ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2024 թվականի N 194-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2344-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2344-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման 3-րդ կետը «օրվանից» բառից հետո լրացնել «և տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա։» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի 36.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36.2. Սկսած 2024 թվականի հունվարի 1-ից՝ փորձարարական եղանակով 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Ըստ փաստացի կատարողականի փոխհատուցվող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ», «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ», «Սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ», «Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ», «Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության և տեսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային հոդի խախտման վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինինգների անցկացում», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Դատաբժշկական փորձաքննություններ», «Ախտաբանաանատոմիական հետազոտություններ», «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ», «Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ», «Շտապ բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Փոխպատվաստման ծառայություններ», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումների համար, իսկ գումարները նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 4 հավելվածում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի 1099 ծրագրի «11001. Ըստ փաստացի կատարողականի փոխհատուցվող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ», «11004. Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ» և «11006. Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ» միջոցառումների, 1142 ծրագրի «11001. Դատաբժշկական փորձաքննություններ» և «11002. Ախտաբանաանատոմիական հետազոտություններ» միջոցառումների, 1200 ծրագրի «11003. Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ», «11004. Մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «11006. Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ», «11007. Բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության և տեսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային հոդի խախտման վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինգների անցկացում» միջոցառումների, 1201 ծրագրի «11001. Շտապ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման, 1202 ծրագրի «11002. Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «11004. Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումների, 1207 ծրագրի «11001. Սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ», «11002. Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ», «11005. Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ» և «11007. Փոխպատվաստման ծառայություններ» միջոցառումների, ինչպես նաև 1208 ծրագրի «11001. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ» և «11003. Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումների ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածը փոխարինել «Այլ նպաստներ բյուջեից» ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 8-ի N 194-Ն որոշման |
|
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2004 թվականիմարտի 4-ի N 318-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
1. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են՝
1) տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տվյալ ենթամիջոցառման համար հաստատված ամսական համամասնության չափով.
2) պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով (օֆերտա):
2. Պայմանագրային գումարի տվյալ ամսվա համար հաստատված համամասնության սպառման կամ համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է հերթագրման եղանակով:
3. Տվյալ ծրագրերով/միջոցառումներով/ենթամիջոցառումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծանուցումից հետո ծառայությունները մատուցում են հերթագրման եղանակով, եթե պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով (օֆերտա) փոխհատուցվող ծրագրերի/միջոցառումների/ենթամիջոցառումների շրջանակներում կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքը գերազանցում է՝
1) տվյալ ենթամիջոցառման մասով առաջին եռամսյակի համար (աճողական) հատկացված գումարը 30%-ով.
2) տվյալ ենթամիջոցառման մասով առաջին կիսամյակի համար (աճողական) հատկացված գումարը 20%-ով.
3) սկսած երրորդ եռամսյակից, եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով:
4. Հերթագրումն իրականացվում է՝ ելնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով առանձին միջոցառումների կամ ենթամիջոցառումների մասով սահմանված տվյալ միջոցառման կամ ենթամիջոցառման մասով հաստատված չափաքանակներից:
5. Հերթագրման ենթակա չեն հետևյալ ծառայություններով և շահառուների իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը՝
1) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) ծննդօգնություն և հղիության ախտաբանություն՝ հիվանդանոցային բժշկական օգնության մասով.
6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բացառությամբ հետևյալ ծառայությունների՝
ա. մասնագիտացված ստոմատոլոգիական,
բ. արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ սահմանված կարգով համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից ուղեգրված զորակոչային տարիքի անձանց, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննության համար իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտությունների, անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտությունների,
գ. մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման,
դ. ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման.
7) չարորակ հիվանդությունների բուժում.
8) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման.
9) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննության համար իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.
10) ախտաբանաանատոմիական.
11) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.
12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնություն և սպասարկում.
13) Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնություն և սպասարկում:
6. Պացիենտների հերթագրումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:
7. Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է էլեկտրոնային առողջապահության համակարգով` էլեկտրոնային ուղեգրման միջոցով:
8. Էլեկտրոնային հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որն արտացոլվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի համապատասխան հաշվետվողական ձևի մեջ:
9. Պացիենտների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը նրանց, անհրաժեշտության դեպքում, ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ խորհրդատվությամբ:
10. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով էլեկտրոնային ուղեգիրը տալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պացիենտը կարող է դիմել բժշկական կազմակերպությանը: Բժշկական կազմակերպությունում հերթի առկայության դեպքում հերթագրված պացիենտը, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով նույն բժշկական օգնությունը և սպասարկումն ստանալու համար կարող է դիմել նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների, ընդ որում՝
1) ուղեգրի ուժի մեջ լինելու (ուղեգիրը տալու օրվանից մեկ ամիս) դեպքում՝ նույն ուղեգրով, որի դեպքում պացիենտը դիմում է այն բժշկական կազմակերպությանը, որտեղ հերթագրված է, և, որի կողմից ընդունված էլեկտրոնային ուղեգիրը չեղարկվում է, և պացիենտը դիմում է այն բժշկական կազմակերպությանը, որտեղ նախատեսում է ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում.
2) ուղեգիրը տալու պահից մեկ ամիսը լրացած լինելու դեպքում՝ նոր ուղեգրով: Ընդ որում, նոր ուղեգրի տրամադրման նախապայման է նախորդ ուղեգրի չեղարկումը:
11. Պացիենտների հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ (ձև N 1) կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով:
12. Բժշկական կազմակերպությունները հաստատում են պացիենտների հերթագրման ներքին կարգ՝ ներառյալ հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը:
13. Հերթագրված պացիենտներին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կողմից:
14. Հերթագրված պացիենտների հերթագրման ժամկետները պացիենտների համաձայնությամբ կարող են կրճատվել կազմակերպությունների պայմանագրային կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի տվյալ ծրագրի/միջոցառման/ենթամիջոցառման գումարների ավելացման, ինչպես նաև հերթագրված պացիենտների բժշկական օգնություն և սպասարկում չստանալու դեպքերում:
15. Հերթագրված պացիենտներն իրենց բժշկական օգնության ժամկետների փոփոխության մասին տեղեկացվում են գրավոր, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով:
16. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ:
17. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա պացիենտներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, պացիենտի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ:
Ձև N 1
Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ N ___
Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը __________________
Ազգանունը, անունը ___________________________
Բնակության վայրը ____________________________
Նախատեսվող ընդունման ամսաթիվը __________________________________________
Պացիենտը կամ նրա ներկայացուցիչը ___________________________________________
(ստորագրությունը)
Բժշկական կազմակերպության պատասխանատուն ______________________________
(ստորագրությունը)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2024 թվական: