Գլխավոր տեղեկություն
Համար
N 2070-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 30.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2070-Լ

 

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման պատասխանատու մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ ֆինանսավորող մարմին):

3. Սույն միջոցառման իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշման

 

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Սույն միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից նոր աշխատողների, այդ թվում՝ աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը:

 

2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

2. Սույն միջոցառման իմաստով`

1) շահառու են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարվա (տարիների) ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող (հանդիսացած) տնտեսավարողների՝

ա. որոնք դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորություններ, և

բ. որոնց դիմումի ներկայացման օրվան նախորդող տարվա ընթացքում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» խմբում ներառված գործունեության տեսակներից.

2) աշխատող է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձը,

ա. ով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ է մտել շահառուի (գործատուի) հետ և 12 ամիս անընդմեջ այդ շահառուի հետ գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ (12 ամիս անընդմեջ պայմանագիրը չի լուծվել), և

բ. ով սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու օրվան նախորդող 36 ամիսների ընթացքում չի գտնվել աշխատանքային հարաբերությունների մեջ տնտեսավարողի հետ, որի` սույն պարբերությամբ նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկներով ներկայացված շրջանառության առնվազն 80 %-ը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» խմբում ներառված գործունեության տեսակներից, և

գ. ով չի օգտվել (օգտվում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշումների շրջանակներում եկամտային հարկի վերադարձի իրավունքից, կամ ում ներկայացրած՝ վերոնշյալ կառավարության որոշումներով սահմանված եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտը չի հաստատվել հարկային մարմնի կողմից, ինչպես նաև, ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման շրջանակներում չի օգտվել եկամտային հարկի վերադարձի իրավունքից։

3. Սույն միջոցառման իմաստով աշխատող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ սահմանված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, ինչպես նաև սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով նախատեսված պահանջները։

4. Սույն միջոցառման`

1) 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ և 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պայմանները բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում մինչև շահառուի կողմից դիմումը ներկայացնելու օրվան նախորդող օրը ներառյալ հարկ վճարողների կողմից նույն պարբերություններում նշված ժամանակահատվածներն ընդգրկող ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներում, իսկ սույն միջոցառման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության կիրառման նպատակով նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը։ Ընդ որում՝ սույն միջոցառման 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ և 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պայմանների բավարարման համար ներկայացված հարկային հաշվարկները (հաշվետվությունները) ըստ հաշվետու ժամանակաշրջանների դիտարկվում են առանձին-առանձին.

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պայմանները բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում մինչև շահառուի կողմից դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտում արտացոլված տեղեկատվությունը։

5. Ֆիզիկական անձի՝ սույն միջոցառման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններին համապատասխան աշխատող համարվելու պայմանների (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման շրջանակներում եկամտային հարկի վերադարձից օգտվելու պայմանի) բավարարման նախնական գնահատման նպատակով տվյալ ֆիզիկական անձի գործատու հանդիսացող առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կարող է դիմել հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելով հայտ՝ համաձայն սույն հավելվածով սահմանված N 1 ձևի։

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ ՊԵԿ) սույն միջոցառման 5-րդ կետով սահմանված հայտը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դիմող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տրամադրում է տեղեկատվություն ֆիզիկական անձի (անձանց)՝ միջոցառման պայմաններին բավարարման նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ՝ համաձայն սույն հավելվածով սահմանված N 2 ձևի։

7. Սույն միջոցառման 5-րդ կետով սահմանված՝ ֆիզիկական անձի՝ աշխատող համարվելու պայմանների բավարարման նախնական գնահատման նպատակով՝

1) սույն միջոցառման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պայմանը բավարարված համարվելու համար հիմք են ընդունվում առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից N 1 ձևով հաստատված հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ նույն պարբերությամբ նշված ժամանակահատվածն ընդգրկող ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և (կամ) շրջանառության հարկի և (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը։ Ընդ որում՝ ներկայացված հարկային հաշվարկները (հաշվետվությունները) ըստ հաշվետու ժամանակաշրջանների դիտարկվում են առանձին-առանձին.

2) սույն միջոցառման 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված պայմանները (բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման շրջանակներում եկամտային հարկի վերադարձից օգտվելու պայմանի) բավարարված համարվելու համար հիմք է ընդունվում N 1 ձևով հաստատված հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա տեղեկատվությունը։

8. Սույն միջոցառման շրջանակներում շահառուին աջակցությունը տրամադրվում է այն դեպքում, եթե շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների հաստատման առաջին տասներկու ամիսները ներառված են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

 

9. Միջոցառման շրջանակներում շահառուին աջակցությունը տրամադրվում է շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների (այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների սկիզբը ներառող ամսվա) համար աշխատողների մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով, բայց յուրաքանչյուր շահառուին մեկ աշխատողի մասով տասներկու ամիսների հաշվարկով ոչ ավելի, քան 500.000 դրամ: Ընդ որում՝ սույն կետի կիրառման նպատակով հիմք են ընդունվում մինչև շահառուի կողմից N 3 ձևով սահմանված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող օրը ներառյալ նշված ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տեղեկատվությունը։

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Շահառուի կողմից սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հայտը և N 3 ձևով սահմանված դիմումը ներկայացնելու նպատակով գործատուի մոտ պետք է առկա լինի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան կազմված` աշխատողի կողմից ստորագրված գրավոր համաձայնություն` սույն միջոցառման շրջանակներում աշխատողի անձնական տվյալների, այդ թվում` նրա գործատուների, աշխատավարձի չափի, հաշվարկված եկամտային հարկի վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ։

11. Սույն միջոցառման շրջանակներում աջակցությունը ստանալու նպատակով շահառուն ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից ներկայացնում է N 3 ձևով սահմանված դիմում։ Ընդ որում՝ սույն դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է։

12. Դիմումը ներկայացվելու պահին ՊԵԿ-ի կողմից ինքնաշխատ եղանակով ստուգվում են սույն միջոցառմամբ սահմանված պայմաններին բավարարման հիմքերը՝ հարկային մարմնի տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հիման վրա։ Եթե դիմողը չի բավարարում սույն միջոցառման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին և (կամ) եթե դիմումում նշված անձը (անձինք) չի բավարարում (չեն բավարարում) սույն միջոցառման 2-րդ կետի 2-րդ ենթակետով կամ 3-րդ կետով սահմանված պայմաններին, ապա դիմումը հնարավոր չի լինում հանձնել և այդ մասին տեղեկացվում է դիմումը ներկայացնողին։

13. Միջոցառմամբ սահմանված պայմանները բավարարված լինելու դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով ՊԵԿ-ը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հանձնարարականի հիման վրա գանձապետարանի միջոցով աջակցության գումարը փոխանցում է առևտրային բանկեր՝ շահառուի բանկային հաշվին:

14. Աջակցության գումարը շահառուին փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է տարանցիկ հաշիվ: ՊԵԿ-ի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) շահառուի անվանումը.

2) շահառուի ՀՎՀՀ-ն.

3) բանկային հաշվի համարը.

4) աջակցության գումարի չափը.

5) գանձապետարանի տարանցիկ հաշվի համարը, որից պետք է տրամադրվի գումարը:

15. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին:

16. Միջոցառման մոնիթորինգն իրականացվում է ֆինանսավորող մարմնի կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ)՝ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

                       

2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4. Էլեկտրոնային փոստի հասցե

 

 

Խնդրում եմ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման շրջանակներում տրամադրել նախնական հաստատում հետևյալ անձի (անձանց)՝ միջոցառման իմաստով աշխատող համարվելու վերաբերյալ։

 

N

Անուն,

ազգանուն

ՀԾՀ

Անձը

հաստատող

փաստաթուղթ

Հաշվառման

հասցե

Աշխատանք.

հարաբ.

սկիզբ

Աշխատողի

համաձայնու-

թյունը

անձնական

տվյալների

փոխանցման,

ստացման,

մշակման

վերաբերյալ

             
             
             
             
             
             

 

□ Տեղեկացված եմ, որ հայտով ներկայացված անձի (անձանց)՝ աշխատող համարվելու պայմանների բավարարման նախնական գնահատումը կատարվում է հայտի ներկայացման օրվա դրությամբ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, որոնք կարող են փոփոխվել նոր տվյալներ առաջանալու պարագայում:

 

Պաշտոնատար անձ

 

 

______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ)՝ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներկայացվում են մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման շրջանակներում կողմից ներկայացված հայտում նշված ֆիզիկական անձի (անձանց)՝ միջոցառման պայմաններին բավարարման (աշխատող համարվելու) նախնական գնահատման արդյունքները։

 

N

Անուն, ազգանուն

ՀԾՀ

Աշխատող համարվելու

պայմաններին բավարարում

(բավարարում է/չի

բավարարում)

       
       
       
       
       
       

 

Ձև N 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

                       

2. Առևտրային կազմակերպության անվանումը կամ անհատ

ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

Խնդրում եմ մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման շրջանակներում ստորև ներկայացված աշխատողների մասով աջակցության գումարը փոխանցել՝

 

Բանկի անվանումը, որին պետք է փոխանցել
աջակցության գումարը*

Բանկային հաշվի համարը, որին պետք է
փոխանցել աջակցության գումարը*

   


N

Անուն,

ազգանուն

ՀԾՀ

Անձը

հաստատող

փաստաթուղթ

Հաշվառման

հասցե

Աշխատանք.

հարաբ. սկիզբ

Աշխատողի

համաձայնու-

թյունը անձնական

տվյալների

փոխանցման,

ստացման,

մշակման

վերաբերյալ

             
             
             
             

□ Համաձայն եմ և պարտավորվում եմ աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել աջակցության գումարը, եթե աջակցությունը ստանալուց հետո պարզվի, որ այն ստանալու համար տրամադրել եմ կեղծ, խեղաթյուրված, ոչ ամբողջական, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն։

*Բանկի անվանումը և բանկային հաշվի համարը լրացնելու նպատակով հարկային մարմնի տեղեկատվական բազայից ընտրվում են շահառուին պատկանող վավեր բանկային հաշվի տվյալները։

 

Պաշտոնատար անձ

 

 

______________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ