Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0343/01/21

Նախագահող դատավոր՝  Ա. Բեկթաշյան
Դատավորներ`

 Տ. Սահակյան

 Ռ. Մխիթարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ս. Օհանյանի

14 սեպտեմբերի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ պաշտպան Գ․Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 10850320 քրեական գործը:

Հետաքննության մարմնի՝ 2020 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

2020 թվականի հուլիսի 24-ին Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ԴՀարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի մարտի 13-ի որոշմամբ ԴՀարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով։

2021 թվականի մարտի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 30-ի դատավճռով Դավիթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով նախատեսված հանցագործությունների համար և նրա նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա, վերջնական պատիժ է նշանակվել կալանք՝ 1 (մեկ) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով և տուգանք 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ ամբաստանյալ ԴՀարությունյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան ԳՀովհաննիսյանը 2022 թվականի հունիսի 25-ին բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերով թույլ է տրվել ամբաստանյալ ԴՀարությունյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։

Մասնավորապես, վկայակոչելով գործով ձեռք բերված և դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, բողոքաբերը նշել է, որ պարզ չէ, թե ո՞ր ապացույցների համակցությունն է հանցակազմի առկայության համոզմունք առաջացրել։ Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ինչ հիմքով են շահագրգիռ անձանց ցուցմունքները համարվել հիմնավորված, իսկ ամբաստանյալի ցուցմունքը՝ ոչ։

6. Միաժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ ԴՀարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 27-ի որոշումը բեկանել և փոփոխել, ամբաստանյալ ԴՀարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Դավիթ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, 147-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Նա], 2020 թվականի հունիսի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում, (…) հերթական անգամ գնացել է իր ծնողներ Մագդա Սահակյանի և Վլադիմիր Հարությունյանի բնակության վայր հանդիսացող և Մագդա Սահակյանին փաստացի պատկանող՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 73 տուն։ Օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, Մագդա Սահակյանի կողմից տուն մտնելու արգելքն անտեսելով, վերջինիս կամքին հակառակ՝ Դավիթ Հարությունյանը խախտելով Մագդա Սահակյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո Մագդա Սահակյանի՝ բնակարանից դուրս գալու օրինական պահանջն անտեսելով՝ հրաժարվել է լքել այդ բնակարանը։ Նույն բնակարանի խոհանոցում շարունակելով չենթարկվել Մագդա Սահակյանի՝ բնակարանից դուրս գալու պահանջներին՝ Դավիթ Հարությունյանը ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախ արմկահոդի շրջանի քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այդ վիճաբանությանը միջամտել է Դավիթ Հարությունյանի հայր՝ Վլադիմիր Հարությունյանը և փորձել է դուրս հրավիրել Դավիթ Հարությունյանին, որի ընթացքում Դավիթ Հարությունյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Հարությունյանի դեմքին, այնուհետև մետաղյա տապակով հարվածել է վերջինիս ձախ նախաբազկին՝ պատճառելով ստորին շրթունքի լորձաթաղանթի վնասման, արյունազեղման, քերծվածքի ձևով և ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»2։

9. Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցները՝ տուժողներ Մագդա Սահակյանի, Վլադիմիր Հարությունյանի, վկա Աննա Հարությունյանի, անչափահաս վկա Միլենա Հարությունյանի ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննությունների թիվ 0804 և 0805 եզրակացությունները, դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Վերլուծելով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքները, նրա, տուժողների ցուցմունքները և գործով ձեռք բերված մյուս ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի կողմից, նրա մեղավորությամբ, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (...)

Ապացուցված է նաև ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի կողմից, նրա մեղավորությամբ, առաջին դրվագով՝ այլ բռնի գործողություններ տուժող Մագդա Սահակյանի նկատմամբ կատարելը՝ որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (...)

Ապացուցված է նաև ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի կողմից, նրա մեղավորությամբ, երկրորդ դրվագով՝ այլ բռնի գործողություններ տուժող Վլադիմիր Հարությունյանի նկատմամբ կատարելը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, նրա այդ արարքը նույնպես ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին (...)»3։

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարում, որ Դավիթ Հարությունյանը ՝ 2020 թվականի հունիսի 14-ին, ժամը 21:00-ի սահմաններում, (...) հերթական անգամ գնացել է իր ծնողներ Մագդա Սահակյանի և Վլադիմիր Հարությունյանի բնակության վայր հանդիսացող և Մագդա Սահակյանին փաստացի պատկանող՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 73 տուն։ Օգտվելով բնակարանի մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, Մագդա Սահակյանի կողմից տուն մտնելու արգելքն անտեսելով, վերջինիս կամքին հակառակ՝ Դավիթ Հարությունյանը խախտելով Մագդա Սահակյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը՝ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո Մագդա Սահակյանի՝ բնակարանից դուրս գալու օրինական պահանջն անտեսելով՝ հրաժարվել է լքել այդ բնակարանը։ Նույն բնակարանի խոհանոցում շարունակելով չենթարկվել Մագդա Սահակյանի՝ բնակարանից դուրս գալու պահանջներին՝ Դավիթ Հարությունյանը ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ձախ արմկահոդի շրջանի քերծվածքների ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այդ վիճաբանությանը միջամտել է Դավիթ Հարությունյանի հայր՝ Վլադիմիր Հարությունյանը և փորձել է դուրս հրավիրել Դավիթ Հարությունյանին, որի ընթացքում Դավիթ Հարությունյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Հարությունյանի դեմքին, այնուհետև մետաղյա տապակով հարվածել է վերջինիս ձախ նախաբազկին՝ պատճառելով ստորին շրթունքի լորձաթաղանթի վնասման, արյունազեղման, քերծվածքի ձևով և ձախ նախաբազկի շրջանի քերծվածքի ձևով, առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի դատաքննական ցուցմունքին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը նման ցուցմունք տալով, նպատակ է հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից:

Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ քրեական գործի փաստական հանգամանքների մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները հետազոտված ապացույցներին չհամապատասխանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (երկու դրվագով) և ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ վերջինի փաստարկները քրեական գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում (...)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կատարելու մեջ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ ստորադաս դատարանները մեղսագրված հոդվածներով նախատեսված արարքներում ամբաստանյալ ԴՀարությունյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։

13. Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԴՀարությունյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, նախատեսված արարքներում, հաստատվում է տուժողներ Մագդա Սահակյանի, Վլադիմիր Հարությունյանի, վկա Աննա Հարությունյանի, անչափահաս վկա Միլենա Հարությունյանի ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննությունների՝ թիվ 0804 և 0805 եզրակացություններով։ Ուստի, ամբաստանյալի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները կառուցվել են գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ վերլուծությունների հիման վրա5:

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ ԴՀարությունյանին մեղսագրված արարքները կատարելու մեջ վերջինիս մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ ԴՀարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները6:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

18 ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 147-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքները դիտավորյալ հանցագործություններ են, իսկ դրանց համար նախատեսված է ազատազրկման հետ չկապված պատիժ, ուստի դրանք դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար, նշված հոդվածներով սահմանված հանցավոր արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի:

19. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դ․Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող արարքները կատարել է 2020 թվականի հունիսի 14-ին7, իսկ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը 2022 թվականի հունիսի 14-ի դրությամբ օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Հետևաբար ամբաստանյալ Դ․Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցել են։

20. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ ԴՀարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունիսի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 27-ի որոշումը պետք է բեկանել, նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով, և 147-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, և քրեական գործի վարույթը՝ կարճել։

21 Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ ԴՀարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունիսի 30-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 27-ի որոշումը բեկանել:

2. Ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ երկու դրվագով և 147-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

3 Ամբաստանյալ Դավիթ Վլադիմիրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։

4 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 268-276։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 58-65։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 48-68։

5 Տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը։

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արսեն Աղասյանի գործով 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0007/01/21 որոշման 17-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: