Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ. Գասպարյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
նախագահող դատավոր` Մ. Արղամանյան

ԵԴ/0052/12/22

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

10 հոկտեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Ալիկ Աշոտի Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2000 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Ալիկ Աշոտի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով, 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով և դատապարտվել մահապատժի՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ:

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2001 թվականի հունվարի 16-ի դատավճռով վերը նշված դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը՝ առանց բավարարման:

ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2001 թվականի մարտի 23-ի որոշմամբ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2001 թվականի հունվարի 16-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման:

ՀՀ Նախագահի՝ 2003 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով Ա.Գրիգորյանին ներում է շնորհվել և նրա նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2000 թվականի հուլիսի 28-ի դատավճռով Ա.Գրիգորյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի և 99-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով մեղսագրված հանցանքները համապատասխանեցվել են 2003 թվականի ապրիլին 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 15-րդ կետերին և պատիժ է սահմանվել ցմահ ազատազրկումը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 2011 թվականի օգոստոսի 19-ին դատապարտյալ Ա.Գրիգորյանը դիմել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերանայել իր նկատմամբ կայացված դատավճիռը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 15-րդ կետերով մեղսագրված հանցանքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներին: Մնացած մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2012 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2012 թվականի փետրվարի 20-ի որոշումը փոփոխվել է և Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին մեղսագրված հանցանքների որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 15-րդ կետերից համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերին: Մնացած մասով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի՝ 2004 թվականի մարտի 25-ի որոշումը թողնվել է անփոփոխ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին միջնորդությունը մերժվել է:

2022 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ա.Ղազարյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ դատապարտյալ Ա.Գրիգորյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությունը մերժվել է:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա, որի արդյունքում Ա.Գրիգորյանն անհիմն կերպով զրկվել է իր շահերը դատական կարգով պաշտպանելու և իր նկատմամբ կայացված դատական ակտը վերադաս դատարան վիճարկելու իրավունքից։

5.1. Բողոքաբերը նշել է, որ դատարանը, սույն գործի նկատմամբ ճիշտ չի կիրառել քրեադատավարական օրենքը, ղեկավարվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ և 391-րդ հոդվածներով։ Դատարանը կիրառել է հատուկ վերանայման բողոքի համար օրենսդրությամբ սահմանված բողոքարկման ժամկետները, որն օրինական չէ։

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտը ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված առաջին ատյանի դատարանի կողմից կայացված այն դատական ակտերի շարքում, որոնց վերաբերյալ կարող է ներկայացվել հատուկ վերանայման բողոք, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ չեն կարող կիրառվել հատուկ վերանայման բողոքի քննության համար սահմանված կարգավորումները:

Բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածով սահմանված բողոքարկման ժամկետները բացառապես վերաբերում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ բաժնի 9-րդ գլխով սահմանված դատական ակտերի դեմ ներկայացվող վերաքննիչ բողոքներին և որևէ առնչություն չունեն սույն գործին, քանի որ այս դեպքում բողոքարկվել է դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին վերաբերող դատական ակտ։

Դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները սահմանված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 5-րդ բաժնի 25-րդ գլխում, ուստի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կիրառել է սխալ դրույթ։

5.2. Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն Ա.Գրիգորյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասում հստակ արձանագրել է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

Վերոգրյալի հիման վրա, վերաքննության կարգով բողոքը ներկայացվել է որոշումը ստանալուց հետո մեկամսյա ռեժիմով։

Ինչ վերաբերում է ներկայացված բողոքի վերնագրին, ըստ բողոքաբերի՝ դա, տեխնիկական վրիպակ է և չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ քրեական դատարանի համար` ներկայացված բողոքն առանց քննության թողնելու կամ ներկայացված բողոքը հատուկ վերանայման բողոքի կարգավորումների շրջանակներում քննության առնելու համար։

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի դատական ակտը և վարույթը փոխանցել նույն դատարան` ներկայացված վերաքննիչ բողոքն ըստ էության քննելու համար։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Առաջին ատյանի դատարանը՝ 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «(...)Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` ստանալուց հետո մեկամսյա ժամկետում»1:

7.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 2-ի որոշումը Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին2։

7.2. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ LO108542729AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2023 թվականի մարտի 15-ին3:

7.3 Սույն գործի նյութերի համաձայն՝ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի՝ հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին4։

8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ «(…) «[Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ պաշտպան Մ.Սողոմոնյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փետրվարի 2-ի որոշումը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին, ինչը հաստատվում է գործում առկա փոստային ծանուցագրի ստացականով, իսկ նրա կողմից բերված հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին (փոստային առաքման ծառայությանն է հանձվել 2023 թվականի մարտի 15-ին)։

Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի փետրվարի 2-ի որոշումը ստանալով 2023 թվականի մարտի 2-ին, պաշտպանի կողմից վերանայման բողոք ներկայացնելու տասնօրյա ժամկետը լրացել է 2023թ-ի մարտի 13-ին, ուստի նրա կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (․․․)»5։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։

ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածի համաձայն` «Հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:

2022 թվականի հունիսի 15-ին ընդունված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները»։

2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-582-Ն ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1) 1-ին մասի «մեկամսյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով:

(…)

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի՝ համաձայն՝ «1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված բողոքարկման կանոնները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի վրա»:

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-582-Ն ՀՀ օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 7-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխում զետեղված 390-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման բողոքը բերվում է համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում»:

11. Նախորդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 165-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված և 2023 թվականի հունվարի 7-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ հատուկ վերանայման ընթացակարգով, համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել 2023 թվականի փետրվարի 2-ին, ուստի, դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացնել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.1-րդ կետում նշված պատճառաբանությունները հիմնազուրկ են:

12. Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է արձանագրել, որ արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում6՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների չպահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի, որ անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը ենթարկվի անհամաչափ սահմանափակման՝ հանգեցնելով այդ իրավունքի բուն էության խաթարմանը: Այլ կերպ` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող ձևական բնույթի չափանիշների և պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա՝ ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը7։

13. ՀՀ Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման8: 

14. ՀՀ Վճռաբեկ դատարանը «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործով վերահաստատելով և զարգացնելով Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է՝ «(…) [Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման (…)»9:

15. Մեջբերված սահմանադրական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից։ Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց է ու երաշխիք։ Սակայն խնդրո առարկա հիմնարար իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով։

16 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետ10,

- Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման պատճենը Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը ստացել է 2023 թվականի մարտի 2-ին11,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի մարտի 15-ին12,

- Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի՝ հատուկ վերանայման բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ստացվել 2023 թվականի մարտի 16-ին13,

- Վերաքննիչ դատարանը 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ պաշտպան Մ.Սողոմոնյանի բողոքը թողել է առանց քննության՝ փաստելով, որ որոշման բողոքարկման ժամկետն ավարտվել է 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի մարտի 15-ին14:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև դատական ակտերի կատարման փուլում՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշումների համար օրենքը հստակ սահմանում է բողոքարկման տասնօրյա ժամկետ, սակայն Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի փետրվարի 2-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման մեկամսյա ժամկետի վերաբերյալ, կարող էր պաշտպանական կողմին հանգեցնել տարընկալման՝ բողոքարկման ժամկետի ավարտի վերաբերյալ:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը 2023 թվականի մարտի 2-ին ստացած լինելու պարագայում, ղեկավարվելով Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված՝ բողոքարկման մեկամսյա ժամկետով, վերաքննիչ բողոքը ներկայացրել է՝ 2023 թվականի մարտի 15-ին: Հետևաբար պաշտպանի կողմից պահպանվել է Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետը:

18.1. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի ներկայացրած բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետի սխալ արձանագրման հանգամանքը, որի արդյունքում խախտվել է կողմերի հավասարության և մրցակցության դատավարական սկզբունքը, սահմանափակվել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի բողոքարկման ժամանակային սահմանափակումները կիրառել է ոչ իրավաչափորեն։ Ուստի, Ա.Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշումը բեկանելու և վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար15։ Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան եզրակացության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշման դեմ դատապարտյալ Ալիկ Աշոտի Գրիգորյանի պաշտպան Մ.Սողոմոնյանի հատուկ վերանայման բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 251:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 258:

3 Տե'ս, www.haypost.am:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-11:

5 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 17-19:

6 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշումը։

7 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Անդրանիկ Խաչատրյանի գործով 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշման 16-րդ կետը:

8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը:

9 Տե'ս Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործով թիվ ԳԴ3/0001/11/14 որոշման 15-րդ կետը:

10 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե'ս սույն որոշման 7.1-րդ կետը:

12 Տե'ս սույն որոշման 7.2-րդ կետը:

13 Տե'ս սույն որոշման 7.3-րդ կետը:

14 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

15 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: