ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/47016/02/22 2023 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/47016/02/22 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
Գ. Հակոբյան
զեկուցող
Ա. Մկրտչյան
Ս. Մեղրյան
Է. Սեդրակյան
2023 թվականի սեպտեմբերի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Նոռա Գևորգյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Նոռա Գևորգյանից բռնագանձել 714,50 ԱՄՆ դոլար, վարկի գումարի մնացորդին՝ 386,78 ԱՄՆ դոլարին հաշվեգրել վարկային պայմանագրով նախատեսված 0․13 տոկոսի չափով տոկոսները՝ սկսած հայցադիմումը դատարան ներկայացվելու օրվանից մինչև պարտավորության ամբողջական մարման օրը, ինչպես նաև վարկի ժամկետանց տոկոսին՝ 68․51 ԱՄՆ դոլարին հաշվեգրել վարկային պայմանագրով նախատեսված 0,13 տոկոսի չափով տույժերը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26․09.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.11.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, չի կիրառել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի գործադիր տնօրենի կողմից տրված լիազորագրի վրա առկա էլեկտրոնային ստորագրությունը ստեղծվել է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհրաժեշտ պայմանների պահպանմամբ, ուստի չի կարող տարբերակվել կամ որևէ կերպ տարբերվել գոյություն ունեցող մյուս էլեկտրոնային ստորագրություններից: Ստորագրության տեղում կիրառված օտարալեզու տառերը, տերմինները և նշանները ծրագրային բանաձևերի ու ալգորիթմերի արտահայտումներ են՝ ստորագրության պատկերում փաստաթղթի վրա, և չեն կազմում լիազորագրի՝ որպես դատավարական փաստաթղթի բովանդակությունը։
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել մրցակցության սկզբունքի սահմաններից, քանի որ գործել է որպես փորձագետ (մասնագետ) և էլեկտրոնային ստորագրության բանաձևերի, նշանների ու այլ պայմանանշանների նշանակության վերաբերյալ կատարել է վերացական եզրահանգումներ այն մասին, որ Բանկի կողմից ներկայացված լիազորագրում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի կանոնները՝ անտեսելով, որ լիազորագրի բովանդակությունը հայերեն է և միայն էլեկտրոնային ստորագրություն համարվող յոթերորդ տողն է օտար լեզվով՝ տառերի, նշանների և այլ թվային բանաձևերի համադրությամբ, ինչն էլ օրենքով սահմանված կարգով ստեղծված էլեկտրոնային ստորագրությունն է։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Բանկի կողմից ներկայացված լիազորագրի սկզբնամասում նշված են 27.06.2022 թվականը և նույն օրը տրված ելքային համարը, իսկ վերջնամասում՝ էլեկտրոնային ստորագրության հատվածում, ևս նշված է նույն ամսաթիվը (Date:2022.06.27 16:25:41 + 04’00’)։ Լիազորագրում հստակ և ընթեռնելի արտացոլված է այն ստորագրելու ամսաթիվն ու առնվազն դրա վերևի հատվածում նշված ամսաթիվը բավարար է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով լիազորագիրը տալու և գործողության ժամկետն արձանագրելու համար։
Բանկի կողմից պահպանվել է էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձևը։ Ներկայացված լիազորագիրն էլեկտրոնային փաստաթղթի պատճենն է՝ ներկայացված թղթի վրա, և դրա վրա առկա է «Իսկականի հետ ճիշտ է» վերտառությամբ դրոշմակնիք, ինչը վկայում է, որ այն էլեկտրոնային թվային ստորագրությամբ բնօրինակ լիազորագրի պատշաճ վավերացված պատճենն է, որն ունի էլեկտրոնային փաստաթղթին հավասար իրավական նշանակություն և ուժ: Ավելին՝ քանի դեռ ապացուցված չէ, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված լիազորագիրը փոփոխվել կամ կեղծվել է, այն համարվում է նույն իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթը, ինչ որ ձեռագիր ստորագրությամբ վավերացվածը։ Լիազորագիրն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթի պատշաճ վավերացված պատճենն է, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է բնօրինակ և ունի հավասար իրավական նշանակություն, ուստի Բանկի կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները։
Վերաքննիչ դատարանի կողմից վավերացում և(կամ) դրոշմակնիք պարունակող փաստաթղթերը կասկածելի դիտարկելու դեպքում ի չիք են դառնում պատշաճ վավերացված պատճենները դատարան ներկայացնելու կարգավորումների նպատակները, իսկ այսօրինակ դատական պրակտիկայի ձևավորումը հանգեցնելու է դատարանի մատչելիության իրավունքի խախտման, քանի որ վավերացում ունեցող բոլոր փաստաթղթերը դրվելու են կասկածի տակ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի կողմից Բանկի աշխատակիցներին տրված լիազորագրի՝
- ձախ անկյունում առկա է նշում՝ «27.06.2022»,
- եզրափակիչ մասում նշված է՝ «Սույն լիազորագիրը ուժի մեջ է մտնում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու պահից և գործում է մեկ տարի ժամկետով»,
- ստորագրության համար նախատեսված տեղում առկա են էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշաններ, որոնք օտարալեզու գրվածքների և նշանների որոշակի հաջորդականություն են (գ․թ․ 32)․
2) լիազորագրի վրա առկա է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ», «Իսկականի հետ ճիշտ է» դրոշմակնիք՝ «05 OCT 2022» գրվածքով (գ․թ․ 32)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/37327/02/22 քաղաքացիական գործով 22․09․2022 թվականի, թիվ ՏԴ/2963/02/22 քաղաքացիական գործով 04․10․2022 թվականի, թիվ ՍԴ/2118/02/22 քաղաքացիական գործով 20․09․2022 թվականի, թիվ ՍԴ/3055/02/22 քաղաքացիական գործով 16․11․2022 թվականի, թիվ ԼԴ/4359/02/22 քաղաքացիական գործով 19․10․2022 թվականի, թիվ ԵԴ/46750/02/22 քաղաքացիական գործով 17․11․2022 թվականի և թիվ ԵԴ/46961/02/22 քաղաքացիական գործով 16․11․2022 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմերը կիրառվել են Վերաքննիչ դատարանի 02.11.2022 թվականի որոշման մեջ նույն նորմերին տրված հակասող մեկնաբանությամբ։
Սույն վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի՝ արտաքին ձևով՝ թղթի վրա, դատարան ներկայացվելու կարգին՝ միաժամանակ քննարկման առարկա դարձնելով էլեկտրոնային փաստաթղթերի՝ որևէ նյութական կրիչի վրա վերարտադրված արդյունքներն Օրենքի իմաստով պատճեններ համարելու և վավերացնելու՝ դրանց համապատասխանությունը բնօրինակին հաստատելու հարցերը՝ վերահաստատելով թիվ ՍԴ/3005/02/22 քաղաքացիական գործով 28.07.2023 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը վերադարձրել է հետևյալ երեք հիմքերով․
1) «լիազորագիր» դատավարական փաստաթղթի պարտադիր վավերապայման հանդիսացող ստորագրության տեղում կատարված գրառումն օտարալեզու է, և այդպիսին պարունակելու ու հայերեն պատշաճ թարգմանությամբ չուղեկցվելու դեպքում տվյալ «փաստաթուղթը» չի կարող քննարկվել կամ թույլատրվել դատարանի կողմից ու ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ և 368-րդ հոդվածներին համապատասխան, որպիսի կանոնը վերապահումներից զերծ է ու բացառում է նաև օտարալեզու գրառման պարունակած զուտ թվային արտահայտությունների նշանակությանն անդրադառնալու իրավաչափ հնարավորությունը,
2) վերաքննիչ բողոքին կցված «լիազորագրի» հայերեն բովանդակությունը եզրափակվում է «սույն լիազորագիրն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու պահից և գործում է մեկ տարի ժամկետով» արտահայտությամբ, որը վերևում նշված օտարալեզու գրառման պայմաններում անորոշ է մնում` էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու պահը, ըստ այդմ էլ` «լիազորագիրն» արդեն իսկ ուժի մեջ մտած լինելու և դրա գործողության ժամկետը դեռևս սպառված չլինելու հարցում հավաստիանալու անհնարինության տեսանկյունից (ճիշտ է, «փաստաթղթում» «լիազորագիր» բառին նախորդում է «27.06.2022» գրառումը, բայց այն որպես «էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու պահ» չի կարող ընկալվել հենց այն վերապահման առկայության բերումով, որով եզրափակվում է «փաստաթղթի» հայերեն բովանդակությունը),
3) վերաքննիչ բողոքին կցված «լիազորագրի» վրա ««ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ», «05 OCT 2022» և «Իսկականի հետ ճիշտ է» գրառումներով դրոշմակնիքի բնօրինակ դրոշմի առկայությունը ողջամտորեն թույլ է տալիս դատողություն անել այն մասին, որ տվյալ փաստաթուղթը ներկայացրած անձի մոտ էլ բացակայել է դրա վավերականության հարցում անհրաժեշտ վստահությունը, և հենց առկա կասկածները փարատելու փորձ է կատարվել նրա կողմից` «լիազորագրի» վրա տվյալ դրոշմակնիքի դրոշմը զետեղելու միջոցով:
Անդրադառնալով նշված հիմքերից յուրաքանչյուրի հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացություններին․
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ, իսկ 3-րդ կետի համաձայն՝ օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: (…):
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործարքներ կնքելիս ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: (…):
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ լիազորագիրը միակողմանի գործարք է, որով սահմանվում են ներկայացուցչի իրավունքները, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև լիազորագրողի անունից երրորդ անձանց հետ հարաբերությունների մեջ մտնելու այլ պայմանները (տե՛ս Նելլի Միքայելյանն ընդդեմ Անահիտ Եղիազարյանի, Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձ Վաղինակ Վերմիշյանի թիվ ԵՄԴ/0992/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.06.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ լիազորագիրը` որպես միակողմ գործարք, նախևառաջ հանդիսանալով կամային ակտ, պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին (տե՛ս Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյաններն ընդդեմ Վահագն Սահակյանի, երրորդ անձ Երևանի «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Աստղիկ Մազմանյանի և հակընդդեմ հայցով Վահագն Սահակյանն ընդդեմ Մարի, Մամիկոն, Գայանե և Անժելա Ղումաշյանների թիվ ԵՇԴ/0056/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Շարադրվածի մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կարող են սահմանվել, փոփոխվել կամ դադարել քաղաքացիական իրավունքի սուբյեկտի միակողմանի կամահայտնությամբ, ինչպիսին օրինակ լիազորագրի դեպքում է։ Լինելով միակողմ գործարք՝ լիազորագիրն արտահայտում է այլ անձի կողմից երրորդ անձանց առջև ներկայացվելու լիազորողի ներքին կամքը, որն արտաքին կամահայտնություն է ստանում վերջինիս կողմից մեկ փաստաթուղթ կազմելու և այն ստորագրելու միջոցով։ Ընդ որում, խոսքը գնում է ձեռագիր ստորագրության, իսկ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում՝ ի թիվս այլնի էլեկտրոնային թվային ստորագրության մասին։
Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները կարգավորված են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքով։
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը տրված է 2-րդ հոդվածով, որի համաձայն՝ նշված հասկացությունները հաջորդիվ օգտագործված են հետևյալ իմաստներով․
Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ (…)․
էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.
էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.
էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալներ` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն ստորագրող անձն օգտագործում է իր էլեկտրոնային թվային ստորագրությունը յուրաքանչյուր անգամ կիրառելիս․
էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.
էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք օգտագործվում են անձի էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման նպատակով՝ օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալները.
էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները․
էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ էլեկտրոնային թվային ստորագրությունն իրենից ներկայացնում է կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստեղծված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների ուրույն ու եզակի հաջորդականություն, որը կցված է կամ տրամաբանորեն կապված է նյութական կրիչի վրա գրանցված և էլեկտրոնային եղանակով պահվող տեղեկության հետ և ծառայում է էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու ու ստորագրող անձին նույնականացնելու համար։ Իր հաջորդականության մեջ լինելով ուրույն ու եզակի՝ ստորագրող անձը նույնականացվում, իսկ էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հավաստվում է հենց այդ պայմանանշանների միջոցով՝ ապարատային և(կամ) ծրագրային միջոցների կիրառման դրական արդյունք ստանալու դեպքում։
Սույն գործով Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի կողմից Բանկի աշխատակիցներին տրված լիազորագրի՝ ստորագրության համար նախատեսված տեղում առկա են էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշաններ, որոնք օտարալեզու գրվածքների և նշանների որոշակի հաջորդականություն են։
Վերաքննիչ դատարանը Բանկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի խախտում է վերագրել այն պատճառաբանությամբ, որ ստորագրության տեղում կատարված գրառումն օտարալեզու է և չի ուղեկցվում հայերեն պատշաճ թարգմանությամբ, ինչը բացառում է օտարալեզու գրառման պարունակած թվային արտահայտությունների նշանակությանն անդրադառնալու իրավաչափ հնարավորությունը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: (…):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական փաստաթղթերը հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը վերաբերում է դատավարական փաստաթղթի բովանդակությանը, այսինքն՝ տառերի, թվերի, ծածկագրերի և այլ նշանների միջոցով որոշակի նյութական կրիչի վրա արտացոլված այն տեղեկությանը, ինչը պետք է ընթերցման միջոցով ընկալի դատարանը։
Մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի վկայակոչած՝ «լիազորագիր» դատավարական փաստաթղթի բովանդակությունն ամբողջությամբ հայերեն է, իսկ օտարալեզու գրվածքները և նշանները ոչ թե լիազորագրի, այլ էլեկտրոնային թվային ստորագրության բաղկացուցիչ մասերն են։ Վերաքննիչ դատարանի կողմից որպես «օտարալեզու» որակված գրառումները կրիպտոգրաֆիկականորեն փոխակերպված և թվային ձևով ներկայացված այն պայմանանշաններն են, որոնք իրենց ուրույն և եզակի հաջորդականությամբ կազմում են էլեկտրոնային թվային ստորագրությունը՝ թույլ տալով նույնականացնել ստորագրող անձին։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավորված չեն, և այս մասով վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավոր են։
2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ ֆինանսների նախարարության, երրորդ անձինք Օլյա Կոզաևայի և Տիգրան Մատինյանի թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառել դրանից բխող դատավարական հետևանքները (տե՛ս «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագրի՝ որպես միակողմ գործարքի, բովանդակությանն օրենքով առաջադրված են պարտադիր պահանջեր, որոնք չպահպանելը վերացնում է լիազորողի հետապնդած ցանկալի իրավական հետևանքների առաջացումն ու այն դարձնում անվավեր՝ անկախ դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու հանգամանքից։ Մասնավորապես, լիազորագիրը պարտադիր պետք է պարունակի դրա կատարման տարվա, ամսվա և ամսաթվի մասին նշում՝ հիմք ծառայելով գործողության ժամկետը հաշվարկելու համար։ Օրենքով սահմանված պարտադիր այդ պահանջը չպահպանելը լիազորագիրը դարձնում է առոչինչ՝ իրավական հետևանքներ չառաջացնող։
Իրավիճակն այլ է լիազորագրի գործողության ժամկետի դեպքում, երբ այդպիսին նշված չլինելն առաջացնում է իրավական այլ հետևանք՝ լիազորագիրը համարվում է տրված մեկ տարի ժամկետով։
Սույն գործով Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի կողմից Բանկի աշխատակիցներին տրված լիազորագրի ձախ անկյունում առկա է նշում՝ «27.06.2022», և այն եզրափակվում է «Սույն լիազորագիրը ուժի մեջ է մտնում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու պահից և գործում է մեկ տարի ժամկետով» նախադասությամբ։
Վերաքննիչ դատարանը Բանկի բողոքը վերադարձրել է նաև այն հիմնավորմամբ, որ լիազորագրում օտարալեզու գրառումների առկայության պայմաններում անորոշ է մնում դրա ստորագրման պահը, համապատասխանաբար նաև՝ ուժի մեջ մտած լինելու և գործողության ժամկետը սպառված լինելու հարցերը։
Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես «օտարալեզու» որակված գրառումները ոչ թե լիազորագրի, այլ էլեկտրոնային թվային ստորագրության բաղկացուցիչ մասերն են, ուստի լիազորագրի կատարման տարին, ամիսն ու ամսաթիվը, ինչպես նաև ուժի մեջ մտած լինելու և գործողության ժամկետի հետ կապված հարցերը դրանում պարունակվող կրիպտոգրաֆիկական պայմանանշաններից կախվածության մեջ գտնվել, առավել ևս օտարալեզու լինելու պատճառով այդ հարցերի պարզմանը խոչընդոտել չեն կարող։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիազորագրի կատարման տարին, ամիսը և ամսաթիվը նշելու պահանջը լիազորագրի բովանդակությանը ներկայացվող պարտադիր պահանջ է, որը Բանկի անունից տրված լիազորագրի դեպքում պահպանված է։ Մասնավորապես, խնդրո առարկա լիազորագրի ձախ անկյունում նշված է դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, այն է՝ «27.06.2022», որ օրվանից էլ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հոսում է դրա գործողության՝ լիազորագրում նշված մեկ տարվա ժամկետը։
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարալեզու գրառման պայմաններում խնդրո առարկա լիազորագրի ուժի մեջ մտած լինելու և դրա գործողության ժամկետը սպառված լինելու հարցերում հավաստիանալու հնարավորության բացակայության մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն իրավաչափ չէ, և վճռաբեկ բողոքն այս մասով ևս հիմնավոր է։
3) Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Էլեկտրոնային փաստաթուղթն ունի ներկայացման ներքին և արտաքին ձև: Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման ներքին ձևը էլեկտրոնային կրիչի վրա էլեկտրոնային փաստաթուղթ կազմող տեղեկատվության գրանցման արդյունքն է: Էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձևը էլեկտրոնային փաստաթղթի վերարտադրման արդյունքն է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա՝ տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով:
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ (...): Էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար: (...):
Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա: (...):
Օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձևով` թղթի վրա` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենները թղթի վրա պետք է պարունակեն նշում այն մասին, որ նրանք համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի պատճեններն են:
Շարադրված իրավանորմերից բխում է, որ էլեկտրոնային փաստաթուղթը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով թղթի կամ որևէ այլ նյութական առարկայի վրա վերարտադրվելու դեպքում էլեկտրոնային կրիչի վրա գրանցված բնօրինակից (ներքին ձև) վերածվում է էլեկտրոնային փաստաթղթի արտաքին ձևի։ Ընդ որում, էլեկտրոնային փաստաթղթի՝ արտաքին ձևով վերարտադրված արդյունքը կարող է հավակնել Օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվելուն, եթե բավարարում է հետևյալ բոլոր պահանջներին․
- հաստատված է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը,
- առկա չեն էլեկտրոնային փաստաթուղթը հաղորդման կամ պահպանության տրվելու պահից փոփոխության կամ կեղծիքների ենթարկված լինելու մասին բավարար ապացույցներ,
- պարունակում է էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու մասին նշում,
- դրա համապատասխանությունը բնօրինակին վավերացված է օրենսդրությամբ սահմանված կարգով։
Օրենսդրական բոլոր այս պահանջները պահպանված լինելու դեպքում էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթի պատճենն ունի ձեռագիր ստորագրությամբ հաստատված փաստաթղթին համարժեք իրավական նշանակություն։
Տվյալ դեպքում Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի կողմից Բանկի աշխատակիցներին տրված լիազորագրի վրա առկա է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ», «Իսկականի հետ ճիշտ է» դրոշմակնիք՝ «05 OCT 2022» օտարալեզու գրվածքով։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված լիազորագրի վրա ««ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ», «05 OCT 2022» և «Իսկականի հետ ճիշտ է» գրառումների ու բնօրինակ դրոշմակնիքի միջոցով տվյալ փաստաթուղթը ներկայացրած անձը փորձել է փարատել լիազորագրի վավերականության հարցում իր մոտ առաջացած անհրաժեշտ վստահությունը կասկածի տակ դնող կասկածները։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա լիազորագիրը վերևում նշված՝ Օրենքով սահմանված բոլոր պահանջներին չի բավարարում, ուստի Օրենքի իմաստով էլեկտրոնային փաստաթղթի պատճեն համարվել և ձեռագիր ստորագրությամբ հաստատված փաստաթղթին համարժեք իրավական նշանակություն ունենալ չի կարող։ Այսպես, նախ՝ այն չի պարունակում նշում այն մասին, որ էլեկտրոնային փաստաթղթի պատճենն է, և երկրորդ՝ դրա վրա, որպես վավերացում, առկա է միայն «Կոնվերս Բանկ» ՓԲԸ», «Իսկականի հետ ճիշտ է» դրոշմակնիք, որից պարզ չէ, թե ով է այն հաստատել, ամսաթիվը (դրոշմակնիքը պարունակում է «05 OCT 2022» օտարալեզու գրվածք միայն), այդ անձի անունն ու պաշտոնը, ստորագրությունը, ինչպես նաև բացակայում է պատճենի համապատասխանությունը բնօրինակին վավերացնելու այդ անձի լիազորությունը հաստատող ապացույցը։
Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիազորագրի՝ որպես էլեկտրոնային փաստաթղթի, արտաքին ձևով՝ թղթի վրա ներկայացված արդյունքի համապատասխանությունը դրա բնօրինակին հաստատված չլինելու խախտում Բանկին վերագրելով` Վերաքննիչ դատարանն իրավունքի նորմի խախտում թույլ չի տվել, և վերաքննիչ բողոքը սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով նշված հիմքով ենթակա էր վերադարձման։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հետազոտելով թիվ ԵԴ/37327/02/22 քաղաքացիական գործով 22.09.2022 թվականի, թիվ ՏԴ/2963/02/22 քաղաքացիական գործով 04.10.2022 թվականի, թիվ ՍԴ/2118/02/22 քաղաքացիական գործով 20.09.2022 թվականի, թիվ ՍԴ/3055/02/22 քաղաքացիական գործով 16.11.2022 թվականի, թիվ ԼԴ/4359/02/22 քաղաքացիական գործով 19.10.2022 թվականի, թիվ ԵԴ/46750/02/22 քաղաքացիական գործով 17.11.2022 թվականի և թիվ ԵԴ/46961/02/22 քաղաքացիական գործով 16.11.2022 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումները, դրանք համադրելով Վերաքննիչ դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման հետ՝ հաստատված է համարում բողոքը վարույթ ընդունելու հիմքի՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ ու 6-րդ հոդվածների կապակցությամբ հակասական մեկնաբանությունների առկայությունը։ Միաժամանակ հիմք ընդունելով սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից հայտնված դիրքորոշումները «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածների վերաբերյալ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության ժամանակ վկայակոչված նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։
Այսպես, թեև սույն որոշման պատճառաբանական մասի «1)» և «2)» կետերում նշված հարցերի կապակցությամբ Բանկի վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավորված են, այդուհանդերձ «3)» կետում շարադրված պատճառաբանություններով Բանկի վերաքննիչ բողոքը ենթակա էր վերադարձման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորությունը՝ մերժել Բանկի վճռաբեկ բողոքն ու Վերաքննիչ դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. Մկրտչյան |
Ս. Մեղրյան | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: