Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-155-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.10.2008-17.10.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.985
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

 

«5. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծված ապրանքների վերամշակումից առաջացած թափոնները և մնացորդները ենթակա են հայտարարագրման սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում՝ վճարելով ընտրված մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 47.2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետից հանել «և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության» բառերը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանված ապրանքների վերամշակումից առաջացած թափոնները և մնացորդները ենթակա են հայտարարագրման սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետը լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում՝ վճարելով ընտրված մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 49-րդ հոդվածը «ստացվելիք արդյունքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.

«ը) մաքսային հսկողության տարածքի կազմակերպում:».

2) 2-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «և գործունեության իրականացման համար անհրաժեշտ չափանիշները» բառերով.

3) 3-րդ կետի «դ» ենթակետի «1-ին կետի «ա»-«գ», «ե» և «զ» ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերահսկողության իրականացման նպատակով վերադաս մաքսային մարմինը վարում է մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստր, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 62-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով.

«ե) ապահովել մաքսային հսկողության համար Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պայմանները և չափանիշները.

զ) ապահովել մաքսային պահեստների շենքերի և տարածքների առանձնացումը (պարսպապատումը) այլ տարածքներից».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Մաքսային պահեստների տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Պահեստային տարածք հանձնված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են իրականացվել ապրանքների նախապատրաստում հետագա առաքման և վաճառքի համար, խմբաքանակների բաժանում, տեսակավորում, փաթեթավորում, վերափաթեթավորում, մակնշում, բեռնում, բեռնաթափում, դրոշմավորում և ցանկացած այլ գործողություն, որը չի հանգեցնում ապրանքի հատկանիշների և նպատակային նշանակության փոփոխության: Պահեստային տարածքից ապրանքների տեղափոխումն անմաքս առևտրի խանութի սրահ կատարվում է մաքսային մարմինների հսկողության ներքո: Պահեստի և առևտրի սրահների ապրանքների շարժի հաշվառումը և հսկողությունը կատարվում են վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 65.3-րդ հոդվածում 5-րդ կետի «վճարների» բառը փոխարինել «վճարներով գանձման» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 69-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 69. Մաքսային միջնորդի (բրոքերի) իրավունքներն ու պարտականությունները»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 69-րդ հոդվածի պարբերությունը համարել 1-ին կետ և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.

 

«2. Մաքսային միջնորդը (բրոքերը) պարտավոր է`

ա) կատարել իր կողմից իրականացված միջնորդական գործունեությունների հաշվառումը և մաքսային մարմիններին ներկայացնել հաշվետվություն կատարված մաքսային ձևակերպումների վերաբերյալ` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով.

բ) ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն.

գ) մաքսային մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները.

դ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկություններ.

ե) մաքսային մարմնի պահանջով ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննմանը.

զ) իրավաբանական հասցեի, գտնվելու և (կամ) գործունեության վայրերի, տնօրենի, մաքսային ձևակերպումների մասնագետների փոփոխության դեպքում դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել վերադաս մաքսային մարմնին.

է) ապահովել իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 70-րդ հոդվածի պարբերությունը համարել 1-ին կետ և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-5-րդ կետերով.

 

2. «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստանալու համար պարտադիր պայմաններ են`

ա) մաքսային օրենսդրությանը տիրապետելը.

բ) մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացությունը:

3. Որակավորման քննությունների ծրագրերը և դրանց անցկացման կարգը սահմանում է վերադաս մաքսային մարմինը: Որակավորման քննություններն ընդունում է վերադաս մաքսային մարմնի ստեղծած հանձնաժողովը: Որակավորման քննությունը դրական հանձնած անձանց տրվում է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական, որի գործողության ժամկետը երկու տարի է:

4. Մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությունը դադարեցվում է, եթե`

ա) հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.

բ) օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.

գ) մաքսային մասնագետը, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր ներկայացրած անձանց պետական, առևտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

դ) մաքսային ձևակերպումների մասնագետը մեկ տարվա ընթացքում երկուսից ավելի անգամ մաքսային կանոնների խախտման համար ենթարկվել է պատասխանատվության.

ե) մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

5. Մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությունը դադարեցվելու դեպքում անձը իրավունք ունի իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու վերադասության կարգով կամ դատարան:»:

 

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ  10.1.

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

Հոդված 71.1. Մաքսային հսկողության տարածքը

 

1. Մաքսային հսկողության տարածքը մեկ կամ մի քանի առանձնացված շենքերի, բաց հրապարակների համախումբ է, որտեղ մաքսային հսկողության ներքո պահպանվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծված և դեռևս որևէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:

2. Մաքսային հսկողության տարածք կարող են կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստացած Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք:

3. Մաքսային հսկողության տարածքում արգելվում է այլ առևտրային գործունեության իրականացումը:

4. Մաքսային հսկողության տարածքի բոլոր շինություններն ամբողջությամբ պետք է ներառված լինեն մաքսային հսկողություն իրականացնելու տարածքում: Արգելվում է մաքսային հսկողության տարածք մաքսային հսկողությունից դուրս գտնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մուտքը, բացառությամբ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների:

 

Հոդված 71.2. Մաքսային հսկողության տարածքի մուտքն ու ելքը

 

Մաքսային հսկողության տարածքներ անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքն իրականացվում են մաքսային մարմինների թույլտվությամբ:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 72-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մաքսային փոխադրողը սույն օրենսգրքով սահմանված կարգով մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումն իրականացնող և սույն օրենսգրքի 59 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձն է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Մաքսային փոխադրողը պարտավոր է`

ա) կատարել մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրումների հաշվառում և մաքսային մարմիններին վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ներկայացնել հաշվետվություն այդ փոխադրումների վերաբերյալ.

բ) ունենալ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների փոխադրման համար մաքսային ապահովումների միջոցների կիրառման հնարավորություն ունեցող սեփական կամ վարձակալված տրանսպորտային միջոցներ.

գ) իրավաբանական հասցեի, գտնվելու և (կամ) գործունեության վայրերի, տնօրենի փոփոխության դեպքում դրանց վերաբերյալ 15-օրյա ժամկետում տեղեկատվություն տրամադրել վերադաս մաքսային մարմնին.

դ) ապահովել իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը պետք է Հայաստանի Հանրապետություն ներմուծվի մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրվանից 180 օրվա ընթացքում:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 111-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

 

«ե) ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետում՝

 

1) «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

2) «դ» ենթակետի «8-րդ կետի» բառերը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխված ապրանքների վերամշակումից առաջացած թափոններ կամ մնացորդներ»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո մինչև հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումը դրանում անճշտությունների և (կամ) սխալների հայտնաբերման դեպքում ընդունված մաքսային հայտարարագիրը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով անվավեր է համարվում, և հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների համար լրացվում է նոր մաքսային հայտարարագիր: Ընդունված մաքսային հայտարարագիրը անվավեր է համարվում նաև այն դեպքում, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով:».

2) 2-րդ կետի «ա» ենթակետում «որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «որոշումն ընդունելուց հետո` առնվազն մեկ աշխատանքային օրվա ընթացքում,» բառերով.

3) 5-րդ կետը «չհամարելու» բառից հետո լրացնել «կամ չփոփոխելու» բառերով.

4) 5-րդ և 6-րդ կետերը «անվավեր համարվել» բառերից հետո լրացնել «կամ փոփոխվել» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Հայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո մաքսային մարմինների ընդունած մաքսային հայտարարագիրը հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրի միջոցով կարող է փոփոխվել և (կամ) լրացվել` վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով ճշգրտումների փաստաթուղթ կազմելով, որը համարվում է ընդունված հայտարարագրի անբաժանելի մասը:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 150.1-րդ հոդվածի 6-րդ կետը «արձանագրությունը» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Թերի վճարված մաքսային վճարներ հայտնաբերելիս կազմվում է ակտ թերի վճարված գումարների և դրանք ուշ վճարելու համար սահմանված տույժերի վերաբերյալ:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 12-րդ բաժնի վերնագիրը «մաքսանենգությունը» բառից հետո լրացնել «նախաքննությունը,» բառով:

 

Հոդված 22. Օրենսգրքի 183-րդ հոդվածում՝

 

1) 1-ին կետը «ինչպես նաև անկախ չափերից» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, հրազենի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են օգտագործվել նաև զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են կանոններ, ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսանենգությունը, որպես քրեորեն պատժելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:»:

 

Հոդված 23. 34-րդ գլխի և 184-րդ հոդվածի վերնագրերը «մաքսային մարմինները որպես հետաքննության» բառերից հետո լրացնել «և նախաքննության» բառերով:

 

Հոդված 24. 184-րդ հոդվածը «համարվում են հետաքննության» և «որոնցով հետաքննության» բառերից հետո լրացնել «և նախաքննության» բառերով, իսկ հոդվածի «այլ» բառը փոխարինել «այն» բառով, «որոնցով» բառը՝ «որոնց» բառով:

 

Հոդված 25. 185-րդ հոդվածի «հանցագործությունների» բառը փոխարինել «իրավախախտումների» բառով, իսկ «հետաքննության» բառից հետո հոդվածը լրացնել «և նախաքննության» բառերով:

 

Հոդված 26. 198-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:»:

 

Հոդված 27. 221-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել «Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից» բառերով:

 

Հոդված 28. 234-րդ հոդվածը «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքները,» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

ՀՕ-155-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան