Գլխավոր տեղեկություն
Համար
N 328-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2024 թվականի N 328-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման և գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մարտի 7-ի N 328-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման և գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրը քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը վարվում է գրանցամատյանների միջոցով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Մասնագետների և կազմակերպությունների գրանցամատյանները վարվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին):

4. Գրանցամատյանի ձևավորումն իրականացվում է երկու եղանակով՝ տվյալների մուտքագրման և տվյալների ինքնաշխատ լրացման կամ փոխանցման:

5. Մասնագետների և կազմակերպությունների գրանցամատյանների էլեկտրոնային վարումն իրականացվում է urban.e-gov.am տեղեկատվական հարթակում:

6. Մինչ գրանցամատյանում տվյալների մուտքագրումը՝ իրականացվում է հավաստագրված մասնագետների կամ լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կողմից անձնական տվյալների նույնականացում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով:

7. Լիազոր մարմնի կողմից առաջին անգամ հավաստագրված կամ լիցենզավորված անձի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները մուտքագրվում են գրանցամատյանում:

8. Ինքնաշխատ եղանակով քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վերաբերյալ գրանցամատյանում մուտքագրվող տվյալները ստացվում են տվյալների հետևյալ բազաներից՝

1) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազա.

2) ՀՀ ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստր».

3) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ».

4) ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստր.

5) հավաստագրված մասնագետների և լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների կողմից հավաստագրման կամ լիցենզավորման կամ ՇՄԶ կրեդիտների շնորհման կամ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված հաշվետվություններից անձնական հաշիվներում urban.e-gov.am տեղեկատվական հարթակի միջոցով մուտքագրված տվյալներից:

9. Գրանցամատյանում առկա տվյալների փոփոխության դեպքում հավաստագրված մասնագետը կամ լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում urban.e-gov.am տեղեկատվական հարթակի միջոցով լիազոր մարմնին ծանուցել գրանցամատյանում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:

10. Գրանցամատյանում լիազոր մարմնի կողմից հավաքագրվող տվյալների թարմացումն իրականացվում է սույն հավելվածի 15-րդ կետով սահմանված կարգով:

11. Սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված բազաներից գրանցամատյանում մուտքագրվում են հետևյալ տեղեկությունները՝

1) Հավաստագրված մասնագետ՝

ա. անունը, ազգանունը, հայրանունը,

բ. ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, սեռը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը՝ դրանք տալու և վավերականության տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, ում կողմից է տրվել, հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ), հաշվառման վայրը, բնակության վայրը (լրացվում է այն դեպքում, եթե տարբեր է հաշվառման վայրից),

գ. հեռախոսահամարը (բնակարանային, աշխատանքային, բջջային), էլեկտրոնային փոստի հասցեն,

դ. կրթությունը (բակալավր կամ մագիստրոս), ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, մասնագիտությունը, որակավորումը և կրթական ծրագիրը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը, դրանք տալու ամսաթիվը),

ե. գիտական աստիճանը (մասնագիտական դասիչը), գիտական կոչումը, շնորհելու ամսաթիվը (առկայության դեպքում),

զ. գիտական հոդվածներ, սեմինարներին, գիտական, գիտագործնական գիտաժողովների մասնակցություն առկայության դեպքում՝ կցվում են նաև հավաստող փաստաթղթերը,

է. ՇՄԶ միջոցառումների մասնակցության արդյունքում ստացած վկայականի տարեթիվը, սերիան և համարը,

ը. որակավորում անցկացնող մասնագիտական հանձնաժողովի եզրակացության ամսաթիվը, սերիան և համարը,

թ. ՇՄԶ հավաստագիր ստանալու որոշման ամսաթիվը, համարը, հավաստագրի սերիան, համարը և կարգը,

ժ. հնգամյա շրջափուլում ձեռք բերած ընդհանուր կրեդիտների քանակը.

ի. աշխատանքային գործունեությունը (կազմակերպության անվանումը (ՀՎՀՀ), աշխատանքի ընդունվելու սկիզբը, ավարտը, զբաղեցրած պաշտոնը (մասնագիտությունը), ՀԾՀ),

լ. մասնագիտական բնութագիրը (աշխատատեղի նկարագիրը),

խ. պետական պարգևները, պատվավոր և հատուկ կոչումները, պետական մրցանակները՝ առկայության դեպքում (շնորհելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը),

ծ. տեղեկատվություն լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներում ներգրավվածությունը (կազմակերպության անվանումը (ՀՎՀՀ), աշխատանքի ընդունվելու սկիզբը, ավարտը, զբաղեցրած պաշտոնը (մասնագիտությունը), ՀԾՀ),

կ. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից պատասխանատու մասնագետին վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները՝ առկայության դեպքում (տեսակը, այն տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, որոշման համարը).

2) Լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտ՝

ա. իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

բ. անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը,

գ. լիցենզավորված անձի գտնվելու վայրը,

դ. կազմակերպության տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը, ՀԾՀ,

ե. կազմակերպության էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը («Քաղաքաշինության մասին» օրենքի 7.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված 1 դասի լիցենզավորված անձանց դեպքում նաև կայքի անվանումը),

զ. լիցենզիայի գործունեության տեսակը և ենթատեսակը, լիցենզիայի սերիան, համարը և դասային աստիճանը,

է. պատասխանատու մասնագետի անունը, ազգանունը (աշխատանքի ընդունվելու սկիզբը, ավարտը, զբաղեցրած պաշտոնը (մասնագիտությունը), ՀԾՀ, հաշվարկված աշխատավարձի, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված եկամտի և դրանց նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի չափը),

ը. գործելակարգերին համապատասխան ներգրավված ինժեներատեխնիկական և բանվորական մասնագետների անունը, ազգանունը (աշխատանքի ընդունվելու սկիզբը, ավարտը, զբաղեցրած պաշտոնը (մասնագիտությունը), ՀԾՀ, հաշվարկված աշխատավարձի եկամուտների, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված եկամտի և դրանց նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի չափը),

թ. գործելակարգերին համապատասխան ներգրավված տեխնիկայի և սարք-սարքավորումների (ավտոմոբիլային, ճանապարհային, ինժեներական և այլն) վերաբերյալ տեղեկություններ,

ժ. լիցենզիա տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

ի. լիցենզիայի գրանցման համարը,

լ. գործունեության ժամկետը,

խ. գործունեության ժամկետների երկարաձգումները,

ծ. լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման մասին,

կ. լիցենզավորված անձի կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների, հասցեն, անվանումը, ռիսկայնության աստիճանը և պատվիրատուի անվանումը,

հ. օբյեկտի հարկայնությունն ու ընդհանուր մակերեսը (առկայության դեպքում),

ձ. օբյեկտի չափման միավորները (Վ, Վտ, Ա, Պա, մ, խմ, մ2, կմ),

ղ. կատարված աշխատանքների և ծառայությունների սկիզբը, ավարտը,

ճ. կատարված աշխատանքների ընթացքը %-ով (ընդամենը, աճողական),

մ. քաղաքաշինական գործունեության օբյեկտի գնման պայմանագրի արժեքը (հազ. դրամ), գնման ձևը,

յ. հաշվետու տարվա համախառն եկամտի չափը (ՀՀ դրամ) հարկման ընդհանուր համակարգում գործելու և հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկը ներկայացված լինելու դեպքում,

ն. պատվիրատուի կողմից հաստատված ընդունող հանձնաժողովի հանձնման- ընդունման արձանագրության ամսաթիվը, համարը,

շ. կազմակերպությանը շնորհված պետական պարգևներ, պետական մրցանակներ կամ խրախուսանքների այլ ձևեր (տեսակը, շնորհելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը),

ո. պայմանագրի պատշաճ կատարված լինելու (պայմանագրով նախատեսված պայմաններին և կնքման պահին ի սկզբանե սահմանված ժամկետներին համապատասխան, ներառյալ, եթե պայմանագրի կատարման արդյունքն ընդունելիս չեն առաջացել շտկումների, թերությունների, ժամկետների երկարաձգումների, տույժերի և տուգանքների գանձումների հետ կապված փոփոխություններ) կամ պայմանագրի կատարման շրջանակներում պատվիրատուի կողմից կիրառված տույժերի և տուգանքների վերաբերյալ տեղեկատվություն,

չ. ՀՀ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմնի (մարմինների) կողմից լիցենզավորված անձին վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ (տեսակը, այն տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, որոշման համարը),

պ. լիցենզավորված անձանց շնորհված վարկանիշի աստիճանը,

ջ. պետական տուրքի վճարված լինելու վերաբերյալ տեղեկություն:

12. Լիազոր մարմինը վարում է մասնագետների և լիցենզավորված անձանց գրանցամատյանները և ըստ ժամանակագրական կարգի ապահովում հետևյալ տեղեկությունների և փաստաթղթերի մուտքագրումն ու ներբեռնումը՝

1) մասնագետների վերապատրաստման վերաբերյալ տեղեկությունը (վերապատրաստողը, վերապատրաստման սկիզբը, ավարտը, ծրագիրը, կրեդիտը).

2) ՀՀ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության գործունեության սուբյեկտին վարչական տույժի ենթարկված լինելու մասին տեղեկությունները (տեսակը, այն տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը).

3) ձեռք բերված կրեդիտների ընդհանուր գնահատականը՝ ըստ տարեթվերի, կիսամյակների և կրեդիտավորման ձևերի.

4) պատասխանատու մասնագետի հավաստագրի, խրախուսանքների, աշխատանքից ազատվելու և կազմակերպությանը տրված լիցենզիայի կամ ներդիրի փոփոխության, կասեցման, դադարեցման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր.

5) պատվիրատուների կողմից ներկայացված պայմանագրի պատշաճ կատարված լինելու վերաբերյալ տեղեկությունները.

6) լիցենզավորված անձանց կողմից ներկայացված հաշվետվություններում բովանդակվող տեղեկությունները.

7) գրանցամատյաններում առկա տվյալների փոփոխությունների վերաբերյալ ներկայացված նյութերը:

13. Լիազոր մարմինը մասնագետների և լիցենզավորված անձանց վերաբերյալ սույն հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պարբերություններով նախատեսված տեղեկությունները մուտքագրում է համապատասխան գրանցամատյան և ապահովում՝

1) 11-րդ կետի 1-ին ենթակետի.

ա. «ա»-«գ» պարբերություններով նախատեսված տեղեկությունների ներբեռնումը ՀՀ ոստիկանության էլեկտրոնային պահոցից՝ բացառությամբ բնակության վայրի,

բ. «ի» և «ծ» պարբերություններով նախատեսված աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ներբեռնումը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայից,

գ. «ը»-«ի» պարբերություններով նախատեսված փաստաթղթերի ներբեռնումը լիցենզիաների, հավաստագրերի և հաշվետվությունների գրանցման տեղեկատվական հարթակից կամ համակարգում առկա դրանց էլեկտրոնային լուսապատճեններից,

դ. «դ»-«ժ», «լ» և «խ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերի ներբեռնումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում» մասնագետի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում կամ հավաստագրված մասնագետի անձնական հաշվից՝ ինքնաշխատ եղանակով,

ե. «կ» պարբերությունով նախատեսված աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ներբեռնումը ՀՀ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից վարվող գրանցամատյաններից: Գրանցամատյանների բացակայության դեպքում համապատասխան տեղեկությունները ՀՀ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմին է ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը.

2) 11-րդ կետի 2-րդ ենթակետի.

ա. «ա»-«զ» և «ծ» պարբերություններով նախատեսված տեղեկության ստուգումը՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրից հարցում կատարելու միջոցով և լիցենզավորված անձանց անհատական հաշվից ինքնաշխատ եղանակով,

բ. «է» և «ը» պարբերություններով նախատեսված անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկությունների ներբեռնումը ՀՀ ոստիկանության էլեկտրոնային պահոցից,

գ. «է», «ը» և «յ» պարբերություններով նախատեսված աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ներբեռնումը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայից,

դ. «զ», «ժ»-«խ» պարբերություններով նախատեսված փաստաթղթերի ներբեռնումը լիցենզավորման գործընթացի ժամանակ ներբեռնված տեղեկատվական հարթակից կամ դրանց էլեկտրոնային լուսապատճեններից,

ե. «կ»-«մ» և «ն»-«ո» պարբերություններով նախատեսված տեղեկության ստուգումը՝ լիցենզավորված անձանց կողմից ներկայացված հաշվետվություններից ներբեռնված տեղեկատվական հարթակից կամ համայնքներում ներդրված էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման առցանց համակարգից,

զ. «ջ» պարբերությունով նախատեսված տեղեկության ստուգումը՝ գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով,

է. «չ» պարբերությունով նախատեսված աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկության ներբեռնումը՝ ՀՀ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից վարվող գրանցամատյաններից: Գրանցամատյանների բացակայության դեպքում համապատասխան տեղեկությունները ՀՀ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմին է ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը,

ը. «պ» պարբերությունով նախատեսված տեղեկության ներբեռնումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով, իսկ բարձրագույն աստիճանի վարկանիշավորումը՝ համապատասխան հանձնաժողովի կողմից գրանցված եզրակացության տվյալներից,

թ. «թ» պարբերությունով նախատեսված տեղեկությունների ներբեռնումը՝ ՀՀ ոստիկանության էլեկտրոնային պահոցից կամ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էլեկտրոնային գրանցամատյանից կամ լիցենզավորված անձանց կողմից ներկայացված հաշվետվություններից ներբեռնված տեղեկատվական հարթակից:

14. Սույն հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված բնակության վայրի և այլ նախատեսված տեղեկությունների վերաբերյալ գրանցամատյաններում գրանցումներն իրականացվում են անձնական հաշիվների մուտքերից։

15. Լիազոր մարմինը՝

1) ստուգում է սույն հավելվածի 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված տեղեկությունների արժանահավատությունը՝ պետական և տեղական այլ մարմիններից 3 աշխատանքային օրվա ընթացքում հարցում կատարելու և անհրաժեշտության դեպքում բնօրինակների հետ համադրելու միջոցով.

2) urban.e-gov.am տեղեկատվական հարթակի միջոցով 5 աշխատանքային օրվա ընթացքում հետադարձ կապի միջոցներով հաստատում է հետևյալ գրառումը «Անձնական հաշիվները ստուգված են (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)» և կատարում է գրանցում.

3) ապահովում է գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.

4) urban.e-gov.am տեղեկատվական հարթակի միջոցով հավաստագրված մասնագետներին կամ լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին տեղեկությունները գրանցամատյանում գրանցելուց հետո՝ եռօրյա ժամկետում, տրամադրում է օգտվողի անունը և գաղտնաբառը՝ իրենց վերաբերյալ գրանցամատյանում առկա տեղեկություններին ծանոթանալու համար.

5) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ գրանցամատյանում պարունակվող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, հրապարակվում է՝ տվյալ անձից համաձայնություն ստանալու դեպքում։

16. Գրանցամատյանում գրանցման հաստատումից հետո դրանում հետագա փոփոխությունները կարող է կատարել միայն լիազոր մարմինը։

17. Հավաստագրված մասնագետը կամ լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտը սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված տվյալների հետագա փոփոխությունների դեպքում, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը։

18. Սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված պահանջը չկատարելու դեպքում մասնագետի կամ լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի վրա տարածվում են «Քաղաքաշինության մասին» օրենքի 11.8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով կամ «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները:

19. Հավաստագրված մասնագետների կամ լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների հավաստագրի կամ լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում լիազոր մարմինը գրանցամատյանում կատարում է համապատասխան գրառում։

20. Գրանցամատյանում պահպանվում են յուրաքանչյուր թարմացում իրականացնող անձի վերաբերյալ տվյալները և փոփոխության ամսաթիվը։

21. Հավաստագրված մասնագետի կամ լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի համապատասխան հավաստագրի կամ լիցենզիայի (ներդիրի) դադարեցման վերաբերյալ տվյալները գրանցամատյան մուտքագրելուց հետո այդ մասով տվյալների մշակումը գրանցամատյանում դադարեցվում է, և անձնական հաշիվը փակվում է։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական: