ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Ա. Հովհաննիսյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԴ/1424/01/21 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Լ. Թադևոսյանի | |
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
10 նոյեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ դատապարտյալ Միշա Արմենի Մուրադյանի պաշտպան Հ․Անանյանի` հիմնարար խախտման հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռով ամբաստանյալ Միշա Արմենի Մուրադյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն դատավճռով Մ.Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
2. Դատախազ Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը բեկանել և փոփոխել է, ամբաստանյալ Մ.Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։ Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ պատիժները լրիվ գումարելու միջոցով, ամբաստանյալ Մ.Մուրադյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժին՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, գումարվել է 258-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանքը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով և տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։
3. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ Մ.Մուրադյանի պաշտպան Հ.Անանյանի վճռաբեկ բողոքը՝ Մ․Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ, վարույթ ընդունելը մերժվել է:
4. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ դատապարտյալ Մ.Մուրադյանի պաշտպան Հ.Անանյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ, ինչը հանգեցրել է դատական սխալի։
Ըստ բողոքաբերի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 335-րդ հոդվածի 4-րդ մասը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի, այլևս որպես պատասխանատվությունից ազատելու խրախուսական նորմ չի սահմանում զենք-զինամթերքը հանձնելու կամովին պայմանը, ինչպես նաև չի պայմանավորում անձի արարքում այլ հանցակազմի առկայությամբ։
Բողոքաբերն արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու պահից մինչև Մ.Մուրադյանի կողմից ինքնակամ ներկայանալը և ինքնաձիգը հանձնելը որևէ փաստաթուղթ առկա չէ առ այն, թե որտեղ է պահել այն մինչև ներկայացնելը, այլ կերպ ասած՝ մինչև իրավասու մարմինների կողմից դրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալը Մ.Մուրադյանը հանձնել է ինքնաձիգը։ Եթե նույնիսկ ընդունվի, որ իրավապահ մարմինները կասկած են ունեցել, որ կրակ արձակողը եղել է Մ.Մուրադյանը, ապա դա չի կարող մեկնաբանվել որպես զենքի գտնվելու վայրի մասին տեղեկություն կամ իմացություն։
5.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Մ.Մուրադյանին վերագրվող խուլիգանությունն ավարտվել է 2021 թվականի մայիսի 11-ին, հետևաբար լրացել է տվյալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, Մ.Մուրադյանի նկատմամբ կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված խրախուսական նորմը՝ նրան ազատելով այդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից և պատժից։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Միշա Մուրադյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա (…) 2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 4-րդ շենքի դիմաց իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից դեպի օդ կատարել է կրակոցներ և հեռացել։
Այսպես.
2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Միշա Արմենի Մուրադյանն իր անվամբ հաշվառված և իր կողմից շահագործվող BMW X6M մակնիշի 80 XX 008 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամանել է Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 4-րդ շենքի դիմաց, որտեղ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խախտելով տարածքում բնակվող անձանց անդորրը, վերջիններիս մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացողություն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված և իր մոտ ուղղակի դիտավորությամբ ապօրինի պահվող «AKM» տեսակի «ЛП 4005» գործարանային համարի 7.62 մմ /7.62x39/ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ և հեռացել»1:
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռի համաձայն՝ (…) Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Միշա Մուրադյանն իր մոտ ուղղակի դիտավորությամբ ապօրինի պահվող AKM տեսակի, ЛП 4005 գործարանային համարի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ:
Այսինքն՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատվում է, որ Միշա Մուրադյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
Անդրադառնալով հնարավոր այն հարցադրմանը, թե արդյոք սույն դեպքում կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը՝ Դատարանը հարկ է համարում նշել հետևյալը:
(…)
Տվյալ դեպքում Դատարանը նկատում է, որ թեև 2021 թվականի մայիսի 11-ին Միշա Մուրադյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին և իրավապահներին է հանձնել AK-74 տեսակի, 1967 թվականի արտադրության, ЛП 4005 գործարանային համարի ինքնաձիգն իր պահունակով, սակայն վերջինն այդ հրազենը միայն պասիվ կերպով իր մոտ չի պահել, այլ նաև հասարակական վայրում բացահայտորեն կիրառել է: Եվ այդ դեպքում ողջամիտ է այն կասկածը, որ Միշա Մուրադյանը շատ լավ հասկացել է, որ անձնական ավտոմեքենայով նման բացահայտ գործողություններ կատարելը, ամենայն հավանականությամբ, չի կարող գաղտնի մնալ և վաղ թե ուշ հասու է դառնալու իրավապահ մարմիններին։
Այլ կերպ ասած՝ զենքով նման բացահայտ գործողություն կատարելուց (կիրառումից) հետո դրա հանձնումը չի կարող հանդիսանալ քննարկվող հոդվածով քրեական պատասխանատվությունից ազատող հանգամանք: Հակառակ մոտեցման դեպքում յուրաքանչյուր ոք կարող է անխոչընդոտ կերպով տարբեր վայրերում հրազեն գործադրել՝ հստակ իմանալով, որ դրանից անմիջապես հետո համապատասխան առարկայի հանձնումն իրեն կազատի հնարավոր քրեադատավարական հետևանքներից: Մինչդեռ նման իրադրությունը չի բխի օրենսդրի կողմից քննարկման առարկա խրախուսական նորմը նախատեսելու քրեական քաղաքականության նպատակներից:
Այսինքն՝ Դատարանը գալիս է այն հետևության, որ տվյալ դեպքում վերը նշված հոդվածով նախատեսված խրախուսական նորմը Միշա Մուրադյանի նկատմամբ կիրառելի չէ (…)2:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ (…) [Ք]ննարկելով Մ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանացնելու հարցը և փաստելով, որ 2022 թվականի հուլիսի 1-ի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով Մ.Մուրադյանին մեղսագրված արարքների հանցավորությունը չի վերացել, բացի այդ, բացակայում են «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի 6-րդ հոդվածի կիրառման հիմքերը, այն է՝ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժատեսակն ու պատիժն ավելի խիստ չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից կամ պատժի առավելագույն ժամկետից, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Մ.Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի) 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանացնելու հիմքերը բացակայում են (…)3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործով բողոքը վարույթ է ընդունվել Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների իրացման նկատառումներով, ինչը դատական սխալի հետ մեկտեղ, ուղղակիորեն նշվել է բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում։ Այս առումով, հարկ է նշել, որ ընդունվել և ուժի մեջ է մտել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որում տեղի են ունեցել բազմաթիվ բովանդակային փոփոխություններ, որպիսի պայմաններում նշված ոլորտում իրավունքի զարգացման միտումը հրամայական է դարձնում նորույթ հանդիսացող քրեաիրավական նորմերի, սույն դեպքում՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի մեկնաբանումը, որի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր:
Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Միշա Արմենի Մուրադյանի նկատմամբ կիրառելի է արդյո՞ք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում կրկին դատվի կամ պատժվի այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դատավճռով արդարացվել կամ դատապարտվել է:
(…)
3. Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
(…)
2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.
(…)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը (…)․
(…)
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «2. Հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հետևյալ հիմքերով․
1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից»:
12.1. Քրեադատավարական նախկին նորմերի համատեքստում անդրադառնալով «հիմնարար խախտման» բնույթին՝ Վճռաբեկ դատարանը Մկրտիչ Սարգսյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վերջինս ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին4:
12.2. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ` ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: (...) [Ա]ռերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»5:
12.3. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատական ակտերի բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում որպես դրա տեսակ նախատեսել է նաև հիմնարար խախտման հիմքով վարույթը, որի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ի տարբերություն վերանայման այլ կառուցակարգերի, բացառիկ վերանայման վարույթով հիմնարար խախտման հիմքով բողոքարկման դեպքում առկա է ասիմետրիա՝ ի շահ մեղադրյալի, քանի որ հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ մեղադրյալի:
Անդրադառնալով հիմնարար խախտման հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հիմնարար խախտման հիմքով բողոք բերելու սպառիչ հիմքեր, որոնցից մեկն էլ հանդիսանում է քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում մեղադրական դատավճռի կայացված և օրինական ուժի մեջ մտած լինելը:
13. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝
պատժվում է (...):
(…)
5. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:
13.1. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հուսիկ Բաղդասարյանի գործով որոշման շրջանակներում՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) Հանձնումը համարվում է կամովին, եթե անձը, գիտակցելով, որ այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիք չկա, իր հայեցողությամբ հանձնում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները, այսինքն՝ անձի ընդունած այդ որոշումը պետք է լինի ազատ և գիտակցված ընտրության արդյունք։ Բացահայտման իրական սպառնալիքի առկայությունը և դրանից դրդված հանձնումը չի կարող համարվել կամովին։ Այն դեպքերում, երբ իշխանությունները տեղյակ են կոնկրետ անձի մոտ նշված առարկաների առկայության մասին և առաջարկում են հանձնել դրանք, հանձնումը կամովին համարվել չի կարող։ Այս պայմաններում դա կարող է դիտվել միայն որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք»6։
Վերահաստատելով և զարգացնելով Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված խրախուսական նորմը նպատակ ունի ապօրինի պահվող զենքի և նորմում թվարկված մյուս առարկաների կամավոր հանձնումը խրախուսելու եղանակով դադարեցնելու ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումը և այդպիսով կանխելու հետագայում դրանց հնարավոր գործադրմամբ անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված կամ այլ հանցագործությունները։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքների հանրային վտանգավորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանով նախատեսված առարկաները հանցավոր նպատակով օգտագործելու իրական հնարավորություն է ստեղծվում, ինչը վտանգ է առաջացնում մարդկանց կյանքի և առողջության համար։ Քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը հոդվածում նշված առարկաների անօրինական շրջանառությունից մարդու և հասարակության անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են։ Հետևաբար հոդվածում նշված առարկաների հանձնման դեպքում ապահովվում է տվյալ հանցագործության օբյեկտի պահպանությունը, իսկ հանձնման կամավորության դեպքում` վերանում հանցանք կատարած անձի հանրային վտանգավորությունը։
(...)
Քննարկվող հոդվածում նշված առարկաների հանձնումը կարող է համարվել կամովին, եթե անձը, գիտակցելով դրանք ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորությունը, այդուհանդերձ, հանձնում է քննարկվող առարկաները կամ հայտնում դրանց գտնվելու վայրի մասին։ Քննարկվող առարկաներն ապօրինի պահելու իրական հնարավորություն անձը կարող է ունենալ, եթե, օրինակ, վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ զենքի գոյության մասին, կամ բացակայում են դրա բացահայտման օբյեկտիվ հնարավորության մասին վկայող հանգամանքները, և անձը ողջամտորեն գիտակցում է դա։ Հետևաբար ապօրինի պահվող զենքի գործադրմամբ հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո զենքը հանձնած անձը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ զենքի գործադրման փաստը վարույթն իրականացնող մարմիններին հաստատապես հայտնի լինելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառումը չի բխի քննարկման առարկա խրախուսական նորմը նախատեսելու քրեական քաղաքականության նպատակներից։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ապօրինի զենքով հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո անձի կողմից զենքը հանձնելը կարող է գնահատվել որպես անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք և հաշվի առնվել պատիժ նշանակելիս (...)»7։
14. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը՝
պատժվում է (...):
(…)
4. Սույն հոդվածում կամ սույն օրենսգրքի 334-րդ հոդվածում նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 334-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար»:
14.1. Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով քննարկվող խրախուսական նորմում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունները, հարկ է համարում վերանայել և զարգացնել նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի բովանդակությունն էապես տարբերվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի բովանդակությունից։ Այսպես, եթե նախկին իրավակարգավորումների պայմաններում անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները կամովին հանձնելու դեպքում, ապա գործող իրավակարգավորումների դեպքում անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում նշված առարկաները հանձնի մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը։
Այսպիսով, նոր իրավակարգավորումների պայմաններում քննարկվող խրախուսական նորմի կիրառման տեսանկյունից, օրենսդիրն այսուհետ կարևորում է օբյեկտիվ իրականությունում տեղի ունեցող հանգամանքները (իրավասու մարմինների կողմից նշված առարկաների գտնվելու վայրի մասին իմանալը)՝ այլևս էական նշանակություն չտալով զենքը կամավորաբար հանձնելու վերաբերյալ հանցանք կատարած անձի սուբյեկտիվ ընկալմանը (այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը գիտակցելուն)։ Նման պայմաններում, կիրառելով նյութական նորմի տառացի մեկնաբանման կանոնը, այլևս էական նշանակություն չունի նաև զենքի գործադրմամբ որևէ արարք կատարած լինելու փաստը, եթե զենքը հանձնելու պահին իրավասու մարմինները դրա գտնվելու վայրի մասին դեռևս տեղեկություն չունեն։
Դրա հետ մեկտեղ, իրավասու մարմինների կողմից նշված առարկաների գտնվելու վայրի մասին իմանալուց հետո, հանցանք կատարած անձի կողմից դրանք նույնիսկ կամովին հանձնելու պարագայում, վերջինս չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից` քննարկվող խրախուսական նորմի ուժով։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռով հաստատված է համարել, որ Մ.Մուրադյանն իր մոտ ուղղակի դիտավորությամբ ապօրինի պահվող AKM տեսակի, ЛП 4005 գործարանային համարի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ: Այսինքն՝ Մ.Մուրադյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
Անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառելիության հարցին՝ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ թեև 2021 թվականի մայիսի 11-ին Մ.Մուրադյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին և իրավապահներին է հանձնել AK-74 տեսակի, 1967 թվականի արտադրության, ЛП 4005 գործարանային համարի ինքնաձիգն իր պահունակով, սակայն վերջինն այդ հրազենը միայն պասիվ կերպով իր մոտ չի պահել, այլ նաև հասարակական վայրում բացահայտորեն կիրառել է: Այդ դեպքում, ըստ Առաջին ատյանի դատարանի, ողջամիտ է այն կասկածը, որ Մ.Մուրադյանը շատ լավ հասկացել է, որ անձնական ավտոմեքենայով նման բացահայտ գործողություններ կատարելը, ամենայն հավանականությամբ, չի կարող գաղտնի մնալ և վաղ թե ուշ հայտնի է դառնալու իրավապահ մարմիններին։ Այլ կերպ՝ զենքով նման բացահայտ գործողություն կատարելուց (կիրառումից) հետո դրա հանձնումը չի կարող հանդիսանալ քննարկվող հոդվածով քրեական պատասխանատվությունից ազատող հանգամանք:
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եկել է այն հետևության, որ տվյալ դեպքում վերը նշված հոդվածով նախատեսված խրախուսական նորմը Մ.Մուրադյանի նկատմամբ կիրառելի չէ8:
- Քննարկելով Մ.Մուրադյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանացնելու հարցը և փաստելով, որ 2022 թվականի հուլիսի 1-ի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով Մ.Մուրադյանին մեղսագրված արարքի հանցավորությունը չի վերացել, բացակայում են «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի 6-րդ հոդվածի կիրառման հիմքերը, այն է՝ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժատեսակն ու պատիժն ավելի խիստ չէ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից կամ պատժի առավելագույն ժամկետից, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մ.Մուրադյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը քրեական գործող օրենսգրքին համապատասխանացնելու հիմքերը բացակայում են։9
16. Քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասը հետադարձ ուժով կիրառելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ:
(…)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»։
Անդրադառնալով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմաններին, մասնավորապես՝ հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող, հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրության մեկնաբանմանը, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում) կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում):
Նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված՝ ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերն իջեցվում են, բ) պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի, դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:
Հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը և չի մեղմացնում պատիժը, սակայն քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար: Նման իրավիճակները կարող են բազմազան լինել և վերաբերել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին, այդ թվում՝ պատժի ժամկետները հաշվարկելու և պատիժը հաշվակցելու կարգին10։
17. Վճռաբեկ դատարանի մեջբերված դիրքորոշումից հետևում է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ հանցանք կատարած անձի համար քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք։ Ընդ որում, եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի հետադարձ ուժի հարցում որևէ սահմանափակում նախատեսված չէր, ապա ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում։ Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով։
Ուստի, ստացվում է մի վիճակ, երբ նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող կոնկրետ նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվելու, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը որպես իմպերատիվ դիտարկվելու, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից իմպերատիվ կերպով ազատում նախատեսող նոր նորմ սահմանելու դեպքերում դրանց չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել։ Վճռաբեկ դատարանի համոզմամբ նման կարգավորումը չի կարող համահունչ լինել ինչպես քրեական իրավունքի ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես՝ արդարության սկզբունքին, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 7-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին և դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) կողմից ձևավորած նախադեպային դիրքորոշումներին։
Այսպես՝ Եվրոպական դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է ոչ միայն ավելի խիստ քրեական օրենքի հետադարձ ուժի արգելքը, այլև անուղղակի կերպով՝ ավելի մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժ ունենալու սկզբունքը՝ ընդգծելով, որ ավելի մեղմ պատիժ նախատեսող քրեական օրենքի կիրառությունը դարձել է քրեական իրավունքի հիմնարար սկզբունք, անգամ եթե այն ընդունվել է հանցանքի կատարումից հետո։
Եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ ավելի ծանր պատիժ նշանակելու դեպքում, ելնելով միայն այն հանգամանքից, որ այդ պատիժը նախատեսված է եղել հանցանքը կատարելու պահին, անուշադրության կմատնվեն նախքան մեղադրական դատավճռի կայացումը մեղադրյալի համար տեղի ունեցած բարենպաստ օրենսդրական փոփոխությունները՝ շարունակելով կիրառել պատիժներ, որոնք տվյալ պետության և վերջինիս հասարակության կողմից արդեն իսկ համարվում են չափազանց ծանր11։
18․ Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության սկզբունքի, ինչպես նաև միջազգային-իրավական կարևորագույն փաստաթղթերով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների հետևողական կենսագործումն ապահովելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և զարգացնելու քրեական օրենքի հետադարձ ուժի պայմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերլուծության ենթարկել քրեական պատասխանատվության և քրեական պատժի հարաբերակցության առանձնահատկությունները։ Այսպես՝ քրեական պատասխանատվությունը բարդ և բազմաբովանդակ երևույթ է, որի էության, բովանդակության և ծավալների առումով դոկտրինալ աղբյուրներում մինչ այժմ միասնական ընդունված որևէ սահմանում առկա չէ։ Միևնույն ժամանակ, կարելի է փաստել, որ քրեական պատասխանատվությունը ծագում է հանցանք կատարելու փաստով և ենթադրում է անձի պարտականությունը՝ կրելու պատասխանատվություն իր կատարած հանցանքի համար, արտահայտվում է պետության կողմից անձի արարքին տրվող բացասական գնահատականով և, որպես կանոն, եզրափակվում դատարանի դատավճռով անձի նկատմամբ քրեական պատժի նշանակմամբ։
Վերոնշյալից հետևում է, որ քրեական պատասխանատվությունը շատ ավելի լայն երևույթ է և իր մեջ, ի թիվս այլնի, ներառում է նաև հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատիժը, այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը և պատիժը հարաբերակցվում են որպես ամբողջ և մաս։ Ընդ որում, թեև քրեական պատասխանատվության իրագործման հիմնական ձևը հենց քրեական պատիժն է, այնուամենայնիվ, շատ դեպքերում քրեական պատասխանատվությունը կարող է իրագործվել՝ առանց վերոնշյալ փուլին հասնելու, օրինակ՝ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմերի կենսագործման արդյունքում, մինչդեռ պատիժը քրեական պատասխանատվության սահմաններից դուրս գոյություն ունենալ չի կարող ։
Այսպիսով, պետք է փաստել, որ պատիժն առավել համընդգրկուն երևույթի՝ քրեական պատասխանատվության, բաղկացուցիչ մասն է միայն, դրա տարրերից և իրագործման փուլերից մեկը, հետևաբար քրեական պատասխանատվությունից իմպերատիվ կերպով ազատում նախատեսող նորմի կիրառման բոլոր հիմքերի և պայմանների առկայության դեպքում դատարանը չի հասնում անձի նկատմամբ պատիժ նշանակելու փուլին և դրանով իսկ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը եզրափակվում է։
19․ Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու պահանջը հավասարապես պետք է կիրառելի լինի նաև քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նորմերի պարագայում։ Մասնավորապես, եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը՝ առանց որևէ բացառության, ապա վերոնշյալն առավել ևս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ և ծավալով ավելի լայն և համընդգրկուն երևույթի՝ քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ։
Հակառակ պարագայում կստացվի, որ քրեական պատասխանատվության բաղադրիչ հանդիսացող պատժի մեղմացման ցանկացած դեպքում քրեական օրենքը հետադարձ ուժ ունի (օրինակ՝ հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի փոփոխության կամ այլընտրանքային ավելի մեղմ պատիժ նախատեսվելու դեպքում և այլն), մինչդեռ քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նոր օրենքի պարագայում պետք է կիրառվեն արարքի կատարման պահին գործող կարգավորումները, և անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ու պատժի, ինչն անընդունելի է։
Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ տվյալ իրավիճակում կանտեսվեն հանցանք կատարած անձի համար տեղի ունեցած բարենպաստ օրենսդրական փոփոխությունները, և անձը կենթարկվի քրեական պատասխանատվության՝ չնայած որ պետությունը, անձին իմպերատիվ կերպով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նոր կարգավորում նախատեսելով, արդեն իսկ համանման դեպքերում անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չափազանց ծանր է համարել։
20․ Ընդհանրացնելով սույն որոշման 16-19-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կատարված փոփոխությունների արդյունքում քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվում են, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը դիտարկվում է որպես իմպերատիվ, ինչպես նաև նախատեսվում է քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմ, ապա վերոնշյալ փոփոխությանը, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է հետադարձ ուժ տրվի։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք է գնում պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու մասին, այնուամենայնիվ, նույն հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն օգտագործում է «պատասխանատվություն» եզրույթը՝ ընդգծելով, որ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեջբերված նորմերը փոխլրացնում են միմյանց և արտահայտում են օրենսդրի կամքը՝ դրանք մեկնաբանելու համակցված կերպով, այն է՝ պատժի մեղմացման շրջանակներում դիտարկելով նաև պատասխանատվության մեղմացումը և հակառակը։
Վերոնշյալի համատեքստում դիտարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը հետադարձ ուժով կիրառելիության հարցը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ըստ էության նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմք, այն է՝ համապատասխան առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն անվերապահ կերպով ազատվում է քրեական պատասխանատվությունից, ուստի վերոնշյալ նորմը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունի։
21. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարած Մ․Մուրադյանի նկատմամբ կիրառելի է եղել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը։
Այսպես, սույն գործում առկա չէ փաստական տվյալ այն մասին, որ Մ․Մուրադյանի կողմից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում AK-74 տեսակի, 1967 թվականի արտադրության, ЛП 4005 գործարանային համարի ինքնաձիգն իր պահունակով հանձնելու պահի դրությամբ, իրավասու մարմիններն իմացել են ինքնաձիգի և պահունակի գտնվելու վայրի մասին։ Այլ կերպ, Մ․Մուրադյանն ինքնաձիգը՝ իր պահունակով, հանձնել է մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին տեղեկանալը։
Հետևաբար, Միշա Արմենի Մուրադյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը։
22. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում, Միշա Արմենի Մուրադյանի վերաբերյալ այդ մասով կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ։
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Մ.Մուրադյանին վերագրվող խուլիգանությունն ավարտվել է 2021 թվականի մայիսի 11-ին, հետևաբար լրացել է տվյալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը12, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մ․Մուրադյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2023 թվականի մայիսի 5-ին, որպիսի պայմաններում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացած չի եղել և անձը նշված հիմքով ենթակա չէ այդ մասով քրեական պատասխանատվությունից ազատման։
24. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ չի կիրառվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասը։ Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, անհրաժեշտ է Մ.Մուրադյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 5-ի որոշումը վերանայել, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և այդ մասով Մ․Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական oրենuգրքի հատուկ մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով։Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 407-408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 5-ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել։
2. Բացառիկ վերանայման արդյունքում դատապարտյալ Միշա Արմենի Մուրադյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը բեկանել։
3. Միշա Արմենի Մուրադյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական oրենuգրքի հատուկ մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով։
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_____________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 238-241։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 77-106։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 52-65։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։
5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հուսիկ Բաղդասարյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշման 20-րդ կետը:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՆԴ/0011/01/14 որոշման 34-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վաղարշակ Գալոյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ին կայացված թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 19-րդ կետը։
11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scoppola v. Italy գործով 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 10249/03, 103-109-րդ կետեր։
12 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|