ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20821/02/19 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/20821/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023 թվականի սեպտեմբերի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Նախարարության հայցի ընդդեմ Յակով Ասատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է Յակով Ասատրյանից բռնագանձել 4․686․158 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.05.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.07.2021 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և բողոքաբերին տրամադրվել է տասնհինգօրյա ժամկետ դրանում առկա թերությունը վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար:
Վերաքննիչ դատարանի 08.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Նախարարության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Ա․ Աղաբալյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 07.01.2023 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 368-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարության կողմից պահպանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու պահանջները, մասնավորապես վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը՝ հաստատված Նախարարության գլխավոր հաշվապահի կողմից։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փոխանցումը կատարվել է Կենտրոնական գանձապետարան՝ 900005169264 հաշվեհամարին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ դեռևս ՀՀ ֆինանսների նախարարի 23․05․2020 թվականի գրությամբ հնարավորություն է տրվել ՀՀ պետական կառավարման մարմիններին՝ հայցադիմումներ, դիմումներ, գանգատներ, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնել, դատարանի կողմից տրամադրվող փաստաթղթերի պատճեններ ստանալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումները կատարել առցանց եղանակով՝ գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման «CLIENT– TREASURY» համակարգի միջոցով։ Մասնավորապես՝ ՀՀ պետական կառավարման մարմինների համապատասխան աշխատակիցներին տրվել է անհրաժեշտ հասանելիություն՝ վճարման ենթակա պետական տուրքի գումարը ՀՀ դատական դեպարտամենտի անվամբ բացված համապատասխան եկամտային հաշվեհամարին փոխանցելու համար։
Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում Նախարարությունն անհիմն և անօրինական ձևով զրկվել է արդար դատաքննության իրավունքից, որի բաղկացուցիչ մասն է կազմում ստորադաս դատարանի դատական ակտի դեմ Նախարարության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու անհնարինությունը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ կայացնելով նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ էլեկտրոնային եղանակով կատարված և թղթային տարբերակով դատարան ներկայացված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթղթի` պետական տուրքի վճարման փաստը հաստատող պատշաճ ապացույց դիտարկելու հանգամանքին` վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը, սակայն, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ու այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59):
Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Ի հավելումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (…) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, (…) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան:
«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետի համաձայն՝ գանձապետարանի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը։
«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազոր մարմնի անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում և նույն օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարվում է լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշիվը (այսուհետ` գանձապետական միասնական հաշիվ), որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված հաշիվ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին ամրագրված բոլոր միջոցները հաշվեգրվում են գանձապետական միասնական հաշվին:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների կողմից բոլոր վճարումներն իրականացվում են գանձապետական միասնական հաշվից (եթե այլ բան չի նախատեսված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով)` լիազոր մարմնի սահմանած կարգով:
ՀՀ կառավարության 15.06.2018 թվականի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 706-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 2-րդ կետի համաձայն՝ բյուջեների կատարումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով` միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների դրամական միջոցների շրջանառումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական գանձապետական հաշվով:
Կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ նախարարությունն իրականացնում է բյուջեների կատարման գործընթացի կազմակերպումը` այդ նպատակով իրականացնելով` պետության, համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձանց տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը։
Կարգի 11-րդ կետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բյուջետային հիմնարկները և իրավաբանական անձինք, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաստատված նախահաշիվ, համարվում են բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներ (այսուհետ` նաև ԲՍԿ):
Կարգի 12-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակվում է ԲՍԿ-ի գլխավոր հաշվապահ: ԲԳԿ-ն չհանդիսացող ԲՍԿ-ի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունների և պարտականությունների կատարումն ապահովում է գլխավոր հաշվապահը:
Կարգի 13-րդ կետի համաձայն՝ ԲԳԿ-ի ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են`
1) առաջին կարգի ստորագրության իրավունքով՝ ԲԳԿ-ի աշխատակազմի ղեկավարը (գլխավոր քարտուղարը) կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալը (գլխավոր քարտուղարի տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի դեպքում պետական մարմնի ղեկավարը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը: Այն հիմնարկներում, որոնց հիմնադիրը, համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, պետական մարմնի ղեկավարը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը.
2) երկրորդ կարգի ստորագրության իրավունքով` ԲԳԿ-ի ֆինանսական ծառայության ղեկավարը, ֆինանսական ծառայության ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը կամ գործերի կառավարիչը:
Կարգի 14-րդ կետի համաձայն ԲՍԿ-ի ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են`
1) առաջին կարգի ստորագրության իրավունքով` պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը, այն հիմնարկների համար, որոնց հիմնադիրը, համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ իրավաբանական անձանց համար` գործադիր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը.
2) երկրորդ կարգի ստորագրության իրավունքով` ԲՍԿ-ի ֆինանսական ծառայության ղեկավարը, ֆինանսական ծառայության ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը կամ գործերի կառավարիչը.
3) (․․․)
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված փաստաթղթերի ստորագրության (ստորագրությունների) և կնիքի (կնիքների) նմուշները հաստատում է ԲԳԿ-ի կառավարումը (ղեկավարումը) իրականացնող պաշտոնատար անձը, իսկ իրավաբանական անձի դեպքում` գործադիր մարմնի ղեկավարը: Ստորագրությունների նմուշների օրինակելի ձևը սահմանվում է N 1 ձևով:
Կարգի 27-րդ կետի համաձայն՝ բյուջեներից կամ նախահաշվից (այսուհետ նաև բյուջեներ) վճարումները հաշվառում է գանձապետարանը` այդ նպատակով բացված գանձապետական հաշիվների վարման միջոցով: Բյուջեներից վճարումների հաշվառման հիմքը գանձապետական հաշիվներից համապատասխան միջոցների ելքագրումը հավաստող սկզբնական փաստաթղթերն են:
Կարգի 29-րդ կետի համաձայն՝ բյուջեների ծախսերի կատարման համար պատասխանատու են բյուջետային հատկացումների կարգադրիչները, իրավաբանական անձի համար` գործադիր մարմնի ղեկավարը, իսկ միասնական գանձապետական հաշվից միջոցների ելքագրման համար՝ նախարարությունը` հիմք ընդունելով ԲԳԿ-ի և իրավաբանական անձի կողմից ներկայացված հիմնավորող փաստաթղթերը:
Կարգի 38-րդ կետի համաձայն՝ (․․․) Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքներով պետական կառավարչական հիմնարկներին թույլատրվում է վճարովի ծառայություններ մատուցել այլ պետական կառավարչական հիմնարկներին, դրանց արդյունքում առաջացած պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով. ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարովի ծառայություն մատուցելու վերաբերյալ երկու պետական հիմնարկների միջև ստորագրված վարչական ակտի պատճենը, ինչպես նաև N 4 ձևով սահմանված գանձապետական վճարման հանձնարարագիր` առանց այդ վճարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու։ Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան։ Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանման կողմից վերադարձվում են ԲՍԿ-ին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ կառավարության 15.06.2018 թվականի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 706-Ն որոշմամբ հաստատված կարգի համապատասխան դրույթները, արձանագրում է, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ հաստատվել է բյուջեների կատարման կարգը` համաձայն հավելվածի։ Սահմանվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գանձապետական միասնական համակարգում ներառված պետական ու այլ հիմնարկների, իրավաբանական անձանց բոլոր դրամական միջոցների շրջանառման գործընթացը, այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները, գանձապետական միասնական հաշիվներից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողությունը: Նշված կարգով նախատեսվել են որոշակի իրավակարգավորումներ, ստեղծվել է գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգ և հաստատվել են հատուկ ստորագրությունների նմուշների և կնիքի վերաբերյալ ձևանմուշներ, որոնց ձևերը և լրացման պահանջները հաստատվել են Կարգին կից։
Սույն Կարգին կից հաստատված թիվ 4 Գանձապետական վճարման հանձնարարագրի օրինակելի ձևի ուսումնասիրությունից հետևում է, որ
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի հերթական համարը,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը(...),
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված փաստաթղթում իրավունք ունեն լրացնելու միայն նույն կարգով հաստատված իրավասու անձինք։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարգով սահմանված գանձապետական վճարահաշվարկային փաստաթղթի էլեկտրոնային եղանակով ներկայացման դեպքում ստորագրության վավերապայմանին անդրադառնալիս պետք է կարևորել այն, որ փաստաթուղթը ստորագրելու իրավասությունը Կարգով հստակ տրված է անձանց որոշակի շրջանակի՝ առաջին կարգի ստորագրության իրավունք ունեն պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը, երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեն` ԲՍԿ-ի ֆինանսական ծառայության ղեկավարը, ֆինանսական ծառայության ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը կամ գործերի կառավարիչը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարությունը 06.07.2021 թվականին Դատարանի 27.05.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 3-11):
Վերաքննիչ դատարանը 23.07.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը՝ ի թիվս այլ խախտումների նաև այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթուղթը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի վճարումը հաստատող թույլատրելի և արժանահավատ ապացույց չէ (հատոր 2-րդ, գ.թ. 25-26):
Նախարարությունը 06.08.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 38-46)։
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Նախարարության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն հիմնավորմամբ, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կցել է 06.07.2021 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված՝ անհայտ անձի կողմից ստորագրված և բողոք բերած անձի կնիքը պարունակող «Վճարման հանձնարարագիր» վերտառությամբ նույն փաստաթուղթը, որը Վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվել է անարժանահավատ, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել (հատոր 2-րդ, գ.թ. 74):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։
Սույն գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ Նախարարության կողմից պետական տուրքի փոխանցումն իրականացվել է գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգի՝ «Client-treasury» էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է դատարան թղթային տարբերակով: Մասնավորապես, վերաքննիչ բողոքին կից բողոքաբերը ներկայացրել է պետական տուրքի վճարման անդորրագիր, որում առկա է փաստաթղթի համարը՝ «N361», գործարքի ամսաթիվը՝ «01 հուլիսի 2021թ.», վճարված գումարի չափը՝ «140,585․00», արժույթը՝ «ՀՀ դրամ», վճարման նպատակը՝ «Պետական տուրք՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակով», վճարողի անվանումը՝ «ՀՀ Պաշտպանության նախարարություն», հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (դեբետ)՝ «900001099291», շահառուի (ստացող) հաշվեհամարը՝ «900005169264», գործարքն իրականացնող իրավասու անձի ստորագրությունը, ինչպես նաև այն հաստատված է Նախարարության ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության կլոր կնիքով:
Վերաքննիչ դատարանը 23.07.2021 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը վերադարձրել է պատճառաբանությամբ, որ ներկայացված վերաքննիչ բողոքին կցված «Վճարման հանձնարարագիր N361» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի և արժանահավատ ապացույց համարվել, քանի որ միակողմանի կազմված ու անհայտ անձի կողմից ստորագրված և բողոք բերած անձի կնիքը պարունակող փաստաթուղթ է։
Նախարարությունը երկրորդ անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքին կից կրկին ներկայացրել է նույն փաստաթուղթը։
Վերոգրյալից հետևում է, ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կարգով սահմանված վավերապայմանները։ Ավելին՝ վերոնշյալ պետական տուրքի վճարման «Վճարման հանձնարարագիր N361» վերտառությամբ փաստաթուղթը չէր կարող ստորագրված լինել անհայտ անձի կողմից, քանի որ ՀՀ կառավարության 15.06.2018 թվականի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 706-Ն որոշմամբ հաստատված Կարգը սահմանել է նման փաստաթղթերի օրինակելի ձևանմուշը և այն անձանց սպառիչ ցանկը, ովքեր իրավասու են ստորագրել նշված փաստաթուղթը, ու քանի որ, տվյալ դեպքում պետական տուրք վճարող է հանդիսանում Նախարարությունը, ապա վճարահաշվարկային փաստաթուղթը հաստատվել է նաև Նախարարության համապատասխան վարչության կլոր կնիքով, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 15.06.2018 թվականի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 706-Ն որոշմամբ հաստատված Կարգի դրույթները, որոնք պետք է կիրառեր, սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը` թույլ տալով դատավարական նորմի խախտում։ Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, զրկել է Նախարարությանը՝ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Նախարարության՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ սահմանափակելով Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ Նախարարության դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: