հրապարակման տակ Արամ Միքաելյանի կողմից կատարած մեկնաբանությունը ԲՈՒՀ-ում տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ կարծիք է, որի իրավաչափության հարցը մեկ այլ՝ թիվ ԵԴ/32044/02/22 քաղաքացիական գործով քննության առարկա է։ Դատարանի գնահատմամբ նախորդ ժամանակահատվածներում Հայցվորի հրապարակումները չի կարող որակվել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից թույլ տրված տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք, քանի որ կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրով ԲՈՒՀ-ի գործունեության մասին հրապարակային կարծիք հայտնելու սահմանափակումներ նախատեսված չեն։ (…) սույն պարագայում աշխատողը թույլ է տվել հրապարակային քննադատություն, ինչը միանշանակ չի կարող մեկնաբանվել, որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով սահմանված աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ լուծելու հիմք։ Հետևաբար Հիմնադրամը Դատարանին չներկայացրեց բավարար հիմնավորումներ վկայակոչած փաստարկների վերաբերյալ՝ կապված աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք կատարելու հետ։ Նորմի կիրառումը Հիմնադրամի դեպքում չպետք է ունենա վերացական մեկնաբանություն, այլ կոնկրետ դեպքում պետք է ներկայացվեր աշխատանքային հարաբերությունների դադարեցման համար հիմք հանդիսացած նյութերը, հիմնավորումները, աշխատողի կողմից իր պարտականությունների չկատարման, թույլ տրված հակաբարոյական վարքագծի վերաբերյալ փաստարկները», իսկ Արամ Միքաելյանին նախկին աշխատանքում չվերականգնելու մասով նշելով, որ «Ապացույցների համադրման արդյունքում պարզ է դառնում, որ Հիմնադրամի ռեկտորը և գիտական խորհուրդը անընդունելի են համարում Հայցվորի հրապարակային քննադատությամբ վիրավորանքներ հասցնելու վարքագիծը: (…) Վստահությունը կորցնելու առումով հարկ է նշել, որ այն չի կարող հիմնված լինել միայն հստակ, կոնկրետ ապացույցի վրա և կտրված լինել անձի սուբյեկտիվ ընկալումից և ներքին համոզմունքից, այլ նման իրավիճակներում էական նշանակություն ունի հենց կողմերի միջև արդեն իսկ ձևավորված հարաբերությունները, այդ հարաբերությունների լարման, վատացման պատճառները և օբյեկտիվ գնահատականը նման հարաբերություններով և կասկածանքներով հետագա համատեղ աշխատանքի իրատեսական լինելուն: Այսինքն, անկախ ուղղակի ապացույցի առկայությունից կամ բացակայությունից, էական է այն, թե արդյոք չփարատված կասկածների առկայության դեպքում կարող է ստիպողաբար վերականգնվել այդ վստահությունը և շարունակվել գործնական հարաբերությունը։ Տվյալ դեպքում, թեև օրենքով սահմանված կարգով առկա է աշխատողին աշխատանքից ազատելու հրամանի անվավեր ճանաչման հիմք, և հրամանն ենթակա է անվավեր ճանաչման, սակայն Դատարանը գտնում է, որ տվյալ՝ գործատուի՝ աշխատողի հանդեպ վստահությունը կորցնելու իրավիճակում գործատուի և աշխատողի հետագա հարաբերությունները վերականգնելն անհնարին է», 14.12.2022 թվականին կայացրել է վճիռ, որով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է անվավեր ճանաչել Հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի 17.06.2022 թվականի «Արամ Ռազմիկի Միքայելյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին» թիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանը, պարտավորեցնել Հիմնադրամին վճարել հարկադիր պարապուրդի գումարը՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած 20.06.2022 թվականից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև աշխատանքում չվերականգնելու դիմաց փոխհատուցում՝ միջին աշխատավարձի հինգապատիկի չափով։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «(…) նշված հիմքով աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել բացառապես այն դեպքում, երբ աշխատողի կողմից թույլ տրված արարքները խաթարում են ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձի վրա օրենքով դրված պարտականությունների կատարման էությունը և նպատակը՝ արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը կամ հակասում է բարոյականության համընդհանուր նորմերին։ Այսինքն, աշխատողի արարքը պետք է խոչընդոտի նրա կողմից ուսումնադաստիարակչական գործառույթները, այդ թվում՝ սովորողների մեջ պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու պարտականությունները պատշաճ իրականացնելուն։ (…) Մինչդեռ, տվյալ պարագայում, աշխատողի գործողությունները, որոնք վիճարկվող հրամանի փաստական հիմք են ծառայել, իրենց բնույթով այնպիսին չեն, որոնք կարող են խաթարել ուսումնադաստիարակչական բնույթի գործառույթներ իրականացնող անձի կողմից իր գործառույթների, այդ թվում՝ սովորողների մեջ պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ձևավորելու պարտականությունները պատշաճ իրականացնելուն և դրանց արգելք հանդիսանալ։ (…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ֆեյսբուք սոցիալական ցանցում բացված օգտահաշվում տեղադրված հրապարակման տակ համալսարանում տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ Արամ Միքայելյանի կողմից կատարված մեկնաբանությունն իր բնույթով չի վկայում ուսումնադաստիարակչական բնույթի գործառույթներ իրականացնող անձի կողմից դրսևորած այնպիսի վարքագծի մասին, որը կարող է անհամատեղելի լինել անձի տվյալ աշխատանքի հետ՝ արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը կամ հակասելով բարոյականության համընդհանուր նորմերին։ (…) Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անգամ խոսքի ազատության սահմանազանցման պարագայում էլ, նշված արարքն ինքնին աշխատողի հանդեպ վստահությունը կորցնելու օբյեկտիվ հիմք չի հանդիսանում, քանի դեռ չի հիմնավորվում դրա՝ սովորողների մեջ պատշաճ վարք ու վարվելակերպ ձևավորելու պարտականության պատշաճ իրականացման վրա ազդելու հնարավորության հանգամանքը: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցապահանջը՝ աշխատանքի վերականգնելու մասով ենթակա է նոր քննության, քանի որ պետք է բացահայտել հայցվորի՝ գործատուի մոտ աշխատանքի վերականգնման հնարավորության հարցը: Մասնավորապես, Դատարանն աշխատանքում վերականգնելու անհնարինությունը պայմանավորել է աշխատողի և գործատուի միջև լարված հարաբերութունների և աշխատողի հանդեպ գործատուի վստահության կորստի հանգամանքներով այն դեպքում, երբ ինչպես բողոքարկվող դատական ակտով, այնպես էլ դրա դեմ Պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով հերքվել է աշխատողի հանդեպ վստահության կորստի օբյեկտիվ հիմքերի առկայությունը։ Իսկ աշխատողի և գործատուի միջև լարված հարաբերությունների առկայությունն ինքնին չի կարող վկայել աշխատողին իր նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության մասին։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է պարզել, թե գործատուի ղեկավարը (ռեկտոր) և հիշյալ աշխատակիցն իրենց գործառութային պարտականությունների բերումով արդյոք ամենօրյա շփումների մեջ են, թե նրանց միջև կապը միջնորդավորված է, օրինակ ամբիոնի վարիչ կամ ֆակուլտետի դեկան կամ նման գործառույթների իրականացնող անձանց միջոցով», 06.07.2023 թվականի որոշմամբ Հիմնադրամի բերած վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Արամ Միքաելյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 14.12.2022 թվականի վճիռը մասնակիորեն՝ Արամ Միքաելյանին նախկին աշխատանքում չվերականգնելու, ինչպես նաև այդ պահանջի հաշվարկվող դատական ծախսերի մասով, բեկանել է և գործն այդ մասով ուղարկել է նոր քննության։

Վճռաբեկ դատարանը, վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող թիվ 4-13-րդ փաստերը, արձանագրում է, որ գործի նյութերով հաստատվում է Արամ Միքաելյանի կողմից և՛ հրապարակայնորեն, և՛ Հիմնադրամի աշխատակիցների ու ուսանողության շրջանում ԲՈՒՀ‑ի կառավարման, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների վերաբերյալ քննադատական դատողություններ հնչեցնելու փաստը, որոնք հաճախ զուգակցվել են վիրավորական և ենթադրյալ զրպարտչական արտահայտություններով ու կրել են պարբերական բնույթ (տե՛ս, մասնավորապես, թիվ 4-8-րդ փաստերը)։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նմանօրինակ արտահայտման ձևն իրական վնաս է հասցնում տվյալ ԲՈՒՀ-ի հեղինակությանը, այնտեղ գիտամանկավարժական գործունեություն ծավալող դասախոսների և կրթություն ստացող ուսանողների ու շրջանավարտների պատվին, արժանապատվությանը և բարի համբավին։ Նման մեկնաբանությունները հասարակության շրջանակում կարող են ձևավորել թյուր կարծիք կրթական հաստատության դերի, հետապնդող նպատակների և ազդեցության վերաբերյալ՝ հատկապես այդ հաստատության աշխատակցի կողմից իրականացվելու դեպքում։

Հայաստանի Հանրապետությունը, հռչակելով և երաշխավորելով կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը` որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն, կրթական հաստատություններին օժտել է հասարակության մեջ ազգային և համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման առաքելությամբ: Նման պայմաններում այդ կրթական հաստատություններում ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձինք հատկապես պետք է զերծ մնան տվյալ հաստատությունն արատավորող, դրա բարի համբավի վրա ազդող գործունեության իրականացումից, ինչը բխում է նաև հաստատության և աշխատակցի միջև առկա հատուկ կապի ու վստահության սկզբունքներից, քանի որ կրթական հաստատություն հանդիսացող գործատուի մոտ ձևավորվում է ողջամիտ ակնկալիք առ այն, որ աշխատակիցն իր գործողություններով նպաստելու է կրթական հաստատության հեղինակության բարձրացմանը, հակառակ պարագայում աշխատանքային հարաբերություններ չէին ծագի։

Գործում առկա և հրամանի հիմքում դրված փաստերի գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ակնհայտ է՝ Արամ Միքաելյանի կողմից Հիմնադրամի ռեկտորի, մի շարք աշխատակիցների, ինչպես նաև ուսանողական կառույցների վերաբերյալ արտահայտված մեղադրական ու վիրավորական դիրքորոշումները կրել են արտահայտման այնպիսի ձև, որն օբյեկտիվորեն կարող է ազդել ինչպես Հիմնադրամի, այնպես էլ վերջինիս հետ փոխկապակցված այլ անձանց և կառույցների հեղինակության վրա։ Այս հանգամանքի մասին են խոսում ինչպես Հիմնադրամի աշխատակիցների կողմից ներկայացված ծառայողական գրությունները, այնպես էլ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանի 24.05.2023 թվականին ներկայացրած գրությունը (տե՛ս թիվ 9-11-րդ փաստերը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործում առկա փաստերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Արամ Միքաելյանի կողմից արված արտահայտությունների և վիրավորանքների զգալի մասն ուղղված են եղել հենց Հիմնադրամի ռեկտորին՝ Գոռ Վարդանյանին, ու վերջինիս «աջակիցներին»։ Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում և մամուլում արված հրապարակումների բովանդակային հետազոտումն ու գնահատումը ցույց է տալիս, որ Գոռ Վարդանյանի՝ ռեկտորի պաշտոնին նշանակվելու հանգամանքն ինքնին Արամ Միքաելյանի կողմից ընդունելի չի եղել, և առաջացրել է վերջինիս դժգոհությունը (տե՛ս թիվ 5-րդ, 7-րդ և 8-րդ փաստեր)։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Եվրոպական դատարանի վերը նշված դիրքորոշումների համատեքստում անձնական դժգոհություններով պայմանավորված քննադատությունը (առավել ևս ընտրված ձևով) ևս չի կարող համարվել Կոնվենցիայի իմաստով պաշտպանության ենթակա քննադատություն։

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ նշել է, որ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի աշխատակցի կողմից կատարված արարքները խաթարեն այդ գործառույթների էությունը և նպատակը՝ վտանգելով կամ արգելք հանդիսանալով դրանց պատշաճ իրագործմանը, կամ հակասեն բարոյականության համընդհանուր նորմերին:

Վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արամ Միքաելյանի կողմից ինչպես Հիմնադրամի, այնպես էլ դրա տարբեր ստորաբաժանումների, աշխատակիցների և ուսանողական կառույցների վերաբերյալ կատարված դիտարկումները եղել են այն բնույթի, որ թեև ուղղակիորեն չեն խաթարել այդ գործառույթի բուն էությունն ու նպատակը, այնուհանդերձ վտանգի տակ են դրել այդ գործառույթի էության հետ անքակտելիորեն կապված՝ բարոյականության համընդհանուր նորմերը հարգելու, ուսանողության մեջ պատշաճ վարք և վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում ձևակերպելու պարտականությունը։ Ավելին՝ Արամ Միքաելյանի կողմից ինչպես Հիմնադրամի, այնպես էլ Հիմնադրամի մի շարք աշխատակիցների վերաբերյալ կատարված վիրավորական արտահայտությունները կատարվել են այնպիսի եղանակով, որ ակնհայտորեն կասկածի տակ են դրել գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների հիմնասյունային վարվեցողականության (լոյալություն), շրջահայացության ու բարեխղճության սկզբունքները՝ դրանով իսկ խոչընդոտ հանդիսանալով այդ աշխատանքային հարաբերությունների պատշաճ և արդյունավետ ընթացքի ու զարգացման համար։

Տվյալ դեպքում Արամ Միքաելյանի կողմից արված արտահայտություններն ուղղակիորեն վարկաբեկել են Հիմնադրամին՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատության, մինչդեռ, ինչպես նշվեց վերը, ուսումնական հաստատություններն ունեն հանրային կարևոր նշանակություն և այդ հաստատության յուրաքանչյուր աշխատակից պետք է կրի դրանց նկատմամբ հարգանք, վստահություն ու բարձր հեղինակություն հաստատելու պարտականություն։

Բացի այդ, Արամ Միքաելյանի կողմից ինչպես Հիմնադրամի, այնպես էլ դրա կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների մասին արված վիրավորական, ենթադրյալ զրպարտչական հայտարարությունները վնաս են հասցրել հենց Հիմնադրամի՝ որպես կրթական կառույցի հեղինակությանը, ուստի Արամ Միքաելյանի կողմից պարբերաբար նման գործողությունների կատարումը կարող էր հանգեցնել գործատուի մոտ այդ աշխատակցի նկատմամբ վստահության կորստին։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այնպիսի գործունեությունները, որոնք իրենց բնույթով հանգեցնում են գործատու կրթական հաստատության հեղինակության վարկաբեկմանը, մասնավորապես՝ զուգորդվելով վիրավորական արտահայտություններով, խարխլում են կրթական կառույցի նկատմամբ սովորողների, նրա գործընկերների և այլ կառույցների վստահությունն ու համագործակցության հեռանկարները, հանրության մոտ ձևավորվում են խեղաթյուրված պատկերացումներ այդ կառույցի կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակի վերաբերյալ, նսեմացնում են կառույցի աշխատակիցների, շրջանավարտների և ուսանողների պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, պետք է համարվեն ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի կողմից տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքներ։

Վերոգրյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է գնահատվել Արամ Միքաելյանի կողմից կատարված արարքների բնույթը, չի բացահայտվել թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ դրանք և արդյո՞ք դրանք կարող են անհամատեղելի լինել Արամ Միքաելյանի կողմից ուսումնադաստիարակչական գործառույթներն իրականացնելու հետ։ Ստորադաս դատարաններն Արամ Միքաելյանի կողմից կատարած հայտարարությունները դիտարկել են կարծիքի արտահայտման ազատության համատեքստում՝ առանց հաշվի առնելու վերջինիս աշխատանքի բնույթը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Արամ Միքաելյանը, լինելով Հիմնադրամի աշխատակից, պարտավոր էր անհրաժեշտ հոգածություն ցուցաբերել Հիմնադրամի հեղինակության պաշտպանության համար, իսկ քննադատությունը պետք է իրականացվեր բարեխղճորեն և ողջամտորեն՝ հարգելով ու որպես ելակետ ունենալով աշխատանքային հարաբերություններում աշխատակցի և գործատուի միջև վարվեցողականության (լոյալություն), շրջահայացության ու բարեխղճության սկզբունքները։

Հաշվի առնելով, որ Արամ Միքաելյանի կողմից կատարված արարքներն ինքնին անհամատեղելի են ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացման հետ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործատուն կարող էր կորցնել վստահությունն Արամ Միքաելյանի նկատմամբ, ուստիև իրավաչափորեն կարող էր հենց այդ հիմքով լուծել վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրերը։ Վճռաբեկ դատարանը «Արամ Միքաելյանի հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին» թիվ 06-03-838/ՄՌԿՎ հրամանի հետազոտման և գնահատման արդյունքում ընդգծում է, որ այն պարունակել է աշխատանքային պայմանագրերը լուծելու փաստական ու իրավական հիմքեր, ինչպես նաև պահպանվել են աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով սահմանված կարգը։ Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում են հրամանն անվավեր ճանաչելու ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված հիմքերը։

Վերոգրյալի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման փաստակազմի առկայության արդյունքում Հիմնադրամն իրավունք է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված կարգով լուծելու Արամ Միքաելյանի հետ կնքված թիվ 502, թիվ 8294 և թիվ 18572 աշխատանքային պայմանագրերը, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06072023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:

Սույն գործով բողոք բերած անձ Հիմնադրամը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս վճարել է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված պետական տուրքի գումարները:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ բեկանման և փոփոխման, ինչի արդյունքում Արամ Միքաելյանի հայցը ենթակա է մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, սակայն, նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` Արամ Միքաելյանն ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մարտի 2024 թվական: