ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33825/02/20 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33825/02/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի դեկտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Զատիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սարգիս Զատիկյանի հայցի ընդդեմ Գոհար Բալասանյանի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1 . Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սարգիս Զատիկյանը պահանջել է Էմիլի և Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն, ինչպես նաև տեսակցության կարգ սահմանել Էմիլի ու Էվելինա Զատիկյանների հետ:
Սարգիս Զատիկյանը 29.01.2021 թվականին հայցի առարկան փոփոխելու և հայցապահանջը լրացնելու միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է Էմիլի և Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն՝ պատասխանողին պարտավորեցնելով կայացվելիք վճիռն օրինական ուժի մտնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում երեխաներին հանձնել իրեն, սահմանել իր կողմից երեխաներին տեսակցելու հետևյալ կարգը՝ պարտավորեցնել պատասխանողին շաբաթական առնվազն երկու անգամ երեխաներին ներկայացնել ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, 85 տուն հասցե՝ օրական 2-4 ժամ տևողությամբ կամ ապահովել երեխաների ներկայությունը և նրանց հետ ազատ հաղորդակցումը Երևան քաղաքի որևէ հասցեում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.12.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ Սարգիս Զատիկյանի հայցի ընդդեմ Գոհար Բալասանյանի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին, կարճվել է՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, Սարգիս Զատիկյանից հօգուտ Գոհար Բալասանյանի բռնագանձվել է 60.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար. ՀՀ պետական բյուջեից Սարգիս Զատիկյանին վերադարձվել է 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.07.2022 թվականի որոշմամբ Սարգիս Զատիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.12.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Զատիկյանը (ներկայացուցիչ Հրանտ Անանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 32-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վկայակոչել է Կոնվենցիայի 32-րդ հոդվածը, որը միայն նախատեսում է, որ հայցվորը «կարող է» նաև դիմել նշված երկրի դատարան, եթե երեխաները մշտապես բնակվում են նշված երկրում, այսինքն՝ Կոնվենցիան սահմանում է իր իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը, իսկ իրավական օգնության վերաբերյալ Կոնվենցիայի դրույթները չեն կարող նսեմացնել և վերացնել ներպետական օրենսդրության ընդդատության կանոնները, դրանք միայն այլընտրանք են սահմանում իր համար, ոչ թե ներպետական օրենսդրության պահանջները ոտնահարելով պարտադիրություն՝ անձին զրկելով իր քաղաքացիության երկրում դատական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:
Ստորադաս դատարանները որևէ պատշաճ տեղեկություն չունեն երեխաների կյանքի որակի և պայմանների, կրթության ու այլնի մասին, սակայն ըստ էության հանգել են հետևության՝ իբրև Հայաստանից դուրս գտնվելը բխում է նրանց շահերից, իսկ հոր կողմից դատական պաշտպանություն հայցելը չի բխում երեխաների լավագույն շահերից:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի անդրադարձել պատասխանողի ներկայացուցչի կողմից ապացույցներ ներկայացնելու համար սահմանված ժամկետից հետո՝ առանց համապատասխան միջնորդության նոր ապացույց կցելու և այդ ապացույցները Դատարանի կողմից վիճարկվող եզրափակիչ որոշման հիմքում դնելու հանգամանքին, մինչդեռ նշված փաստաթղթերը որպես ապացույց հետազոտելու ու վերջնական դատական ակտի հիմքում դնելու համար դրանք Դատարանում պետք է քննարկվեին միայն պատշաճ միջնորդության առկայության պայմաններում․ այդ փաստաթղթերը ներկայացվել և գործի նյութերին կցվել են մեխանիկորեն, իր ներկայացուցչին չի տրամադրվել այդ փաստաթղթերի բնօրինակը՝ օտարալեզու տարբերակը, ինչն ինքնին միջնորդությունն առանց քննարկման թողնելու ինքնուրույն հիմք է։ Այլ կերպ ասած՝ քննարկվող ապացույցները ներկայացվել են օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ, իսկ այդպիսի խախտումն իրավաչափ չի կարող համարվել միայն այն հիմնավորմամբ, որ կողմը չի առարկել դրա դեմ։ Հակառակ մոտեցման պարագայում, եթե դատավարության ընթացքում կողմերից մեկն ակնհայտ ապօրինի գործողություն է կատարում, ապա այն կարող է համարվել իրավաչափ՝ զուտ մյուս կողմի չարձագանքելու պատճառով, ինչն անթույլատրելի և արդարադատության բուն էությունը խաթարող մոտեցում է։
Ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ վերաքննիչ բողոքում ինքը նշել է, որ չի վիճարկում երեխաների՝ հայցադիմում ներկայացնելուց 4 օր առաջ ՌԴ մեկնելը և այդտեղ գտնվելն ու ոչ թե նրանց՝ ՌԴ-ում մշտապես բնակվելը, հատկապես այն դեպքում, երբ ինքը վիճարկում է, ի թիվս այլնի, հենց «մշտական բնակության» եզրույթը և հասկացությունը, ուստի անթույլատրելի է ստորադաս դատարանների այն գնահատականը, թե ինքը չի վիճարկել երեխաների՝ ՌԴ-ում մշտապես բնակվելու հանգամանքը։
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ Հայաստանի քաղաքացին կարող է ունենալ միայն մեկ մշտական բնակության վայր, իսկ եթե փոխում է իր մշտական բնակության վայրը, ապա նախ յոթնօրյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել ՀՀ հյուպատոսական մարմնին, որն էլ իր հերթին դիմումն ստանալուց հետո պետք է կարգավորի նշված գործընթացը: Դատարանին չի ներկայացվել պատշաճ ապացույց այն մասին, որ պատասխանողը փոխել է իր մշտական բնակության վայրը: Ավելին՝ ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքից հետևում է, որ պատասխանողի տվյալները ռեգիստրում որևէ փոփոխության չեն ենթարկվել, և վերջինիս մշտական բնակության կացարանն է Հայաստանը:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ առկա չէ որևէ ապացույց, որ երեխաները 2020 թվականի հոկտեմբերից մշտապես, առանց ընդհատման բնակվել են ՌԴ-ում: Փաստ է միայն, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին պատասխանողը երեխաներին գաղտնի տարել է ՌԴ, իսկ թե դրանից հետո՝ մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը, երեխաներն անընդմեջ գտնվել են ՌԴ-ում, թե տեղափոխվել են այլ վայր, որևէ ապացույց առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2022 թվականի որոշումը և որոշում կայացնել գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 27.04.2014 թվականին ծնված Էմիլի Սարգիս Զատիկյանի հայրը Սարգիս Զատիկյանն է, մայրը՝ Գոհար Բալասանյանը (հատոր 1-ին, գ․թ․ 10).
2) 29.05.2019 թվականին ծնված Էվելինա Սարգիս Զատիկյանի հայրը Սարգիս Զատիկյանն է, մայրը՝ Գոհար Բալասանյանը (հատոր 1-ին, գ․թ․ 11).
3) Սարգիս Զատիկյանը և Գոհար Բալասանյանը ՀՀ քաղաքացիներ են (հատոր 1-ին, գ․թ․ 12, 31).
4) Էրեբունու թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված, տրման ամսաթիվ չբովանդակող տեղեկանքի պատճենի համաձայն՝ Սարգիս Զատիկյանը բնակվում է ք. Երևան, Նոր Արեշ 32-րդ փողոցի թիվ 85 տանը, ունի երկու դուստր՝ Էմիլի Զատիկյանը և Էվելինա Զատիկյանը, երեխաները ծնվել ու ապրել են նշված հասցեում, Մոսկվա են մեկնել 07.10.2020 թվականից (հատոր 1-ին, գ․թ․ 175).
5) Էմիլի Զատիկյանը և Էվելինա Զատիկյանը հաշվառված են եղել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում, հետազոտություններն ու պատվաստումներն ստացել են ամբողջական ծավալով: 2020 թվականի հոկտեմբերից դադարել է հաճախումը, 2021 թվականի հունվարից երեխաները հանվել են հաշվառումից (հատոր 1-ին, գ․թ․ 174).
6) Էմիլի Զատիկյանը 05.09.2018 թվականից 20.08.2020 թվականը հաճախել է Երևանի թիվ 69 մանկապարտեզ ՀՈԱԿ (հատոր 1-ին, գ․թ․ 178).
7) Էմիլի Զատիկյանը 2020-2021 ուսումնական տարում ընդունվել է Երևանի Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցի առաջին դասարան, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ազատվել է դպրոցից Ռուսաստանի Դաշնություն մեկնելու կապակցությամբ (հատոր 1-ին, գ․թ․ 177).
8) Բալաշիխա քաղաքային օկրուգի թիվ 12 միջնակարգ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից 22.04.2021 թվականին տրված թիվ 116 տեղեկանքի՝ ռուսերենից հայերեն թարգմանության համաձայն՝ 2021 թվականի հունվարի 11-ից սկսած Էմիլի Զատիկյանը հաճախում է Բալաշիխա քաղաքային օկրուգի թիվ 12 միջնակարգ հանրակրթական դպրոցի մունիցիպալ բյուջետային հանրակրթական հաստատության բազայի «Ապագա առաջին կուրսեցու դպրոց» վճարովի կուրսը (հատոր 1-ին, գ․թ․ 159).
9) Գոհար Բալասանյանին ՌԴ բնակության թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը տրամադրվել է 12.08.2021 թվականին։ Հաշվառման ժամկետ է սահմանվել մինչև 19.01.2022 թվականը (հատոր 1-ին, գ․թ․ 49, 53).
10) թվով երկու փաստաթղթերի՝ ռուսերենից հայերեն թարգմանությունների համաձայն՝ Էմիլի Սարգիս Զատիկյանի (ծնված՝ 2014 թվականի ապրիլի 27-ին) և Էվելինա Սարգիս Զատիկյանի (ծնված՝ 2019 թվականի մայիսի 29-ին) գտնվելու վայրի հասցեն է՝ Մոսկվայի մարզ, Նովոյե Պավլինո միկրոշրջան, Բալաշիխա քաղաք, Տրոիցկայա փողոց, շենք 2-րդ, թիվ 3 բնակարան: Թարգմանությունները տրման ամսաթիվ չեն բովանդակում (հատոր 1-ին, գ․թ․ 51-52).
11) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, և վճռաբեկ բողոքում չի վիճարկվում փաստն այն մասին, որ Էմիլի Զատիկյանն ու Էվելինա Զատիկյանը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում 2020 թվականի հոկտեմբերից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող անչափահասների ու նրանց ծնողների փոխհարաբերությունները (բնակության վայրը որոշում, տեսակցության կարգի սահմանում) դատական կարգով որոշելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առաջնահերթ ընդգծել ծնողների և ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի փոխհարաբերությունները դատական կարգով որոշելու գործերով ՀՀ դատարանների իրավասությունը բացառելու անթույլատրելիությունը՝ ելնելով «երեխայի լավագույն շահ»-ի ապահովման անհրաժեշտությունից, երաշխավորելով նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությունն ու հոգատարությունը, հաշվի առնելով ծնողների և երեխաների փոխհարաբերությունների վերաբերյալ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերն ու դրանց կիրառման կանոնները, միաժամանակ ստորադաս դատարանների համար արձանագրելով ՀՀ քաղաքացի երեխայի բնակության վայրը սահմանելու գործերով կիրառելի օրենսդրությունն ու իրավասու դատարանին որոշելու ուղենիշները:
Ա) Սահմանադրության 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) թիվ 4 արձանագրության` «Տեղաշարժի ազատությունը» վերտառությամբ 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ որևէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու և ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք:
Պետություն-քաղաքացի իրավահարաբերություններում կարևոր է նրա բնակության վայրը որոշելը: Բնակության վայրի ազատ ընտրության իրավունքն ուղղակիորեն կապված է անձի և պետության միջև իրավական հարաբերությունների առկայության, այս կամ այն պետության սահմաններում գտնվելու ժամանակահատվածի հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (...) բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, (...) բնակության վայրը: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...): Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը «բնակության վայր» հասկացությունը սահմանում է երեխայի բնակելի տարածության իրավունքի համատեքստում՝ սահմանելով, որ բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից (հոդված 16):
Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ ըստ էության բնակությանը վայրն այն տարածքն է՝
- որտեղ անձն ունի բնակվելու իրավունք,
- որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես բնակվում է,
- որն անձի կողմից բացահայտված է որպես իր կացարան:
Միաժամանակ երեխաների բնակության վայրը վերջինների օրինական ներկայացուցիչների (տվյալ դեպքում՝ ծնողների) բնակության վայրն է և փաստացի նույնանում է այդ հասցեի հետ:
Անձի բնակության վայրն այն բնակելի տարածքն է, որն ունի հասցե, ըստ որի պետք է իրականացնել նաև անձի հաշվառումը: Ընդ որում, անձը կարող է ունենալ միայն մեկ հաշվառման վայր:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ բնակության վայրը չի նույնանում անձի գտնվելու վայրի հետ:
Բ) ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու (...) իրավունք (...):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխան ունի իր ծնողների (...) հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները։ Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: (...):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին: Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:
Երեխայի դաստիարակությանը մասնակցելու և նրա հետ շփվելու ծնողի իրավունքը բխում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով ամրագրված` ընտանեկան կյանքի նկատմամբ յուրաքանչյուրի հարգանքի իրավունքի էությունից, որի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված պրակտիկայի համաձայն` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից երեխայի և ծնողների` միմյանց հետ շփվելու իրավունքն ընտանեկան կյանքի հիմնարար տարրերից մեկն է: Ավելին, ըստ Եվրոպական դատարանի, բնականոն ընտանեկան հարաբերությունները չեն դադարում ծնողներից մեկի առանձնանալու կամ նրանց ամուսնալուծվելու դեպքում, անգամ եթե դրա արդյունքում երեխան դադարում է բնակվել ծնողներից մեկի հետ (տե՛ս Հովհաննես Չոբանյանն ընդդեմ Լիանա Տիգրանյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի թիվ ԵՄԴ/3747/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
Ծնողների՝ ամուսնալուծված լինելու կամ առանձին ապրելու դեպքում երեխաների մշտական բնակության վայրն ըստ էության որոշվում է դատական կարգով: Այսինքն՝ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում վեճը, թե ում մոտ պետք է բնակվեն անչափահաս երեխաները, լուծում է դատարանը:
Գ) Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը:
Գործի ճիշտ ընդդատությունը որոշելն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրությամբ ամրագրված իրավունքի խախտմանը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Ընդ որում, միջազգային իրավունքի առաջնությունը վերաբերում է պայմանագրային նորմերի կիրառելիությանը, այսինքն՝ կոնկրետ դեպքի նկատմամբ ներպետական օրենքները չեն կիրառվում, և հարցը լուծվում է միջազգային պայմանագրի նորմերով:
Ըստ այդմ, Սահմանադրության վկայակոչված հոդվածի ուժով սույն գործով իրավասու դատարանին և կիրառելի օրենսդրությունը բացահայտելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի 22.01.1993 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա, ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 21.12.1994 թվականին) 32-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին:
Այսպես, Մինսկի կոնվենցիայի՝ «Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները» վերտառությամբ 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավահարաբերությունները որոշվում են այն պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաները:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան ենթակա է կիրառման:
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո:
Միաժամանակ Մինսկի կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից 28.03.1997 թվականին Մինսկի կոնվենցիայի արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն, ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 09.06.2000 թվականին) 9-րդ կետով ի թիվ այլնի կատարվել է հետևյալ փոփոխությունը՝ 32-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը շարադրվել են հետևյալ խմբագրությամբ. «1. Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ երեխաներին պահելու առնչությամբ ծնողների պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմից օրենսդրությամբ, որի տարածքում նրանք մշտական համատեղ բնակության վայր ունեն, իսկ ծնողների և երեխաների մշտական համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում, նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում երեխան: (...): 3. ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների գործերով իրավասու է այն պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, ենթակա է կիրառման»:
Հետևում է, որ Արձանագրությամբ փոփոխվել է Մինսկի Կոնվենցիայի 32-րդ հոդվածում ամրագրված ծնողների և երեխաների իրավահարաբերություններում (բացառությամբ ալիմենտային պարտավորությունների) ծագած վեճերը լուծելիս կիրառելի օրենսդրությունն ու իրավասու դատարանը որոշելու կանոնը:
Այսինքն՝ Մինսկի Կոնվենցիայի մասնակիցները փոփոխել են հիշատակված գործերով իրավասու դատարանի և կիրառելի օրենսդրության որոշման ելակետային պայմանը՝ սահմանելով, որ երեխայի բնակության վայրը որոշելու վեճը ենթակա է լուծման այն պետության օրենսդրության շրջանակներում և դատարանի կողմից,
- որի տարածքում ծնողներն ու երեխաներն ունեն մշտական համատեղ բնակության վայր,
- որի քաղաքացի է երեխան:
Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը:
Դ) Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (...):
Քաղաքացիության իրավունքն արտացոլում է անձի և պետության կայուն իրավական կապը: Քաղաքացիության ինստիտուտը պետության և քաղաքացու համար առաջ է բերում փոխադարձ իրավունքներ, պարտականություններ ու պատասխանատվություն, կանխորոշում պետության և անհատի փոխհարաբերությունների բովանդակությունը: Այլ կերպ՝ սահմանադրաիրավական մակարդակում անձի իրավունքների և պարտականությունների ծավալն ուղղակիորեն կախված է անձի ու պետության միջև առկա կապի բնույթից: Քաղաքացիությունը ոչ միայն հիմնարար իրավունք է, այլև անհրաժեշտ նախապայման՝ անհատի մի շարք այլ իրավունքների իրացման համար: Ձեռք բերելով պետության քաղաքացիություն՝ անձը պարտավորվում է դրսևորել այնպիսի վարքագիծ, որը համահունչ կլինի տվյալ պետության Սահմանադրությանը և օրենքներին, իսկ պետությունը սահմանադրաիրավական պարտավորություն է կրում իր հովանավորության ու պաշտպանության ներքո պահել իր քաղաքացիներին:
Քաղաքացիությունը երեխայի ինքնության կարևոր կողմն է և կարևորագույն իրավունք է՝ պայմանավորելով երեխայի կողմից այլ իրավունքներից ազատորեն օգտվելու հնարավորությունը: Միաժամանակ, երեխաներն իրենց իրավունքների և ազատությունների խախտումների առնչությամբ ամենախոցելի խումբն են, ու խիստ սահմանափակ հնարավորություն ունեն ինքնուրույն պաշտպանելու դրանք։ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում արտացոլված երեխայի լավագույն շահի սկզբունքի ուժով ցանկացած մարմին ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ոլորտում պարտավոր է գնահատել և հաշվի առնել երեխայի լավագույն շահը՝ որպես առաջնային նկատառում երեխայի քաղաքացիությանը վերաբերող բոլոր գործողություններում կամ որոշումներում, ինչը բազմիցս շեշտվել է նաև կոնվենցիայով նախատեսված՝ Երեխայի իրավունքների կոմիտեի՝ քաղաքացիությանն առնչվող զեկույցներում: Այս սկզբունքի իրացման նպատակով անհրաժեշտ է բավարար երաշխիքներ սահմանել նորմատիվ իրավական ակտերում, հատկապես երեխաների ապաքաղաքացիության վտանգը չեզոքացնելու նպատակով (տե՛ս Սահմանադրական դատարանի 22.11.2022 թվականի թիվ ՍԴՈ-1669 որոշումը):
Քաղաքացիության՝ որպես կենսական անհրաժեշտ տարրի կարևորությունն ընդգծված է նաև միջազգային փաստաթղթերում:
Մասնավորապես «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան քաղաքացիության պահպանումը դիտարկում է որպես երեխայի ինքնության տարր և պարտավորեցնում մասնակից պետություններին իր ինքնության տարրից (այդ թվում՝ քաղաքացիությունից) զրկված երեխային տրամադրել համապատասխան աջակցություն ու պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով («Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մաս):
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
Քաղաքացիության՝ որպես իրավական կարգավիճակի բնութագրիչներ են պետության և քաղաքացու կապի իրավական բնույթը, փոխադարձ իրավունքների, պարտականությունների ու պատասխանատվության առաջացումը:
Պետության և անձի միջև կապի իրավական բնույթն, ի թիվս այլնի, արտահայտվում է քաղաքացու նկատմամբ իր իրավական համակարգի, իրավասության տարածմամբ ու նրա նկատմամբ որոշակի պարտականություններ ստանձնելով: Ասվածի ուղղակի արտացոլումն է Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ մասը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
Իր հերթին պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը (ՀՀ ընտանեկան օրենսգիրք, հոդված 1):
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական ու պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրվել է երեխայի իրավունքների պաշտպանությունը՝ որպես սահմանադրական նորմ: Մասնավորապես՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ երեխայի՝ իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերությունները և անմիջական շփումները պահպանելու իրավունքը կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին:
Ընդ որում, վերոնշյալ երկու իրավադրույթները «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված՝ «երեխայի լավագույն շահ» իրավունքի ամրագրումն է սահմանադրության մակարդակով, հետևաբար ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածում «երեխայի շահ» հասկացությունը պետք է մեկնաբանվի որպես երեխայի լավագույն շահ:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը կարևորում է քաղաքացիության ինստիտուտի էությունը և նշանակությունը, մասնավորապես՝ այն առումով, որ քաղաքացիությունն անձի (տվյալ դեպքում՝ երեխայի) ու պետության միջև կայուն իրավական կապ է՝ իրեն բնորոշ փոխադարձ իրավունքներով և պարտականություններով, ուստի, գործի փաստական հանգամանքներից ելնելով, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այն անհրաժեշտ է հաշվի առնել՝ ծնողների ու երեխաների կայուն ու մշտական շփումն ապահովելու, ծնողների խնամքին և հոգատարությանն արժանանալու սկզբունքների ապահովման տեսանկյունից:
Հարկ է նշել, որ նույնանման կարգավորում է նախատեսել նաև Մինսկի Կոնվենցիայից և Արձանագրությունից հետո՝ 07.10.2022 թվականին ընդունված՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի (այսուհետ՝ Քիշնևի կոնվենցիա, ՀՀ համար ուժի մեջ է մտել 19.02.2005 թվականին) 35-րդ հոդվածը, որը նույնաբովանդակ է Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի՝ Արձանագրությամբ փոփոխված խմբագրությանը, և երեխաների ու ծնողների իրավահարաբերություններում (բացառությամբ ալիմենտային պարտավորությունների) ծագած վեճերը լուծելիս կիրառելի օրենսդրությունն ու իրավասու դատարանը որոշելու կանոն է սահմանել հաջորդաբար ծնողների և երեխաների մշտական համատեղ բնակության վայրի և երեխայի քաղաքացիության վերաբերյալ ելակետային տվյալների պարզման անհրաժեշտությունը:
Համանման մոտեցում է ցուցաբերվել նաև ներպետական օրենսդրությամբ, մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի՝ «Ընտանեկան օրենսդրության կիրառումը օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ ընտանեկան հարաբերությունների նկատմամբ» վերտառությամբ 7-րդ բաժնի 148-րդ հոդվածում սահմանել է, որ ծնողների և զավակների իրավունքներն ու պարտականությունները (ընդ որում՝ երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականությունը) որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ բնակության վայր։ Ծնողների և զավակների համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում ծնողների ու զավակների իրավունքները և պարտականությունները որոշվում են այն պետության օրենսդրությամբ, որի քաղաքացին է երեխան։ Հայցվորի պահանջով ալիմենտային պարտավորությունների և ծնողների ու զավակների միջև այլ հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել այն պետության օրենսդրությունը, որի տարածքում մշտապես ապրում է երեխան:
Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ծնողների և զավակների իրավունքների ու պարտականությունների առնչությամբ ընտանեկան օրենսդրությունը կիրառելիս ներպետական օրենսդրությամբ նույնպես ելակետային է համարվել ծնողների և զավակների՝ համատեղ բնակության վայր ունենալու հանգամանքը, բացակայության դեպքում՝ երեխայի քաղաքացիությունը:
Ավելին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Կոլիզիոն նորմեր» վերտառությամբ 81-րդ գլխի «Քաղաքացիների նկատմամբ կիրառվող իրավունքը» 1-ին պարագրաֆի «Քաղաքացու անձնական օրենքը» վերտառությամբ 1262-րդ հոդվածի 2-րդ մասը մշտական բնակության վայրի պետության իրավունքի կիրառումը սահմանում է քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ՝ նույն հոդվածի 1-ին մասով ամրագրելով, որ քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիությունն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված:
Ե) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ ՀՀ քաղաքացի երեխայի բնակության (տեսակցության կարգի սահմանման) վայրը որոշելու գործերով երեխայի՝ նույնիսկ այլ պետության տարածքում գտնվելու հանգամանքը չի կարող խոչընդոտ լինել գործով անհրաժեշտ նյութաիրավական փաստակազմը պարզելու և ըստ էության դատական ակտ կայացնելու համար՝ նկատի ունենալով ինչպես ՀՀ միջազգային պայմանագրերով, այնպես էլ փոխադարձության հիման վրա իրավական օգնություն տրամադրելու, դատական ակտերը ճանաչելու ու կատարելու իրավակարգավորումների և գործուն մեխանիզմների առկայությունը:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով Դատարան՝ հայցվոր Սարգիս Զատիկյանը պահանջել է Էմիլի և Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն՝ պատասխանողին պարտավորեցնելով կայացվելիք վճիռն օրինական ուժի մտնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում երեխաներին հանձնել իրեն, սահմանել իր կողմից երեխաներին տեսակցելու հետևյալ կարգը՝ պարտավորեցնել պատասխանողին շաբաթական առնվազն երկու անգամ երեխաներին ներկայացնել ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցե՝ օրական 2-4 ժամ տևողությամբ կամ ապահովել երեխաների ներկայությունը և նրանց հետ ազատ հաղորդակցումը Երևան քաղաքի որևէ հասցեում:
Պատասխանող Գոհար Բալասանյանը ներկայացրած հայցադիմումի պատասխանով առարկել է հայցի դեմ՝ ի թիվս այլնի, հայտնելով, որ հայցվորից հեռացել է 2020 թվականի հուլիսին և բնակվել իր տատի ու պապի տանը, որը գտնվում է հայցվորի տնից երկու տուն հեռավորության վրա: Նկատի ունենալով, որ պատասխանողը ՀՀ-ում չունի բնակվելու վայր, պատասխանողի ծնողները ՌԴ քաղաքացիներ են և բնակվում են այնտեղ, 2020 թվականի հոկտեմբերի սկզբին մեկնել է ՌԴ ու առայժմ բնակվում է ՌԴ-ում, նման պայմաններում խնամակալության և հոգաբարձության մարմինը չի կարողանալու իրականացնել երեխաների կյանքի հետազոտություն ու տրամադրել երեխաների լավագույն շահից բխող եզրակացություն, անհնար է լինելու նաև տեսակցության կարգի իրականացումը:
Դատարանը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, հաստատված համարելով, որ «Էմիլի Զատիկյանն ու Էվելինա Զատիկյանը մայր ծնող Գոհար Բալասանյանի հետ 2020 թվականի հոկտեմբեր ամսից մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում», եզրահանգել է, որ «վեճի նկատմամբ կիրառելի է երեխաների մշտապես բնակության վայրի՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, ուստի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով քննարկվող պարագայում իրավասու դատարան չէ»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ պատճառաբանությունները, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Դատարանը որոշում է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին մասը, արձանագրելով, որ «թե պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներով (պատասխանողին բնակության թույլտվություն տալու մասին փաստաթուղթ, դպրոց հաճախելու մասին տեղեկանք, գտնվելու վայրի մասին երկու տեղեկանքներ), թե՛ հայցվորի հայտարարություններով (Վերաքննիչ դատարանում դատական նիստի ընթացքում ևս հայցվոր Սարգիս Զատիկյանն ընդունել է, որ երեխաները 2020 թվականի հոկտեմբերից գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում) հաստատվում է, որ երեխաները դեռևս 2020 թվականի հոկտեմբերից գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, այսինքն՝ երեխաների սոցիալական կապերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, վերջիններս շուրջ երկու տարի է ինչ իրենց կենսակերպը վարում են այդտեղ», եզրահանգել է, որ «երեխաների՝ ՀՀ-ում հաշվառված լինելը չի կարող էական նշանակություն ունենալ և գործի առավել արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով Կոնվենցիայի 32-րդ հոդվածի ուժով սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության Հայաստանի Հանրապետության դատարանում քաղաքացիական դատավարության կարգով», մերժել է հայցվոր Սարգիս Զատիկյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանները սխալ են որոշել կիրառելի օրենսդրությունը:
Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ կիրառելի օրենսդրության և իրավասու դատարանի բացահայտումը ստորադաս դատարանները պետք է իրականացնեին՝ հիմք ընդունելով Մինսկի կոնվենցիայի՝ Արձանագրությամբ փոփոխված 32-րդ հոդվածի խմբագրությունն այն դեպքում, երբ ստորադաս դատարանները կաշկանդված էին Արձանագրությամբ կատարված փոփոխությամբ և կիրառելի օրենսդրության, ինչպես նաև իրավասու դատարանի հարցն իրավասու էին որոշելու Արձանագրությամբ կատարված փոփոխությունների հաշվառմամբ:
Ըստ այդմ, ստորադաս դատարանները՝
- նախ՝ պետք է պարզեին ծնողների և երեխաների մշտական համատեղ բնակության վայր ունենալու հանգամանքը,
- դրա բացակայության դեպքում՝ երեխաների քաղաքացիությունը:
Մինչդեռ ստորադաս դատարաններն ըստ էության հարցը քննելու իրավասու դատարան չլինելու և այդ հիմքով գործի վարույթը կարճելու հետևությունն արել են՝ բացառապես ղեկավարվելով Մինսկի Կոնվենցիայի՝ մինչ Արձանագրությամբ փոփոխված 32-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ, հիմք ընդունելով երեխաներ Էվելինա և Էմիլի Զատիկյանների՝ մայր ծնողի՝ պատասխանող Գոհար Բալասանյանի հետ 2020 թվականի հոկտեմբեր ամսից ՌԴ-ում գտնվելու հանգամանքը՝ այն արձանագրելով որպես երեխաների մշտական բնակության վայր:
Բացի այդ, սույն գործի փաստերի, կողմերի դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ՝
- հայցվորը և պատասխանողը ՀՀ քաղաքացիներ են, հետևաբար Սահմանադրության 47-րդ հոդվածի հիմքով ՀՀ քաղաքացիներ են նաև նրանց երեխաները,
- երեխաների մայրը՝ Գոհար Բալասանյանը, ժամանակավորապես գտնվում է ՌԴ-ում, երեխաների հայրը մշտապես բնակվում և աշխատում է ՀՀ-ում,
- երեխաներից Էմիլի Զատիկյանը ներկայումս 8 տարեկան է, Էվելինա Զատիկյանը՝ 3 տարեկան (ստորադաս դատարանների կողմից դատական ակտերը կայացնելու դրությամբ երեխաները համապատասխանաբար եղել են 7 և 2 տարեկան),
- հայցվորը և պատասխանողը, ինչպես նաև նրանց երեխաներն ունեցել են մշտական համատեղ բնակության վայր մինչև 2020 թվականի հուլիս ամիսը (երեխաները եղել են 6 և 1 տարեկան),
- 2020 թվականի հուլիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսը երեխաները մայր ծնողի՝ Գոհար Բալասանյանի հետ բնակվել են Սարգիս Զատիկյանից առանձին, Հայաստանի Հանրապետությունում,
- երեխաներ Էմիլի և Էվելինա Զատիկյանները մայր ծնողի՝ Գոհար Բալասանյանի հետ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում 2020 թվականի հոկտեմբեր ամսից (անվիճելի փաստ),
- Դատարանի որոշումը կայացնելու՝ 17.12.2021 թվականի դրությամբ երեխաները և պատասխանողը ՌԴ-ում գտնվելու ժամանակահատվածը մոտավորապես մեկ տարի է, Վերաքննիչ դատարանի որոշման կայացման դրությամբ՝ մեկ տարի վեց ամիս, ավելին, Գոհար Բալասանյանի և երեխաների համար ՌԴ-ում գտնվելու ժամանակահատված է սահմանվել մինչև 19.01.2022 թվականը, իսկ երեխաներից Էմիլի Զատիկյանը ՌԴ հանրակրթական դպրոց է սկսել հաճախել միայն 11.01.2021 թվականից:
Այսինքն՝ գործում բացակայում է երեխաների և ծնողների՝ մշտական համատեղ բնակության վայր ունենալու փաստը հավաստող որևէ ապացույց, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Ավելին՝ վկայակոչված փաստերի համադրված վերլուծությամբ հերքվում է օտարերկրյա պետությունում երեխաների սոցիալական սերտ կապերի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:
Վկայակոչված իրավակարգավորումների լույսի ներքո գործի փաստերի արձանագրմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները սույն՝ երեխաների բնակության վայրը որոշելու (տեսակցություն կարգ սահմանելու) գործով կիրառելի օրենսդրության և իրավասու դատարանի հարցը պարզելիս պետք է առաջնորդվեին Արձանագրությամբ փոփոխված Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ երկրորդ կանոնի կիրառմամբ, այն է՝ երեխայի բնակության վայրը որոշելու վեճը ենթակա է լուծման այն պետության օրենսդրության շրջանակներում ու դատարանի կողմից, որի քաղաքացի են երեխաները:
Նկատի ունենալով, որ գործում բացակայում է երեխաների և ծնողների՝ մշտական համատեղ բնակության վայր ունենալու փաստը հավաստող որևէ ապացույց, սույն գործով երեխաները ՀՀ քաղաքացիներ են, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ երեխաների՝ ծնողներից որևէ մեկի հետ ապրելու իրավունքի հարցը քննելու իրավասու դատարան է ՀՀ դատարանը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ իրավունքն առավել սերտ կապ ունի երեխաների լավագույն շահերը գնահատելու հարցի հետ, քանի որ սույն գործով հաստատված փաստերը հիմք են տալիս եզրահանգելու, որ ՀՀ-ն այն պետությունն է՝
- որի քաղաքացին են երեխաները,
- որի մարմինների քննության ներքո է գտնվել հայցվորի և պատասխանողի ամուսնալուծության հարցը (ըստ Court.am դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2020 թվականի թիվ ԵԴ/24352/02/20 վճռով լուծվել է Սարգիս Զատիկյանի և Գոհար Բալասանյանի 26.07.2013 թվականին գրանցված ամուսնությունը),
- որի հետ երեխաներն առավել սերտ կապ ունեն,
- որի ՀՀ իրավասու դատարանի իրավազորությունն ըստ էության կողմերն ընդունել են:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն գործով կիրառելի ներպետական և միջազգային իրավակարգավորումները, ելնելով երեխաների շահերի առավել ապահովման անհրաժեշտությունից, հիմք ընդունելով սույն գործով հաստատված այն բոլոր փաստերը, որոնք հավաստում են երեխաների բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությունն ու հոգատարությունը՝ արձանագրում է, որ սույն գործով երեխաների՝ ծնողներից որևէ մեկի հետ ապրելու հարցը պետք է որոշվի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, ՀՀ իրավասու դատարանի կողմից, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից՝ հանգեցնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի չհիմնավորված կիրառման և այդ հիմքով՝ քաղաքացիական գործի կարճման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սխալ կիրառման պայմաններում սույն գործի ամբողջ ծավալով ըստ էության քննությունն իրականացնելու նպատակով տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 11.07.2022 թվականի որոշումը բեկանելու և գործը ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Հաշվի առնելով գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ դրանք գնահատելու հնարավորությունը ներկա փուլում բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․07․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող
|
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/33825/02/20 քաղաքացիական գործով 2023 թվականի դեկտեմբերի 15-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
15․12․2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի դեկտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Զատիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սարգիս Զատիկյանի հայցի ընդդեմ Գոհար Բալասանյանի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին, որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․07․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սարգիս Զատիկյանը պահանջել է Էմիլի և Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն, ինչպես նաև տեսակցության կարգ սահմանել Էմիլի ու Էվելինա Զատիկյանների հետ:
Սարգիս Զատիկյանը 29.01.2021 թվականին հայցի առարկան փոփոխելու և հայցապահանջը լրացնելու միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է Էմիլի և Էվելինա Զատիկյանների բնակության վայր սահմանել իր բնակության վայրը՝ ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, թիվ 85 տուն հասցեն՝ պատասխանողին պարտավորեցնելով կայացվելիք վճիռն օրինական ուժի մտնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում երեխաներին հանձնել իրեն, սահմանել իր կողմից երեխաներին տեսակցելու հետևյալ կարգը՝ պարտավորեցնել պատասխանողին շաբաթական առնվազն երկու անգամ երեխաներին ներկայացնել ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, 85 տուն հասցե՝ օրական 2-4 ժամ տևողությամբ կամ ապահովել երեխաների ներկայությունը և նրանց հետ ազատ հաղորդակցումը Երևան քաղաքի որևէ հասցեում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.12.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ Սարգիս Զատիկյանի հայցի ընդդեմ Գոհար Բալասանյանի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների բնակության վայրը որոշելու ու երեխաների հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջների մասին, կարճվել է՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, Սարգիս Զատիկյանից հօգուտ Գոհար Բալասանյանի բռնագանձվել է 60.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար. ՀՀ պետական բյուջեից Սարգիս Զատիկյանին վերադարձվել է 8.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.07.2022 թվականի որոշմամբ Սարգիս Զատիկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.12.2021 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Զատիկյանը (ներկայացուցիչ Հրանտ Անանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 32-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վկայակոչել է Կոնվենցիայի 32-րդ հոդվածը, որը միայն նախատեսում է, որ հայցվորը «կարող է» նաև դիմել նշված երկրի դատարան, եթե երեխաները մշտապես բնակվում են նշված երկրում, այսինքն՝ Կոնվենցիան սահմանում է իր իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը, իսկ իրավական օգնության վերաբերյալ Կոնվենցիայի դրույթները չեն կարող նսեմացնել և վերացնել ներպետական օրենսդրության ընդդատության կանոնները, դրանք միայն այլընտրանք են սահմանում իր համար, ոչ թե ներպետական օրենսդրության պահանջները ոտնահարելով պարտադիրություն՝ անձին զրկելով իր քաղաքացիության երկրում դատական արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:
Ստորադաս դատարանները որևէ պատշաճ տեղեկություն չունեն երեխաների կյանքի որակի և պայմանների, կրթության ու այլնի մասին, սակայն ըստ էության հանգել են հետևության՝ իբրև Հայաստանից դուրս գտնվելը բխում է նրանց շահերից, իսկ հոր կողմից դատական պաշտպանություն հայցելը չի բխում երեխաների լավագույն շահերից:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի անդրադարձել պատասխանողի ներկայացուցչի կողմից ապացույցներ ներկայացնելու համար սահմանված ժամկետից հետո՝ առանց համապատասխան միջնորդության նոր ապացույց կցելու և այդ ապացույցները Դատարանի կողմից վիճարկվող եզրափակիչ որոշման հիմքում դնելու հանգամանքին, մինչդեռ նշված փաստաթղթերը որպես ապացույց հետազոտելու ու վերջնական դատական ակտի հիմքում դնելու համար դրանք Դատարանում պետք է քննարկվեին միայն պատշաճ միջնորդության առկայության պայմաններում․ այդ փաստաթղթերը ներկայացվել և գործի նյութերին կցվել են մեխանիկորեն, իր ներկայացուցչին չի տրամադրվել այդ փաստաթղթերի բնօրինակը՝ օտարալեզու տարբերակը, ինչն ինքնին միջնորդությունն առանց քննարկման թողնելու ինքնուրույն հիմք է։ Այլ կերպ ասած՝ քննարկվող ապացույցները ներկայացվել են օրենքով սահմանված կարգի էական խախտմամբ, իսկ այդպիսի խախտումն իրավաչափ չի կարող համարվել միայն այն հիմնավորմամբ, որ կողմը չի առարկել դրա դեմ։ Հակառակ մոտեցման պարագայում, եթե դատավարության ընթացքում կողմերից մեկն ակնհայտ ապօրինի գործողություն է կատարում, ապա այն կարող է համարվել իրավաչափ՝ զուտ մյուս կողմի չարձագանքելու պատճառով, ինչն անթույլատրելի և արդարադատության բուն էությունը խաթարող մոտեցում է։
Ինչպես Դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ վերաքննիչ բողոքում ինքը նշել է, որ չի վիճարկում երեխաների՝ հայցադիմում ներկայացնելուց 4 օր առաջ ՌԴ մեկնելը և այդտեղ գտնվելն ու ոչ թե նրանց՝ ՌԴ-ում մշտապես բնակվելը, հատկապես այն դեպքում, երբ ինքը վիճարկում է, ի թիվս այլնի, հենց «մշտական բնակության» եզրույթը և հասկացությունը, ուստի անթույլատրելի է ստորադաս դատարանների այն գնահատականը, թե ինքը չի վիճարկել երեխաների՝ ՌԴ-ում մշտապես բնակվելու հանգամանքը։
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ Հայաստանի քաղաքացին կարող է ունենալ միայն մեկ մշտական բնակության վայր, իսկ եթե փոխում է իր մշտական բնակության վայրը, ապա նախ յոթնօրյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել ՀՀ հյուպատոսական մարմնին, որն էլ իր հերթին դիմումն ստանալուց հետո պետք է կարգավորի նշված գործընթացը: Դատարանին չի ներկայացվել պատշաճ ապացույց այն մասին, որ պատասխանողը փոխել է իր մշտական բնակության վայրը: Ավելին՝ ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքից հետևում է, որ պատասխանողի տվյալները ռեգիստրում որևէ փոփոխության չեն ենթարկվել, և վերջինիս մշտական բնակության կացարանն է Հայաստանը:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ առկա չէ որևէ ապացույց, որ երեխաները 2020 թվականի հոկտեմբերից մշտապես, առանց ընդհատման բնակվել են ՌԴ-ում: Փաստ է միայն, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին պատասխանողը երեխաներին գաղտնի տարել է ՌԴ, իսկ թե դրանից հետո՝ մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը, երեխաներն անընդմեջ գտնվել են ՌԴ-ում, թե տեղափոխվել են այլ վայր, որևէ ապացույց առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2022 թվականի որոշումը և որոշում կայացնել գործն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 27.04.2014 թվականին ծնված Էմիլի Սարգիս Զատիկյանի հայրը Սարգիս Զատիկյանն է, մայրը՝ Գոհար Բալասանյանը (հատոր 1-ին, գ․թ․ 10).
2) 29.05.2019 թվականին ծնված Էվելինա Սարգիս Զատիկյանի հայրը Սարգիս Զատիկյանն է, մայրը՝ Գոհար Բալասանյանը (հատոր 1-ին, գ․թ․ 11).
3) Սարգիս Զատիկյանը և Գոհար Բալասանյանը ՀՀ քաղաքացիներ են (հատոր 1-ին, գ․թ․ 12, 31).
4) Էրեբունու թիվ 13 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից տրված, տրման ամսաթիվ չբովանդակող տեղեկանքի պատճենի համաձայն՝ Սարգիս Զատիկյանը բնակվում է ք. Երևան, Նոր Արեշ 32-րդ փողոցի թիվ 85 տանը, ունի երկու դուստր՝ Էմիլի Զատիկյանը և Էվելինա Զատիկյանը, երեխաները ծնվել ու ապրել են նշված հասցեում, Մոսկվա են մեկնել 07.10.2020 թվականից (հատոր 1-ին, գ․թ․ 175).
5) Էմիլի Զատիկյանը և Էվելինա Զատիկյանը հաշվառված են եղել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում, հետազոտություններն ու պատվաստումներն ստացել են ամբողջական ծավալով: 2020 թվականի հոկտեմբերից դադարել է հաճախումը, 2021 թվականի հունվարից երեխաները հանվել են հաշվառումից (հատոր 1-ին, գ․թ․ 174).
6) Էմիլի Զատիկյանը 05.09.2018 թվականից 20.08.2020 թվականը հաճախել է Երևանի թիվ 69 մանկապարտեզ ՀՈԱԿ (հատոր 1-ին, գ․թ․ 178).
7) Էմիլի Զատիկյանը 2020-2021 ուսումնական տարում ընդունվել է Երևանի Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցի առաջին դասարան, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ազատվել է դպրոցից Ռուսաստանի Դաշնություն մեկնելու կապակցությամբ (հատոր 1-ին, գ․թ․ 177).
8) Բալաշիխա քաղաքային օկրուգի թիվ 12 միջնակարգ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից 22.04.2021 թվականին տրված թիվ 116 տեղեկանքի՝ ռուսերենից հայերեն թարգմանության համաձայն՝ 2021 թվականի հունվարի 11-ից սկսած Էմիլի Զատիկյանը հաճախում է Բալաշիխա քաղաքային օկրուգի թիվ 12 միջնակարգ հանրակրթական դպրոցի մունիցիպալ բյուջետային հանրակրթական հաստատության բազայի «Ապագա առաջին կուրսեցու դպրոց» վճարովի կուրսը (հատոր 1-ին, գ․թ․ 159).
9) Գոհար Բալասանյանին ՌԴ բնակության թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը տրամադրվել է 12.08.2021 թվականին։ Հաշվառման ժամկետ է սահմանվել մինչև 19.01.2022 թվականը (հատոր 1-ին, գ․թ․ 49, 53).
10) թվով երկու փաստաթղթերի՝ ռուսերենից հայերեն թարգմանությունների համաձայն՝ Էմիլի Սարգիս Զատիկյանի (ծնված՝ 2014 թվականի ապրիլի 27-ին) և Էվելինա Սարգիս Զատիկյանի (ծնված՝ 2019 թվականի մայիսի 29-ին) գտնվելու վայրի հասցեն է՝ Մոսկվայի մարզ, Նովոյե Պավլինո միկրոշրջան, Բալաշիխա քաղաք, Տրոիցկայա փողոց, շենք 2-րդ, թիվ 3 բնակարան: Թարգմանությունները տրման ամսաթիվ չեն բովանդակում (հատոր 1-ին, գ․թ․ 51-52).
11) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, և վճռաբեկ բողոքում չի վիճարկվում փաստն այն մասին, որ Էմիլի Զատիկյանն ու Էվելինա Զատիկյանը գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում 2020 թվականի հոկտեմբերից:
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները
Դիմելով Դատարան՝ հայցվոր Սարգիս Զատիկյանը պահանջել է Էմիլի Զատիկյանի և Էվելինա Զատիկյանի բնակության վայր սահմանել հայցվորի բնակության վայրը՝ ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, 85 տուն հասցեն՝ պատասխանողին պարտավորեցնելով կայացվելիք վճիռն օրինական ուժի մտնելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում երեխաներին հանձնել իրեն, սահմանել հայցվորի կողմից երեխաներին տեսակցելու հետևյալ կարգը՝ պարտավորեցնել պատասխանողին շաբաթական առնվազն երկու անգամ երեխաներին ներկայացնել ք. Երևան, Նոր Արեշ, 32-րդ փողոց, 85 տուն հասցե՝ օրական 2-4 ժամ տևողությամբ կամ ապահովել երեխաների ներկայությունը և նրանց հետ ազատ հաղորդակցումը Երևան քաղաքի որևէ հասցեում:
Պատասխանող Գոհար Բալասանյանը ներկայացրած հայցադիմումի պատասխանով առարկել է հայցի դեմ՝ ի թիվս այլնի, հայտնելով, որ հայցվորից հեռացել է 2020 թվականի հուլիսին և բնակվել իր տատի և պապի տանը, որը գտնվում է հայցվորի տնից երկու տուն հեռավորության վրա, նկատի ունենալով, որ պատասխանողը ՀՀ-ում չունի բնակվելու վայր, պատասխանողի ծնողները ՌԴ քաղաքացիներ են և բնակվում են այնտեղ, 2020 թվականի հոկտեմբերի սկզբին մեկնել է ՌԴ և առայժմ բնակվում է ՌԴ-ում, որպիսի պայմաններում խնամակալության և հոգաբարձության մարմինը չի կարողանալու իրականացնել երեխաների կյանքի հետազոտություն և տրամադրել երեխաների լավագույն շահից բխող եզրակացություն, անհնար է լինելու նաև տեսակցության կարգի իրականացումը:
Դատարանը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը, հաստատված համարելով, որ «Էմիլի Զատիկյանն ու Էվելինա Զատիկյանը մայր ծնող Գոհար Բալասանյանի հետ 2020 թվականի հոկտեմբեր ամսից մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում», եզրահանգել է, որ «վեճի նկատմամբ կիրառելի է երեխաների մշտապես բնակության վայրի՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, ուստի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով քննարկվող պարագայում իրավասու դատարան չէ»:
Վերոշարադրյալ պատճառաբանություններով, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Դատարանը որոշում է ընդունել քաղաքացիական գործի վարույթը կարճել:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին մասը, արձանագրելով, որ «թե պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներով (պատասխանողին բնակության թույլտվություն տալու մասին փաստաթուղթ, դպրոց հաճախելու մասին տեղեկանք, գտնվելու վայրի մասին երկու տեղեկանքներ), թե՛ հայցվորի հայտարարություններով (Վերաքննիչ դատարանում դատական նիստի ընթացքում ևս հայցվոր Սարգիս Զատիկյանն ընդունել է, որ երեխաները 2020 թվականի հոկտեմբերից գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում) հաստատվում է, որ երեխաները դեռևս 2020 թվականի հոկտեմբերից գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, այսինքն՝ երեխաների սոցիալական կապերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, վերջիններս շուրջ երկու տարի է ինչ իրենց կենսակերպը վարում են այդտեղ», եզրահանգել է, որ «երեխաների՝ ՀՀ-ում հաշվառված լինելը չի կարող էական նշանակություն ունենալ և գործի առավել արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով Կոնվենցիայի 32-րդ հոդվածի ուժով սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության Հայաստանի Հանրապետության դատարանում քաղաքացիական դատավարության կարգով», մերժել է հայցվոր Սարգիս Զատիկյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(․․․) ստորադաս դատարանները սույն՝ երեխաների բնակության վայրը որոշելու (տեսակցություն կարգ սահմանելու) գործով կիրառելի օրենսդրության և իրավասու դատարանի հարցը պարզելիս պետք է առաջնորդվեին Արձանագրությամբ փոփոխված Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված՝ երկրորդ կանոնի կիրառմամբ, այն է՝ երեխայի բնակության վայրը որոշելու վեճը ենթակա է լուծման այն պետության օրենսդրության շրջանակներում և դատարանի կողմից, որի քաղաքացի են երեխաները:
Նկատի ունենալով, որ գործում բացակայում է երեխաների և ծնողների՝ մշտական համատեղ բնակության վայր ունենալու փաստը հավաստող որևէ ապացույց, սույն գործով երեխաները ՀՀ քաղաքացիներ են, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ երեխաների՝ ծնողներից որևէ մեկի հետ ապրելու իրավունքի հարցը քննելու իրավասու դատարան է ՀՀ դատարանը:
(․․․) Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն գործով կիրառելի ներպետական և միջազգային իրավակարգավորումները, ելնելով երեխաների շահերի առավել ապահովման անհրաժեշտությունից, հիմք ընդունելով սույն գործով հաստատված այն բոլոր փաստերը, որոնք հավաստում են երեխաների բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությունը և հոգատարությունը՝ արձանագրում է, որ սույն գործով երեխաների՝ ծնողներից որևէ մեկի հետ ապրելու հարցը պետք է որոշվի ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, ՀՀ իրավասու դատարանի կողմից, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից՝ հանգեցնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի չհիմնավորված կիրառման և այդ հիմքով՝ քաղաքացիական գործի կարճման»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասերի վերաբերյալ:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական և պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:
Կոնվենցիան ելնելով պայմանավորվող կողմերի քաղաքացիներին և նրանց տարածքներում բնակվող անձանց անձնական և գույքային իրավունքների կապակցությամբ պայմանավորվող բոլոր կողմերում սեփական քաղաքացիներին հավասարազոր իրավական պաշտպանություն ապահովելու ձգտումից, կարևորելով իրավական օգնություն ցուցաբերելու և որոշակի գործերի առանձնահատկություններով պայմանավորված ենթակայության և ընդդատության հատուկ կանոնների նախատեսման անհրաժեշտությունը, սահմանել է քաղաքացիական, ընտանեկան և քրեական որոշակի շրջանակի գործերի քննության ընդդատության հատուկ կանոններ։ Այսինքն՝ Կոնվենցիան ստորագրած պետություններն ընդհանուր համաձայնությամբ իրենց քաղաքացիների մասնակցությամբ որոշ գործերի քննության իրավասությունը «զիջել», «փոխանցել» են մեկ այլ պայմանավորվող պետության՝ ելնելով գործերի արդյունավետ, արագ քննություն ապահովելու կանոնից և վստահ լինելով, որ Կոնվենցիայի ուժով իրենց քաղաքացիները ստանալու են այլ պետության քաղաքացիներին հավասարազոր իրավական պաշտպանություն։ Այլ կերպ ասած՝ պայմանավորող պետությունները համաձայնություն են ձեռք բերել իրենց քաղաքացիների վերաբերյալ որոշակի վեճերի քննությունն այլ պետության իրավասությանը հանձնելու վերաբերյալ՝ սահմանելով ընդդատության հատուկ կանոններ։
Ընդ որում, ներպետական դատարանները սահմանափակված են ոչ միայն ներպետական նորմատիվ իրավական ակտերով, այլև վավերացված միջազգային պայմանագրերով։ Այն դեպքում, երբ միջազգային պայմանագրով սահմանված է ընդդատության հատուկ կանոն, ապա ազգային դատարանները ոչ միայն իրավասու են, այլև պարտավոր են կիրառել այդ կանոնները (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը ներկայացվում է պատասխանողի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ քաղաքացու՝ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վերջին հայտնի վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:)։ Ուստի, միջազգային պայմանագրով սահմանված ընդդատության հատուկ կանոնի կիրառումը ներպետական դատարանի կողմից չի կարող բնութագրվել որպես ներպետական նորմերի նսեմացում։
Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողների և երեխաների իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում մշտապես բնակվում են երեխաները:
Երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ պայմանավորվող պետությունները Կոնվենցիայով համաձայնության են եկել երեխայի հետ կապված վեճերը լուծել այն պետությունում, որտեղ մշտապես բնակվում է երեխան՝ անկախ քաղաքացինությունից․ երեխայի բնակության վայրում հնարավոր է առավել արդյունավետ ապահովել վերջինիս կենսապայմանների, սոցիալական շփումների, կարիքների բացահայտման հնարավորությունը, երեխային դատարան հրավիրելը հնարավոր է կազմակերպել առավել արագ և առանց երեխային լրացուցիչ տեղափոխելու, տվյալ վայրի իրավասու մարմինները ևս առավել արդյունավետ կարող են երեխայի կենսապայմանները հետազոտել կամ մշտական այցելություններ, հսկողություն իրականացնել։
Կոնվենցիան օգտագործում է «երեխայի բնակության վայր եզրույթը։
Հարկ է նշել, որ բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է: Այսինքն՝ բնակության վայրն այն տարածքն է, որտեղ անձը վարում է իր կենսակերպը՝ բնակվում է մշտապես կամ առավելապես։ Երեխաների վերաբերյալ վեճերով հատկապես մշտական բնակության վայրը պարզելու համար պետք է հասկանալ, թե երեխան որտեղ է վարում իր կենսակերպը, որտեղ են նրա սոցիալական կապերը, շրջապատը, որտեղ է վերջինս օրինակ դպրոց կամ այլ հաստատություն հաճախում։
Սույն քաղաքացիական գործով թե՛ պատասխանողի կողմից ներկայացված ապացույցներով (պատասխանողին բնակության թույլտվություն տալու մասին փաստաթուղթ, դպրոց հաճախելու մասին տեղեկանք, գտնվելու վայրի մասին երկու տեղեկանքներ), թե՛ հայցվորի հայտարարություններով (Վերաքննիչ դատարանում դատական նիստի ընթացքում ևս հայցվոր Սարգիս Զատիկյանն ընդունել է, որ երեխաները 2020 թվականի հոկտեմբերից գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում) հաստատվում է, որ երեխաները դեռևս 2020 թվականի հոկտեմբերից գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, այսինքն՝ երեխաների սոցիալական կապերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, վերջիններս շուրջ երկու տարի է ինչ իրենց կենսակերպը վարում են այդտեղ։ Նման պայմաններում երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված լինելը չի կարող էական նշանակություն ունենալ և գործի առավել արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով Կոնվենցիայի 32-րդ հոդվածի ուժով սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության Հայաստանի Հանրապետության դատարանում քաղաքացիական դատավարության կարգով՝ միաժամանակ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ում մշտապես բնակվելու պարագայում առկա է խնամակալության հանձնաժողովին ներգրավելու իրավական կարգավորումների իրականացման անհնարինություն։
Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի այն պատճառաբանությունը, որ «Մինսկի Կոնվենցիայից և Արձանագրությունից հետո՝ 07.10.2022 թվականին ընդունված՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի (այսուհետ՝ Քիշնևի կոնվենցիա, ՀՀ համար ուժի մեջ է մտել 19.02.2005 թվականին) 35-րդ հոդվածը, որը նույնաբովանդակ է Մինսկի կոնվենցիայի 32-րդ հոդվածի՝ Արձանագրությամբ փոփոխված խմբագրությանը, և երեխաների ու ծնողների իրավահարաբերություններում (բացառությամբ ալիմենտային պարտավորությունների) ծագած վեճերը լուծելիս կիրառելի օրենսդրությունն ու իրավասու դատարանը որոշելու կանոն է սահմանել հաջորդաբար ծնողների և երեխաների մշտական համատեղ բնակության վայրի և երեխայի քաղաքացիության վերաբերյալ ելակետային տվյալների պարզման անհրաժեշտությունը», անհիմն է, քանի որ վերոնշյալ փոփոխությունը կատարվել է 07.10.2022 թվականին, իսկ սույն քաղաքացիական գործով Դատարանը գործի վարույթը՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, կարճել է 17․12․2021 թվականին, հետևաբար սույն քաղաքացիական գործը ենթակա չէ քննության Հայաստանի Հանրապետության դատարանում։
Ամփոփելով նշվածը` հարկ է արձանագրել, որ ստորադաս դատարանները իրականացրել են գործի բազմակողմանի քննություն, ուստի սույն գործով առկա չէ գործի նոր քննության անհրաժեշտություն: Հետևաբար գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը հիմնավորված չէ և ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 11.07.2022 թվականի որոշումը պետք է թողնել անփոփոխ։
Դատավոր` |
Էդ. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: