Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.04.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.04.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9330/05/17

2023 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9330/05/17

Նախագահող դատավոր՝

 Ք ՄԿՈՅԱՆ

Դատավորներ՝

 Ա Թովմասյան

 Ա Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ ԲԵԴևՅԱՆ

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

2023 թվականի ապրիլի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Մարետ Խալաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06062022 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (ներկայումս՝ «Հայաստանի Զարգացման և ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ) (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ` Սերժիկ Մոսեսյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյան՝ պատասխանողին Ընկերության և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու և 28.08.2017 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-23/08/2017-1-0046 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Մինչ սույն գործի դատավարական նախապատմությանն անդրադառնալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել կամ ընդունել բացարկը, եթե դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին:

Վերոգրյալ իրավանորմի ուժով դատավոր Ա Թովմասյանը, չնայած ստորադաս դատարանում գործի քննությանը մասնակցությանը, սույն գործով ինքնաբացարկ չի հայտնել՝ հաշվի առնելով, որ դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին։

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կատարել Ընկերության և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում և անվավեր ճանաչել 28.08.2017 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-23/08/2017-1-0046 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 11.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան, դատավորներ` Կ. Ավետիսյան, Կ. Մաթևոսյան) 01.08.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Մարետ Խալաֆյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09112021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Մարետ Խալաֆյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.08.2019 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06062022 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Մարետ Խալաֆյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Մարետ Խալաֆյանը (ներկայացուցիչ՝ Լուսինե Գրիգորյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-252-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործով էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ 22.12.2006 թվականին կնքված թիվ 7254 առուվաճառքի պայմանագրի հիման վրա Սերժիկ Մոսեսյանը և Մարետ Խալաֆյանը ձեռք են բերել ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամաս 3-րդ տեղամաս, Արաքս 10 «Արարատ-1» մոդելի մենատունը, որը հաշվառված է Սերժիկ Մոսեսյանի անվամբ: Այսինքն՝ վիճելի անշարժ գույքը ձեռք է բերվել ամուսինների համատեղ կյանքի ընթացքում, հետևաբար այն հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ում անունով է այն գրանցված:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը պարտավորեցրել է ՀՀ կադաստրի կոմիտեին Մարետ Խալաֆյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ կատարել գույքը հանձնելու մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում և անվավեր ճանաչել 28.08.2017 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» որոշումը, որը հանգեցրել է Մարետ Խալաֆյանի և Սերժիկ Մոսեսյանի սեփականության իրավունքի դադարման, սակայն նշված անձանցից ոչ ոք չի ներգրավվել սույն վարչական գործի քննությանը։

Արդյունքում՝ Մարետ Խալաֆյանը սույն գործով քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի հետևանքով սահմանափակվել է նաև նրա դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ թեև Մարետ Խալաֆյանը, հանդիսանալով ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամաս 3-րդ տեղամաս, Արաքս 10 «Արարատ-1» մոդելի մենատան գրավատու, գիտակցել է, որ հիմնական պարտավորության չկատարման դեպքում իր գույքի նկատմամբ իրականացվելու է դատական կամ արտադատական կարգով բռնագանձման գործընթաց, այդուհանդերձ իրավաչափորեն հույս է ունեցել, որ անկախ բռնագանձման եղանակից, ցանկացած դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկանալու է իր գույքի իրացման մասին։ Մարետ Խալաֆյանն իրավաչափորեն չէր կարող ենթադրել, որ առանց բռնգանձման ծանուցումը ստանալու, միայն գույքը հանձնելու մասին պայմանագրի հիման վրա, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ Դատարանի վճռի հիման վրա կարող է գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը՝ իրեն զրկելով նաև բռնագանձման օրինականությունը վիճարկելու հնարավորությունից։

Հետևաբար սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, քանի որ կայացված վճռով շոշափվել են Մարետ Խալաֆյանի իրավունքները, մասնավորապես՝ առանց վերջինիս գիտության, առանց բռնագանձման ծանուցում ստանալու, ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի թաղամաս 3-րդ տեղամաս, Արաքս 10 «Արարատ-1» մոդելի մենատան նկատմամբ դադարել է Մարետ Խալաֆյանի սեփականության իրավունքը, սակայն վերջինս չի ներգրավվել սույն գործի քննությանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06062022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով բողոքաբերը, գործի քննության յուրաքանչյուր փուլում և ատյանում, վկայակոչում է իրավունքի խախտման նոր հիմքեր և փաստական հանգամանքներ, որոնց մասին նախկինում հնարավորություն ունենալով հանդերձ չի հայտնել։ Բողոքաբերի նման վարքագիծն անթույլատրելի է և հանգեցնում է դատավարական իրավունքների չարաշահման, ինչպես նաև գործի բազմակի քննության։

Անկախ երրորդ անձ ներգրավված չլինելու հանգամանքից, բողոքաբերը զրկված չէր վերաքննության կարգով բողոքարկելիս ներկայացնելու նաև Դատարանի կողմից իրավունքի պետական գրանցման պարտավորեցման գործընթացում բովանդակային ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկներն ու հիմնավորումները։ Մինչդեռ, բողոքաբերը բաց է թողել նաև այդ հնարավորությունը և արդեն երկրորդ անգամ վճռաբեկ բողոք ներկայացնելիս «վերհիշել» է բովանդակային և միևնույն ժամանակ խիստ ֆորմալիստական բնույթ կրող բռնագանձման ծանուցում ստացած չլինելու հանգամանքը։

Սույն գործով հատկանշական է այն հանգամանքը, որ Մարետ Խալաֆյանը հանդիսացել է համապարտ երաշխավոր, որի հիմքով ևս տարածվել է բռնագանձումը։

Տվյալ դեպքում պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթուղթ է համարվում «Գույքը հանձնելու մասին» պայմանագիրը, որի կնքմանը չեն մասնակցել Մարետ Խալաֆյանը, Սերժիկ Մոսեսյանը և ՀՀ կադաստրի կոմիտեն, ինչպես նաև դատարան է ներկայացվել գրավատու Սերժիկ Մոսեսյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, որում ևս առկա չի եղել բողոքաբերի անունը։ Ուստի հարց է առաջանում, թե ինչպես պետք է դրսևորվեր Դատարանի նախաձեռնությունը երրորդ անձ ներգրավելու Մարետ Խալաֆյանին, եթե վերջինիս անունը նույնիսկ չի եղել սեփականության վկայականում՝ որպես համատեղ սեփականության մասնակից, և այդ հիմքով գործել է այն կանխավարկածը, որ վերջինս իր համաձայնությունն է տվել համատեղ սեփականության մյուս մասնակցին՝ տնօրինելու անշարժ գույքը։

Այսպիսով, առկա չէ վճռաբեկ բողոքը բավարարելու որևէ հիմք։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Իրանի Իսլամական Հանրապետության, Արդարադատության նախարարության Փաստաթղթերի և գույքի գրանցման գործակալության թիվ 5151 ամուսնության վկայականի քաղվածքի (թարգմանված պարսկերենից հայերեն և նոտարական կարգով վավերացված, գրանցված սեղանամատյան 5702-ով) համաձայն՝ Մարետ Խալաֆյանի և Սերժիկ Մոսեսյանի ամուսնությունը գրանցվել է 25121980 թվականին Թավրիզի ամուսնությունների գրանցման թիվ 7 տարածքային բաժնի կողմից (գրանցման հ. 1469) (հատոր 2-րդ, գ.թ. 121).

2) 29122006 թվականին տրված թիվ 2190995 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Սերժիկ Մոսեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 32-36).

3) Ընկերության (վարկատու), «Ալիշան» ՍՊ ընկերության (վարկառու) և Սերժիկ Մոսեսյանի (գրավատու) միջև 14.09.2012 թվականին կնքված թիվ 90979Գ անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի համաձայն՝ վարկատուի և վարկառու «Ալիշան» ՍՊԸ-ի միջև 14.09.2012 թվականին կնքված թիվ 90979Վ վարկային պայմանագրով նախատեսված՝ «Ալիշան» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատու Սերժիկ Մոսեսյանը գրավ է դրել ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ համայնք, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող անշարժ գույքը՝ հողամաս՝ 0.1014հա, մենատուն՝ 515,4քմ մակերեսով (հատոր 1-ին, գ.թ. 27-31).

4) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2014 թվականի թիվ ԵԱՔԴ/0061/04/14 սնանկության գործով կայացված վճռով «Ալիշան» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 41-43, նաև www.court.am պաշտոնական կայք).

5) 04.12.2014 թվականին Ընկերության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը ծանուցում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնելով, որ 03.12.2014 թվականին Ընկերության նկատմամբ «Ալիշան» ՍՊ ընկերության պարտավորության չափը կազմում է 162.082.013,70 ՀՀ դրամ և խնդրել է, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը, մորատորիում չտարածել 14.09.2012 թվականին կնքված թիվ 90979Վ վարկային պայմանագրով «Ալիշան» ՍՊ ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման վրա (հատոր 1-ին, գ.թ. 39-40).

6) Ընկերության և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրի համաձայն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ, 250-րդ հոդվածներին համապատասխան, հիմք ընդունելով Ընկերության և գրավատու Սերժիկ Մոսեսյանի միջև 14.09.2012 թվականին կնքված թիվ 90979Գ անշարժ գույքի գրավի պայմանագիրը՝ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուի կողմից գրավադրված՝ ք. Երևան, Աջափնյակ, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող 515.4քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, հող՝ 0.1014հա, 14.08.2017 թվականի 175000000 ՀՀ դրամ մեկնարկային գնով չկայացած համարված աճուրդի արդյունքում՝ 22.08.2017 թվականի դրությամբ պահանջատիրոջ հանդեպ գրավատուի գրավով ապահովված՝ 175000000 ՀՀ դրամի չափով և 1225000 ՀՀ դրամ գրավի իրացման փաստացի կատարված ծախսերի հանրագումարի՝ 176.225.000 ՀՀ դրամի դիմաց, սեփականության իրավունքով հանձնվել է պահանջատիրոջը (հատոր 1-ին, գ.թ. 18-20).

7) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0152/04/16 սնանկության գործով կայացված վճռով Սերժիկ Մոսեսյանը ճանաչվել է սնանկ և արգելանք է դրվել Սերժիկ Մոսեսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել (հատոր 1-ին, գ.թ. 50-54).

8) Ընկերությունը 23.08.2017 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե՝ խնդրելով կատարել ք. Երևան, Աջափնյակ, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հետևյալ գործառույթները՝ իրավունքի պետական գրանցում, իրավունքի դադարման պետական գրանցում (հատոր 2-րդ, գ.թ. 77).

9) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի 28.08.2017 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» թիվ Մ-23/08/2017-1-0046 որոշմամբ 23.08.2017 թվականի թիվ 1-0046 դիմումի հիման վրա իրավունքի պետական գրանցումը մերժվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով, քանի որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0152/04/16 գործով կայացված վճռի համաձայն վերոնշյալ հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 17)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի խախտում թույլ տալու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավարությանը որպես երրորդ անձ ներգրավելու նախապայմանների առանձնահատկություններին՝ պայմանավորված խնդրո առարկա գույքի նկատմամբ վերջինիս համասեփականատեր հանդիսանալու հանգամանքով։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատավարության մասնակիցներն են՝ երրորդ անձինք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները:

Ըստ այդմ, դատավարությանը մասնակից չդարձված անձի դատական պաշտպանության իրավունքն իրացնելու նպատակով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրվել է դատական ակտի բողոքարկման հնարավորությունը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատավարությանը մասնակից չդարձված անձանց ինստիտուտին՝ այն դարձնելով գնահատման առարկա: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է երրորդ անձի կարգավիճակով դատավարությունում ներգրավվելու երկու հիմք` երրորդ անձի դիմումի հիման վրա և դատարանի նախաձեռնությամբ: Ներգրավվելով արդեն իսկ հարուցված վարչական գործի քննությանը և ձեռք բերելով դատավարության մասնակցի կարգավիճակ` երրորդ անձանց նպատակն է պաշտպանելու կողմերի կամ դրանցից որևէ մեկի իրավունքների և շահերի հետ չհամընկնող իրենց սուբյեկտիվ իրավունքներն ու օրինական շահերը: Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ մարմիններին դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու կարևոր նախապայման է ոչ միայն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս իրավունքների պարտադիր շոշափվելը, այլ նաև հետագայում գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս իրավունքները շոշափվելու հնարավորությունը, իսկ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց դեպքում դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավելու կարևոր նախապայման է ոչ միայն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս լիազորություններին առնչվելը, այլ նաև գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով վերջիններիս լիազորություններին առնչվելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել նաև, որ երրորդ անձի կարգավիճակով դատավարությունում ներգրավելիս դատարանն առաջնորդվում է տվյալ գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտի՝ դատավարության կողմ չհանդիսացող անձի իրավունքները շոշափելու հավանականության չափանիշով (տե՛ս, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14122022 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ մի կողմից` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում սահմանել է, որ վարչական դատարանը պարտավոր է սեփական նախաձեռնությամբ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց, որոնց իրավունքները շոշափվելու են գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, այսինքն` ընդունվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է այդ անձանց վրա: Մյուս կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածում նախատեսելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը` օրենսդիրը որպես վարչական դատարանի վերոնշյալ դատավարական պարտականության կատարման նկատմամբ վերադաս դատական ատյանի կողմից իրականացվող հսկողության միջոց սահմանել է, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե այն շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման օրենսդրական կառուցակարգը երաշխավորում է վարչական դատավարության մասնակից չդարձված անձի իրավունքների և շահերի արդյունավետ իրավական պաշտպանության ապահովումը` այդ անձի բողոքի հիման վրա առանց իր մասնակցության քննված գործը լուծող դատական ակտի բեկանման ու գործի նոր քննության ընթացքում դատավարության ներգրավվելու և իր դատավարական կարգավիճակից բխող իրավունքներն իրացնելու միջոցով (տե՛ս, «Բուրգեր Քինգ Քորփորեյշն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0475/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է այն դեպքերին, երբ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Նման դեպքերում ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով արդար դատաքննության և դատական պաշտպանության հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և բեկանել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը (տե՛ս, Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալ իրավական նորմերը և վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ վարչական դատարանը պարտավոր է դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել այն անձանց կամ մարմիններին, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել կամ որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը, այսինքն՝ որոնց վրա անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է գործի քննության արդյունքում կայացված դատական ակտը, իսկ այդ կանոնը խախտելու իրավական հետևանքը բոլոր դեպքերում այն է, որ կայացված դատական ակտը ենթակա է անվերապահ բեկանման։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքվել է «Գույքը հանձնելու մասին» պայմանագիր, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ, 250-րդ հոդվածներին համապատասխան, հիմք ընդունելով Ընկերության և գրավատու Սերժիկ Մոսեսյանի միջև 14.09.2012 թվականին կնքված թիվ 90979Գ անշարժ գույքի գրավի պայմանագիրը՝ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուի կողմից գրավադրված՝ ք. Երևան, Աջափնյակ, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, Արարատ-1 մոդելի մենատուն հասցեում գտնվող 515.4քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, հող՝ 0.1014հա, 14.08.2017 թվականի 1.750.000.00 ՀՀ դրամ մեկնարկային գնով չկայացած համարված աճուրդի արդյունքում՝ 22.08.2017 թվականի դրությամբ պահանջատիրոջ հանդեպ գրավատուի գրավով ապահովված՝ 1.750.000.00 ՀՀ դրամի չափով և 1.225.000 ՀՀ դրամ գրավի իրացման փաստացի կատարված ծախսերի հանրագումարի՝ 176.225.000 ՀՀ դրամի դիմաց, սեփականության իրավունքով հանձնվել է պահանջատեր Ընկերությանը։

Ընկերությունը 23.08.2017 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտե՝ խնդրելով կատարել ք. Երևան, Աջափնյակ, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հետևյալ գործառույթները՝ իրավունքի պետական գրանցում, իրավունքի դադարման պետական գրանցում, որը ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի 28.08.2017 թվականի որոշմամբ մերժվել է՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքերով, այն պատճառաբանությամբ, որ Սերժիկ Մոսեսյանը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0152/04/16 սնանկության գործով կայացված վճռի հիման վրա ճանաչվել է սնանկ։

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին կատարել Ընկերության և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում և անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի 28.08.2017 թվականի թիվ Մ-23/08/2017-1-0046 «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին» որոշումը։

Դատարանը 11062018 թվականի վճռով հայցը բավարարել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա գույքը որպես սեփականություն ձեռք բերելու նկատմամբ հայցվոր Ընկերության օրինական ակնկալիքի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ, և այդ գույքի նկատմամբ հայցվոր Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման մերժումը հանդիսանում է անհամաչափ միջամտություն հայցվոր Ընկերության սեփականության իրավունքին՝ խոչընդոտելով գրավ դրված գույքը պարտապանի պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն ձեռք բերելու իրավունքի արդյունավետ իրացմանը: Ըստ այդմ՝ Դատարանը եզրահանգել է, որ խնդրո առարկա գույքի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան առկա արգելանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ գրավառու հայցվոր կազմակերպությանն օրենքով վերապահված իրավունքների, այդ թվում՝ այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու, ինչպես նաև ի սեփականություն ձեռք բերելու իրավունքի իրացման համար, որպիսի իրավունքի արդյունավետ և ամբողջական իրացումը պահանջում է նաև իրավասու մարմնի կողմից այդ գույքի նկատմամբ հայցվոր կազմակերպության ձեռք բերած սեփականության իրավունքի պետական գրանցում: Ուստի Դատարանը եզրահանգել է, որ խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ առկա գրանցված սահմանափակումը չի կարող բացառել հայցվոր կազմակերպության սեփականության իրավունքի գրանցումն այդ գույքի նկատմամբ, այլապես, կխաթարվի այդ գույքը ձեռք բերելու նկատմամբ հայցվոր Ընկերության օրինական ակնկալիքը՝ հետևաբար նաև իր գույքից անարգել օգտվելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը 06062022 թվականի որոշմամբ նոր քննության արդյունքում կրկին մերժել է դատավարության մասնակից չդարձված անձ Մարետ Խալաֆյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում քննության է առնվել որպես հիմնական պահանջ՝ պատասխանողին Ընկերության և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջը, և նշվածով պայմանավորված՝ հայցվորը վիճելի գույքը ձեռք է բերել հենց «Գույքը հանձնելու մասին» պայմանագրի կնքմամբ, իսկ սույն վարչական գործով վիճելի իրավահարաբերությունն առաջացել է հայցվորի՝ արդեն իսկ վերոնշյալ պայմանագրի հիման վրա ձեռքբերված գույքի նկատմամբ պետական գրանցման գործընթացում, որի շրջանակում ծագած վեճի դատական կարգով լուծման փուլում ենթակա է պարզման պատասխանողի գործողությունների իրավաչափությունը՝ պետական գրանցման վարույթի շրջանակում: Ուստի Վերաքննիչ դատարանի համոզմամբ, հայցվորի և պատասխանողի միջև ծագած և սույն վարչական գործով հայցադիմումի հիմքում ընկած նյութաիրավական վեճի առնչությամբ կայացվելիք դատական ակտը չէր կարող ուղղակիորեն և անմիջականորեն շոշափել դատավարության մասնակից չդարձված Մարետ Խալաֆյանի իրավունքներն ու օրինական շահերը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով կայացված վճիռը, որով Դատարանը պարտավորեցրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին կատարել Ընկերության և «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի միջև 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում, անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվում է Մարետ Խալաֆյանի իրավունքների և պարտականությունների վրա հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: (․․․) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-2-րդ կետերի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով: Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 24022012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշմամբ համադրված վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 199-րդ հոդվածները, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ (5-րդ մաս), 27-րդ (4-րդ մասի 1-ին կետ), 35-րդ, 42-րդ, 43-րդ և 46-րդ հոդվածներն ու «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 41-րդ և 64-րդ հոդվածները, եզրահանգել է, որ նշված իրավակարգավորումներից բխում է հետևյալը

- գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացում սեփականության մասնակիցներից որևէ մեկի հանդես գալն իրավաբանորեն անիրագործելի է մյուս մասնակիցների համաձայնության բացակայության դեպքում, և բոլոր դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշվում են գրանցված իրավունքի բոլոր սուբյեկտների անունները (անվանումները)՝ որպես պետության կողմից այդ սուբյեկտների սեփականության իրավունքի ճանաչման, հետևաբար` նաև այն պաշտպանելու պոզիտիվ պարտականության ստանձնման իրավական փաստ,

- գույքի նկատմամբ համատեղ սեփականության մասնակիցներից որևէ մեկի իրավունքի դադարումը կարող է տեղի ունենալ բացառապես նրա համաձայնությամբ կամ, նրա մահվան դեպքում` օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի` միմյանց հետ համակարգային ամբողջություն կազմող նորմերի համադրված վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է, որ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ (եթե նրանց համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ) բոլոր համասեփականատերերի կողմից իրենց հայեցողության իրացման արդյունքում տրված պոզիտիվ (կոնկրետ, առարկայական) համաձայնության առկայության պայմաններում, երբ.

1) համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել և սեփականության իրավունքը հավաստող իրավական փաստաթղթում (գրանցման վկայականում) հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի` համատեղ սեփականության իրավունքով,

2) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ծագում են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անշարժ գույքի պետական գրանցման և նոտարական վավերացման գործող համակարգերում գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման վերաբերյալ պետական գրանցում և գործարքի նոտարական վավերացում իրականացնելիս պարտադիր է համարվում բոլոր համասեփականատերերի պոզիտիվ համաձայնությունը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 24022012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե որ ամուսինն է այն ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ 25121980 թվականին գրանցվել է Մարետ Խալաֆյանի և Սերժիկ Մոսեսյանի ամուսնությունը։ Այնուհետև՝ 29122006 թվականին տրված թիվ 2190995 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Սերժիկ Մոսեսյանի սեփականության իրավունքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից կայացված վճռով ՀՀ կադաստրի կոմիտեն պարտավորեցվել է կատարելու 22.08.2017 թվականին կնքված «Գույքը հանձնելու մասին» պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում, այն է՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքը։ Նշված դատական ակտի կատարման հետևանքով դադարելու է Սերժիկ Մոսեսյանի և Մարետ Խալաֆյանի սեփականության իրավունքը։

Տվյալ դեպքում Մարետ Խալաֆյանի և Սերժիկ Մոսեսյանի միջև ամուսնական պայմանագիր կնքված լինելու փաստը հաստատող ապացույցի բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խնդրո առարկա՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, «Վահագնի» թաղ 3-րդ տեղամաս, Արաքս-10, «Արարատ-1» մոդելի մենատուն հասցեում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, ուստի սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն և անխուսափելիորեն ազդելու է Մարետ Խալաֆյանի իրավունքների վրա, որպիսի պայմաններում իրավաչափ չի կարող գնահատվել Մարետ Խալաֆյանին սույն գործով դատավարությանը մասնակից չդարձնելը։

Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորը վիճելի գույքը ձեռք է բերել «Գույքը հանձնելու մասին» պայմանագրի կնքմամբ, իսկ սույն վարչական գործով վիճելի իրավահարաբերությունն առաջացել է հայցվորի՝ արդեն իսկ «Գույքը հանձնելու մասին» պայմանագրի հիման վրա ձեռքբերված գույքի նկատմամբ պետական գրանցման գործընթացում, ուստի կայացվելիք դատական ակտը չէր կարող ուղղակիորեն և անմիջականորեն շոշափել դատավարության մասնակից չդարձված Մարետ Խալաֆյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ խնդրո առարկա գույքի նկատմամբ Մարետ Խալաֆյանի և Սերժիկ Մոսեսյանի սեփականության իրավունքը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից չի կատարվել նրանց սեփականության իրավունքի դադարման և այլ անձի՝ տվյալ դեպքում Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում։ Ուստի Մարետ Խալաֆյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն ՀՀ կադաստրի կոմիտեին պարտավորեցնելու նպատակով հարուցված գործը, և դրա արդյունքում կայացվելիք դատական ակտը չէր կարող չառնչվել Մարետ Խալաֆյանի իրավունքներին և պարտականություններին։

Վերոգրյալ իրավական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Մարետ Խալաֆյանը պետք է մասնակից դարձվեր սույն վարչական գործի քննությանը` իր փաստարկները կամ առարկությունները ներկայացնելու միջոցով իր սեփականության իրավունքի պաշտպանության երաշխավորված իրացումն ապահովելու համար: Հետևաբար Դատարանը պետք է Մարետ Խալաֆյանին ներգրավեր դատավարությանը որպես երրորդ անձ` նրան ընձեռելով արդյունավետ դատական պաշտպանության հնարավորություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը կայացրել է Մարետ Խալաֆյանի իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտ` առանց վերջինիս դատավարության մասնակից դարձնելու` խախտելով նրան որպես երրորդ անձ ներգրավելու օրենսդրական պահանջը: Վերաքննիչ դատարանը, իր հերթին, պարտավոր էր բեկանել Դատարանի վճիռը, քանի որ տվյալ դեպքում առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է` Դատարանի վճիռը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձի` Մարետ Խալաֆյանի իրավունքներն ու պարտականությունները: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և
163-
րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06062022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Հ. ԲԵԴևյԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան