Գլխավոր տեղեկություն
Համար
N 253-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (30.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.07.2020
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.06.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

24 հունիսի 2020 թ.
Երևան

N 253-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները՝ համաձայն հավելվածի:

2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրը:

 

Երևանի քաղաքապետ

Հ. Մարության

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի հունիսի 24-ի

N 253-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի (այսուհետև` քաղաք) սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորությունների իրականացման գործընթացում խորհրդակցական նպատակով և հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի (այսուհետև` Խորհուրդ) կազմավորման և գործունեության կարգի և լիազորությունների հետ կապված հարաբերությունները: Խորհուրդը ստեղծվում է Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված սոցիալական աջակցության տրամադրումն արդյունավետ իրականացնելու նպատակով:

2. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն որոշմամբ:

3. Խորհրդի անդամ կարող է լինել չափահաս յուրաքանչյուր անձ՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

4. Խորհրդի անդամներին իր որոշմամբ, 1 տարի ժամկետով, նշանակում է Երևանի քաղաքապետը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևանի ավագանու անդամների, ինչպես նաև հասարակական հիմունքներով սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատ փորձագետների ներգրավմամբ: Փորձագետները պետք է ունենան սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ: Խորհրդի կազմում մեկ սոցիալական աշխատողի և իրավաբանի ներգրավումը պարտադիր է:

5. Հասարակական հիմունքներով միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների ներգրավումն իրականացվում է իրենց դիմումի համաձայն՝ հրապարակային հայտարարության հիման վրա, որի արդյունքում Երևանի քաղաքապետը կամ նրա հանձնարարությամբ համապատասխան տեղակալն իր հայեցողությամբ ընտրում է Խորհրդի անդամներին՝ մինչև սույն կարգով սահմանված անդամների առավելագույն քանակը լրանալը:

6. Հրապարակային հայտարարությունը տեղադրվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում Խորհրդի անդամների նշանակումից առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

7. Խորհուրդը կազմված է 17 անդամից, որից 4-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, 5-ը՝ ավագանու անդամներ, 2-ը` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, 3-ը` հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և 3-ը` անհատ փորձագետներ:

(7-րդ կետը փոփ. 26.12.23 N 38-Ն)

8. Խորհրդի նիստերի գումարումը պայմանավորված է սոցիալական ծրագրերի քանակով և դրանք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն ամիսը երկու անգամ: Խորհրդի նիստերը կարող են գումարվել նաև արտահերթ կամ հեռավար կարգով:

9. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են նշանակված անդամների առնվազն կեսը:

10. Խորհուրդն ընդունում է եզրակացություններ, որոնք կրում են խորհրդատվական բնույթ, ինչպես նաև արձանագրություններ:

11. Խորհուրդը քննարկվող հարցերի շուրջ եզրակացությունն ընդունում է բաց քվեարկությամբ՝ ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

12. Խորհրդի նիստերը գումարվում են Արգիշտի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում: Նիստեր կարող են գումարվել քաղաքի որևէ վարչական շրջանի վարչական շենքում կամ Խորհրդի նախագահի որոշմամբ` այլ վայրում:

13. Խորհուրդը Երևանի քաղաքապետի որոշմամբ նախագահում է Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալը, որը նշանակում է Խորհրդի նախագահի տեղակալին և քարտուղարին: Խորհրդի նախագահի տեղակալ նշանակվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ոլորտը համակարգող վարչության (այսուհետ` վարչություն) պետը, իսկ քարտուղար՝ Խորհրդի կազմում ներառված վարչության աշխատակիցներից մեկը:

14. Խորհրդի նախագահի տեղակալը փոխարինում է Խորհրդի նախագահին նրա բացակայության դեպքում: Խորհրդի նախագահի տեղակալի բացակայության դեպքում նրան փոխարինում է խորհրդի քարտուղարը:

15. Խորհրդի նախագահը՝

1) իրականացնում է Խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը,

2) հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը,

3) հրավիրում է Խորհրդի նիստերը,

4) կազմակերպում է Խորհրդի գործունեությունը և ղեկավարում նիստի աշխատանքը,

5) ստորագրում է Խորհրդի նիստի արձանագրությունը և եզրակացությունը,

6) մասնագիտական աջակցության նպատակով մասնագետների ներգրավման համար դիմում է պետական, տեղական ինքնակառավարման կամ միջազգային մարմիններին:

16. Խորհրդի քարտուղարը`

1) կազմում է նիստի օրակարգը և ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը,

2) իրականացնում է նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի նախապատրաստումը,

3) ապահովում է մասնակիցների ներկայությունը՝ Խորհրդի նիստի օրակարգը Խորհրդի անդամներին ներկայացնելով նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրված էլեկտրոնային փոստերին համապատասխան նամակներն ուղարկելով,

4) պատասխանատվություն է կրում ներկայացվող նյութերի ամբողջականության համար,

5) վարում է Խորհրդի գործավարությունը, այդ թվում` նիստի արձանագրության կազմումը,

6) կիսամյակը մեկ անգամ Խորհրդի անդամներին է ներկայացնում Խորհրդի գործունեության վերաբերյալ վերլուծություններ, մշտադիտարկման արդյունքներ և այլ տեղեկատվություն:

17. Խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր կարող են ընդգրկվել նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ Խորհրդի նախագահի, տեղակալի կամ քարտուղարի կողմից:

18. Խորհրդի անդամն իրավունք չունի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկել:

19. Խորհրդի աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր կիսամյակ հրապարակվում է Երևանի պաշտոնական համացանցային կայքում՝ բացառելով սոցիալական աջակցություն ստացող անձանց անձնական տվյալների հրապարակումը: Խորհրդի ընդունած եզրակացություններն ու առաջարկությունները չեն հրապարակվում:

20. Խորհուրդը վարչությունից ստանում է սոցիալական ծրագիր (այսուհետ՝ ծրագիր)՝ անհրաժեշտ մասնագիտական, կազմակերպչական և ֆինանսական հիմնավորումներով ու փաստաթղթերով:

21. Խորհրդի նիստը, ներառյալ՝ հեռավար, գումարելու համար Խորհրդի առաջին նիստի ընթացքում Խորհրդի անդամների կողմից ընդունվում է արձանագրություն, որտեղ նշվում են Խորհրդի անդամների էլեկտրոնային փոստերի հասցեները, որոնք համարվում են պաշտոնական: Խորհրդի անդամների փոփոխության դեպքում՝ Խորհրդի յուրաքանչյուր նոր անդամ իր մասնակցությամբ առաջին նիստի ընթացքում տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն՝ նիստերի մասին ծանուցումների ապահովելու համար:

22. Հեռավար նիստի դեպքում Խորհուրդը քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներ է կայացնում առցանց քվեարկությամբ` մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամները հարցի վերաբերյալ իրենց որոշման մասին առցանց տեղեկացնում են Խորհրդի քարտուղարին` բանավոր կամ գրավոր:

23. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն ըստ անհրաժեշտության աջակցում է Խորհրդի աշխատանքների կազմակերպման հարցում:

24. Խորհուրդը ծրագիրը քննարկելուց և համապատասխան որոշում կայացնելուց հետո երկօրյա ժամկետում վարչություն է ներկայացնում հիմնավորված բացասական կամ դրական եզրակացություն։

25. Բացասական եզրակացությունը կարող է լինել՝

1) ծրագրի մերժում, եթե այդ ծրագրի իրականացումը չի բխում կամավոր խնդիրների լուծմանն ուղղված սեփական լիազորություններից, հիմնված է կեղծ, չհիմնավորված փաստերի վրա կամ հակասում է սոցիալական աջակցության նպատակներին կամ հիմնական սկզբունքներին,

2) ծրագրի վերադարձ՝ եզրակացությունում նշված թերությունները վերացնելու նպատակով:

26. Ծրագրի դրական եզրակացությունը, այդ ծրագիրը և կից փաստաթղթերը տրամադրվում են վարչությանը՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

27. Սույն կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետում նշված եզրակացության մեջ առկա թերությունները վերացնելուց հետո լրամշակված ծրագիրը կարող է հաստատվել սույն կարգի 21-րդ կետով նախատեսված ընթացակարգով:

(հավելվածը փոփ. 26.12.23 N 38-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2020 թվական: