Գլխավոր տեղեկություն
Համար
N 270-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.02.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.14/84(1442) Հոդ.1172
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

5 նոյեմբերի 2018 թվականի N 270-Ն

  

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 30.01.24 N 62-Ն)

      

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝

1. Հաստատել՝

1) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ. 30.01.24 N 62-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

Հայաստանի Հանրապետության առաջին

փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. նոյեմբերի 5

Երևան

         

     

               

Հավելված N 1

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. նոյեմբերի 5-ի

N 270-Ն որոշման

      

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 30.01.24 N 62-Ն)

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները։

2. Սույն հավելվածով սահմանված առանձնահատկությունները տարածվում են սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողների վրա:

3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկություններն են՝

1) համապատասխան մարմնի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու գործառույթ ունեցող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում ամրագրվում է պետական գաղտնիքին առնչվելու առնվազն երեք տարվա թույլտվություն ունենալու մասին պահանջ.

2) համապատասխան մարմնի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու գործառույթ ունեցող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում ամրագրվում է, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 1-ին կետում նշված՝ համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանման ղեկավարը հաշվետու և ենթակա է համապատասխան մարմնի ղեկավարին, իսկ տվյալ ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները՝ ստորաբաժանման ղեկավարին, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված քաղաքացիական ծառայողները գաղտնիության ռեժիմի ապահովման մասով հաշվետու և ենթակա են համապատասխան մարմնի ղեկավարին.

3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) մասնակցելու համար դիմած քաղաքացին դիմումում նշում է այն մարմինը (կազմակերպությունը), որտեղ աշխատում է և որտեղից համապատասխան մարմինը կարող է ստանալ տվյալ քաղաքացու՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունենալու մասին տեղեկանք։ Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացու փաստաթղթերը համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը նույն կամ հաջորդ աշխատանքային օրը տրամադրում է գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանմանը (պատասխանատու անձին), որը փաստաթղթերն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում դիմումում նշված մարմին (կազմակերպություն)՝ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացու համար պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունենալու մասին տեղեկանք ստանալու նպատակով: Տեղեկանքը տրամադրվում է հարցումն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում.

4) սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկանքը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը դիմող քաղաքացուն էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում է մրցույթին մասնակցության որոշման մասին․

5) համապատասխան մարմինը սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործողությունը կատարելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների ցանկը՝ նշելով նրանց անունները, հայրանունները, ազգանունները, անձնագրերի կամ նույնականացման քարտերի տվյալները.

6) մրցույթի թեստավորման փուլի համար կազմված թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքներին վերաբերող առաջադրանքների առնվազն 60 տոկոսը պետք է լինի պետական գաղտնիքին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից.

7) մրցույթի հարցազրույցի փուլն անցկացնելու համար ձևավորված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմում, քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցիչներ.

8) հանձնաժողովի կազմում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացուցիչների թեկնածությունները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը ներկայացնում է համապատասխան մարմիններ.

9) հանձնաժողովի անդամները պետք է ունենան պետական գաղտնիքին առնչվելու օրենսդրությամբ սահմանված թույլտվություն.

10) մրցույթի հարցազրույցի փուլի տեսաձայնագրությունը փոխանցվում է համապատասխան մարմնի գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանմանը (պատասխանատու անձին)՝ սահմանված կարգով հաշվառելու և պահպանելու նպատակով.

11) պետական գաղտնիքին առնչվող քաղաքացիական ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն օրենքով սահմանված կարգով մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով զբաղեցնելու համար դիմած քաղաքացին, սահմանված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունենալու մասին տեղեկանքը։ Տեղեկանքը տալիս է այն մարմինը, որտեղ աշխատում է ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացին։ Տեղեկանքը տրամադրվում է քաղաքացուն՝ դիմելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում.

12) պետական գաղտնիքին առնչվող քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատումն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Կատարողականի գնահատման համար ծառայողը աշխատանքային ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ որոշակի պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, զեկուցագիր է ներկայացնում անմիջական ղեկավարին, ով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով գնահատում է տվյալ աշխատանքը: Սույն կետով նախատեսված զեկուցագիրը եռամսյակային պարբերականությամբ ներկայացնելու դեպքում ծառայողն այն պետք է ներկայացնի եռամսյակի վերջին աշխատանքային օրը, իսկ 4-րդ եռամսյակում՝ վերջին աշխատանքային օրվանից երեք աշխատանքային օր առաջ.

13) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի մասնագիտական վերապատրաստման ծրագրում պետական գաղտնիքին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ թեմաները կազմվում են համապատասխան մարմնի կողմից՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ.

14) պետական գաղտնիքին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ թեմաներով մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումը քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:

(հավելվածը խմբ. 30.01.24 N 62-Ն)

 

Հայաստանի Հանրապետության առաջին

փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

  

      

Հավելված N 2

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

նոյեմբերի 5-ի N 270-Ն

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

       (վերնագիրը փոփ. 30.01.24 N 62-Ն)

 

1. Համապատասխան մարմինների գաղտնիության ռեժիմն ապահովող ստորաբաժանման քաղաքացիական ծառայողներ

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող քաղաքացիական ծառայողներ, որոնց պաշտոնն ընդգրկված չէ համապատասխան մարմնի որևէ կառուցվածքային ստորաբաժանման կազմում

(2-րդ կետը փոփ. 30.01.24 N 62-Ն)

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող քաղաքացիական ծառայողներ, որոնց պաշտոնն ընդգրկված է համապատասխան մարմնի՝ գաղտնիության ռեժիմի ապահովման գործառույթներ չիրականացնող որևէ կառուցվածքային ստորաբաժանման կազմում

(3-րդ կետը փոփ. 30.01.24 N 62-Ն)

(հավելվածը փոփ. 30.01.24 N 62-Ն)

 

Հայաստանի Հանրապետության առաջին

փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.01.2024, N 62-Ն 01.02.2024, N 270-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան