Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.10.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3073/05/22

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3073/05/22

Նախագահող դատավոր՝

 Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք ՄԿՈՅԱՆ

 

2023 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱԳՐՈՏԵԽ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22082022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» 22.03.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000068 որոշումները ոչ իրավաչափ լինելու հիմքով վերացնելու, Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պաշտոնատար անձանց 11.04.2021 թվականի և 21.04.2022 թվականի չհամարակալված որոշումները վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ լինելու հիմքով վերացնել Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» 22.03.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000068 որոշումները, ինչպես նաև վերացնել Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պաշտոնատար անձանց 11.04.2021 թվականի և 21.04.2022 թվականի չհամարակալված որոշումները։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 24052022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22082022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24052022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Նաիրա Խաչատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Վարչարարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասը, 73-րդ հոդվածի 7-րդ մասը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 145-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, գալով եզրահանգման, որ վիճարկվող որոշումներն ինքնին որևէ հետևանք հայցվորի համար չեն առաջացնում, անտեսել է այն հանգամանքը, որ Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետը, ապրանքը դասակարգելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրով, վատթարացրել է Ընկերության փաստացի դրությունը՝ վերջինիս համար առաջացնելով ապրանքի ներմուծման համար ավել մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերանայել Վերաքննիչ դատարանի 22082022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը՝ վերացնել Դատարանի 24052022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. մաքսային մարմնի կողմից ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումն օժտվա՞ծ է արդյոք վարչական ակտին բնորոշ հատկանիշներով, և ըստ այդմ՝ դրա իրավաչափությունը կարո՞ղ է քննարկվել վիճարկման հայցի շրջանակներում:

 

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ ՀՀ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդված), նույն օրենսգրքի 66-69-րդ հոդվածներում սահմանել է այն հայցատեսակները, որոնց միջոցով շահագրգիռ անձինք իրավասու են իրացնել դատարանի մատչելիության իրենց իրավունքը։ Ճիշտ հայցատեսակի ընտրությունը կարևոր երաշխիք է անձի իրավունքների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման համար։ Ճիշտ հայցատեսակի ընտրությունն ապահովվում է ՀՀ վարչական դատարանի՝ ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է։ Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը։ Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է։ Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը)։

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն առանձնացրել է վարչական ակտի տեսակները՝ սահմանելով դրանցից յուրաքանչյուրին բնորոշ հատկանիշները։ Այն է՝ նույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված «վարչական ակտ» եզրույթի բովանդակությանը և վարչական ակտին բնորոշ հատկանիշներին հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Այսինքն՝ վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետևանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտը անպայմանորեն անձանց համար ուղղակիորեն սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ և պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպաստ և միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն՝ վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նաև վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետևանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի հետևանքներ առաջացնելը, հետևաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետևանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղված (միտված) են այդ հետևանքների առաջացմանը և ակներև է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:

Ամբողջացնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետևյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետևանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետևանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետևանքներ են առաջանում, այլ նաև այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետևանքներ առաջացնելուն և ակներև է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (տե՛ս, «Էյ Քեյ Էյ Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արբեն Ղուլյանն ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/11082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

 

ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան գնահատելով մաքսային մարմնի կողմից ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման իրավական բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված անհատական իրավական ակտն իր բնույթով վարչական ակտ է՝ հետևյալ պատճառաբանությամբ

11.04.2017 թվականին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով անդամ պետություններն ընդունել են Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական մաքսային կարգավորում` նույն պայմանագրի թիվ 1 հավելվածով ներկայացված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք): Օրենսգիրքը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման, Միության մաքսային տարածքից դրանց մեկնման, ապրանքների ժամանակավոր պահպանման, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների, այլ մաքսային գործառնությունների կատարման կարգի, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ու մաքսային հսկողության անցկացման կարգի սահմանումը, ինչպես նաև մաքսային մարմինների և Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներ իրականացնող անձանց միջև իրավազոր հարաբերությունների կանոնակարգումը (Օրենսգրքի 1-ին մասի 1-ին կետ):

Անդամ պետությունները, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին համապատասխան, կիրառում են մաքսասակագնային կարգավորման միասնական միջոցներ. դրանք կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ և ներառում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի, սակագնային քվոտաների, սակագնային առանձնաշնորհումների, սակագնային արտոնությունների կիրառումը (Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետ):

01.01.2015 թվականից առ այսօր գործում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը:

Օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) ապրանքների նկարագրման և ծածկագրման համակարգ է, որն օգտագործվում է ապրանքների դասակարգման համար՝ մաքսասակագնային կարգավորման միջոցներ, արտահանման մաքսատուրքեր, արգելքներ ու սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանական միջոցներ կիրառելու, մաքսային վիճակագրություն վարելու նպատակներով:

Վերը նշված դրույթով նախանշվում են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի սահմանմամբ հետապնդվող նպատակները, այն է՝

1. մաքսասակագնային կարգավորման միջոցների կիրառում,

2. արտահանման մաքսատուրքերի կիրառում,

3. արգելքների ու սահմանափակումների կիրառում,

4. ներքին շուկայի պաշտպանական միջոցների կիրառում,

5. մաքսային վիճակագրության վարում:

Բացի այդ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը կարող է օգտագործվել ապրանքների հարկման նպատակներով և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակներով (Օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերություն):

Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը հաստատվում է Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի կողմից, որի համար միջազգային հիմք են հանդիսանում Համաշխարհային մաքսային կազմակերպության՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգն ու Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը (Օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր):

Վերոնշյալ կարգավորումներից բխում է, որ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կիրառումը թույլ է տալիս լուծել հետևյալ խնդիրները.

- մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման օրինականության պարզում,

- ապրանքների ներմուծման և արտահանման նկատմամբ արգելքների ու սահմանափակումների կիրառում,

- մաքսատուրքերի վճարման բազայի ստեղծում, և դրանք չվճարելու դեպքում պատասխանատվության միջոցների կիրառում,

- մաքսային վիճակագրության վարում և այլն:

Որպես կանոն՝ ապրանքների դասակարգումը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, իրականացնում է հայտարարատուն: Այսպես, Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատուն և այլ անձինք ապրանքների դասակարգումն իրականացնում են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ մաքսային հայտարարագրման ժամանակ և այն դեպքերում, երբ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի համաձայն, մաքսային մարմին են հայտնում ապրանքի ծածկագիրը՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան:

Օրենսգիրքը սահմանել է նաև այն իրավիճակները, երբ ապրանքների դասակարգումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից: Այդ թվում է Օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված իրավիճակը. «մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների ոչ ճիշտ դասակարգման հայտնաբերում՝ ինչպես դրանց բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Այդ դեպքում մաքսային մարմինն ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունում է որոշում: Ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևը, դրա ընդունման կարգն ու ժամկետները սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան»:

Ի թիվս այլ նպատակների՝ Հայաստանի Հանրապետության կողմից մաքսային կարգավորման և մաքսային գործի բնագավառում Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի և որոշումների կատարման ապահովման համար 17.12.2014 թվականին ընդունված «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) (ուժը կորցրել է 17.10.2022 թվականին) 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «արտաքին տնտեսական գործունեության մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, ինչպես նաև մաքսային վիճակագրության վարման նպատակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է Միության հանձնաժողովի հաստատած՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ)»:

Օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը նշվում են մաքսային հայտարարագրերում և մաքսային մարմիններին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության և Միության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերում։

(․․․) 4. Մաքսային մարմիններ ներկայացված մաքսային հայտարարագրում հայտարարատուի հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ճշգրտելու, ինչպես նաև դասակարգման համար լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտության առաջացման դեպքում ապրանքների մաքսային ձևակերպումը և բաց թողնումն իրականացվում են հայտարարատուի նախապես հայտարարագրած ԱՏԳ ԱԱ ծածկագրին համապատասխան` հայտարարատուի կողմից առաջարկվող և մաքսային մարմինների որոշած ծածկագրերի կիրառման արդյունքում առաջացած` մաքսային վճարների դրական տարբերության չափով բանկային կամ վարկային կազմակերպության տրամադրած երաշխիքի ներկայացման դեպքում մինչև 90 օր ժամկետով, հետագայում, ըստ վերջնական ընդունված որոշման, վերահաշվարկված մաքսային վճարների և վճարված մաքսային վճարների դրական տարբերությունը պետական բյուջե վճարելու պայմանով:

(․․․) 6. Մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցումից հետո մինչև ապրանքների բաց թողնումը ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերվելու դեպքում մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը կազմում է ապրանքների ոչ ճիշտ դասակարգման վերաբերյալ արձանագրություն, որի հիման վրա կոմիտեն ընդունում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում:

Կոմիտեի ընդունած՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում ընդունած մաքսային մարմնի անվանումը, ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

2) հայտարարատուի անվանումը.

3) ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշման ընդունման ամսաթիվը և այն հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու համարը, որով հայտարարագրվել է դասակարգվող ապրանքը, ինչպես նաև մաքսային հայտարարագրում ապրանքի համարը, որի համար ընդունվել է ապրանքի դասակարգման մասին որոշումը.

4) ապրանքի անվանումը (մանրամասն նկարագիրը).

5) ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ տեղեկությունները.

6) ապրանքի ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը՝ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

7) ընդունված որոշման հիմնավորումը, պատճառը և ԱՏԳ ԱԱ մեկնաբանման համապատասխան կանոնին հղումը:

(․․․)

8. Ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի որոշումը պարտադիր է հայտարարատուի համար:

9. Ապրանքների բաց թողնումից հետո ապրանքների դասակարգման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկվում է հայտարարատուին: Սույն մասով նախատեսված որոշմամբ հաստատված ԱՏԳ ԱԱ ծածկագրի փոփոխության արդյունքում մաքսատուրքի, հարկերի չվճարված կամ պակաս վճարված գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված` օրենքով սահմանված տույժերի և տուգանքների գանձումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան»:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի միջոցով Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են դասակարգման, ինչը հիմք է հանդիսանում Օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախանշված նպատակների իրացման համար: Ապրանքների դասակարգումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ով սահմանված հատկանիշներին և դասակարգման կանոններին համապատասխան, դասակարգման կոնկրետ ծածկագրի որոշումն է: Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը, և, համապատասխանաբար, վճարվող մաքսային վճարների չափը, ապրանքների նկատմամբ ոչ սակագնային միջոցների, արգելքների և սահմանափակումների կիրառումը կախված է նրանից, թե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման որ ծածկագրին է դասվում տվյալ ապրանքը: Այլ կերպ՝ ծածկագրի որոշմամբ՝ ներմուծվող ապրանքի դասակարգմամբ է պայմանավորված, ի թիվս այլնի, այդ ապրանքի համար վճարվելիք մաքսային վճարների չափը։

Այն պարագայում, երբ մաքսային մարմինը մաքսային վերահսկողության շրջանակներում հայտնաբերում է հայտարարագրում ներկայացված ապրանքի և դրան տրված ԱՏԳ ԱԱ ծածկագրի միջև անհապատասասխանություն, այսինքն՝ հայտարարագրված ապրանքը չի նույնանում հայտարարագրում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրով կանխորոշվող հատկանիշների հետ, կայացնում է ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշում, որի հնարավոր իրավական հետևանքը ներմուծողի համար լրացուցիչ մաքսային վճարներ վճարելու պարտականության առաջացումն է։ Նշված որոշումն ունի պարտադիր բնույթ, ինչը նշանակում է, որ մաքսային մարմնի կողմից այլ ծածկագրով դասակարգման վերաբերյալ որոշման առկայության պայմաններում ներմուծողը պարտավոր է մաքսային վճարներ վճարելու իր պարտականությունը կատարել ըստ մաքսային մարմնի համապատասխան որոշմամբ նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրից բխող մաքսատուրքերի դրույքաչափերի և դրանց համապատասխան հաշվարկված մաքսային վճարների չափերի։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա որոշմամբ ոչ ճիշտ դասակարգման փաստի արձանագրումը փաստական հիմք է ստեղծում մեղավոր անձին «ապրանքները կամ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը» զանցանքի համար պատասխանատվության ենթարկելու համար։ Մինչև 17102022 թվականին ՀՀ մաքսային օրենսգրքի ուժը կորցնելը նշված զանցակազմը նախատեսված էր ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով, իսկ ներկայումս՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մաքսային մարմնի կողմից ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումն օժտված է վարչական ակտին բնորոշ հատկանիշներով։ Մասնավորապես՝

- այն անհատական իրավական ակտ է՝ ուղղված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն կրող սուբյեկտին,

- ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում հանրային իշխանությամբ օժտված մարմնի, այն է` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի կողմից,

- ունի արտաքին ներգործություն, քանի որ դրա հասցեատերը՝ հայտարարատուն, կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այդ որոշումն ընդունած մարմնի հետ, այսինքն` կարգավորում է վարչական մարմնի և ֆիզիկական (իրավաբանական) անձի միջև ծագած իրավահարաբերությունները,

- ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձի` հայտարարատուին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` ապրանքի ճիշտ դասակարգում իրականացնելուն,

- ուղղված (միտված) է այդ ակտի հասցեատիրոջ համար իրավական հետևանքների առաջացմանը, քանի որ դրանով վարչական մարմինը` Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետը որոշում է ներմուծվող ապրանքի համար հայտարարագրում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրից տարբերվող այլ ԱՏԳ ԱԱ ծածկագիր, ինչի արդյունքում փոփոխվում է սկզբնապես ներկայացված հայտարարագրից բխող հայտարարատուի պարտականությունների ծավալը, հայտարարտուն կրում է պարտադիր բնույթ ունեցող ակտով կատարված դասակարգմանը համապատասխան մաքսային վճարներ վճարելու պարտականություն։ Բացի այդ, խնդրո առարկա որոշումը փաստական հիմք է դառնում հայտարարատուին (մեղքի առակայության դեպքում) պատասխանատվության ենթարկելու համար։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մաքսային մարմնի կողմից ապրանքների ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշումը վարչական ակտ է, և ըստ այդմ՝ ենթակա է վարչադատական կարգով բողոքարկման՝ վիճարկման հայցատեսակի շրջանակներում։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի 22.03.2022 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-22-000068 որոշումներով (այսուհետ՝ Վիճարկվող որոշումներ) 05100010/250122/0004165 և 05100010/140422/0026221 հայտարարագրերի 1 և 2 ապրանքները՝ հայտարարագրված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5305 00 000 0 ծածկագրով՝ որպես «Կոկոսի և այլ բուսական մանածագործական մանրաթելեր, այլ տեղում չընդգրկված կամ չներառված, անմշակ կամ մշակած, բայց չմանած, այդ մանրաթելերի քոլքերը կամ մնացուկները» ապրանքատեսակ, դասակարգվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրով՝ որպես «կոկոսի մանրաթել-կոկոսի հիմք (սուբստրատ) բույսերի աճեցման համար» ապրանքատեսակ: Որոշումների մեջ նշված է, որ դրանք կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան 2 ամսվա ընթացքում (հատոր 1, գ.թ. 61-62, 64-65):

Վիճարկվող որոշումների հիման վրա Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության տեսուչը կայացրել է համապատասխանաբար 11.04.2022 թվականի «Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին» և 21.04.2022 թվականի «Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին» որոշումները, որոնցով 25.01.2022 թվականի 05100010/250122/0004165 և 14.04.2022 թվականի 05100010/140422/0026221 ապրանքների հայտարարագրերում կատարվել են փոփոխություններ՝ վճարումների հաշվարկում մաքսատուրքի դրույքաչափը 3 տոկոսից փոխվել է 8 տոկոսի, և ավելացվել է ավելացված արժեքի հարկ 20 տոկոսի չափով (հատոր 1, գ.թ. 30-32, 39-45, 52-55):

Սույն գործով Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» 22.03.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000068 որոշումները ոչ իրավաչափ լինելու հիմքով վերացնելու, ինչպես նաև Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պաշտոնատար անձանց 11.04.2021 թվականի և 21.04.2022 թվականի չհամարակալված որոշումները, և բռնագանձել վճարված պետական տուրքը:

Դատարանը 24.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է՝ արձանագրելով, որ Վիճարկվող որոշումները Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում չեն հանդիսանում վարչական ակտեր, քանի որ նշված որոշումները՝ որպես անհատական իրավական ակտեր, օժտված չեն վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը: Արդյունքում, Դատարանը, եզրահանգելով, որ Ընկերության կողմից ներկայացվել է հայց ոչ ճիշտ հայցատեսակի շրջանակներում, մատնանշել է այն փոխարինել պատշաճ հայցատեսակով, «այն է՝ «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» 22.03.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000068 որոշումների վերացմանն ուղղված հայցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված՝ ճանաչման հայցի կանոններով, որպիսի հայցատեսակի միջոցով հնարավոր է պահանջել ճանաչելու «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» 22.03.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000068 որոշումների հիմքով ծագող իրավահարաբերության բացակայությունը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պաշտոնատար անձանց «Ապրանքների բացթողումից հետո մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխությունների (լրացումների) կատարման մասին» 11.04.2022 թվականի և 21.04.2022 թվականի որոշումները վերացնելու պահանջը կարող է ներկայացվել՝ որպես «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» 22.03.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000068 որոշումների հիմքով ծագող իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջներից, ածանցվող (հետևանք) պահանջ»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով, հիմնավոր համարելով Դատարանի 24052022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, փաստել է, որ Վիճարկվող որոշումները չեն հանդիսանում վարչական ակտեր և չեն կարող վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի շրջանակներում, վերահաստատել է այն դիրքորոշումը, որ նշված որոշումներով պարզապես արձանագրվել են որոշակի փաստեր` կապված ապրանքները ոչ ճիշտ դասակարգելու հետ, որպիսի փաստերը կարող են հետագայում հանգեցնել մաքսային վճարների կամ տույժերի գանձման վերաբերյալ որոշման կայացմանը, և դրանք ինքնին որևէ հետևանք հայցվորի համար չեն առաջացնում:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Վիճարկվող որոշումներում հայցվորի կողմից ներկայացված 25.01.2022 թվականի 05100010/250122/0004165 և 14.04.2022 թվականի 05100010/140422/0026221 ապրանքների հայտարարագրերում նշված 1 և 2 ապրանքները՝ հայտարարագրված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5305 00 000 0 ծածկագրով, դասակարգվել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրով՝ որպես «կոկոսի մանրաթել-կոկոսի հիմք (սուբստրատ) բույսերի աճեցման համար» ապրանքատեսակ: Արդյունքում՝ վճարումների հաշվարկում մաքսատուրքի դրույքաչափը 3 տոկոսից փոխվել է 8 տոկոսի, և ավելացվել է ավելացված արժեքի հարկ 20 տոկոսի չափով: Հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի 22.03.2022 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-22-000068 որոշումներն ուղղված են Ընկերության համար համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելուն, այն է՝ Ընկերության համար առաջացնում են ավելի մեծ չափի մաքսային վճարներ վճարելու պարտականություն: Նշված որոշումների պարտադիր բնույթով պայմանավորված՝ վատթարանում է Ընկերության իրավական և փաստական վիճակը՝ հաշվի առնելով, որ վերջինս պարտավոր է մաքսային վճարները վճարել՝ հիմք ընդունելով այդ որոշումներում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրից բխող դրույքաչափը և մաքսային վճարների չափերը, որպիսի պայմաններում Վիճարկվող որոշումներն Ընկերության համար հանդիսանում են միջամտող վարչական ակտեր։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ վիճարկվող որոշումներով պարզապես արձանագրվել են որոշակի փաստեր, և դրանք վարչական ակտեր չեն:

Վերոհիշյալի հիման վրա արձանագրելով, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը եկել են Կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» 22.03.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000047 և 18.04.2022 թվականի թիվ ԱԴՈ-22-000068 որոշումների վարչական ակտեր չհանդիսանալու և, հետևապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի շրջանակներում բողոքարկման ենթակա չլինելու վերաբերյալ սխալ եզրահանգման, այդպիսով կայացրել են ոչ իրավաչափ դատական ակտեր, ուստի դրանք ենթակա են վերացման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22082022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 24052022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան