Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2023 թվականի

թիվ 129

քաղ. Մոսկվա

 

ՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՈՒ ԱՊԱԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԱՅՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾՈՒՄԸ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 48-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Հսկող մարմինների ու ազգային օպերատորների այն գործողությունների կարգը, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի օգոստոսի 22-ի

թիվ 129 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

հսկող մարմինների ու ազգային օպերատորների այն գործողությունների, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումը

 

1. Սույն կարգով սահմանվում են հսկող մարմինների ու ազգային օպերատորների այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար, ինչպես նաև դրանց կատարման կարգն այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվում է այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է այդպիսի փոխադրման հետագծումը։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) սահմանված իմաստներով։

3. Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և հսկող մարմինների միջև փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) իրականացվում է այդպիսի անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջոցով։

Մեկ անդամ պետության ազգային օպերատորների և հսկող մարմինների փոխգործակցությունն (այդ թվում՝ տեղեկատվական) այլ անդամ պետությունների ազգային օպերատորների և հսկող մարմինների հետ իրականացվում է անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջոցով։

4. Նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումն ու ապաակտիվացումը կատարվում է հեռահար՝ օգտագործելով այն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի հնարավորությունները, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը։

5. Նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման նպատակների համար այն անդամ պետության հսկող մարմինը, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, իր կողմից այդպիսի նավիգացիոն կապարակնիք կիրառելու վերաբերյալ որոշման ընդունման դեպքում իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմին) է փոխանցում էլեկտրոնային փաստաթղթեր (տեղեկություններ), որոնց տեղադրումը նավիգացիոն կապարակնիքում կոնկրետ փոխադրումը հետագծելու ժամանակահատվածի համար նախատեսված է Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև տեղեկացնում է նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության մասին։

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները), ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքը ակտիվացնելու վերաբերյալ հսկող մարմնի թույլտվության մասին տեղեկատվությունն ստանալուց հետո այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, հնարավորինս կարճ ժամկետում ուղարկում է դրանք այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմին), որի տարածքում գտնվում է ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը։

7. Ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան էլեկտրոնային փաստաթղթերը (տեղեկությունները), ինչպես նաև այդպիսի նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության մասին տեղեկատվությունն ստանալուց հետո՝

ա) կատարում է ստացված էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցումը նավիգացիոն կապարակնիք և իրականացնում է դրա ակտիվացումը.

բ) տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման մասին՝ այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին) նշված տեղեկատվությունը փոխանցելու համար, որի տարածքում սկսվում է այդպիսի փոխադրման հետագծումը։

8. Սույն կարգի 7-րդ կետին համապատասխան՝ նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելուց հետո այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը, ուղարկում է այդպիսի փոխադրման հետագծումն սկսելու մասին տեղեկատվությունն այն անդամ պետությունների լիազորված օպերատորներին (մարմիններ), որոնց ազգային օպերատորների տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, ինչպես նաև այլ անդամ պետությունների լիազորված օպերատորներին (մարմիններ), որոնց տարածքներով փոխադրվելու են (փոխադրվում են) հետագծման օբյեկտները։

2 և ավելի նավիգացիոն կապարակնիք կիրառելու դեպքում նշված տեղեկատվությունն ուղարկվում է բոլոր նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո։

9. Այն անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները), որոնց տարածքներով փոխադրվելու են (փոխադրվում են) հետագծման օբյեկտները, սույն կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկատվությունն ստանալուց հետո փոխանցում են այդ տեղեկատվությունն իրենց անդամ պետության հսկող մարմնին, որի շահերից ելնելով՝ հետագծվում է փոխադրումը։

10. Հետագծման օբյեկտի՝ նավիգացիոն կապարակնիքը հանելու վայր ժամանելուց հետո այն անդամ պետության հսկող մարմնի կողմից, որի տարածքում ավարտվում է փոխադրման հետագծումը, նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման մասին որոշման ընդունման դեպքում, այդ հսկող մարմինը տեղեկացնում է իր անդամ պետության լիազորված օպերատորի (մարմնի)՝ նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելու թույլտվության մասին։

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված որոշումն ընդունվում է՝

ա) ապրանքներն այն անդամ պետության հսկող մարմնի կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում, որն ընդունել է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտի վերաբերյալ որոշումը.

բ) ապրանքներն այն անդամ պետության հսկող մարմնի կողմից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվելու դեպքում, որը հաստատում է Եվրասիական տնտեսական միության տարածքից ապրանքների մեկնումը.

գ) անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում ապրանքների տեղափոխման դեպքում՝

հատուկ տնտեսական միջոցներ կիրառող անդամ պետության հսկող մարմնի կողմից այդ անդամ պետության տարածքից այն ապրանքների մեկնման ժամանակ, որոնց նկատմամբ կիրառվում են այդ միջոցները, կամ նշված ապրանքների՝ նշանակման վայր ժամանելիս.

այն անդամ պետության հսկող մարմնի կողմից, որտեղ ավարտվում է Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների փոխադրումը։

12. Անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում ավարտվում է փոխադրման հետագծումը, սույն կարգի 10-րդ կետում նշված թույլտվությունն ստանալուց հետո տեղեկացնում է այդպիսի թույլտվության մասին այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմնին), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը։

Անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, ուղարկում է սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան ստացված տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված օպերատորին (մարմին), որի տարածքում գտնվում է ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը։

13. Սույն կարգի 12-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ տեղեկատվությունն ստանալուց հետո ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, իրականացնում է նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումը։

14. Նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելուց հետո այն անդամ պետության լիազորված օպերատորը (մարմինը), որի տարածքում սկսվել է փոխադրման հետագծումը, ուղարկում է այդպիսի փոխադրման հետագծումն ավարտվելու մասին տեղեկատվությունն այն անդամ պետությունների լիազորված օպերատորներին (մարմիններին), որոնց ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը, ինչպես նաև այն անդամ պետությունների լիազորված օպերատորներին (մարմիններին), որոնց տարածքներով իրականացվել է և որի տարածքում ավարտվել է այդպիսի փոխադրումը։

2. և ավելի նավիգացիոն կապարակնիք կիրառելու դեպքում նշված տեղեկատվությունն ուղարկվում է բոլոր նավիգացիոն կապարակնիքներն ապաակտիվացնելու մասին տեղեկատվությունն ստանալուց հետո։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: