ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՍԴ/0060/01/19 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
29 սեպտեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ալեքսանդր Հովհաննեսի Բաղդագյուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 267.1-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58229018 քրեական գործը:
Նախաքննության մարմնի` 2018 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ալեքսանդր Հովհաննեսի Բաղդագյուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
2. Նույն գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Արթուր Գուրգենի Հարությունյանը և Արթուր Սարգսի Սայունցը:
3. Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ Ալեքսանդր Բաղդագյուլյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:
4. 2019 թվականի ապրիլի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
5. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2021 թվականի փետրվարի 1-ի դատավճռով Ալեքսանդր Բաղդագյուլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով պատիժ է նշանակվել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկայի` 197.58 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների համաձայն` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշանակված 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 հոդվածի 3-րդ մասով նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկայի` 197.58 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ: Ալեքսանդր Բաղդագյուլյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
5.1. Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արթուր Հարությունյանը, իսկ Արթուր Սայունցի մասով գործի վարույթը կարճվել է, և քրեական հետապնդումը դադարեցվել` վերջինիս մահվան կապակցությամբ:
6. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի փետրվարի 1-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանի պաշտպան Մ.Բադալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ բավարարվել է. Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնվել է անփոփոխ:
7. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 31-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Բողոքի հեղինակը, վերլուծելով գործի հանգամանքները, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով գործը ողջամիտ ժամկետում քննելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն ու Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, անհիմն կերպով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
8.1. Բողոքի հեղինակը գտել է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը սահմանափակել է ամբաստանյալի և պաշտպանի իրավունքները։ Ըստ բողոքաբերի՝ գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից ակնհայտ է, որ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը և նրա պաշտպան Մ.Բադալյանը դատաքննությունը ձգձգելու համար կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել: Այդ պայմաններում Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ ամբաստանյալը չարաշահում է իր իրավունքները և փաստել քննությունը ձգձգելու պաշտպանության կողմի նպատակը, դատաքննությունը համարել է ավարտված և շարունակել է վարույթի բնականոն ընթացքը՝ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտումը բացառելու նպատակով։
8.2. Բողոքաբերը նշել է, որ թեև ամբաստանյալը 2021 թվականի փետրվարի 1-ին կայացած դատական նիստում պնդել է, որ ունի առողջական խնդիրներ և ի վիճակի չէ ցուցմունք տալու, այնուամենայնիվ նա որևէ կերպ չի վիճարկել դատական նիստից առաջ բժշկական հետազոտում անցած լինելու հանգամանքը, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից անհիմն կերպով կասկածի տակ է դրվել:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 1-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Ալեքսանդր Բաղդագյուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև օժանդակել է նշված թմրամիջոցը առանց իրացնելու նպատակի ձեռքբերման փորձին:
Այսպես՝
Արթուր Սայունցը առանց իրացնելու նպատակի Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու և թմրամիջոցն իր կազմակերպմամբ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու շուրջ 2018 թվականի դեկտեմբերի 18-ից 19-ը ընկած ժամանակահատվածում համաձայնության է եկել Ալեքսանդր Բաղդագյուլյանի հետ: Այնուհետև Արթուր Սայունցը թմրամիջոց ձեռք բերելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական +98-905-549-13-23 հեռախոսահամարն օգտագործող, ինքնությունը չպարզված ոմն «Ալիի» հետ, համաձայնեցրել ձեռք բերվելիք թմրամիջոցի տեսակը, քանակը և գինը, որից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, Ալեքսանդր Բաղդագյուլյանին հայտնել է այդ մասին, հրահանգել նրան «Մեղրի» սահմանային անցակետով անցնել ԻԻՀ, հանդիպել վերոհիշյալ «Ալիին», նրանից ձեռք բերել թմրամիջոցը: Միաժամանակ Արթուր Սայունցը Ալեքսանդր Բաղդագյուլյանին է փոխանցել թմրամիջոցի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը՝ 100.000 ՀՀ դրամ, և հրահանգել թմրամիջոցը թաքցնել կոշիկների մեջ՝ մաքսային հսկողության ժամանակ չբացահայտվելու համար:
Բացի այդ, նկատի ունենալով, որ Ալեքսանդր Բաղդագյուլյանը վատառողջ է, նրան Սյունիքի մարզի Գորիս քաղաքից «Մեղրի» սահմանային անցակետ հասցնելու և հետ վերադարձնելու համար Արթուր Սայունցը պայմանավորվել է նաև Արթուր Հարությունյանի հետ, ում նույնպես հայտնել է Ալեքսանդր Բաղդագյուլյանի միջոցով ԻԻՀ-ից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու մտադրության մասին և ստացել այդ հարցում իրեն օժանդակելու Արթուր Հարությունյանի համաձայնությունը:
2018 թվականի դեկտեմբերի 20-ին Արթուր Սայունցի ցուցումով Արթուր Հարությունյանը Ալեքսանդր Բաղդագյուլյանի կողմից շահագործվող ՎԱԶ 2110 մակնիշի 35 SZ 549 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վերջինին տեղափոխել է ՀՀ պետական սահմանի «Մեղրի» անցակետ, որտեղից Ալեքսանդր Բաղդագյուլյանը հետիոտն անցել է ԻԻՀ` Արթուր Սայունցի ասած «Ալիի» հետ հանդիպելու համար, սակայն հանդիպումը չի հաջողվել: Տեղեկանալով այդ մասին՝ Արթուր Սայունցը պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական +98-914-757-71-61 հեռախոսահամարն օգտագործող, ԻԻՀ Ալամդար քաղաքում գտնվող ինքնությունը չպարզված ոմն «Ալիի» հետ և կարճ տեքստային հաղորդագրությամբ նրա տվյալները փոխանցել է Ալեքսանդր Բաղդագյուլյանին ու հրահանգել է նրան գնալ Ալամդար, ներկայանալ Սևակի անունից և ձեռք բերել թմրամիջոցը: Նույն օրը՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, Ալեքսանդր Բաղդագյուլյանը գնացել է Ալամդար, Արթուր Սայունցի ուղարկած տվյալներով կապ հաստատել ինքնությունը չպարզված անձի հետ, 100.000 ՀՀ դրամով Արթուր Սայունցի համար ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 197,58 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց՝ երկու փաթեթով: Այնուհետև նշված թմրամիջոցով փաթեթներն իր հետ տեղափոխել է հայ-իրանական պետական սահման և Արթուր Սայունցի կազմակերպմամբ մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, կոշիկների մեջ պահելով, թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Եվրասիական տնտեսական միության մաքսային և ՀՀ պետական սահմանով: Այնուհետև Ալեքսանդր Բաղդագյուլյանը հանդիպել է «Մեղրի» անցակետի մոտ իրեն սպասող Արթուր Հարությունյանին, ավտոմեքենայում տեղավորել թմրամիջոցով փաթեթները, որից հետո միասին ուղևորվել են Գորիս՝ թմրամիջոցը Արթուր Սայունցին փոխանցելու համար: Սյունիքի մարզի Քաջարան քաղաք չհասած Ալեքսանդր Բաղդագյուլյանը և Արթուր Հարությունյանը բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում Արթուր Սայունցն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը ձեռք բերելը»2:
11. Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության ուսումնասիրությամբ պարզ է դառնում հետևյալը.
- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին դատաքննության փուլը հայտարարել է ավարտված և անցում է կատարել դատական վիճաբանությունների փուլին: Պաշտպան Մ.Բադալյանը միջնորդել է պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար ժամանակ տրամադրել, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է3:
- 2020 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է` պաշտպանների բացակայության պատճառով4:
- 2020 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակված դատական նիստը պաշտպան Մ.Բադալյանի միջնորդության հիման վրա հետաձգվել է` նկատի ունենալով վերջինիս վատառողջ լինելը5:
- 2021 թվականի հունվարի 14-ի դատական նիստի ժամանակ պաշտպան Մ.Բադալյանը միջնորդել է վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը ցուցմունք տալու ցանկություն ունի: Դատաքննությունը վերսկսվել է, սակայն ամբաստանյալը հայտնել է, որ պատրաստ չէ ցուցմունք տալու, պետք է խորհրդակցի պաշտպանի հետ, ինչին ի պատասխան, դատարանն առաջարկել է ամբաստանյալին ժամանակ տրամադրել՝ պաշտպանի հետ խորհրդակցելու համար, որին պաշտպան Մ.Բադալյանը առարկել է, հայտարարելով, որ մեկ օրում չի կարող, ծավալուն գործ է, ամբողջ քրեական գործը պետք է վերցնի և հանդիպի պաշտպանյալին: Ա.Բաղդագյուլյանը և նրա պաշտպանը միջնորդել են հետաձգել դատական նիստը: Հիշյալ միջնորդությունը Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է6:
- 2021 թվականի փետրվարի 1-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը նշել է, որ ջերմում է, ունի բարձր զարկերակային ճնշում, ի վիճակի չէ ցուցմունք տալ, և խնդրել է հետաձգել դատական նիստը: Նախագահող դատավորը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկից, ինչպես նաև դատարանում ամբաստանյալի առողջական վիճակը հետազոտած բժշկից ճշտել է, որ ամբաստանյալը չի ջերմել, վատառողջ չէ և ի վիճակի է ցուցմունք տալու: Ամբաստանյալը, չվիճարկելով մինչև դատական նիստը բժշկական հետազոտում անցած լինելու հանգամանքը, այնուամենայնիվ պնդել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալու: Նախագահող դատավորն արձանագրել է, որ ամբաստանյալը չարաշահում է իր իրավունքներն ու մերժել է դատական քննությունը հետաձգելու մասին պաշտպանի միջնորդությունը: Այնուհետև դատարանը դատաքննությունը համարել է ավարտված՝ անցնելով դատական վիճաբանությունների փուլին: Ի պատասխան պաշտպան Մ.Բադալյանի այն հայտարարությանը, որ պատրաստ չէ պաշտպանական ճառին և դատարանը սահմանափակել է իր պաշտպանյալի իրավունքները, նախագահող դատավորն արձանագրել է, որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, դատաքննությունն ավարտվելուց հետո, պաշտպան Մ.Բադալյանի միջնորդությամբ ժամանակ է տրամադրվել ճառին պատրաստվելու համար, դրանից հետո չորս դատական նիստ է նշանակվել և պաշտպան Մ.Բադալյանը շուրջ երեք ամիս ժամանակ է ունեցել ճառին պատրաստվելու համար: Նախագահող դատավորը նշել է, որ պաշտպան Մ.Բադալյանը ևս թույլ է տալիս իր իրավունքների չարաշահում: Այնուհետև ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանն է հայտնել, որ պատրաստ չէ պաշտպանական ճառին: Նախագահող դատավորն արձանագրել է, որ ամբաստանյալը և պաշտպանը հրաժարվել են օգտվել ճառի իրավունքից: Ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը վերջին խոսք ևս չի ասել, նշելով, որ կօգտվեր այդ իրավունքից, եթե իրեն տրվեր ցուցմունք տալու հնարավորություն: Դրանից հետո դատարանը գործի քննությունը համարել է ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու7:
11.1. Առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրվել է. «(...) Վերլուծելով ու գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները և գործի նյութերն իրենց համակցությամբ, դրանց գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչպես նաև դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, դատարանը հաստատված է համարում, որ
- Ալեքսանդր Հովհաննեսի Բաղդագյուլյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ու ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268 հոդվածի 3-րդ մասով և որակվում են որպես Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով և Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն ու առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձի օժանդակում: (…)»8:
12. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն կերպով սահմանափակվել է ամբաստանյալ Ալեքսանդր Հովհաննեսի Բաղդագյուլյանի ցուցմունք տալու իրավունքը, ինչը հանդիսանում է վերջինիս արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին, մեղադրյալին կամ ամբաստանյալին պարտավոր է ընձեռնել հնարավորություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել իր պաշտպանության իրավունքը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատական նիստի ընթաքում արձանագրված տվյալներն առ այն, որ ՔԿՀ-ից, ինչպես նաև բժշկից ստացված տվյալների համաձայն ամբաստանյալի մոտ առկա չեն առողջական խնդիրներ, հիմնավորված չեն և հաստատված չեն որևէ փաստական տվյալով:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ոչ դատական նիստի արձանագրությունից, ոչ կայացված դատական ակտից ըստ էության հնարավոր չէ պարզել դատական նիստի ընթացքում ամբաստանյալին բժշկական հետազոտության ենթարկելու հանգամանքը: Առաջին ատյանի դատարանը բավարարվել է բանավոր արձանագրությամբ առ այն, որ ՔԿՀ-ից ճշտել է այն մասին, որ ամբաստանյալն առողջական խնդիրներ չի ունեցել, ինչպես նաև բժիշկը հայտնել է ամբաստանյալի մոտ առողջական խնդիրների բացակայության մասին (դատական նիստի արձանագրությամբ չի բացահայվում, թե ինչ պայմաններում է Առաջին ատյանի դատարանը բժշկից նման տեղեկատվություն ստացել և ինչ փաստական հիմք է առկա առողջական խնդիրների բացակայության վերաբերյալ եզրահանգման համար): Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, Առաջին ատյանի դատարանի բանավոր պարզաբանումը տվյալ պարագայում չէր կարող համարվել բավարար փաստարկ՝ դատական քննության ամենախոցելի սուբյեկտի՝ ամբաստանյալի ցուցմունք տալու իրավունքի սահմանափակման համար:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով թույլ է տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, հանգեցրել է օրինականության ու մրցակցային դատավարության սկզբունքների խախտման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտ կայացնելուն, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն հիմք է հանդիսանում բողոքարկված դատական ակտը բեկանելու համար:
Ընդ որում, Վերաքննիչ դատարանը նաև արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի թույլ տված դատական սխալը հանգեցրել է նրան, որ ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա դրանք վերացնելու ու գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ կայացնելու հնարավորությունն ըստ էության բացակայում է: (...)»9:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը սահմանափակել է ամբաստանյալ Ալեքսանդր Բաղդագյուլյանի և նրա պաշտպանի իրավունքները։
14. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
14.1 ՀՀ Սահմանադրական դատարանը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ողջամիտ ժամկետ» եզրույթը չի բացառում տարբեր գործոններով պայմանավորված` գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայությունը և դրանով պայմանավորված` նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի քննությունը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը։ Դա միաժամանակ ենթադրում է դատարանի կողմից գործի քննությունն անհարկի, կամայականորեն ձգձգելը բացառելու պատվիրան10։
14.2. Վենետիկի հանձնաժողովն անդրադառնալով ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքին` նշել է, որ դատական վարույթի տևողությունը, անշուշտ, ազդում է այդ վարույթի կողմերից առնվազն մեկի շահերի վրա. իրավամբ, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի` ողջամիտ ժամկետի պահանջի գերազանցումը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի այլ կարևոր դրույթների (ընթացակարգային) խախտումների11։
14.3. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր հերթին նշել է, որ արդարադատության իրականացման չափազանց երկար ձգձգումները ներկայացնում են լուրջ վտանգ, մասնավորապես` իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից12:
15. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) ողջամիտ ժամկետում (…) դատաքննության իրավունք»։
15.1. Մեկնաբանելով անձի՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանն իրազեկ է այն դժվարություններին, որոնք ձգձգում են գործերի քննությունն ազգային դատարանների կողմից և որոնք պայմանավորված են բազմապիսի հանգամանքներով։ Այնուամենայնիվ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է, որ գործերը քննության առնվեն ողջամիտ ժամկետում. Եվրոպական կոնվենցիան ընդգծում է առանց այնպիսի ձգձգումների արդարադատություն իրականացնելու կարևորությունը, որոնք կարող են վարկաբեկել դրա արդյունավետությունն ու ճշմարտացիությունը13,
- պետությունները պարտավոր են ստեղծել այնպիսի իրավական համակարգ, որ դատարանները համապատասխանեն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին, ներառյալ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը14,
- քրեական գործերով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի նպատակն է ապահովել, որ անձինք մեղադրված չլինեն չափազանց երկար, և որոշվի մեղադրանքի հիմնավորվածությունը15,
- քրեական գործերում այն ժամկետը, որի նկատմամբ կիրառելի է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ընդգրկում է նշված վարույթն ամբողջությամբ՝ ներառյալ բողոքարկման վարույթը16,
- վարույթի տևողության ողջամտությունը որոշվում է գործի այն հանգամանքների լույսի ներքո, որոնք պահանջում են ընդհանուր գնահատում17,
- որոշելիս, թե արդյո՞ք քրեական վարույթի տևողությունը ողջամիտ է եղել, թե ոչ, պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործի բարդությունը, դիմումատուի վարքագիծը, իրավասու մարմինների վարքագիծը, դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները18։ Չնայած նրան, որ գործը կարող է որոշակի բարդության լինել, չեն կարող չպարզաբանված անգործության երկար ժամանակահատվածները համարվել «ողջամիտ»19։ Դիմումատուի վարքագիծն օբյեկտիվ փաստ է համարվում, որը չի կարող վերագրվել Պատասխանող պետությանը, և որը պետք է հաշվի առնել՝ որոշելիս, թե արդյոք վարույթի տևողությունը գերազանցում է ողջամիտ ժամկետը, թե ոչ (օրինակ՝ Eckle v. Germany գործով դիմումատուներն ավելի ու ավելի էին դիմում այնպիսի գործողությունների, որոնք հավանաբար կձգձգեին վարույթը, ինչպիսին է դատավորներին կանոնավոր բացարկ հայտնելը. այս գործողությունների որոշ մասը կարող էր նույնիսկ ենթադրել կանխամտածված կերպով խոչընդոտների ստեղծում)20։
16. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` «Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով»:
Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
2. Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝
1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,
2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,
3) գործի քննության ընդհանուր տևողությունը,
4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի քննության միջին ուղենիշային տևողությունը։ (…)»:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի (…) դատարանի կողմից իր գործի (…) ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախագահողը նախապատրաստում և ղեկավարում է դատարանի նիստը, միջոցներ է ձեռնարկում ապահովելու քրեական գործի արդարացի քննությունը և պահպանելու սույն օրենսգրքի այլ պահանջներ, ինչպես նաև դատարանի նիստին ներկա գտնվող անձանց պատշաճ վարքագիծը»:
17. Սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ ողջամիտ ժամկետում դատաքննության սկզբունքը մարդու հիմնարար իրավունքներից է21։ Այն անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է և միտված է հնարավորինս սեղմ ժամկետում գործի քննությունն ապահովելուն ու անձի իրավունքների, շահերի առնչությամբ իրավական վեճը հանգուցալուծելուն և վերջնական դատական ակտ կայացնելուն։ Ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի երաշխավորումն ապահովում է նաև սոցիալական արդարության վերականգնումը, նպաստում հանցագործությունների կանխմանը և խափանմանը, հանցավոր ոտնձգություններին արդյունավետորեն հակազդելու պետության կարողությունների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը։ Հետևաբար, նախնական քննություն և դատական քննություն իրականացնող իրավասու մարմինները պետք է անհրաժեշտ ջանասիրություն դրսևորեն՝ ողջամիտ ժամկետում անձի դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ22։
18. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վարույթի տևողության ողջամտությունը որոշելիս յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ հաշվի են առնվում հետևյալ չափանիշները.
- գործի բարդությունը,
- շահագրգիռ անձի վարքագիծը,
- շահագրգիռ անձի համար գործի տևական քննության հետևանքները,
- գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով իրավասու մարմինների կողմից ձեռնարկած միջոցառումները և դրանց արդյունավետությունը,
- գործի քննության ընդհանուր տևողությունը23:
19. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված չափանիշներից՝ շահագրգիռ անձի (մեղադրյալի, պաշտպանի, օրինական ներկայացուցչի, տուժողի, տուժողի իրավահաջորդի, նրա ներկայացուցչի) վարքագիծը որոշ դեպքերում կարող է էական ազդեցություն ունենալ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման հարցում, ուստի ենթակա է առանձին գնահատման։ Ըստ այդմ, անհրաժեշտ է գնահատման ենթարկել, թե դատավարության տևողությունը ձգձգող պատճառներն ընդհանուր առմամբ արդյո՞ք ձևավորվել են դատավարության մասնակցի դրսևորած վարքագծի արդյունքում։ Այսպես, հարկ է պարզել, թե արդյո՞ք դատական նիստերը հետաձգվել են պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նշված դատավարության մասնակիցների` դատական նիստերին պարբերաբար չներկայանալու պատճառներով, արդյո՞ք դրանք եղել են հարգելի, թե անհարգելի, արդյո՞ք նշված դատավարության մասնակիցներն իրենց դատավարական իրավունքներից օգտվել և իրենց դատավարական պարտականությունները կատարել են բարեխղճորեն, թ՞ե իրենց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել, որոնք հավանաբար կձգձգեին գործի վարույթը24։ Վերջինի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյո՞ք անձը չարաշահել է իր դատավարական իրավունքները («abuse of rights»): Որպես օրինակ կարող են լինել այն դեպքերը, երբ անձի վարքագիծը հանգեցնում է դատական նիստերի պարբերաբար հետաձգման (այդ նպատակով անձը ներկայացնում է միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու և գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, ընդ որում` որոշ դեպքերում` ամբողջությամբ գործի նյութերին նախաքննության ավարտին ծանոթացած լինելու պայմաններում, ներկայացնում է բացարկի և ինքնաբացարկի միջնորդություններ, հանդես գալիս հայտարարություններով, փոխում կամ հրաժարվում պաշտպանից, խախտում դատական նիստի կարգը, անհարգալից վերաբերմունք դրսևորում դատարանի նկատմամբ)։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավական պաշտպանության միջոցներից բարեխղճորեն, իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտվելը չի կարող գնահատվել որպես շահագրգիռ սուբյեկտների կողմից գործի քննությունը դանդաղեցնող վարքագծի դրսևորում:
20. Վճռաբեկ դատարանը նաև ընդգծում է, որ ողջամիտ ժամկետների պահպանման տեսանկյունից հատուկ ջանասիրության պետք է արժանանան այն գործերը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետում քննության չառնելու դեպքում էապես վնաս կհասցվի արդարադատության շահերին, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Այդ առումով կարող են ուշադրության արժանանալ, մասնավորապես, դատական կազմի փոփոխության կամ այլ հիմքով դատական քննությունը վերսկսված գործերը:
21. Վճռաբեկ դատարանը նաև կարևորում է դատարանի կողմից գործի քննության արագությունն ապահովելու համատեքստում գործով նշանակված դատական նիստերի հաճախականության, ինչպես նաև գործի քննության անհարկի ձգձգումները նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատումը (ինչպես օրինակ՝ ապացույցների հետազոտման արդյունավետ կարգի սահմանումը, ապացույցների հետազոտման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, գործի պատշաճ քննության համար անհրաժեշտ փաստական տվյալների ժամանակին ստացումը)։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով՝ դատական նիստը նախագահողը պետք է ձեռնարկի ողջամտորեն անհրաժեշտ միջոցառումներ` գործի քննությունը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու համար։
22. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթները և դրա գնահատման վերաբերյալ մշակված չափանիշները նպատակ ունեն շահագրգիռ անձին պաշտպանելու երկարատև անորոշ իրավական վիճակից և ապահովելու արդարադատության իրականացումն առանց ձգձգումների` երաշխավորելով գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը՝ ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ հասարակության համար:
23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին դատաքննության փուլը հայտարարել է ավարտված և անցում է կատարել դատական վիճաբանությունների փուլին: Պաշտպան Մ.Բադալյանը միջնորդել է պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար ժամանակ տրամադրել, ինչն Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:
- 2020 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է պաշտպանների բացակայության պատճառով:
- 2020 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է պաշտպան Մ.Բադալյանի միջնորդության հիման վրա` վերջինիս վատառողջ լինելու պատճառով:
- 2021 թվականի հունվարի 14-ի դատական նիստի ժամանակ պաշտպան Մ.Բադալյանը միջնորդել է վերսկսել դատաքննությունը՝ նշելով, որ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը ցուցմունք տալու ցանկություն ունի: Դատաքննությունը վերսկսվել է, սակայն ամբաստանյալը հայտնել է, որ պատրաստ չէ ցուցմունք տալ, պետք է խորհրդակցի պաշտպանի հետ, ինչին ի պատասխան, դատարանն առաջարկել է ժամանակ տրամադրել՝ պաշտպանի հետ խորհրդակցելու համար, որին պաշտպան Մ.Բադալյանն առարկել է և հայտարարել, որ մեկ օրը բավարար չէ, գործը ծավալուն է, քրեական գործն ամբողջությամբ պետք է վերցնի և հանդիպի իր պաշտպանյալին: Ա.Բաղդագյուլյանը և նրա պաշտպանը միջնորդել են հետաձգել դատական նիստը: Հիշյալ միջնորդությունը Առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:
- 2021 թվականի փետրվարի 1-ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը նշել է, որ ջերմում է, ունի բարձր զարկերակային ճնշում, ի վիճակի չէ ցուցմունք տալ, և խնդրել է հետաձգել դատական նիստը: Նախագահող դատավորը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկից, ինչպես նաև դատարանում ամբաստանյալի առողջական վիճակը հետազոտած բժշկից ճշտել է, որ ամբաստանյալը չի ջերմել, վատառողջ չէ և ի վիճակի է ցուցմունք տալու: Ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը, չվիճարկելով մինչև դատական նիստը բժշկական հետազոտում անցած լինելու հանգամանքը, այնուամենայնիվ պնդել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը չարաշահում է իր իրավունքներն ու մերժել է դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը: Այնուհետև դատարանը դատաքննությունը համարել է ավարտված՝ անցնելով դատական վիճաբանությունների փուլին: Դատական վիճաբանությունների փուլում պաշտպան Մ.Բադալյանը և ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը նշել են, որ պատրաստ չեն պաշտպանական ճառին, ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը հրաժարվել է նաև վերջին խոսքից: Նախագահող դատավորը դա գնահատել է որպես իրավունքի չարաշահում, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին դատաքննությունն ավարտվելուց հետո, նշանակված չորս դատական նիստերը հետաձգվել են և պաշտպան Մ.Բադալյանը շուրջ երեք ամիս ժամանակ է ունեցել ճառին պատրաստվելու համար: Նախագահող դատավորը, արձանագրելով, որ ամբաստանյալը և պաշտպանը հրաժարվել են օգտվել իրենց իրավունքից, գործի քննությունը համարել է ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու25:
- Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն կերպով սահմանափակվել է ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանի՝ ցուցմունք տալու իրավունքը, ինչը հանդիսանում է վերջինի արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս: Վերաքննիչ դատարանը նշել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն ամբաստանյալին պարտավոր է ընձեռել հնարավորություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու իր պաշտպանության իրավունքը: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից դատական նիստի ընթացքում արձանագրված տվյալներն առ այն, որ քրեակատարողական հիմնարկից, ինչպես նաև բժշկից ստացված տվյալների համաձայն՝ ամբաստանյալի մոտ առկա չեն առողջական խնդիրներ, հիմնավորված չեն և հաստատված չեն որևէ փաստական տվյալով: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է օրինականության ու մրցակցային դատավարության սկզբունքների խախտման26:
24. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-22-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
24.1. Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը և պաշտպան Մ.Բադալյանն իրենց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել դատական քննությունը ձգձգելու նպատակով: Մասնավորապես, նշվածի մասին են վկայում Առաջին ատյանի դատարանի կողմից դատական վիճաբանությունների փուլում պաշտպանի միջնորդությամբ պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար ժամանակ տրամադրելուց հետո նշանակված դատական նիստին պաշտպանի չներկայանալու, շուրջ մեկ ամիս անց նշանակված նիստին ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանի կողմից ցուցմունք տալու ցանկությամբ պայմանավորված դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացնելու հանգամանքները։ Ավելին, նշված միջնորդությունը բավարարելուց և դատաքննությունը վերսկսելուց հետո Ա.Բաղդագյուլյանը հրաժարվել է ցուցմունք տալուց` պատճառաբանելով, որ պետք է խորհրդակցի պաշտպանի հետ։ Խորհրդակցության համար ժամանակ տրամադրելու դատարանի առաջարկը չընդունելուց հետո, Առաջին ատյանի դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և նիստը հետաձգել տևական ժամանակով։ Հաջորդ դատական նիստին ամբաստանյալը դարձյալ ցուցմունք չի տվել` պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի։ Արդյունքում, դատական նիստերը շուրջ երեք ամիս ձգձգելուց հետո պաշտպանական կողմն այդպես էլ ճառով հանդես չի եկել, իսկ ամբաստանյալը ցուցմունք չի տվել, չնայած որ այդպիսի հնարավորություն Առաջին ատյանի դատարանի կողմից նրանց ողջամտորեն ընձեռվել է։
24.2. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված տվյալներր հիմնավորված չեն և որևէ փաստական տվյալով հաստատված չեն, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն փաստարկը, որ թեև ամբաստանյալը պնդել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալու, այնուամենայնիվ նա որևէ կերպ չի վիճարկել դատական նիստից առաջ բժշկական հետազոտում անցած լինելու հանգամանքը, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից անհիմն կերպով կասկածի տակ է դրվել:
25. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն կերպով սահմանափակվել է ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանի՝ ցուցմունք տալու իրավունքը, ինչը հանդիսանում է վերջինի արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս, ինչպես նաև եզրահանգելով, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն ամբաստանյալին պարտավոր է ընձեռել հնարավորություն՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու իր պաշտպանության իրավունքը, անտեսել է միջազգայնորեն ճանաչված այն կանոնները, որ դատավարության մասնակիցները, այդ թվում նաև ամբաստանյալը, երաշխավորված իրավունքներից պետք է օգտվեն բարեխղճորեն: Իսկ դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքներից բարեխղճորեն օգտվելու պարտականությունը ենթադրում է նաև համապատասխան դատավարական գործողությունն օրենքով սահմանված փուլում կամ ժամանակին իրականացնելու պահանջի պահպանում՝ այն բացառությամբ, որ կներկայացվեն սահմանված կարգից շեղվելու ողջամիտ և օբյեկտիվ պատճառներ։
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանը ցուցմունք տալու իր իրավունքից օգտվելու լիարժեք հնարավորություն ունեցել է նաև դրա իրացման համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված դատաքննության ընթացքում, երբ հետազոտվել են ապացույցները, սակայն չի ցանկացել օգտվել իր իրավունքից, միայն նշել է, որ պնդում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքը27։
26. Այսպիսով, պաշտպանական կողմի վարքագիծը՝ դատական վիճաբանությունների փուլում նիստին պաշտպանի չներկայանալը, դատական նիստերը տևական ժամանակով հետաձգելու միջնորդություններ պարբերաբար հարուցելը, այդ թվում՝ ցուցմունք տալուն պատրաստվելու համար քրեական գործի նյութերը ծավալուն լինելու պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ պաշտպանական կողմը նախաքննության ավարտից ի վեր ծանոթ է եղել քրեական գործի ողջ նյութերին, ակնհայտորեն վկայում է պաշտպանական կողմի` ցուցմունք տալու իրավունքից օգտվելու պատրվակով դատական նիստերն անհարկի ձգձգելու, դրանով իսկ գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու և իրենց իրավունքներից ոչ բարեխղճորեն օգտվելու` այդպիսիք չարաշահելու մասին:
27. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը մեջբերված իրավական կարգավորումները և դրանցից բխող՝ իրավունքի չարաշահման արգելքն ու արդարադատության պատշաճ կազմակերպման համատեքստում այն բացառելու անհրաժեշտությունը, անհիմն կերպով բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը։
28. Մինչդեռ, Առաջին ատյանի դատարանը, գործի քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համատեքստում, իրավացիորեն արձանագրել է, որ ամբաստանյալը չարաշահում է իր իրավունքներն ու մերժել է դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ ամբաստանյալի և պաշտպանի միջնորդությունը` դատաքննությունը համարելով ավարտված, անցել է դատական վիճաբանությունների փուլին: Դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալը և պաշտպանը չեն ցանկացել օգտվել ճառի, իսկ ամբաստանյալը՝ նաև վերջին խոսքի իրավունքից՝ պատճառաբանելով, որ ճառերով հանդես կգան միայն ցուցմունք տալուց հետո, ինչից ելնելով դատարանը գործի քննությունն իրավաչափորեն համարել է ավարտված և հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
29. Վճռաբեկ դատարանը սույն որոշման 20-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում հարկ է համարում նաև փաստել, որ միայն Առաջին ատյանի դատարանում գործի քննությունը տևել է շուրջ երկու տարի և դատական կազմի փոփոխության հիմքով դատական քննությունը երկու անգամ վերսկսվել է (գործը նախ եղել է դատավոր Հ.Մեխակյանի28, ապա դատավոր Մ.Շահվերդյանի29, որից հետո` դատավոր Ն.Օհանյանի30 վարույթում):
30. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանը սահմանափակել է ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանի և նրա պաշտպան Մ.Բադալյանի իրավունքները, հիմնավոր չէ:
31. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ, 43-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործի ելքի վրա, ինչը հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել նույն դատարան՝ նոր քննության` հաշվի առնելով, որ Ա.Բաղդագյուլյանի անմեղության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները քննարկման առարկա չեն դարձվել31։
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Ա.Բաղդագյուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված` կալանավորման հիմքերը շարունակում են պահպանվել, հետևաբար այն պետք է թողնել անփոփոխ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալեքսանդր Հովհաննեսի Բաղդագյուլյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Ամբաստանյալ Ալեքսանդր Հովհաննեսի Բաղդագյուլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 252-254:
3 Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթ 69:
4 Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթ 18, 69:
5 Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթ 34 -35, 36:
6 Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթ 51, 69:
7 Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթ 67, 69:
8 Տե՛ս նյութեր, հատոր 7, թերթեր 70-94:
9 Տե՛ս նյութեր, հատոր 8, թերթեր 132-156:
10 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-1074 որոշման 6-րդ կետը։
11 Տե'ս European Commission For Democracy Through Law (Venice Commission), report on the effectiveness of national remedies in respect of excessive length of proceedings, Study no. 316/ 2004, 3 April 2007, CDL-AD (2006) 036rev, կետ 19:
12 Տե'ս Council of Europe, Committee of Ministers, Interim Resolution ResDH (97) 336, 11 July 1997:
13 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` H. v. France գործով 1989 թվականի հոկտեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 10073/82, կետ 58:
14 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Zimmermann and Steiner v. Switzerland գործով 1983 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 8737/79, կետ 29:
15 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Wemhoff v. Germany գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 2122/64, կետ 18, Kart v. Turkey գործով 2009 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 8917/05, կետ 68։
16 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Konig v. Germany գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 98, V. v. The United Kingdom գործով 1999 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 24888/94, կետ 109։
17 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Boddaert v. Belgium գործով 1992 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 12919/87, կետ 36:
18 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Konig v. Germany գործով 1978 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 6232/73, կետ 99, Neumeister v. Austria 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, կետ 21, Frydlender v. France [GC] գործով 2000 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30979/96, կետ 43, Pedersen and Baadsgaard v. Denmark գործով 2004 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 49017/99, կետ 45, Aganikyan v. Armenia գործով 2018 թվականի ապրիլի 5-ի վճիռը, գանգատ թիվ 21791/12, կետ 31:
19 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Adiletta and others v. Italy գործով 1991 թվականի փետրվարի 19-ի վճիռը, գանգատներ թիվ 13978/88 14236/88 14237/88, կետ 17։
20 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Eckle v. Germany գործով 1982 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 8130/78, կետ 82։
21 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արմեն Դալլաքյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԼԴ/0082/13/09 որոշման 18-րդ կետը, Արմեն Սիմոնյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԳԴ1/0012/13/09 որոշման 17-րդ կետը։
22 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 19-րդ կետը:
23 Առավել մանրամասն տե'ս Վճռաբեկ դատարանի` Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշման 20-րդ կետը:
24 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Eckle v. Germany գործով 1982 թվականի հուլիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 8130/78, կետ 82։
25 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
26 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
27 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթեր 137-138:
28 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթ 4:
29 Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթ 4:
30 Տե՛ս նյութեր, հատոր 6, թերթ 2:
31 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|