Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ/0009/11/21

Նախագահող դատավոր՝

 Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

30 հունիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ դիմող Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ Մ․Վարդանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում Անդրանիկ Գևորգյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 137-րդ հոդվածի 1-ին մասի և 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 41155020 քրեական գործը։ 2020 թվականի ապրիլի 10-ին քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ ՆԱբգարյանի՝ 2021 թվականի մարտի 31-ի որոշմամբ թիվ 41155020 քրեական գործի վարույթը կարճվել է՝ Զինավարդ Գրիգորյանի, Արարատ Խաչատրյանի, Սուրեն Աղագյուլյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով։ Նույն որոշմամբ ԶԳրիգորյանի, ԱԽաչատրյանի, ՍԱղագյուլյանի և Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրանց արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի բացակայության հիմքով, Անդրանիկ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով, Արամ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության հիմքով։

Սյունիքի մարզի դատախազ ԷՀարությունյանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ ՄՎարդանյանի բողոքը՝ քննիչ ՆԱբգարյանի 2021 թվականի մարտի 31-ի որոշման դեմ, մերժվել է։

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի մայիսի 31-ի որոշմամբ դիմող Անդրանիկ Գևորգյանի ներկայացուցիչ ՄՎարդանյանի բողոքը՝ իրավունքների և ազատությունների խախտումը վարույթն իրականացնող մարմնի կողմից վերացնելու պարտականությունը ճանաչելու վերաբերյալ, մերժել է։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունիսի 24-ի որոշմամբ դիմող ԱԳևորգյանի և ներկայացուցիչ ՄՎարդանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ներկայացուցիչ ՄՎարդանյանի միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է։

4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ դիմող ԱԳևորգյանի և ներկայացուցիչ ՄՎարդանյանի վերաքննիչ բողոքները՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ, թողնվել են առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։

5. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման դեմ դիմող ԱԳևորգյանի ներկայացուցիչ ՄՎարդանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1(1): Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական իրավունքի էական խախտում։

Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման օրինական ուժ ստանալու պահ է համարել 2021 թվականի հուլիսի 6-ը, ոչ թե հուլիսի 17-ը։ Մինչդեռ, գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ենթակա են բողոքարկման 10-օրյա ժամկետում, հետևաբար անհրաժեշտ էր սպասել, որպեսզի դատական ակտն օրինական ուժ ստանար հրապարակման պահից 10-օրյա ժամկետում՝ համընթաց բացառելով մյուս կողմի բողոքարկման իրավունքը։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը վերացնել և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրվել է. «Փաստաբան Մուշեղ Վարդանյանի միջնորդությունը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ՍԴ/0009/11/21 բողոքով 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ տասնօրյա ժամկետում՝ սույն որոշումը ստանալու պահից»2(2)։

9. Ներկայացուցիչ ՄՎարդանյանի վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2021 թվականի հուլիսի 19-ին3(3), իսկ դիմող ԱԳևորգյանի վերաքննիչ բողոքը՝ 2021 թվականի հուլիսի 20-ին4(4)։

10. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանի 31.05.2021թ. թիվ ՍԴ/0009/11/20 որոշման բողոքարկման ժամկետը դիմող Ա.Գևորգյանի և դիմողի ներկայացուցիչ Մ.Վարդանյանի համար սկսվել է Առաջին ատյանի դատարանի կողմից վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման կայացման օրվա` 06.07.2021թ. գիշերվա զրո ժամից և ավարտվել է 16.07.2021թ. ժամը 24:00-ին, մինչդեռ դիմողը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 20.07.2021թ., իսկ դիմողի ներկայացուցիչը` 19.07.2021թ.` բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:

Բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի 06.07.2021թ. որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժ է ստացել 17.07.2021թ-ից, հիմնավոր չէ, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380 հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այդ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի 06.07.2021թ. որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից՝ 06.07.2021թ., ոչ թե 17.07.2021թ.:

Ամփոփելով` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 31.05.2021թ. թիվ ՍԴ/0009/11/21 որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքները պետք է թողնել առանց քննության` ժամկետանց լինելու հիմքով (…)»5(5):

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա.Գևորգյանի և ներկայացուցիչ Մ.Վարդանյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու վերաբերյալ։

12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 380-րդ հոդվածի համաձայն` «1. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382 հոդվածում և 383 հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները: Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացրած անձի միջնորդության հիման վրա բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով համարում է հարգելի, եթե բողոք ներկայացրած անձը հիմնավորում է, որ դատական ակտն ստանալու պահից չեն լրացել բողոքարկման ժամկետները (...)»:

12.1. Վերոնշյալ դրույթի առնչությամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ հիշյալ իրավակարգավորման իմաստով` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա է միայն բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, իսկ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ6(6):

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ որոշմամբ, անդրադառնալով քրեական գործի շրջանակներում կայացված որոշումների բողոքարկման բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով հարգելի համարելու դեպքերին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը «(…) [Ի]րավասու մարմնի կողմից ինչպես իր կայացրած որոշման բողոքարկման ընթացակարգի մասին պարզաբանումներ ընդհանրապես չտրամադրելը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանող, ոչ ամբողջական, անորոշ և դատավարության մասնակիցներին մոլորության մեջ գցող պարզաբանումներ տրամադրելը հավասարապես հակասում են օրինականության սկզբունքին և հանգեցնում անձանց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման: (…) Այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի դրսևորած անբարեխղճության հետևանքով համապատասխան որոշումը բողոքարկելու կարգի թույլ տրված խախտումը հնարավոր է վերացնել դատական վարույթում (օրինակ` բաց է թողնվել բողոքարկման ժամկետը), դատարանը պետք է իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարի այդ խախտումը և բողոքը քննարկի ըստ էության (…)»7(7):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ներկայացուցիչ ՄՎարդանյանի միջնորդությունը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, բավարարել է՝ որոշման եզրափակիչ մասում արձանագրելով, որ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան՝ տասնօրյա ժամկետում՝ այն ստանալու պահից8(8):

- Վերաքննիչ դատարանը 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ դիմող ԱԳևորգյանի և ներկայացուցիչ ՄՎարդանյանի վերաքննիչ բողոքները՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ, թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։ Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման ժամկետը դիմող Ա.Գևորգյանի և դիմողի ներկայացուցիչ Մ.Վարդանյանի համար սկսվել է Առաջին ատյանի դատարանի կողմից վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման կայացման օրվա` 2021 թվականի հուլիսի 6-ի գիշերվա զրո ժամից և ավարտվել է 2021 թվականի հուլիսի 16-ին ժամը 24:00-ին, մինչդեռ դիմողը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 2021 թվականի հուլիսի 20-ին, իսկ դիմողի ներկայացուցիչը` 2021 թվականի հուլիսի 19-ին` բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:

Բողոքաբերի և վերջինիս ներկայացուցչի փաստարկն այն մասին, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետ վերականգնելու մասին, օրինական ուժ է ստացել 2021 թվականի հուլիսի 17-ին, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել այն պատճառաբանությամբ, որ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշումը` վերաքննիչ բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից՝ 2021 թվականի հուլիսի 6-ին, ոչ թե հուլիսի 17-ին9(9):

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-12.1-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, սակայն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշման եզրափակիչ մասում տեղ գտած ձևակերպումը` դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու վերաբերյալ, կարող էր վարույթի մասնավոր մասնակիցների համար տարընկալման առիթ հանդիսանալ՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման բողոքարկման ժամկետի հաշվարկի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ անդրադարձ չի կատարվել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ արձանագրված՝ դատական ակտի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքին, ուստի և քննության չառնելով վերոնշյալը, անհամաչափորեն սահմանափակվել է դիմող Ա.Գևորգյանի` դատարանի մատչելիության իրավունքը:

15. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմող ԱԳևորգյանը և ներկայացուցիչ ՄՎարդանյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանված բողոքարկման տասնօրյա ժամկետը լրանալուց հետո, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ տասնօրյա ժամկետի պահպանմամբ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել:

16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դիմող ԱԳևորգյանի և ներկայացուցիչ ՄՎարդանյանի վերաքննիչ բողոքները ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, Վերաքննիչ դատարանն անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից խուսափելու նպատակով, պետք է գնահատականի արժանացներ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման եզրափակիչ մասում ոչ իրավաչափորեն արձանագրված՝ կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու հանգամանքը:

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա.Գևորգյանի և ներկայացուցիչ Մ.Վարդանյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու վերաբերյալ, իրավաչափ չէ:

18. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար10(10):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 121, ընդգծումն Վճռաբեկ դատարանինն է։

3 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթ 122:

4 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթ 134:

5 Տե՛ս, նյութեր, հատոր 2, թերթեր 137-139:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման Հովսեփյանի գործով 2023 թվականի փետրվարի 15-ի թիվ ՏԴ1/0028/01/17 որոշման 21-րդ կետը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ԳԴ3/0001/11/14 որոշման 15-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան