Գլխավոր տեղեկություն
Համար
N 2339-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-10.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2339-Լ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումն իրականացվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն միջոցառման իրականացման հիմնական նպատակն է նպաստել կենսաթոշակառուների գնողունակության բարձրացմանը՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս։

2. Միջոցառման իրականացումը նպատակ ունի նաև խթանելու անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնելու սպառողների, մասնավորապես, կենսաթոշակառուների և սոցիալական խոցելի խմբերի կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, մեծացնելու նշված գործիքների կիրառելիության տարածվածությունը։

3. Սույն միջոցառման մեջ կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) կենսաթոշակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված գումար՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակներ, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստներ և դրամական այլ վճարներ, որոնք վճարվում են կենսաթոշակի համար սահմանված կարգով․

2) ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն․

3) բանկ՝ ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ, որի միջոցով վճարվում է կենսաթոշակ․

4) բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ, որով վճարվում է կենսաթոշակ․

5) կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ).

6) ՊՈՍ-տերմինալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող սուբյեկտի մոտ տեղադրված՝ վճարային քարտերով վճարումներ ընդունող (ավտոմատ գանձող) սարք.

7) հետվճար՝ հաշվետու ժամանակահատվածում (տվյալ ամսում) կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտի միջոցով ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց ՊՈՍ-տերմինալներով կատարված անկանխիկ վճարումներից, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հաշվարկվող գումար։

4. Սույն միջոցառման շահառուներին հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 10%-ի չափով։

5. Կենսաթոշակառուին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 5000 դրամը:

6. Տվյալ ամսում կենսաթոշակառուին միաժամանակ մեկից ավելի բանկով կենսաթոշակի տարբեր տեսակներ վճարելու դեպքում 5000 դրամը կիրառվում է այդ ամսում բոլոր բանկերով կատարած գործարքների՝ սույն միջոցառման 4-րդ կետի համաձայն հաշվարկված հետվճարների հանրագումարի նկատմամբ և փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի գումարն առավելագույնն է:

7. Հետվճարի ամբողջ գումարը վճարվում է պետական բյուջեի միջոցներից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անկանխիկ գնումներից և վճարումների գործարքներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված իմաստները։

 

II. ՀԵՏՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

3. Հետվճարը հաշվարկվում է միջոցառմամբ սահմանված չափով։

4. Հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։ Հետվճարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

5. Հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2024 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ տվյալ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների արդյունքներով։

6. Նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալները հաշվարկում են բանկերը՝ հաշվարկից բացառելով այն գործարքները, որոնց գծով չի ձևավորվում հետվճար։

7. Բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ) ծառայությանն է տրամադրում հետվճարի շրջանակներում կենսաթոշակառուների կողմից տվյալ ամսում կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ սույն կարգի N 1 ձևով սահմանված տվյալները՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը։

8. Ծառայությունը ստացված տվյալները համադրում է համապատասխան տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալների հետ և կազմում է վճարման ցուցակ։

9. Վճարման ցուցակ չեն ներառվում համադրման օրվա դրությամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված շահառուների տվյալները։

10. Բանկը գումարը վերադարձնում է միայն բանկային հաշիվը փակված լինելու դեպքում։ Այս դեպքում մինչև հետվճարի գումարը փոխանցելու ամսվա վերջին աշխատանքային օրը հետվճարը բանկը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները:

11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով վերադարձված հետվճարը վճարվում է հաջորդ ամսվա հետվճարի գումարի հետ։

12. Հետվճարի վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերով, իսկ սոցիալական ապահովության հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով:

 

Ձև N 1

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Պարբերական դրամական վճարի գործի համարը և հետվճարի շրջանակներում անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալը դրամով։

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ` ՀԵՏՎՃԱՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Վերադարձման ենթակա հետվճարի չափը.

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի փոխանցված (վերադարձված)՝ հետվճարի չափը.

6. Գանձապետական հաշիվը, որին փոխանցվել (վերադարձվել) է հետվճարը.

7. Հետվճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ