ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2023 թվականի N 2127-Ն
ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2127-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու ընթացակարգերն ու պայմանները:
2. ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ
2. Կինոռեեստրը ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց է:
3. Կինոռեեստրը ստեղծում և դրա հետագա վարումն իրականացնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ ազգային մարմին)՝ էլեկտրոնային եղանակով։
4. Կինոռեեստրում գրանցվում են ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները:
5. Կինոռեեստրը բաղկացած է չորս բաժիններից՝
1) խաղարկային.
2) վավերագրական.
3) անիմացիոն.
4) այլ:
6. Կինոռեեստրի բաժիններից յուրաքանչյուրը բաղկացած է երկու ենթաբաժնից՝
1) լիամետրաժ.
2) կարճամետրաժ:
7. Կինոռեեստրի բովանդակությունը ներառում է՝
1) ֆիլմի անվանում.
2) ժանր.
3) ֆիլմի տեսակ (ֆիլմ/տեսանյութ).
4) արտադրության երկիր.
5) տնտեսավարող սուբյեկտ (տնտեսավարող սուբյեկտներ).
6) համարտադրող ընկերություն (համարտադրող ընկերություններ).
7) արտադրության տարի.
8) կրկնօրինակում (ստուդիա, երկիր, որտեղ կրկնօրինակվել է).
9) ռեժիսոր (ռեժիսորներ).
10) սցենարիստ (սցենարիստներ).
11) կոմպոզիտոր (կոմպոզիտորներ).
12) օպերատոր (օպերատորներ).
13) նկարիչ (նկարիչներ).
14) ֆիլմարտադրող (ֆիլմարտադրողներ).
15) գլխավոր դերակատար (գլխավոր դերակատարներ).
16) ֆորմատ (35 մմ, լայնաֆորմատ, թվային և այլն).
17) դրվագների քանակ (եթե կիրառելի է).
18) մասերի քանակ (գլանափաթեթներ կինոժապավենների համար).
19) թվային կրիչի ծավալ (MB կամ GB).
20) գունավոր/սև ու սպիտակ.
21) մետրաժ (կինոժապավենի դեպքում).
22) տևողություն.
23) հակիրճ բովանդակություն (սինոփսիս).
24) հանդիսատեսի տարիքային կատեգորիա.
25) ցուցադրություններ, մրցանակներ (պրեմիերա, կինոփառատոներ և այլն).
26) վերարտադրման, տարածման, հրապարակային ցուցադրման, ներմուծման, վարձույթի, կրկնօրինակման, եթեր հեռարձակելու, մալուխով հաղորդակցելու, հանրությանն իրազեկելու իրավունք ունեցող իրավաբանական անձի դեպքում՝ անվանում, գտնվելու վայր, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ նույնականացնելու հնարավորություն ընձեռող տվյալներ.
27) վարձութային վկայականի համար.
28) վարձութային վկայականի ամսաթիվ, ժամկետներ.
29) հաշվառման քարտի լրացման ամսաթիվ.
30) վարձույթի իրավունքների ավարտի ամսաթիվ.
31) վարձույթի իրավունքի տեսակ.
32) այլ նշումներ և տեղեկատվություններ:
8. Կինոռեեստրում տվյալների մուտքագրումն իրականացվում է ազգային ֆիլմի կարգավիճակ տրամադրելու, վարձութային վկայական տրամադրելու կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
9. Ֆիլմի վերաբերյալ կինոռեեստրում մուտքագրված սխալ տվյալների հայտնաբերման, ինչպես նաև ազգային մարմնի մասնագետի կողմից իրավատիրոջ, ֆիլմի տարածման իրավունքների տեսակների, ֆիլմի նկատմամբ իրավունքների օգտագործման ժամկետների կամ այլ նոր տեղեկություններ ստանալու դեպքում, կինոռեեստրում կատարվում են փոփոխություններ կամ լրացումներ ոչ ուշ, քան սխալ տվյալների հայտնաբերման կամ նոր տեղեկություններ ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
10. Կինոռեեստրում առկա տեղեկատվությունը բաց է և հասանելի ցանկացած շահագրգիռ անձի համար:
11. Կինոռեեստրում առկա տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է ազգային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում այդ տեղեկատվության տեղադրման միջոցով:
3. ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
12. Ազգային ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ ազգային մարմին` համաձայն «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրենքով սահմանված ժամկետների և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով սահմանված իրավունքների: Ազգային մարմինը՝ ազգային ֆիլմի փաստաթղթերի (այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութեր ու ֆիլմի բնօրինակ) պատճենները հանձնում է Հայաստանի ազգային արխիվ՝ համաձայն «Արխիվային գործի մասին» օրենքի: Ազգային մարմին և Հայաստանի ազգային արխիվ հանձնման ենթակա նյութերի ցանկը սահմանում է ազգային մարմինը:
13. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված այն ֆիլմը, որը բավարարում է հետևյալ պայմանները՝
1) ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
2) ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
3) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը։
14. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:
15. Ազգային մարմինը ֆիլմարտադրողի համար ապահովում է նրա կողմից ստեղծված ազգային ֆիլմի հիմնանյութերի ու բնօրինակի ազատ և անվճար հասանելիությունը:
16. Մինչև ազգային ֆիլմերի հիմնանյութերն ու բնօրինակը ազգային մարմին պահպանության հանձնելը՝ ֆիլմարտադրողն ապահովում է դրանց պահպանությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|