Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/5616/02/19

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/5616/02/19

Նախագահող դատավոր`

Դատավորներ`

Կ. Համբարձումյան

Ն. Մարգարյան

ՀԵնոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

 

նախագահող

Գ. Հակոբյան
  զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱն

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

2023 թվականի նոյեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գևորգ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28102021 թվականի որոշման դեմ ըստ Գևորգ Թադևոսյանի հայցի ընդդեմ Արմեն Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Արմեն Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գևորգ Թադևոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Թադևոսյանը պահանջել է Արմեն Հակոբյանից բռնագանձել 1600000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Արմեն Հակոբյանը պահանջել է Գևորգ Թադևոսյանից բռնագանձել 900000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 07062021 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28102021 թվականի որոշմամբ Արմեն Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Դատարանի 07062021 թվականի վճիռը՝ բողոքարկված ըստ Գևորգ Թադևոսյանի հայցի ընդդեմ Արմեն Հակոբյանի` գումար բռնագանձելու պահանջի մասով, բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթը սկզբնական հայցի մասով կարճվել է այդ մասով դատական ծախսերի հարցը համարվել է լուծված մնացած մասով դատական ակտը թողնվել է անփոփոխ։

Դատավոր Ն Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Թադևոսյանը (ներկայացուցիչ Վահե Հովսեփյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Հակոբյանը, սակայն այն ստորագրված չէ, հետևաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի պատասխանը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, Վճռաբեկ դատարանն այն քննության առարկա չի դարձնում։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ և 121-րդ հոդվածները, 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 518-րդ, 737-րդ, 777-րդ, 781-րդ և 779-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով Գևորգ Թադևոսյանը, դիմելով դատարան ընդդեմ Արմեն Հակոբյանի, խնդրել է անվավեր ճանաչել իր և Արմեն Հակոբյանի միջև 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ` իրեն վերադարձնել 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով Արմեն Հակոբյանին վճարված 1.600.000 ՀՀ դրամը։ Սույն քաղաքացիական գործի շրջանակներում Գևորգ Թադևոսյանը խնդրել է Արմեն Հակոբյանից բռնագանձել 1.600.000 ՀՀ դրամ` որպես իր կողմից վճարված, սակայն Արմեն Հակոբյանի կողմից չմատուցված ծառայության գումար։

Թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործի և սույն գործի համադրումից հետևում է, որ էապես տարբեր են հայցի առարկաները, այլ կերպ ասած՝ տարբեր են հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջները, մասնավորապես՝ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով ներկայացվել է 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին հայցապահանջ, իսկ սույն գործով՝ գումարի բռնագանձման մասին պահանջ։ Ավելին՝ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործը և սույն գործը տարբերվում են նաև իրավական ու փաստական հիմքերով՝ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Գևորգ Թադևոսյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը, նշել է, որ 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը պետք է ճանաչվի անվավեր և դրա նկատմամբ պետք է կիրառվեն անվավերության հետևանքներ, մինչդեռ սույն գործով Գևորգ Թադևոսյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 518-րդ, 737-րդ, 777-րդ, 781-րդ և 779-րդ հոդվածները, նշել է, որ կողմերի միջև 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի 3.1. կետին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 779-րդ հոդվածի 1-ին կետին համահունչ՝ հայցվորը կատարել է պայմանագրով սահմանված իր պարտավորությունը, այն է՝ 21.12.2017 թվականին պատասխանողին է փոխանցել 800.000 ՀՀ դրամ, իսկ 23.01.2018 թվականին՝ ևս 800.000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 1.600.000 ՀՀ դրամ, սակայն պատասխանողը, խախտելով պայմանագրի 2.1.3. կետը, մինչև 01.03.2018 թվականը չի մատուցել ծառայությունը։ Վերոգրյալից հետևում է, որ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով և սույն գործով վկայակոչվել են տարբեր իրավական նորմեր ու փաստական հանգամանքներ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով որպես հայցի փաստական հիմք է ներկայացվել կողմերի միջև 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի անվավերության հարցը, իսկ սույն քաղաքացիական գործով՝ պատասխանողի կողմից ծառայությունը չմատուցելու և վերջինիս վճարված գումարը բռնագանձելու մասին հարցը, ինչից ևս հետևում է, որ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործը և սույն գործը հարուցվել են տարբեր հիմքերով։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փաստական և իրավական հիմքերի տարբերությամբ պայմանավորված՝ տարբեր են ինչպես ապացուցման առարկան, այնպես էլ գործով պարզման ենթակա հարցերի շրջանակը։ Հետևաբար, նկատի ունենալով, որ հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ, ուստի հայցի փաստական հիմքերը հիմնավորող ապացույցների կազմի նույնանալը չի ենթադրում նույն հիմքով հայցի հարուցում։

Այսպիսով, վերոգրյալ հիմնավորումներից բխում է, որ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով և սույն գործով նյութաիրավական պահանջը կազմող տարրերը տարբեր են։

Վերաքննիչ դատարանը, սկզբնական հայցի մասով բեկանելով դատարանի վճիռը և այդ մասով կարճելով գործի վարույթը, իրեն զրկել է չմատուցված ծառայության դիմաց վճարված գումարը հետ ստանալու իրավունքից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28․10.2021 թվականի որոշումը՝ սկզբնական հայցի մասով գործի վարույթը կարճելու մասով և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 07․06․2021 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում Գևորգ Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արմեն Հակոբյանի՝ իրենց միջև 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։ Որպես հայցադիմումի փաստական և իրավական հիմքեր հայցվորը վկայակոչել է այն հանգամանքները, որ պատասխանող կողմը չի կատարել ծառայությունների մատուցման պայմանագրի էական պայմանը, այն է` չի մատուցել ծառայությունը, որի արդյունքում խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածը, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի վկայակոչմամբ կնքված պայմանագիրը պետք է ճանաչվի անվավեր և դրա նկատմամբ կիրառվեն անվավերության հետևանքներ:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11102019 թվականի վճռով վերը նշված հայցը մերժվել է (հիմք՝ «court.am» դատական տեղեկատվական համակարգ)

2) սույն՝ թիվ ԼԴ/5616/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում Գևորգ Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արմեն Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին։ Որպես հայցադիմումի փաստական և իրավական հիմքեր հայցվորը վկայակոչել է այն հանգամանքները, որ պայմանագրի 2.1.3 կետի համաձայն՝ պատասխանողը պարտավորվել է ծառայությունն ավարտել մինչև 01.03.2018 թվականը, մինչդեռ վերջինս, խախտելով պայմանագրի 2.1.3 կետը, մինչև 01.03.2018 թվականը չի մատուցել ծառայությունը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ ինքը բազմիցս դիմել է պատասխանողին՝ վճարված գումարը հետ վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս գումարը վերադարձնելու ուղությամբ որևէ գործողություն չի կատարել, ինչով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գումարը բռնագանձելու դատական կարգով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 352-րդ, 408-րդ, 777-րդ և 779-րդ հոդվածներով՝ հայցվորը խնդրել է Արմեն Հակոբյանից բռնագանձել 1.600.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գթ 5,6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտած իրակավական դիրքորոշումերը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու իրավական հարցին։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդարադառնալով դատարանի մատչելիության իրավունքին ուղղակիորեն հարաբերակցվող՝ հայց հարուցելու իրավունքի նախադրյալներին, արձանագրել է, որ դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց ներկայացնելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման։

Վերը նշված որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համանման կարգավորում բովանդակել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որի կապակցությամբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 25.12.2012 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք, հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքերի, և նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող։

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դիմելով դատարան, իրացնում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իր իրավունքները, որոնք միաժամանակ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներ են նաև դատավարության մյուս կողմի համար: Չնայած հայցվորի տնօրինչական իրավունքն է հայց հարուցելը, սակայն այդ իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում, մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նաև իրավական որոշակիություն, կանխատեսելի դատական ակտի առկայություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին՝ արձանագրելով, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթ այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում՝ միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե'ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Հետևաբար նաև այս սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով (նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով) կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գործի վարույթը կարճելու դատավարական փուլին, նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (տե՛ս Նիկոլայ Իսկանդարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը): Ըստ այդմ էլ Վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ: Նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված «միևնույն փաստական հիմքերով» օրենսդրական եզրույթը, արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական հիմքերի հասկացությունը, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մաս, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) համակարգային վերլուծությունից, որի համաձայն՝ օրենսդիրը որպես հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող՝ պարտադիր նշվող պայման սահմանել է այն փաստական հանգամանքները նշելը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը: Հայցադիմումում պարտադիր պետք է ներառվեն հայցապահանջը հիմնավորող փաստական հիմքերը, որոնք, ըստ էության, այն իրավաբանական փաստերն են (հանգամանքները), որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում և որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմք ընդունելով գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները, ինչպես նաև այդ իրավահաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմերը: Օրենսդիրը, բացի փաստական հանգամանքներից, հայցվորին չի պարտադրում հայցադիմումում ներառել նաև այն իրավական նորմերը, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի փաստական հիմքի իրավական վերլուծությանը, փաստել է, որ հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Օրենսդիրը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված: Դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ: Հայցի փաստական հիմքերի ներկայացումը և դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն և հետևանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ համեմատվող հայցերի առարկաները նույնը չեն կարող համարվել նաև այն դեպքում, երբ թեկուզև դրանցով հայցվորը հետապնդում է միևնույն սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության նպատակ և հայցապահանջներն ուղղված են միևնույն իրավունքի պաշտպանությանը, սակայն ներկայացվել են տարբեր պահանջներ, այսինքն՝ նույնը չեն հայցի առարկաները։ Հայցի առարկան, բացի վեճի նյութական կամ ոչ նյութական օբյեկտից և որոշակի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանությանն ուղղված լինելուց, որպես կարևոր բաղադրատարր, ներառում է նաև իրավունքի պաշտպանության եղանակը, որն ընտրելու ազատությունը ևս դատավարական օրենքը վերապահել է դատարան դիմող անձին, և որը կաշկանդում է դատարանին՝ բացառելով չհայցվող պաշտպանության եղանակ կիրառելու, այն կիրառելու համար անհրաժեշտ փաստական հանգամանքներ ապացուցման առարկա դարձնելու և քննության առնելու հնարավորությունը, ինչպես նաև որոշակիորեն կանխորոշում է հայցի դեմ պատասխանողի կողմից իր դատավարական շահերի պաշտպանության միջոցների ընտրությունը և նրա պաշտպանական մարտավարությունը։

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ չեն կարող համեմատվող հայցերի առարկաները համարվել նույնական, եթե հայցի օբյեկտը, հետապնդվող փաստացի նպատակը նույնն են, սակայն տարբեր են հայցվորի կողմից ընտրված իրավունքի պաշտպանության եղանակները, քանի որ դրանցով պայմանավորված կարող են էապես տարբեր լինել վեճի առարկան, վիճելի իրավահարաբերության բնույթը, դրա նկատմամբ կիրառելի իրավունքի նորմերը և գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում Գևորգ Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արմեն Հակոբյանի՝ իրենց միջև 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին՝ որպես հայցադիմումի փաստական ու իրավական հիմքեր վկայակոչելով այն, որ Արմեն Հակոբյանը չի կատարել ծառայությունների մատուցման պայմանագրի էական պայմանը, այն է` չի մատուցել ծառայությունը՝ խախտելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածը։ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածը՝ խնդրել է կնքված պայմանագիրը ճանաչել անվավեր և կիրառել անվավերության հետևանքներ:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11102019 թվականի վճռով վերը նշված հայցը մերժվել է։

Սույն՝ թիվ ԼԴ/5616/02/19 քաղաքացիական գործով Գևորգ Թադևոսյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արմեն Հակոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին՝ որպես հայցադիմումի փաստական և իրավական հիմքեր վկայակոչելով այն, որ պայմանագրի 2.1.3 կետի համաձայն՝ Արմեն Հակոբյանը պարտավորվել է ծառայությունն ավարտել մինչև 01.03.2018 թվականը, մինչդեռ վերջինս, խախտելով պայմանագրի 2.1.3 կետը, մինչև 01.03.2018 թվականը չի մատուցել ծառայությունը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ ինքը բազմիցս դիմել է պատասխանողին՝ վճարված գումարը հետ վերադարձնելու խնդրանքով, սակայն վերջինս գումարը վերադարձնելու ուղությամբ որևէ գործողություն չի կատարել։ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 352-րդ, 408-րդ, 777-րդ և 779-րդ հոդվածները՝ խնդրել է Արմեն Հակոբյանից բռնագանձել 1.600.000 ՀՀ դրամ։

Դատարանի 07062021 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, պատճառաբանելով, որ վերը նշված երկու գործերի դեպքում էլ Գևորգ Թադևոսյանի դատական պաշտպանության իրավունքի իրացումը նպատակաուղղված է եղել 1.600.000 ՀՀ դրամի վերադարձմանը, իսկ գործարքի անվավերության պահանջի հիմքում ընկած իրավական նորմերը չեն կարող կարևորվել, նույնանում են նաև հայցի փաստական հիմքերը՝ վեճի ծագման հիմքը նույն 19.11.2017 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն է և դրա հիման վրա Արմեն Հակոբյանին կատարված վճարումները, ինչպես թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով, այնպես էլ սույն գործով հայցվոր է հանդիսանում Գևորգ Թադևոսյանը, իսկ պատասխանող՝ Արմեն Հակոբյանը, երկու գործերով էլ պահանջներն ուղղված են 1.600.000 դրամի բռնագանձմանը՝ անկախ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով պահանջի բովանդակությունից, նույնն են նաև փաստական հիմքը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, գտել է, որ տվյալ դեպքում միաժամանակ առկա են սույն քաղաքացիական գործի վարույթը սկզբնական հայցի մասով կարճելու համար անհրաժեշտ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված երեք պայմանները։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի փաստերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև նույնն են օրինական ուժի մեջ մտած՝ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով կայացված վճռով լուծված և սույն քաղաքացիական գործերի կողմերը, սակայն նույնը չեն հայցի առարկան ու հիմքերը, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ սույն քաղաքացիական գործով հայցի առարկան գումար բռնագանձելու մասին պահանջն է, հիմքը՝ պատասխանող Արմեն Հակոբյանը, խախտելով պայմանագրի 2.1.3 կետը, մինչև 01.03.2018 թվականը չի մատուցել ծառայությունը և որևէ գործողություն չի կատարել հայցվոր Գևորգ Թադևոսյանի վճարած գումարը վերադարձնելու ուղղությամբ, որպես իրավական հիմք վկայակոչվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 352-րդ, 408-րդ, 777-րդ և 779-րդ հոդվածները, իսկ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով հայցի առարկան Գևորգ Թադևոսյանի և Արմեն Հակոբյանի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրն անվավեր ճանաչելու ու անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջն է, որի հիմքում դրվել է այն, որ պատասխանող կողմը չի կատարել ծառայությունների մատուցման պայմանագրի էական պայմանը, այն է` չի մատուցել ծառայությունը, որի պայմաններում խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 777-րդ հոդվածը, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի վկայակոչմամբ կնքված պայմանագիրը պետք է ճանաչվի անվավեր, և դրա նկատմամբ կիրառվեն անվավերության հետևանքներ:

Վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող բավարար հիմք հանդիսանալ թիվ ԼԴ/1327/02/18 քաղաքացիական գործով կայացված վճիռը՝ համապատասխան մասով, բեկանելու և քաղաքացիական գործի վարույթն այդ մասով՝ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին ու միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկայության հիմքով կարճելու համար, քանի որ տվյալ դեպքում բացակայում են սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով կարճելու պարտադիր պայմաններից երկուսը, որի դեպքում Վերաքննիչ դատարանը, կիրառելով նշված նորմը, թույլ է տվել այդ նորմի խախտում, իսկ դրա արդյունքում նաև խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ անձին զրկել է արդար դատաքննության, դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքներից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն՝ Դատարանի 07.06.2021 թվականի վճիռը՝ բողոքարկված՝ ըստ Գևորգ Թադևոսյանի հայցի ընդդեմ Արմեն Հակոբյանի` գումար բռնագանձելու պահանջի մասով, բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը սկզբնական հայցի մասով կարճելու, այդ մասով դատական ծախսերի հարցը լուծված համարելու մասերով բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործը բեկանված մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ Դատարանի 07062021 թվականի վճիռը համապատասխան մասով բեկանելով և գործի վարույթն այդ մասով կարճելով անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի մյուս խախտումներին:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է մասնակիորեն և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28102021 թվականի որոշումը մասնակիորեն՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.06.2021 թվականի վճիռը՝ բողոքարկված՝ ըստ Գևորգ Թադևոսյանի հայցի ընդդեմ Արմեն Հակոբյանի` գումար բռնագանձելու պահանջի մասով, բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը սկզբնական հայցի մասով կարճելու, այդ մասով դատական ծախսերի հարցը լուծված համարելու մասերով, բեկանել և այդ մասերով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. Մեղրյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: