Գլխավոր տեղեկություն
Համար
N 882-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 882-Ա

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասով, ինչպես նաև 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ և 22-րդ հոդվածներով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2009 թվականի հունվարի 27-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուների առաջադրման և դատավորների ընտրության մասին» թիվ 1646(2009) բանաձևի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 29-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել գնահատման թերթիկը (միասնական և անհատական)՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 882-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հանձնաժողովի անդամներն են՝

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (համաձայնությամբ).

2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի անդամը (համաձայնությամբ).

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ).

6) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).

7) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (համաձայնությամբ).

8) Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ).

9) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը (համաձայնությամբ).

10) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը (համաձայնությամբ).

11) «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ):

(1-ին կետը խմբ. 11.01.24 N 23-Ա, 23.01.24 N 64-Ա)

2. Ընտրության հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինության կամ համաձայնության բացակայության դեպքում, եթե ընտրության հանձնաժողովի անդամին ի պաշտոնե փոխարինող անձի մասնակցությունը նույնպես անհնար է կամ բացակայում է նրա համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը երկօրյա ժամկետում համալրում է Հանձնաժողովի կազմը՝ նշանակելով նոր անդամներ: Հանձնաժողովի կազմի ընդհանուր թիվը չի կարող պակաս լինել յոթից:

(2-րդ կետը լրաց., փոփ. 11.01.24 N 23-Ա)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 11.01.24 N 23-Ա, խմբ. 23.01.24 N 64-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 882-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ` Թեկնածուներ) ընտրության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կազմակերպումը, ինչպես նաև, Թեկնածուների ընտրության ընթացակարգի կազմակերպման, անցկացման, գնահատման և միավորների հաշվարկման կարգը և Թեկնածուների առաջադրման ընթացակարգերը:

2. Հանձնաժողովի գործունեությանն իրավակազմակերպական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ):

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է Թեկնածուների ընտրության պայմանների հավասարության, ընթացակարգի թափանցիկության, հրապարակայնության, գնահատման անկողմնակալության և անաչառության սկզբունքների վրա:

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի՝ նիստին մասնակցության դեպքում: Եթե նիստ չի անցկացվում, ապա նոր նիստը հրավիրվում է եռօրյա ժամկետում:

(4-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

5. Հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են Հանձնաժողովի նախագահ:

6. Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում և արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրում են Հանձնաժողովի՝ նիստին ներկա բոլոր անդամները և Աշխատակազմի՝ նիստն արձանագրող ներկայացուցիչը:

7. Ընտրության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ Հանձնաժողովը կայացնում է որոշումներ, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու, ինչպես նաև Թեկնածուների ընտրությանը մասնակցելու հավակնություն ունեցող անձի (այսուհետ՝ Հավակնորդ) վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

(7-րդ կետը լրաց. 11.01.24 N 23-Ա)

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաժանման դեպքում՝ Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է: Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են Հանձնաժողովի բոլոր անդամները:

9. Թեկնածուների ընտրության ընթացակարգի հրապարակման ենթակա տեղեկություններն են՝

1) Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, որոնք նիստին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնական կայքերում տեղադրելու եղանակով.

2) յուրաքանչյուր օրվա ընթացքում ընդունված դիմումների մասին տեղեկատվությունը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնական կայքերում տեղադրելու եղանակով հրապարակվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

 

3. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

10. Հանձնաժողովն ընտրությունը հայտարարում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան Հանձնաժողովի առաջին նիստին հաջորդող ամսվա ընթացքում:

(10-րդ կետը խմբ. 11.01.24 N 23-Ա)

11. Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորին այլ պաշտոնում ընտրելու կամ նշանակելու, նրա կողմից պաշտոնաթողության խնդրանք ներկայացնելու, ինչպես նաև լիազորություններն իրականացնելու անհնարինության այլ դեպքերում Հանձնաժողովը նոր ընտրության մեկնարկը հայտարարում է համապատասխան փաստի մասին տեղեկանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

12. Սույն աշխատակարգի 11-րդ կետով սահմանված և 74-րդ կետով սահմանված հինգ աշխատանքային օրվա ժամկետների ավարտից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օր առաջ Հանձնաժողովը հաստատում է Թեկնածուների ընտրություն մեկնարկելու մասին հայտարարության տեքստը և անմիջապես ուղարկում Աշխատակազմ՝ սույն աշխատակարգով սահմանված եղանակով դրա հրապարակումն ապահովելու համար:

(12-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

13. Հանձնաժողովն Աշխատակազմի միջոցով ընտրություն անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ Հայտարարություն) հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Հայաստանի Հանրապետության կառավարության, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության կայքերում:

14. Հայտարարությունը կարող է նաև հրապարակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, Գլխավոր դատախազության, Փաստաբանների պալատի, բարձրագույն ուսումնական հաստատությունների պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև կարող է պաշտոնապես ուղարկվել այլ գերատեսչությունների մարմինների ղեկավարներին:

15. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տվյալները՝

1) Թեկնածուներին ներկայացվող պահանջները.

2) ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

3) ընտրության անցկացման պայմանները, այդ թվում՝ Հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման և միավորների հաշվարկման կարգը.

4) փաստաթղթերի ներկայացման ժամկետը և էլեկտրոնային հասցեն:

(15-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

16. Հավակնորդը Հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, բնակության հասցե):

(16-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

17. Փաստաթղթերը ներկայացվում են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

18. Փաստաթղթերն ընդունելիս Աշխատակազմը պարզում է դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին: Այս փուլում ներկայացված փաստաթղթերի բովանդակային ստուգում չի իրականացվում, որն արվում է սույն աշխատակարգի 4.1-ին գլխով նախատեսված կարգով:

19. Փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե Աշխատակազմը դրանք ստացել է մինչև սույն աշխատակարգի 16-րդ կետում նշված ժամկետի լրանալը:

(19-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

20. Փաստաթղթերի ստացման վերաբերյալ Հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

21. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում Հավակնորդը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

22. Փաստաթղթերի թերությունները Հավակնորդի կողմից կարող են վերացվել սույն աշխատակարգի 21-րդ կետում նշված ծանուցումը ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթերի թերությունները չեն ուղղվում կամ նոր ներկայացված փաստաթղթերը կրկին թերություններով են ներկայացվում, ապա դիմումը համարվում է չընդունված, իսկ Հավակնորդը դրա մասին ծանուցվում է էլեկտրոնային փոստով: Դիմումը համարվում է չընդունված նաև այն դեպքերում, երբ նույն Հավակնորդը թերությունները շտկելու համար նախատեսված ժամկետում կամ դրանից հետո, բայց մինչև սույն աշխատակարգի 16-րդ կետում նշված ժամկետի ավարտը կրկին ներկայացնում է պահանջվող փաստաթղթերը թերություններով: Այս դեպքում թերություններ շտկելու նոր ժամկետ չի տրամադրվում: Այն դեպքում, երբ Հավակնորդը թերությունները շտկելու համար նախատեսված ժամկետում կամ դրանից հետո, բայց բոլոր դեպքերում մինչև սույն աշխատակարգի 16-րդ կետում նշված ժամկետի ավարտը, ներկայացնում է փաստաթղթերի փաթեթն առանց թերությունների, վերջինս համարվում է ընդունված:

(22-րդ կետը լրաց. 11.01.24 N 23-Ա)

23. Աշխատակազմը, ուսումնասիրելով Հավակնորդների ներկայացրած փաստաթղթերը, սույն կարգի 16-րդ և 22-րդ կետերում նշված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հանձնաժողովին է ներկայացնում Հավակնորդների ցուցակը և նրանց ներկայացրած փաստաթղթերը: Աշխատակազմը Հանձնաժողովին տրամադրում է նաև թերի և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած Հավակնորդների ցուցակը և նրանց ներկայացրած փաստաթղթերը՝ նշելով թերությունները և դրանք վերացնելու կապակցությամբ սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերի համաձայն ձեռնարկված միջոցառումները և դրանց արդյունքները:

 

4. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

24. Ընտրությունն անցկացվում է երկու փուլով, որոնցից առաջինը Հանձնաժողովի կողմից փաստաթղթերի համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, իսկ երկրորդը՝ հարցազրույցի:

 

4.1. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՓՈՒԼ

 

25. Սույն աշխատակարգի 23-րդ կետով սահմանված ցուցակները և փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը գումարում է նիստ՝ ընտրության փաստաթղթերի լրիվության և համապատասխանության ստուգումն իրականացնելու համար:

26. Ընտրության փաստաթղթային ստուգման փուլում Հանձնաժողովը ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաև փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Հանձնաժողովի որոշմամբ պարզվում է Աշխատակազմի միջոցով: Հանձնաժողովի տեղեկացմամբ, ըստ անհրաժեշտության, Հավակնորդին կարող է առաջարկվել մասնակցել իր կողմից ներկայացված փաստաթղթերի ստուգման փուլին: Հանձնաժողովի նիստին հրավիրված Հավակնորդի չներկայանալը Հանձնաժողովի նիստը հետաձգելու հիմք չէ:

(26-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

27. Եթե փաստաթղթային ստուգման ընթացքում Հանձնաժողովը կայացնում է փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու կամ Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ պահանջելու մասին որոշում, ապա Հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրով:

28. Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է ընտրության հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը, և այդ տեղեկություններն անմիջապես ուղարկում է Աշխատակազմ: Աշխատակազմը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը հրապարակվում է սույն աշխատակարգով նախատեսված կարգով: Հրապարակման համար Աշխատակազմ է ներկայացվում նաև զանգվածային լրատվության միջոցներին և հասարակական կազմակերպություններին հասցեագրված ծանուցում, որում սահմանվում են հարցազրույցին մասնակցելու՝ սույն կարգով սահմանված ընթացակարգը և պայմանները:

(28-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

29. Փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ չանցած Հավակնորդներն իրենց տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով տեղեկացվում են փաստաթղթային ստուգման փուլը չհաղթահարելու հիմքերի մասին:

(29-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

30. Հարցազրույցի մասնակից Հավակնորդները ծանուցվում են նաև հարցազրույցի իրենց անհատական ժամերի մասին:

(30-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

31. Հարցազրույցների անցկացման հաջորդականությունը որոշվում է ըստ այբբենական կարգի:

 

4.2. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

 

32. Հարցազրույցն անցկացվում է հարցազրույցի համապատասխան Հավակնորդ մասնակցին ծանուցելուց երեք աշխատանքային օր հետո:

(32-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

33. Հարցազրույցի փուլում նիստին ներկա Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ սույն աշխատակարգով հաստատված չափանիշներին համապատասխան գնահատում է հարցազրույցի մասնակից Հավակնորդներից յուրաքանչյուրին:

(33-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

34. Հարցազրույցի մասնակից Հավակնորդը, հարցազրույցի իր անհատական ժամից ուշանալու դեպքում, համարվում է հարցազրույցին չներկայացած, բացառությամբ այն դեպքի, եթե հերթականությամբ նախորդ Հավակնորդի հարցազրույցը մինչ իր ներկայանալու պահը չի ավարտվել:

(34-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

35. Նախքան հարցազրույցի փուլն սկսելը՝ Հանձնաժողովի նախագահը հրապարակում է հարցազրույցի փուլ անցած Հավակնորդների ցուցակը՝ ըստ հարցազրույցի անցկացման հաջորդականության:

(35-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

36. Յուրաքանչյուր Հավակնորդի հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:

(36-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

37. Հարցազրույցն ընթանում է երեք մասով՝

1) անձնական հատկանիշների, ինչպես նաև մասնագիտական փորձառության ստուգում (այսուհետ՝ հարցազրույցի առաջին մաս)՝ առավելագույնը 30 րոպե տևողությամբ.

2) մասնագիտական որակների ստուգում (այսուհետ՝ հարցազրույցի երկրորդ մաս)՝ առավելագույնը 45 րոպե տևողությամբ.

3) լեզվական կարողությունների ստուգում (այսուհետ՝ հարցազրույցի երրորդ մաս)՝ առավելագույնը 45 րոպե տևողությամբ:

38. Հարցազրույցի առաջին մասում Հավակնորդն առավելագույնը 10 րոպեի ընթացքում ներկայացնում է իրավունքի և հատկապես մարդու իրավունքների ոլորտում իր գործունեությունը, փորձառությունը և ձեռքբերումները, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև պարզաբանումներ է տալիս իր ներկայացրած տեղեկությունների վերաբերյալ: Այնուհետև Հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ՝ նրա անձնական հատկանիշների՝ ներառյալ կենսագրության, մասնագիտական գործունեության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) հիմքում ընկած արժեքների ընկալման ու դրանց նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև մասնագիտական փորձառության վերաբերյալ:

(38-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

39. Հարցազրույցի երկրորդ մասում Հանձնաժողովի անդամները հարցեր են տալիս Հավակնորդին՝ ուղղված նրա մասնագիտական գիտելիքների և փորձառության բացահայտմանը:

(39-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

40. Հարցազրույցի երրորդ մասում ստուգվում է հարցազրույցի Հավակնորդի հիմնական և լրացուցիչ օտար լեզվի (անգլերեն և ֆրանսերեն) կարողությունները, Հարցազրույցի երրորդ մասում լրացուցիչ լեզվի կարողություններն ստուգելիս Հավակնորդը կարող է օգտվել բառարանից:

(40-րդ կետը խմբ. 11.01.24 N 23-Ա)

41. Հավակնորդի հիմնական լեզվի կարողություններն ստուգելիս նրան առաջարկվում է ուսումնասիրել Եվրոպական դատարանի կողմից քննված որևէ գործի համառոտագիրը, հայերենով և հիմնական լեզվով ներկայացնել դրա բովանդակությունը, ընթերցել Եվրոպական դատարանի վճռից կամ որոշումից որևէ հատված և բանավոր թարգմանել այն, կատարել նախապես պատրաստված հայերեն իրավաբանական տեքստի գրավոր թարգմանություն, ինչպես նաև նրա հետ անցկացվում է զրույց՝ մասնագիտական հարցերի շուրջ բանավոր հաղորդակցվելու նրա կարողությունը պարզելու համար: Հավակնորդի լեզվական կարողություններն ստուգելու արդյունքում մասնագետներն արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերում են նրա խոսքի սահունությանը և հստակությանը, մտքերի քերականական ձևակերպումներին և տրամաբանական հաջորդականությանը, բառապաշարի գործածությանը, նյութի բովանդակության ընկալմանը:

(41-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

42. Հավակնորդի՝ լրացուցիչ լեզվի կարողություններն ստուգելիս՝ նրան առաջարկվում է ծանոթանալ իրավաբանական բովանդակության որևէ նյութի և հայերենով ներկայացնել դրա էությունը: Հավակնորդի լեզվական կարողություններն ստուգելու արդյունքում մասնագետներն արձանագրում են այն հնարավոր լեզվական թերացումները, որոնք վերաբերում են Հավակնորդի կողմից նյութի բովանդակության ընկալմանը:

(42-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

43. Հարցազրույցի բնականոն ընթացքն ապահովում է Հանձնաժողովի նախագահը, ով իրավասու է սահմանափակել հարցեր տալու՝ Հանձնաժողովի անդամների հնարավորությունը, ինչպես նաև հարցերին պատասխանելու՝ Հավակնորդի հնարավորությունը՝ ելնելով սույն աշխատակարգով ամրագրված ժամանակային սահմանափակումներից: Ամեն դեպքում, Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է հարցազրույցի յուրաքանչյուր Հավակնորդ մասնակցի ուղղել առնվազն մեկ հարց:

(43-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

44. Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով Հավակնորդների ցուցակը կազմվում է ըստ նրանց ստացած միավորների նվազման հաջորդականության: Առաջին երեք Հավակնորդների ցուցակը (այսուհետ՝ Ցուցակ) կազմվում է ապահովելով սեռերի ներկայացվածության սկզբունքը: Եթե ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած հարցազրույցի երեք Հավակնորդներն էլ նույն սեռի են, ապա Հանձնաժողովն իր որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացածին փոխարինում է հարցազրույցի փուլի գնահատման արդյունքում ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած մյուս սեռի Հավակնորդով:

(44-րդ կետը լրաց., փոփ. 11.01.24 N 23-Ա)

45. Սեռերի ներկայացվածության սկզբունքից բացառություն թույլատրվում է միայն Հանձնաժողովի կողմից ծանրակշիռ փաստարկներով կամ բացառիկ հանգամանքների մատնանշմամբ: Բացառությունը թույլատրելի է նաև Ցուցակում՝ Եվրոպական դատարանում առավել քիչ ներկայացվածություն ունեցող սեռի դատավորների թեկնածուների ընդգրկվելու դեպքում:

(45-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

46. Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով հավասար միավորներ ստացած Հավակնորդից որևէ մեկին կամ մի քանիսին Ցուցակում ընդգրկելու նպատակով անցկացվում է քվեարկություն, բացառությամբ այն դեպքերի, երբ քվեարկության հնարավոր արդյունքները կարող են խախտել սեռերի ներկայացվածության սկզբունքը: Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով հավասար միավորներ ստացած Հավակնորդներից որևէ մեկին կամ մի քանիսին Ցուցակում ընդգրկելու նպատակով Հանձնաժողովի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ բաց քվեարկությամբ «կողմ» է քվեարկում Հավակնորդներից համապատասխանաբար որևէ մեկի կամ մի քանիսի թեկնածությանը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ սույն կետում նշված կարգով: Քվեարկության արդյունքներով առավելագույն «կողմ» ձայներ ստացած հարցազրույցի մասնակիցներից համապատասխանաբար մեկը կամ մի քանիսն ընդգրկվում են Ցուցակում:

(46-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

47. Յուրաքանչյուր Հավակնորդ գնահատման և (կամ) Հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են Հանձնաժողովի բոլոր անդամները:

(47-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

48. Հանձնաժողովը Ցուցակը կազմելուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշմամբ նշված պաշտոնական կայքերում հրապարակում է սույն աշխատակարգով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ կազմված Ցուցակը:

49. Յուրաքանչյուր Հավակնորդ կարող է ծանոթանալ ընտրության անցկացման ընթացքում ձեռք բերված կամ կազմված իրեն վերաբերող փաստաթղթերին:

(49-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

50. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ընտրության հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ համապատասխան դիմում են ներկայացրել Աշխատակազմ:

(50-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

51. Ընտրության հարցազրույցի փուլին մասնակցելու նպատակով սահմանված կարգով դիմում ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցազրույցի անցկացման դահլիճին կից հատկացվում է տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկական հնարավորություններով:

52. Հարցազրույցին մասնակցում է անգլերենի և ֆրանսերենի երկուական մասնագետ: Հանձնաժողովը մինչև ընտրության հարցազրույցի փուլի անցկացումը դիմում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ընտրությանը ներգրավելու համար անգլերենի և ֆրանսերենի մասնագետների թեկնածություններ ներկայացնելու նպատակով:

53. Հարցազրույցի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքում զանգվածային լրատվության միջոցի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, Հանձնաժողովի որոշմամբ, դուրս է հրավիրվում հարցազրույցի անցկացման վայրից՝ զրկվելով դրա հետագա ընթացքին հետևելու հնարավորությունից: Այդ մասին կազմվում է արձանագրություն:

 

5. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳ

 

54. Թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորն է 100-ը:

55. Առավելագույն միավորը, ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, բաշխվում է հետևյալ կերպ՝

1) անձնական հատկանիշներ՝ 30 միավոր.

2) մասնագիտական որակներ՝ 50 միավոր.

3) լեզվական կարողություններ՝ 20 միավոր:

(55-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

56. «Անձնական հատկանիշներ» գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող չափանիշները և դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորներն են՝

1) Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումը և դրանց նկատմամբ վերաբերմունքը՝ 30 միավոր, այդ թվում՝

ա. արդարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը` 10 միավոր,

բ. խտրականության բացառման և իրավահավասարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը` 7 միավոր,

գ. ժողովրդավարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը` 13 միավոր:

(56-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

57. «Մասնագիտական որակներ» գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող չափանիշները և դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորներն են՝

1) մասնագիտական գիտելիքները՝ 23 միավոր, այդ թվում՝

ա. ներպետական իրավունքի իմացությունը՝ 6 միավոր,

բ. միջազգային հանրային իրավունքի, Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի պրակտիկայի իմացությունը՝ 13 միավոր,

գ. ներպետական կամ օտարերկրյա ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 4 միավոր.

2) մասնագիտական փորձառությունը՝ 27 միավոր, այդ թվում՝

ա. մարդու իրավունքների ոլորտում գործնական իրավապաշտպանության, դատական կամ դասավանդման փորձը՝ 15 միավոր,

բ. նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 5 միավոր,

գ. գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 7 միավոր:

(57-րդ կետը խմբ. 11.01.24 N 23-Ա)

58. «Լեզվական կարողություններ» գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող չափանիշները և դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորներն են՝

1) հիմնական լեզվի կարողությունները՝ 16 միավոր, այդ թվում՝

ա. հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 4 միավոր,

բ. հիմնական լեզվով նյութը ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը՝ 4 միավոր,

գ. հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը՝ 4 միավոր,

դ. իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը՝ 4 միավոր.

2) լրացուցիչ լեզվով մասնագիտական նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերենով ներկայացնելու ունակությունը՝ 4 միավոր:

(58-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

 

6. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

59. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշի գնահատման քայլը մեկ միավոր է:

60. Հանձնաժողովի անդամը սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշ գնահատում է առանձին:

61. Յուրաքանչյուր Հավակնորդ համար սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորը հաշվարկվում է Հանձնաժողովի անդամների կողմից տվյալ չափանիշի համար նշանակված միավորների գումարը Հանձնաժողովի՝ գնահատում իրականացրած անդամների թվի վրա բաժանելու սկզբունքով:

(61-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

62. Հավակնորդի ստացած հանրագումարային միավորը հաշվարկվում է սույն աշխատակարգով սահմանված յուրաքանչյուր չափանիշի միասնական միավորների գումարման սկզբունքով:

(62-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

63. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր Հավակնորդի վերջնական գնահատումն իրականացնում է բոլոր Հավակնորդների հարցազրույցներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետին հաջորդող օրը: Մասնակիցների հարցազրույցների օրվան նախորդող առնվազն երեք օր առաջ հասարակական կազմակերպությունների կողմից Հանձնաժողովի քննարկմանը կարող են ներկայացվել Հավակնորդների՝ սույն աշխատակարգով նախատեսված անձնական և մասնագիտական հատկանիշներին առնչվող տեղեկություններ, որոնք Հանձնաժողովի անդամների կողմից ուսումնասիրվում են Հավակնորդների վերջնական գնահատման նպատակով:

(63-րդ կետը խմբ. 11.01.24 N 23-Ա)

64. Հանձնաժողովի անդամների կողմից Հավակնորդների անհատական գնահատումն իրականացնելուց հետո Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է գնահատման ենթակա յուրաքանչյուր չափանիշով հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի միասնական միավորների հաշվարկումը և միասնական գնահատման թերթիկի կազմումը՝ համաձայն N 3 հավելվածում սահմանված նմուշի: Գնահատման միասնական թերթիկն ստորագրում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի անդամն իրավունք ունի պահանջել և անձամբ իրականացնել Հավակնորդի ստացած հանրագումարային միավորի վերահաշվարկ:

(64-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

65. Հավակնորդների գնահատման թերթիկների հիման վրա Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է Ցուցակի նախագծի կազմումը և այն ներկայացնում Հանձնաժողովի քննարկմանը: Հավակնորդը չի կարող ընդգրկվել ցուցակում, եթե ստացել է 50-ից ցածր հանրագումարային միավոր՝ ներառյալ սույն աշխատակարգի 58-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշից 15-ից ցածր միասնական միավոր և 58-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշից 2-ից ցածր միասնական միավոր:

(65-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

66. Ընտրության արդյունքներով Ցուցակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ինչպես նաև ուղարկվում է Աշխատակազմ սույն աշխատակարգով սահմանված եղանակով դրա հրապարակումն ապահովելու համար:

(66-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

67. Ցուցակի հետ միասին Աշխատակազմ ներկայացվում են Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ընտրության ընթացքում ներկայացված և ձեռք բերված փաստաթղթերը:

 

7. ՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 11.01.24 N 23-Ա)

 

68. Հանձնաժողովը Ցուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Ցուցակի հրապարակմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

69. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատված Ցուցակը, թեկնածուների ինքնակենսագրականները, ինչպես նաև թեկնածուների ընտրության ներպետական կարգը Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Եվրոպական դատարանում դատավորի թեկնածուների ընտրության խորհրդատվական հանձնաժողովին (The Advisory Panel of Experts on Candidates for Election as Judge to the European Court of Human Rights):

(69-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

70. Թեկնածուների Ցուցակը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, Եվրոպական դատարանում դատավորի թեկնածուների ընտրության խորհրդատվական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո, ներկայացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

(70-րդ կետը փոփ. 11.01.24 N 23-Ա)

71. Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական հանձնաժողովի կողմից Ցուցակում ընդգրկված որևէ Թեկնածուի վերաբերյալ բացասական եզրակացություն տալու կամ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Ցուցակը ոչ ընթացակարգային հիմքով մերժելու դեպքում 50 միավոր և ավելի ստացած Հավակնորդը կարող է Հանձնաժողովի կողմից ընդգրկվել նոր Ցուցակում, որն ընդհանուր հիմունքներով ներկայացվում է հաստատման:

(71-րդ կետը խմբ. 11.01.24 N 23-Ա)

 

8. ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

72. Նոր ընտրություն հայտարարվում է, եթե՝

1) Հավակնորդների թիվը չի գերազանցում երեքը.

2) հարցազրույցի Հավակնորդ մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը.

3) հարցազրույցին ներկայացած հարցազրույցի Հավակնորդ մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը.

4) հարցազրույցին մասնակցած երեքից պակաս Հավակնորդ մասնակիցներ են հաղթահարում 65-րդ կետով սահմանված պահանջները.

5) չի ապահովվել սեռերի ներկայացվածության սկզբունքը, բացառությամբ սույն աշխատակարգի 45-րդ կետում նշված դեպքի.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետը մերժել է Ցուցակի հաստատումը.

7) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չի ընտրել Թեկնածուներից որևէ մեկին.

8) առկա է խորհրդատվական հանձնաժողովի (The Advisory Panel of Experts on Candidates for Election as Judge to the European Court of Human Rights) բացասական եզրակացությունը.

9) առկա են Թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:

(72-րդ կետը լրաց., փոփ. 11.01.24 N 23-Ա)

73. 72-րդ կետի 4-8-րդ ենթակետերով սահմանված հիմքերի դեպքում նոր ընտրություն չի անցկացվում, եթե ապահովված են 71-րդ կետով նախատեսված պայմանները:

74. Հանձնաժողովը նոր ընտրություն անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն աշխատակարգի 72-րդ կետում նշված որևէ հիմքի մասին պատշաճ տեղեկանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

75. Նոր ընտրությունն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 11.01.24 N 23-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 882-Ա որոշման

 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

(անհատական և միասնական գնահատման համար)

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ

Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումը և դրանց նկատմամբ վերաբերմունքը

(30 ՄԻԱՎՈՐ)

Արդարության արժեքի ընկալումը և

դրա նկատմամբ վերաբերմունքը

(10 միավոր)

 

Խտրականության բացառման և իրավահավասարության արժեքի

ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը

(7 միավոր)

Ժողովրդավարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը

(13 միավոր)

 

 

   


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ

(50 ՄԻԱՎՈՐ)

Մասնագիտական գիտելիքները

(23 միավոր)

Ներպետական իրավունքի իմացությունը

(6 միավոր)

Միջազգային հանրային իրավունքի, Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի պրակտիկայի իմացությունը

(13 միավոր)

Ներպետական կամ օտարերկրյա ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները

(4 միավոր)

 

 

 

 

   


Մասնագիտական փորձառությունը

(27 միավոր)

Մարդու իրավունքների
ոլորտում գործնական իրավապաշտպանության,

դատական կամ դասավանդման փորձը

(15 միավոր)

Նշանակալի իրավական

իրադարձություններում

ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը

(5 միավոր)

Գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում

հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին

մասնակցությունը

(7 միավոր)

 

 

 

   

 

ԼԵԶՎԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(20 միավոր)

Հիմնական լեզվի կարողությունները

(16 միավոր)

Հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերեն ներկայացնելու ունակությունը

(4 միավոր)

Հիմնական լեզվով նյութն ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը

(4 միավոր)

Հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը

(4 միավոր)

Իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը

(4 միավոր)

 

 

 

     

Լրացուցիչ լեզվի կարողությունները

(4 միավոր)

Լրացուցիչ լեզվով իրավաբանական նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերեն
ներկայացնելու ունակությունը

(4 միավոր)

 

 

Ստորագրություն՝ Հանձնաժողովի նախագահ

(հավելվածը խմբ. 11.01.24 N 23-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2024, N 64-Ա 24.01.2024, N 882-Ա
11.01.2024, N 23-Ա 12.01.2024, N 882-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան