ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ԵՄԴ/0026/01/12 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
քարտուղարությամբ՝ |
Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ պաշտպան՝ |
Տ․ ՍԱՖԱՐՅԱՆԻ |
1 սեպտեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում քննության առնելով Վարդան Հայկի Մարտիրոսյանի պաշտպան Տ. Սաֆարյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ 58207711 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վարդան Հայկի Մարտիրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով ու 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, և մյուսների։
Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Վարդան Մարտիրոսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում։ Նույն դատավճռով Վ․Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով ու 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ, հանցանքների համակցության կանոններով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ:
2․ Վ․Մարտիրոսյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2014 թվականի հունվարի 17-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին։
3. Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Վ․Մարտիրոսյանի պաշտպան Տ.Սաֆարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
4․ Վ․Մարտիրոսյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), հանդես գալով Պալատի կազմով, Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի հունիսի 15-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Վ․Մարտիրոսյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի ու 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումների փաստը։
5․ Որպես նոր հանգամանք վկայակոչելով Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ Վ․Մարտիրոսյանի պաշտպան Տ.Սաֆարյանը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ1։ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունիսի 28-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը դատական նիստում քննության առնելու մասին:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքաբերը, վկայակոչելով Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ փաստարկել է, որ տվյալ վճռի համաձայն՝ խախտվել է Վ.Մարտիրոսյանի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես դրա տարրերից՝ նախքան մեղավորությունն օրենքին համապատասխան ապացուցված լինելն անմեղ համարվելու իրավունքը։
Ըստ բողոքաբերի՝ այն փաստը, որ անմեղության կանխավարկածի խախտումը տեղի է ունեցել գործի դատական քննության նախապատրաստական փուլում, հիմք է պնդելու, որ Վ․Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը կրել է ձևական բնույթ, քանի որ Առաջին ատյանի դատարանն արդեն իսկ Վ․Մարտիրոսյանի մեղավորությունը համարել է որպես հաստատված փաստ։
Արդյունքում, բողոքի հեղինակը, գնահատելով արձանագրված խախտման բնույթը, գտել է, որ նշյալ գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումը վերացնելու պատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։
7. Վերոգրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է վերանայել ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը, Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի մարտի 27-ին որոշում է կայացրել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին, որի եզրափակիչ մասում նշվել է․ «Ամբաստանյա[լ] (․․․) Վարդան Հայկի Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215 հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար թիվ ԵՄԴ/0026/01/12 քրեական գործը նշանակել դատական քննության (․․․)»2։
9․ Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճռի համաձայն՝ «(․․․) [Առաջին ատյանի դ]ատարանը, հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարում (․․․) ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանի մեղավորությունը կատարած արարքների մեջ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 34-215 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215 հոդվածի 2-րդ մասով:
(․․․)
Ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել անպարտ և արդարացված, հաշվի առնելով այն, որ մեղադրողը հրաժարվեց Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքից»3:
10․ Վերաքննիչ դատարանը բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռի իրավաչափության ստուգման արդյունքում կայացված դատական ակտով արձանագրել է․ «(․․․) [Վ]երլուծելով գործի փաստական տվյալները, գնահատելով ինչպես յուրաքանչյուր ապացույց, այնպես էլ դրանք իրենց համակցությամբ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքները որակված են ճիշտ և նա պետք է քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվի:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [Առաջին ատյանի] դատարանն ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների քրեաիրավական որակման հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար վիճարկվող դատական ակտը /որով արդեն իսկ ամբաստանյալ Վարդան Հայկի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-215-րդ հոդվածի 2-րդ մասով/ բեկանելու և վերջինիս նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկան»5։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.
11․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում արձանագրելու փաստը, Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը վերանայելու հիմք է։
12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած, կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։
2. Նոր երևան եկած, կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…)։
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ՝ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից (…)»։
13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը[5]։
14․ Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով, Եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները կիրառել է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ․
Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի` 2021 թվականի հունիսի 15-ի վճռով արձանագրել է. «(…) [Եվրոպական դ]ատարանը նշում է, որ ինչ վերաբերում է 2012 թվականի մարտի 27-ի որոշմանը, ապա (․․․) [ա]յդ որոշումը կայացվել է դիմումատուի գործով դատաքննության սկզբում՝ Վարչական շրջանի դատարանի կողմից, որը կոչված էր ըստ էության որոշում կայացնելու դիմումատուին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ և պետք է առանձնահատուկ զգուշություն ցուցաբերեր բառերի ընտրության հարցում: Այնուամենայնիվ, Վարչական շրջանի դատարանը գործը դատաքննության նշանակելու մասին իր որոշման մեջ նշել է, որ դա անում է «[դիմումատուին] (...) քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: [Եվրոպական դ]ատարանը համարում է, որ այդպիսի բացահայտ և անվերապահ հայտարարությունը, ընդ որում, արված նույն դատավորի կողմից, որը, ի վերջո, դիմումատուի մեղավորության վերաբերյալ որոշում է կայացրել, լիովին կարող էր հիմք տալ ընկալելու, որ Վարչական շրջանի դատարանը դիմումատուի մեղավորությունը համարել է որպես հաստատված փաստ, և որ դատաքննության նպատակը պարզապես գործի նախապես որոշված ելքը հաստատելն է եղել:
[Եվրոպական դ]ատարանը պատրաստ է դիտարկել այն հավանականությունը, որ Վարչական շրջանի դատարանն իր որոշումը ոչ պատշաճ շարադրելիս պարզապես տեխնիկական սխալ է թույլ տվել: Այնուամենայնիվ, Վարչական շրջանի դատարանը երբևէ չի ընդունել, որ նման սխալ է թույլ տվել կամ դատաքննության որևէ փուլում փորձ չի արել այն շտկել: Այդպիսի շտկում չի կատարվել նաև Վերաքննիչ դատարանի կամ որևէ այլ ներպետական մարմնի կողմից, և վիճարկվող որոշումը ենթակա չի եղել բողոքարկման:
Այն փաստը, որ ի վերջո դիմումատուն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել չորս տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, չի կարող բացառել նախքան իր մեղավորությունն օրենքին համապատասխան ապացուցված լինելն անմեղ համարվելու նրա սկզբնական իրավունքը։ Ինչպես պարբերաբար նշվել է [Եվրոպական դ]ատարանի նախադեպային իրավունքում, 6-րդ հոդվածի 2-րդ կետով կարգավորվում է քրեական վարույթն իր ամբողջության մեջ՝ «անկախ քրեական վարույթի ելքից։
Հետևաբար [Եվրոպական դ]ատարանը գտնում է, որ 2012 թվականի մարտի 27-ի որոշման ձևակերպմամբ խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը»6։
Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում։
15․ Հաշվի առնելով նախորդ կետում ներկայացված փաստերը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը վերանայելու հիմք է։
II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման ու փոփոխման հիմքերը.
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումը, հիմք է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանելու համար:
17. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»7:
Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»8:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն՝ «1.Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա (…)»:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ին կայացված ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ Սաhմանադրական դատարանն իրավաչափ է համարել նոր (նոր երևան եկած) հանգամանքի հիմքով հարուցված վարույթով բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասն անփոփոխ թողնելու օրենսդրական հնարավորությունը` պայմանով, որ ներկայացվեն ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ համապատասխան հանգամանքը չի ազդում գործի ելքի վրա: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ նոր հանգամանքն ըստ էության կասկածի տակ չի կարող դնել գործի ելքը, դրա հիման վրա գործի կրկին քննությունը չի կարող ծառայել «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու նպատակին՝ այդպիսին կատարելը կդառնա ինքնանպատակ, ավելին, կհակասի իրավական որոշակիության սկզբունքին9:
20. Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել:
Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
21․ Վճռաբեկ դատարանը, անմեղության կանխավարկածի սկզբունքը քննարկելիս հատուկ ուշադրության է արժանացրել դրա բովանդակային սահմաններին՝ ընդգծելով, որ ինչպես Եվրոպական դատարանը և Մարդու իրավունքների կոմիտեն, այնպես էլ Վճռաբեկ դատարանը մշտապես կարևորում են անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանումը քրեական վարույթի ողջ ընթացքում՝ սկսած դրա ամենավաղ փուլից10։
Եվրոպական դատարանի դատական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանը ձևավորել է կայուն նախադեպային իրավունք առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը մարմնավորում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, որն արդար դատաքննության ընդհանուր հասկացության մասն է կազմում ու տարածվում է քրեական ողջ վարույթի նկատմամբ՝ անկախ քրեական հետապնդման արդյունքից, և ոչ միայն մեղադրանքի բուն էության քննության նկատմամբ11։ Որպես դատավարական երաշխիք բուն քրեական դատավարությունում՝ անմեղության կանխավարկածը, ի թիվս այլնի, պահանջում է, որպեսզի դատարանի անդամներն իրենց պարտականությունները կատարելիս չսկսեն գործել նախաձևավորված այն կարծիքով, թե մեղադրյալը կատարել է հանցանքը, որի կատարման մեջ մեղադրվում է․ ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը12։
21․1․ Եվրոպական դատարանի՝ անմեղության կանխավարկածի խախտում արձանագրող վճիռների կատարման պրակտիկայի ուսումնասիրությունը, ցույց է տալիս, որ Matijašević v. Serbia, Mugoša v. Montenegro և Garycki v. Poland գործով վճիռների, որոնցով անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրվել է դիմումատուների՝ կալանավորման վերաբերյալ որոշումների ձևակերպմամբ13, կատարման գործընթացում ձեռնարկված անհատական բնույթի միջոցառումը ներառել է միայն վճռով՝ որպես արդար փոխհատուցում սահմանած գումարի վճարում։ Մասնավորապես, ներպետական իշխանությունները փաստել են, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումն ազդեցություն չի ունեցել թե՛ դատաքննության ընթացքի, թե՛ դրա ելքի արդյունքների վրա։ Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը վերահսկողություն է իրականացնում Եվրոպական դատարանի վճիռների կատարման նկատմամբ, համապատասխանաբար թիվ CM/ResDH(2007)95, CM/ResDH(2017)141 և CM/ResDH(2013)163 բանաձևերով քննարկել է նշված գործերով վճիռների կատարման ընթացքը և արձանագրել այդ գործերով ձեռնարկված անհատական միջոցառումների բավարար լինելը։ Արդյունքում հիշյալ գործերի կատարման նկատմամբ վերահսկողությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հայտարարվել է փակված14։
22․ Նախորդ կետում շարադրված վերլուծությունները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում անմեղության կանխավարկածին հակասող ձևակերպումը կատարվել է քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս կայացված որոշմամբ, այսինքն՝ այն դատարանի կողմից, որը, գործի ըստ էության քննության արդյունքում Վ․Մարտիրոսյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ։ Նշվածը փոխկապակցելով Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում դրա կապակցությամբ Եվրոպական դատարանի գնահատականի հետ, ըստ որի՝ Առաջին ատյանի դատարանի բացահայտ և անվերապահ հայտարարությունը լիովին կարող էր հիմք տալ ընկալելու, որ դատարանը Վ․Մարտիրոսյանի մեղավորությունը համարել է որպես հաստատված փաստ, և որ դատաքննության նպատակը պարզապես գործի նախապես որոշված ելքը հաստատելն է եղել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումն իր բնույթով լուրջ կասկած է հարուցում Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության ելքի արդյունքների կապակցությամբ։
Ինչ վերաբերում է դատական վերանայման արդյունքին, որով Վ․Մարտիրոսյանի մեղավորությունը համարվել է ապացուցված, այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով կարգավորվում է քրեական վարույթն իր ամբողջության մեջ՝ անկախ քրեական վարույթի ելքից։
23․ Հիմք ընդունելով սույն որոշման 17-21-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները և նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու տեսանկյունից անհրաժեշտ համարժեք միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է՝ այդ կերպ երաշխավորելով արդար դատաքննության իրավունքը։
24․ Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 2021 թվականի հունիսի 15-ի վճիռը, որով արձանագրվել է Վ.Մարտիրոսյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, հիմք է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանելու և գործն այդ մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի ապրիլի 7-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել։
2․ Վերանայման արդյունքում Վարդան Հայկի Մարտիրոսյանի մասով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի օգոստոսի 20-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հունվարի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` նոր քննության:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 9-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 17-18:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 48-98:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 103-148:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով 2021 թվականի հունիսի 15-ի վճիռը, գանգատ թիվ 13610/12, կետեր 87-90:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։
9 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը:
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեդրակ Քոչարյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԴ/0112/11/19 որոշման 18-րդ կետը։
11 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Phillips v. the United Kingdom գործով 2001 թվականի հուլիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 41087/98, կետ 40, Minelli v. Switzerland գործով 1983 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 8660/79, կետ 30։
12 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` BarberՈ, Messeguռ and Jabardo v. Spain գործով 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 10590/83, կետ 77։
13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mugoša v. Montenegro գործով 2016 թվականի հունիսի 21-ի վճիռը, գանգատ թիվ 76522/12, Matijašević v. Serbia գործով 2006 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 23037/04 և Garycki v. Poland գործով 2007 թվականի փետրվարի 6-ի վճիռը, գանգատ թիվ 14348/02։
14 Տե՛ս բանաձևերը հետևյալ հղմամբ` https://hudoc.exec.coe.int/eng?i=001-81554, https://hudoc.exec.coe.int/eng?i=001-173897 և https://hudoc.exec.coe.int/eng?i=001-141107։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|