ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-88-Ո-Կ-20 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ |
Ա. Աթաբեկյանի Հ. ԳրիգորյանիԵ. Թումանյանցի Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ Վ. Քոչարյանի
| ||
Արդարադատության նախարարի տեղակալ |
Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ | ||
Արդարադատության նախարարի ներկայացուցիչներ |
Հ. ՍԱՆՈՅԱՆԻ Ա. ՍՈՒՋՅԱՆԻ | ||
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր |
Ա. Սաֆարյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Թ․ Ղուկասյանի |
2023 թվականի նոյեմբերի 6-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 73-Ա որոշումը և հետազոտելով որոշմանը կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբաններ Նարինե Բեգլարյանի, Սոֆյա Խառատյանի և Մարիամ Սանթրոսյանի հաղորդումը:
Արդարադատության նախարարի 07.07.2023 թվականի թիվ 54-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի (այսուհետ նաև` Դատարան կամ Դատավոր)՝ նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 07.09.2023 թվականի թիվ 64-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթի ժամկետը երկարաձգվել է:
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 05.10.2023 թվականի թիվ 73-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև` Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 23.10.2023 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
Խորհուրդը 31.10.2023 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
31.10.2023 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 06.11.2023 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմամբ մասնավորապես վկայակոչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը և հայտնել, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի և 199-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից բխում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը (հայցադիմումը վարույթ ընդունելու, վերադարձնելու կամ մերժելու մասին) օրենքով սահմանված դատավարական ժամկետում լուծելու արդյունքում դատարանը համապատասխան որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց, եթե մինչև այդ դրա առձեռն հանձնումը եղել է անհնարին։ Հայցի հարուցման փուլում օրենսդրի կողմից դատավարական իմպերատիվ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով իր իրավունքների դատական պաշտպանությունը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու անհրաժեշտությամբ։ Ըստ այդմ՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի բովանդակության, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի և 199-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերի համադրումից հետևում է, որ անձն իրավաչափորեն կարող է ակնկալել, որ իր իրավունքների դատական պաշտպանությունն իրականացնելու նպատակով քաղաքացիական դատավարության կարգով հայցադիմում ներկայացնելիս, դատարանն ոչ միայն օրենսգրքով նախատեսված ժամկետներում կլուծի հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը, այլև այդ կապակցությամբ կայացված որոշումն օրենսգրքով նախատեսված ժամկետներում կտրամադրի իրեն՝ հնարավորություն տալով իրականացնելու օրենսգրքով նախատեսված իր դատավարական իրավունքները։
Մինչդեռ քննարկվող դեպքում Դատարանը թիվ ԵԴ/49750/02/21 քաղաքացիական գործով 17.11.2021 թվականին կայացրած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) հրապարակել և գործին մասնակցող անձանց տրամադրել է ավելի քան 1 տարի 9 ամիս անց, իսկ թիվ ԵԴ/45275/02/21 քաղաքացիական գործով 20.10.2021 թվականին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը Համակարգում հրապարակել և գործին մասնակցող անձանց տրամադրվել է ավելի քան 1 տարի 4 ամիս անց։
Միաժամանակ թիվ ԵԴ/49750/02/21 և ԵԴ/45275/02/21 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից փոստային կապի միջոցով պատասխանողներին ուղարկված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները համապատասխանաբար 02.09.2023 թվականին և 10.03.2023 թվականին դատարան վերադարձվելու (դատարանում ստացվելու) հանգամանքը վկայում է այն մասին, որ դրանք պատասխանողներին ևս ուղարկվել են կայացվելուց հետո ավելի քան 1 տարի 9 ամիս և ավելի քան 1 տարի 4 ամիս անց։
Արդյունքում, վերոնշյալ դատական գործերով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը։
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը, 183-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը, նշել է, որ օրենսդիրն առանձին նորմի շրջանակներում սահմանել է գործի վարույթը կարճելու մասին որոշման, որպես եզրափակիչ դատական ակտի, գործին մասնակցող անձանց տրամադրման ժամկետ, որը հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռի՝ գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված ժամկետին։ Մասնավորապես՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց պետք է տրամադրվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել։
Քննարկվող դեպքում Դատարանը թիվ ԵԴ/50229/02/21 քաղաքացիական գործով գործի վարույթը կարճելու մասին որոշման հրապարակման ժամկետ է սահմանել 13.06.2022 թվականը, թիվ ԵԴ/7822/02/22 քաղաքացիական գործով՝ 15.04.2022 թվականը, մինչդեռ դատական ակտերը գործին մասնակցող անձանց տրամադրել է նշանակված ժամկետից համապատասխանաբար ավելի քան 1 տարի 2 ամիս, ավելի քան 1 տարի 4 ամիս անց։
Միաժամանակ սույն վարույթով ձեռք բերված տվյալներից հետևում է, որ թիվ ԵԴ/7822/02/22 քաղաքացիական գործով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշումը 05.09.2023 թվականի դրությամբ (Դատավորի կողմից գործի վերաբերյալ նյութերը տրամադրելու օրը), այսինքն՝ ավելի քան 1 տարի 4 ամիս անց, պատասխանողին տրամադրված չէ։
Արդյունքում, վերոնշյալ դատական գործերով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը։
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասը, 300-րդ հոդվածի 2-3-րդ մասերը, 17-րդ հոդվածի 7-րդ մասը, 179-րդ հոդվածի 2-րդ մասը, Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը, նշել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 2-րդ մասերի նորմերով սահմանված է դատարանի՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում կայացնելու և հրապարակելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի՝ վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկելու պարտականությունը։ Քննարկվող դեպքում ևս անձն ունի լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը՝ իր կողմից ներկայացված պահանջներին ըստ էության լուծում տվող դատական ակտ կկայացնի և այն իրեն հասանելի կդարձնի օրենքով սահմանված ժամկետներում (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հասանելի դարձնելը ենթադրում է դատական ակտն անձին ուղարկելը կամ առձեռն հանձնելը)։
Նմանապես, անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր կազմող գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման տեսանկյունից կարևորվում է անձի մասնակցությամբ գործն ըստ էության լուծում տվող դատական ակտն օրենքով սահմանված ժամկետներում հրապարակելը և գործին մասնակցող անձին այն ուղարկելը։
Այսպիսով, օրենսդրի կողմից սահմանվել են անհրաժեշտ ու բավարար կարգավորումներ՝ ուղղված դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալուն, ինչը հանդիսանում է երաշխիք նրանց կողմից դատական մատչելիության ու արդար դատաքննության իրենց իրավունքներն արդյունավետ իրացնելու համար։
Ընդ որում, թե պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով վճիռ կայացնելու և հրապարակելու, թե վճիռը, գործի վարույթը կարճելու մասին որոշումը և առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ, և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ։
Վկայակոչելով օրենքով սահմանված հստակ դատավարական ժամկետների պահպանման հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 22.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ քննարկվող դեպքում Դատարանը թիվ ԵԴ/49742/02/21, ԵԴ/49751/02/21 և ԵԴ/49757/02/21 քաղաքացիական գործերով վճիռների հրապարակման օր է սահմանել 17.03.2022 թվականը, թիվ ԵԴ/50237/02/21, ԵԴ/50236/02/21, ԵԴ/50235/02/21, ԵԴ/50227/02/21 քաղաքացիական գործերով՝ 21.03.2022 թվականը, մինչդեռ վճիռները հրապարակել և գործին մասնակցող անձանց տրամադրել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։
Միաժամանակ սույն վարույթով ձեռք բերված տվյալներից հետևում է, որ թիվ ԵԴ/49742/02/21, ԵԴ/49757/02/21, ԵԴ/50237/02/21 քաղաքացիական գործերով կայացված վճիռները 05.09.2023 թվականի դրությամբ (Դատավորի կողմից գործի վերաբերյալ նյութերը տրամադրելու օրը), այսինքն՝ ավելի քան 1 տարի 5 ամիս անց պատասխանողներին տրամադրված չէ։
Դատարանը թիվ ԵԴ/36085/02/21, ԵԴ/36081/02/21, ԵԴ/36079/02/21 քաղաքացիական գործերով վճիռների հրապարակման օր է սահմանել 07.01.2022 թվականը, մինչդեռ վճիռները հրապարակել և գործին մասնակցող անձանց տրամադրել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց։
Միաժամանակ հարկ է փաստել, որ ԵԴ/36085/02/21, ԵԴ/36081/02/21, ԵԴ/36079/02/21 քաղաքացիական գործերով Դատարանի կողմից փոստային կապի միջոցով պատասխանողներին ուղարկված վճիռները համապատասխանաբար 05.04.2023 թվականին, 23.04.2023 և 05.04.2023 թվականին դատարան վերադարձվելու (դատարանում ստացվելու) հանգամանքը վկայում է այն մասին, որ դրանք պատասխանողներին ևս ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց։
Դատարանը թիվ ԵԴ/31395/02/22 քաղաքացիական գործով վճռի հրապարակման օր է նշանակել 31.10.2022 թվականը, մինչդեռ վճիռը Համակարգում հրապարակվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 8 ամիս անց, իսկ գործին մասնակցող անձանց տրամադրել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 7 ամիս անց։
Ինչ վերաբերում է թիվ ԵԴ/22449/02/21 քաղաքացիական գործին՝ Դատարանը վճռի հրապարակման օր է նշանակել 04.01.2022 թվականը, սակայն 05.10.2023 թվականի դրությամբ, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 9 ամիս անց Դատարանի 04.01.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակված չէ։
Միաժամանակ սույն վարույթով ձեռք բերված տվյալներից հետևում է, որ թիվ ԵԴ/22449/02/21 քաղաքացիական գործով կայացված վճիռը 05.09.2023 թվականի դրությամբ (Դատավորի կողմից գործի վերաբերյալ նյութերը տրամադրելու օրը), այսինքն՝ ավելի քան 1 տարի 8 ամիս անց հայցվորին տրամադրված չէ, իսկ Դատարանի կողմից փոստային կապի միջոցով պատասխանողներին ուղարկված վճիռները 04.02.2023 թվականին և 06.02.2023 թվականին դատարան վերադարձվելու (դատարանում ստացվելու) հանգամանքը վկայում է այն մասին, որ դրանք պատասխանողներին ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետից շուրջ 1 տարի 1 ամիս անց։
Հատկանշական է նաև, որ թիվ ԵԴ/22449/02/21 քաղաքացիական գործով դատական ակտը հրապարակման նշանակված օրվանից մինչ 05.10.2023 թվականը Համակարգում չհրապարակելու և 05.09.2023 թվականի դրությամբ հայցվորին չուղարկելու, թիվ ԵԴ/50229/02/21, ԵԴ/49742/02/21, ԵԴ/49757/02/21, ԵԴ/50237/02/21 քաղաքացիական գործերով դատական ակտերը 05.09.2023 թվականի դրությամբ պատասխանողներին չուղարկելու արդյունքում վերջիններիս վերոնշյալ իրավունքների խախտումները կրում են տևող-շարունակվող բնույթ, այսինքն՝ Դատավորի կողմից առերևույթ թույլ տրված դատավարական ժամկետների խախտումների բացասական հետևանքներն օբյեկտիվ իրականությունում շարունակում են գոյություն ունենալ։
Վարույթ հարուցած մարմինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Խորհրդի վերը վկայակոչված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը վերաբերում է ոչ թե առհասարակ դատավարական ժամկետի խախտման յուրաքանչյուր դեպքի, այլ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումներին։
Քննարկվող դեպքում պետք է արձանագրել, որ այն դեպքում, երբ պարզեցված վարույթի կարգով գործի քննության և եզրափակիչ դատական ակտի հրապարակման համար օրենքով սահմանված է քառամսյա ժամկետ, ապա նման ժամկետի (հրապարակման մասով) ավելի քան 8 ամսից մինչև 1 տարի 9 ամիս գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում։ Նույն կերպ և այն դեպքում, երբ վճիռը կամ գործի վարույթը կարճելու մասին որոշումը գործին մասնակցող անձին պետք է ուղարկվի դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչև այդ առձեռն չի հանձնվել, իսկ առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձին պետք է տրամադրվի դրա կայացման պահից եռօրյա ժամկետում, ապա նման ժամկետների ավելի քան 7 ամսից մինչև 1 տարի 9 ամիսը գերազանցող տևողությամբ խախտումը չի կարող դիտարկվել դատավարական ժամկետի ողջամիտ խախտում։ Բացի այդ, գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ դատական ակտերի հրապարակման և դատավարության կողմին տրամադրման օրենսդրական ժամկետների խախտումը պայմանավորված չի եղել առավել կարևոր շահի պաշտպանության անհրաժեշտությամբ, ուստի Դատավորն իր վրա դրված պարտականությունները պետք է կատարեր օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում։
Արդյունքում, վերոնշյալ դատական գործերով Դատավորի կողմից խախտվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 18-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատարան ներկայացված կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի հիմքով եզրափակիչ դատական ակտ կայացրած դատարանը կրում է կատարողական թերթ տալու հարցը լուծելու և օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ կատարողական թերթ տալու դիմումը մերժելու մասին կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու պարտականություն։ Ընդ որում, օրենսդիրը դատարանի հիշյալ պարտականության (համապատասխան որոշման կայացման կամ կատարողական թերթ տալու) կատարման համար սահմանել է հստակ ժամկետ և կատարման որոշակի եղանակ։ Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի համադրված վերլուծությունից հետևում է, որ կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարանում ստացվելուն հաջորդող երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո եռօրյա ժամկետում դատարանը պետք է տրամադրի կատարողական թերթ՝ այն էլեկտրոնային եղանակով ուղարկելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ նաև՝ Ծառայություն)։
Կառավարության 29.03.2018 թվականի թիվ 350-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) սահմանվել է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը: Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 5-րդ, 6-րդ կետերի վերլուծությունից հետևում է, որ դատարանի կողմից կատարողական թերթն էլեկտրոնային համակարգով ուղարկելու դեպքում ուղարկված կատարողական թերթը պետք է նշում պարունակի դրա ուղարկման ամսաթվի և ժամի վերաբերյալ։
Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով (Գանգատ թիվ 31761/04) 01.12.2009 թվականի վճռի, Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով (Գանգատ թիվ 39563/09) 30.03.2017 թվականի վճռի շրջանակներում արտահայտած դիրքորոշումները՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ քննարկվող դեպքում ուսումնասիրելով թվով 54 քաղաքացիական գործով Դատավորի կողմից տրված կատարողական թերթերի էլեկտրոնային ֆայլերը՝ պարզվել է, որ դրանք չեն պարունակում նշում կատարողական թերթ տալու ամսաթվի և ժամի վերաբերյալ։ Այլ կերպ՝ Դատավորի կողմից թվով 54 դատական գործով ներկայացված կատարողական թերթերը չեն բավարարում Որոշման 6-րդ կետի պահանջներին։ Բացի այդ, Ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ թվով 54 դատական գործով կատարողական թերթերը Ծառայություն ուղարկելու ժամկետներն էապես տարբերվում են Դատարանի կողմից նշված ժամկետներից։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ նշված դատական գործերով Դատարանի կողմից կատարողական թերթերն օրենքով սահմանված ժամկետներում տրամադրելու հարցը պարզելու համար հիմք են ընդունվել Ծառայության կողմից ներկայացված՝ կատարողական թերթերն ուղարկելու ժամկետների վերաբերյալ փաստական տվյալները։ Ընդ որում, Ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը լրացուցիչ հավաստվում է նաև Ծառայությունում կատարողական վարույթներ հարուցելու ժամկետներով։ Մասնավորապես՝ բացառությամբ թվով 4 դատական գործի, վերոնշյալ թվով 50 դատական գործով կատարողական վարույթները հարուցվել են Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետում, այն է՝ Դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում։
Այսպիսով, կարգապահական վարույթով ձեռք բերված տեղեկատվության ուսումնասիրության և վկայակոչված իրավական նորմերի հետ համադրության արդյունքում պարզ է դառնում, որ թվով 54 քաղաքացիական գործով կատարողական թերթերը Դատարանի կողմից տրամադրվել են կատարողական թերթ տալու համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 10 օրից մինչև 6 ամիս անց։
Արդյունքում, նշված քաղաքացիական գործերով Դատավորի կողմից խախտվել են Օրենքի 18-րդ հոդվածի 3-4-րդ մասերի պահանջները։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է դիտարկել դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր համարվող իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում։
Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը։ Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը։ Հիմնարար այս իրավունքի բովանդակությանն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներով (տե՛ս Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը)։ Գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջին անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ:
Խորհուրդը 26.12.2022 թվականին կայացրած թիվ ԲԴԽ-116-Ո-Կ-27 որոշմամբ որոշման մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը դիտարկել է որպես դատարանի մատչելիության իրավունքի դրսևորում:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի որոշ տեսակի գործերի քննության համար նախատեսված հատուկ ժամկետների առկայության դեպքում դատարանները պարտավոր են գործի քննության իրականացումն ապահովել այդ ժամկետում, հակառակ դեպքում, դրա անցմամբ կատարված քննությունը կարող է որակվել որպես արդար դատաքննության կարևոր բաղադրատարր հանդիսացող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման խախտում այն դեպքում, երբ այդ գործերի համար օրենսդրի կողմից նախատեսվել է ողջամտության չափանիշի առավելագույնս ընդգծված սահմանը։ Բացի այդ, գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված կարգով և եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին։ Ավելին, գործի քննությունը ողջամիտ ժամկետում դառնում է իմաստազուրկ, եթե դատարանի կողմից օրենքով սահմանված ժամկետում չի ապահովում վեճն ըստ էության լուծող դատական ակտի հարկադիր կատարման ուղարկման պարտականությունը։
Տվյալ դեպքում օրենսդիրը, հաշվի առնելով պարզեցված վարույթի կարգով քննվող վեճի առանձնահատկությունները, նպատակ ունենալով երաշխավորել վարույթի մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը՝ նախատեսելով արդյունավետ մեխանիզմներ, սահմանել է գործի քննության և դատական ակտի հրապարակման, դատական ակտի՝ գործին մասնակցող անձանց տրամադրման, դատական ակտը հարկադիր կատարման ուղարկման առավելագույն ժամկետներ, որոնցից ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ՝ բոլորի համատեղ չպահպանումը կարող է հանգեցնել ուշացած արդարադատության։
Վարույթ հարուցած մարմինը վկայակոչելով Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ նաև՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները, նշել է, որ դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ։ Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում։ Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ։
Վարքագծի քննարկվող կանոնը դատավորին պարտավորեցնում է իր պարտականությունները կատարել ողջամիտ ժամկետներում։ Այս պահանջը ներառում է երկու ասպեկտ՝ գործերի արագ քննությունը և դատարանի աշխատանքների արագ կազմակերպումը։ Ընդ որում, դատավորի վարքագծի քննարկվող կանոնի պահանջն ավելի խիստ է, քան դատավարական ժամկետները պահպանելու օրենքի պահանջը։ Եթե դատավարական նորմեր նախատեսող օրենքներով գործերի կամ ընթացիկ հարցերի լուծման համար սահմանված են որոշակի ժամկետներ, ապա դա չի նշանակում, որ այդ գործերն ու հարցերն անպայման պետք է լուծվեն այդ ժամկետների վերջում, եթե դրանց լուծումը հնարավոր է ավելի շուտ։
Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված եզրափակիչ դատական ակտը գործի մասնակիցներին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը։
Քննարկվող դեպքում վերոնշյալ գործերով դատական ակտերը հրապարակելու և դրա օրինակները գործին մասնակցող անձանց ուղարկելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տալու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը դատավարության կողմերի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ։ Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում է դատական իշխանությունը։
Արդյունքում, Դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 183-րդ հոդվածի 5-րդ մասի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 300-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի, Օրենքի 18-րդ հոդվածի 3-4-րդ մասերի խախտումները՝ որպես հետևանք, հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման։
Վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, նշել է, որ գործերի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել օրենքով սահմանված ժամկետում դատական ակտերը հրապարակելու, գործին մասնակցող անձանց ուղարկելու, եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծելու դատավարական պարտականությունները։
Վերոգրյալից նաև հետևում է, որ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինիս կողմից կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նաև վարքագծի կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Անդրադառնալով Դատավորի այն դիրքորոշմանը (ընկալմանը), որ իր նկատմամբ կարգապահական վարույթը հարուցելու հիմք են հանդիսացել դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումները, որոնք տեղի են ունեցել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու արդյունքում, ապա վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով։ Մասնավորապես՝ միջնորդությամբ ներկայացվել են իրավական հիմքեր և իրավական հիմնավորումներ վերը նշված քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու վերաբերյալ, որոնք իրենց հերթին հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնների խախտման։
Անդրադառնալով բացատրությամբ ներկայացված Դատավորի այն դիրքորոշմանը, որ թվով 54 քաղաքացիական գործով հետևողականորեն կատարվել են Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դատավարական իրավունքի նորմերի պահանջները և կատարողական թերթ տալու ժամկետի 1-6 ամիս տևողությամբ ուշացում թույլ չի տրվել, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ այն հերքվում է թվով 54 քաղաքացիական գործով կատարողական թերթ տալու վերաբերյալ վերը ներկայացված նշված փաստական հիմքերով և հիմնավորումներով։
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացված բացատրությամբ արտահայտած այն դիրքորոշմանը, որ առկա է դատական գործերի նշված խումբը, որոնցով դատական ակտերի դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման և կողմերին ուղարկման գործընթացը թերի է իրականացվել՝ դատական գործերի մեծաքանակության, աշխատակազմի ոչ ամբողջական համալրված լինելու, ինչպես նաև դրանցով կայացված դատական ակտերի հրապարակմանը նախորդող ամսում Դատարանի նստավայրի փոփոխման և տեղափոխման գործընթաց տեղի ունենալու և այլ հանգամանքների բերումով, բացի այդ հազարավոր գործերի և դատարանի աշխատասենյակների ներկայիս պայմաններում յուրաքանչյուր դատական գործով անհնար է լիարժեք հսկել Համակարգի լրացվածության և դատավարական փաստաթղթերի ուղարկման ամբողջ գործընթացը, վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է Խորհրդի 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7 որոշման շրջանակներում արտահայտած դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է Դատավորի բացատրությամբ արտահայտած այն դիրքորոշմանը, որ որոշմամբ որևէ անդրադարձ, վերլուծություն և հիմնավորում առկա չէ Դատավորի կողմից իրեն վերագրվող նորմերի պահանջները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Օրենսգրքի 19-րդ գլխով սահմանված կարգավորումների համաձայն՝ կարգապահական վարույթը հարուցվում է, եթե առկա են կարգապահական վարույթ հարուցելու առիթը, ինչպես նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքերը, պահպանված են կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները և բացակայում են կարգապահական վարույթ չհարուցելու դեպքերը։ Միաժամանակ օրենսդիրը, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանելով, որ վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ, չի սահմանել կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելիս դրա ձևին և բովանդակությանը ներկայացվող որևէ դրույթ։ Վարույթ հարուցող մարմինը դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտումները մեղավորությամբ կատարված լինելու վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություն կրում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնելիս։ Մասնավորապես, Օրենսգրքի 148-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Նկարագրական-պատճառաբանական մասում վարույթ հարուցող մարմինը շարադրում է դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները և արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները։ Բացի այդ, դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի ակնհայտ խախտումը չի կարող կատարվել մեղքի բացակայությամբ:
Անդրադառնալով Դատավորի բացատրությամբ արտահայտած այն դիրքորոշումներին, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով օրենսդիրն ամրագրել է դատական վարույթի հրապարակայնությունն ապահովելու գործիքակազմը և ոչ թե այդ նորմով սահմանել է վարքագծի կանոն դատավորի համար, և այն, որ իրավունքի ենթադրյալ խախտումն առաջ չի բերել որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացել օրենքով չնախատեսված պարտականություն կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել վկայակոչել Խորհրդի 24.11.2022 թվականի թիվ ԲԴԽ-105-Ո-Կ-25 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը: Նշված որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ Խորհուրդը՝ վճռի հրապարակման հայտարարված օրվանից մոտ 1 տարի 7 ամիս հետո հրապարակելու և վճռի օրինակը դատավարության կողմերին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելու արդյունքում արձանագրել է դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախատեսված իրավանորմերի խախտում թույլ տալու հանգամանքը, որպես Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավանորմեր դիտարկելով նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-2-րդ մասերով նախատեսված իրավանորմերը, որոնք և վկայակոչված են նույն որոշման Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները մասում։
Ավելին, վերոնշյալ դատական գործերով հայցվորները հանդիսանում են առևտրային կազմակերպություններ, որոնք Դատարանի դրսևորած անգործության արդյունքում տևական ժամանակ զրկվել են գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռների հիման վրա ակնկալվող իրենց ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունից։
Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն։
Նշանակված դատական նիստում Արդարադատության նախարարի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ մասնավորապես միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ նշելով հետևյալ հիմնավորումները.
3.1) Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսացել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումները, որոնք տեղի են ունեցել Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու արդյունքում։
3.2) Դատավորը հայտնել է, որ թվով 54 քաղաքացիական գործով Դատավորի կողմից հետևողականորեն կատարվել են Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դատավարական իրավունքի նորմերի պահանջները և կատարողական թերթ տալու ժամկետի 1-6 ամիս տևողությամբ ուշացում թույլ չի տրվել։
3.3) Հաշվի առնելով ժամանակահատվածը, որում այդ գործերի մեծ մասը բաշխվել և հանձնվել են Դատավորին, ուղղակիորեն չի կարող հաստատվել կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը, քանի որ դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք առավելապես մեկ հայցվորի վերաբերյալ քաղաքացիական գործեր են, ունեն նույն ներկայացուցիչները՝ ի դեմս հաղորդում ներկայացրած անձանց, և, որոշակի բացառություններով, վերաբերում են միևնույն ժամանակահատվածի, ուստի ենթադրում են դատավարական գործողությունների միևնույն ժամանակահատվածում կատարում։ Այսինքն՝ առկա է դատական գործերի նշված խումբը, որոնցով դատական ակտերի դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման և կողմերին ուղարկման գործընթացը թերի է իրականացվել՝ դատական գործերի մեծաքանակության, աշխատակազմի ոչ ամբողջական համալրված լինելու, ինչպես նաև դրանցով կայացված դատական ակտերի հրապարակմանը նախորդող ամսում Դատարանի նստավայրի փոփոխման և տեղափոխման գործընթաց տեղի ունենալու և այլ հանգամանքների բերումով։ Հազարավոր գործերի և դատարանի աշխատասենյակների ներկայիս պայմաններում հնարավոր չէ լիարժեք հսկել յուրաքանչյուր դատական գործով Համակարգի լրացվածության և դատավարական փաստաթղթերի ուղարկման ամբողջ գործընթացը, իսկ աշխատակիցների պարբերական փոփոխման պայմաններում նոր աշխատակիցը երբեմն չի տիրապետում նախորդի կատարած-չկատարած աշխատանքին։
3.4) Դատավորը բացատրությամբ նշել է նաև, որ որոշմամբ որևէ անդրադարձ, վերլուծություն և հիմնավորում առկա չէ Դատավորի կողմից իրեն վերագրվող նորմերի պահանջները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ, այսինքն՝ արարքի նկարագրության և իրավաբանական որակման առումով առկա է անհստակություն, արարքի որակումն ըստ էության կատարվել է թերի, առանց մատնանշելու և հիմնավորելու մեղքի ձևը, միայն նշվել է, որ կատարվել է մեղավորությամբ։ Դատական ակտերի՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով օրենքով սահմանված ժամկետում հրապարակելու և ուղարկելու պարտականությունն անմիջականորեն դատավորի կողմից կրելու պարագայում՝ չի հիմնավորվել, թե ինչպես է դրսևորվել մեղավորությունը։
3.5) Դատավորը հայտնել է նաև, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է դատական ակտերի հրապարակման կարգը, այն է՝ թե ինչ միջոցով (որտեղ) են հրապարակվում հրապարակման ենթակա դատական ակտերը, այսինքն՝ օրենսդիրը նշված հոդվածով ամրագրել է դատական վարույթի հրապարակայնությունն ապահովելու գործիքակազմը և ոչ թե այդ նորմով սահմանել է վարքագծի կանոն դատավորի համար, ուստի այս պարագայում դատավորին նման նորմի խախտում չի կարող վերագրվել։
3.6) Ըստ Դատավորի՝ տվյալ դեպքում առկա է նաև Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման հիմքը՝ ելնելով այն հանգամանքից, որ որոշմամբ նշված բոլոր գործերով դատական ակտերը հրապարակված և կողմերին ուղարկված են, հայցվորի դատական պաշտպանության իրավունքն ապահովվել է հրապարակված դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով, դատական գործերի գերակշռող մասով հայցվորների հայցապահանջները բավարարվել են, ուստի և ենթակա էին բողոքարկման վերջինիս կողմից միայն դատական ծախսերի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության մասով, թվով 3 դատական գործով հայցվորը հրաժարվել է հայցից և այդ հիմքով է գործի վարույթը կարճվել, այսինքն՝ իրավունքի ենթադրյալ խախտումն առաջ չի բերել որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացել օրենքով չնախատեսված պարտականություն կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն։
Դատավորը Խորհրդին չի ներկայացրել գրավոր պատասխան, սակայն 31.10.2023 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում նշել է, որ պնդում է վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությունը, միաժամանակ խնդրել է հիմք ընդունել բանավոր հայտնած դիրքորոշումները:
Դատավորը, ի թիվս այլնի, ներկայացրել է իր ծանրաբեռնվածության վերաբերյալ քանակական տվյալներ, նշել է, որ պաշտոնը ստանձնելու օրվանից շուրջ երեք ամիս աշխատել է առանց աշխատակազմի:
Դատավորը նաև հայտնել է, որ հայցվորների՝ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքը և կատարողական թերթերը կատարման ուղարկելու օրենքով սահմանված ժամկետները չեն ապահովվել, ինչը չի վիճարկում, այդ հանգամանքների առկայությունն առաջին հերթին անընդունելի է իր համար՝ որպես գործող դատավորի, և հանդիսանում է իր ամենօրյա մտահոգության առարկան, սակայն անհրաժեշտ է պարզել՝ տարիներ շարունակ և ներկայումս նույնպես հանրահայտ փաստ հանդիսացող դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում, երբ դատական ակտերի տրամադրման ուշացումներն ունեն համատարած բնույթ, և դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու և դատավարության մասնակիցներին չուղարկելու արարքը կարող է վերագրվել հատկապես առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի յուրաքանչյուր դատավորի, դատավորը և հետևաբար՝ դատարանը, ունեցել է արդյոք օբյեկտիվ, ողջամիտ հնարավորություն ապահովելու նշված իրավունքը, արդյոք դատավորն է միայն կրում այդ իրավունքի ապահովման պատասխանատվությունը:
Դատավորը նշել է նաև, որ, նախապես համաձայնեցնելով դատարանի նախագահի հետ, 23.11.2022 թվականի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին առաջարկել է իր անուն-ազգանունը ժամանակավորապես՝ երեք ամիս ժամկետով, հանել գործերի բաշխման ցանկից՝ հնարավորություն ընձեռելով իրականացնելու իր վարույթում գտնվող գործերի ողջամիտ ժամկետում քննությունը։ Սակայն Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի ղեկավարի 06.12.2022 թվականի գրությամբ տեղեկացվել է, որ իր կողմից ներկայացված դիմումը չի բավարարվել:
Այնուհետև, 29.11.2022 թվականին իր մանկահասակ դուստրը՝ Անահիտ Հովհաննեսի Պողոսյանը, ստացել է վնասվածք՝ աջ ոտքի կոտրվածք, որպիսի պայմաններում 30.11.2022 թվականից 23.12.2022 թվականը ներառյալ գտնվել է անաշխատունակության մեջ և, թեև, երեխան դեռ չէր ապաքինվել, ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չուներ, սակայն, հաշվի առնելով տարեվերջյան անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտությունը, 26.12.2022 թվականին ներկայացել է աշխատանքի, իսկ 03.01.2023 թվականից 19.01.2023 թվականը գտնվել արձակուրդում՝ դարձյալ երեխայի խնամքով պայմանավորված։
Աշխատանքի է ներկայացել 20.01.2023 թվականին, որից հետո ձեռնամուխ է եղել անաշխատունակության և արձակուրդի ժամանակահատվածի հետ համընկած ժամանակահատվածում նշանակված և չկայացած դատական նիստերով՝ շուրջ 86 քաղաքացիական գործերով դատական նիստերի նշանակմանը, հարյուրավոր դատական ակտերի հրապարակմանը, աշխատանքի ներկայանալուց հետո մինչև մարտ ամսի ավարտն իրեն է բաշխվել շուրջ 401 արբիտրաժային գործեր, որոնց քննության համար օրենսդրությամբ սահմանված է սեղմ՝ մեկամսյա ժամկետ, ստացվել են նաև հարյուրավոր կատարողական թերթեր և քաղաքացիական գործեր՝ այդ թվում այլ դատավորներից վերաբաշխված, առկա են եղել բազմաթիվ դատավարական սեղմ ժամկետներ ունեցող և հրատապ լուծում պահանջող հարցերով դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտություն։
Նշել է, որ դատական գործերի շարունակական հոսքի առկայության պայմաններում հնարավոր չէ միաժամանակ ապահովել ինչպես նախկինում բաշխված, այնպես էլ նոր բաշխվող բոլոր գործերով դատավարական ժամկետների, այդ թվում՝ դրանցով կայացվող որոշումները Համակարգում հրապարակելու և ուղարկելու ժամկետների պահպանումը։ Ստեղծված իրավիճակում չի ունեցել այլ ընտրություն, քան շարունակել աշխատել, անելով հնարավորինը, որը կարող է անել դատավորը, սակայն այդ կերպ նպաստել դատարան դիմողների իրավունքների իրացմանն ու ապահովմանը, մյուս դատավորների և, հետևաբար, դատարանի գերծանրաբեռնվածության նվազեցմանը, որն էլ կատարել է։
Վերը նշվածներից ակնհայտ է, որ տվյալ իրադրությունում ակնհայտորեն չէր կարող կազմակերպել աշխատանքն այնպես, որ բոլոր գործերին հատկացվեր անհրաժեշտ ժամանակ՝ դա իր կամքից անկախ պատճառներով պարզապես անհնարին լինելու հիմնավորված պատճառաբանությամբ, և բացառելով դիտավորությունը, նշել է, որ քանի որ կոպիտ անփութության մեղքի ձևի հաստատման համար հարկավոր է երկու պայմանի միաժամանակյա առկայություն՝ «կարող է» և «պետք է» եզրույթների իմաստով (արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել), իսկ այս դեպքում առնվազն առաջինը բացակայում է, ուստի գտել է, որ այս դեպքում կիրառելի է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 10-րդ մասը, այն է՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում։
Միաժամանակ Դատարանը հայտնել է, որ բոլոր նշված դատական գործերով թույլ են տրվել նշված խախտումները, բայց հետևանքի մասով որևէ նշում միջնորդության մեջ չկա: Մասնավորապես կայացրել է թվով 2 վերադարձի որոշում, որոնք ուշ են ուղարկվել, սակայն դրանցից մեկն ընդհանրապես չի ներկայացել, մյուսը ներկայացվել է այլ գործի շրջանակներում, լուծված է, առկա է դատական ակտ, որևէ հետևանք այդ գործով չկա:
Կարճման վերաբերյալ որոշումներն ուշ ուղարկելու մասով նշել է, որ թե հաղորդում ներկայացրած անձը, թե վարույթ հարուցող մարմինն արձանագրել են այն փաստը, որ այդ կարճման և վերադարձի որոշումներից եղել են այնպիսի դեպքեր, որոնք Համակարգում լրացված են եղել, թեկուզ ուշացմամբ, բայց այդ լրացված լինելու պայմաններում չեն ուղարկվել, ինչն այն սահմանագիծն է, որտեղ պետք է հասկանալ դատավորի պատասխանատվության և դատավորի վերահսկողություն իրականացնելու շեմը, նաև նշել է, որ թիվ ԵԴ/22449/02/21 գործով վարույթ հարուցող մարմինը նշել է, որ այն ընդհանրապես Համակարգում մինչ օրս՝ 1 տարի 9 ամիս տևողությամբ լրացված չի եղել, բայց ոչ թե լրացված չէ, այլ առկա է տեխնիկական խնդիր, որը դատավորի վերահսկողությունից դուրս է, թեև «CAST»՝ Դատական համակարգ համակարգչային ծրագրում լրացված է, սակայն Դատալեքս համակարգում այն չի արտացոլվում, այնուամենայնիվ հակիրճ բաժնում դատավորի կողմից կայացված դատական ակտը հրապարակված է:
Վարույթ հարուցող մարմինը կատարողական թերթերի մասով նույնականացրել է կատարողական թերթ տալ և ուղարկել եզրույթները: Այսպես, կատարողական թերթում արտացոլված է այն տալու ամսաթիվը երկու տեղով՝ մեկը ներածական հատվածում, մյուսը եզրափակիչ հատվածում՝ նշումով «տրվել է կատարողական թերթ և ամսաթիվ», այդ բոլոր ամսաթվերը համընկնում են այն ժամկետներին, որոնցում պետք է տրվեին կատարողական թերթերը, այսինքն դատավորի կողմից ջանասիրություն գործադրելը դրսևորել է նրանով, որ դատավորը գործողություն է իրականացրել և ստեղծել է այդ կատարողական թերթերը, եթե անտարբերություն դրսևորեր դրանք ստեղծված չէին լինի այդ օրը, այլ հարց է որ ուշացմամբ են ուղարկվել Ծառայություն:
Կատարողական թերթերից ոչ մեկով որևէ բացասական հետևանք չկա կողմի համար, կատարողական թերթերը բոլորն ուղարկված են այն գործերով, որոնցով վճիռներ են կայացվել և ուղարկվել են թեպետ ուշացմամբ, սակայն վարույթ հարուցող մարմինը որպես հետևանք նշել է, որ բոլոր կազմակերպություններն առևտրային կազմակերպություններ են և զրկվել են վճռի հիման վրա համապատասխան միջոցները տնօրինելու հնարավորությունից, մինչդեռ այդ վճիռներով կատարողական թերթ տալու դիմում չի ներկայացվել, այսինքն գումարները տնօրինելու ցանկություն կողմը չի հայտնել, այդ ակտերը բավարարված են և մեկ գործով է միայն վերաքննիչ բողոք ներկայացվել:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դատավորը խնդրել է մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1) Թիվ ԵԴ/49750/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Աննա Մովսիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատավորը 17.11.2021 թվականին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը Համակարգում հրապարակվել է 22.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-22 21:17:01), այսինքն՝ որոշումը կայացնելուց հետո ավելի քան 1 տարի 9 ամիս անց։ Սույն գործով պատասխանողին ուղղված ծանուցման մասին անդորրագրի վրա 02.09.2023 թվականին կատարվել է «անհայտ» նշումը, իսկ հայցվորը որոշումը ստացել է 25.08.2023 թվականին, այսինքն՝ որոշումը կայացնելուց հետո ավելի քան 1 տարի 9 ամիս անց։
4.2) Թիվ ԵԴ/45275/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Յուքոմ» ՓԲԸ-ի ընդդեմ Սուսաննա Դավթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատավորը 20.10.2021 թվականին կայացրել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը Համակարգում հրապարակվել է 27.02.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-02-27 11:14:20), այսինքն՝ որոշումը կայացնելուց հետո ավելի քան 1 տարի 4 ամիս անց։ Սույն գործով պատասխանողին ուղղված ծանուցման մասին անդորրագրի վրա 10.03.2023 թվականին կատարվել է «չի պահանջվել» նշումը, իսկ հայցվորը որոշումը ստացել է 09.03.2023 թվականին, այսինքն՝ որոշումը կայացնելուց հետո ավելի քան 1 տարի 4 ամիս անց։
4.3) Թիվ ԵԴ/50229/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Յուրիկ Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանը 19.11.2021 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին, որով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակել 21.03.2022 թվականին։ Դատարանի կողմից 21.03.2022 թվականին որոշում է կայացվել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին։ Հայցվորի կողմից 04.05.2022 թվականին ներկայացվել է միջնորդություն հայցից հրաժարվելու վերաբերյալ։ Դատարանի 13.06.2022 թվականի արձանագրային որոշմամբ գործի քննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 13.06.2022 թվականը։ Դատավորը 13.06.2022 թվականին կայացրել է գործի վարույթը կարճելու մասին որոշում, որը Համակարգում հրապարակվել է 30.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-30 21:26:45)։ Սույն գործով հայցվորը և պատասխանողը որոշումը ստացել են 25.08.2023 թվականին, այսինքն՝ որոշումը կայացնելուց հետո ավելի քան 1 տարի 2 ամիս անց։
4.4) Թիվ ԵԴ/7822/02/22 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Պատվական Սիմոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանը 09.03.2022 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և պարզեցված վարույթ կիրառելու մասին, որով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր է նշանակել 11.07.2022 թվականը։ Հայցվորի կողմից 18.03.2022 թվականին ներկայացվել է միջնորդություն հայցից հրաժարվելու վերաբերյալ։ Դատարանի 06.04.2022 թվականի արձանագրային որոշմամբ գործի քննությունը հայտարարվել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 15.04.2022 թվականը։ Դատավորը 15.04.2022 թվականին կայացրել է գործի վարույթը կարճելու մասին որոշում, որը Համակարգում հրապարակվել է 30.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-30 20:29:31)։ Սույն գործով հայցվորը որոշումը ստացել է 30.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 4 ամիս անց, իսկ պատասխանողի կողմից այն ստանալու վերաբերյալ տվյալները բացակայում են։
4.5) Թիվ ԵԴ/49742/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Հայկանուշ Մալխասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 17.03.2022 թվականը։ Դատարանի 17.03.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 24.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-24 09:46:48), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 30.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց, իսկ պատասխանողի կողմից այն ստանալու վերաբերյալ տվյալները բացակայում են։
4.6) Թիվ ԵԴ/49751/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Արա Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 17.03.2022 թվականը։ Դատարանի 17.03.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 22.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-22 23:24:33), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Սույն գործով հայցվորը և պատասխանողը վճիռը ստացել են 25.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։
4.7) Թիվ ԵԴ/49757/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Վարդան Սաֆարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 17.03.2022 թվականը։ Դատարանի 17.03.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 25.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-25 19:11:26), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 30.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց, իսկ պատասխանողի կողմից այն ստանալու վերաբերյալ տվյալները բացակայում են։
4.8) Թիվ ԵԴ/50237/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Դավիթ Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 21.03.2022 թվականը։ Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 25.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-25 18:57:24), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 30.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց, իսկ պատասխանողի կողմից այն ստանալու վերաբերյալ տվյալները բացակայում են։
4.9) Թիվ ԵԴ/50236/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Հայկազ Սրեյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 21.03.2022 թվականը։ Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 24.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-24 09:42:08), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 30.08.2023 թվականին, իսկ պատասխանողը՝ 31.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։
4.10) Թիվ ԵԴ/50235/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Կարեն Աբրահամյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 21.03.2022 թվականը։ Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 22.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-22 23:28:06), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Սույն գործով հայցվորը և պատասխանողը վճիռը ստացել են 25.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Ըստ Համակարգի՝ նշված վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով:
4.11) Թիվ ԵԴ/50227/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Թամարա Բոզյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 21.03.2022 թվականը։ Դատարանի 21.03.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 25.08.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-08-25 19:01:24), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։ Սույն գործով հայցվորը և պատասխանողը վճիռը ստացել են 30.08.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 5 ամիս անց։
4.12) Թիվ ԵԴ/36085/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Յուքոմ» ՓԲԸ ընդդեմ Խաչատուր Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վճռի հրապարակման օր է նշանակվել 07.01.2022 թվականը։ Դատարանի 07.01.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 22.03.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-03-22 15:35:14), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 06.04.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց, իսկ պատասխանողին ուղղված ծանուցման մասին անդորրագրի վրա 05.04.2023 թվականին կատարվել է «ճշտել հասցեն, 14 շենքը 94 բնակ. չունի» նշումը։
4.13) Թիվ ԵԴ/36081/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Յուքոմ» ՓԲԸ ընդդեմ Արտակ Մելքոնյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 07.01.2022 թվականը։ Դատարանի 07.01.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 22.03.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-03-22 15:27:11), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 24.03.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց, իսկ պատասխանողին ուղղված ծանուցման մասին անդորրագրի վրա 23.04.2023 թվականին կատարվել է «չի պահանջվել» նշումը։
4.14) Թիվ ԵԴ/36079/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Յուքոմ» ՓԲԸ ընդդեմ Արթուր Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 07.01.2022 թվականը։ Դատարանի 07.01.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 22.03.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-03-22 15:41:49), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 24.03.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց, իսկ պատասխանողին ուղղված ծանուցման մասին անդորրագրի վրա 05.04.2023 թվականին կատարվել է «չի պահանջվել» նշումը։
4.15) Թիվ ԵԴ/31395/02/22 քաղաքացիական գործով, ըստ հայցի «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ ընդդեմ Վարդան Եսայանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 31.10.2022 թվականին։ Դատարանի 31.10.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 18.07.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-07-18 10:17:07), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 8 ամիս անց։ Սույն գործով հայցվորը վճիռը ստացել է 26.06.2023 թվականին, իսկ պատասխանողը՝ 24.06.2023 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 7 ամիս անց։ Ըստ Համակարգի՝ հայցվորը ներկայացրել է կատարողական թերթ տրամադրելու մասին դիմում:
4.16) Թիվ ԵԴ/22449/02/21 քաղաքացիական գործով, ըստ հայցի «Ֆինքա» ՈԻՎԿ ՓԲԸ ընդդեմ Գրիգոր Ղևոնդյանի, Անի Շեկոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Դատարանի կողմից վճռի հրապարակման օր է նշանակվել 20.12.2021 թվականը։ Դատարանի 04.01.2022 թվականի վճռով արձանագրվել է, որ Դատավորի ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու պատճառով դատական ակտը հրապարակվում է դատավորի աշխատանքի ներկայանալու առաջին օրը՝ 04.01.2022 թվականին։ Դատարանի 04.01.2022 թվականի վճիռը Համակարգում հրապարակվել է 25.01.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-01-25 19:01:54), այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի անց։ Սույն գործով հայցվորի կողմից վճիռը ստանալու վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, իսկ պատասխանողներին ուղղված ծանուցման մասին անդորրագրերի վրա 04.02.2023 թվականին կատարվել է «անհայտ» և 06.02.2023 թվականին՝ «տեղափոխված» նշումները։ Ըստ Համակարգի՝ հայցվորը ներկայացրել է կատարողական թերթ տրամադրելու մասին դիմում:
4.17) 4.6-4.16-րդ կետերում նշված դատական գործերը քննվել են պարզեցված վարույթի կարգով։
4.18) Թվով 54 քաղաքացիական գործով կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումներ ներկայացվելու, դրանք Դատավորի աշխատակազմին հանձնվելու, կատարողական թերթեր տալու ամսաթվերը՝ ըստ Դատավորի և ըստ՝ Ծառայության, ինչպես նաև կոնկրետ դատական գործերով կատարողական թերթ տալու օրենքով սահմանված վերջնաժամկետները և այդ ժամկետների խախտման տևողությունը՝ կից Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 73-Ա որոշման հավելված 1-ում։
Մասնավորապես, ըստ վերը նշված հավելված 1-ի խախտման տևողությունը
- թիվ ԵԴ/38360/02/21 քաղաքացիական գործով կազմել է 10 օր,
- թիվ ԵԴ/35075/02/21, ԵԴ/38357/02/21 ԵԴ/38349/02/21 քաղաքացիական գործերով՝ 1 ամիս,
- թիվ ԵԴ/45273/02/21, ԵԴ/32988/02/21, ԵԴ/30265/02/21, ԵԴ/33922/02/21, ԵԴ/33923/02/21, ԵԴ/33920/02/21, ԵԴ/37096/02/21, ԵԴ/32987/02/21, ԵԴ/34547/02/21, ԵԴ/33690/02/21, ԵԴ/33316/02/21, ԵԴ/36089/02/21, ԵԴ/45675/02/21, ԵԴ/32986/02/21 քաղաքացիական գործերով կազմել է ավելի քան 2 ամիս,
- թիվ ԵԴ/35875/02/21, ԵԴ/35876/02/21, ԵԴ/30324/02/21, ԵԴ/45673/02/21, ԵԴ/29024/02/21, ԵԴ/35073/02/21, ԵԴ/37513/02/21, ԵԴ/37287/02/21, ԵԴ/35079/02/21, ԵԴ/38359/02/21, ԵԴ/38356/02/21, ԵԴ/38076/02/21, ԵԴ/38078/02/21, ԵԴ/36080/02/21, ԵԴ/38080/02/21, ԵԴ/33428/02/21, ԵԴ/38075/02/21, ԵԴ/37286/02/21, ԵԴ/45677/02/21, ԵԴ/45674/02/21, ԵԴ/35368/02/21, ԵԴ/43391/02/21, ԵԴ/37288/02/21 քաղաքացիական գործերով կազմել է ավելի քան 3 ամիս,
- թիվ ԵԴ/33924/02/21, ԵԴ/33925/02/21, ԵԴ/32989/02/21, ԵԴ/29519/02/21, ԵԴ/34549/02/21, ԵԴ/30088/02/21, ԵԴ/29458/02/21, ԵԴ/30306/02/21, ԵԴ/32985/02/21, ԵԴ/28732/02/21, ԵԴ/28863/02/21 քաղաքացիական գործերով կազմել է ավելի քան 4 ամիս,
- թիվ ԵԴ/35080/02/21 քաղաքացիական գործով կազմել է ավելի քան 6 ամիս,
- թիվ ԵԴ/37524/02/21 քաղաքացիական գործով կազմել է 6 ամիս:
4.19) Դատավորը Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի 06.12.2022 թվականի գրությամբ տեղեկացվել է, որ Խորհրդին հասցեագրված՝ Դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու վերաբերյալ 23.11.2022 թվականին ներկայացված դիմումը քննարկվել է Խորհրդի 05.12.2022 թվականի նիստում և հիմնավոր չի համարվել:
4.20) Արմինե Սաֆարյանը 30.11.2022-23.12.2022թթ. գտնվել է անաշխատունակության մեջ՝ դստեր՝ 04.02.2020 թվականին ծնված Անահիտ Հովհաննեսի Պողոսյանի խնամքի նպատակով:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1 արդյո՞ք միջնորդությամբ նշված գործերով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,
5.2 եթե այո, ապա արդյո՞ք կատարված/ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման:
6․ Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև Արդարադատության նախարարի ներկայացուցիչների, Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:
Եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994):
Եվրոպական դատարանն անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է. «(…) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):»
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Վերոգրյալ իրավանորմերի և դիրքորոշումների լույսի ներքո Խորհուրդը կարևոր է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ ժամկետների սահմանումը: Այդպիսի ժամկետների սահմանումը դատարանների համար առաջացնում է ուղղակի պարտականություն՝ դատավարական գործողությունները կատարել և գործերի քննությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործով դատարանը կայացնում է եզրափակիչ և միջանկյալ դատական ակտեր: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են՝ առաջին ատյանի դատարանի կայացրած` ա. վճիռը և (…), բ. գործի վարույթը կարճելու (…) որոշումները: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտեր են սույն հոդվածի 2-րդ մասում չնշված որոշումները, որոնք կայացվում են առանձին ակտի ձևով կամ արձանագրային որոշմամբ:
Մինչև 23.12.2022 թվականը գործող խմբագրությամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում`
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին,
2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
3) հայցադիմումը վերադարձնելու մասին:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ, իսկ 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
Վերլուծելով վերը նշված հոդվածները` Խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանելով, որ առանձին ակտի տեսքով կայացվող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, միաժամանակ դատարանի համար սահմանել է պարտականություն` այդ որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ ակտն առձեռն նրանց չի հանձնվել:
Խորհուրդը փաստում է, որ թիվ ԵԴ/49750/02/21 քաղաքացիական գործով 17.11.2021 թվականին և ԵԴ/45275/02/21 քաղաքացիական գործով 20.10.2021 թվականին կայացված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները Համակարգում հրապարակվել են համապատասխանաբար 22.08.2023 թվականին և 27.02.2023 թվականին, իսկ դատավարության կողմերը ստացել են համապատասխանաբար որոշումները կայացվելուց հետո ավելի քան 1 տարի 9 ամիս և 1 տարի 4 ամիս անց (հայցվորները ստացել են համապատասխանաբար 25.08.2023 թվականին և 09.03.2023 թվականին, իսկ պատասխանողների ծրարները հետ են վերադարձվել Դատարան 02.09.2023 թվականին և 10.03.2023 թվականին), այսինքն՝ դատական ակտերն ուղարկվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դրանց կայացման պահից եռօրյա ժամկետի խախտմամբ:
Միաժամանակ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում (…): Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Նույն հոդվածի 9-րդ մասով սահմանված է, որ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Այսպես, հայցվորը, օգտվելով իրեն վերապահված միակողմանի տնօրինչական գործողությունից, կարող է հայցից հրաժարվելու մասին միջնորդություն ներկայացնել ինչպես դատական նիստի ընթացքում, այնպես էլ դրանից դուրս, վերջին դեպքում միջնորդության քննության կապակցությամբ նիստը հրավիրվում է միջնորդությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին գործի վարույթը կարճելու մասին որոշումն ուղարկել գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Տվյալ պարագայում թիվ ԵԴ/50229/02/21 և ԵԴ/7822/02/22 քաղաքացիական գործերով հայցվորը ներկայացրել է հայցից հրաժարման դիմումներ, որոնց հիմքով համապատասխանաբար 13.06.2022 թվականին և 15.04.2022 թվականին կայացվել են գործերի վարույթները կարճելու մասին որոշումներ, սակայն դրանք Համակարգում հրապարակվել են 30.08.2023 թվականին, իսկ դատավարության կողմերը ստացել են համապատասխան որոշումները կայացվելուց հետո ավելի քան 1 տարի 2 ամիս և 1 տարի 4 ամիս անց (հայցվորը ստացել է համապատասխանաբար 25.08.2023 թվականին և 30.08.2023 թվականին, թիվ ԵԴ/50229/02/21 քաղաքացիական գործով պատասխանողը՝ 25.08.2023 թվականին, իսկ ԵԴ/7822/02/22 քաղաքացիական գործով պատասխանողի կողմից որոշումը ստանալու վերաբերյալ տվյալները բացակայում են): Ուստի վերը նշվածների համադրմամբ Խորհուրդը փաստում է, որ սույն պարագայում առկա է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջի խախտում:
Օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (…): Նույն հոդվածի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
Մինչև 23.12.2022 թվականը գործող խմբագրությամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը (...) օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում կայացնելու և հրապարակելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի՝ վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ:
Խորհուրդն արձանագրում է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով: Օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման, ինչպես նաև այլ դատավարական գործողություններ կատարելու իրական հնարավորության երաշխավորմանը:
Վճռաբեկ դատարանն իր 03.03.2022 թվականի թիվ ՇԴ3/0845/02/19 որոշմամբ արձանագրել է. «(…) Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:»։
Խորհուրդն արձանագրում է, որ քննարկվող պարագայում թիվ ԵԴ/49742/02/21, ԵԴ/49751/02/21, ԵԴ/49757/02/21 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման օր է նշանակվել 17.03.2022 թվականը, սակայն Համակարգում դրանք տեղադրվել են համապատասխանաբար 24.08.2023 թվականին, 22.08.2023 թվականին և 25.08.2023 թվականին, թիվ ԵԴ/50237/02/21, ԵԴ/50236/02/21, ԵԴ/50235/02/21, ԵԴ/50227/02/21 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման օր է նշանակվել 21.03.2022 թվականը, սակայն Համակարգում դրանք տեղադրվել են համապատասխանաբար 25.08.2023 թվականին, 24.08.2023 թվականին, 22.08.2023 թվականին և 25.08.2023 թվականին, միաժամանակ նշված գործերով դատական ակտերը դատավարության կողմերը ստացել են ավելի քան 1 տարի 5 ամիս անց, բացառությամբ թիվ ԵԴ/49742/02/21, ԵԴ/49757/02/21, ԵԴ/50237/02/21 գործերով պատասխանողների, ում կողմից վճիռները ստանալու վերաբերյալ տվյալները բացակայում են: Ինչպես նաև թիվ ԵԴ/36085/02/21, ԵԴ/36081/02/21 և ԵԴ/36079/02/21 քաղաքացիական գործերով վճռի հրապարակման օր է նշանակվել 07.01.2022 թվականը, սակայն Համակարգում դրանք տեղադրվել են 22.03.2023 թվականին, թիվ ԵԴ/31395/02/22 քաղաքացիական գործով վճռի հրապարակման օր է նշանակվել 31.10.2022 թվականը, սակայն Համակարգում այն տեղադրվել է 18.07.2023 թվականին, միաժամանակ թիվ ԵԴ/31395/02/22 գործով դատական ակտը դատավարության մասնակիցները ստացել են ավելի քան 7 ամիս անց, մյուս գործերով դատական ակտերը հայցվորները ստացել են ավելի քան 1 տարի 2 ամիս անց, իսկ պատասխանողներին հասցեագրված ծրարները հետ են վերադարձվել Դատարան:
Խորհուրդը հարկ է համարում փաստել, որ ըստ վարույթ հարուցած մարմնի՝ թիվ ԵԴ/22449/02/21 քաղաքացիական գործով 04.01.2022 թվականի վճիռը 05.10.2023 թվականի դրությամբ Համակարգում չի հրապարակվել, մինչդեռ նշված գործով վճիռը Համակարգում հրապարակվել է 25.01.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ։ 2023-01-25 19:01:54), այսինքն օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի անց, միաժամանակ նշված վճիռը հայցվորի կողմից ստանալու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, իսկ պատասխանողներին հասցեագրված ծրարները հետ են վերադարձվել Դատարան 04.02.2023 թվականին և 06.02.2023 թվականին:
Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ վերը նշված քաղաքացիական գործերով Դատարանը չի պահպանել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարզեցված վարույթի կարգով քննվող գործով վճիռ հրապարակելու և նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները:
Խորհուրդը կրկին հարկ է համարում արձանագրել, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա:
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է գործը քննած առաջին ատյանի դատարանը (…): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումի հիման վրա եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծվում է դիմումն ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում,(…), իսկ 4-րդ մասի համաձայն՝ դիմումի հիման վրա կատարողական թերթ տալու հարցը լուծելիս դատարանը տալիս է կատարողական թերթ կամ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում կատարողական թերթ տալու դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին:
Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ժամկետում դատարանը կատարողական թերթ տալիս է` այն անհապաղ էլեկտրոնային եղանակով ուղարկելով հարկադիր կատարման ծառայություն:
Դատարանի և Ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով: Միաժամանակ Կառավարության կողմից 29.03.2018 թվականին ընդունված թիվ 350-Ն որոշմամբ սահմանված հավելվածով նախատեսված է դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային եղանակով օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու կարգը:
Այսպես, ըստ նշված Որոշման հավելվածի համապատասխան կետերի՝
1. Դատարանների և հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է դատարանների և ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կատարողական թերթի, կատարողական վարույթին առնչվող որոշումների, դատական ակտերի, դիմումների և օրենքով սահմանված այլ փաստաթղթերի (այսուհետ միասին` փաստաթղթեր) գեներացման (տվյալների մուտքագրման միջոցով ավտոմատ ստեղծման), վերբեռնման (մուտքագրման) և ներբեռնման (էլեկտրոնային համակարգում դիտելու և ստանալու) միջոցով:
5. Փաստաթղթերն ուղարկվում են դրանք էլեկտրոնային համակարգում գեներացվելու կամ վերբեռնելու, իսկ ստացվում են էլեկտրոնային համակարգից դրանք ներբեռնելու միջոցով: Փաստաթղթի ուղարկման դեպքում ստացող օգտատերը էլեկտրոնային եղանակով ծանուցվում է փաստաթղթի ստացման մասին:
6. Էլեկտրոնային համակարգով ուղարկված փաստաթղթերի վրա էլեկտրոնային համակարգի կողմից փաստաթղթերի յուրաքանչյուր էջի ներքևի ձախ անկյունում կատարվում է նշում, որը պարունակում է էլեկտրոնային համակարգի անվանումը, ուղարկման ամսաթիվը և ժամը, իսկ ստացման դեպքում` աջ անկյունում արտացոլվում են ստացման ամսաթիվը և ժամը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է, ուստի դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: Միաժամանակ դատարանի կողմից դատական ակտի հիման վրա էլեկտրոնային եղանակով տրվող կատարողական թերթն ուղարկված լինելու հանգամանքի մասին է վկայում կատարողական թերթի վրա էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված էլեկտրոնային համակարգի անվանման, ուղարկման ամսաթվի և ժամի վերաբերյալ համապատասխան նշումը։
Քննարկվող պարագայում Խորհուրդը վարույթ հարուցած մարմնի կողմից ներկայացված թվով 54 կատարողական թերթերի ուսումնասիրությամբ արձանագրում է, որ կատարողական թերթերը չեն պարունակում Որոշմամբ սահմանված էլեկտրոնային համակարգի կողմից փաստաթղթերի յուրաքանչյուր էջի ներքևի ձախ անկյունում կատարված նշումներ, բացի այդ դրանք Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի 06.09.2023 թվականի թիվ 3376 գրությանը կից ուղարկված քաղաքացիական գործերի շրջանակներում տրված կատարողական թերթերը Ծառայություն ուղարկելու և դրանց հիման վրա կատարողական վարույթներ հարուցելու վերաբերյալ ցուցակի համադրման արդյունքում պարզ է դառնում, որ կատարողական թերթերի էլեկտրոնային եղանակով ուղարկման ժամկետները տարբերվել են դրանց տրամադրման ժամկետից: Այսինքն, առկա է թվով 54 քաղաքացիական գործով Դատարանի կողմից կատարողական թերթ տալու համար Օրենքով սահմանված ժամկետների խախտում:
Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի խախտում, սակայն յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակում դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում:
Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված գերծանրաբեռնվածության և աշխատանքային պայմանների ոչ բավարար լինելու վերաբերյալ փաստարկներին, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մի շարք վարույթներում դատավորների կողմից մասնավորապես գերծանրաբեռնվածության փաստարկը ներկայացվել է, սակայն Խորհուրդը չի արդարացրել այդ փաստարկով թույլ տրված խախտումները (տես՝ Խորհրդի 27.02.2023 թվականի թիվ ԲԴԽ-20-Ո-Կ-7, 12.06.2023 թվականի թիվ ԲԴԽ-48-Ո-Կ-15 որոշումներ):
Միաժամանակ Դատավորի կողմից ներկայացված անձնական խնդրի (երեխայի առողջական վիճակով պայմանավորված) պատճառով ժամանակավորապես անաշխատունակության մեջ լինելու, այնուհետև արձակուրդում գտնվելու հանգամանքները Խորհրդի գնահատմամբ կարող են դիտարկվել բացառապես տվյալ դատավորի գործունեության ընթացքին խոչընդոտող հանգամանքներ այնքանով, որ վերաբերել են երեխայի առողջության պահպանմանը և ամրապնդմանը նպաստելուն, իսկ Դատավորը, որպես ծնող, անմիջականորեն ներգրավված է եղել երեխայի առողջությանը վերաբերող հարցերին:
Ավելին, Խորհուրդը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Դատավորն իր վարույթում գտնվող գործերի ողջամիտ ժամկետում քննությունն ապահովելու նկատառմամբ ձեռնարկել է որոշակի գործողություններ, այն է՝ 23.11.2022 թվականին դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ իր անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու վերաբերյալ, սակայն Խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի 06.12.2022 թվականի գրությամբ տեղեկացվել է, որ Խորհրդի 05.12.2022 թվականի նիստում դիմումը քննարկվել է և հիմնավոր չի համարվել:
Խորհուրդը փաստում է, որ վերը նշված փաստարկները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ բացառելու համար Դատավորի կողմից դատավարական նորմի կամ վարքագծի կանոնի խախտման փաստը, սակայն դրանք կարող են որոշիչ կամ կողմնորոշիչ լինել խախտման բնույթի բացահայտման կամ Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակի ընտրության հարցում։
Խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատավորի կողմից թույլ է տրվել գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի խախտում, այնուամենայնիվ տվյալ դեպքում ըստ էության այդ կերպ դատավարության մասնակիցների համար որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել, չի բացառել դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունը, մասնավորապես հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները, գործի վարույթը կարճելու մասին որոշումները, թվով 12 վճիռները թեև հրապարակվել և ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, սակայն հայցադիմումները կրկին չեն ներկայացվել, բացի այդ ոչ գործի վարույթը կարճելու մասին որոշումները, ոչ թիվ ԵԴ/49742/02/21, ԵԴ/49751/02/21, ԵԴ/49757/02/21, ԵԴ/50237/02/21, ԵԴ/50236/02/21, ԵԴ/50227/02/21, ԵԴ/36085/02/21, ԵԴ/36081/02/21, ԵԴ/36079/02/21, ԵԴ/31395/02/22, ԵԴ/22449/02/21 քաղաքացիական գործերով վճիռները չեն բողոքարկվել, բացի վերջին երկու գործից հայցվորները դատական ակտերի հարկադիր կարգով կատարման նպատակով չեն դիմել կատարողական թերթ ստանալու համար և միայն 1՝ թիվ ԵԴ/50235/02/21 քաղաքացիական գործով է ներկայացվել վերաքննիչ բողոք, իսկ տրամադրված թվով 54 կատարողական թերթերի հիման վրա Ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ:
Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի վերը նշված խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չի հիմնավորել դատավարական նորմով սահմանված դատական ակտերի հրապարակման և ուղարկման, ինչպես նաև կատարողական թերթերը տրամադրելու ժամկետի խախտումները՝ որևէ արդարացված նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։
Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարել նկատողություն:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան | ||
Անդամներ`
Հատուկ կարծիք |
Ա. Աթաբեկյան Հ. ԳրիգորյանԵ. Թումանյանց Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
«6» նոյեմբերի 2023 թ. |
ք. Երևան |
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:
Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (Աշխատակարգի) 96-րդ մասի համաձայն՝ (…) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:
Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) անդամների (նախագահող՝ Կ.Անդրեասյան, անդամներ՝ Ե.Թումանյանց, Վ.Քոչարյան, Հ.Գրիգորյան, Ա.Աթաբեկյան, Ն.Հովսեփյան և Է.Հովհաննիսյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին 1 կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունը բավարարելու և որպես կարգապահական տույժ նրա նկատմամբ նկատողություն կիրառելու վերաբերյալ Խորհրդի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշման (եզրափակիչ, դրանով պայմանավորված՝ նաև պատճառաբանական մասերի) առնչությամբ մնում եմ հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
1.1 Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության փաստական և իրավական հիմքերը․2
Համաձայն Լիազոր մարմնի ներկայացրած միջնորդության՝ Դատավորը՝
ա․ խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ' Քաղ․ ԴՕ) 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 183-րդ հոդվածի 5-րդ մասի, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 300-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները դատավարության կողմերին է ուղարկել դրանք կայացնելու պահից ավելի քան 1 տարի 4 ամսից մինչև 1 տարի 9 ամիս անց, գործի վարույթը կարճելու մասին որոշումները դատավարության կողմին է տրամադրել հրապարակման նշանակված օրվանից ավելի քան 1 տարի 2 ամսից մինչև 1 տարի 4 ամիս անց կամ հրապարակման նշանակված օրվանից ավելի քանի 1 տարի 4 ամսից անց չի տրամադրել, վճիռները Համակարգում հրապարակել է հրապարակման նշանակված օրվանից ավելի քանի 8 ամսից մինչև 1 տարի 5 ամիս անց կամ վճռի հրապարակման նշանակված օրվանից ավելի քանի 1 տարի 9 ամիս անց Համակարգում չի հրապարակել, ինչպես նաև դատավարության կողմին վճիռները տրամադրել է հրապարակման նշանակված օրվանից ավելի քանի 7 ամսից մինչև 1 տարի 5 ամիս անց կամ հրապարակման նշանակված օրվանից ավելի քանի 1 տարի 5 ամսից մինչև 1 տարի 8 ամիս անց դատավարության կողմին չի տրամադրել,
բ․ խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ' Օրենք) 18-րդ հոդվածի 3-4-րդ մասերի պահանջները, այն է՝ կատարողական թերթերը տրամադրել է կատարողական թերթ տալու օրենքով սահմանված ժամկետից 10 օրից մինչև 6 ամիս անց։
Դատավորի դրսևորած անգործության արդյունքում առևտրային կազմակերպությունները տևական ժամանակ զրկվել են քաղաքացիական գործերով գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռների հիման վրա ակնկալվող իրենց ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունից:
«Ա» և «Բ» կետերում ներկայացված դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք վերաբերում են բացառապես դատավարական այս կամ այն գործողությունը կատարելու ժամկետները խախտելուն, ըստ միջնորդության՝ նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգրքի) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Միջնորդության մեջ, ի թիվս այլնի, նշվել է նաև հետևյալը.
«Գործերի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտնում եմ, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ: Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել օրենքով սահմանված ժամկետում դատական ակտերը հրապարակելու, գործին մասնակցող անձանց ուղարկելու, եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալու հարցը լուծելու դատավարական պարտականությունները:
Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինիս կողմից կոպիտ անփութությամբ թույլ է տրվել նաև վարքագծի կանոնների խախտում' ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց»:
Վարույթի ընթացքում ձեռք բերած փաստական և իրավական հիմնավորումների գնահատման արդյունքներով Լիազոր մարմինը եզրակացրել է, որ ուսումնասիրած գործերով դատական ակտերը հրապարակելու և դրա օրինակները գործին մասնակցող անձանց ուղարկելու, ինչպես նաև եզրափակիչ դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տալու համար սահմանված ժամկետները Դատավորի կողմից էապես խախտելու հանգամանքը հիմնավորված է, այն «դատավարության կողմերի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում է դատական իշխանությունը»:
Դատական օրենսգրքի 143-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված ապացուցման իր պարտականությունն իրացնելիս և վերոնշյալ հետևության հանգելիս Լիազոր մարմինը Միջնորդության մեջ հղում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի 22.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ (ինչպես նաև' 22.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-26 որոշմամբ) արտահայտված իրավական դիրքորոշմանը, ըստ որի՝ « (...) դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն` այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով:»:
1․ 2 Դատավորի կողմից դատավարական նորմերի խախտում թույլ տալու հարցի պարզում․
Կարծում եմ, որ կարգապահական վարույթի արդյունքներով Լիազոր մարմնին հաջողվել է բավարար ապացույցների ներկայացմամբ որպես դատարան հանդես եկող Խորհրդում ապացուցել (հիմնավորել) Դատավորի կողմից վերոնշյալ օրենքներով սահմանված դատավարական ժամկետները խախտելու փաստը, ներկայացնել դրա փաստական և իրավական բավարար հիմնավորումները:3
Այն, որ դատավարական ժամկետի խախտումներն անընդունելի և անթույլատրելի են, սույն Կարծիքով չի վիճարկվում. օրենսդիրը ժամկետ նախատեսելով և դատարանին այդ ժամկետներով սահմանափակելով՝ հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների (դատավարության կողմերի) իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Ավելին, Օրենսդրի կողմից ժամկետների սահմանումը և պահպանումն իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են: Սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-630 և թիվ ՍԴՈ-1142 որոշումներում անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ իրավացիորեն գտել է, որ այն անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հարաբերության մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները:
Որոշակի ժամկետներով վարութային գործողությունների սահմանափակումը կոչված է ապահովելու իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, հստակությունը, ինչպես նաև՝ կանխելու և բացառելու «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն:
Տվյալ եզրահանգման համար հիմք են ընդունվել նաև հետևյալ իրավական դիրքորոշումները․
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է' վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը: Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող' իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Հիմնարար այս իրավունքի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է անդրադառնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև' Եվրոպական դատարան) կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Եվրոպական դատարանն արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը' որպես իրավական երաշխիք, նպատակաուղղված է պաշտպանել դատավարության բոլոր մասնակիցներին ընթացակարգային ավելորդ ձգձգումներից (տե'ս Stogmliller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը): Նշված իրավական սկզբունքի միջոցով ընդգծվում է արդարադատությունն առանց հետաձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ այդպիսի հետաձգումները կարող են նվազեցնել արդարադատության արդյունավետությունն ու վնաս հասցնել դրա նկատմամբ հանրային վստահությանը (տե'ս H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը):
Քննության տևողության ողջամտությունը պետք է գնահատվի ըստ գործի հանգամանքների և հետևյալ չափանիշի համապատասխան՝ գործի բարդությունը, դիմումատուի վարքագիծը և համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև այն, ինչ դիմումատուի համար ենթակա է լուծման վեճով (Comingersoll S.A.-ն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ], 2000, Frydlender-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], 2000, § 43, Sürmeli-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], 2006, § 128, Lupeni Greek Catholic Parish-ը և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], 2016, § 143, Nicolae Virgiliu Tănase-ն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], 2019, § 209)։
Սահմանադրական դատարանը ևս իր՝ 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն' «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ' ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:
Կայացված որոշման մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը Խորհուրդն իր 22.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-26 որոշման մեջ դիտարկել է որպես դատարանի մատչելիության իրավունքի դրսևորում, միաժամանակ օրենքով սահմանված դատավարական ժամկետների իմպերատիվ բնույթի առնչությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով:»:
Քաղ․ ԴՕ որոշ տեսակի գործերի քննության համար նախատեսված հատուկ ժամկետների առկայության դեպքում դատարանները պարտավոր են գործի քննության իրականացումն ապահովել այդ ժամկետում, հակառակ դեպքում, դրա անցմամբ կատարված քննությունը կարող է որակվել որպես արդար դատաքննության կարևոր բաղադրատարր հանդիսացող՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման խախտում այն դեպքում, երբ այդ գործերի համար օրենսդրի կողմից նախատեսվել է ողջամտության չափանիշի առավելագույնս ընդգծված սահմանը: Բացի այդ, գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրականացումը համարվում է ապահովված այն ժամանակ, երբ քննության արդյունքում կայացվող դատական ակտն օրենքով նախատեսված կարգով և եղանակներով համապատասխան ժամկետում հասանելի է դառնում դատավարության մասնակիցներին: Ավելին, գործի քննությունը ողջամիտ ժամկետում դառնում է, եթե դատարանի կողմից օրենքով սահմանված ժամկետում չի ապահովում վեճն ըստ էության լուծող դատական ակտի հարկադիր կատարման ուղարկման պարտականությունը:
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ' Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է: Բանգալորյան սկզբունքների 6.5-րդ կետի համաձայն' դատավորը պարտավոր է արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարել իր բոլոր պարտականությունները, այդ թվում' որոշում կայացնել հետաձգված գործերի վերաբերյալ:
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքն ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում: Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ' հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումներն առանց ոչ խելամիտ հետաձգումների:
Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի' իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, ողջամտորեն կարող է տպավորություն ստեղծվել, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա կարող է անվստահություն առաջացնել արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:
Քննարկվող հարցի վերաբերյալ ուշագրավ են ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԹԻՎ 13 (2010) ԿԱՐԾԻՔ-ում ԵԴԽԽ-ի ձևակերպած առաջարկությունները և եզրակացությունները:
Մասնավորապես, ըստ ԵԴԽԽ-ի՝ «6. Կատարում ասելով՝ պետք է հասկանալ դատական վերջնական ակտերը և դատարանների՝ վարույթների ընթացքում ընդունված այլ որոշումները գործողության մեջ դնելը: Դա կարող է լինել որևէ գործողություն կատարելու կամ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու, կամ որոշմամբ սահմանված գումարը վճարելու կարգադրություն: (․․․):
7. Պարտադիր ուժ ունեցող դատական որոշումների արդյունավետ կատարումն իրավունքի գերակայության հիմնարար տարր է: Էական է՝ ապահովել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Դատարանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը (ՄԻԵԿ-ի 6-րդ հոդված) անօգուտ են, եթե դատական ակտը չի կատարվում:
8. Կատարումը պետք է իրականացվի հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան (ՄԻԵԿ-ի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածներ, անձնական տվյալների պաշտպանություն և այլն):
9. Կատարման ենթակա դատական ակտը պետք է հստակ և պարզ նկարագրի այն անձանց պարտավորությունները և իրավունքները, ում վերաբերում է՝ բացառելու համար դատական ակտի արդյունավետ կատարման ընթացքում հնարավոր խոչընդոտները:
(…):
«III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԴԵՐԸ
24. Դատական ակտի կատարումը չպետք է պահանջի գործի միանգամայն նոր քննության նախաձեռնում, և կատարման ընթացակարգերով թույլ չպետք է տրվի դատական որոշման էության վերաքննություն: Բայց դատավորը պետք է իրավասություն ունենա կասեցնելու կամ հետաձգելու կատարումը, եթե անհրաժեշտ է հաշվի առնել դատական վարույթի կողմերին առնչվող հատուկ հանգամանքներ, օրինակ՝ ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածի ուժով:
25. Որպեսզի իրավունքի գերակայությունը պահպանվի և դատավարության կողմերը վստահեն դատական համակարգին, կատարողական վարույթը պետք է լինի համաչափ, արդար և արդյունավետ: Օրինակ՝ պատասխանողի գույքը վերահսկելը կամ արգելանքի տակ դնելը պետք է հնարավորինս արդյունավետ իրականացնել՝ հաշվի առնելով մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշպանության և դատական վերահսկողության անհրաժեշտության մասով կիրառելի դրույթները:
26. Երբ կողմերն ազատ են՝ հրաժարվելու իրենց իրավունքներից, և երբ կողմերը ձեռք են բերում օրինական համաձայնություն կատարման վերաբերյալ, ապա իրավական դրույթներով չպետք է արգելվի նման համաձայնության իրագործումը:
(…):
VII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Պարտադիր ուժ ունեցող դատական ակտերի արդյունավետ կատարումը իրավունքի գերակայության հիմնարար տարր է: Առանցքային է՝ ապահովել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Դատական անկախությունը և արդար դատաքննության իրավունքը (ՄԻԵԿ-ի 6-րդ հոդված) անօգուտ են, եթե որոշումը չի կատարվում:
(…):
Է. Կատարումը պետք է լինի արդար, արագ, արդյունավետ և համաչափ:
Թ. Կատարողական վարույթները պետք է իրականացվեն ՄԻԵԿ-ով և միջազգային այլ փաստաթղթերով ճանաչված հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան:
(…)»:
1․3 Նախորդ կետում նշված արձանագրումը կատարելու հետ մեկտեղ՝ նախևառաջ ստուգման և գնահատման ենթակա է այն հարցը, թե սույն վարույթի շրջանակներում Դատավորին վերագրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների համար վերջինս կարո՞ղ է ենթարկվել կարգապահական պատասխանատվության․
Այսպես,Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
(․․․)։
9․ Արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:
Դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:
Դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝
«1. Արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում՝ պարտավոր չէ որևէ բացատրություն տալ:
2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
4. Արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(…)»:
Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է դատական ակտերը կայացնելիս լինել ինքնուրույն:
Մշտապես խոսվել է այն մասին, որ անհրաժեշտ է վերացնել նյութական կամ դատավարական իրավունքի խախտման համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը․ եթե դատավորի նկատմամբ վերջինիս կայացրած որոշումների համար կիրառվում են իրավական և կարգապահական պատժամիջոցներ, խախտվում են թե՛ դատական իշխանության անկախությունը, թե՛ լիազորությունների ժողովրդավարական հավասարակշռությունը:
Դատավորների անկախությունը նրանց սեփական շահերի համար տրված բացարձակ իրավասություն կամ արտոնություն չէ, այն բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, ովքեր փորձում են օգտվել արդարադատությունից և արդարադատություն են ակնկալում: Դատավորները պետք է ունենան դատական գործերով անաչառ որոշումներ ընդունելու անսահմանափակ ազատություն՝ ելնելով իրենց խղճի թելադրանքից և փաստերի իրենց մեկնաբանությունից, պահպանելով գործող օրենքով սահմանված կանոնները: Դատարանի սխալներից պաշտպանված լինելու իրավունքը պետք է ամրագրվի բողոքարկման համակարգով:
Մնացականյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 2463/12, 6 դեկտեմբերի 2022 թ.) վճռում ՄԻԵԴ-ը ներկայացրել է նաև սույն վարույթով կիրառելի իրավական հետևյալ դիրքորոշումները․
«37. 2010 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված՝ «Դատավորների անկախության, արդյունավետության և պարտականությունների մասին» անդամ պետություններին ուղղված՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի հավելվածի համապատասխան քաղվածքն ունի հետևյալ բովանդակությունը.
«Պատասխանատվությունն ու կարգապահական վարույթը.
66. Գործերով որոշումներ կայացնելու համար դատավորների կողմից օրենքի մեկնաբանումը, փաստերի կամ ապացույցների գնահատումը չպետք է առաջացնեն քաղաքացիական կամ կարգապահական պատասխանատվություն՝ բացառությամբ հանցավոր մտադրության և կոպիտ անփութության դեպքերի:
...»։
38. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված՝ 2002 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված՝ «Դատավորների մասնագիտական վարքագծի կանոնների, մասնավորապես՝ էթիկայի կանոնների, անհամատեղելի վարքագծի և անկողմնակալության մասին սկզբունքների և կանոնների մասին» Եվրոպայի դատավորների խորհրդակցական խորհրդի (ԵԴԽԽ) թիվ 3 (2002) կարծիքի համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.
«գ. Կարգապահական պատասխանատվությունը
(...)
59. Ծագող հարցերն են՝
i) Դատավորի կողմից դրսևորված ինչպիսի՞ վարքագծի դեպքում նա կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության։
(...)
60. Ինչ վերաբերում է (i) հարցին, ապա առաջին կետը, որը ԵԴԽԽ-ն մատնանշում է (ըստ էության կրկնելով այս կարծիքում ավելի վաղ նշված կետը), այն է, որ համապատասխան մասնագիտական չափանիշների խախտումները կարգապահական տույժերի հավանական պատճառ հանդիսացող անընդունելի վարքագծի հետ կապելը ճիշտ չէ:
Մասնագիտական չափանիշները, որոնք սույն կարծիքի առաջին մասում քննարկման առարկա են եղել, ներկայացնում էին այն լավագույն գործելակերպը, որը բոլոր դատավորները պետք է ձգտեին զարգացնել, եւ որին պետք է ձգտեին բոլոր դատավորները: Դա կխոչընդոտեր այդպիսի չափանիշների հետագա զարգացումը եւ թույլ չէր տա ճիշտ ընկալել դրանք կարգապահական վարույթը հիմնավորող անընդունելի վարքագծի հետ նույնականացնելու նպատակը։ Կարգապահական վարույթը հիմնավորելու համար անընդունելի վարքագիծը պետք է լինի լուրջ եւ ծանր, այնպես, որ այն հնարավոր չլինի պայմանավորել պարզապես այն հանգամանքով, որ չեն պահպանվել ուղեցույցներում ամրագրված մասնագիտական այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են սույն կարծիքի առաջին մասում քննարկվածները»։
ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ՝ «Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիևյան հանձնարարականների» 25-րդ կետի համաձայն՝ «Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներով պետք է լուծվեն ենթադրյալ մասնագիտական խախտումների այն դեպքերը, որոնք կոպիտ են, աններելի և խարխլում են դատական իշխանության հեղինակությունը։ Դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց որոշումների կամ վճիռների բովանդակության, այդ թվում՝ տարբեր դատարանների կողմից իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության, դատական սխալների օրինակների կամ դատարանների քննադատության համար»:
Քսերաժն ընդդեմ Ալբանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. (…) Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր նվաճումն է, որի հիմնարար կողմերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, ի թիվս այլնի, որ եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս «Xհeraj v. Albania» գործով 2008թ. հուլիսի 29-ի վճռի 51-52-րդ կետեր, «Brumărescu v. Romania» [ՄՊ], թիվ 28342/95, § 61, ՄԻԵԴ 1999 VII):
(...) Իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով (տե՛ս «Ryabykh v. Russia», թիվ 52854/99, § 52, ՄԻԵԿ 2003 IX) կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տե՛ս «Bratyakin v. Russia» (որոշում), թիվ 72776/01, 9 մարտի 2006): (տե՛ս «Xհeraj v. Albania» գործով 2008թ. հուլիսի 29-ի վճռի 51-52-րդ կետեր):
ԵԴԽԽ «Դատավորների մասնագիտական վարվելակերպը, մասնավորապես՝ էթիկան, դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի վարքագիծը և անաչառությունը կանոնակարգող սկզբունքների և կանոնների մասին» թիվ 3 (2002) կարծիքի համաձայն՝ դատավորների անկախությունն առանցքային սկզբունք է և յուրաքանչյուր պետության քաղաքացու, այդ թվում՝ դատավորների իրավունքն է: Դատավորների անկախությունն ունի թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ անհատական ասպեկտ: Դատական անկախությունն անբաժանելիորեն կապված է դատավորի անաչառության հետ և դրա նախապայմանն է հանդիսանում, ինչն առանցքային է դատական համակարգի արժանահավատության և վստահելիության համար, որը պետք է ոգեշնչման աղբյուր հանդիսանա ժողովրդավարական հասարակության համար:
ՄԱԿ-ի կողմից 1985 թվականին կազմված «Դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքներ» փաստաթղթի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ «դատական իշխանությունը պետք է դատարան ներկայացված գործերով որոշումներ ընդունի՝ պահպանելով անաչառությունը, հենվելով փաստերի վրա և օրենքի համաձայն, առանց որևէ անձի կողմից կամ որևէ պատճառով ուղղակի կամ անուղղակի սահմանափակումների, անհարկի ազդեցության, դրդումների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտությունների»:
Տվյալ փաստաթղթի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները «պետք է մշտապես իրենց դրսևորեն այնպես, որ պահպանեն իրենց պաշտոնի արժանապատվությունը, ինչպես նաև դատական իշխանության անաչառությունը և անկախությունը»:
Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում, Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում մոնիտորինգի 5-րդ փուլին վերաբերող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գնահատող թիմի 08.08.2023թ. զեկույցի նախագծի համաձայն՝ ՀՀ-ում արձանագրվել է անհամապատասխանություն պահանջվող չափանիշին: Նախ՝ արձանագրվել է, որ Դատական օրենսգիրքը դատավորի կարգապահական պատասխանատվության համար նախատեսում է երկու լայն հիմք.
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ․
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով (նվերներ ընդունելու սահմանափակումներ) սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Ինչպես և մոնիտորինգի նախորդ փուլերին վերաբերող զեկույցներում՝ արձանագրվել է նաև, որ «Դատավորների վարքագծի կանոնների խախտումը ներառում է այնպիսի լայնորեն ձևակերպված գործողություններ, ինչպիսիք են «դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել», 4 «օգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը` ի շահ իրեն»: Նման հիմքերը չեն համապատասխանում պահանջվող չափանիշին։ Այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմքերը սահմանվում են չափազանց անորոշ կամ չափազանց լայն ձևով, ավելի մեծ ռիսկ կա, որ դրանք կարող են օգտագործվել սուբյեկտիվ և հայեցողական ձևերով: Խնդիրն ավելի է սրվում այդ հիմքերի ակտիվ կիրառմամբ։ Օրինակ՝ 2022 թվականին ԲԴԽ-ն կարգապահական տույժեր կիրառեց վեց դատավորների նկատմամբ «դատական իշխանությունը վարկաբեկող վարքագծի, ինչպես նաև դատական համակարգի անկախության և անաչառության նկատմամբ հասարակության վստահությունը նվազեցնելու համար»։
Բացի այդ, գնահատող խումբն արձանագրել է, որ խնդրահարույց է նաև նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը խախտելու հիմքը, քանի որ ԲԴԽ-ն չպետք է վերանայի դատական որոշումները, որոնք կարող են բեկանվել միայն վերաքննիչ վարույթի միջոցով։
1․4 Եզրահանգումներ․
Նախորդ կետում ներկայացված իրավական կարգավորումներ և դիրքորոշումների լույսի ներքո կարելի է արձանագրել, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման համար դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելն ուղղակի անընդունելի է եվրոպական չափանիշների տեսանկյունով, քանի որ բովանդակում է դատական իշխանության անկախությանն ու անաչառությանը միջամտելու ռիսկեր:
Այնուամենայնիվ, ներպետական մակարդակում դեռևս գործող վերը նշված օրենսդրական կարգավորումը հնարավորություն է տալիս քննարկել և լուծել դատավարական իրավունքի նորմերի խախտման համար դատավորներին, այդ թվում՝ սույն վարույթով վերագրված խախտման համար դատավոր Ա.Սաֆարյանին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Ընդ որում, դատավորի անկախությանը միջամտելու ռիսկը ներպետական գործող օրենսդրությամբ առերևույթ նվազեցված է, այնքանով, որքանով Դատական օրենսգրքում ամրագրված է սահմանափակում, համաձայն որի՝ օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումը չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության: Սակայն քննարկվող իրավական նորմում օրենսդրի կողմից «ինքնին» եզրույթի նախատեսումը քննարկվող իրավական նորմի առումով միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու և պահպանելու տեսանկյունով խիստ ռիսկային է, քանզի իրավակիրառ մարմիններին հնարավորություն է տալիս օրենսդրությամբ, այդ թվում՝ Դատական օրենսգրքով չբացահայտված որևէ հանգամանքի հետ համակցվելու դեպքում դատավորի ինքնուրույնությունը և միայն իր ներքին համոզմամբ որոշումներ կայացնելն երաշխավորող հիմնարար սկզբունքը հաջողությամբ շրջանցել (հաղթահարել)։
Սույն դեպքում Դատավորին վերագրված դատավարական իրավունքի խախտումները չեն վերաբերում օրենքի մեկնաբանություններին, փաստերի և ապացույցների գնահատմանը, այլ կերպ՝ չեն բովանդակում դատավոր Ա.Սաֆարյանի (արտաքին) անկախությունը վտանգող ռիսկեր, ուստի դեռևս գործող իրավական կարգավորման պայմաններում, բնականաբար բավարար փաստարկման պարագայում, վերագրված դատավարական ժամկետների խախտման համար Դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, առնվազն առկա է դրա իրավական հնարավորությունը։
1․5 Պարզաբանման ենթակա մյուս հարցն հետևյալն է․ արդյո՞ք իրավաչափ չէ Դատավորի ներկայացրած պնդումներն այն մասին, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է բացառապես դատավորի վարքագծի կանոնների խախտումներ թույլ տալու հիմքով և վերագրված նույն արարքների համար դատավարական իրավունքի նորմերի խախտումներ նրան չպետք է մեղսագրվեին.
Տվյալ հարցի վերաբերյալ Միջնորդություն հարուցած մարմնի դիրքորոշումը հիմնված է կարգապահական այլ վարույթներով իր կիրառած, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի ձևավորած պրակտիկայի վրա, համաձայն որի՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու այդ հիմքը ևս առկա է՝ այնքանով, որքանով արդարադատություն իրականացնելիս դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տալն իր հերթին հանգեցնում է դատավորի վարքագծի համապատասխան կանոն/ներ/ի խախտման:
Գտնում եմ, որ Լիազոր մարմինը թեև Միջնորդության մեջ նշել է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նաև այդ հիմքի մասին, սակայն տվյալ հարցի շուրջ դատավոր Ա․Սաֆարյանի մոտեցումն, ըստ իս, իրավաչափ է՝ հետևյալ հիմնավորումներով․
Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
(․․․)»։
Ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի կանոնների թվարկմանը վերաբերող Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։
ՀՀ սահմանադրական դատարանը 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ արձանագրել է հետևյալը․ «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների՝ հստակ են, կանխատեսելի և մատչելի»։
ՀՀ սահմանադրական դատարանը 2008 թվականի մայիսի 13-ի ՍԴՈ-753 որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն, որը պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»:
Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Դատական օրենսգրքի վերոնշյալ նորմերի համադրված վերլուծության արդյունքներով կարելի է արձանագրել, որ դատավարական ժամկետի չպահպանմանը վերաբերող խախտումները կարող են դիտարկվել և´ որպես դատավարական իրավունքի նորմի խախտում, և´ որպես դատավորի վարքագծի կանոնների խախտում, նույնիսկ եթե դրանց զանցակազմը տառացիորեն նույն է։ Նման պայմաններում առաջ է գալիս տրամաբանական հարց, թե օրենսդիրը դատավարական ժամկետի խախտման դեպքերն արդյո՞ք նախատեսել է Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու առանձին ինքնավար հիմքերի տեսքով, ի՞նչ հիմնավորմամբ, եթե՝ ոչ, արդյո՞ք նման դեպքերի քննության ժամանակ կիրառվող պրակտիկան արատավոր չէ, արդյո՞ք բխում է օրենսդրի կամքից, համահունչ է իրավական որոշակիության սկզբունքին և առհասարակ արդարացի է (դատավորին հնարավորություն է տալիս արդյունավետորեն պաշտպանվել)։
Այն համոզմանն եմ, որ երբ խոսքը գնում է դատավարական ժամկետների չպահպանման մասին, դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու, միմյանցից ինքնավար հիմքերը կարող են միաժամանակ առկա լինել միայն այն դեպքերում, երբ դատավորին վերագրվում են զանցակազմով տարբեր արարքներ և ոչ թե դատավարական իրավունքի խախտման հատկանիշներ բովանդակող միևնույն արարքը, այլ կերպ՝ երբ առկա է խախտման զանցակազմերի իրական (ռեալ) համակցություն։
Տվյալ եզրահանգումը հիմնված է հետևյալ վերլուծության և դատողությունների վրա․
ա․ դատավարական ժամկետների խախտման, մասնավորապես՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ իր իրավասության վերապահված հարցերը (այդ թվում՝ դատական գործերը) քննելու և լուծելու պարտականության պատշաճ կատարումը օրենսդիրը դիտարկել է որպես ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի կանոն, որն հատուկ ամրագրել է Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված վարքագծի կանոնների ցանկում։ Դրանով իսկ այն առանձնացվել և տարանջատվել է Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավարական իրավունքների նորմերի խախտման այլ զանցակազմերից (ընդհանուր դեպքերից), ուստի դատավարական ժամկետի խախտման դեպքերը պետք է որակվեն միայն Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով․ 5
բ․ դատական ակտերի կատարման (ենթա)փուլը, ՄԻԵԴ-ի ձևավորած պրակտիկայի և իրավական դիրքորոշումների համաձայն, կազմում է ողջամիտ ժամկետում գործերի արդար դատաքննության փուլի բաղկացուցիչ մաս, ուստի՝ դատական ակտը կատարման հանձնելու ժամկետի պահպանումը իրավաչափորեն դիտարկվում է դատաքննության ողջամիտ ժամկետը պահպանելու համատեքստում, իսկ դատական ակտը կատարման հանձնելու ժամկետի խախտման դեպքերը ևս պետք է որակվեն Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
Սույն դեպքում Դատավորին վարքագծի կանոնների խախտումներ են վերագրվել բացառապես դատավարական ժամկետները չպահպանելու համար, այլ կերպ՝ վարքագծի կանոնների խախտումները օբյեկտիվ կողմից դրսևորվել են դատավարական ժամկետները խախտելու եղանակով, ընդ որում, ըստ Լիազոր մարմնի՝ ժամկետների խախտումները նաև վարկաբեկել են դատական իշխանությունը, նվազեցրել դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը։ Այլ կերպ՝ դատավարական ժամկետների խախտումները, ըստ Լիազոր մարմնի միջնորդության, վերաճել են դատավորի վարքագծի կանոնների խախտման։ Ընդ որում՝ անհրաժեշտ է արձանագրել, որ լրջության աստիճանի կամ առաջացրած հետևանքների տեսանկյունով դատավարական ժամկետի ամեն մի խախտում չէ,6 որ կարող է հանգեցնել դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես՝ կարող է վարկաբեկել դատական իշխանությունը, նվազեցրել դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը։
Վերոնշյալ վերլուծության և դատողությունների արդյունքներով, հաշվի առնելով նաև այն, որ Դատավորին օբյեկտիվ կողմից վերագրվել են միայն դատավարական ժամկետների խախտման (չպահպանման) արարքներ՝ գտնում եմ, որ սույն դեպքում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է քննարկվել և լուծվել բացառապես դատավորի վարքագծի կանոնները խախտելու հիմքի սահմաններում։ 7
1․6 Սույն վարույթի շրջանակներում պարզաբանման ենթակա հաջորդ հարցն հետևյալն է․ կարգապահական վարույթի ընթացքում ո՞վ է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի և մեղքի ապացուցման, դատավորին արդարացնող փաստարկների հերքման պարտականությունը․
Դատական օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝
« 1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
2. Կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին»:
Վերոնշյալ իրավական կարգավորումից հետևում է, որ կարգապահական վարույթի ընթացքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքի և մեղքի, դրանք հաստատող բոլոր հանգամանքների ապացուցման, Դատավորին արդարացնող փաստարկների հերքման պարտականությունը կրում է նրան պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած Լիազոր մարմինը։ Ընդ որում, իր այդ պարտականությունը 8 վարույթ հարուցած այդ մարմինը ողջամտորեն պետք է իրականացներ նախքան կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելը, կարգապահական վարույթ իրականացնելու փուլում:
Որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհուրդը կրում է միայն ապացույցների պատշաճ հետազոտում իրականացնելու համար դատարանում մրցակցային պայմաններ ապահովելու և դրանք գնահատելու պարտականություն, ընդ որում՝ կողմերի հավասարության սկզբունքի, դատավորի արդար դատաքննության իրավունքի երաշխավորմամբ, նույնիսկ եթե այդ սկզբունքները մինչդատական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չեն ապահովվել։
1․7 Դատավորին արդարացնող փաստարկները.
Վերագրված խախտումների և դրանց պատճառի՝ դատական գործերով գերծանրաբեռնվածության վերաբերյալ դատավոր Ա․ Սաֆարյանը կարգապահական վարույթ իրականացնող մարմիններին ներկայացրել է արդարացնող փաստարկներ, որոնք, ըստ իս, ստուգման և պատշաճ գնահատման չեն արժանացել:
Մինչդեռ, իր 2022 թվականի դեկտեմբերի 26-ի ԲԴԽ-116-Ո-Կ-27 որոշման մեջ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ «յուրաքանչյուր կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքով պայմանավորված դատավարական ժամկետների խախտումները ենթակա են գնահատման տվյալ վարույթի շրջանակներում դատավորի կողմից ներկայացված բացառիկ հանգամանքների կամ հիմնավորումների սահմաններում»:
Սույն վարույթի շրջանակներում Դատավորի ներկայացրած հանգամանքներն ու հիմնավորումները հետևյալներն են։
2021 թվականի հունիսի 18-ին իր կողմից դատավորի պաշտոնը ստանձնելուց հետո խաթարվել է դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգը և գործերի մակագրությունն իրականացվել է դատարանի նախագահի կողմից, այդ ժամանակահատվածում դատարաններին տրամադրվող գույքի, այդ թվում՝ տեխնիկական միջոցների, աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների սղության պայմաններում։
Մինչև տարեվերջ իրեն է մակագրվել 1496 դատական գործ (պարզեցված և ընդհանուր վարույթի կարգով քննության ենթակա գործեր), ինչպես նաև 864 վճարման կարգադրություն արձակելու դիմումների վերաբերյալ գործեր, 590 արբիտրաժի վճռի հիման վրա կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների վերաբերյալ գործեր, դատական հանձնարարությունների վերաբերյալ 2 գործ, ընդհանուր՝ 2952 դատական գործ։
Վերոնշյալ 1496 դատական գործերից 2022 թվական է փոխանցվել 1056 գործ, որին գումարվել է արդեն այդ տարվա ընթացքում մակագրված 1769 դատական գործերը, 383 վճարման կարգադրություն և 1011 արբիտրաժի վճռի հիման վրա կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներ, դատական հանձնարարությունների վերաբերյալ 2 գործ, որի հետևանքով իր ընդհանուր ծանրաբեռնվածությունը կազմել է 4321 դատական գործ ( իսկ պաշտոնավարման սկզբից մինչև 2022 թվականի վերջը մակագրված գործերի քանակը կազմել է 6217 դատական գործեր):
2022 թվականից 2023 թվական է փոխանցվել 2462 դատական գործ, որին գումարվել է 2023 թվականի ընթացքում ստացված 1980 դատական գործը։
Հաշվի առնելով, որ սույն վարույթի շրջանակում քննարկվող գրեթե բոլոր գործերը (բացառությամբ երկու գործերի) իրեն են բաշխվել 2021 թվականի ընթացքում՝ հարկ է համարում նաև տեղեկացնել, որ պաշտոնը ստանձնելու օրվանից սկսած, շուրջ երեք ամիս աշխատել է առանց աշխատակազմի։ Գործավարի պաշտոնը համալրվել է միայն 03.09.2021 թվականին, ով համատեղությամբ իրականացրել է նաև դատական նիստերի քարտուղարի պարտականությունները, դատավորի օգնականի պաշտոնը համալրվել է 12․10․2021 թվականին, իսկ դատականի նիստերի քարտուղարի պաշտոնը՝ 24․02․2022 թվականին (բոլոր հրամանների պատճենները վարույթ հարուցող մարմնին տրամադրվել է)։
Այդ ժամանակահատվածում իր աշխատանքը կազմակերպել է նվազագույն տեխնիկական միջոցների պայմաններում, բավարար է նշել, որ դատավորի աշխատակազմին համակարգչային տեխնիկա տրամադրվել է միայն 2021 թվականի հոկտեմբեր ամսին / վարույթ հարուցող մարմնին տրամադրել է տեխնիկական ապահովումը նշված ժամկետից հետո որոշակի չափով տրամադրելու վերաբերյալ բեռնագրերի պատճենները/։
Այսպիսով, հենց պաշտոնավարման սկզբից առաջացել է կատարման ենթակա հսկայածավալ աշխատանք, որը միայն իր կողմից գործադրվող ջանքերով համապատասխան ռեսուրսների բացակայության պայմաններում ողջամիտ ժամկետում հնարավոր չէր հաղթահարել։
Այն հանգամանքը, որ Հայցվորների՝ դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում ստանալու իրավունքը և կատարողական թերթերը կատարման ուղարկելու օրենքով սահմանված ժամկետները չեն ապահովվել, չի վիճարկում, այդ հանգամանքներն անընդունելի են առաջին հերթին իր համար (․․․)։
Սակայն, անհրաժեշտ է պարզել՝ տարիներ շարունակ և ներկայումս նույնպես հանրահայտ փաստ հանդիսացող դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում, երբ դատական ակտերի տրամադրման ուշացումներն ունեն համատարած բնույթ, և դատական ակտերն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու և դատավարության մասնակիցներին չուղարկելու արարքը կարող է վերագրվել հատկապես Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի յուրաքանչյուր դատավորի, դատավորը և հետևաբար՝ Դատարանը, ունեցել է արդյոք օբյեկտիվ, ողջամիտ հնարավորություն ապահովելու նշված իրավունքը, արդյոք դատավորն է միայն կրում այդ իրավունքի ապահովման պատասխանատվությունը և միայն վերջինիս գործադրած ջանքերի շնորհիվ և դեռևս գործող կառուցակարգերի առկայության պայմաններում հնարավոր է կանխել և բացառել այդ իրավունքի խախտումը։ Արդյոք դատավորը գործադրել է իրենից կախված հնարավոր բոլոր ջանքերն ապահովելու այդ իրավունքը, եղել կամ առկա են այնպիսի գործոններ, որոնք խոչընդոտել կամ խոչընդոտում են այդ իրավունքի ապահովմանը և ով է կրում այդ խոչընդոտները վերացնելու պարտականությունը, որպիսի պարագայում միայն կարելի է փաստել դատավորի կողմից պատշաճ ջանասիրության և հետևողականություն չցուցաբերելու, արարքը մեղավորությամբ կատարված լինելու մասին։
Հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը Դատական օրենսգրքի «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը» վերտառությամբ 142-րդ հոդվածի տրամաբանության մեջ ներդրել է այն գաղափարը, որ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանում է ոչ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի, ինչպես նաև դատավորի կողմից Դատական օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների ցանկացած խախտում, այլ այնպիսի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, վերջին դեպքը՝ երբ դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Այս պարագայում անհասկանալի է, ինչպես է վարույթ հարուցող մարմինն, առանց գնահատելու դատավորի ծանրաբեռնվածությունը և իր կողմից բացատրությամբ ներկայացված՝ այլ դեպքերից տարբերվող հանգամանքները, եզրահանգել, որ դատավորը կարող էր, սակայն չի կատարել։
Իր գնահատմամբ «կարող էր» բաղադրիչը պետք է գնահատվեր երկու չափանիշով՝ մասնագիտական և ֆիզիկական (որոշակի ժամանակահատվածի ընթացքում ֆիզիկապես հնարավոր էր) առումներով։
Մասնագիտական առումով ինքը կարող էր, ինչն արել է, բայց ֆիզիկական առումով՝ ոչ, քանի որ առանց համապատասխան ռեսուրսների ու ստեղծված իրավիճակում հնարավոր չէ սահմանված ժամկետներում հաղթահարել քննարկվող վիճակը։
Միաժամանակ, ըստ նշված հոդվածի 10-րդ մասի՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:
Գտնում է, որ վերոնշյալ, ինչպես նաև հաջորդող որոշակի հանգամանքների ներկայացումն ու դրանց գնահատումը էական նշանակություն ունեն Դատավորի կողմից պատշաճ ջանասիրություն, հետևողականություն ցուցաբերելու, գործերը ողջամիտ ժամկետում քննելու և այդ նպատակով դատավարական գործողություններ կատարելու կարողության (հնարավորություն ունենալու) առնչությամբ և, թերևս միայն նշվածի հաշվառմամբ հնարավոր կլինի գնահատել արդյոք դատավորը, ով պարտավոր էր ապահովել դատավարական իրավունքի նորմերի իրացումը, ստեղծված իրավիճակում կարող էր օբյեկտիվորեն բոլոր գործերով այն ապահովել, թե` ոչ, և որից հետո միայն եզրահանգել արարքը մեղավորությամբ կատարված լինելու վերաբերյալ։
Հարկ է նշել, որ Որոշման 2․1-2․16-րդ կետերում նշված քաղաքացիական գործերը (բացառությամբ թիվ ԵԴ/7822/02/22 և ԵԴ/31395/02/22 քաղաքացիական գործերի) իրեն են տրամադրվել այն ժամանակահատվածում, երբ աշխատակազմում ունեցել է մեկ կամ երկու աշխատակից և 31․09․2021 թվականի դրությամբ արդեն իսկ իրեն մակագրված գործերի քանակը շուրջ երեք ամսվա ընթացքում կազմում էր շուրջ 1586 գործ։ Դատական գործերի շարունակական հոսքի առկայությունը, դրան հաջորդող իրադարձություններն ուղղակիորեն հնարավորություն չեն տվել լիարժեքորեն շտկելու ստեղծված իրավիճակը և բացառելու խախտումները, միաժամանակ ապահովել ինչպես նախկինում բաշխված, այնպես էլ նոր բաշխվող բոլոր գործերով դատավարական ժամկետների պահպանումը, թեև իր և իր աշխատակազմի տվյալ պահին եղած աշխատակիցների կողմից գործադրվել են առավելագույն ջանքեր։
Հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21 դատավորների կողմից կազմված գրությամբ դեռևս 21.06.2022 թվականին դիմել են Բարձրագույն դատական խորհրդին և ներկայացրել ստեղծված անհաղթահարելի իրավիճակը, դրանից բխող հետևանքները և առաջարկել լուծման հնարավոր տարբերակներ։
Բացի այդ, նախապես դատարանի նախագահի հետ համաձայնեցնելով, դեռևս 23․11․2022 թվականի թիվ 9․1/Ե-287466/22 գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին առաջարկել է իր անուն-ազգանունը ժամանակավորապես՝ երեք ամսով, հանել գործերի բաշխման ցանկից՝ հնարավորություն ընձեռելով իրականացնելու իր վարույթում գտնվող գործերի ողջամիտ ժամկետում քննությունը։
Նշվածից հետևում է, որ քաջ գիտակցել է ստեղծված իրավիճակում գերծանրաբեռնվածության առկայության և ինձ բաշխվող գործերի անդադար հոսքի պայմաններում դատավարական ժամկետների պահպանման անհնարինությունը և գործուն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, փորձելով կանխել դատավարական ժամկետների հնարավոր խախտումները, սակայն Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի ղեկավարի 06․12․2022 թվականի թիվ ԴԴ-1 Ե-10111 գրությամբ տեղեկացվել է, որ իր վերոնշյալ խնդրանքը մերժվել է։
Այնուհետև, 29․11․2022 թվականին իմ մանկահասակ դուստրը՝ Անահիտ Հովհաննեսի Պողոսյանը, ստացել է աջ ոտքի կոտրվածք, որպիսի պայմաններում 30․11․2022 - 23․12․2022 թվականը գտնվել է անաշխատունակության մեջ և, թեև, երեխան դեռ չէր ապաքինվել, ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն չուներ /գիպսային անշարժացումը հեռացվել է միայն 30․12․2022 թվականին, որից հետո շուրջ մեկ ամիս ևս չի քայլել/, սակայն, հաշվի առնելով տարեվերջյան անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտությունը, 26․12․2022 թվականին ներկայացել է աշխատանքի, իսկ 03․01․2023-19․01․2023 թվականը գտնվել արձակուրդում՝ դարձյալ երեխայի խնամքով պայմանավորված։
Աշխատանքի է ներկայացել 20․01․2023 թվականին, որից հետո ձեռնամուխ է եղել անաշխատունակության և արձակուրդի ժամանակահատվածի հետ համընկած ժամանակահատվածում նշանակված և չկայացած դատական նիստերով՝ շուրջ 86 քաղաքացիական գործերով դատական նիստերի նշանակմանը, հարյուրավոր դատական ակտերի հրապարակմանը, աշխատանքի ներկայանալուց հետո մինչև մարտ ամսվա ավարտը իրեն է բաշխվել շուրջ 401 արբիտրաժային գործեր։ Դրանց քննության համար օրենսդրությամբ սահմանված էր սեղմ՝ մեկամսյա ժամկետ, ինչը ենթադրում էր համապատասխան որոշումների կայացում, դրանցից վարույթ ընդունված հարյուրավոր գործերով նաև այդ ժամկետում կատարողական թերթերի տրամադրում։ Ստացվել է նաև այլ դատական գործերով հարյուրավոր կատարողական թերթեր տալու դիմումներ, այդ թվում՝ սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննարկվող կատարողական թերթերով դիմումների մեծ մասը, քաղաքացիական գործեր՝ այդ թվում այլ դատավորներից վերաբաշխված, առկա են եղել բազմաթիվ դատավարական սեղմ ժամկետներ ունեցող և հրատապ լուծում պահանջող հարցերով դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտություն։
Այդ ժամանակահատվածում է իրականացվել նաև նույն դատարանի 4 դատավորի վարույթներում գտնվող հազարավոր գործերի վերաբաշխումը, ինչն էլ հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացրել իր և իր աշխատակազմի համար։
Միաժամանակ, իր աշխատանքի ներկայանալուց ընդամենը մեկ ամիս անց՝ 21․02․2023 թվականին, օգնականն ազատվել է աշխատանքից, իսկ 01․03․2023 թվականին ազատվել է աշխատանքից նաև աշխատակազմի գործավարը, որպիսի պայմաններում աշխատել է՝ աշխատակազմում ունենալով միայն նորանշանակ դատական նիստերի քարտուղար։ Գործավարի հաստիքը հնարավոր է եղել համալրել 22․03․2023 թվականին, իսկ օգնականինը՝ 21․04․2023 թվականին, այսինքն՝ շուրջ երկու ամիս աշխատակազմում չի ունեցել թե´ օգնական, թե´ գործավար։ Աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է եղել լրացուցիչ ժամանակ տրամադրել աշխատանքային փորձ չունեցող աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների իրականացնելու համար, և այդ ընթացքում աշխատանքային թերություններ ու բացթողումներ թույլ չտալն անհնար էր։
Ստեղծված իրավիճակում չի ունեցել այլ ընտրություն, քան շարունակել աշխատել, արել է այն ամենն, ինչ դատավորն ի վիճակի էր անել դատարան դիմողների իրավունքների իրացմանն ու ապաhովման, մյուս դատավորների և, հետևաբար, դատարանի գերծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ:
Չանդրադառնալով վիճակագրական տվյալներին, որոնց թերևս վարույթ հարուցող մարմինը և Խորհուրդը լիարժեքորեն տիրապետում է, հարկ է համարում նշել նաև, ներկայումս Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում մուտքագրվող գործերը 2023թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ հատել են 83.695-ի շեմը, յուրաքանչյուր դատավորի բաժին է հասնում 2146 գործ, իսկ ծանրաբեռնվածությամբ 2-րդ է՝ վարույթում առկա 2116 գործով։
Նշել է, որ հատկապես առաջին ատյանի դատարանների դատավորների՝ «կարմիր նշակետը» հատող գերծանրաբեռնվածությանն անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարարը՝ 2023 թվականի հուլիսի 27-ին Կառավարության հաստատմանը ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հիմնավորումներում։
Ամենամյա արձակուրդից վերադառնալուց հետո՝ միայն օգոստոսին իրեն են բաշխվել շուրջ 600 քաղաքացիական գործեր։
Դատարանների և հատկապես քաղաքացիական գործեր քննող առաջին ատյանի դատարանների գերծանրաբեռնվածությունը հանրահայտ և անհերքելի փաստ է, այդ խնդիրը լուծելու ուղղությամբ Բարձրագույն դատական խորհուրդը և Լիազոր մարմինը միջոցներ են ձեռնարկում, սակայն այն դեռևս չի հաղթահարվել, հետևաբար կարգապահական պատասխանատվության կանչելիս այդ հանգամանքը չի կարող անտեսվել և արարքը խախտում, այն էլ՝ մեղավորությամբ կատարված որակելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել և վեր հանել այդ խախտումը ծնող հանգամանքները և նպաստող պայմանները, որոնք տվյալ պարագայում գերծանրաբեռնվածությունն է և համապատասխան ռեսուրսների բացակայությունը, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված աշխատանքից բացակայությունը և աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինությունը, որպիսի պարագայում դատավորին մեղավորությամբ կատարված արարք վերագրելն իրավաչափ չի կարող համարվել և առավել ևս՝ հիմնավորվել։
Հարկ է համարում նշել նաև, որ նման ծավալի դատական գործերի առկայության, իր գործունեության սկզբնական շրջանում աշխատակազմի գրեթե բացակայության, իսկ այնուհետև տևական ժամանակ աշխատակազմի մասնակի համալրման, պարբերաբար փոփոխման պայմաններում, յուրաքանչյուր աշխատանքային օր առնվազն 12 ժամ, իսկ ոչ աշխատանքային օրերին նվազագույնը 6-7 ժամ աշխատանք իրականացնող դատավորին, հազարավոր դատական նիստեր հրավիրված լինելու և բոլոր դատական նիստերը, (․․․) կայանալու, հազարավոր դատական ակտեր կայացնելու պայմաններում վերագրել, որ դատավորի գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության, արդարադատություն իրականացնելու պատրաստակամության ընկալման վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը, առնվազն անարդար է։ Մինչդեռ դատավորի աշխատանքային բեռնվածությունը, որը հանդիսանում է վերջինիս աշխատանքային պայմաններից մեկը, պետք է համապատասխանի արդարացիության, ողջամտության և ազնվության սկզբունքներին։
(․․․)։
Գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ վերը նշված հիմնավորումներով և պատճառաբանություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
(․․․)։
Ուշացմամբ կատարման ուղարկելու փաստն իր կողմից չի հերքվել, այլ նշվել է, որ տրվել է սահմանված ժամկետում, ինչի մասին վկայում է կատարողական թերթերում առկա տրման օրը, իսկ տրման և ուղարկման ժամկետների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ համընկնող ժամանակահատվածում աշխատակազմի բացակայության և մեծածավալ կատարողական թերթերի առկայության պայմաններում հնարավոր չի եղել տալ և ուղարկել բոլորը միաժամանակ, սակայն գործողություններ իրականացված լինելու փաստն անհերքելի է։
(․․․)։
Դատական իշխանությունը հեղինակազրկելուն հանգեցնող հետևանքների գնահատականը չի կարող տրվել իրականությունից կտրված մեկնաբանության միջոցով: Մեղքի բացակայության վերաբերյալ վերը թվարկված պատճառաբանություններն ու հիմնավորումները կիրառելով նաև Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով անհրաժեշտ փաստերի նկատմամբ՝ ակնհայտ է, որ Դատարանի գերծանրաբեռնվածության հանրահայտ փաստի գոյությունն ինքնին հայտնի է բոլորին, իսկ իր դեպքում՝ մասնավորապես, երբ ներկայացվում են դա գնահատելու համար բավարար ապացույցներ: Ուստի այս փաստի ուժով թե՛ վարույթ հարուցող մարմնի, թե՛ հասարակության մոտ օբյեկտիվորեն չէր կարող ձևավորվել դատական իշխանությունը հեղինակազրկելու տպավորություն, իսկ հաղորդման հեղինակների տպավորությունը՝ զուտ սուբյեկտիվ է, այնինչ դատական իշխանությունը հեղինակազրկելու առումով արարքի նվազ կարևորությունը պետք է գնահատվի օբյեկտիվ չափանիշներով:
1.8 Դատարանում պատշաճ ապացուցման և եզրափակիչ դատական ակտի պատճառաբանման փոխադարձ կապի, դրանց վերաբերյալ օրենսդրական պահանջներն ապահովելու վերաբերյալ վերլուծություն և դատողություններ.
Այն համոզմանն եմ, որ դատավարական ժամկետները խախտելու փաստարկները Լիազոր մարմնի կողմից ոչ միայն չեն հերքվել, այլև ընդունվել են, ու թեև Դատավորի՝ դատավարական ժամկետները խախտելու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների վերաբերյալ ներկայացրած փաստարկների ամբողջությունը սույն վարույթի ելքի համար որոշիչ էր, պահանջում էր հստակ, հիմնավորված և փաստարկված պատասխան, թե՛ Լիազոր մարմնի միջնորդության, թե՛ Խորհրդի եզրափակիչ որոշման մեջ այդ պատասխանը բացակայում է:
Մինչդեռ, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված երաշխիքները ներառում են դատարանների պարտականությունը ներկայացնելու բավարար հիմքեր իրենց որոշումների համար (H.-ն ընդդեմ Բելգիայի, 1987, § 53)։ Պատճառաբանված որոշումն է կողմերին ցույց տալիս, որ նրանց գործն, իրոք, լսվել է, և այդպիսով՝ նպաստում է կայացված որոշման առավելագույնս ընդունմանը (Magnin-ն ընդդեմ Ֆրանսիայի, (որոշում), 2012, § 29)։
Չնայած որ ներպետական դատարանն ունի որոշակի գնահատման թույլատրելի շրջանակ, երբ ընտրում է փաստարկներ և ընդունում ապացույցներ, սակայն պարտավոր է արդարացնել իր գործողությունները՝ ներկայացնելով պատճառաբանություններն իր որոշումների համար (Suominen-ն ընդդեմ Ֆինլանդիայի, 2003, § 36, Carmel Saliba-ն ընդդեմ Մալթայի, 2016, §§ 73 և 79)։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պարտավորեցնում է դատարաներին ներկայացնել պատճառաբանություններ իրենց որոշումների համար, սակայն չի կարող ընկալվել, թե պահանջում է մանրամասն պատասխան յուրաքանչյուր փաստարկին (García Ruiz-ն ընդդեմ Իսպանիայի [ՄՊ], 1999, § 26, Perez-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], 2004, § 81, Van de Hurk-ն ընդդեմ Նիդերլանդների, 1994, § 61, Jahnke and Lenoble-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում), 2000)։
Պատճառաբանություններ ներկայացնելու այս պարտականության ծավալը կարող է փոփոխվել՝ կախված որոշման բնույթից (Ruiz Torija-ն ընդդեմ Իսպանիայի, 1994, § 29, Hiro Balani-ն ընդդեմ Իսպանիայի 1994, § 27) և կարող է գնահատվել միայն գործի հանգամանքների լույսի ներքո։ Անհրաժեշտ է հաշվի առնել, inter alia, փաստարկների բազմազանությունը, որը կողմը կարող է ներկայացնել դատարաններին, ինչպես նաև տարբերությունները, որոնք առկա են պայմանավորվող պետություններում՝ հաշվի առնելով օրենսդրական կարգավորումները, ավանդույթները, իրավաբանական կարծիքը և վճռի կայացումն ու հրապարակումը (Ruiz Torija-ն ընդդեմ Իսպանիայի, 1994, § 29, Hiro Balani-ն ընդդեմ Իսպանիայի, 1994, § 27)։
Այն դեպքում, երբ դատարանը պատշաճ կերպով չի քննել դիմումատուի բողոքը, Դատարանը կարողացել է ընդունել, որ լռությունն այդ բողոքի առիթով կարող էր դիտարկվել որպես անուղղակի մերժում (Čivinskaitė-ն ընդդեմ Լիտվայի, 2020, §§ 142-144)։
Այնուամենայնիվ, երբ կողմերի փաստարկը որոշիչ է քննության ելքի համար, այն պահանջում է հատուկ պատասխան (Ruiz Torija-ն ընդդեմ Իսպանիայի, 1994, § 30, Hiro Balani-ն ընդդեմ Իսպանիայի, 1994, § 28)։ Այդ պատճառով, դատարանները պարտավոր են քննել հետևյալը.
▪ հայցվորների հիմնական փաստարկները (Buzescu-ն ընդդեմ Ռումինիայի, 2005, § 67։ Donadze-ն ընդդեմ Վրաստանի, 2006, § 35), առանձնահատուկ, համապատասխան և կարևոր կետերը (Mont Blanc Trading Ltd and Antares Titanium Trading Ltd-ն ընդդեմ Ուկրաինայի, 2021, §§ 82 և 84),
▪ Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքներին և ազատություններին վերաբերող միջնորդությունները ներպետական դատարանները պարտավոր են քննել պատշաճ կերպով (Fabris-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], 2013, § 72 վերջում, Wagner and J.M.W.L. v. Luxembourg, 2007, § 96)։ Սա սուբսիդիարության սկզբունքի հետևանքն է։
Եվրոպական դատարանը միշտ ընդգծել է ժողովրդավարական հասարակության մեջ արդար դատաքննության իրավունքի զբաղեցրած ակնառու տեղը (Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], 2012, § 231։ Airey-ն ընդդեմ Իռլանդիայի, 1979, § 24)։ Այս երաշխիքը «ժողովրդավարական հասարակությունում ամենահիմնարար սկզբունքներից մեկն է» (Pretto -ը և այլք ընդդեմ Իտալիայի, 1983, § 21)։ Հետեւաբար, 6-րդ հոդվածի 1-ին կետը նեղ իմաստով մեկնաբանելը որևէ կերպ չի կարող արդարացվել (Moreira de Azevedo-ն ընդդեմ Պորտուգալիայի, 1990, § 66)։ Արդարության պահանջը կիրառվում է ողջ քննության նկատմամբ, այն սահմանափակված չէ կողմերի միջև նիստերով (Stran Greek Refineries and Stratis Andreadis-ն ընդդեմ Հունաստանի, 1994, § 49)։ Այսպիսով, քննությունները դիտարկվում են ամբողջությամբ՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք իրականացվում են արդար դատաքննության պահանջներին համապատասխան (De Tommaso-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], 2017, § 172, Regner-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ], 2017, § 161՝ համապատասխան այն նույն սկզբունքներին, որոնք գործում են նաև քրեական վարույթներում, տես՝ Beuze-ն ընդդեմ Բելգիայի [ՄՊ], 2018, § 120)։ Արդարության բացակայությունը կարող է առաջանալ տարբեր նշանակություն ունեցող գործոններից (Carmel Saliba-ն ընդդեմ Մալթայի, 2016, § 79՝ կապված պատճառաբանություն ներկայացնելու պահանջի հետ)։
Ժողովրդական հասարակությունում Կոնվենցիայի իմաստով արդարադատության արդարացի իրականացման իրավունքն այնպիսի կարևոր դեր է գրավում, որ 6-րդ հոդվածի 1-ին կետի սահմանափակ մեկնաբանությունը չի համապատասխանում այդ դրույթի նպատակին և իմաստին (Guðmundur Andri Ástráðsson-ն ընդդեմ Իսլանդիայի, [ՄՊ], 2020, § 283՝ դատարանների դերի հետ կապված, Ryakib Biryukov-ն ընդդեմ Ռուսաստանի, 2008, § 37)։
Վարույթի կողմերն իրավունք ունեն ներկայացնելու դիտարկումներ, որոնք կարող են առնչվել իրենց գործին։ Այս իրավունքը կարող է համարվել արդյունավետ, միայն եթե այդ դիտարկումները փաստացի «լսված են», այն է՝ պատշաճ կերպով հաշվի են առնված Դատարանի կողմից (Donadze-ն ընդդեմ Վրաստանի, 2006, § 35)։ Այլ կերպ ասած՝ «Դատարանը» պարտավոր է իրականացնել կողմերի ներկայացրած նյութերի, փաստարկների և ապացույցների պատշաճ քննություն (փաստաբանի միջոցով ներկայացված հայցվորի առնչությամբ, տես՝ Göç-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], 2002, § 57։ Perez-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], 2004, § 80։ Kraska-ն ընդդեմ Շվեյցարիայի, 1993, § 30։ Van de Hurk-ն ընդդեմ Նիդերլանդների, 1994, § 59)։
Սահմանադրական դատարանը, 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշման մեջ վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի մասին նախկինում արտահայտված դիրքորոշումները, արձանագրել է, որ «Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի սույն բաղադրիչը դատական քննության որակի առաջնային չափանիշ է, իսկ դատական ակտի պատճառաբանության բացակայությունը կասկածի տակ է առնում դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարադատության նպատակին համահունչ գործունեությունը։ Կոնկրետ գործով դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության գնահատման առաջնային չափանիշը, անկախ դատական ակտի նկատմամբ ձևավորված հանրային կարծիքից կամ կողմերի կամ հասարակության կամ դրա մի մասի վերաբերմունքից, տվյալ գործով փաստերի և իրավունքի հարցերի վերաբերյալ դատական ակտի հիմքում ընկած ողջամիտ և համոզիչ պատճառաբանությունն է։ Ավելին, դատավարական կողմերի մրցակցող և հակասող շահերի բախման պայմաններում ընթացող դատական վեճերում դատական ակտի պատճառաբանության բացակայությունը նման պատճառաբանության առկայության իրավական պահանջի պայմաններում կարող է սասանել կողմերի և հանրության վստահությունն առ այն, որ բացակայում են տվյալ դատական ակտը կանխորոշող այլ՝ արդարադատության նպատակների հետ չառնչվող պատճառներ»։ 9
(…):
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատական ակտերի պատճառաբանված լինելու սահմանադրական հրամայականի վերաբերյալ նախկինում իր արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները, շեշտում է, որ «դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է համոզելու, որ դատական ակտի հիմքում ընկած են ոչ թե դատավորների անհատական կամ խմբակային մոտեցումներն ու շահերը, նրանց սուբյեկտիվ վերաբերմունքը վեճի լուծման որևէ տարբերակի նկատմամբ, այլ իրավունքը։ Հետևաբար՝ ձախողելով տրամաբանական շղթայի մեջ արտացոլել վեճի լուծման համար նշանակություն ունեցող և կողմերի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկներն ընդունելու կամ մերժելու մասին դատարանի դատողությունների ընթացքը և դրանց եզրահանգումը դատական ակտում՝ այդ ակտը արդարադատություն իրականացնող հանրային իշխանության ատյանի ակտից վերածվում է այն հեղինակող դատավորի կողմից վեճի լուծման վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցման շարադրանքի՝ վտանգելով Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ անհատի արդար դատաքննության իրավունքը»։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումները սույն վարույթով պարզված փաստական հանգամանքների վրա տարածելով՝ կարծում եմ, որ Դատավորի ներկայացրած, նրան արդարացնող փաստարկների ամբողջությունն իր ծավալով և բովանդակությամբ կարող էր և պետք է դիտարկվեր որպես բացառիկ հանգամանք,10 որը Խորհրդի եզրափակիչ ակտում ենթակա էր պատշաճ արձանագրման և գնահատման (առնվազն՝ փաստարկված հերքման), 11 և որի պարագայում Դատավորը Խորհրդի կողմից չպետք է ենթարկվեր կարգապահական պատասխանատվության։
Գտնում եմ, որ տվյալ իրավիճակում Դատավորին արդարացնող փաստարկները, որոնք Լիազոր մարմնի, ապա նաև Խորհրդի կողմից ընդունվել են, սակայն Միջնորդության մեջ և Խորհրդի եզրափակիչ ակտում ըստ էության պատշաճ գնահատականի չեն արժանացել և անտեսվել են, կարող էին ողջամտորեն գնահատվել որպես դատական գործերով իր և տվյալ դատարանի մյուս դատավորների գերծանրաբեռնվածությունն ապացուցող անվիճելի փաստ (համակարգային խնդիր) և Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցին անհրաժեշտ էր անդրադառնալ դատական գործերով գերծանրաբեռնվածության իրավիճակի, իրեն վերագրված արարքների նկատմամբ Դատավորի հոգեբանական վերաբերմունքի (մեղքի ձևի) և Դատավորին արդարացնող փաստարկների հետ (դրանց հետ ըստ էության համաձայնելու փաստի) համադրման և գնահատման արդյունքներով։
2.1 Դատավորին վերագրված իրավախախտման կարևորության (նվազ կարևորության) աստիճանի պարզման վերաբերյալ իրավական դիրքորոշումներ.
Կարգապահական վարույթի ընթացքում Դատավորին վերագրված արարքը նվազ կարևոր դիտարկելու չափանիշներին Խորհուրդն անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. ապրիլի 05-ի ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշման մեջ:
Ըստ այդ որոշման՝
«1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,
2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,
3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:
(…):
Տվյալ դեպքում, հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը:
(…):
«Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկյան հանձնաժողով) իր մի շարք կարծիքներում անդրադարձել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին: Վենետիկի հանձնաժողովը գտել է, որ այն օրենսդրությունը, որը կարգավորում է դատավորի կարգապահական պատասխանատվության և կարգապահական որոշում կայացնող մարմինների հետ կապված իրավահարաբերությունները, պետք է ձևակերպվի հստակ։ Երկրները հաճախ դժվարությունների են հանդիպում, երբ կարգապահական գործողությունների հիմքերը բավարար չափով մանրամասնված չեն: Հստակ սահմանված կանոնների բացակայությունը վտանգավոր է, քանի որ կարգապահական իրավախախտումների դեպքում հնարավոր է սկսվի կամայական հետապնդում դատավորների նկատմամբ: Այդ իսկ պատճառով Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ) դատական համակարգի անկախության մասին իր՝ 2001 թվականի թիվ 1 կարծիքի մեջ առաջարկել է սահմանել այնպիսի չափորոշիչներ, որոնք կկանխորոշեն (...) բոլոր այն արարքները, որոնք կարող են հանգեցնել կարգապահական տույժի կամ կարգավիճակի փոփոխության (CDL-AD(2007)009, կետ 6-րդ):
Վենետիկի հանձնաժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների և որոշ այլ օրենքների վերաբերյալ 2019 թվականին ընդունված Կարծիք N 963/2019 CDL-AD(2019)024 համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է. «...Անշուշտ, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշ հիմքեր ձևակերպված են շատ անորոշ. «դատական իշխանությունը հեղինակազրկել» կամ «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնել» ձևակերպումները՝ ամրագրված 69-րդ հոդվածում, դրանց թվին են պատկանում: Այնուհանդերձ, որոշ չափով անխուսափելի է, որ օրենսդիրն օգտագործի անորոշ ձևակերպումներ ապահովելու համար ճկունություն...:»:
(…)
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա: Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ:
Այսինքն, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ առերևույթ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պարունակող արարքը կարող է գնահատել որպես նվազ կարևորություն ունեցող, եթե այն կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:
2.2 Սույն վարույթի շրջանակներում պարզաբանման ենթակա հերթական հարցն հետևյալն է՝ արդյո՞ք դատական գործերով դատարանների գերծանրաբեռնվածության հանրահայտ փաստը չպետք է ազդեր սույն վարույթի ելքի՝ դատավարական ժամկետներ խախտած Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վրա (հիմնավորումներ)․
Բարձրագույն դատական խորհուրդը, 2022 թվականի սեպտեմբերի 22-ի ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշման մեջ անդրադառնալով գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտման խնդրին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․
«Խորհուրդը արձանագրում է, որ, այդուհանդերձ, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1133-Ա որոշմամբ և Բարձրագույն դատական խորհրդի գործունեության 2019 թվականի տարեկան հաղորդմամբ արձանագրված դատարանների գերծանրաբեռնվածության փաստի ուժով դատավարական ժամկետների խախտումներ կարող են տեղի ունենալ, մինչդեռ դրանք պետք է լինեն ողջամիտ և արդարացված այնքանով, որ չհանգեցնեն դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների և ազատությունների էական սահմանափակումների և խախտումների:
Դատավարական ժամկետների պահպանման օբյեկտիվ անհնարինության պայմաններում, այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում դատավորները պետք է բացառեն դրանց պահպանման առումով անտարբերության, դատավարության մասնակիցներից և որևէ մեկի նկատմամբ կողմնակալության տպավորության հնարավորությունը, որը կարող է ձևավորվել անկողմնակալ դիտորդի տեսանկյունից:
Տվյալ պարագայում, անաչառ դիտորդի կողմից հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը վերը նշված դատական ակտերը կայացնելու ժամանակ չի դրսևորել պատշաճ ջանասիրություն առ այն, որ կայացված դատական ակտերը չի ուղարկվել դատավարության մասնակիցներին համապատասխան ժամկետում:
(․․․)։
Խորհուրդը, անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկին, ըստ որի Դատարանի կայացրած դատական ակտերը դատավարության կողմերին օրենքով նախատեսված ժամկետից ուշ ուղարկվելը պայմանավորված է եղել Դատավորի գերծանրաբեռնվածության հանգամանքներով, ըստ էության, չեն բովանդակում այնպիսի ծանրակշիռ հիմնավորումներ, որոնց հիմքով հնարավոր կլինի տվյալ իրավիճակում ենթադրյալ խախտումները համարել արդարացված որևէ ողջամիտ պատճառաբանությամբ:
(․․․)։
Դատավորի կողմից համապատասխան որոշումների կայացումից՝ տվյալ դեպքում մոտ վեց, չորս կամ էլ երկու ամիս հետո դրանց հասցեատերերին՝ իրենց իրավունքների իրականացման համար կայացված դատական ակտերն ուղարկելը չի կարող համարվել միջազգային և ներպետական իրավական ակտերով նախատեսված իրավական գործիքակազմի պատշաճ կիրառում, քանի որ տվյալ դեպքում կարող ենք գործ ունենալ այսպես կոչված ուշացած արդարադատության հետ»:
Գերծանրաբեռնվածության պատճառով մի շարք գործերով դատավարական ժամկետները խախտելու վերաբերյալ Դատավորի փաստարկներն անհիմն և ըստ էության հերքված համարելիս՝ Միջնորդություն հարուցած մարմինը հղում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի 22.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ (ինչպես նաև' 22.12.2022 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-26 որոշմամբ) արտահայտված իրավական դիրքորոշմանը՝ ըստ էության փաստելով, որ դատական գործերով դատավորի գերծանրաբեռնվածությունը ներառված չէ և չի կարող ընդգրկվել տվյալ որոշման մեջ Խորհրդի կողմից թվարկված դեպքերի շրջանակում:
Մասնավորապես, ըստ Խորհրդի որոշման՝ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները կարող են արդարացվել միայն բացառիկ դեպքերում, երբ՝
ա․ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ
բ․ ժամկետների խախտումը պայմանավորված է եղել դատավարության մասնակիցների վարքագծով։12
Տվյալ իրավական դիրքորոշմամբ արտահայտված չափանիշների՝ սույն վարույթի նկատմամբ կիրառելիության հարցը պարզելու նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել ստորև ներկայացվող հանգամանքները՝
- դատավարական ժամկետը ենթադրաբար խախտած դատավորն արդյո՞ք պետք է առավել կարևոր շահը բացահայտեր և այն կարևորեր նույն գործի շրջանակներում, թե շահերի համադրումը և արժևորումը պետք է կատարեր վարույթում առկա այլ գործերի համատեքստում․
- դատավորն արդյոք օբյեկտիվորեն կարող էր կոնկրետ իրավիճակում ըստ կարևորության հատկանիշի դասակարգել նույն կամ տարբեր գործերով շահերը,
- արդյոք օբյեկտիվորեն հնարավոր էր 13 նույնաբովանդակ (հայցի նույն հիմքով և առարկայով) հարյուրավոր վեճերի կազմում կարևորել որևէ գործ կամ այդ գործով շոշափվող շահ, հատկապես՝ դրա մասին վերհիշել տևական ժամանակ (տարիներ) անց, 14 և դատավորին ենթադրաբար արդարացնող այդ փաստարկը որպես դատավարական ժամկետի խախտման ողջամիտ և ծանրակշիռ հիմնավորում, ներկայացնել վարույթ իրականացնող մարմիններին, տվյալ դեպքում՝ Խորհրդին, որը և պետք է գնահատեր տվյալ իրավիճակում ենթադրյալ խախտումների արդարացված լինելու հարցը:
Բարձրագույն դատական խորհրդի մեկ այլ՝ 2020թ. հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (Հավելված 1-ի) 93-րդ հոդվածի համաձայն՝ «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Դատական օրենսգրքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Դատական օրենսգրքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով»:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն։
(․․․)։
4. Ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է։
Հրապարակային աղբյուրներից հասու տեղեկատվության համաձայն՝ դատարանների, այդ թվում՝ Երևանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դատավորների գերծանրաբեռնվածությունը հանրահայտ փաստ է, սույն վարույթով ապացուցման կարիք չունի (պետք է ողջամտորեն ընդունվեր որպես ելակետ), քանի որ՝
- Դատավորի կողմից բարձրաձայնվելուց զատ՝ այդ համակարգային խնդրի և այն լուծելու անհրաժեշտության մասին խոսվում է դատական և իրավական բարեփոխումների մասին 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրում, Եվրոպական միության ««Արդարադատության մոնիթորինգ» ծրագիր Հայաստան» զեկույցների շրջանակներում,
- Բարձրագույն դատական խորհրդին 2022 թվականի հունիսի 21-ին ուղղված՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացմամբ 21 դատավորների համատեղ նամակով դատավորները բարձրաձայնել են իրենց վարույթներում քննվող դատական գործերով դատավարական ժամկետները՝ ներառյալ ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու անհնարինության մասին,
- Դատարանների և դատավորների գերծանրաբեռնվածության մասին քաջատեղյակ են ինչպես սույն վարույթն հարուցած Արդարադատության նախարարը, այնպես էլ միջնորդությունը լուծող մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որոնք ձեռնարկում են այդ ծանրաբեռնվածությունը մեղմելու վերաբերյալ որոշակի, բայց մինչ այս պահը փաստացի ոչ բավարար միջոցառումներ։ Մասնավորապես, ի կատարումն ՀՀ վարչապետի՝ 2023 թվականի փետրվարի 17-ի թիվ 02/10.39/5875-2023 հանձնարարականի՝ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության դատարաններում դատավորների թվակազմի ավելացնելու, ինչպես նաև դատական կազմերի և դատարաններում այլ աշխատակիցների թվակազմի ավելացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի բարձրացրած առաջարկը և Դատական դեպարտամենտի կողմից տրամադրված վերջին երեք տարիների վիճակագրության հիման վրա կատարված վերլուծության արդյունքում արձանագրել է, որ դատարաններն աշխատում եմ գերծանրաբեռնված:
Քաղաքացիական մասնագիտացման դատավորների, որպեսզի դատավորը չաշխատի գերծանրաբեռնված, տարեկան միջին ուղենիշային ցուցանիշ է վերցվել մեկ դատավորի վարույթում տարեկան 1500-1900 քաղաքացիական գործի առկայությունը: Ներկայումս Երևան քաղաքի և մարզերի քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների ծանրաբեռնվածությանը մեկ դատավորի հաշվով տարեկան 2000-3000 քաղաքացիական գործ է:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված վերջին փոփոխությունը, համաձայն որի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններն առանձնացվել են քրեականի և քաղաքացիականի, ընդգծվում է նաև դատարաններում աշխատակազմի և այլ աշխատակիցների թվակազմի ավելացման անհրաժեշտությունը:
Վերոգրյալի ամփոփմամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարին 2023 թվականի փետրվարի 27-ին հայտնվել է, որ Հայաստանի Հանրապետության դատարաններում դատավորների թվակազմն ավելացնելու, ինչպես նաև դատական կազմերի և դատարաններում այլ աշխատակիցների թվակազմն ավելացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի բարձրացրած առաջարկին դրական վերաբերվելու Արդարադատության նախարարության դիրքորոշման մասին։
- 2023 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբերի ամիսների դրությամբ դատավոր Ա․ Սաֆարյանը ծանրաբեռնվածության առումով տվյալ դատարանի 37 դատավորների կազմում երկրորդն է վարույթում քննվող համապատասխանաբար՝ 1956, 2116 և 2425 գործերով:15 Ընդ որում, 2023 թվականի ավարտին թեև մնացել է ընդամենը երկու ամիս, սակայն դատավոր Ա.Սաֆարյանի՝ հոկտեմբեր ամսվա դրությամբ դատական գործերով ծանրաբեռնվածությունը երկու անգամ գերազանցում է ողջ տարվա թույլատրելի ծանրաբեռնվածությունը (այն, ըստ Արդարադատության նախարարության ուսումնասիրության, կազմում է 1500 գործ): 16
- Այդ խնդրի մասին նշված է Բարձրագույն դատական խորհրդի «Տարեկան հաղորդում» վերտառությամբ փաստաթղթում:
- Վերոնշյալ հանգամանքը որքան հանրահայտ, նույնքան և անվիճելի փաստ է, այնքանով, որքանով դատավոր Ա.Սաֆարյանի և առհասարակ տվյալ դատարանի բոլոր դատավորների գերծանրաբեռնվածության փաստը Լիազոր մարմնի ներկայացուցիչները Դատարանում չվիճարկեցին։17
- Տվյալ համակարգային խնդիրն արձանագրվել է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գնահատող թիմի 2023 թվականի զեկույցի նախագծի լրամշակված տարբերակում, 18 մասնավորապես՝ դրանում ներառվել են ոչ կառավարական կազմակերպությունների («շահագրգիռ կողմերի») դիտարկումները, համաձայն որոնց՝
1. Դատավորները աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, որը սրվում է դատական համակարգում դատավորների անբավարար թվի պատճառով (և դատարանների անբավարար անձնակազմով, որոնց վարձատրությունը ցածր է) դատավորներին խոցելի է դարձնում արդարադատության իրականացման ձգձգումների դեմ կարգապահական բողոքների նկատմամբ.
2. Դատարանի անձնակազմի աշխատավարձը մնում է շատ ցածր, ինչը դժվարացնում է հմուտ կադրերի ներգրավումը կամ պահպանումը:
Ուշագրավ են դատավորի կողմից դատական գործերի կառավարման չափանիշների, այդ գործերով դատարանների գերծանրաբեռնվածությունը վերացնելու ուղիների մասին Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի եզրակացություններն ու առաջարկները:
Այսպես, ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ ԹԻՎ 11 (2008) ԿԱՐԾԻՔՈՒՄ ԵԴԽԽ-ն, ի թիվս այլնի, արձանագրել է հետևյալը.
«7) Դատական ակտի վրա ազդող այլ ներքին միջավայրի գործոններից են գործերի դատական քննությունն ու գործի կառավարումը: Գործի քննությունը պետք է լինի հստակ, թափանցիկ և կանխատեսելի: Դատավորը պետք է ունակ լինի պահպանելու ակտիվությունը և ճշգրտությունը գործի քննությունը կազմակերպելիս և վարելիս: Դատական ակտը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում: Այնուամենայնիվ, գործի քննության արագությունը միակ գործոնը չէ, որ պետք է հաշվի առնել, քանի որ դատական ակտերը պետք է նաև երաշխավորեն արդար դատաքննության իրավունքը, սոցիալական ներդաշնակությունը և իրավական որոշակիությունը:
(…):
10) Վարույթի արդար իրականացումը, իրավական սկզբունքների ճիշտ կիրառումը և փաստական հանգամանքների գնահատումը, ինչպես նաև կիրարկելիությունը բարձրակարգ որակի դատական ակտ ապահովող առանցքային տարրեր են:
(…):
13) Դատական ակտերը սկզբունքորեն պետք է հիմնավորվեն: Դրանց որակը սկզբունքորեն պայմանավորված է հիմնավորման որակով: Հիմնավորումը կարող է ներառել իրավական սկզբունքների մեկնաբանությունը՝ մշտապես ուշադրություն դարձնելով իրավական որոշակիությանը և հետևողականությանը: Այնուամենայնիվ, երբ դատարանը որոշում է շեղվել նախկին նախադեպից, այդ մասին հստակ պետք է նշվի որոշման մեջ:
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ դատական գործերով դատավորի ծանրաբեռնվածության հաղթահարումը նախևառաջ դատավորի լիազորությունների տիրույթում է, պայմանավորված է դատավորի կողմից իր վարույթում գտնվող գործերի կազմակերպման, կառավարման և վարման, իր աշխատաժամանակը ճիշտ և արդյունավետ տնօրինելու հմտություններով:
ԵԴԽԽ-ն ԹԻՎ 2 (2001) ԿԱՐԾԻՔ-ում եզրակացրել է, որ «պետությունները պետք է վերանայեն դատարանների ֆինանսավորման և կառավարման կարգավորումները: (…) անհրաժեշտ է դատարաններին հատկացնել բավարար ռեսուրսներ, որպեսզի վերջիններս ի զորու լինեն իրականացնելու իրենց գործառույթը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում սահմանված չափորոշիչներին համապատասխան»: 19
ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԹԻՎ 6 (2004) ԿԱՐԾԻՔ-ում ԵԴԽԽ-ն, անդրադառնալով դատարանների ծանրաբեռնվածության տատանումներին, կատարել է հետևյալ առաջարկությունները.
«59. Եթե աշխատանքային ծանրաբեռնվածության հարցում առկա են մշտական բնույթ ունեցող փոփոխություններ, ապա անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել դատավորների կազմում, (…): Զուտ տնտեսական նկատառումները (հանգեցնելով տարածքային դատարանի փակմանը) կարող են հակասել կողմերի և հանրության՝ մոտակա և հասանելի դատարանի արդարադատությունից օգտվելու իրավունքին: ԵԴԽԽ-ն խրախուսում է երկրներին՝ ուսումնասիրելու և մշակելու համապատասխան չափանիշներ, որպեսզի այս հարցերը հաշվի առնվեն և հավասարակշռվեն՝ ապահովելու, որ դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով համապատասխան փոփոխություններ կատարելիս դատարանի որդեգրած մեթոդները չընկալվեն որպես դատավորի անկախությանը վնասող մեթոդներ:
60. Այնուամենայնիվ, ԵԴԽԽ-ն ցանկանում է հղում կատարել թիվ 2 (2001) կարծիքին, մասնավորապես 4-րդ և 5-րդ պարբերություններին, որոնք վերաբերում են համապատասխան ռեսուրսների առկայությանը: Դատավորների կամ դատական գործերի քննությունը մեկ այլ դատարան փոխադրման հնարավորությունը չպետք է հանգեցնի ռեսուրսների կառուցվածքային բացակայության: Նման ճկունությունը չի կարող փոխարինել բավարար թվով դատավորների առկայությանը, որը, որպես կանոն, անհրաժեշտ է նախատեսված աշխատանքը կատարելու համար:
(…):
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ
103. Պետությունները պարտավոր են տրամադրել բավարար (…) ռեսուրսներ և ֆինանսավորում քաղաքացիական, ինչպես նաև քրեական դատավարությունների համար: Քանի որ ո՛չ պետությունը, ո՛չ էլ կողմերն անսահմանափակ ռեսուրսներ չունեն, ուստի դատարանները պետք է վերահսկեն դատավարությունը՝ թե՛ կոնկրետ դատական գործով կողմերի և թե՛ այլ գործերով դատական կողմերի շահերից ելնելով:
104. Առանձին գործերը պետք է վարել «համամասնորեն», այն իմաստով, որ կողմերը պետք է կարողանան արդարադատության հասնել խնդրո առարկային և վիճարկվող գումարին համարժեք գնով, ինչպես նաև դատավարության այլ կողմերը պետք է կարողանան օգտվել իրենց վեճերի համար դատարանի կողմից հատկացված ժամանակի իրենց արդարացի բաժնից:
105. Կարճ ասած՝ կողմերն իրավունք ունեն ստանալու դատարանի ժամանակի և ուշադրության համարժեք բաժին, բայց որոշելու համար, թե ինչն է համարժեք, դատավորը պարտավոր է հաշվի առնել այլ գործերով ծանրաբեռնվածությունը և կարիքները, այդ թվում՝ դատական համակարգը ֆինանսավորող պետության և արդարադատությունից օգտվել ցանկացող այլ կողմերի կարիքները:
Անդրադառնալով դատարանների ծանրաբեռնվածությանը և գործերի կառավարմանը՝ ԵԴԽԽ -ն, ի թիվս այլնի, ներկայացրել է հետևյալ առաջարկությունները և հանգել հետևյալ եզրակացությունների.
(…):
Գ.2. Պետությունները պետք է ապահովեն պատշաճ ռեսուրսներ քրեական և քաղաքացիական դատարանների համար, իսկ դատավորները (նույնիսկ այն դեպքերում, երբ վարչական անմիջական գործառույթ չունեն) պետք է առաջարկներ ներկայացնեն և իրենց խոսքն ասեն ժամանակակից արդարադատության և հիմնական որոշումներով առաջնահերթությունների մասին (տե՛ս վերոնշյալ 52-55-րդ պարբերությունները):
(․․․)։
Տվյալ խնդրի լուծումը պրոյեկտելով քաղաքացիական գործերի վրա՝ ԵԴԽԽ-ն հանգել է հետևյալ հետևությունների.
Գ.12. Պահպանելու համար ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով սահմանված «արդար և հրապարակային դատաքննություն ողջամիտ ժամկետում» ապահովելու պարտականությունը՝ պետությունները պետք է բավարար ռեսուրսներ տրամադրեն, իսկ դատարանները պետք է առանձին գործերը վարեն մասնավոր կողմերի համար արդար և համամասնական եղանակով, որի ժամանակ պետք է հաշվի առնվեն դատավարության կողմերի և ընդհանուր հասարակության շահերը: Սա նշանակում է, որ դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ կողմերը հնարավորություն ունենան հասնելու արդարադատության՝ խնդրո առարկային, վեճի առարկա դրամական պահանջներին և դատարանի սեփական ռեսուրսների համարժեք գնով (որի դեպքում պետությունը պարտավորություն է կրում նաև տրամադրելու համարժեք ռեսուրսներ), ինչպես նաև հնարավորություն ունենան իրենց վեճի լուծման նպատակով ստանալու դատարանի ժամանակի իրենց վերապահված բաժինը (տե՛ս վերոնշյալ 103-104 -րդ պարբերությունները):
Գ.13. Դատավարությունը համամասնորեն վարելու համար առանցքային է դատավորի կողմից գործի ակտիվ կառավարումը, որի հիմնական սկզբունքները նշված են Նախարարների կոմիտեի` անդամ պետություններին ուղղված «Արդարադատության գործունեությունը բարելավելու նպատակով քաղաքացիական դատավարության սկզբունքների մասին» թիվ R (84) 5 առաջարկության մեջ: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ դատավորները պետք է հենց սկզբից և վարույթի ամբողջ ընթացքում վերահսկեն ժամանակացույցը և վարույթի տևողությունը՝ սահմանելով խիստ ժամկետներ և իրավասություն ունենալով արգելելու հետաձգումները, նույնիսկ եթե դա դեմ է կողմերի ցանկություններին (տե՛ս վերոնշյալ 90-102-րդ պարբերությունները):
Գ.15. Պետությունները պետք է ներմուծեն՝ ա) արդյունավետ պաշտպանության միջոցներ, բ) համառոտ, պարզեցված և/կամ կրճատված ընթացակարգեր, գ) նախնական հարցերը վաղ փուլում որոշելու ընթացակարգեր (այդ թվում՝ ընդդատության մասով), ինչպես նաև նման նախնական հարցերի մասով ցանկացած բողոքարկման արագ ընթացակարգեր (տե՛ս վերոնշյալ 111-131-րդ պարբերությունները)»:
ՄԻԵԴ-ն, մի շարք գործերով անդրադառնալով գործերի քննության տևողության խնդրին և այն դիտարկելով որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր, արձանագրել է հետևյալը․ «Պահանջելով, որ գործերը քննվեն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է առանց ձգձգումների արդարադատության իրականացման կարևորությունը։ Ձգձգումները կարող են վնասել արդյունավետությունն ու օբյեկտիվությունը (H.-ն ընդդեմ Ֆրանսիայի, 1989, § 58, Katte Klitsche de la Grange-ն ընդդեմ Իտալիայի, 1994, § 61)։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը պարտավորեցնում է պայմանավորվող պետություններին այնպես կազմակերպել իրենց իրավական համակարգերը, որպեսզի դատարաններն ապահովեն իրենց պահանջների իրականացումը։
Անդամ պետությունները պարտավոր են կազմակերպել իրենց դատական համակարգն այնպես, որպեսզի նրանց դատարանները կարողանան երաշխավորել յուրաքանչյուր անձի՝ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչվող վեճերով վերջնական վճիռ ունենալու իրավունքի իրականացումը ողջամիտ ժամկետում (Comingersoll S.A.-ն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ], 2000, § 24։ Lupeni Greek Catholic Parish-ը և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], 2016, § 142)։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քննության տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ գործի հատուկ հանգամանքներին համապատասխան (Frydlender-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], 2000, § 43), որը կարող է առաջ բերել համընդհանուր գնահատում (Comingersoll S.A.-ն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ], 2000, § 23, Nicolae Virgiliu Tănase-ն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], 2019, § 214, Obermeier-ն ընդդեմ Ավստրիայի, 1990, § 72)։
Քանի որ անդամ պետություններն իրենք պետք է կազմակերպեն իրենց իրավական համակարգերն այնպես, որ երաշխավորվի դատական որոշումները ողջամիտ ժամկետում կայացնելը, գործերով չափից դուրս ծանրաբեռնված լինելը չի կարող հաշվի առնվել (Vocaturo-ն ընդդեմ Իտալիայի, 1991, § 17, Cappello-ն ընդդեմ Իտալիայի, 1992, § 17)։ Այնուամենայնիվ, գործերի ժամանակավոր կուտակումը չի կարող առաջացնել պետության պատասխանատվությունը, եթե վերջինս ձեռնարկել է այդ իրավիճակը շտկելու պատշաճ միջոց (Buchholz-ն ընդդեմ Գերմանիայի, 1981, § 51)։ Մեթոդները ժամանակավորապես նպատակահարմար են, ներառում են հատուկ կարգով գործը քննելու ընտրությունը, որը կապ ունի ոչ միայն օրվա, երբ ներկայացվել են այդ գործերը, այլև գործի հրատապության և կարևորության հետ, մասնավորապես, հաշվի առնելով այն, ինչը կարևոր է տվյալ անձանց համար։ Այնուամենայնիվ, եթե նման իրավիճակը երկար է տևում և դառնում է կառուցվածքային մոտեցում, նման մեթոդները դադարում են համարվել բավարար, պետությունը պետք է ապահովի արդյունավետ միջոցների իրականացում (Zimmermann and Steiner-ն ընդդեմ Շվեյցարիայի, 1983, § 29, Guincho-ն ընդդեմ Պորտուգալիայի, 1984, § 40)։ Փաստը, որ նման կուտակման իրավիճակները դարձել են համատարած, չի արդարացնում քննության երկարատևությունը (Unión Alimentaria Sanders S.A.-ն ընդդեմ Իսպանիայի, 1989, § 40)։
Բարեփոխումների նախաձեռնումը, որոնք նպատակ են հետապնդում արագացնել գործերի քննությունը, չի կարող արդարացնել ձգձգումները, քանի որ պետությունները պարտավոր են կազմակերպել նման միջոցների ուժի մեջ մտնելը և կիրառումն այնպես, որ խուսափեն արդեն իսկ առկա գործերի քննությունների ձգձգումները (Fisanotti-ն ընդդեմ Իտալիայի, 1998, § 22)։ Այդ իմաստով, անդամ պետության կողմից նախատեսված միջոցների ադեկվատությունը (համարժեքությունը), որոնց նպատակն է խուսափել կամ լուծել քննությունների երկարատևության խնդիրը, պետք է գնահատվի Դատարանի կողմից հաստատված սկզբունքների լույսի ներքո (Scordino-ն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ], 2006, §§ 178 և 223)։
Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում դատական անկախության և անաչառության մասին ԵԴԽԽ-ի ԲՅՈՒՐՈՅԻ (CCJE-BU) 2019 թվականի զեկույցի20 համաձայն՝
« (…) սահմանադրական կարգավորումներով օրենսդիր մարմինն է պարտավոր քայլեր ձեռնարկել իրավական համակարգը նոր մարտահրավերներին, հատկապես սոցիալական և ժողովրդագրական զարգացումներին հարմարեցնելու համար»:
(…):
«Արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու դեպքում պետք է հոգ տանել, որ դրանք ուղեկցվեն համապատասխան ֆինանսական, տեխնիկական և ընթացակարգային դրույթներով, և լինեն բավարար մարդկային ռեսուրսներ: Հակառակ դեպքում կա արդարադատության պատշաճ իրականացման անկայունության վտանգ, և հասարակությունը կարող է (թյուրիմացաբար) ընկալել, որ նոր համակարգի կառավարման ցանկացած թերացում դատական իշխանության մեղքն է»:
(…):
«Դատավորների ծանրաբեռնվածությունը պետք է թույլ տա, որ աշխատանքը ոչ միայն արագ, այլև որակով կատարվի։ Ավելին, անդամ պետությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու դատավորների անվտանգությունը և համապատասխան աշխատանքային պայմանները, որոնք արտացոլում են դատական համակարգի կարևորությունն ու արժանապատվությունը»։
(…):
«Արդարադատության հասանելիությունը և արդար դատավարության իրավունքը պատշաճ կերպով երաշխավորված չեն, եթե գործը չի կարող քննվել ողջամիտ ժամկետում դատարանի կողմից (…)»:
2․3 Եզրահանգումներ․
Այսպիսով, կոնկրետ գործով արդարադատություն ակնկալող դատավարության կողմերի՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, այդ թվում՝ դատավարական ակտերը ժամանակին հրապարակելու, կողմերին հասու դարձնելու և կատարման հանձնելու ասպեկտով, գտնվում է կոնկրետ դատավորի լիազորությունների (պարտականությունների) տիրույթում: Սակայն դատական գործերով դատարանների և դատավորների համակարգային (շարունակական) գերծանրաբեռնվածության պարագայում այն հաղթահարելու, ողջամիտ ժամկետներում և դատավարական ժամկետների պահպանմամբ բոլոր գործերի և միաժամանակ յուրաքանչյուր գործի լուծման (յուրաքանչյուր գործով միջանկյալ վարութային ակտեր կայացնելիս ժամկետների պահպանման) համար նվազագույն, բայց բավարար ռեսուրսներ ապահովելու պարտականությունը դրված է պետության՝ իշխանության գլխավորապես մյուս թևերի իրավասու մարմինների վրա, այդ խնդրի կարգավորումը կամ առնվազն մեղմումը պահանջում է համակարգային մոտեցում՝ տվյալ ժամանակին համահունչ համալիր իրավական և տեխնոլոգիական նորագույն լուծումներ՝ պետության կողմից մարդկային 21 և նյութական բավարար ռեսուրսների ներգրավմամբ:
Համակարգային բնույթ կրող, բայցև հանրահայտ վերոնշյալ փաստի առկայության պայմաններում մի քանի դատական գործերով օրենքով սահմանված դատավարական ժամկետները չպահպանելը, դատավարական ժամկետում կամ ողջամիտ ժամկետում արդարադատություն ակնկալող կողմի լեգիտիմ այդ ակնկալիքը խախտելը, անշուշտ, անցանկալի, անընդունելի և պարսավելի է: Սակայն դրա համար դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ օրենսդրորեն և Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքով սահմանված է դատավարության կողմերի կամ այլ շահագրգիռ անձանց խախտված այդ իրավունքը բողոքարկման ընթացակարգի կիրառմամբ վերականգնելու իրավական մեխանիզմ: Խոսքը, մասնավորապես, կոնկրետ վարութային ակտն ավելի բարձր դատական ատյան վիճարկելիս՝ բողոքարկման ժամկետի հոսքը կոնկրետ դատավարական փաստաթուղթը փաստացի ստանալու օրվանից հաշվարկելու, դատարանի «մեղքով» ժամկետի բացթողումն իրավունքի ուժով հարգելի համարելու կարգավորումների և ձևավորված իրավակիրառ պրակտիկայի մասին է:
Համակարգային լուծում պահանջող նման խնդրի՝ գործերով գերծանրաբեռնվածության պայմաններում մի քանի դատական գործերով թերացած և դատավարական ժամկետները խախտած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, երբ նույն դատավորը օրենքով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ, բարեխղճորեն կատարել և կատարում է իր պարտականությունները վարույթում քննված և քննվող նմանատիպ հազարավոր գործերով, ոչ իրավաչափ նաև անարդարացի է։ 22
Խորհրդի կողմից նման պրակտիկա խրախուսելն, ըստ իս, ոչ իրավաչափ է, քանզի մի քանի դատական գործով դատավորի կողմից դատավարական ժամկետների չպահպանումը դատական գործերով դատարանների և դատավորների գերծանրաբեռնվածության մասին իրազեկված հանրության և անաչառ դիտորդի մոտ ողջամտորեն չի կարող ընկալվել և չի ընկալվում որպես կոնկրետ դատավորի կողմից դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող, դատական դատական իշխանությունը վարկաբեկող արարք, որի հիմնավորումները կներկայացվեն ստորև։
Ավելին, դատարանների և դատավորների համակարգային գերծանրաբեռնվածության պայմաններում, երբ գործի ընթացքից կամ ելքից դժգոհ որևէ դատավարության մասնակցի՝ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված մարմիններին ուղղված հաղորդման հիման վրա կարող է թիրախավորվել ցանկացած դատավոր և բավարար ֆիլտրեր (հակակշիռներ) ու զսպման իրավական մեխանիզմներ չկիրառելու, այդ թվում՝ կարգապահական վարույթ հարուցող և լուծող մարմինների կողմից դատավարական ժամկետների խախտման վարույթներով այլևս ձևավորված պրակտիկան չվերանայելու, նոր, գերծանրաբեռնվածության հանրահայտ փաստն հաշվի առնող ազնիվ և արդարացի պրակտիկա չձևավորելու պարագայում անխուսափելիորեն վտանգվելու է դատավորների և դատարանների անկախության ու անաչառության հիմնարար սկզբունքը: 23
Դատավորների և դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության ռիսկերն ավելի են աճում, երբ կարգապահական վարույթն իրականացնում է ոչ թե դատավորներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված ու գործող Էթիկայի և կարգապահական հարցերի (անկախ) հանձնաժողովը, այլ դատարանների և բոլոր դատավորների ըստ էության անմարդկային գերծանրաբեռնվածության մասին քաջատեղյակ, գործադիր իշխանության (Կառավարության) մաս կազմող Արդարադատության նախարարը (երբ հաղորդումներն ուղղվում են այդ մարմնին), ով իրավասու է կարգապահական վարույթ հարուցել ոչ միայն այդ առիթով՝ դիմողներից ստացված հաղորդումների հիման վրա, այլև իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերմամբ՝ նույն նախարարության կազմում ենթակայությամբ աշխատող ծառայողի ներկայացրած զեկուցագրի քննարկման արդյունքներով:24
Միջազգային հեղինակավոր կառույցները՝ Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովը՝ «Վենետիկի հանձնաժողովը», 25 Եվրոպական խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ «Գրեկոն», 26 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը, ինչպես նաև Դատավորների եվրոպական միությունը, 27 ներպետական մակարդակում՝ ՀՀ դատավորների միությունը,28 անդրադառնալով ՀՀ դատական համակարգում առկա խնդիրներին, բազմիցս առաջարկել են իշխանությունների տարանջատման, դատական իշխանության (արտաքին) անկախության սկզբունքների երաշխավորման տեսանկյունով վերանայել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու Արդարադատության նախարարի լիազորությունը, որն ենթակա էր դադարեցման այն պահից, երբ Դատական օրենսգրքում նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովը (որում այլևս ընդգրկված են նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ) ապացուցի իր արդյունավետությունը: Միջազգային կառույցների ընդհանուր մոտեցումն այն է, որ կարգապահական վարույթ հարուցող մարմինը չպետք է ամբողջապես բաղկացած լինի ոչ դատավոր անդամներից, որպիսի չափանիշը Արդարադատության նախարարի կողմից միանձնյա վարույթ հարուցելու և վարույթի ընթացքն ու արդյունքը կանխորոշող որոշումներ կայացնելու պարագայումը չի ապահովվում:
Նախորդ պարբերությունում ներկայացված իրական մտահոգությունը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ քննարկվող ռիսկերը չեզոքացնելու համար անհրաժեշտ ֆիլտրերի (հակակշիռների) ներդրման և դատարանների անկախության և անաչառության նկատմամբ հնարավոր ոտնձգությունների զսպման (կանխարգելման) մեխանիզմի գործարկումը գտնվում է հատկապես Բարձրագույն դատական խորհրդի՝ Դատական օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության տիրույթում, և այդ առաքելությունը սույն վարույթի շրջանակներում կարող էր իրականացվել դատական գործերով դատավորների գերծանրաբեռնվածության գործոնի առնչությամբ արժեքավոր, օբյեկտիվ իրողություններն հաշվի առնող նախադեպային որոշում կայացնելու եղանակով:
Առաջարկվող լուծումը բխում է նաև ԵԴԽԽ-ի թիվ 24 (2021) կարծիքում («Դատական խորհուրդների զարգացումը և դրանց դերն անկախ և անաչառ դատական համակարգերում») Անդամ-պետություններին արված առաջարկություններից, համաձայն որոնց՝
«Յուրաքանչյուր դատական խորհուրդ պետք է աշխատի թափանցիկ, հիմնավորի իր որոշումներն ու ընթացակարգերը, և այս կերպ լինի հաշվետու»:
(…): «Յուրաքանչյուր խորհուրդ պետք է համապատասխան իրավասություններ ունենա դատական իշխանության և առանձին դատավորների անկախությունը պաշտպանելու համար, որպեսզի դատավորներն ազատ լինեն որոշումներ կայացնելու հարցում՝ առանց անհարկի միջամտության թե´ դատական իշխանության ներսից և թե´ դրսից: (…) Խորհուրդները պետք է վճռականորեն հակազդեն առանձին կամ ընդհանուր առմամբ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձերին»:
2․4 Սույն վարույթով պարզաբանման ենթակա հաջորդ հարցն հետևյալն է՝ արդյո՞ք դատավարական ժամկետների խախտումներ թույլ տալով՝ Դատավորը վարկաբեկել է դատական իշխանությունը, դրսևորել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ.
Գտնում եմ, որ սույն կարծիքի 2.2 -2.3 կետերում ներկայացված դատողությունների և եզրահանգումների համատեքստում դատավորին վերագրված վարքագծի կանոնների առերևույթ խախտումներն հանրային տիրույթում չունեն լուրջ, առավել ևս չափազանց մեծ կարևորություն, որի փաստական և իրավական հիմնավորումները Դատավորը սույն վարույթի ընթացքում բավարար խորությամբ ներկայացրել էր: Նման պայմաններում Խորհուրդը պարտավոր էր ցուցաբերել զգուշավորություն և բավարարվել այն փաստի արձանագրմամբ, համաձայն որի՝ թեև Դատավորը մի քանի դատական գործերով խախտել է դատավարական ժամկետները, սակայն այդ արարքները բոլոր դատավորների գերծանրաբեռնվածության հանրահայտ փաստի, Դատավորին արդարացնող փաստարկների հետ համաձայնելու և դրսևորված մեղքի ձևի (կոպիտ անփութության) պայմաններում նվազ կարևոր են, կարգապահական խախտում չեն հանդիսանում, ուստի չպետք է հանգեցնեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։
Տվյալ եզրահանգումը հիմնված է նաև ԵԴԽԽ-ի ստորև ներկայացված առաջարկների վրա:
Այսպես, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ ԷԹԻԿԱՆ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԵՏ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԵՎ ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԹԻՎ 3 (2002) ԿԱՐԾԻՔ-ում անդրադառնալով դատավորի պատասխանատվության հարցերին, ԵԴԽԽ-ն հանգել է հետևյալ հետևությունների.
«51. Քանի որ հասարակությունը դատավորներին վերապահում է իրավասություններ և տալիս է իր վստահության քվեն, անհրաժեշտություն է առաջանում, որ առկա լինեն դատավորներին պատասխանատու պահելու միջոցներ և նույնիսկ նրանց պաշտոնից հեռացնելու միջոցներ այն դեպքերում, երբ անբարեխիղճ վերաբերմունքը այնքան մեծ է, որ նման միջոցների կիրառումը դառնում է հիմնավորված: Դատական անկախության և ոչ պատշաճ ճնշումներից խուսափելու անհրաժեշտությունից բխում է ցանկացած նման պատասխանատվություն կիրառելու հարցում զգուշավորության անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵԴԽԽ-ն քննարկում է քրեական, քաղաքացիական և կարգապահական պատասխանատվության հարցը՝ ըստ հերթականության: Գործնականում՝ ամենակարևորը դատավորների հավանական կարգապահական պատասխանատվության խնդիրն է:
(…):
բ. Քաղաքացիական պատասխանատվություն
55. Իրենց պարտականությունների կատարման ընթացքում թույլ տրված ոչ դիտավորյալ թերացումների, սխալ որոշումների համար կամ որևէ այլ թերացման հիմքով դատավորի անձի նկատմամբ կարող է նշանակվել քաղաքացիական պատասխանատվություն (օրինակ՝ ձգձգումների համար): Որպես ընդհանուր սկզբունք՝ դատավորները անձնապես պետք է ունենան անմիջականորեն իրենց դեմ հարուցված հայցերով պատասխանատվությունից ազատվելու իրավունք, որոնք առնչվում են իրենց գործառույթների բարեխիղճ կատարմանը: Դատական սխալները, լինեն դրանք ընդդատության, թե ընթացակարգի, օրենքը պարզելու, թե կիրառելու կամ ապացույցները գնահատելու վերաբերյալ, պետք է լուծվեն բողոքարկման կարգով. Դատական այն թերացումները, որոնք հնարավոր չէ ուղղել այս եղանակով (ներառյալ՝ դատական վարույթի անհարկի ձգձգումը), առավելագույնը պետք է ուղղվեն պետության դեմ դատավորության դժգոհ կողմից:
(…):
գ. Կարգապահական պատասխանատվություն
58. Բոլոր իրավական համակարգերում պետք է գոյություն ունենա կարգապահական որևէ տիպի համակարգ, (…):
59. Կարելի է կատարել հետևյալ հարցապնդումները:
i) Ո՞ր դեպքում պետք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:
ii) Ո՞ւմ կողմից և ինչպե՞ս պետք է նախաձեռնվի նման վարույթը:
iii) Ո՞ւմ կողմից և ինչպե՞ս պետք է որոշում ընդունվի:
iv) Ի՞նչ պատժամիջոցներ պետք է կիրառել դատական վարույթի արդյունքում ապացուցված զանցանքի համար:
60. i) հարցի առնչությամբ՝ ԵԴԽԽ-ի առաջին նշումն այն է, որ ճիշտ չէ պատշաճ մասնագիտական չափանիշների խախտումները կապել զանցանքի հետ, որի արդյունքում կարող են կարգապահական սանկցիաներ կիրառվել: Մասնագիտական չափանիշները, որոնք սույն Կարծիքի առաջին մասի քննարկման հարց են, ներկայացնում են լավագույն գործելակերպը, որը բոլոր դատավորները պետք է փորձեն պահպանել և ինչին պետք է ձգտեն բոլոր դատավորները: Չեն խրախուսվում նման չափանիշների հետագա մշակում և դրանց նպատակի թյուրընկալում այն իմաստով, որ դրանք պետք է ընկալվեն որպես իրավախախտման համար կարգապահական վարույթը հիմնավորող սկզբունքներ: Կարգապահական վարույթը հիմնավորելու համար իրավախախտումը պետք է լինի լուրջ և չափազանց մեծ` այնպես, որ հնարավոր չլինի դրանք պարզապես փաստարկել, որովհետև չեն պահպանվել մասնագիտական չափանիշներ, ինչպիսիք նկարագրված են սույն Կարծիքի առաջին մասում նկարագրված ուղեցույցներում:
(…):
77. Կարգապահական պատասխանատվության մասով ԵԴԽԽ-ն գտնում է.
i) յուրաքանչյուր երկրում դատավորների համար կիրառելի օրենքով կամ հիմնարար կանոնադրությամբ պետք է հնարավորինս կոնկրետ սահմանվեն այն թերացումները, որոնք կարող են հանգեցնել կարգապահական սանկցիաների, ինչպես նաև պետք է սահմանվեն կիրառելի ընթացակարգերը,
(…)»:
Ամփոփում և հիմնական եզրահանգումներ․
Կարծում եմ, որ դատարանների բնականոն գործունեության համար պատշաճ ռեսուրսներ ապահովելու պարտականություն կրելու, սակայն դատական գործերով գերծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ պետության (օրենսդիր և գործադիր իշխանության իրավասու մարմինների) կողմից դեռևս ոչ բավարար միջոցառումներ իրականացվելու և դատական գործերով դատարանների շարունակական գերծանրաբեռնվածության հանրահայտ փաստի առկայության պայմաններում, երբ դատավորները պարտավոր են
նախ՝ ապահովել իրենց վարույթում զուգահեռաբար և համամասնորեն քննվող բոլոր դատական գործերով դատավարության կողմերի՝ դատարանի կողմից հատկացված ժամանակի իրենց արդարացի բաժնից օգտվելու և ուշադրության արժանանալու իրավունքը,
բացի այդ՝ հաշվի առնել բոլոր գործերով ծանրաբեռնվածությունը և դատական համակարգը ֆինանսավորող պետության և արդարադատություն ակնկալող կողմերի կարիքները,
դատավոր Ա.Սաֆարյանը, իր վարույթում քննվող որոշակի գործերով դատավարական ժամկետները չպահպանելով, ոչ իրավաչափորեն խախտել է այդ կողմերի՝ ողջամիտ ժամկետում դատական քննության և խախտված իրավունքներն արագորեն վերականգնելու իրավունքները։
Սակայն դատական իշխանությունը դրանով չի վարկաբեկվել, Դատավորը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ չի դրսևորել, քանի որ՝
- հանրությունը իրազեկված է, իսկ հանրային իշխանության մարմինները քաջատեղյակ են դատարանների և դատավորների՝ դատական գործերով գերծանրաբեռնվածության խնդրի, դատարան մուտքագրվող գործերի շարունակական աճի մասին․
- գերծանրաբեռնվածության խնդրի լուծումը, հաշվի առնելով դրա համակարգային, տևական և շարունակական բնույթն ու ծավալները, օբյեկտիվորեն այլևս դուրս է կոնկրետ գործերը քննող դատավորների և նրանց աշխատակազմերի լուծման ֆիզիկական հնարավորությունների տիրույթից․
- Լիազոր մարմինը դատավոր Ա.Սաֆարյանին չի մեղսագրել դատավարական ժամկետների խախտման հատկանիշներ պարունակող արարքները չարամտորեն (դիտավորությամբ) կատարելու հանգամանք, 29 առավել ևս հիմնավորել այն, բացակայում են քննարկվող գործերից որևէ մեկով դատավարության որևէ մասնակցի նկատմամբ կողմնակալ վարքագիծ, այդ թվում՝ դատավարական ժամկետների պահպանման առումով բացահայտ անտարբերության դրսևորելու վերաբերյալ փաստական տվյալները։
- Լիազոր մարմնի և/կամ նրա ներկայացուցիչների կողմից չեն հերքվել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված գերծանրաբեռնվածության վերաբերյալ Դատավորի ներկայացրած, նրան արդարացնող փաստարկները, 30 որի պայմաններում դրանք ընդունվում են որպես հաստատված (ապացուցված) փաստեր՝ մեկնաբանվելով հօգուտ Դատավորի:
- Դատավորին վերագրված արարքների հետևանքով դատավարության կողմի խախտված իրավունքներն անվերականգնելի չեն (Միջնորդությամբ Դատավորին վերագրվում է կոնկրետ գործերով միայն դատավարական ժամկետների խախտումներ), 31 Դատավորի «մեղքով» բաց թողնված ժամկետները (անշուշտ բողոքարկելու ցանկություն առաջանալու դեպքում) շահագրգիռ կողմի բողոքի հիման վրա ենթակա են վերականգնման իրավունքի ուժով՝ որպես ելակետ ընդունելով դատական ակտի փաստացի ստացման օրը։ Միջնորդությունը չի բովանդակում որևէ հիմնավորում առ այն, որ Դատավորին վերագրված իրավախախտումների հետևանքով վարույթ հարուցելու հաղորդմամբ դիմած անձանց և նրանց վստահորդների մոտ առաջ է եկել սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ սահմանափակում, կամ նրանց մոտ առաջացել են օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ուստի իրավունքի նման խախտումները որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող արարքներ դիտարկելու եզրահանգումը նախևառաջ բխում է Բարձրագույն դատական խորհրդի 2021թ. ապրիլի 05-ի ԲԴԽ-7-Ո-Կ-02 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից:
- Եզրափակիչ որոշման մեջ նույնիսկ Խորհուրդն է արձանագրել է, որ «Դատավորի կողմից թույլ է տրվել գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջի խախտում, այնուամենայնիվ, տվյալ դեպքում ըստ էության այդ կերպ դատավարության մասնակիցների համար որևէ բացասական իրավական հետևանք չի առաջացրել, չի բացառել դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունը, մասնավորապես հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները, գործի վարույթը կարճելու մասին որոշումները, թվով 12 վճիռները թեև հրապարակվել և ուղարկվել են օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, սակայն հայցադիմումները կրկին չեն ներկայացվել, բացի այդ ոչ գործի վարույթը կարճելու մասին որոշումները, ոչ թիվ ԵԴ/49742/02/21, ԵԴ/49751/02/21, ԵԴ/49757/02/21, ԵԴ/50237/02/21, ԵԴ/50236/02/21, ԵԴ/50227/02/21, ԵԴ/36085/02/21, ԵԴ/36081/02/21, ԵԴ/36079/02/21, ԵԴ/31395/02/22, ԵԴ/22449/02/21 քաղաքացիական գործերով վճիռները չեն բողոքարկվել, բացի վերջին երկու գործից հայցվորները դատական ակտերի հարկադիր կարգով կատարման նպատակով չեն դիմել կատարողական թերթ ստանալու համար և միայն 1՝ թիվ ԵԴ/50235/02/21 քաղաքացիական գործով է ներկայացվել վերաքննիչ բողոք, իսկ տրամադրված թվով 54 կատարողական թերթերի հիման վրա Ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ»:32
Վերոնշյալ վերլուծության և դատողությունների արդյունքներով գտնում եմ, որ դատարանի կողմից դատավարական ժամկետների չպահպանումը որքան էլ անթույլատրելի և անընդունելի է, խախտել է տվյալ գործերով ողջամիտ ժամկետում արդարադատություն և խախտված իրավունքների արագ վերականգնում ակնկալող կողմերի իրավունքներն ու օրինական շահերը, այնուամենայնիվ, դատարանների և դատավորների գերծանրաբեռնվածության հանրահայտ փաստի առկայության պայմաններում չի կարող գնահատվել որպես դատական իշխանությունը հեղինակազրկող, մասնավորապես՝ դատական իշխանությունը վարկաբեկող կամ դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ: Վարույթ հարուցած և Միջնորդությունը դատարանում հիմնավորելու պարտականություն կրող մարմինը պարտավոր էր ոչ թե վերացականորեն՝ Խորհրդի նախադեպային որոշման վրա հղում կատարելով, այլ փաստարկված կերպով ապացուցել, որ Դատավորին վերագրված դատավարական ժամկետների խախտումներն իրականում հեղինակազրկել են դատական իշխանությունը կամ նվազեցրել են դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը, 33 Խորհրդին պետք է ներկայացվեին դրանք հիմնավորող բավարար փաստարկներ:34
Դատավորին վերագրված դատավարական նորմերի խախտումների նվազ կարևորության մասին հետևության հանգելու համար նույնիսկ բավարար էր Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմը մեկնաբանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգավորման լույսի ներքո, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» շաղկապով բաժանված պայմաններով։ Դատավոր Ա․ Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար նրան վերագրված կարգապահական խախտումների զանցակազմերի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք պետք է ոչ միայն հեղինակազրկեր (վարկաբեկեր) դատական իշխանությունը, այլ նաև կասկածի տակ դներ դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին (նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված երկու պայմանների առկայությունը պարտադիր էր, քանի որ դրանք բաժանված էին «և», այլ ոչ թե «կամ» շաղկապով)։ Վերջին պայմանը ոչ միայն Խորհրդում չի ապացուցվել (հիմնավորվել), այլ այն վարույթ հարուցած մարմնի կողմից Դատավորին չի էլ մեղսագրվել, հետևաբար՝ խոսք չի կարող գնալ նաև Դատավորին վերագրված արարքների հետևանքով դատական իշխանությունը հեղինակազրկելու (Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կիրառված եզրութաբանությամբ՝ վարկաբեկելու) մասին։
Այսպիսով, Դատավորին վերագրված դատավարական ժամկետների խախտումները, վերը նկարագրված հիմնավորումների համաձայն, ձևականորեն են պարունակում Դատական օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի՝ վարքագծի կանոնի խախտման հատկանիշներ, իրենց էությամբ դատական իշխանությունը չեն հեղինակազրկել (չէին կարող հեղինակազրկել) և ունեն նվազ կարևորության, որի պայմաններում դատավոր Ա․ Սաֆարյանը կարգապահական պատասխանատվության չպետք է ենթարկվեր:
Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:
Օրենքի 156-րդ հոդվածի համաձայն՝
«1. Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝
1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք.
(…)»:
Օրենքի 146-րդ հոդվածի համաձայն՝
«(…):
6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝
(…).
4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են:
Այսպիսով, վերը նշված հիմնավորմամբ գտնում եմ, որ դատավոր Արմինե Սաֆարյանին վերագրված արարքներն իրենց էությամբ չեն հեղինակազրկում դատական իշխանությունը: Դրանք նաև կասկածի տակ չեն դնում դատավոր Ա․ Սաֆարյանի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին, այնքանով, որքանով վերջինս իր աշխատանքային գործունեության ընթացքում, այդ թվում՝ քննարկվող ժամանակահատվածում, լուծում է տվել վարույթում քննված հազարավոր գործերի և ի պաշտոնե գործելիս բարեխղճորեն կատարել և կատարում է ( առնվազն չի խուսափում կատարել) դատավորի առաքելությունը։
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում ներկայացված վերլուծությունները և եզրահանգումները, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, 156-րդ հոդվածի 1-ին մասով և 146-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 96-րդ մասով՝
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝
Լիազոր մարմնի ներկայացրած միջնորդությունը՝ Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ենթակա է մերժման։
________________________________
1 Սույն կարծիքում արված տեքստային բոլոր ընդգծումները (այդ թվում՝ մեջբերված իրավական նորմերի) հեղինակինն են:
2 Միջնորդության փաստական ու իրավական հիմքերը, իրավական հիմնավորումները մանրամասնորեն ներկայացված են տվյալ որոշման 2-3 կետերում (Խորհրդի ԲԴԽ-88-Ո-Կ-20 որոշման 2-րդ կետում), ուստի՝ անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով ամբողջությամբ չեն ներկայացվում։
3 Որպես իրավական հիմնավորում՝ հղումներ են կատարվել Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-630 և թիվ ՍԴՈ-1142 որոշումներով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով (Գանգատ թիվ 31761/04) 01.12.2009 թվականի վճռով, Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի գործով (Գանգատ թիվ 39563/09) 30.03.2017 թվականի վճռով, Բարձրագույն դատական խորհուրդի 22.06.2022 թվականի թիվ ԲԴԽ-49-Ո-Կ-10 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, որոնք Կարծիքում նշված վերապահումով ընդունելի են նաև սույն ակտի հեղինակի համար։
4 Սույն վարույթով դատավոր Ա․Սաֆարյանին վերագրվել է նաև վարքագծի տվյալ կանոնի խախտումը։
5 Վերոնշյալ եզրահանգումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կարգավորումից, համաձայն որի՝ հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի նորմերի, մասնավորապես՝ ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիայի դեպքում գործում է հատուկ նորմը (…): «Lex specialis» կանոնի համաձայն՝ հատուկ նորմերն ընդհանուր նորմերի նկատմամբ ունեն հwրիզոնական առաջնություն, ընդհանուր և հատուկ նորմերի միջև նման հարաբերությունը հիմնված է «սեռայինը կամ ընդհանուրը վերացվում է տեսակայինի կամ հատուկի կողմից» հանրաճանաչ սկզբունքի վրա (Կոլիզիոն իրավունք, գիտագործնական ձեռնարկ, Ա.Ղամբարյանի, Ռ.Խանդանյանի, Կ.Զարիկյանի համահեղինակությամբ, Երևան, 2023թ, էջ 41):
6 Դատավարական իրավունքի խախտումների վերացման գլխավոր եղանակը վարութային ակտի բողոքարկման (վերանայման) ընթացակարգն է, ուստի՝ դատավարական իրավունքի նորմի ամեն խախտում չէ, որ բովանդակում է (կարող է բովանդակել) կարգապահական խախտման հատկանիշներ։
7 Ընդ որում, Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վարքագծի կանոնի խախտում վերագրելու, սակայն այդ հանգամանքը չհաստատվելու դեպքում Դատավորը նվազ լրջության արարքի կատարման՝ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով առավել ևս չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ վերագրված դատավարական իրավունքի նորմի խախտման նվազ կարևորություն ներկայացնելու հիմնավորմամբ։
8 Նշված պարտականությունը բխում է Դատական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից, համաձայն որի՝ կարգապահական վարույթն իրականացվում է նաև օրինականության սկզբունքի հիման վրա:
9 Դատական ակտի պատճառաբանության օրենսդրական պահանջը հատկապես վերաբերելի է որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդին, ում եզրափակիչ որոշումները, Դատական օրենսգրքի գործող իրավակարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չեն և վերջնական են: Մինչդեռ, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը («GRECO») Հայաստանի վերաբերյալ 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հրապարակված զեկույցում ուղղակիորեն արձանագրել է, որ «պետք է նախատեսված լինի ԲԴԽ-ի առաջին հերթին այդ որոշումների բողոքարկման մեխանիզմ (…)» (43-րդ կետ):
10 Տվյալ եզրահանգման հիմնավորումները ներկայացվելու են հաջորդիվ։
11 Եզրափակիչ որոշման մեջ Խորհուրդն արձանագրել է միայն այն, որ Դատավորի նշած փաստարկները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ բացառելու համար Դատավորի կողմից դատավարական նորմի կամ վարքագծի կանոնի խախտման փաստը, սակայն դրանք կարող են որոշիչ կամ կողմնորոշիչ լինել խախտման բնույթի բացահայտման կամ Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակի ընտրության հարցում:
12 «Բ» կետում նշված իրավիճակը սույն վարույթով շոշափվող փաստական տվյալներին վերաբերելի չէ, ուստի չի քննարկվելու։
13 Տվյալ հարցի պարզումը ուշադրության է արժանի նաև դատավորի կողմից անաչառության կանոնը պահպանելու ասպեկտով:
14 Այն ժամանակ, երբ այդ դատական գործերը պետք է ավարտված և ողջամտորեն հանձնված լինեին դատարանի արխիվ, որի պայմաններում նույնիսկ տեսականորեն դատավորն ի վիճակի չէ վերհիշել և վերհանել այն գործերը, որոնցով շոշափվող շահերին առավել կարևորություն տալու հաշվին թույլ է տվել կոնկրետ գործով դատավարական ժամկետի խախտումը:
15 Ըստ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ (քաղաքացիական գործերով) հասու տեղեկատվության։
16 Ըստ Արդարադատության նախարար Գ.Մինասյանի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի 9962-2023 թվակիր նամակի:
17 Տե՛ս սույն վարույթով դատական նիստի արձանագրությունը։
18 Վերաբերում են Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում, Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի շրջանակներում մոնիտորինգի 5-րդ փուլին:
19 Տե՛ս կետ 14, եզրակացություն:
20 Տե՛ս https://www.coe.int/en/web/ccje/status-and-situation-of-judges-in-member-states հղմամբ:
21 Խոսքը դատավորների հաստիքների ավելացման և դրանք արժանի կադրերով համալրելու մասին է։
22 Նման իրավիճակում դատավարական ժամկետի չպահպանումը կարգապահական խախտում դիտակելու և կարգապահական տույժերից ծայրահեղ խստի նշանակման՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու պարագայում՝ այն բովանդակելու է նշանակվող կարգապահական տույժի համաչափության սկզբունքը խախտելու ռիսկեր, ավելին՝ հանգեցնելու է տվյալ դատարանի առանց այն էլ գերծանրաբեռնված այլ դատավորների ծանրաբեռնվածության աճին, այնքանով, որքանով լիազորությունները դադարեցված դատավորի վարույթում առկա բոլոր գործերը օրենքի ուժով վերաբաշխվելու են պաշտոնավարող այդ դատավորներին։
23 Այն, որ քննարկվող մտավախությունն իրատեսական է, սույն դեպքում հաստատվում է դատավոր Ա.Սաֆարյանի բացատրությամբ, որում վերջինը պնդել է, որ սույն վարույթի շրջանակներում Արդարադատության նախարարին հաղորդում ներկայացրած անձինք այդկերպ ակնհայտորեն նպատակ են հետապնդել ճնշում գործադրել իր վրա՝ վարույթում նրանց մասնակցությամբ քննվող թիվ ԵԴ/53204/02/22 քաղաքացիական գործով:
24 Մասնավորապես, Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատարի զեկուցագրի հիման վրա է հարուցվել, ապա դատավորին պատասխանատվության ենթարկելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկվել 2021 թվականի նոյեմբերի 11-ին հարուցված 84-Ա վարույթը, տե՛ս court.am կայք, Խորհրդի 2022 թվականի մարտի 14-ի ԲԴԽ-2-Ո-Կ-1 որոշման 1-ին կետ:
25 Տե՛ս https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2019)024-e հղմամբ, 40-րդ կետ։
26 4-րդ փուլի գնահատման արդյունքներ, RC4(2019)21, պարբերություններ 43-48, ինչպես նաև 2019 թվականի զեկույց, «Կոռուպցիայի կանխագրելումը դատավորների շրջանում» բաժնի պարբերություններ 3-4, տե՛ս https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=161:
27 Դատավորների եվրոպական միության 2023թ. հուլիսի 14-ի նամակը տե՛ս https://www.iaj-uim.org/news/letter-eaj-board-on-armenia/) հղմամբ, 2023 թվականի հունիսի 2-ի բանաձևը տե՛ս http://ajra.am/hy/news/433-2023-06-08-19-00-51 հղմամբ, «ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ (ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ) ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ» եզրակացություն, 2022 թվականի զեկույցը տե՛ս http://ajra.am/hy/news/372-64 հղմամբ:
28 ՀՀ դատավորների միության նախագահի 2022 թվականի մայիսի 6-ի հայտարարության 5.1 կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերություն, տե՛ս http://ajra.am/hy/news/341-2022-05-06-07-54-29 հղմամբ:
29 Ըստ Լիազոր մարմնի ներկայացրած Միջնորդության՝ Դատավորին վերագրված արարքները նա կատարել է կոպիտ անփութությամբ, որի պայմաններում դատավարական ժամկետները չարամտորեն խախտելու վերաբերյալ խոսելը տեղին չէ:
30 Տե՛ս սույն կարծիքի 1․7 կետում:
31 Տե՛ս սույն կարծիքի 1․1 կետում:
32 Տե՛ս Խորհրդի եզրափակիչ որոշման 35-րդ էջի վերջին պարբերությունում:
33 Այն, որ հնարավոր են իրավիճակներ, երբ դիտավորությամբ դատավարական ժամկետի խախտում թույլ տալը կարող է նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության նկատմամբ, ընդունելի է, սակայն մեղքի կոպիտ անփութության ձևով դատավարական ժամկետի խախտում թույլ տալու պարագայում ուղղակի անհնար է նվազեցնել դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը, մասնավորապես՝ անկախության և անաչառության ասպեկտով: Ինչևէ, վերոնշյալ հանգամանքն անգամ չի խոչընդոտել, որ Խորհուրդն եզրափակիչ որոշման մեջ արձանագրի, որ «Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ», տե՛ս եզրափակիչ որոշման 37 էջի 1-ին պարբերությունում:
34 Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գնահատող թիմի 5-րդ փուլի լրամշակված զեկույցի նախագծի համաձայն՝ «դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորել» վարքագծի կանոնը, որը կարգապահական վարույթների ընթացքում ակտիվորեն կիրառվում է, սահմանված է չափազանց անորոշ կամ չափազանց լայն ձևով, ինչը կրում է սուբյեկտիվ և հայեցողական ձևերով այն կիրառելու ռիսկեր, ուստի՝ չի համապատասխանում պահանջվող չափանիշին:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Ա.Ժ․ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|