Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 128

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին ու 8-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 46-րդ և 47-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելու (հանելու) գործողությունների կատարման կարգը.

Կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման, պահպանման և նախկինում գրանցված տեղեկատվության ոչնչացման (ջնջման) կարգը։

2. Սահմանել, որ՝

ա) հետագծման օբյեկտն անհրաժեշտ քանակությամբ նավիգացիոն կապարակնիքներով ապահովելու համար պատասխանատու անձինք նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ծառայությունների պատվիրատուներն են (սպառողները) (ուղարկող, առաքող, փոխադրող, ստացող).

բ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելու (հանելու) վայրերն են՝

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դեպքում՝ մաքսային հսկողության գոտիները.

«արտահանում» մաքսային ընթացակարգի դեպքում՝ մաքսային հսկողության գոտիները, ուղարկողի տարածքները կամ այլ վայրեր, եթե այդ վայրերը սահմանված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ.

անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխման դեպքում՝

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար՝

դնելու վայրն ուղարկողի տարածքն է կամ այլ վայրեր, եթե այդ վայրերը սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ.

հանելու վայրը՝ ստացողի տարածքը.

այն ապրանքների համար, որոնց առնչությամբ կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ՝

դնելու վայրն ուղարկողի տարածքն է կամ այլ վայրեր, եթե այդ վայրերը սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ.

հանելու վայրը՝ անդամ պետության տարածքից այն ապրանքների մեկնելու վայրը, որոնց նկատմամբ կիրառվում են այդ միջոցները, կամ ստացողի տարածքը՝ նշված ապրանքների նշանակման վայր ժամանելիս.

գ) ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով և «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում անդամ պետությունների միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) անձինք են՝

ազգային օպերատորը.

այլ անձինք, եթե այդ անձինք սահմանված են անդամ պետությունների օրենսդրությամբ.

դ) նավիգացիոն կապարակնիքները դնելու (հանելու) ժամանակ ներկա գտնվող անձինք են՝

ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս՝

ավտոմոբիլային փոխադրումների դեպքում՝ փոխադրողը, մաքսային մարմնի պաշտոնատար անձը (նրա կողմից այդպիսի որոշում ընդունվելու դեպքում).

երկաթուղային փոխադրումների դեպքում՝

փոխադրողը՝ անմիջապես երկաթուղային կայարանի ուղիներում գտնվող՝ սույն որոշմամբ սահմանված դնելու (հանելու) վայրերում նավիգացիոն կապարակնիքները դնելու (հանելու) գործողությունների իրականացման դեպքում.

ուղարկողը կամ հայտարարատուն՝ երկաթուղային կայարանի ուղիներում չգտնվող՝ սույն որոշմամբ սահմանված դնելու վայրերում նավիգացիոն կապարակնիքները դնելու գործողությունների իրականացման դեպքում.

ստացողը կամ մաքսային հսկողության գոտու տիրապետողը՝ երկաթուղային կայարանի ուղիներում չգտնվող՝ սույն որոշմամբ սահմանված հանելու վայրերում նավիգացիոն կապարակնիքները հանելու գործողությունների իրականացման դեպքում.

մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝ նրա կողմից այդպիսի որոշում ընդունվելու դեպքում.

անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքների տեղափոխման դեպքում՝

ավտոմոբիլային փոխադրումների դեպքում՝ փոխադրողը, հսկող մարմնի պաշտոնատար անձը (նրա կողմից այդպիսի որոշում ընդունվելու դեպքում).

երկաթուղային փոխադրումների դեպքում՝

փոխադրողը՝ անմիջապես երկաթուղային կայարանի ուղիներում գտնվող՝ սույն որոշմամբ սահմանված դնելու (հանելու) վայրերում նավիգացիոն կապարակնիքները դնելու (հանելու) գործողությունների իրականացման դեպքում.

ուղարկողը՝ երկաթուղային կայարանի ուղիներում չգտնվող՝ սույն որոշմամբ սահմանված դնելու վայրերում նավիգացիոն կապարակնիքները դնելու գործողությունների իրականացման դեպքում.

ստացողը՝ երկաթուղային կայարանի ուղիներում չգտնվող՝ սույն որոշմամբ սահմանված հանելու վայրերում նավիգացիոն կապարակնիքները հանելու գործողությունների իրականացման դեպքում.

հսկող մարմնի պաշտոնատար անձը՝ նրա կողմից այդպիսի որոշում ընդունվելու դեպքում.

ե) առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքները հանելիս կամ հետագծման օբյեկտի ընթացքի (փոխադրման) ժամանակ նավիգացիոն կապարակնիքը փոխարինելիս և դրանք հետագայում դնելիս նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) և այդպես դնելու (հանելու) ժամանակ ներկա գտնվող անձինք են՝

այն անդամ պետության մաքսային կամ այլ հսկող մարմնի պաշտոնատար անձը, որի տարածքում առաջացել է նավիգացիոն կապարակնիքը հանելու (փոխարինելու) անհրաժեշտություն.

ազգային օպերատորը կամ փոխադրողն այն անդամ պետության մաքսային կամ այլ հսկող մարմնի պաշտոնատար անձի թույլտվությամբ, որի տարածքում առաջացել է նավիգացիոն կապարակնիքը հանելու (փոխարինելու) անհրաժեշտություն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 128 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելու (հանելու) գործողությունների կատարման

 

1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր) համապատասխան կիրառվող նավիգացիոն կապարակնիքները դնելու (հանելու) գործողություններն ու դրանց կատարման կարգը։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Նավիգացիոն կապարակնիքը դնելիս այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, հաստատում է Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրման հետագծման համար այն օգտագործելու հնարավորությունը, այդ թվում՝ նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի (կուտակչի)՝ 75 տոկոսից ոչ ցածր լիցքի մակարդակի վիճակը։

Չի թույլատրվում այն նավիգացիոն կապարակնիքը դնելը, որի առնչությամբ հաստատված չէ փոխադրման հետագծման համար այն օգտագործելու հնարավորությունը։

4. Նավիգացիոն կապարակնիքները դրվում են՝ առանց վնասելու նախկինում դրված մաքսային կապարակնիքներն ու կնիքները, այլ կապարակնիքներ, փակիչ կապարակնքող սարքվածքները՝ ապահովելով նավիգացիոն կապարակնիքի իրանի վրա զետեղված նույնականացման եզակի համարի ընթերցման հնարավորությունը։

5. Նավիգացիոն կապարակնիքը պետք է դրված լինի տրանսպորտային միջոցի (բեռնարկղի) այն բեռնասրահների (հատվածամասերի) փակման համակարգի և դռների փակիչ հարմարանքների վրա, որտեղ գտնվում են հետագծման օբյեկտները, այնպիսի եղանակով, որով բացառվում է, առանց կապարակնքման տարրը վնասելու, դրա չթույլատրված հանման և առանց բեռնատար հատվածամասի ամբողջականությունը խախտելու՝ հետագծման օբյեկտների չթույլատրված հասանելիության հնարավորությունը (հաշվի առնելով Համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետը)։

Նավիգացիոն կապարակնիքը տրանսպորտային միջոցի այլ տեղում կամ հենց հետագծման օբյեկտի վրա պետք է դրված լինի (հաշվի առնելով տրանսպորտային միջոցի տեսակի և փոխադրման տեխնոլոգիայի առանձնահատկությունները) առանց կապարակնքման տարրը վնասելու դրա չթույլատրված հանման հնարավորությունը բացառող եղանակով։

6. Նավիգացիոն կապարակնիքները դնելու (հանելու) գործողությունները պետք է իրականացվեն՝

ա) ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների հետագծման ժամանակ՝ հնարավորինս կարճ ժամկետներում.

բ) երկաթուղային տրանսպորտով իրականացվող փոխադրումների հետագծման ժամանակ՝ կայանների աշխատանքի տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան՝ գնացքները մշակելու համար անհրաժեշտ ժամանակի սահմաններում։

7. Նավիգացիոն կապարակնիքները դնելու (հանելու) գործողությունները կատարելիս այն անդամ պետության ազգային օպերատորը, որի տարածքում սկսվում (ավարտվում) է փոխադրման հետագծումը, իր տեղեկատվական համակարգում ամրագրում է՝

ա) նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) անձի ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) և այդ անձի անվանումը.

բ) հսկող մարմնի պաշտոնատար անձի ներկայության փաստը (նավիգացիոն կապարակնիքը դնելիս (հանելիս) նրա ներկայության դեպքում) (Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում լրացուցիչ ամրագրվում են այդ պաշտոնատար անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում))։

8. Սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկատվության հավաքման, մշակման, պահպանման և փոխանցման ժամանակ այն անդամ պետության ազգային օպերատորը, որի տարածքում սկսվում (ավարտվում) է փոխադրման հետագծումը, պետք է ձեռնարկի այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տեղեկատվության պաշտպանության ոլորտում պահանջներին համապատասխանող սպառիչ միջոցներ։

9. Եթե այն անդամ պետության հսկող մարմինը, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, որոշում է ընդունել նավիգացիոն կապարակնիքը դնելիս իր պաշտոնատար անձի ներկայության մասին, ապա այդ պաշտոնատար անձն ստուգում է նավիգացիոն կապարակնիքները դնելու համապատասխանությունը սույն կարգի 5-րդ կետում նշված պահանջներին՝ ելնելով ընտրողականության սկզբունքից, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ, և (կամ) հետագծման օբյեկտները ներկայացնելիս։

10. Նավիգացիոն կապարակնիքը հանվում է Միության մաքսային տարածքում՝ հանման վայրում այն ապաակտիվացնելուց հետո։

Նավիգացիոն կապարակնիքը կարող է առանց ապաակտիվացման հանվել հանման վայր չհանդիսացող վայրում՝ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված դեպքերում։

11. Նավիգացիոն կապարակնիքը կարող է հեռացվել առանց հսկող մարմնի թույլտվության, եթե առկա է հետագծման օբեյկտների ոչնչացման, անվերադարձ կորստի կամ շոշափելի փչացման իրական վտանգ։

Փոխադրողը կամ նրա ներկայացուցիչը նշված գործողությունների իրականացման վերաբերյալ անհապաղ տեղեկացնում է այն անդամ պետության հսկող մարմնին, որի տարածքում առաջացել է այդ վտանգը։ Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված հանգամանքների առաջացման փաստը հաստատելու համար փոխադրողը ներկայացնում է նաև այն փաստաթղթերը (առկայության դեպքում), որոնք նախատեսված են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Միության իրավունքի կազմում ընդգրկված ակտերով և (կամ) անդամ պետության կամ Միության անդամ չհանդիսացող այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում առաջացել են այդ հանգամանքները։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 128 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման, պահպանման և նախկինում գրանցված տեղեկատվության ոչնչացման (ջնջման)

 

1. Սույն կարգով սահմանվում են կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 7-րդ հոդվածի 2-րդ կետում նշված և (կամ) 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման, այդ փաստաթղթերի (տեղեկությունների) պահպանման և նախկինում գրանցված տեղեկատվության ոչնչացման (ջնջման) կանոնները։

2. Եթե այն անդամ պետության հսկող մարմինը, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, որոշում է ընդունում նավիգացիոն կապարակնիք կիրառելու մասին, ապա այդ հսկող մարմինը, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված՝ տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցները, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ Եվրասիական տնտեսական միության իր անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված օպերատորին (մարմնին) է փոխանցում սույն կարգի 1-ին կետում նշված փաստաթղթերը (տեղեկությունները) և նրան տեղեկացնում է նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության մասին։

Այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան ստացված փաստաթղթերը (տեղեկությունները), ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության մասին տեղեկատվությունը փոխանցում է իր անդամ պետության ազգային օպերատորին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նշված ազգային օպերատորը և լիազորված օպերատորը (մարմինը) մեկ անձ են։

3. Այն անդամ պետության ազգային օպերատորը, որի տարածքում սկսվում է հետագծումը, փաստաթղթերը (տեղեկությունները), ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության մասին տեղեկատվությունը սույն կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան ստանալուց հետո ստացված փաստաթղթերը (տեղեկությունները) փոխանցում է նավիգացիոն կապարակնիքի մեջ՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանված՝ նավիգացիոն կապարակնիքի մեջ պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցները և Համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) նավիգացիոն կապարակնիքի մեջ պարունակվող փաստաթղթերից տեղեկությունների պահպանումը կազմակերպելու պահանջները՝ մինչև այդ նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելը՝ բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքի։

4. Եթե նավիգացիոն կապարակնիքը գրանցված է այն անդամ պետությունից տարբեր անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, ապա այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, սույն կարգի 2-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան ստացված փաստաթղթերը (տեղեկությունները), ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության մասին տեղեկատվությունը փոխանցում է այն ազգային օպերատորին, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, այդ անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։

5. Այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, սույն կարգի 4-րդ կետին համապատասխան՝ փաստաթղթերը (տեղեկությունները), ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքը հեռավար եղանակով այդ տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ակտիվացնելու թույլտվության մասին տեղեկատվությունն ստանալուց հետո ստացված փաստաթղթերը (տեղեկությունները) փոխանցում է նավիգացիոն կապարակնիքի մեջ՝ հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից սահմանված՝ նավիգացիոն կապարակնիքի մեջ պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցները և Համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան սահմանված՝ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) նավիգացիոն կապարակնիքի մեջ պարունակվող փաստաթղթերից տեղեկությունների պահպանումը կազմակերպելու պահանջները՝ մինչև այդ նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելը՝ բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքի։

6. Սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ նավիգացիոն կապարակնիքի մեջ փաստաթղթերը (տեղեկությունները) փոխանցելուց առաջ այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է այդ կապարակնիքը, ոչնչացնում (ջնջում) է դրանում առկա փաստաթղթերը (տեղեկությունները)՝ բացառությամբ նավիգացիոն կապարակնիքի նույնականացման եզակի համարի մասին տեղեկությունների և այն ազգային օպերատորի մասին տեղեկությունների, որի տեղեկատվական համակարգում այն գրանցված է։

7. Նավիգացիոն կապարակնիքի կիրառմամբ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում ենթակա են պահպանման այն փաստաթղթերը (տեղեկությունները), որոնք ստացվել են՝

ա) սույն կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը.

բ) սույն կարգի 4-րդ կետին համապատասխան՝ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը։

8. Եթե այն անդամ պետության ազգային օպերատորի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերում, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, և (կամ) մաքսային կամ այլ հսկող մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերում անսարքություն է առաջացել տեխնիկական խափանումների, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի խախտումների, էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքով, որոնք խոչընդոտում են նախքան նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելը դրանում փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցումը, նավիգացիոն կապարակնիքի մեջ դրանց փոխանցումն իրականացվում է՝

սույն կետի առաջին պարբերության մեջ նշված հանգամանքների առաջացման պահից 15 րոպեն չգերազանցող ժամկետում կամ պակաս ժամկետում, եթե դա ազդում է կայանների աշխատանքի տեխնոլոգիական գործընթացի վրա (երկաթուղային փոխադրումների դեպքում)՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող կամ «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար.

սույն կետի առաջին պարբերության մեջ նշված հանգամանքները վերացնելուց հետո՝ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքների տեղափոխման դեպքում։

Սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ նավիգացիոն կապարակնիքի մեջ փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցումը պետք է ավարտվի մինչև հետագծման օբյեկտի մեկնումն այն անդամ պետության տարածքից, որտեղ սկսվել է փոխադրման հետագծումը։

Սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան՝ նավիգացիոն կապարակնիքի մեջ փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցումը մինչև այն անդամ պետության տարածքից հետագծման օբյեկտի մեկնումը չավարտելու դեպքում, որտեղ սկսվել է փոխադրման հետագծումը, այդ անդամ պետության ազգային օպերատորն իրականացնում է Համաձայնագրի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված գործողությունները։

9. Նավիգացիոն կապարակնիքի կիրառմամբ կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում այդ նավիգացիոն կապարակնիքի մեջ պարունակվող փաստաթղթերը (տեղեկությունները) կարող են ընթերցվել այն անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) տեղեկատվական համակարգերին միացված հատուկ սարքվածքների կիրառման միջոցով, որոնց տարածքներով փոխադրվում (փոխադրվելու) են հետագծման օբյեկտները՝ հաշվի առնելով նավիգացիոն կապարակնիքի մեջ պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների իրագործումը, որոնք Հանձնաժողովի կողմից սահմանված են Համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

10. Նախկինում գրանցված տեղեկատվությունը (կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում գրանցված տեղեկատվությունը) նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումից հետո ենթակա է ոչնչացման (ջնջման)՝

ա) այն ազգային օպերատորի կողմից կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակ օգտագործվող նավիգացիոն կապարակնիքից, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, հեռավար եղանակով՝ այդ տեղեկատվական համակարգի օգտագործմամբ.

բ) անդամ պետությունների ազգային և լիազորված օպերատորների (մարմինների) տեղեկատվական համակարգերից, որոնց փոխանցվել է այդ տեղեկատվությունը կոնկրետ փոխադրման հետագծման ժամանակահատվածում։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: