Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0403/02/19

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0403/02/19

Նախագահող դատավոր`

 Ն Կարապետյան

Դատավորներ`

 Կ Չիլինգարյան

 Լ Գրիգորյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

2023 թվականի օգոստոսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անդրանիկ Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21112022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Բյուրո) հայցի ընդդեմ Անդրանիկ Զաքարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1 Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Անդրանիկ Զաքարյանից բռնագանձել 943.092 ՀՀ դրամ, որից 886.000 ՀՀ դրամը` որպես Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 57.092 ՀՀ դրամ գումարը՝ որպես 23.04.2019 թվականի դրությամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, 886.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ հաշվարկը կատարելով հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից՝ 24.04.2019 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15082022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11102022 թվականի որոշմամբ Անդրանիկ Զաքարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21112022 թվականի որոշմամբ Անդրանիկ Զաքարյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անդրանիկ Զաքարյանը (ներկայացուցիչ Մարիամ Սահակյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Գայանե Պապոյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ ու 371-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Սույն գործի փաստերից հետևում է, որ Բյուրոի ներկայացուցիչն օրենքով սահմանված ժամկետներում վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 15.08.2022 թվականի վճռի դեմ, բողոքի օրինակն ուղարկել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քաղաքացիական գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս երկու թերությունները շտկվել են՝ վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքը և նշել է պատասխանողի հասցեն, սակայն չի շտկվել դատարանի անունը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է փաստն այն մասին, որ բողոք բերողի ներկայացուցիչը բողոքարկել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի համար պարզ էր և հստակ, թե որ դատարանի որ դատական ակտի դեմ է ներկայացվել վերաքննիչ բողոքը։

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, վերադարձնելու և ընդունումը մերժելու մասին նորմերը մեկնաբանել է դրանց տառացի նշանակությամբ՝ անտեսելով օրենսդրի կամքը և նպատակը, որի արդյունքում ինքը զրկվել է դատական ակտի բողոքարկման իրավունքից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21112022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն պարագայում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են և բխում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորվող իրավական նորմերից, իսկ վճռաբեկ բողոքում նշված պատճառաբանություններն անհիմն են։ Ավելին, ըստ էության բողոքաբերն ընդունել է այն հանգամանքը, որ նոր ներկայացված վերաքննիչ բողոքում ամբողջությամբ չեն շտկվել Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված թերությունները, հետևաբար նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունն այն է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժվի։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արդյո՞ք բողոքում թույլ տված յուրաքանչյուր ձևական պահանջի չպահպանումը հիմք է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման համար:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ու խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania, թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանը նշել է, որ ընթացակարգային նորմերը կիրառելիս ներպետական դատարանները պետք է խուսափեն և՛ չափազանցված ձևականությունից, որը կազդի ընթացակարգի արդարացիության վրա, և՛ չափազանցված ճկունությունից, որը կհանգեցնի օրենքով սահմանված ընթացակարգային պահանջների վերացմանը (տե՛ս Walchli v. France, թիվ 35787/03 գանգատով Եվրոպական դատարանի 26072007 վճիռը, § 29, Peca v. Greece (no. 2), թիվ 33067/08 գանգատով Եվրոպական դատարանի 10062010 թվականի վճիռը, § 30):

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին ու այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տե՛ս ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումի՝ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի 17.07.2019 թվականին Երևան քաղաքում կայացրած թիվ 15-4087/19 պահանջը բավարարելու մասին որոշման չեղարկման պահանջի մասին, թիվ ԵԴ/1971/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Մեկ այլ՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս  ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932,  ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր  19062018 թվականի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, ՀՀ սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) Կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց:

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համադրության արդյունքում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում  վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, (...)։

Սույն գործով Անդրանիկ Զաքարյանը Դատարանի 15082022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով հետաձգել պետական տուրքի վճարումը  (հատոր 2-րդ, գ.թ. 70-79):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11102022 թվականի որոշմամբ Անդրանիկ Զաքարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը հիմնավորված չէ և ենթակա է մերժման, վերաքննիչ բողոքում բացակայում է բողոք բերող անձ Անդրանիկ Զաքարյանի հասցեն, ինչպես նաև վերաքննիչ բողոքում ամբողջական նշված չէ դատական ակտը կայացրած դատարանի անվանումը (միայն նշված է «ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»)։ Միաժամանակ Վերաքննիչ դատարանի 11102022 թվականի որոշմամբ սահմանվել է ժամկետ՝ թույլ տրված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 81, 82):

Անդրանիկ Զաքարյանը, Դատարանի 15082022 թվականի վճռի դեմ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կցելով պետական տուրքի վճարման անդորրագիրը և բողոքում նշելով իր հասցեն (հատոր 2-րդ, գ.թ. 90-102):

Վերաքննիչ դատարանի 21112022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերող անձը չի շտկել նշված խախտումներից երրորդը՝ բողոքում կրկին թերի է նշել դատարանի անվանումը (հատոր  2-րդ, գ.թ. 103, 104)։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։

Վերաքննիչ դատարանը, 21112022 թվականին կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, ըստ էության, արգելափակել է անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարան հանձնված բողոքի բովանդակությունից պարզ է եղել, թե որ դատարանի դատական ակտի դեմ է ներկայացվել վերաքննիչ բողոքը։ Ավելին՝ բողոքին կից ներկայացված է եղել նաև վերաքննիչ բողոքի օրինակը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու փաստը հավաստող ապացույցը՝ փոստային անդորրագիրը (հատոր 2-րդ, գթ 90)։

Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը և Անդրանիկ Զաքարյանին վերաքննության իրավունքից զրկելը դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում է, որի արդյունքում խախտվել է այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կրում է խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թեև տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձը բողոքում ստորադաս դատարանի անվանումը նշել էր թերությամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր դատարանին համապատասխան բողոքի հիման վրա ստորադաս դատարանից գործը պահանջելու լիազորության իրականացմանը կամ անհասկանալի մնար, թե որ դատարանի կողմից է կայացվել դատական ակտը, որի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, և միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող չափազանց ձևական մոտեցում է և հանգեցնում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակմանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21112022 թվականի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և  ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21112022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. ՄԵՂՐՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան