Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30092/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30092/02/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Կուրեխյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ս. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի նոյեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հասմիկ Պապյանի հայցի ընդդեմ Հրանտ Պապյանի` առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2022 թվականի որոշման դեմ Հրանտ Պապյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հասմիկ Պապյանը պահանջել է 18.07.2009 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 և 15.12.2019 թվականին Երևանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.10.2021 թվականի վճռով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է, և հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2022 թվականի որոշմամբ Հասմիկ Պապյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.10.2021 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրանտ Պապյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Պապյանը (ներկայացուցիչ Արմեն Պողոսյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ, 8-րդ ու 9-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 12-րդ, 168-րդ, 170-րդ և 380-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է այն փուլում, երբ Դատարանն արդեն 22.02.2021 թվականին կայացրել էր «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում, իսկ այդ փուլում օրենսդիրն արգելում է հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն կատարելը: Հայցվորի կողմից հայցի հիմքը և առարկան փոփոխելու միջնորդություն ներկայացնելը հետապնդել է բացառապես հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը քննարկման առարկա չդարձնելու նպատակ: Հայցվորը զրկված չի եղել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի քննարկման առարկա չէին կարող հանդիսանալ ոչ միայն առաջնահերթության առումով, այլ նաև միջնորդության ժամկետը բաց թողնելու տեսանկյունից:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ խախտվել է նաև անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը բավարար կերպով պատճառաբանված ու հիմնավորված չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.05.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2021 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, քանի որ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 170-րդ հոդվածի 1-ին մասով, մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը՝ 07.10.2021 թվականին դատարան է ներկայացվել հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն թույլատրելու մասին միջնորդություն։

Տվյալ դեպքում գործ ունենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի հետ, որի դեպքում հակասությունը պետք է լուծվի հօգուտ սկզբունքի։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հասմիկ Պապյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Պապյանի՝ պահանջելով 18.07.2009 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 և 15.12.2019 թվականին Երևանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները:

Դատարանի 23.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 2-9, 21, 22).

2) Դատարանը 11.01.2021 թվականին որոշում է կայացրել 22.02.2021 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 39, 40).

3) պատասխանող Հրանտ Պապյանի ներկայացուցիչը 19.02.2021 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (հատոր 1-ին, գ.թ. 78, 79).

4) Դատարանը 22.02.2021 թվականին որոշում է կայացրել գործին մասնակցող անձանց միջև միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 83-86).

5) 22.02.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 15.06.2021 թվականին, իսկ 15.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, ու հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.10.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 81, 82, 93-95).

6) Հասմիկ Պապյանը 07.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Բագրատունյաց պողոտայի 17-րդ շենքի թիվ 91 և Երևանի Մ. Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ դրանց նկատմամբ դադարեցնելով Հրանտ Պապյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 98-103).

7) 07.10.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը «առկախելու» մասին, քանի դեռ չի անդրադարձել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանող Հրանտ Պապյանի միջնորդությանը, ու որոշել է այդ փուլում չքննարկել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարանը, քննարկելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, գործի քննությունը հայտարարել է ավարտված՝ հայտարարելով, որ դատական ակտը կհրապարակվի 28.10.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 108-111)

8) Դատարանը 28.10.2021 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու և հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 113-123)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 168-րդ և 170-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության իրավական հնարավորության հարցին, այն դեպքում, երբ դրանից հետո ներկայացվել է հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձևավորվել է նախադեպային դիրքորոշում այն մասին, որ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը և մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության ու հավասարության սկզբունքներ, հետևողականորեն իր վճիռներում բացահայտել է նաև այդ սկզբունքների բովանդակությունը, որի համաձայն` «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 17.10.1993 թվականի վճիռը, § 30-35):

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է նաև այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 12.02.1985 թվականի որոշումը, կետ 28):

Եվրոպական դատարանը միաժամանակ ընդգծել է, որ դատարանի առջև հավասարության և մրցակցության սկզբունքները սերտորեն փոխկապված են, ու միայն դատարանի առջև հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը։ Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը ու պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38-րդ, ինչպես նաև Դոմբո Բեհեր Բ. Վ. ընդդեմ Նիդեռլանդների գործով Եվրոպական դատարանի 07.10.1993 թվականի որոշումը, կետ 66):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մրցակցային դատավարության պայմաններում դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, որոշակի դատավարական գործողությունների կատարմանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը հայցում է համապատասխան գործողության կատարումը: Այսինքն, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով պայմանավորված՝ դատարանը հանդես է գալիս որպես միայն վեճը լուծող մարմին և կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով: Մասնավորապես` դատարանի կողմից դատավարական որոշակի գործողությունների կատարման համար անհրաժեշտ է, որպեսզի շահագրգիռ անձը գրավոր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև բանավոր, հայցի համապատասխան գործողության կատարումը: Հետևաբար, համապատասխան միջնորդության առկայությունն այն նախապայմանն է, որը վկայում է շահագրգիռ անձի կողմից համապատասխան գործողության հայցման մասին, ինչն էլ դատարանի կողմից պետք է ենթակա լինի քննության: Մյուս կողմից, քաղաքացիադատավարական հարաբերությունները ծավալվում և գործառնում են տնօրինչականության սկզբունքի շրջանակներում: Քաղաքացիադատավարական այս սկզբունքի բովանդակությունը ներառում է այն դատավարական իրավունքները, որոնք թույլ են տալիս կանխորոշել դատական պաշտպանության առարկան և ազդել դատավարության ուղղվածության և ընթացքի վրա (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի և Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը):

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով (տե՛ս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը:

Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:

Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը։

Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝

1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու դեպքում դատարանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է նույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում, ի թիվս հայցի և առարկությունների փաստական ու իրավական հիմքերի, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով և գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, ինչպես նաև քննարկում ու լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը: Միայն նշված գործողությունները կատարելուց հետո է դատարանը կայացնում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման իրավակարգավորման նպատակն այն է, որպեսզի ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ՝ կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Մասնավորապես, կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը (տե՛ս «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4497/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, տնօրինչականության սկզբունքի ներքո անդրադառնալով հայցվորի՝ հայցի առարկան և (կամ) հիմքը փոփոխելու, այն լրացնելու, հայցից մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվելու իրավունքին, արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցվորը, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, ինքն է որոշում ինչպես հայցի առարկան ու հիմքերը (իրավական և փաստական), այնպես էլ որոշում է կայացնում հետագայում իր պահանջից ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու, կամ փոփոխելու ու (կամ) լրացնելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը: Այսինքն` հայցի առարկան և (կամ) հիմքը փոփոխելու, այն լրացնելու, հայցից մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվելու հայեցողական իրավունքով օժտված է բացառապես հայցվորը (տե՛ս «ՎԱՄՄ» ՍՊԸ-ն ընդդեմ Արսեն Գևորգյանի թիվ ԵԿԴ/2456/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը քննարկելիս դատարանը նախ և առաջ պարզում է հարցն առ այն, թե հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի տվյալ դեպքում: Մասնավորապես, առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջի քննության դեպքում, եթե գործին մասնակցող անձը դատարանին խնդրել է կիրառել հայցային վաղեմություն, դատարանը պետք է պարզի, թե ինչ տեսակի պայմանագրի անվավերության հետևանքներ են տվյալ գործով քննարկվում, ինչ բնույթի հարաբերություններ են կարգավորվում դրանով, և արդյո՞ք տվյալ տեսակի պայմանագրին ներկայացված են այնպիսի պահանջներ, որոնք չպահպանելը հանգեցնում է առոչնչության: Միայն այդ հանգամանքները պարզելուց հետո կարող է դատարանը հետևություն անել այն մասին, թե տվյալ գործարքի նկատմամբ հայցային վաղեմության ինչպիսի ժամկետներ են կիրառելի՝ ընդհանուր, թե հատուկ, և հայցային վաղեմության համապատասխան ժամկետի խախտում տեղի ունեցել է, թե՝ ոչ (տե՛ս Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը)։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ի ապահովումն տնօրինչականության սկզբունքի, հայցվորին իրավունք է վերապահել նաև փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, իսկ պատասխանողին՝ նաև ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, վկայակոչելու հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը: Ընդ որում, օրենսդիրը վերը նշված դատավարական գործողությունների կատարման համար սահմանել է համապատասխան ժամկետներ, այն է՝ հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը որոշակի ընթացակարգ է նախատեսել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու կարգի առումով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով, որ այդ միջնորդությունը, ըստ էության, պետք է քննվի նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո, որպիսի դատավարական գործողություններից են դատարանի կողմից նախնական դատական նիստի ընթացքում հայցի առարկան, դրա փաստական և իրավական հիմքերը պարզելը, ինչպես նաև պարզելը՝ արդյո՞ք հայցվորը պնդում է իր պահանջները։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերը նշված իրավական կարգավորումները բավարար հիմք են հանդիսանում հետևություն անելու այն մասին, որ եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացված և´ հայցի հիմքի ու (կամ) առարկայի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխություն թույլատրելու միջնորդություն, և´ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, ապա դատարանները բոլոր դեպքերում նախ պետք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լուծեն հայցի հիմքի ու (կամ) առարկայի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխություն թույլատրելու հարցը՝ ապահովելով հայցվորի տնօրինչականության սկզբունքի իրագործումը, և հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո նոր միայն լուծեն հայցային վաղեմություն կիրառելու մասին հարցը, եթե վերը նշված փոփոխությունը թույլատրելուց հետո ևս պատասխանողը պնդի այդ միջնորդությունը։ Ընդ որում, տվյալ դեպքում էական չէ, թե վերը նշված միջնորդություններից ժամանակագրական առումով որն է ներկայացվել ավելի վաղ։ Ավելին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դատավարական գործողությունների ցանկի բովանդակությունից ևս բխում է, որ մինչ հայցային վաղեմություն կիրառելու մասին հարցը լուծելը նախ անհրաժեշտ է վերջնականապես պարզել հայցի հիմքն ու առարկան, առանց որի անհնարին կլինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դատավարական գործողությունների իրականացումը։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հասմիկ Պապյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Պապյանի՝ պահանջելով 18.07.2009 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 և 15.12.2019 թվականին Երևանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Դատարանի 23.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Դատարանը 11.01.2021 թվականին որոշում է կայացրել 22.02.2021 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին։

Մինչ նշանակված նախնական դատական նիստը՝ 19.02.2021 թվականին, պատասխանող Հրանտ Պապյանի ներկայացուցիչը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն։ Դատարանը 22.02.2021 թվականին որոշում է կայացրել գործին մասնակցող անձանց միջև միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, և 22.02.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել է, ու հաջորդ նախնական դատական նիստը նշանակել է 15.06.2021 թվականին։ 15.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը ևս հետաձգվել է, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.10.2021 թվականին։

Հասմիկ Պապյանը 07.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Բագրատունյաց պողոտայի 17-րդ շենքի թիվ 91 և Երևանի Մ. Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ դրանց նկատմամբ դադարեցնելով Հրանտ Պապյանի սեփականության իրավունքը։ 07.10.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը «առկախելու» մասին՝ պատճառաբանելով, որ դեռ չի անդրադարձել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանող Հրանտ Պապյանի միջնորդությանը, ու որոշել է այդ փուլում չքննարկել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարանը, քննարկելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, գործի քննությունը հայտարարել է ավարտված՝ հայտարարելով, որ դատական ակտը կհրապարակվի 28.10.2021 թվականին։

Դատարանը 28.10.2021 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու և հայցը մերժելու մասին։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելն այն դատավարական գործողությունն է, որի միջոցով հայցվորն իրացնում է իրեն վերապահված մեկ այլ իրավունք, դիմելով դատարանին՝ գործի քննությունը սկզբնապես ներկայացված հայցի հիմքից և (կամ) առարկայից տարբերվող այլ հիմքի և (կամ) առարկայի շրջանակներում շարունակելու համար։ Նշվածից հետևում է նաև, որ դատարանը պարտավոր է հայցը քննել դրանով ներկայացված հիմքերի և առարկայի շրջանակներում, հետևաբար որոշակիորեն կաշկանդված է նաև հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու արդյունքում փոփոխված հայցի շրջանակներով, հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել է հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն, դատարանն անկախ միջնորդությունների ներկայացման հաջորդականությունից, նախևառաջ պետք է քննության առարկա դարձնի հենց այդ միջնորդությունը, քանի որ դրա լուծումն է կանխորոշում, թե որ հիմքերի և առարկայի շրջանակներում է շարունակվելու գործի քննությունը»,

- «հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունն ավելի վաղ ներկայացված լինելն ինքնին չէր կարող խոչընդոտ հանդիսանալ հայցի հիմքն ու առարկան փոփոխելու միջնորդությունը քննության առնելու համար, հետևաբար, դատարանի կողմից այդ միջնորդությունը չքննարկելը, կամ դրա քննարկումը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննարկման արդյունքից կախման մեջ դնելն իրավաչափ չէ և ուղղակիորեն հանգեցրել է տնօրինչականության սկզբունքի խախտմանը»,

եզրահանգել է, որ «չքննարկելով և չլուծելով հայցի հիմքն ու առարկան փոփոխելու մասին հայցվորի միջնորդությունը և մինչ այդ քննության առնելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 170-րդ հոդվածները և կիրառել է նույն օրենսգրքի 168-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, թույլ տալով դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման, հետևաբար վերաքննիչ բողոքը հիմնավորված է ենթակա է բավարարման»։

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հետևյալ պատճառաբանությամբ։

Նախ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանը, արձանագրային որոշում կայացնելով վերը նշված պատճառաբանությամբ հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդության քննարկումն «առկախելու մասին», խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի պահանջը, քանի որ կայացրել է նշված նորմի բովանդակությունից չբխող որոշում, այնքանով, որքանով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նման տեսակի որոշում կայացնելու լիազորություն դատարաններին չի վերապահել։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի եզրահանգումները բխում են նաև վերը նշված նորմատիվ իրավական ակտերի, կոնվենցիոն նորմերի և Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների բովանդակությունից, քանի որ Վճռաբեկ դատարանն իր հերթին արձանագրում է, որ Դատարանը, չքննարկելով ու չլուծելով հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում հայցվորի ներկայացրած գրավոր միջնորդությունն ու առաջնահերթություն տալով ժամանակագրական առումով մինչ այդ ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը, խախտել է հայցվորի տնօրինչականության սկզբունքը՝ անտեսելով ինչպես այն հանգամանքը, որ հայցվորը գործել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված տնօրինչականության սկզբունքի շրջանակներում ու այդ նպատակով ցանկացել է իրացնել իր դատավարական իրավունքները, այնպես էլ՝ օրենսդրի կողմից սահմանված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերը նշված ընթացակարգը։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, որպիսի պարագայում սույն գործը Վերաքննիչ դատարանի որոշման ուժով ենթակա է նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, և այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական գործով 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

24112023 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի նոյեմբերի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով Հրանտ Պապյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18052022 թվականի որոշման դեմ՝ ըստ Հասմիկ Պապյանի հայցի ընդդեմ Հրանտ Պապյանի՝ առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եհատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հասմիկ Պապյանը պահանջել է 18.07.2009 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 և 15.12.2019 թվականին Երևանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.10.2021 թվականի վճռով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարվել է, և հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.05.2022 թվականի որոշմամբ Հասմիկ Պապյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 28.10.2021 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրանտ Պապյանը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Պապյանը (ներկայացուցիչ Արմեն Պողոսյան)։

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ, 8-րդ ու 9-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 12-րդ, 168-րդ, 170-րդ և 380-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է այն փուլում, երբ Դատարանն արդեն 22.02.2021 թվականին կայացրել էր «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում, իսկ այդ փուլում օրենսդիրն արգելում է հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն կատարելը: Հայցվորի կողմից հայցի հիմքը և առարկան փոփոխելու միջնորդություն ներկայացնելը հետապնդել է բացառապես հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը քննարկման առարկա չդարձնելու նպատակ: Հայցվորը զրկված չի եղել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունները դատարանի քննարկման առարկա չէին կարող հանդիսանալ ոչ միայն առաջնահերթության առումով, այլ նաև միջնորդության ժամկետը բաց թողնելու տեսանկյունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.05.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2021 թվականի վճռին:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է, քանի որ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 170-րդ հոդվածի 1-ին մասով, մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը՝ 07.10.2021 թվականին դատարան է ներկայացվել հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն թույլատրելու մասին միջնորդություն։

Տվյալ դեպքում գործ ունենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված սկզբունքի հետ, որի դեպքում հակասությունը պետք է լուծվի հօգուտ սկզբունքի։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

 

1) Հասմիկ Պապյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Պապյանի՝ պահանջելով 18.07.2009 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 և 15.12.2019 թվականին Երևանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները:

Դատարանի 23.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 2-9, 21, 22).

2) Դատարանը 11.01.2021 թվականին որոշում է կայացրել 22.02.2021 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 39, 40).

3) պատասխանող Հրանտ Պապյանի ներկայացուցիչը 19.02.2021 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն (հատոր 1-ին, գ.թ. 78, 79).

4) Դատարանը 22.02.2021 թվականին որոշում է կայացրել գործին մասնակցող անձանց միջև միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 83-86).

5) 22.02.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 15.06.2021 թվականին, իսկ 15.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է, ու հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.10.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 81, 82, 93-95).

6) Հասմիկ Պապյանը 07.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Բագրատունյաց պողոտայի 17-րդ շենքի թիվ 91 և Երևանի Մ. Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ դրանց նկատմամբ դադարեցնելով Հրանտ Պապյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 98-103).

7) 07.10.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը «առկախելու» մասին, քանի դեռ չի անդրադարձել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանող Հրանտ Պապյանի միջնորդությանը, ու որոշել է այդ փուլում չքննարկել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։ (հատոր 1-ին, գ.թ. 108-111)

8) Դատարանը 22022021 թվականին կայացրել է «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում։ (հատոր 1-ին, գ.թ. 83-88)

9) Դատարանը, քննարկելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, գործի քննությունը հայտարարել է ավարտված՝ հայտարարելով, որ դատական ակտը կհրապարակվի 28.10.2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 108-111)

10) Դատարանը 28.10.2021 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու և հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 113-123)։

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հասմիկ Պապյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հրանտ Պապյանի՝ պահանջելով 18.07.2009 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի 17-րդ շենքի թիվ 91 և 15.12.2019 թվականին Երևանի Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող գույքի վերաբերյալ կնքված շինծու առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Հրանտ Պապյանի անվամբ տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները: Դատարանի 23.10.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Դատարանը 11.01.2021 թվականին որոշում է կայացրել 22.02.2021 թվականին նախնական դատական նիստ նշանակելու մասին։

Մինչ նշանակված նախնական դատական նիստը՝ 19.02.2021 թվականին, պատասխանող Հրանտ Պապյանի ներկայացուցիչը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն։ Դատարանը 22.02.2021 թվականին որոշում է կայացրել գործին մասնակցող անձանց միջև միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, և 22.02.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգել է, ու հաջորդ նախնական դատական նիստը նշանակել է 15.06.2021 թվականին։ 15.06.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը ևս հետաձգվել է, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 07.10.2021 թվականին։

Հասմիկ Պապյանը 07.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Բագրատունյաց պողոտայի 17-րդ շենքի թիվ 91 և Երևանի Մ. Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ դրանց նկատմամբ դադարեցնելով Հրանտ Պապյանի սեփականության իրավունքը։ 07.10.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը «առկախելու» մասին՝ պատճառաբանելով, որ դեռ չի անդրադարձել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանող Հրանտ Պապյանի միջնորդությանը, ու որոշել է այդ փուլում չքննարկել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։

Դատարանը, քննարկելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, գործի քննությունը հայտարարել է ավարտված՝ հայտարարելով, որ դատական ակտը կհրապարակվի 28.10.2021 թվականին։

Դատարանը 28.10.2021 թվականին վճիռ է կայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու և հայցը մերժելու մասին։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ

- «հայցի հիմքն ու առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելն այն դատավարական գործողությունն է, որի միջոցով հայցվորն իրացնում է իրեն վերապահված մեկ այլ իրավունք, դիմելով դատարանին՝ գործի քննությունը սկզբնապես ներկայացված հայցի հիմքից և (կամ) առարկայից տարբերվող այլ հիմքի և (կամ) առարկայի շրջանակներում շարունակելու համար։ Նշվածից հետևում է նաև, որ դատարանը պարտավոր է հայցը քննել դրանով ներկայացված հիմքերի և առարկայի շրջանակներում, հետևաբար որոշակիորեն կաշկանդված է նաև հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու արդյունքում փոփոխված հայցի շրջանակներով, հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել է հայցի հիմքի և առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն, դատարանն անկախ միջնորդությունների ներկայացման հաջորդականությունից, նախևառաջ պետք է քննության առարկա դարձնի հենց այդ միջնորդությունը, քանի որ դրա լուծումն է կանխորոշում, թե որ հիմքերի և առարկայի շրջանակներում է շարունակվելու գործի քննությունը»,

- «հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունն ավելի վաղ ներկայացված լինելն ինքնին չէր կարող խոչընդոտ հանդիսանալ հայցի հիմքն ու առարկան փոփոխելու միջնորդությունը քննության առնելու համար, հետևաբար, դատարանի կողմից այդ միջնորդությունը չքննարկելը, կամ դրա քննարկումը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննարկման արդյունքից կախման մեջ դնելն իրավաչափ չէ և ուղղակիորեն հանգեցրել է տնօրինչականության սկզբունքի խախտմանը»,

եզրահանգել է, որ «չքննարկելով և չլուծելով հայցի հիմքն ու առարկան փոփոխելու մասին հայցվորի միջնորդությունը և մինչ այդ քննության առնելով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը, դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 170-րդ հոդվածները և կիրառել է նույն օրենսգրքի 168-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, թույլ տալով դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման, հետևաբար վերաքննիչ բողոքը հիմնավորված է ենթակա է բավարարման»։

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ «(․․․) Դատարանը, արձանագրային որոշում կայացնելով վերը նշված պատճառաբանությամբ հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդության քննարկումն «առկախելու մասին», խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի պահանջը, քանի որ կայացրել է նշված նորմի բովանդակությունից չբխող որոշում, այնքանով, որքանով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նման տեսակի որոշում կայացնելու լիազորություն դատարաններին չի վերապահել։ (․․․) Դատարանը, չքննարկելով ու չլուծելով հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում հայցվորի ներկայացրած գրավոր միջնորդությունն ու առաջնահերթություն տալով ժամանակագրական առումով մինչ այդ ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը, խախտել է հայցվորի տնօրինչականության սկզբունքը՝ անտեսելով ինչպես այն հանգամանքը, որ հայցվորը գործել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված տնօրինչականության սկզբունքի շրջանակներում ու այդ նպատակով ցանկացել է իրացնել իր դատավարական իրավունքները, այնպես էլ՝ օրենսդրի կողմից սահմանված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերը նշված ընթացակարգը։»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցը հարուցվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը:

Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:

Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը։

Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է՝ գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը,

Նույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝

1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու դեպքում դատարանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է նույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարտավոր է կատարել նշված իրավանորմում նախատեսված բոլոր գործողությունները։ Մինչդեռ նույն օրենսգրքի 168-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է նշված ընդհանուր կանոնից բացառություն։ Մասնավորապես՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու մասով նախատեսվել է հատուկ ընթացակարգ, ըստ որի՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը պարտավոր է կատարել միայն նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները և նշված դատավարական գործողությունները կատարելուց անմիջապես հետո պետք է անցնի հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննությանը՝ դրա շրջանակներում հերթականությամբ իրականացնելով բացառապես հետևյալ գործողությունները որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը, իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ: Նշված իրավակարգավորմամբ օրենսդիրը, հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության ընթացքում նախատեսելով բացառապես օրենսգրքով նախատեսված որոշակի գործողությունների կատարման կարգ, ապահովել է գործերի արդյունավետ և ողջամիտ ժամկետում քննության իրականացումը։

Այսպիսով, օրենսդիրը գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելուց բացի նաև նախատեսել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման կայացման մեկ այլ տեսակ՝ այն է՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը։

Անդրադառնալով հայցի առարկան և/կամ հիմքը փոփոխելու կառուցակարգին՝ հարկ եմ համարում արձանագրել՝ հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացնելու հայցվորի իրավասությունը սահմանափակված է ժամկետներով, մասնավորապես՝ հայցվորն այդպիսի միջնորդություն ներկայացնելու իրավազորությամբ օժտված է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը։ Օրենսդիրը նշված միջնորդության ներկայացման ժամկետի պայմանը նախատեսել է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը՝ չմասնավորեցնելով, թե այն վերաբերելի է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմանը, թե հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմանը։ Նշվածից պարզ է դառնում, որ հայցի առարկայի և/կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը հայցվորն իրավասու է ներկայացնել մինչև գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ հայցային վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդություն ներկայացված լինելու և այդ միջնորդության քննության ընթացքում մինչև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը։ Բացի այդ՝ վերը նշված իրավանորմերից նաև բխեցվում է, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության ընթացքում դատարանն իրավասու է իրականացնել բացառապես օրենսդրական մակարդակով որոշակիացված գործողություններ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված գործողությունները կատարելուց հետո նույն օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դատավարական գործողությունները կատարելուց բացի դատավարական այլ գործողության՝ այդ թվում՝ հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխության միջնորդության քննության, իրականացման իրավազորություն։

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունը համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ հարկ է նշել հետևյալը

Մինչ նշանակված նախնական դատական նիստը՝ 19.02.2021 թվականին, պատասխանող Հրանտ Պապյանի ներկայացուցիչը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն։

Դատարանը 22022021 թվականին կայացրել է «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշում։

Հասմիկ Պապյանը 07.10.2021 թվականին Դատարան է ներկայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Բագրատունյաց պողոտայի 17-րդ շենքի թիվ 91 և Երևանի Մ. Հերացու փողոցի 10-րդ շենքի թիվ 44 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ՝ դրանց նկատմամբ դադարեցնելով Հրանտ Պապյանի սեփականության իրավունքը։

07.10.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը «առկախելու» մասին՝ պատճառաբանելով, որ դեռ չի անդրադարձել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանող Հրանտ Պապյանի միջնորդությանը, ու որոշել է այդ փուլում չքննարկել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։

Վերը նշված փաստերից պարզ է դառնում, որ Հասմիկ Պապյանը հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը չի ներկայացրել մինչև հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը և հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության փուլում այլևս դատավարական իրավասություն չի ունեցել ներկայացնելու հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն։

Այսինքն, Դատարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության փուլում իրավաչափորեն քննության առարկա չի դարձրել Հասմիկ Պապյանի հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը։

Վերոգրյալ իրավական և փաստական հիմնավորումների համատեքստում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, այն է՝ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 6-րդ մասը, 170-րդ հոդվածի 1-ին մասը։

 

Ամփոփելով՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վճռաբեկ բողոքը բավարարելու, վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավոր`

Էդ. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: