Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.10.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2014/02/17

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2014/02/17

Նախագահող դատավոր`

 Կ. Համբարձումյան

Դատավորներ`

 Հ. Ենոքյան

 Ն. Գաբրիելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և Զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հոկտեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մարտին Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարտին Վարդանյանի հայցի ընդդեմ «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և Աշոտ Հակոբյանի` վնասը հատուցելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարտին Վարդանյանը պահանջել է Ընկերությունից և Աշոտ Հակոբյանից համապարտության կարգով բռնագանձել 342.000 ՀՀ դրամ, որից 115.000 ՀՀ դրամը՝ որպես չփոխհատուցված վնասի գումար, 27.000 ՀՀ դրամը՝ որպես խախտված իրավունքները վերականգնելու նպատակով կատարված փորձաքննության ծախս ու 200.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 09.06.2020 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթն ըստ Մարտին Վարդանյանի հայցի ընդդեմ Աշոտ Հակոբյանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին, կարճվել է՝ հայցվորի կողմից պահանջից հրաժարվելու հիմքով, իսկ ըստ Մարտին Վարդանյանի հայցի ընդդեմ Ընկերության՝ վնասը հատուցելու պահանջի մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.05.2022 թվականի որոշմամբ Մարտին Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.06.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարտին Վարդանյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 60-րդ, 62-րդ ու 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ դրանում արտացոլված չեն ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ու իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ Դատարանի դատողությունների ընթացքն այն առումով, որ անհասկանալի է, թե Դատարանն ինչու չի նշանակել կրկնակի փորձաքննություն, և ինչու է Դատարանի կողմից իր՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործընթացի շրջանակներից դուրս վնասի չափի գնահատման վերաբերյալ ստացված փորձաքննությունը դիտարկվում որպես հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույց:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ապահովագրական ընկերությունը տուժողին պատճառված վնասը հատուցում է կա՛մ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված, կա՛մ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի (այսուհետ՝ Բյուրո) որակավորած փորձագետների կողմից տրված եզրակացությամբ սահմանված չափով: Դատարանը ճանապարհատրանսպորտային պատահարների առնչությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործեր քննելիս ոչ միայն կաշկանդված չէ պատճառված վնասների չափի մասին Բյուրոյի որակավորած փորձագետների տված եզրակացությամբ, այլ, ընդհակառակը, եզրափակիչ դատական ակտով ինքն է որոշում և հաստատում պատճառված վնասի չափը:

Տվյալ դեպքում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում իրեն պատճառված նյութական վնասը փոխհատուցելու պահանջով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմել է Ընկերությանը, ինչի արդյունքում Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից իրականացվել է առաջնային փորձաքննություն, ու իր ավտոմեքենային հասցված նյութական վնասը գնահատվել է 380.000 ՀՀ դրամ: Մինչդեռ պատճառված վնասն ավելին է եղել, և ինքը, համաձայն չլինելով առաջնային հաշվետվությամբ սահմանված վնասի չափի հետ, դիմել է դատարան՝ պատճառված վնասը հատուցելու պահանջով: Ստորադաս դատարանների կողմից իր պահանջը մերժվել է առաջնային փորձաքննության արդյունքների վերաբերյալ իր անհամաձայնությունը կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացնելու միջոցով չիրականացվելու պատճառաբանությամբ, ինչը դուրս է բողոքում նշված իրավանորմերի տրամաբանությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության կողմից իրականացվել է Մարտին Վարդանյանին պատկանող ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն (անվիճելի փաստ).

2) ՀՀ ոստիկանության ՃՈ ՃՏՊ բաժնի ավագ տեսուչ Գ. Խանաղյանի կողմից 04.12.2015 թվականին կազմված թիվ 2-14677 եզրակացության համաձայն՝ 11.11.2015 թվականին ժամը 09:10-ի սահմաններում Աշոտ Հակոբյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Ճանապարհային երթևեկության կանոնների 77-րդ կետի 1-ին մասի պահանջների խախտումներ, որի հետևանքով իր ավտոմոբիլի առջևի աջ մասով բախվել է նաև Վահե Վարդանյանի ավտոմոբիլի ձախ կողային մասին (հատոր 1-ին, գ.թ. 7).

3) 29.12.2015 թվականին Մարտին Վարդանյանը բողոք-պահանջ է ներկայացրել Ընկերությանը՝ նշելով, որ բողոք-պահանջում նշված պատճառաբանությամբ համաձայն չէ վնասի գնահատման առաջնային հաշվետվության հետ, որի համաձայն՝ գույքին պատճառված վնասը կազմում է 380.000 ՀՀ դրամ, և խնդրել է հատուցել իրական վնասը (հատոր 1-ին, գ.թ. 17).

 

4) 21.01.2016 թվականին Մարտին Վարդանյանն Ընկերության դեմ պահանջ է ներկայացրել Ֆինանսական համակարգի հաշտարարին, որից հետագայում հրաժարվել է, և Ֆինանսական համակարգի հաշտարարը 21.03.2016 թվականին որոշում է կայացրել պահանջի քննությունը դադարեցնելու մասին։ Նշված պահանջի քննության շրջանակներում «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից տրվել է գնահատման հաշվետվություն այն մասին, որ վթարի հետևանքով Մարտին Վարդանյանին պատկանող ավտոմեքենային պատճառված վնասը կարող է կազմել 495.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 18, 19, 43-46).

5) 05.08.2016 թվականին Մարտին Վարդանյանը դիմել է Ընկերությանը՝ խնդրելով տալ տեղեկատվություն իր ավտոմեքենային 495.000 ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնասը հատուցելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ։ Ի պատասխան այդ դիմումի՝ Ընկերությունը հայտնել է, որ գնահատման փորձաքննությամբ սահմանված 380.000 ՀՀ դրամն իր կողմից փոխանցվել է Մարտին Վարդանյանի տարանցիկ հաշվեհամարին, իսկ ինչ վերաբերվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջը քննելու ընթացքում նշանակված փորձաքննությամբ սահմանված գումարին, ապա այդ պահանջից հրաժարվելու պայմաններում Ընկերության համար որևէ պարտավորություն չի կարող առաջանալ (հատոր 1-ին, գ.թ. 15, 16).

6) Մարտին Վարդանյանի ներկայացուցիչ փաստաբան Մամիկոն Մանուկյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացություն է տրվել այն մասին, որ հայցվորի ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը կարող է կազմել 479.400 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 24-26)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերին, ինչպես նաև փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանը։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Նշված հարցին անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (տե՛ս ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289)՝ արձանագրելով, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ու եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս Աշինգդանեն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայմաններից է նաև ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: (…) Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը (տե՛ս «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունն ու սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է (տե՛ս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով ապահովագրական հարաբերությունները կարգավորող վերը նշված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավանորմերի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել նաև հետևյալը.

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին (…): Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի)` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում (…): Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձևով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա նույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում (…):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նույն մասով նախատեսված փորձագետը չպետք է փոխկապակցված լինի ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) հետ: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Վերը նշված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով նույն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած՝ նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հատուցման իրավունք ունեցող անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը։ Ընդ որում, քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված չլինելու կամ տվյալ գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունված չլինելու դեպքում գույքին պատճառված վնասի չափը գնահատվում է Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից։

Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նաև պատճառված վնասի չափի որոշման ընթացակարգը, որի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը, տուժողից կամ նրա իրավահաջորդից ստանալով ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը, Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին: Ապահովագրական ընկերությունը, ստանալով փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի նշանակվում լրացուցիչ փորձաքննություն կամ չի ներկայացված կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին պահանջ, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գրավոր ձևով որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։

Բոլոր այն դեպքերում, երբ ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա ծանուցումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նշված անձանց փոխադարձ համաձայնությամբ կարող է նշանակվել լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքների մասին ևս ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է գրավոր ծանուցել ապահովադրին, ապահովագրված անձին ու տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջ չի ներկայացվում, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, իսկ այն դեպքում, երբ ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նրանք այդ մասերով սահմանված ծանուցման օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեն պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում, որը նշանակելու մասին Բյուրոն ընդունում է որոշում։

Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Ընդ որում, կրկնակի փորձաքննության ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

Վերը նշված նորմերը ենթարկելով համակարգային վերլուծության, դրանք համադրելով վկայակոչված սահմանադրական և կոնվենցիոն նորմերի, Եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով զարգացնելու Օրենքի 21-րդ ու 22-րդ հոդվածները, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում օրենսդիրը որոշակի սահմանափակումներ է կիրառել Օրենքի իմաստով պատճառված վնասի չափը դատական կարգով որոշելու համար՝ դրա որոշման եղանակներն առավելապես նախատեսելով արտադատական կարգով, իսկ այդ վնասի չափի որոշման համար դատական կարգ սահմանել է բացառապես այն դեպքի համար, երբ արտադատական կարգով արդեն իսկ առկա է կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքների հետ վերը նշված անձանցից որևէ մեկն անհամաձայնություն ունի, և անհրաժեշտ է կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով։ Նման իրավակարգավորում նախատեսելու արդյունքում, ըստ էության, չի խախտվում անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, ու անձը չի զրկվում այդ իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանելով նման իրավակարգավորում՝ օրենսդիրը նաև հետապնդել է իրավաչափ նպատակ՝ ողջամիտ հարաբերակցություն պահպանելով ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության կողմից իրականացվել է Մարտին Վարդանյանին պատկանող ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն։ ՀՀ ոստիկանության ՃՈ ՃՏՊ բաժնի ավագ տեսուչ Գ. Խանաղյանի կողմից 04.12.2015 թվականին կազմված թիվ 2-14677 եզրակացության համաձայն՝ 11.11.2015 թվականին ժամը 09:10-ի սահմաններում Աշոտ Հակոբյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Ճանապարհային երթևեկության կանոնների 77-րդ կետի 1-ին մասի պահանջների խախտումներ, որի հետևանքով իր ավտոմոբիլի առջևի աջ մասով բախվել է նաև Վահե Վարդանյանի ավտոմոբիլի ձախ կողային մասին։

29.12.2015 թվականին Մարտին Վարդանյանը բողոք-պահանջ է ներկայացրել Ընկերությանը՝ նշելով, որ բողոք-պահանջում նշված պատճառաբանությամբ համաձայն չէ վնասի գնահատման առաջնային հաշվետվության հետ, որի համաձայն՝ գույքին պատճառված վնասը կազմում է 380.000 ՀՀ դրամ, և խնդրել է հատուցել իրական վնասը։

21.01.2016 թվականին Մարտին Վարդանյանն ընդդեմ Ընկերության պահանջ է ներկայացրել Ֆինանսական համակարգի հաշտարարին, որից հետագայում հրաժարվել է, և Ֆինանսական համակարգի հաշտարարը 21.03.2016 թվականին որոշում է կայացրել պահանջի քննությունը դադարեցնելու մասին։ Նշված պահանջի քննության շրջանակներում «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից տրվել է գնահատման հաշվետվություն այն մասին, որ վթարի հետևանքով Մարտին Վարդանյանին պատկանող ավտոմեքենային պատճառված վնասը կարող է կազմել 495.000 ՀՀ դրամ։

Դրանից հետո՝ 05.08.2016 թվականին, Մարտին Վարդանյանը դիմել է Ընկերությանը՝ խնդրելով տալ տեղեկատվություն իր ավտոմեքենային 495.000 ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնասը հատուցելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին, որին ի պատասխան Ընկերությունը հայտնել է, որ գնահատման փորձաքննությամբ սահմանված 380.000 ՀՀ դրամն իր կողմից արդեն իսկ փոխանցվել է Մարտին Վարդանյանի տարանցիկ հաշվեհամարին, իսկ ինչ վերաբերվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջը քննելու ընթացքում նշանակված փորձաքննությամբ սահմանված գումարին, ապա այդ պահանջից հրաժարվելու պայմաններում Ընկերության համար որևէ պարտավորություն չի կարող առաջանալ։

Մարտին Վարդանյանի ներկայացուցիչ փաստաբան Մամիկոն Մանուկյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից եզրակացություն է տրվել այն մասին, որ հայցվորի ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը կարող է կազմել 479.400 ՀՀ դրամ։

Այժմ Մարտին Վարդանյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ նաև Ընկերության՝ պահանջելով Ընկերությունից բռնագանձել 342.000 ՀՀ դրամ, որից 115.000 ՀՀ դրամը՝ որպես չփոխհատուցված վնասի գումար, 27.000 ՀՀ դրամը՝ որպես խախտված իրավունքները վերականգնելու նպատակով կատարված փորձաքննության ծախս և 200.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատարանը, պատճառաբանելով, որ «ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում տուժողի գույքին պատճառված վնասի չափը քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված չլինելու դեպքում գնահատվում է Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից, որն էլ ապահովագրողի կողմից, պահանջվող այլ վավերապայմանների առկայության դեպքում, ենթակա է վճարման տուժողին՝ որպես ապահովագրական հատուցման գումար, իսկ նշված փորձաքննության արդյունքների վերաբերյալ անհամաձայնությունը կարող է իրացվել կրկնակի փորձաքննության անցկացման պահանջով», «տվյալ դեպքում չեն պահպանել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով և ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ապահովագրական հատուցման վճարման ընթացակարգերը, որպիսի պայմաններում պատասխանող ապահովագրական ընկերության համար չի կարող առաջանալ Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից գնահատված վնասի չափի և հայցվորի կողմից ներկայացված «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Հ112 հաշվետվությամբ ու «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.04.2017 թվականի թիվ 33001610 եզրակացությամբ որոշված վնասի չափի տարբերությունը, որպես ապահովագրական հատուցման գումար, հայցվորին վճարելու պարտավորություն, քանի որ, ինչպես վերը նշվել է, տվյալ դեպքում պահպանված չեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, նկատի ունենալով, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում հայցվորի գույքին պատճառված վնասի չափը քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված չլինելու դեպքում գնահատվել է Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից, որը կազմել է 380.000 ՀՀ դրամ և պատասխանող «Ռեսո» ԱՓԲ ընկերության կողմից վճարվել է հայցվորին, իսկ հայցվորը նշված փորձաքննության արդյունքների վերաբերյալ իր անհամաձայնությունը չի իրականացրել կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացնելով», գտել է, որ «Մարտին Աղավարդի Վարդանյանի հայցն ընդդեմ «Ռեսո» ԱՓԲ ընկերության՝ վնասի հատուցման պահանջի մասին, անհիմն է, ուստի այն պետք է մերժել»։

Վերաքննիչ դատարանը Մարտին Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ «հիմնավոր է գնահատում Դատարանի այն եզրահանգումը, որ տվյալ դեպքում չեն պահպանել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով և ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ապահովագրական հատուցման չափի որոշման ընթացակարգերը, որպիսի պայմաններում պատասխանող «Ռեսո» ԱՓԲԸ-ի համար չի կարող առաջանալ առաջնային փորձաքննությամբ գնահատված վնասի չափի և հայցվորի կողմից ներկայացված «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Հ112 հաշվետվությամբ ու ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 26.04.2017 թվականի թիվ 33001610 եզրակացությամբ որոշված վնասի չափի տարբերությունը հայցվորին վճարելու պարտավորություն։ Իսկ դա պայմանավորված է նրանով, որ տվյալ դեպքում պահպանված չեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, նկատի ունենալով, որ հայցվորը նշված փորձաքննության արդյունքների վերաբերյալ իր անհամաձայնությունը չի իրականացրել կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացնելով»։

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը եկել են իրավաչափ եզրահանգման, քանի որ 29.12.2015 թվականին Մարտին Վարդանյանի կողմից Ընկերությանը ներկայացված բողոք-պահանջը բովանդակային առումով իրենից չի ներկայացնում կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին պահանջ վերջինիս կողմից չի ներկայացվել նաև լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու մասին պահանջ։ Այդպիսի պահանջ իրենից չի ներկայացնում նաև 05.08.2016 թվականին Մարտին Վարդանյանի կողմից Ընկերությանը հասցեագրված դիմումը՝ կապված ավտոմեքենային պատճառված նյութական վնասը հատուցելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին տեղեկատվություն տրամադրելու հետ։ Այսինքն՝ սույն գործով առկա չէ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին Մարտին Վարդանյանի կողմից ներկայացված դիմում, ուստիև՝ կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքը ենթակա լիներ բողոքարկման դատական կարգով։

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջներով հայց ներկայացնելու համար պետական տուրքի չափը որոշվում է հայցագնի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասի համաձայն՝ հայցագինը որոշվում է դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` պահանջվող գումարի չափով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցագնի մեջ չի ներառվում դատական ծախսերի գումարը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

 Սույն գործով հայցադիմումը ներկայացնելու ժամանակ գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` գույքային պահանջի գործերով՝ հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

 Նկատի ունենալով, որ Դատարանը պետական տուրքի հարցը համարել է լուծված՝ հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումարը Մարտին Վարդանյանի կողմից նախապես վճարված լինելու հիմքով, վերաքննիչ բողոք ներկայացնելիս Մարտին Վարդանյանը դրա համար սահմանված պետական տուրքը վճարել է, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելիս Մարտին Վարդանյանի կողմից նախապես չի վճարվել դրա համար սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարտին Վարդանյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ (հայցագնի 3%-ը պակաս է բազային տուրքի տասնապատիկից)՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Մարտին Վարդանյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար։

Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և Զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: