Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0360/05/22

2023 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/0360/05/22

Նախագահող դատավոր

 Ռ. Մախմուդյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

ռ. Հակոբյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի մարտի 17-ին  

գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25042022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Հակոբ Հակոբյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի՝ Արթուր Սարգսյանի և Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի անվամբ կատարված Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հակոբ Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Արթուր Սարգսյանի և Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի անվամբ կատարված Երևան քաղաք Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Ազրոյան) (այսուհետ՝ Դատարան) 31.01.2022 թվականի որոշմամբ Հակոբ Հակոբյանի` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.04.2022 թվականի որոշմամբ Հակոբ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 31.01.2022 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Սարգսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների արդյունքում հայցվորին ոչ իրավաչափորեն հնարավորություն է տրվել վիճարկման հայցի շրջանակներում վիճարկելու պատասխանողների սեփականության իրավունքի պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտը՝ խախտելով վերջիններիս արդար դատաքննության և դատական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու սահմանադրական իրավունքները, ինչով էլ խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում անդրադարձ չի կատարել ժամանակի հոսքին, մասնավորապես՝ այն օրերի քանակին, երբ հայցվորը դրսևորել է անգործություն։

Վերաքննիչ դատարանը սխալմամբ է իրավունքների պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելու կանոնները կիրառելի համարել նաև վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող հայցվորի համար, քանի որ սույն գործով  հայցվորն օրենքի ուժով իրազեկվել է պատասխանողների իրավունքների պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտի մասին դրա ընդունման պահից՝ 15112021 թվականից։

Վերաքննիչ դատարանի կողմից հիմք ընդունված փաստաթղթի՝ հայցվորին հասցեագրված Երևանի քաղաքապետարանի թիվ 19/հ-9911-19/հ-10290 գրության կազմման պահին՝ 09.08.2021 թվականին պատասխանողների իրավունքը դեռևս պետական գրանցման ենթարկված չի եղել, այն ենթարկվել է պետական գրանցման 15.11.2021 թվականից, իսկ սույն գործով ներկայացված վիճարկման հայցի առարկան հենց «Արթուր Աղաբեկի Սարգսյանի և Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի անվամբ կատարված Երևան քաղաք Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու» պահանջն է, հետևաբար Երևանի քաղաքապետարանի 09.08.2021 թվականի գրությունը որևէ կերպ չէր կարող առնչվել 15.11.2021 թվականի պետական գրանցման հանգամանքին, ուստի դրա վիճարկման ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու հիմքում այդ ապացույցը դրվել չէր կարող։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով 25042022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Դատարանի 31012022 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 54-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումով ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:

 

Դատարանի մատչելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձևին և բովանդակությանը: Միաժամանակ սահմանված են այդ պահանջներն ու պայմանները չպահպանելու իրավական հետևանքները, այն է՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասն սպառիչ կերպով սահմանում են համապատասխանաբար հայցադիմումը վերադարձնելու և հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Մյուս կողմից, օրենսդիրը, այս նպատակի իրացման հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովել դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսում է բաց թողնված դատավարական ժամկետները, այդ թվում՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները վերականգնելու հնարավորություն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնված հարգելի պատճառով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մաս):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետները՝ ըստ հայցատեսակների։ Վիճարկման հայցի համար նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է երկամսյա ժամկետ, որը հաշվարկվում է  վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ։

 Հաշվի առնելով, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու հանգամանքով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը ևս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասնակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով։ Սակայն, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։ 

Գույքի նկատմամբ իրավունքների (․․․) պետական գրանցման, (․․.) գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով։ Նշված օրենքի 6-րդ հոդվածն ամրագրել է իրավունքի պետական գրանցման իմացության և գրանցված իրավունքների հավաստիության կանխավարկածը։ Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե՝ ոչ:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նշված նորմի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործը քննության է առնվել ՀՀ սահմանադրական դատարանի կողմից։ Գնահատելով նշված նորմի սահմանադրականությունը՝ իրավական որոշակիությանը համապատասխանության և սեփականության իրավունքի պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից՝ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նշված նորմը բավարարում է իրավական օրենքին ներկայացվող պահանջները և չի խախտում սեփականության իրավունքը։ ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է «Ինչ վերաբերում է օրենքի վիճարկվող դրույթների` սեփականության իրավունքը խախտելու հիմքով ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի փաստարկներին, ապա սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի վերաբերյալ դիմողի հիշատակած ՍԴՈ-741 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենքի վիճարկվող դրույթի սահմանադրականության հետ առնչություն չունեն, քանի որ գործող օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ բոլոր այն անձինք, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ընդունվել է դատական ակտ նրանց բացակայության պայմաններում, իրավունք ունեն դիմելու դատարան, իսկ դատարան դիմելու համար սահմանված ժամկետները բաց թողնելու պարագայում նրանք կարող են ներկայացնել համապատասխան միջնորդություն` խնդրելով հարգելի ճանաչել բաց թողնված ժամկետը» (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1120 գործով 11102013 թվականի որոշումը)։ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով սահմանված իրավակարգավորումն ինքնին չի առաջացնում հակասահմանադրական իրավիճակներ. այն կոչված է իր ամբողջության մեջ պաշտպանելու սեփականատիրոջ իրավունքները` առանց շոշափելու երրորդ անձանց իրավունքները և օրինական շահերը։

 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:

Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը սահմանել է իրավունքի պետական գրանցման ուժի մեջ մտնելու հատուկ կարգ, համաձայն որի՝ իրավունքի պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, ուժի մեջ է մտնում գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի   72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Օրենքի 59-րդ ու 60-րդ հոդվածների, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում գտնում է, որ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով վիճարկման հայց ներկայացնելու՝ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ է հանդիսանում իրավունքի պետական գրանցման, այն է՝ գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահը, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով։  

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը վիճարկող հայց ներկայացնելիս Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը խախտված է համարվում, եթե իրավունքի պետական գրանցման օրվա և ՀՀ վարչական դատարան դիմելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը։ Իսկ եթե հայցվորը վիճարկվող իրավունքի պետական գրանցման մասին փաստացիորեն իրազեկվել է նշված ժամանակահատվածի ավարտից հետո, ապա այդ հանգամանքը հայցվորը կարող է վկայակոչել որպես երկամսյա ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ և դատարանի կողմից գնահատվել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության շրջանակներում։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում շեշտել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահով, հետևաբար իրավունքի պետական գրանցման փաստի մասին երրորդ անձանց իրազեկվելու փաստը չի կարող ելակետ հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու սահմանված դատավարական ժամկետի հաշվարկման համար, այլ նշված փաստն ընդամենը կարող է դրվել վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հիմքում:  

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի ընդունելիության փուլում դատարանի կողմից, ի թիվս այլ հարցերի, ենթակա է ստուգման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով սահմանված՝ հայց ներկայացնելու դատավարական ժամկետի պահպանման հանգամանքը: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանից պահանջվում է հետևյալ հաջորդական գործողությունների կատարումը.

-որոշել երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը. գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու դեպքում այդ ժամկետի ելակետն իրավունքի պետական գրանցման օրն է, որն արտացոլվում է իրավունքի պետական գրանցման վկայականում,

-պարզել՝ արդյո՞ք վերը նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը.  ընդ որում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունումը մերժելուց հետո հայցվորը երկրորդ անգամ է ներկայացնում միևնույն հայցադիմումը (Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ), երկամսյա ժամկետի պահպանված լինելու/չլինելու հարցը գնահատելիս հիմք պետք է ընդունվի երկրորդ անգամ հայցադիմումը ներկայացնելու օրը,

-այն դեպքում, երբ նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը, պարզել  բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդության առկայությունը (բացակայությունը),

- այն դեպքում, երբ նշված ելակետի և տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում երկու ամիսը, սակայն ներկայացված է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, չքննարկել միջնորդությունը՝ որպես առարկայազուրկ միջնորդություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը կարող է հաստատված համարվել միայն վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նաև վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ անհերքելի ապացույցների առկայության պարագայում։ Իսկ նշված հանգամանքի վիճելի լինելու դեպքում հայցվորը պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին (տե՛ս, Մհեր Մնացականյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3194/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նշված դիրքորոշումը, արձանագրում է, որ հաշվի առնելով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Օրենքի 59-րդ և  60-րդ հոդվածների կարգավորումները՝ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի ելակետը հնարավոր է որոշել, ըստ այդմ նաև՝ ժամկետի պահպանված կամ բաց թողնված լինելը հնարավոր է գնահատել միայն այն պայմաններում, երբ հայցադիմումին կից ներկայացված է վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ապացույց։ Իսկ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու վերաբերյալ գործերով երկամսյա ժամկետի ելակետը հնարավոր է որոշել և ըստ այդմ նաև՝ ժամկետի պահպանված կամ բաց թողնված լինելը հնարավոր է գնահատել միայն այն պայմաններում, երբ հայցադիմումին կից ներկայացված է  իրավունքի գրանցման փաստը հավաստող ապացույց (իրավունքի գրանցման վկայականը (պատճենը), իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք և այլն)։ 

Վերը նշված ապացույցները չներկայացնելը հիմք է հայցադիմումը Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ համակցված  Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հետ, վերադարձնելու համար։ Իսկ այն դեպքում, երբ ընդունելիության փուլում հնարավոր չէ ներկայացնել վերը նշված ապացույցները, և նման անհնարինությունը հիմնավորված է հայցադիմումում, գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի գործադրմամբ՝ վերը նշված հաջորդական գործողությունները պետք է ձեռնարկվեն գործը քննության նախապատրաստելու փուլում։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քանի դեռ ՀՀ վարչական դատարանն իր տրամադրության տակ չունի վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի ելակետը որոշելու համար անհրաժեշտ՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու փաստի վերաբերյալ ապացույցը, իսկ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու դեպքում՝ իրավունքի պետական գրանցման փաստի վերաբերյալ ապացույց (իրավունքի գրանցման վկայական, իրավասու մարմնի կողմից իրավունքի գրանցման վերաբերյալ տեղեկանք), չի կարող գնահատել նշված ժամկետի պահպանված լինելու/չլինելու հանգամանքը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարան ներկայացրած հայցադիմումով հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Արթուր Սարգսյանի և Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի՝ Երևան քաղաք Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի 12092019 թվականի (սեփ իրավունքի հ  02092019-01-0099) պետական գրանցումը: Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացված միջնորդությամբ հայտնել է, որ 12.09.2019 թվականի սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռ. Դարբինյանի՝ հայցվորին հասցեագրված 09.08.2021 թվականի թիվ 19/հ-9911-19/հ-10290 գրությունից, և 17.09.2021 թվականին դիմել է դատարան, ուստի խնդրել է վերականգնել բաց թողնված ժամկետը (հատոր 1-ին, գ թ 15)։

Դատարանը 31.01.2022 թվականի որոշմամբ Հակոբ Հակոբյանի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է՝ արձանագրելով, որ թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ներկայացված հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է մուտքագրվել 20.01.2022 թվականին, մինչդեռ միջնորդությամբ հայցվորը հայտնել է, որ վիճարկվող պետական գրանցման մասին տեղեկացել է 09.08.2021 թվականին և որևէ փաստարկ չի ներկայացրել դատավարական ժամկետը ոչ օբյեկտիվ պատճառներով բաց թողնելու մասին: Միաժամանակ Դատարանը նշել է, որ սույն դեպքում երկամսյա ժամկետը պետք է հաշվարկել ոչ թե նախկինում թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործի շրջանակներում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու օրվանից, այլ՝ սույն գործով նոր հայց ներկայացնելու պահից՝ 20.01.2022 թվականից:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտով Դատարանի 31.01.2022 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ հայցվորի կողմից սույն գործով վիճարկվող վարչական ակտի մասին ավելի վաղ տեղեկացված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պարագայում հայցվորի կողմից վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետն անհրաժեշտ է հաշվարկվել 09.08.2021 թվականից, այսինքն՝ այն օրվանից սկսած, երբ ըստ հայցվորի կողմից վկայակոչված փաստերի և սույն գործում առկա ապացույցների վերջինս իրազեկվել է սույն գործով վիճարկվող վարչական ակտի մասին։ Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձանց համար տվյալ վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

Դատարանը, սույն դեպքում Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ համարելով  հայցվորի կողմից իրավունքի պետական գրանցման մասին իրազեկվելու՝ հայցվորի վկայակոչած օրը՝ 09082021 թվականը, քննարկման առարկա է դարձրել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ 09082021 թվականից մինչև սույն հայցադիմումը 18012022 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացնելու միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը։ Այնուհետև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը նույն հայցապահանջով ՀՀ վարչական դատարան է դիմել դեռևս 17092021 թվականին (Վերաքննիչ դատարանը որպես ՀՀ վարչական դատարան դիմելու ամսաթիվ նշել է հայցվորի միջնորդության մեջ նշված ամսաթիվը) թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործի շրջանակներում՝ Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցվորը 09.08.2021 թվականից՝ սույն գործով վիճարկվող վարչական ակտի մասին փաստացի իրազեկվելուց հետո իր իրավունքների դատական պաշտպանությունը կազմակերպելու ուղեգծում, համաձայն գործի փաստերի, անգործություն չի դրսևորել, փաստացի ձեռնարկել է միջոցներ իր ենթադրյալ խախտված իրավունքի դատական պաշտպանությունը պատշաճ ձևով կազմակերպելու ուղղությամբ, ուստի անհրաժեշտ է հայցվորին ընձեռել հնարավորություն օգտվել դատական պաշտպանության իրավունքից՝ վերականգնելով բաց թողնված դատավարական ժամկետը:

 

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտի հիմնավորվածությունը, նախևառաջ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ ելակետ է ընտրել իրավունքի պետական գրանցումը վիճարկելու երկամսյա ժամկետի հաշվարկի համար։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ սույն հայցադիմումը ներկայացնելու երկամսյա ժամկետի հոսքն սկսվել է ոչ թե վիճարկվող իրավունքի պետական գրանցման մասին ենթադրաբար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռ. Դարբինյանի 09.08.2021 թվականի թիվ 19/հ-9911-19/հ-10290 գրությունից իրազեկվելու հաջորդ օրվանից, այլ խնդրո առարկա իրավունքի պետական գրանցման օրվանից։ Նշված գրության մասին իրազեկումը չի կարող ելակետ ընդունվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետի հաշվարկի համար, քանի որ այդ ժամկետի մեկնարկն սկսվում է իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, իսկ հատուկ կարգին համապատասխան՝ իրավունքի պետական գրանցումը՝ որպես վարչական ակտ, ուժի մեջ է մտնում գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործի շրջանակներում Հակոբ Հակոբյանի կողմից 22092021 թվականին (ըստ նշված վարչական գործով օրինական ուժի մեջ մտած որոշումներում արձանագրված փաստերի) ՀՀ վարչական դատարան դիմելու հանգամանքը հանդիսացել է 18012022 թվականին (հայցադիմումը փաստին հանձնելու ամսաթիվն է) վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Այսպես՝ Հակոբ Հակոբյանը դեռևս 22092021 թվականին դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի Արաբկիր վարչական շրջանի, Արթուր Սարգսյան, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի, երրորդ անձ՝ Արտյոմ Կոպտել՝ Արաբկիր շրջանի ղեկավարի կողմից տրված հ. 41 շինարարության թույլտվությունը, 12.09.2019 թվականի Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի հ. 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցումը (սեփականության իրավունքի հ. 02092019-01-0099 վկայական) և 23.07.2021 թվականի  N 2622-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին (թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործ)։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ Պետրոսյան) 30092021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

Կրկին ներկայացված հայցադիմումով Հակոբ Հակոբյանը խնդրել է անվավեր ճանաչել Արթուր Սարգսյանի և Միթրա էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարիի անվամբ կատարված Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի հ. 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցումը: Կրկին ներկայացված հայցադիմումը ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ Պետրոսյան) 09112021 թվականի որոշմամբ Արթուր Աղաբեկի Սարգսյանի և Միթրա էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարիի անվամբ կատարված Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի հ. 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, վերադարձվել է, ի թիվս այլնի, այն հիմքերով, որ հայցվորը հայցադիմումին չի կցել իր կողմից վիճարկվող վարչական ակտը կամ դրա ներկայացման անհնարինության վերաբերյալ որևէ ապացույց, չի ներկայացրել որևէ հիմնավորում դրա ներկայացման անհնարինության վերաբերյալ, ինչպես նաև լրացել է հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը, և չի ներկայացրել միջնորդություն այն վերականգնելու մասին:

08122021 թվականին Հակոբ Հակոբյանը կրկին հայցադիմումը ներկայացրել է ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ Պետրոսյան) 16122021 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորի կողմից կրկին ներկայացված հայցադիմումին կից չի ներկայացվել վիճարկվող վարչական ակտը կամ դրա ներկայացման անհնարինության վերաբերյալ որևէ ապացույց, չի ներկայացվել որևէ հիմնավորում դրա ներկայացման անհնարինության վերաբերյալ, ինչպես նաև հայցադիմումին կից չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Այնուհետև, հայցվորը միևնույն պահանջով ներկայացրել է սույն հայցը 18012022 թվականին։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…Հայաստանի Հանրապետության վարչադատավարական օրենսդրությունն այս կամ այն վարչական ակտը դատական կարգով վիճարկելուց հետո միևնույն վարչական ակտի վերացման պահանջով երկրորդ անգամ դատարան դիմելու դեպքում վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու հարցում որևէ իրավաբանական նշանակություն չի տալիս այն հանգամանքին, թե հայցվորն ինչ հիմքերով ու հիմնավորումներով է պահանջել վերացնել տվյալ վարչական ակտը: Հետևաբար առաջին անգամ միևնույն վարչական ակտը դատական կարգով վիճարկելուց հետո նույն վարչական ակտի վերացման պահանջով երկրորդ անգամ դատարան դիմելու դեպքում հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը լուծելիս նախկին և նոր հայցերի հիմքերի և հիմնավորումների տարբերությունը չի կարող դիտվել դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ հիմք և չի կարող համարվել այդ ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ» (տե՛սՍիրուշ Լևոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4500/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերը մեջբերված դիրքորոշման տրամաբանության լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն ու եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործի շրջանակներում Հակոբ Հակոբյանի կողմից 22092021 թվականին ՀՀ վարչական դատարան դիմելու հանգամանքը սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում չէր կարող գնահատվել որպես սույն հայցադիմումը 18012022 թվականին ներկայացնելիս երկամսյա ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, քանզի հայցվորը ՀՀ վարչական դատարանի 09112021 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումն ստանալիս և հայցադիմումը 08122021 թվականին կրկին ներկայացնելիս կրում էր հայցադիմումը վերադարձնելու որոշմանը համապատասխան՝  բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ «հայցվորը, 18112021թ տեղեկանալով թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործով ներկայացված հայցադիմումի կապակցությամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության մասին՝ 18012022 թվականին ներկայացրել է սույն հայցադիմումը»։ Մինչդեռ, 18112021 թվականին ՀՀ վարչական դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումից տեղեկանալով նման անհրաժեշտության մասին, հայցվորը պարտավոր էր հայցադիմումը կրկին ներկայացնելիս, ներկայացնել պահանջված միջնորդությունը, ինչը սակայն չի կատարել, փոխարենը ՀՀ վարչական դատարանի 16122021 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն ստանալուց հետո 18012022 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել նույն պահանջով սույն հայցադիմումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության սկզբունքը, համաձայն որի՝ կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու դեպքում հայցվորի պատշաճ վարքագիծը «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ մատնանշված՝ հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելը և օրենքով սահմանված ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացնելն է: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր այդ դատավարական պարտականությունը  բարեխղճորեն չկատարելու դեպքում հայցվորն այլևս չէր կարող միևնույն պահանջով հայցադիմումը դատարան ներկայացնելիս բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության հիմքում դնել երկամսյա ժամկետում թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործի շրջանակներում 22092021 թվականին դատարան դիմած լինելու հանգամանքը՝ որպես ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը երկամսյա ժամկետը բաց է թողել ոչ թե իր կամքից անկախ պատճառով, այլ ժամկետի բացթողումը սույն դեպքում պայմանավորված է եղել հայցվորի վարքագծով, այն է՝ դատավարական պարտականությունը բարեխղճորեն չկատարելու հանգամանքով։ Հետևաբար, վերջինս պետք է կրի նաև այդ պարտականությունը բարեխղճորեն չկատարելու բացասական հետևանքները։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև սույն գործով դատական պաշտպանության դիմելը թիվ ՎԴ/10319/05/21 վարչական գործի շրջանակներում Հակոբ Հակոբյանի 22092021 թվականին դատարան դիմելու հանգամանքը չի կարող գնահատվել որպես ձեռնարկված ողջամիտ և համարժեք գործողությունների ձեռնարկում դատական պաշտպանության դիմելու համար կամ դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու որևէ այլ օբյեկտիվ հիմք, ուստի այն չէր կարող համարվել սույն գործով դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերում առկա չէ ապացույց Արթուր Սարգսյանի և Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի անվամբ կատարված Երևան քաղաք Սևքարեցի Սաքոյի փողոցի թիվ 44/2 հասցեի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցման փաստի և օրվա մասին: Ավելին, հայցվորը հայցադիմումով և հայցադիմումին կից ներկայացված միջնորդությամբ հայտնել է, որ վիճարկվող սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է 12.09.2019 թվականին, մինչդեռ Արթուր Սարգսյանը վճռաբեկ բողոքով հայտնել է, որ նշված գրանցումը կատարվել է 15.11.2021 թվականին: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի և օրվա վերաբերյալ ապացույցի, հետևաբար նաև՝ դրա ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ ելակետային տվյալի բացակայության պայմաններում ո՛չ Դատարանը, ո՛չ էլ Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն չէին կարող պարզել ո՛չ երկամսյա ժամկետի պահպանված լինելու/չլինելու հանգամանքը, ո՛չ էլ գնահատել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության հիմնավորվածությունը:

Վերոհիշյալի հիման վրա արձանագրելով, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը հայցադիմում ներկայացնելու երկամսյա ժամկետի պահպանված լինելու/չլինելու հարցը լուծել են վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի և օրվա վերաբերյալ ապացույցի, հետևաբար նաև՝ դրա ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ ելակետային տվյալի բացակայության պայմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերացման են ենթակա ինչպես Վերաքննիչ դատարանի 25042022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին»  որոշումը, այնպես էլ Դատարանի 31.01.2022 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ այն պատճառաբանությամբ, որ Դատարանը վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի պահպանված լինելու/չլինելու հանգամանքը պարզելիս իր տրամադրության տակ չի ունեցել անհրաժեշտ ելակետը՝ վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի և օրվա վերաբերյալ պատշաճ ապացույց: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից սույն հայցադիմումի ընդունելիության հարցի լուծումը, մասնավորապես, երկամսյա ժամկետի պահպանված լինելու/չլինելու հանգամանքը պետք է քննարկման առարկա դարձվի վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի և օրվա վերաբերյալ պատշաճ ապացույցի առկայության պայմաններում միայն, ինչը Դատարանի կողմից կարող է ապահովվել  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին 1-ին կետով՝ համակցված նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հետ, լիազորության իրացմամբ։  

 

 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

  Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25042022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին»  որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 31.01.2022 թվականի «Բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ սույն որոշմամբ նշված պատճառաբանությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

ռ. Հակոբյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: