Գլխավոր տեղեկություն
Համար
N 1183-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47(502) Հոդ.997
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հուլիսի 2006 թվականի N 1183-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ նպաստի ձԵՎով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ինչպես նաԵՎ նպաստի ձԵՎով ուսման վճարի փոխհատուցման չափը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1986-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2114-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ., լրաց. 28.10.21 N 1752-Ն)

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)  և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 28.10.21 N 1752-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողներին պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ տալու կարգը հաստատելու մասին» N 2114-Ն որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 10
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ) ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ
 (վերնագիրը խմբ. 28.10.21 N 1752-Ն)

                                   

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ բուհ) համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա, հեռավար) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով և մագիստրոսի կրթական աստիճաններով ուսանողներին ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ տրամադրելու, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափերի հետ կապված հարաբերությունները։ Ընդ որում, ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղեր ունեցող բուհերի ուսանողներին, բացառությամբ սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված խմբի ուսանողներին, որոնց ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրամադրվում է անկախ բուհի կարգավիճակից և պետության կողմից ֆինանսավորում ստանալու հանգամանքից։

(1-ին կետը լրաց. 06.04.23 N 462-Ն)

2. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վճարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, բուհի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում չստացող բուհերում ուսանողական նպաստներ հատկացնելու որոշումն ընդունում է բուհի հիմնադիրը:

3. Պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցումն իրականացվում է՝ հիմք ընդունելով բուհերի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար սահմանված վարձի չափը, սակայն ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված՝ ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը:

 

II. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի և մասնագիտությունների (կրթական ծրագրերի), բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների քանակը (ուսման վճարի լրիվ փոխհատուցվող), որը տեղափոխվում է կուրսից կուրս:

5. Պետությունը նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան`

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով, ընդ որում.

ա. առաջին կուրսում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում ընդունված ուսանողներին,

բ. hաջորդ կուրսերում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` մրցութային հիմունքներով: Սույն պարբերության պահանջները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողների վրա՝ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում,

գ. ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքում միևնույն պայմանների դեպքում հավասար միավորներ ունեցող երկու և ավելի ուսանողների պարագայում` երկրորդ կուրսում առավելությունը տրվում է առաջին կուրսի վերջին կիսամյակի քննաշրջանի արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա, իսկ վերջինիս հավասարության դեպքում՝ դրան նախորդող ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին: Թափուր տեղեր առաջանալու դեպքում նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցումը կարող է տրամադրվել տվյալ մասնագիտության շրջանակում այլ կրթական ծրագրերի ուսանողների՝ սույն պարբերությամբ սահմանված կարգով,

դ. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերությունների պահանջները տարածվում են նաև վճարովի համակարգում սովորող՝ Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած հայազգի ուսանողների, ինչպես նաև հայազգի այն օտարերկրյա ուսանողների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ.

2) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց,

բ. 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց, ֆունկցիոնալության ծանր և խորը, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

դ. զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին, ամուսնուն (կնոջը), մինչև 27 տարեկան զավակներին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

3) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:

(5-րդ կետը լրաց., խմբ. 06.04.23 N 462-Ն)

6. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝

1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին՝ սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերին համապատասխան.

2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին՝ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան.

3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան.

4) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան:

7. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող հետևյալ խմբերին`

ա) մինչև 5,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ) 5,01-10,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 60 տոկոսի չափով,

գ) 10,01-15,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 70 տոկոսի չափով,

դ) 15,01-20,00 միավորով բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 80 տոկոսի չափով,

ե) 20,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 90 տոկոսի չափով:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է`

1) բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով կրթական աստիճանում՝

ա. առաջին կուրսում՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա,

բ. հաջորդ կուրսերում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (այսուհետ՝ ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում.

2) մագիստրոսի կրթական աստիճանում՝ առաջին կուրսում նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսի, իսկ հաջորդ կուրսերում ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսի շեմն ապահովելու դեպքում:

9. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված փոխհատուցում ստանալու համար ուսանողն իր ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանքը բուհին է ներկայացնում յուրաքանչյուր կիսամյակ՝ սույն կարգի 16-րդ կետում սահմանված ժամկետներում:

10. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում (այդ թվում ընդհանուր հանրագումարով) մշտապես բնակվող ու տվյալ համայնքներից որևէ մեկի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողներին:

(10-րդ կետը փոփ. 06.04.23 N 462-Ն, լրաց., փոփ. 13.07.23 N 1165-Ն)

11. Սույն կարգի 6-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված ուսանողների խմբերին փոխհատուցում տրամադրվում է`

1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

ա. բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով.

2) հաջորդ կուրսերում՝

ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60,00-70,99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71,00-79,99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,

գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80,00 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

(11-րդ կետը փոփ. 06.04.23 N 462-Ն)

12. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ և 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված կարգավիճակները՝

1) ուսումնական տարվա ընթացքում (բացառության տվյալ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում) ձեռք բերելու դեպքում ուսանողական նպաստը տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա համար՝ սույն կարգի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով սահմանված չափերին համապատասխան.

2) ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ձեռք բերելու դեպքում ուսանողական նպաստը տրամադրվում է տվյալ կիսամյակի համար՝ սույն կարգի 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով սահմանված տոկոսներին համապատասխան:

(12-րդ կետը խմբ. 06.04.23 N 462-Ն)

13. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով և 6-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված ուսանողների խմբերին ուսումնառության ընթացքում համապատասխան կարգավիճակը կորցնելու դեպքում ուսանողական նպաստի փոխհատուցում չի տրվում ուսումնական հաջորդ տարվանից:

(13-րդ կետը խմբ. 06.04.23 N 462-Ն)

14. Սույն կարգով սահմանված ուսման վճարի մասնակի փոխհատուցման մի քանի արտոնության հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:

15. Բուհում մեկից ավելի մասնագիտություններով (կրթական ծրագրերով) նույն կրթական աստիճանով զուգահեռ ուսանելու դեպքում պետության կողմից նպաստի ձևով լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրվում է մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) համար:

16. Բուհում պետության, ինչպես նաև բուհի կողմից ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝

1) առկա կամ հեռավար ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում.

2) հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:

(16-րդ կետը փոփ., լրաց. 06.04.23 N 462-Ն)

16.1. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգավիճակները 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ժամկետներից հետո ձեռք բերելու դեպքում՝ համապատասխան կարգավիճակը ձեռք բերելու ուսումնական տարում ուսման վճարի փոխհատուցում ստանալու մասին դիմումներն ընդունվում են հաջորդ ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված ժամկետներում` նախորդ ուսումնական տարում համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:

(16.1-ին կետը լրաց. 06.04.23 N 462-Ն)

17. Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ուսանողական նպաստ ստացողների ընդհանուր թվաքանակի շրջանակներում):

18. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում բուհի կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել։

19. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է` ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաև մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին), ինչպես նաև նպատակային ուսուցմամբ սովորող սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին:

21. Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են`

1) մասնակցությունը ֆակուլտետի և բուհի ուսանողական, հասարակական աշխատանքներին.

2) զեկուցումներ, ռեֆերատներ, հրատարակած աշխատանքներ (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում).

3) մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին.

4) այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ` բուհի հայեցողությամբ:

22. Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պարտականությունների կատարումն է:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բուհերի համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի, հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:

24. (կետն ուժը կորցրել է 01.02.24 N 150-Ն)

25. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող բուհերի ուսանողներին՝ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման համապատասխան: Մյուս բուհերում կրթաթոշակի հատկացման որոշումն ընդունում է հիմնադիրը:

(25-րդ կետը լրաց. 01.02.24 N 150-Ն)

26. Ներառյալ 2022-2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողներին պետական կրթաթոշակ է տրվում՝ հիմք ընդունելով սույն կարգի 4-5-րդ կետերի մոտեցումները:

(26-րդ կետը խմբ. 01.02.24 N 150-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 01.02.24 N 150-Ն)

28. Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը, սահմանված կարգով և ժամկետում վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը, ընդ որում, եթե տվյալ մասնագիտությամբ սովորողների համար կրթաթոշակ սահմանված չէ՝ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն իրենց վերականգնման ուսումնական տարում, իսկ հետագա ուսումնական տարիների ընթացքում՝ 80,01% և բարձր ՄՈԳ ունենալու պարագայում:

(28-րդ կետը փոփ. 01.02.24 N 150-Ն)

29. Ուսման վարձի փոխհատուցմամբ առկա ձևով ուսուցանող՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ճանաչված ուսանողները, ինչպես նաև ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող ուսանողները հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ստանում են կրթաթոշակ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն և հաշմանդամ երեխա կարգավիճակ կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:

30. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել) վճարվում է կրթաթոշակ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով՝ մինչև սովորողի 23 տարին լրանալը:

(30-րդ կետը խմբ. 01.02.24 N 150-Ն)

(30-րդ կետով նախատեսված կրթաթոշակի չափը կիրառվում է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների վրա` համաձայն 01.02.24 N 150-Ն որոշման 3-րդ կետի)

30.1. Այլ պետական կրթաթոշակների հավակնելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխա հանդիսացող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողը կարող է օգտվել դրանցից առավելագույն չափ ունեցող կրթաթոշակի իրավունքից, որի դեպքում ևս կիրառվում է առավելագույն չափի 150 տոկոսը:

(30.1-ին կետը լրաց. 01.02.24 N 150-Ն)

30.2. Սահմանված կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում կրթաթոշակ ստանալու հնարավորությունը:

(30.2-րդ կետը լրաց. 01.02.24 N 150-Ն)

30.3. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները մինչև ուսումնառության ավարտը պահպանում են կրթաթոշակ ստանալու հնարավորությունը:

(30.3-րդ կետը լրաց. 01.02.24 N 150-Ն)

31. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է բուհը:

32. Բուհը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել անվանական կրթաթոշակներ։

33. Պետության, ինչպես նաև բուհի կողմից ուսման վճարի փոխհատուցում ստանալու և սույն կարգի 16-րդ կետում նախատեսված դիմումներն ընդունելու համար բուհն իր պաշտոնական կայքում, հաստատության հայտարարությունների համար նախատեսված վայրում, ուսանողների համար տեսանելի վայրերում (ուսանողների պատշաճ իրազեկումն ապահովելու համար), հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են դիմումների ընդունման ժամկետները, համապատասխան փաստաթղթերի ցանկը:

34. Բուհերը մինչև տվյալ տարվա նոյեմբերի 10-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար մինչև ապրիլի 10-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (որպես բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող մարմին) են ներկայացնում սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:

(34-րդ կետը փոփ. 06.04.23 N 462-Ն, 01.02.24 N 150-Ն)

35. Ուսանողական նպաստի և պետական կրթաթոշակի տրամադրման նպատակով յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և համապատասխան բուհի միջև կնքվում են նպաստի և պետական կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ նկատի ունենալով ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ ստացողների թիվը։ Տվյալ տարում ընդունելության և նախորդ ուսումնական տարվա արդյունքների ամփոփումից հետո պետական համապատասխան մարմնի և բուհերի միջև կնքված պայմանագրերում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ:

 (հավելվածը լրաց. 11.02.10 N 104-Ն, լրաց., խմբ. 10.10.12 N 1323-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.10.14 N 1126-Ն, լրաց. 25.09.15 N 1094-Ն, փոփ., լրաց. 03.05.18 N 528-Ն, 14.01.21 N 15-Ն, խմբ. 28.10.21 N 1752-Ն, լրաց., խմբ., փոփ. 06.04.23 N 462-Ն, լրաց., փոփ. 13.07.23 N 1165-Ն, փոփ., լրաց., խմբ. 01.02.24 N 150-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան