ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/11448/05/19 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/11448/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
ռ. Հակոբյան | |
հ. ԲԵԴևՅԱՆ | ||
ա. Թովմասյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի փետրվարի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հասմիկ Ասկանազյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշումը վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հասմիկ Ասկանազյանը պահանջել է վերացնել 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 10.03.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.03.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարչական ակտի գործողությունը կասեցնելու մասին դատական ակտի առկայության դեպքում վարչական ակտի հասցեատերը կորցնում է այդ վարչական ակտով սահմանված ծավալն իրացնելու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն դեպքում, երբ կասեցված է շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի գործողությունը, ապա դրա հասցեատերը որոշ ժամանակով զրկվում է այդ վարչական ակտով իրեն տրված իրավունքից անարգել օգտվելու հնարավորությունից, այսինքն՝ որոշ ժամանակով տեղի է ունենում իրավունքի սահմանափակում: Վիճարկման ողջ ընթացքում վարչական ակտի հասցեատերը չունի իրավունք՝ իրականացնելու որևէ շինարարական աշխատանք և, եթե վերջինս իրականացնում է որևէ շինարարական աշխատանք, ապա այդ գործողությունը որակվում է որպես ինքնակամ (առանց թույլտվության), ուստի այդ անձը ենթակա է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետի կողմից 06.09.2019 թվականին կառուցապատող Հասմիկ Ասկանազյանին 36 ամիս ժամկետով տրվել է թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվություն՝ Դավթաշեն վարչական շրջան, Տ. Պետրոսյան փողոց, թիվ 3/7 հողամաս հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության, 72,2քմ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 12)․
2) Սամվել Հակոբյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում կառուցապատման համար 06.09.2019 թվականին Հասմիկ Ասկանազյանին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 06.11.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՎԴ/9089/05/19 վարչական գործ) (հատոր 1-ին, գ.թ. 38)․
3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակցի կողմից 26․11.2019 թվականին կազմվել է թիվ 032621 արձանագրությունը, որի համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում Երևան համայնքի կողմից 06.09.2019 թվականին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու համար ՀՀ վարչական դատարանի կողմից (վարչական գործ թիվ ՎԴ/9089/05/19) 06.11.2019 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին կառուցապատողին իրազեկելուց հետո շինարարական աշխատանքները շարունակվել են, մասնավորապես իրականացվել են շինության արտաքին հատվածի երեսպատման շինարարական աշխատանքներ։ Իրավախախտումը կատարվել է 26․11.2019 թվականին Հասմիկ Ասկանազյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 30)․
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի պետի 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշմամբ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում կառուցապատման համար 06.09.2019 թվականին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/9089/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման մասին իրազեկվելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու՝ շինության արտաքին հատվածի երեսպատման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Հասմիկ Ասկանազյանը ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի (հատոր 1-ին, գ.թ. 26-27)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ սույն գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, քանի որ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ։
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շենքեր և շինություններ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ շինարարական այլ աշխատանքներ իրականացնելն ու շարունակելն արդյո՞ք համարժեք են առանց շինարարության թույլտվության այդպիսի աշխատանքներ կատարելուն և հիմք են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի կիրառմամբ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: (...) Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (այսուհետ` կառուցապատող): (...) Կառուցապատողները պարտավոր են` (ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` (...) շինարարության թույլտվության հիման վրա, (...):(...) Նույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն նույն օրենքի 23-րդ հոդվածի (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողն (կառուցապատողը) ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում կառուցապատում պետք է իրականացնի որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իր իրավունքը հաստատող փաստաթղթի՝ շինարարության թույլտվության առկայության դեպքում: Ուստի քաղաքաշինական ոլորտում սահմանված կանոնի համաձայն՝ որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու համար շինարարության թույլտվության առկայությունը պարտադիր է, և դրա բացակայությունը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասին՝ արձանագրելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),
2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,
3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:
Թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետևաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե՝ ոչ (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյան՝ թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար նախ պետք է բացահայտել, թե որն է համարվում ինքնակամ կառույց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Վերոշարադրյալից բխում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմաններից որևէ մեկի առկայությունը՝ անձը հողամասի վրա, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից կառուցել, վերակառուցել կամ տեղադրել է շենք, շինություն կամ այլ կառույց՝
1. օրենքով և այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,
2. առանց թույլտվության,
3. թույլտվությամբ սահմանված պայմանների էական խախտումներով,
4. քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն առաջանում է ինչպես առանց թույլտվության շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելու, վերակառուցելու կամ տեղադրելու համար, այնպես էլ թույլտվության պայմանների էական խախտմամբ դրանք կատարելու համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի՝ տվյալ դեպքում շինարարության թույլտվության կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով կասեցված լինելու ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելը համարժեք է առանց թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքին:
Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ (…):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածին և արձանագրել, որ սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է` մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Վարդան Թեյմուրազյան՝ թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը, Սոֆիա Խաչատրյանը և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Աղավնի Տոլմաջյան՝ թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտն օրենսդրի կողմից սահմանվել է որպես հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով վերջինիս։ Այս կարգավորման հիմքում օրենսդիրը հաշվարկել է վիճարկման հայցը բավարարելու դեպքում առաջացող հնարավոր բացասական հետևանքներն ու այս միջոցով փորձել կանխել դրանք: Ուստի ընդունվել է այն ընդհանուր մոտեցումը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված բացառություններով), որ քանի դեռ վարչական ակտի իրավաչափությունը դատական քննության առարկա է և լուծված չէ դրա հետ կապված վեճը, վիճարկման հայցը վարույթ ընդունելն օրենքի ուժով հանգեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հետևանքի:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով1 արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու և վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ եթե վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դատարանը դեռևս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան՝ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նաև շահագրգիռ անձինք: Նույն հանձնարարականով նաև նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես, երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, և եթե prima-facie առկա են վարչական ակտի առոչնչության վերաբերյալ ապացույցներ:
Նշվածից հետևում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ևս վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելը դիտել է որպես վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոց՝ ընձեռված ինչպես հայցվորին, այնպես էլ շահագրգիռ անձանց։ Ընդ որում՝ այդ միջոցի կիրառումը հետապնդում է վարչական ակտի հետևանքներից խուսափելու և հնարավոր վնասների առաջացումը կանխելու նպատակ։ Շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի կատարումն այն վիճարկող հայցադիմումը վարույթ ընդունվելու փաստի ուժով կասեցվում է այն փաստերի հաշվառմամբ, որ անվավեր ճանաչվելու դեպքում դրա հիմա վրա կառուցված, վերակառուցված կամ տեղադրված շենքերը, շինությունները կամ այլ կառույցները համարվելու են ինքնակամ և ենթակա են լինելու քանդման՝ հարուցելով նոր պահանջներ ներկայացնելու և լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն։ Ուստի շինարարության թույլտվության կատարումը նախապես կասեցնելով նաև կասեցվում է դրա հիման վրա աշխատանքներ կատարելու իրավատիրոջ իրավունքը։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելը կամ դրանք շարունակելն իրավաչափ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված պարտադիր փաստաթուղթը՝ շինարարության թույլտվությունը թեև առկա է, այդուհանդերձ դրա կատարումը ժամանակավորապես ընդհատված է, իսկ այդ ակտով հասցեատիրոջը տրամադրված համապատասխան իրավունքի իրականացումը դադարած է, որպիսի փաստակազմն իրավական նշանակության տեսանկյունից համարժեք է շինարարության թույլտվության բացակայությանը: Իրականության մեջ շինարարության թույլտվության փաստաթղթավորված առկայությունը դեռևս չի կանխորոշում դրա իրավական գործողություն ունենալու և շինարարությունը (շինարարական աշխատանքները) օրինական համարվելու փաստերը, քանի որ իրավական նշանակության և ուժի տեսանկյունից վարչական այդ ակտի գործողությունը ժամանակավորապես դադարած է, իսկ փաստաթուղթը՝ առնվազն այդ պահին չգործող (տե՛ս, Ժորժ Ասայանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ թիվ ՎԴ/0052/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.10.2022 թվականի որոշումը, Վարդան Չոփուրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3864/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.11.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մեկնաբանության պարագայում կիմաստազրկվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կանոնի առկայությունը՝ միաժամանակ խոչընդոտ ստեղծելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, քանի որ անձը, վիճարկելով իր համար միջամտող վարչական ակտի իրավաչափությունը, դրա կատարումը կասեցված չլինելու պայմաններում հետագայում այն անվավեր ճանաչվելու դեպքում կարող է կրել զգալի վնասներ կամ կարող է անհնարին դառնալ վերջինիս իրավունքների պաշտպանությունը: Հենց այս հիմքերի հաշվառմամբ է օրենսդիրը նախատեսել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված բացառությունների դեպքում հայցվորի միջնորդությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն այն դեպքում, երբ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։
Վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ եթե շինարարական գործունեությունը փաստացի իրականացվում է շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու ժամանակահատվածում, ապա այն պետք է որակվի որպես առանց շինարարության թույլտվության իրականացվող շինություն, որպիսի արարքի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան՝ Հասմիկ Ասկանազյանը պահանջել է անվավեր ճանաչել 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 վարչական ակտը:
Դատարանը 10.03.2021 թվականի վճռով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ «(…) անկախ ՎԴ օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում գործածված՝ «կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը» արտահայտության մեկնաբանությունից, հայցվորի համար չէր կարող կանխատեսելի լինել, որ շինարարության թույլտվության վիճարկման հայցը վարույթ ընդունված լինելու պայմաններում ՎԴ օրենսգրքի 83-րդ հոդվածը ենթադրում է, որ շինարարության իրականացումը նույնական է Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ առանց շինարարության թույլտվության շինարարություն իրականացնելուն, որն էլ հանգեցնում է ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվությանը: Եթե վարչական պատասխանատվություն սահմանող իրավական նորմը այսքան լայն հայեցողական մեկնաբանման տիրույթ է առաջացնում, հնարավոր չէ պնդել, որ հայցվորը կանխատեսել է իր գործողությունների վնասակար հետևանքները (դիտավորություն) կամ չկանխատեսելու դեպքում՝ պարտավոր էր դա անել (անզգուշություն): Արդյունքում հնարավոր չէ հայցվորին վերագրել մեղավոր արարք, որի համար նա ենթակա կլինի վարչական պատասխանատվության:
Այսպիսով, բացակայում է հայցվորի մեղքը իրեն վերագրվող՝ ՎԻՎ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը թույլ տալու մեջ: Ուստի վիճարկվող որոշումն ընդունվել է նշված նորմի սխալ կիրառման հետևանքով և անվավեր է»։
Վերաքննիչ դատարանը 30.06.2022 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի նշված վճռի դեմ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վերաքննիչ բողոքն այն հիմնավորումներով, որ «(…) «շենքեր և շինություններ ինքնակամ կառուցել», «ինքնակամ կառույց կատարել» եզրույթների բովանդակային ծավալում չի ներառվում «շինարարության թույլտվության՝ որպես վարչական ակտի, կատարման կասեցման ժամանակահատվածում շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ կատարելը»: Ըստ այդմ՝ շինարարական աշխատանքների կատարման համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվության դատական կարգով վիճարկման և այդ փաստի ուժով շինարարության թույլտվության կատարման կասեցման պայմաններում՝ շինարարական աշխատանքների կատարումը չի կարող որակվել որպես ինքնակամ շինության կառուցում և առաջացնել վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով (…)։
Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Ըստ սույն գործի փաստերի՝ Երևանի քաղաքապետի կողմից 06.09.2019 թվականին կառուցապատող Հասմիկ Ասկանազյանին 36 ամիս ժամկետով տրվել է թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվություն՝ Դավթաշեն վարչական շրջան, Տ. Պետրոսյան փողոց, թիվ 3/7 հողամաս հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության, 72,2քմ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքների կատարման համար։
Սամվել Հակոբյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում կառուցապատման համար 06.09.2019 թվականին Հասմիկ Ասկանազյանին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը ՀՀ վարչական դատարանի 06.11.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ՎԴ/9089/05/19 վարչական գործ)։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակցի կողմից 26․11.2019 թվականին կազմվել է թիվ 032621 արձանագրությունը, որի համաձայն՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում Երևան համայնքի կողմից 06.09.2019 թվականին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու համար ՀՀ վարչական դատարանի կողմից (վարչական գործ թիվ ՎԴ/9089/05/19) 06.11.2019 թվականի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին կառուցապատողին իրազեկելուց հետո շինարարական աշխատանքները շարունակվել են, մասնավորապես իրականացվել են շինության արտաքին հատվածի երեսպատման շինարարական աշխատանքներ։ Իրավախախտումը կատարվել է 26․11.2019 թվականին Հասմիկ Ասկանազյանի կողմից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի պետի 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշմամբ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում կառուցապատման համար 06.09.2019 թվականին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/9089/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման մասին իրազեկվելուց հետո շինարարական աշխատանքները շարունակելու՝ շինության արտաքին հատվածի երեսպատման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Հասմիկ Ասկանազյանը ենթարկվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից բխում է, որ Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում Հասմիկ Ասկանազյանը շարունակել է կատարել շինարարական աշխատանքներ Երևանի քաղաքապետի կողմից 06.09.2019 թվականին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվության վիճարկման հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից 06.11.2019 թվականին վարույթ ընդունվելուց հետո՝ 26․11.2019 թվականին:
Սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումները համադրելով սույն վարչական գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից Սամվել Հակոբյանի ներկայացրած վիճարկման հայցը վարույթ ընդունվելու պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 83-րդ հոդվածի ուժով կասեցվել է Երևանի քաղաքապետի կողմից 06.09.2019 թվականին Հասմիկ Ասկանազյանին տրված թիվ 01/18-Ա-8778-1103 շինարարության թույլտվության կատարումը, ուստի դրանից հետո Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 3/7 հասցեում կատարված շինարարական աշխատանքները համարվում են առանց թույլտվության կատարված, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի իմաստով դիտարկվում են որպես ինքնակամ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ է Հասմիկ Ասկանազյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի պետի 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշումը, իսկ հակառակի մասին ստորադաս դատարանների պատճառաբանությունները հերքվում են սույն որոշմամբ ներկայացված հիմնավորումներով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային
կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով, (...)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Նկատի ունենալով այն, որ Հասմիկ Ասկանազյանն սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել սույն գործով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Երևանի քաղաքապետարանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար` 10.000 ՀՀ դրամ և 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վճարված` վերաքննիչ բողոքի համար սահմանված 10.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար սահմանված 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ հաշվի առնելով, որ Հասմիկ Ասկանազյանը հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, և սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Հասմիկ Ասկանազյանի վրա:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի որոշումը և այն փոփոխել. Հասմիկ Ասկանազյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 11.12.2019 թվականի թիվ Վ-47/4 որոշումը վերացնելու պահանջի մասին, մերժել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
______________________
1 Տե՛ս Council of Europe Commitee of Ministers, Recommendation No. R(89) 8 of the Commitee of Ministers to member states on provosional court protection in administrative matters, 13 September 1989, էջ 2 (հղումը՝ https://rm.coe.int/16804f288f):
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: