ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԴ/0864/01/20 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Լ. Թադևոսյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
16 հունիսի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Ռուստամ Մաքսիմի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի և հունիսի 30-ի որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 14896719 քրեական գործը և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
2019 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 09192019 քրեական գործը։
1․1․ Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ Ռուստամ Մաքսիմի Սահակյանը թիվ 09192019 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ երկու դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
1․2․ Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշումներով Ռուստամ Սահակյանը թիվ 14896719 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2019 թվականի նոյեմբերի 27-ին թիվ 09192019 ու 14896719 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 14896719 համարով:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Ռ․Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 14896719 քրեական գործով վարույթը կասեցվել է։
2019 թվականի դեկտեմբերի 21-ին Ռ․Սահակյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին։
Նույն օրը թիվ 14896719 քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ի, 2020 թվականի հունվարի 31-ի, փետրվարի 10-ի, մարտի 23-ի, 24-ի և 31-ի, ապրիլի 27-ի ու 30-ի և մայիսի 26-ի որոշումներով թիվ 15965619, 10888519, 17891319, 14980319, 13780119, 14178120, 17897819, 16184220, 13199920, 14179320, 16897719, 13861720, 10175320, 17181820, 13865520 ու 49156320 քրեական գործերը միացվել են թիվ 14896719 քրեական գործին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մարտի 31-ի որոշմամբ մեղադրյալ Ռ․Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ Ռ․Սահակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել քսանմեկ դրվագ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
2020 թվականի օգոստոսի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2․ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի որոշմամբ ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ, վեց դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է` տուժողների հետ հաշտվելու հիմքով։
2․1․ Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով Ռ․Սահակյանին մեղավոր է ճանաչել տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, և յուրաքանչյուր դրվագով նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով, երեք դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով, ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ռ.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ պատժի սկիզբը հաշվելով 2020 թվականի մարտի 31-ից:
Նույն դատավճռով վճռվել է նաև Ռ․Սահակյանից հօգուտ տուժողներ Վ․Փախանյանի, Մ․Գրիգորյանի, Ա․Շեկոյանի, Օ․Զաքարյանի, Ա․Մելքումյանի, Է․Մանուկյանի, Մ․Շահբազյանի, Մ․Վանյանի և Լ․Նիկոյանի բռնագանձել համապատասխանաբար 600․000 (վեց հարյուր հազար), 250․000 (երկու հարյուր հիսուն հազար), 400․000 (չորս հարյուր հազար), 489․500 (չորս հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր), 100․000 (հարյուր հազար), 110․000 (հարյուր տասը հազար), 300․000 (երեք հարյուր հազար), 400․000 (չորս հարյուր հազար), 70․000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ և 65․000 (վաթսունհինգ հազար) ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։
3․ Ամբաստանյալ Ռ․Սահակյանի և պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացրել բողոքները մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու ու փոփոխելու մասին։ Ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ մեկ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` տուժողի հետ հաշտվելու հիմքով՝ ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։
3․1․ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու մասին։ Ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։
Նույն որոշմամբ տուժողներ Մ․Գրիգորյանի, Ա․Մելքումյանի, Օ․Զաքարյանի, Է․Մանուկյանի, Մ․Վանյանի և Ա․Շեկոյանի քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության:
Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Հարությունյանը Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշման կապակցությամբ մնացել է հատուկ կարծիքի։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումների դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 2-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոք բերած անձը մի շարք քրեադատավարական նորմերի համադրված վերլուծությամբ փաստարկել է, որ ստորադաս ատյանի դատական ակտի վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանը կարող է կայացնել գործն ըստ էության լուծող միայն մեկ դատական ակտ՝ գործի քննությունն ավարտելուց հետ՝ խորհրդակցական սենյակ հեռանալով։ Վերաքննիչ դատարանի գործառույթի իրացման նման կարգը չի կարող փոփոխվել և դրանից տարբերվող կարգով դատական ակտ չի կարող կայացվել։ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կարող է վերանայվել բացառապես Վճռաբեկ դատարանի կողմից, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սեփական դատական ակտը չի կարող վերանայել։ Սեփական դատական ակտում փոփոխություններ կատարելու միակ դատավարական եղանակն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անհստակությունների լուծումն է։
Սույն գործի փաստական հանգամանքները գնահատելով վերը շարադրված դիրքորոշման լույսի ներքո՝ բողոքաբերն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ փաստացի վերանայել է իր կողմից կայացված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը, այն դեպքում, երբ գործող դատավարական կարգավորումները չեն նախատեսում բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտը վերանայելու հնարավորություն՝ անկախ նրանից քրեական գործը շարունակում է գտնվել Վերաքննիչ դատարանի վարույթում, թե ոչ։
Արդյունքում, բողոքի հեղինակը, համաձայնվելով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, այդուհանդերձ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելուց հետո քննելով ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ հիշյալ մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, չի հանդիսացել «օրենքի հիման վրա ստեղծված»՝ իրավասու դատարան։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշումը և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել, ինչպես նաև բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արագացված դատական քննության արդյունքով ամբաստանյալ Ռ․Սահակյանը տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղավոր է ճանաչվել հետևյալ արարքների համար․ «(․․․) [Ու]րիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 48ա հասցեում գործող «Ձկնանոց» կոչվող տաղավարում, աշխատակից Իգոր Յուրիի Աղաբալյանից պատվիրել է ձուկ, որից հետո օգտվելով վերջինիս զբաղված լինելու հանգամանքից՝ ապօրինի մուտք է գործել պահեստարան համարվող՝ որպես դրամարկղ ծառայող դարակ և այնտեղից գաղտնի, անհատույց, ապօրինի, շահադիտական նպատակով հափշտակել է Իգոր Յուրիի Աղաբալյանին պատկանող ընդհանուր 520500 ՀՀ դրամ արժողությամբ խոշոր չափերով գույքը, այն է՝ 1500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, դրանում գտնվող 238000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումարը, 75000 ՀՀ դրամին համարժեք 10000 ՌԴ ռուբլի և 206000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, 2019 թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գնումներ կատարելու պատրվակով մուտք է գործել Երևան քաղաքի Զ.Սարկավագ փողոցի 123 հասցեում գործող հագուստի խանութ և այնտեղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է Անահիտ Պարսամյանին պատկանող 12000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է զգալի չափերի հասնող 388000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Կոմիտաս 16 շենքի 113 տարածքում գտնվող «Աֆրոդիտե» գեղեցկության սրահում Լուսինե Հակոբի Նիկոյանի զբաղված լինելու հանգամանքից և անուշադրությունից, սրահում առկա բազմոցի վրա դրված Լուսինե Նիկոյանի պայուսակից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափերով 553600 ՀՀ դրամ արժողությամբ գույք, այն է՝ 483600 ՀՀ դրամին համարժեք 15000 ՌԴ ռուբլի ու 70000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։55-ից մինչև 17։30-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Երևան քաղաքի Պարոնյան 1 հասցեում գործող «Թրավել գիդ» ՍՊ ընկերության գրասենյակ և օգտվելով գրասենյակի աշխատակցի անուշադրությունից՝ սրահի պահարանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է Սամսոն Սողոմոնյանին պատկանող ընդհանուր խոշոր չափերով 1140034 ՀՀ դրամի գույք՝ 30000 դրամ արժողության ձեռքի պայուսակը, դրանում առկա 1025000 ՀՀ դրամ գումար, 72000 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 8034 ՀՀ դրամին համարժեք 50 վրացական լարի և 5000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։25-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Սարյան 228 հասցեում գործող խանութ-սրահ և օգտվելով աշխատակցուհի Մարիամ Գրիգորյանի անուշադրությունից՝ սրահում առկա սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերի՝ 235000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 7» մոդելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7 հասցեում գործող «Դեմինի» շպարման պարագաների խանութ-սրահ և օգտվելով խանութի աշխատակցուհի Անահիտ Սահակյանի անուշադրությունից՝ սրահում առկա սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով վերցրել է վերջինիս պատկանող զգալի չափերի՝ ընդհանուր 390000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 7+» մոդելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ից մինչև ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Երևան քաղաքի Կորյուն 5 հասցեում գործող կահույքի սրահ և օգտվելով սրահի աշխատակցուհի Նարինե Գասպարյանի անուշադրությունից՝ սրահում առկա աթոռի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող՝ 15000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը և դրանում առկա 50000 ՀՀ դրամ գումարը, ընդհանուր՝ զգալի չափերի 65000 ՀՀ դրամի չափով գույք:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, որպես հաճախորդ մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան 1 անց. 2/1 հասցեում գործող խմորեղենի արտադրամաս և այնտեղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է Վարսիկ [Մանուկյանին] պատկանող 5000 ՀՀ [դրամ արժողությամբ] դրամապանակը, դրանում առկա 108000 ՀՀ դրամ գումարը, 5000 ՀՀ դրամին համարժեք եվրո գումարը և ԱՄՆ դոլար գումարը, ընդհանուր՝ 118000 ՀՀ դրամի չափով գույք:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի սեպտեմբեր ամսին մուտք է գործել Երևան քաղաքի Սայաթ-Նովա 31 հասցեում գործող «Համեմունք» խանութ-սրահ և օգտվելով աշխատակցուհի Սօսի Էօրտեքյանի անուշադրությունից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով խանութի դրամարկղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 28000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ Արմեն Պողոսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբեր ամսվա վերջին կամ նոյեմբեր ամսվա սկզբին, մուտք է գործել Երևան քաղաքի Բաղրամյան 2 հասցեում գործող «SS Թոյս» խանութ-սրահ և օգտվելով աշխատակցուհի Սիրուշ Անտոնյանի անուշադրությունից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով խանութի դրամարկղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 38000 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ Հասմիկ Դարբինյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, մուտք է գործել Հովհաննես Ղազարյանին պատկանող՝ Երևան քաղաքի Մաշտոցի 19/9 հասցեում գործող կոշիկի խանութ և օգտվելով սրահի աշխատակցուհու անուշադրությունից՝ խանութի դրամարկղի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է ընդհանուր 36200 ՀՀ դրամ արժողությամբ թվով երկու դրամապանակ՝ Հովհաննես Ղազարյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Մոլդովական 24/33 հասցեում գործող տնտեսական ապրանքների խանութ-սրահ և օգտվելով սրահի աշխատակից Վարազդատ Ստեփանյանի զբաղվածության հանգամանքից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով փորձել է գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ այլ անձանց խանութ-սրահ ելումուտ անելու պատճառով, հանցանքն ավարտին չի հասցրել և առանց որևէ բան հափշտակելու հեռացել է:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Մոլդովական 24/263 հասցեում գործող միրգ-բանջարեղենի խանութ-սրահ և օգտվելով խանութի աշխատակից Զինա Մստոյանի զբաղվածության հանգամանքից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով խանութի դրամարկղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 40000 ՀՀ կանխիկ գումար՝ Ալիխան Շաբաբյանին պատճառելով զգայի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Երևան քաղաքի Սայաթ-Նովա թաղամասի 1/4 հասցեում գործող հագուստի խանութ-սրահ և օգտվելով խանութի աշխատակից Ռոզա Գրիգորյանի անուշադրությունից՝ վերջինիս պայուսակից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 5000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը և դրանում առկա 16000 ՀՀ դրամ գումարը, ընդհանուր՝ 21000 ՀՀ դրամ գումարի չափով գույք:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Ռոզա Գրիգորյանից նախապես հափշտակված դրամապանակում առկա, վերջինիս անունով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության բանկային քարտով, ապօրինի մուտք գործելու եղանակով՝ 2019 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 17։46-ին, Երևան քաղաքի Խուդյակով 161/2 հասցեում տեղակայված «Կոնվերսբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կանխիկացրել է Ռոզա Գրիգորյանին պատկանող 250000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Վիլնուսի 37/5 հասցեում գործող «Ֆաբեռլիկ» խանութ-սրահ և օգտվելով Ալլա Մելքոնյանի անուշադրությունից՝ վերջինիս պայուսակից և խանութ-սրահից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 50000 ՀՀ դրամ գումար և 50000 ՀՀ դրամ գումարի չափով տարբեր տեսակի օծանելիքներ՝ Ալլա Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի՝ 100000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Փարպեցու 16 հասցեում գործող «Մակգաֆֆին» սրճարան և օգտվելով խանութի աշխատակցուհի Ջուլիետա Վեքիլյանի անուշադրությունից՝ սրճարանի բարի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերի՝ 60000 ՀՀ դրամ արժողությամբ «Քսիաոմի Մ5» մոդելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 15-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Դուբայ Դանշոփ» խանութ-սրահ և օգտվելով խանութի աշխատակցուհի Անուշ Մանանյանի անուշադրությունից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով խանութ-սրահի դրամարկղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 200000 ՀՀ կանխիկ գումար՝ Մարինե Մանանյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 19-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 19 հասցեում գործող «Շոպետ» հագուստի խանութ և օգտվելով խանութի աշխատակցուհի Ռեբեկա Մինասյանի անուշադրությունից՝ խանութի դրամարկղի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափերի՝ 200000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 7+» մոդելի բջջային հեռախոսը:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 12-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, բաց դռնով մուտք է գործել Երևան քաղաքի Դ.Վարուժան 28 հասցեում գործող «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժքույր Մարինա Վանյանի աշխատասենյակ և օգտվելով վերջինի սենյակում չլինելու հանգամանքից՝ սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող՝ 400000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ 9+» մոդելի բջջային հեռախոսը՝ Մարինա Վանյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։45-ից մինչև 14։55-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Անդրանիկի 5/7 հասցեում գործող «Սամվել Սարգսյան և ընկերներ» ՍՊ ընկերության դեղատան վարիչ Հասմիկ Տատինցյանի աշխատասենյակ և օգտվելով Հասմիկ Տատինցյանի բացակայությունից՝ վերջինիս պայուսակից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 80000 ՀՀ կանխիկ գումար, 47800 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար և 10600 ՀՀ դրամին համարժեք 20 եվրո՝ Հասմիկ Տատինցյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 28-ին՝ ժամը 17։40-ից մինչև ժամը 18։20-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ 12 հասցեի 126 տարածքում գործող «Ակվարիում» խանութ-սրահ և օգտվելով խանութի աշխատակից Վահե Մուրադյանի անուշադրությունից՝ խանութի սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող 50000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 6» մոդելի բջջային հեռախոսը՝ Վահե Մուրադյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 20-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան 22 հասցեում գործող «Ամրակ» խանութ-սրահ և օգտվելով խանութի աշխատակցուհի Աննա Շեկոյանի անուշադրությունից՝ խանութի սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող 400000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի Էս 10+» մոդելի բջջային հեռախոսը՝ Աննա Շեկոյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Շիրազի 26/2 հասցեում գործող խաղալիքների խանութ-սրահ և օգտվելով Օֆելիա Զաքարյանի անուշադրությունից՝ խանութի սեղանի վրայից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող՝ 489900 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 11» մոդելի բջջային հեռախոսը՝ Օֆելյա Զաքարյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի մարտի 16-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Իսահակյան 36 հասցեում գործող «Բլիք» նկարչական պարագաների խանութ և օգտվելով խանութի աշխատակիցների անուշադրությունից՝ Էմիլիա Մանուկյանի պայուսակից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող՝ 110000 ՀՀ դրամ արժողությամբ «Նոկիա» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Սարյան 28/4 հասցեում գործող «Ակռա» ատամնաբուժարան և օգտվելով կլինիկայի բուժքույր Վարդուհի Փախանյանի անուշադրությունից՝ սրահում առկա սեղանի վրայից գաղտնի, անհատույց շահադիտական նպատակով հափշտակել է վերջինիս պատկանող՝ 600000 ՀՀ դրամ արժողությամբ «Այֆոն 11 մաքս» մոդելի բջջային հեռախոսը՝ Վարդուհի Փախանյանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, մուտք է գործել Երևան քաղաքի Գայի 9 հասցեում գործող մթերային խանութ և օգտվելով խանութի աշխատակցուհի Սուսաննա Վարդանյանի անուշադրությունից՝ ապօրինի մուտք գործելու եղանակով խանութի սրահի դրամարկղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է 40000 ՀՀ դրամ գումար՝ Սամվել Թենեքեջյանին պատճառելով գույքային վնաս:
Բացի այդ, Ռուստամ Մաքսիմի Սահակյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում, չկողպված դռնից ապօրինի մուտք է գործել «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ի թերապևտիկ բաժանմունքի աշխատակիցների համար նախատեսված հանդերձարան և այնտեղից գաղտնի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է նույն հիմնարկի բուժքույր, Հրազդան քաղաքի բնակչուհի Մարգարիտա Շահբազյանի դրամապանակը, որի մեջ եղել է 200000 ՀՀ դրամ գումար և 101920 ՀՀ դրամին համարժեք 12000 ՌԴ ռուբլի գումար՝ Մարգարիտա Շահբազյանին պատճառելով ընդհանուր 301920 ՀՀ դրամի չափով գույքային վնաս»2։
7․1․ Ռ․Սահակյանին մեղադրանք առաջադրելու մասին նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ և մեղադրական եզրակացությամբ ակնհայտ տեխնիկական վրիպակի արդյունքում տուժող Հ․Տատինցյանի դրվագով որպես հանցանքի կատարման օրը նշվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ը, մինչդեռ քրեական գործով հաստատվել է, որ տվյալ դրվագով հափշտակությունը կատարվել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին3։ Ընդ որում, նույն տեխնիկական վրիպակն առկա է նաև Առաջին ատյանի դատարանի դատավճռում։
7.2. Առաջին ատյանի դատարանն Ռ․Սահակյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել․ «(․․․) [Ա]մբաստանյալ Ռուստամ Մաքսիմի Սահակյանի անձը, այն, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար:
(․․․) [Առաջին ատյանի դ]ատարանն ամբաստանյալ Ռուստամ Մաքսիմի Սահակյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում այն, որ իր դրսևորած վարքագծով արժանացել [է] տուժողներից մի մասի ներողամտությանը և վերջիններս նրա նկատմամբ որևէ բողոք և պահանջ չեն ներկայացրել, զղջացել է կատարած արարքների համար և ընդունել մեղքը, ինչը որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքների հանրային վտանգավորությունը և զղջացել է դրանց համար:
[Առաջին ատյանի դ]ատարանն ամբաստանյալ Ռուստամ Մաքսիմի Սահակյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտում հանցագործությունների ռեցիդիվը, քանի որ կատարել է դիտավորյալ հանցանքներ և դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար, որն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ»4։
8․ Վերաքննիչ դատարանը բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռի իրավաչափության ստուգման արդյունքում կայացված դատական ակտով արձանագրել է․ «Սույն գործի փաստական հանգամանքներից երևում է, որ Ռուստամ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ի թիվս այլնի 15 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար։ Թեև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներից վերջինը Ռուստամ Սահակյանը կատարել է 2020 թվականի մարտի 28-ին (Վահե Մուրադյանի դրվագը), սակայն հարկ է նկատել, որ ամբաստանյալին սույն քրեական գործով մեղսագրվում է ի թիվս այլնի նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցագործություն, որը Ռուստամ Սահակյանը կատարել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին (Հասմիկ Տիտանցյանի դրվագը)։ Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ նույն քրեական գործի շրջանակներում Ռուստամ Սահակյանին մեղսագրված արարքներից վերջինը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը, կատարվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, արձանագրում է, որ մինչև այդ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետներն ընդհատվել են 2020 թվականի դեկտեմբերի 23-ին կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցագործությամբ։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 15 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով Ռուստամ Սահակյանի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման։
(․․․) Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, որ դատարանին են ներկայացվել ամբաստանյալի 2006 և 2010 թվականներին ծնված երեխաների ծննդյան վկայականները, մոր հիվանդությունները հաստատող փաստաթղթերը, ինչին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեև Առաջին ատյանի դատարանը նշված հանգամանքներին անդրադարձ չի կատարել և դրանք առանձին չի արձանագրել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, այնուամենայնիվ Ռուստամ Սահակյանի նկատմամբ նշանակել է արդարացի և համաչափ պատիժ՝ հաշվի առնելով նրա անձը, մյուս պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա կատարած հանցանքների բնույթը և վտանգավորության աստիճանը։
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործությունների քանակը, բնույթը, վտանգավորության աստիճանը, Ռուստամ Սահակյանի արարքում հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալի կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս հանգել է ճիշտ հետևության։ Իսկ Ռուստամ Սահակյանի անձը և նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, այդ թվում նաև խնամքին անչափահաս երեխաների և հիվանդ մոր առկայությունը, բավարար չեն գալու ողջամիտ հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը:
(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռուստամ Սահակյանին մեղսագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (Ջուլիետա Վեքիլյանի դրվագով) Ռուստամ Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, այն է՝ տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ։
(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով պետք է բեկանել և փոփոխել և ամբաստանյալի նկատմամբ նշանակված վերջնական պատժից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (Ջուլիետա Վեքիլյանի դրվագով) Ռուստամ Սահակյանի նկատմամբ նշանակված պատժի մասնակի գումարված մասը՝ 3 ամիս ժամկետը»5։
8․1․ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ին կայացրած դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ․ «(․․․) Վերաքննիչ դատարանը 2022 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ մերժել է [ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի] միջնորդությունը՝ (․․․)։
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ամբաստանյալ Ռուստամ Սահակյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացնելու, փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներում և մեղադրական եզրակացությունում նշված է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հասմիկ Տատինցյանի դրվագով արարքը կատարել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, մինչդեռ նշված դրվագով քրեական գործ հարուցելու որոշմամբ նշված է, որ տվյալ դեպքը կատարվել է 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։ Բացի այդ, տուժողը նույնպես ցուցմունքներով նշել է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։
Հաշվի առնելով նշվածը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցին։
(․․․) [Դ]ատավճիռը կամ այլ վերջնական որոշում կայացնելուց հետո մինչև այդ պահը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմին է համարվում այն դատարանը, ում մոտ գտնվում է տվյալ քրեական գործը։ Այլ խոսքով՝ մինչ այդ պահը քրեական գործը համարվում է տվյալ դատարանի վարույթում գտնվող։ Նշվածի համատեքստում ստացվում է, որ եթե դատարանները քրեական գործով կայացրել են որոշում, ապա մինչև տվյալ քրեական գործն այդ դատարաններից ելքագրելը և համապատասխան ստորադաս դատարան ուղարկելը՝ քրեական գործը համարվում է տվյալ դատարանի վարույթում գտնվող։ Ընդ որում՝ նշվածի մասին է վկայում նաև այն, որ վերջնական դատական ակտը կայացնելուց հետո՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելը և/կամ ի կատար ածելը, տվյալ քրեական գործով բոլոր միջնորդությունները (օրինակ կարճաժամկետ մեկնում) ներկայացվում են հենց այդ դատարանին։
(․․․) Վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով, որ օրենսդիրը վաղեմության ժամկետը հաշվարկում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը, հետևաբար մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ վաղեմության ժամկետը լրանալու օրվա դրությամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարտականություն կրում է այն դատարանը, ում վարույթում գտնվում է քրեական գործը»6։
Վերաքննիչ դատարանի դատավոր Մ.Հարությունյանը Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշման կապակցությամբ մնացել է հատուկ կարծիքի՝ գտնելով, որ գործի փաստական հանգամանքի կրկնակի քննությունը չի բխում Վերաքննիչ դատարանի գործառույթից։ Հիշյալ որոշմամբ արձանագրված հանգամանքը կարող էր քննության առարկա հանդիսանալ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ կամ այն դիտարկվեր որպես ենթադրյալ դատական սխալ, որ կարող է ուղղվել բացառապես վերադաս դատարանի կողմից7։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու էր քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել, այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման արդյունքում կայացրել էր եզրափակիչ դատական ակտ։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում «դատարան» հասկացությունն ընկալվում է տվյալ եզրույթի բովանդակային իմաստով՝ բնորոշվելով իր դատական, այն է՝ իր իրավասության շրջանակում իրավական նորմերի հիման վրա և սահմանված կարգով իրականացված ընթացակարգերի արդյունքում համապատասխան հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործառույթով8:
Այն պետք է նաև համապատասխանի մի շարք այլ պահանջների, մասնավորապես՝ ցանկացած դեպքում պետք է լինի «օրենքի հիման վրա ստեղծված»: Տվյալ արտահայտությունն արտացոլում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը ներհատուկ է Եվրոպական կոնվենցիայով և կից Արձանագրություններով սահմանված պաշտպանության համակարգին9։ «Օրենքի հիման վրա ստեղծված» արտահայտությունը ներառում է ոչ միայն դատարանի գոյության իրավական հիմքը, այլև դատարանի կողմից դրա գործունեությունը կարգավորող նորմերը պահպանելը10։
10․ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 6-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 10) վերջնական որոշում` քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) [Դ]ատարանը, պարտավոր [է] պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։
Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 4. Դատարանի իրավասությունը, նրա կողմից քրեական դատավարության իրականացման կարգը չեն կարող կամայականորեն փոփոխվել առանձին գործերի կամ անձանց կամ որոշակի իրավիճակի համար կամ որևէ ժամանակահատվածով:
(․․․)
6. Քրեական գործով դատարանի դատավճիռը և այլ որոշումներ կարող են վերանայել միայն համապատասխան վերադաս դատարանները` սույն օրենսգրքով սահմանված կարգով»։
ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-719 որոշմամբ ընդգծելով քրեական արդարադատության իրականացման գործընթացում դատական ակտի ինքնուրույն դերը, արձանագրել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում11։
10․1․ Քրեադատավարական օրենսդրության համակարգային վերլուծությունից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական համակարգի յուրաքանչյուր ատյանում դատական վարույթն ավարտվում է վերջնական (եզրափակիչ) դատական ակտի կայացմամբ։ Օրենսդիրը սահմանել է դատական յուրաքանչյուր վարույթի ընթացքը եզրափակող դատական ակտի բովանդակությունը բացահայտող տարրերը, այդ կերպ, եռաստիճան դատական համակարգի պայմաններում հստակեցնելով ոչ միայն յուրաքանչյուր ատյանի դատարանի իրավասության շրջանակը, այլև դատական ատյանների միջև առկա գործառութային կապը։
Քրեական գործով դատական վարույթը եզրափակող դատական ակտում իրենց լուծումն են ստանում այդ վարույթին բնորոշ և վերջնական լուծում պահանջող հարցեր։ Դատական համակարգի յուրաքանչյուր ատյանում քրեական գործի վարույթն ավարտող՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակումից հետո, այդ ակտով վերջնական լուծման ենթակա որևէ հարց նույն դատարանը կրկին քննարկել ու լուծել չի կարող։ Այսինքն՝ քրեական գործով դատական վարույթի ընթացքն ավարտող դատական ակտի կայացմամբ տվյալ դատարանում քրեական գործի վարույթն ավարտվում է։ Դրանից հետո դատարանն իրավասու է անդրադառնալ միայն դատական ակտի կատարմանը և դատական ակտի անհստակությանը վերաբերող հարցերին։ Քրեական արդարադատության իրականացման այս կարգը որոշակի իրավիճակով պայմանավորված չի կարող փոփոխվել։ Հակառակ մոտեցումը չի բխում դատական ատյանների գործառույթների տարանջատման ապահովման պահանջներից, ինչպես նաև բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունից, համաձայն որի՝ մի օղակի ենթադրյալ ապօրինի վարքագծի վիճարկումը պետք է հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին12։
Վերոշարադրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր դատական ատյանում քրեական արդարադատության իրականացման կարգի հստակ կանոնների, ինչպես նաև՝ քրեական գործի վարույթը եզրափակող դատական ակտի փոփոխման կանոնների պահպանումը հիմնարար իրավական արժեք է ու բխում է արդար դատաքննության ինստիտուցիոնալ տարրից` անկախ, անկողմնակալ, իրավասու և օրենքի հիման վրա ստեղծված դատարան ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունից: Հետևաբար, քրեական արդարադատության իրականացման ընթացքում դատական ակտով թույլ տված դատական սխալները կարող են ուղղվել միայն վերանայման գործառույթը կրող ատյանի կողմից՝ քրեադատավարական օրենքով սահմանված՝ բողոքարկման ընթացակարգով։
11․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանն արագացված դատական քննության արդյունքով ամբաստանյալ Ռ․Սահակյանի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատական ակտ13,
- վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի դատավճռի իրավաչափության ստուգման արդյունքում 2022 թվականի ապրիլի 28-ին կայացված դատական ակտով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների համար հաշվարկվող վաղեմության ժամկետն ընդհատվել է Ռ.Սահակյանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 23-ին նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարմամբ, որպիսի պայմաններում պաշտպանի համապատասխան միջնորդությունը ենթակա է մերժման14,
- հիշյալ դատական ակտը հրապարակվելուց հետո՝ 2022 թվականի հունիսի 30-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` պատճառաբանելով, որ քանի դեռ քրեական գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում, այդ գործով քրեական հետապնդումը բացառող հանգամանքի կիրառման պարտականությունը կրում է Վերաքննիչ դատարանը, իսկ քրեական գործի նյութերից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով արարքը կատարվել է ոչ թե 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, այլ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։ Դատարանի նման լիազորության վերաբերյալ եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է հետևյալ կերպ․ վերջնական դատական ակտ կայացնելուց հետո՝ մինչև դրա օրինական ուժ ստանալը կամ ի կատար ածելը կամ գործն այդ դատարանից ելքագրելը և համապատասխան դատարան ուղարկելը, քրեական գործը համարվում է դատարանի վարույթում գտնվող, և որպես հետևանք՝ վարույթն իրականացնող մարմին է հանդիսանում տվյալ դատարանը15։
12․ Սույն որոշման 9-10․1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ի որոշմամբ փաստացի վերանայել է վերաքննիչ դատարանում սույն քրեական գործի վարույթն եզրափակող իր իսկ կողմից կայացված դատական ակտը, ինչն անթույլատրելի է քրեական արդարադատության իրականացման կարգի անփոփոխելիության, իսկ որպես արդյունք՝ դատարանների միջև գործառույթների տարանջատման ապահովման տեսանկյունից։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում, 2022 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ արձանագրել է, որ ամբաստանյալ Ռ․Սահակյանին տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով վերագրված հանցանքների համար հաշվարկվող վաղեմության ժամկետն ընդհատվել է 2020 թվականի դեկտեմբերի 23-ին, և այդ օրվանից հաշվարկելու պայմանում, քրեական հետապնդումը բացառող հանգամանքը՝ վաղեմության ժամկետն անցած լինելը, առկա չէ։ Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի նշված որոշմամբ՝ քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի կիրառման հարցում թույլ տված հնարավոր սխալի առկայության հարցը կարող էր քննարկման առարկա դարձվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված՝ դատական ակտի՝ վերադաս դատարանի կողմից վերանայելու ընթացակարգով։
Մինչդեռ, տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ վարույթում գործն ըստ էության լուծող եզրափակիչ որոշում կայացնելուց հետո կայացված դատական ակտով, արձանագրելով, որ վերջնական որոշմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի կիրառման հարցում հանգել է գործի փաստական հանգամանքներից չբխող եզրահանգման, կայացրել է համապատասխան բովանդակությամբ նոր դատական ակտ։ Այլ կերպ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը սույն քրեական գործով վերջնական որոշում կայացնելուց հետո չէր կարող քննարկել ամբաստանյալ Ռ․Սահակյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը և փաստացի վերանայել իր եզրափակիչ ակտը, քանի որ այդ ակտի կայացմամբ Վերաքննիչ դատարանում սույն քրեական գործի վարույթն այդքանով ավարտված էր։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ վերջնական որոշում կայացնելուց հետո քրեական գործը գտնվել է Վերաքննիչ դատարանում, որը շարունակել է հանդես գալ որպես վարույթն իրականացնող մարմին, հետևաբար կարող է լուծել քրեական հետապնդման դադարեցման հիմքերին վերաբերող իրավահարաբերությունները, Վճռաբեկ դատարանն այդ կապակցությամբ հայտնում է իր անհամաձայնությունը և արձանագրում, որ նման մոտեցումը չի բխում քրեական դատավարության իրականացման կարգին վերաբերող պահանջներից։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերանայելու արդեն իսկ կայացված ակտով լուծման ենթակա, տվյալ դեպքում, քրեական հետապնդումը դադարեցնելուն վերաբերող հարցը։ Հարկ է ևս մեկ անգամ վերահաստատել, որ դատարանում քրեական գործի վարույթի ընթացքն ավարտող, որ նույնն է՝ եզրափակիչ դատական ակտով լուծման ենթակա որևէ հարցի կապակցությամբ թույլ տված սխալի լուծման իրավասությունը միայն տվյալ դատարանի դատական ակտի վերանայման գործառույթը կրող վերադաս դատարանի տիրույթում է։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո, Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերանայել իր վերջնական դատական ակտը և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել։
13․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն16` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ: (…)»։
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
14․ Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթն ու քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները17։
15․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- ամբաստանյալ Ռ․Սահակյանը մեղսագրված վերջին արարքը կատարել է 2020 թվականի մարտի 28-ին18,
- ամբաստանյալ Ռ.Սահակյանը՝ 2019 թվականի նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է հետախուզման մեջ19,
- Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2021 թվականի օգոստոսի 10-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2022 թվականի ապրիլի 28-ին20: Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը՝ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ21։
16․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ռ․Սահակյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված տասնհինգ դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքների՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքների համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը, ամբաստանյալ Ռ.Սահակյանի՝ 1 (մեկ) ամիս 8 (ութ) օր ժամկետով հետախուզման մեջ լինելու հանգամանքով պայմանավորված, նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, լրացել է 2022 թվականի մայիսի 5-ին և այդ օրվա դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի վերջինիս նկատմամբ, տասնհինգ դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի պահանջն առ այն, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողներ Մ․Գրիգորյանի, Ա․Մելքումյանի․ Օ․Զաքարյանի, Է․Մանուկյանի, Մ․Վանյանի և Ա․Շեկոյանի քաղաքացիական հայցերը պետք է թողնել առանց քննության: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով22:
17․ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով ամբաստանյալին մեղսագրվող` ծանրացնող հանգամանքներում գողության հանցակազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերոնշյալ փոփոխություններն ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցին։
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 2. Գողությունը, որը կատարվել է՝
(․․․)
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
(․․․)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն՝ « (․․․) 2. Գողությունը, որը կատարվել է՝
(․․․)
3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ
4) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
Մեջբերված նորմերի համադրված վերլուծությունը նախ ցույց է տալիս, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված՝ գողության որակյալ հանցակազմերը համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համապատասխանաբար 4-րդ և 3-րդ կետերին։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատ, մեղմացել է՝ նախատեսում է նաև ազատազրկումից առավել մեղմ այլընտրանքային պատժատեսակներ՝ ազատության սահմանափակումը և կարճաժամկետ ազատազրկումը, որոնք նախատեսված չէին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքով։ Հետևաբար, նոր քրեական օրենսգիրքը մեղմացնում է ամբաստանյալին վերագրվող արարքի պատժելիությունը և այդ մասով հետադարձ ուժ ունի։
18․ Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալ Ռ․Սահակյանին երեք դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող նշված հանցավոր արարքները գործող իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ռ.Սահակյանին մեղսագրվող հանցավոր արարքները համապատասխանում են երեք դրվագ՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ութ դրվագ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմերի հատկանիշներին։
19․ Անդրադառնալով ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով կիրառելի է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 67․1-րդ հոդվածով սահմանված կանոնը, քանի որ այն, գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համեմատ, անձի համար նախատեսում է հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու առավել նպաստավոր կանոն։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 67․1-րդ հոդվածի կարգով՝ համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից ոչ պակաս23։
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած երեք դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալ Ռ․Սահակյանի նկատմամբ նշանակված ազատազրկման պատժի ժամկետը պակաս է հանցագործությունների ռեցիդիվի դեպքում տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, սակայն կաշկանդված լինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ դրվագներով մեղսագրված արարքները 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու արդյունքում Ռ․Սահակյանի նկատմամբ չի կարող նշանակվել ավելի խիստ պատժաչափ քան սահմանված է եղել Առաջին ատյանի դատարանի դատավճռով։
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ամբաստանյալի քրեական պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորությունը, ինչպես նաև վերջինիս անձը բնութագրող տվյալները24, գտնում է, որ երեք դրվագ՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով Ռ․Սահակյանի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով պետք է պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով և ութ դրվագ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
Անդրադառնալով հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կարգին՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով կիրառելի է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կանոնը, քանի որ այն, գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համեմատ, անձի համար, ընդհանուր առմամբ, նախատեսում է պատիժ նշանակելու առավել նպաստավոր կանոններ։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ վերջնական պատիժ պետք է նշանակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով։
Այսպես՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել երեք դրվագ՝ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 2 (երկու) ամիսը, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 2 (երկու) ամիսը, ութ դրվագ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 2 (երկու) ամիսը՝ ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակելով ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել 2020 թվականի մարտի 31-ից:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի անհատականացման գործընթացում սույն գործով արձանագրված՝ ամբաստանյալի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների և նրա անձը բնութագրող տվյալների համակցությունը, չեն կարող ողջամտորեն նվազեցնել ամբաստանյալ Ռ․Սահակյանի անձի և նրա կատարած արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի25 կիրառման հիմք հանդիսանալ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ռուստամ Մաքսիմի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հունիսի 30-ի որոշումը բեկանել։
2․ Ամբաստանյալ Ռուստամ Մաքսիմի Սահակյանի վերաբերյալ տասնհինգ դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, երեք դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ութ դրվագ՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել:
Ռուստամ Մաքսիմի Սահակյանի նկատմամբ տասնհինգ դրվագ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
Երեք դրվագ՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով Ռ․Սահակյանի նկատմամբ յուրաքանչյուր դրվագով պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով, 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ու ութ դրվագ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ռուստամ Մաքսիմի Սահակյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել երեք դրվագ՝ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 2 (երկու) ամիսը, 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակված 2 (երկու) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 2 (երկու) ամիսը, ութ դրվագ 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ յուրաքանչյուր դրվագով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից՝ 2 (երկու) ամիսը և ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։
Պատժի կրման սկիզբը հաշվել 2020 թվականի մարտի 31-ից:
Տուժողներ Մարիամ Գրիգորյանի, Ալլա Մելքումյանի, Օֆելյա Զաքարյանի, Էմիլիա Մանուկյանի, Մարինա Վանյանի և Աննա Շեկոյանի քաղաքացիական հայցերը թողնել առանց քննության:
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 28-ի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 161-168:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 237, 240 և 261-264:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 161-168:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 55-77:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 78-90:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 91-92:
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Belilos v. Switzerland գործով 1988 թվականի ապրիլի 29-ի վճիռը, գանգատ թիվ 10328/83, կետ 64, Coսme and Others v. Belgium գործով 2000 թվականի հունիսի 22-ին վճիռը, գանգատ թիվ 32492/96 և այլ, կետ 99, Richert v. Poland գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 43։
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Jorgic v. Germany գործով 2007 թվականի հուլիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 74613/01, կետ 64, Richert v. Poland գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 41։
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Gorguiladzռ v. Georgia գործով 2009 թվականի հոկտեմբերի 20-ի վճռը, գանգատ թիվ 4313/04, կետ 68, Pandjikidzռ and Others v. Georgia գործով 2009 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռ, գանգատ թիվ 30323/02, կետ 104։
11 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։
12 Տե՛ս նույն տեղում։
13 Տե՛ս սույն որոշման 2․1-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 3․1-րդ կետը:
16 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ռ.Մարգարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
17 Վաղեմության ժամկետների կիրառման պայմանների վերաբերյալ մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումները։
18 Տե՛ս սույն որոշման 7-րդ և 7․1-րդ կետերը:
19 Տե՛ս սույն որոշման 1․1-րդ և 1․2-րդ կետերը:
20 Տե՛ս սույն որոշման 2․1-րդ և 3-րդ կետերը:
21 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
22 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Անդրեասյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0200/01/13 որոշումը։
23 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումները որպես անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ հետադարձ ուժով կիրառելու դեպքում կրկին առկա է հանցագործությունների ռեցիդիվ։ Հետադարձ ուժով կիրառման իրավական հիմքը տե՛ս, հիշյալ օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը։
24 Տե՛ս, սույն որոշման 7․2-րդ և 8-րդ կետերը։
25 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ռ.Սահակյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|