Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23171/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23171/02/20

Նախագահող դատավոր

 Ն. Մարգարյան

Դատավորներ

 Ս. Թորոսյան

 Լ. Հովհաննիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հորիզոն-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08072022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սարգիս Շահվերդյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սարգիս Շահվերդյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության փոխտնօրեն Ա Խաչատրյանի 16052020 թվականի թիվ 138-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել 507300 ՀՀ դրամ՝ որպես 19042020 թվականից մինչև դատարան դիմելու օրվա դրությամբ իրեն վճարվելիք հարկադիր պարապուրդի գումար և նշված գումարի հաշվեգրումը շարունակել մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 04012022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ հետևյալ կերպ՝

««Հորիզոն-95» ՍՊԸ փոխտնօրեն Ա. Խաչատուրյանի 16.05.2020թ. թիվ 138-Ա հրամանը ճանաչել անվավեր:

«Հորիզոն-95» ՍՊԸ-ից հօգուտ Սարգիս Շահվերդյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի գումար վերջինիս միջին աշխատավարձի չափով հաշվարկված 19.04.2020 թվականից մինչև սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

«Հորիզոն-95» ՍՊԸ-ից հօգուտ Սարգիս Շահվերդյանի բռնագանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում:

Մնացած մասով հայցը մերժել: (․․․)»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08072022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04012022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լուսինե Պողոսյան)։

Սարգիս Շահվերդյանի անունից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 113-րդ հոդվածի 9-րդ կետը և 123-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասը, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 23-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 6-րդ մասը և 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Չի կարող սահմանափակվել բողոքաբերի՝ դատական ակտում դատարանի թույլ տված սխալի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը վերաբերում է այն դեպքերին, երբ բողոքաբերը ստորադաս դատարանում որևէ հարցի վերաբերյալ օբյեկտիվորեն հնարավորություն ուներ դիրքորոշում հայտնելու, սակայն չի հայտնել: Դատարանի կողմից դատական սխալի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու օբյեկտիվ հնարավորություն բողոքաբերը կարող է ունենալ, երբ առկա է դատական ակտ։

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել 16052020 թվականի թիվ 138-Ա հրամանն իրավաբանական ուժ չունենալու փաստը, ինչը պետք է ուղենիշային լիներ Վերաքննիչ դատարանի համար, և իրավաբանական ուժ չունեցող ակտը չէր կարող կիրառվել անվավեր ճանաչվելու համատեքստում, իսկ բողոքաբերը վկայակոչված հրամանի՝ իրավաբանական ուժ չունենալու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ եզրափակիչ դատական ակտով Դատարանը կհաստատեր 16052020 թվականի թիվ 138-Ա հրամանի՝ իրավաբանական ուժ ունենալու կամ չունենալու փաստերը և դրա շրջանակներում քննարկվող հրամանը կճանաչեր կամ չէր ճանաչի անվավեր։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքում, երբ բողոքի հիմնավորումները վերաբերում են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ դատական սխալին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 08072022 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Սարգիս Շահվերդյանի անունից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ հայտնելով, որ Դատարանում գործի քննության ընթացքում Ընկերությունն ուժի մեջ չմտած անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու անհնարինության մասին դիրքորոշում չի հայտնել, ավելին, պնդել է վիճարկվող անհատական իրավական ակտն օրենքին համապատասխան կայացված լինելը, իսկ գործին մասնակցող անձի կողմից միայն դատական ակտն ստանալուց հետո նոր դիրքորոշում վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում վկայակոչելը հանդիսանում է դատավարական իրավունքի չարաշահում՝ ստեղծելով նաև մրցակցության սկզբունքի խախտման իրական վտանգ:

Վերաքննիչ բողոքով Ընկերությունը Դատարանին վերագրել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ և վերաքննիչ բողոքում արձանագրել է, որ իրավաբանական ուժ չունեցող անհատական իրավական ակտերը չեն կարող անվավեր ճանաչվել և կիրառվել անվավերության հետևանք: Իր հերթին Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Ընկերությունը, պատշաճ ծանուցված լինելով գործի քննության, դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որևէ դիրքորոշում չի հայտնել վկայակոչված փաստարկի վերաբերյալ, սակայն զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:

Հայտնել է, որ նույնիսկ վերաքննիչ բողոքն ըստ էության քննվելու դեպքում այն անհիմն էր և ենթակա էր մերժման:

 

Վճռաբեկ դատարանին խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սարգիս Շահվերդյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին ամսական աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին, որը Դատարանի 30.10.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1, գ.թ. 1, 5-9):

2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 22092020 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1, գ.թ. 59):

3) Ընկերությունը Դատարանի 04012022 թվականի վճռի դեմ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոք այն հիմքով, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, 113-րդ հոդվածի 9-րդ կետը, 123-րդ հոդվածը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, և որպես հիմնավորումներ նշել է Դատարանը հաստատել է, որ 16052020 թվականի թիվ 138-Ա հրամանը իրավաբանական ուժ չունի, միաժամանակ հաստատել է, որ 16052020 թվականի թիվ 138-Ա հրամանի իրավաբանական ուժ չունենալու փաստը բավարար է, որ այն անվավեր ճանաչվի, մինչդեռ արձանագրելով հրամանի՝ իրավաբանական ուժ չունենալու փաստը՝ Դատարանը չէր կարող այն անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանք (հատոր 2, գ.թ. 36-44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 24122021 թվականի թիվ ԵԱՆԴ/1535/02/11 որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

Ներմուծեք նկարագրությունը_1371 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, ինչի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք վերաքննիչ բողոքը չի կարող քննվել վերաքննիչ դատարանում այն հիմնավորմամբ, որ կողմը բողոքում շոշափվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում, եթե բողոքը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից գործի փաստերի նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումները սխալ որոշված լինելու հիմքով՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները։

Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի (թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի («Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից») սահմանադրաիրավական բովանդակությունը վերաբերելի է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականի 379-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ նշված իրավանորմերն ունեն համանման բովանդակություն) սահմանադրականության գնահատմանը սահմանափակ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունների տեսանկյունից և արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը պետք է դիտարկել նույն օրենսգրքով սահմանված` կողմերի դատավարական պարտականությունների, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմքերի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացության համատեքստում: Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող նորմատիվ պահանջները համահունչ են բողոք ներկայացնող կողմի դատավարական իրավունքներին ու պարտականություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են` այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, 7-րդ կետի համաձայն՝ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, այն է` հայցադիմումի պատասխանը ի թիվ այլնի պետք է պարունակի հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, կարող են նշվել վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը, այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված, այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ կողմերը կրում են հայցի առարկայի և դրա փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պարտականություն: Ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքին, վիճելի իրավահարաբերությունը որակելուն և դրա նկատմամբ կիրառելի նորմերի ընտրությանը, ապա դատավարության կողմերի համար հայցի իրավական հիմքը մատնանշելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա իրավական նորմերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը պետք է պարունակի վերլուծություն` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումների վկայակոչմամբ, որոնք առաջին ատյանի դատարանը կիրառելի է համարում;

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլի բովանդակությունը կազմում են գործի հարուցման փուլի ավարտից հետո գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողությունները (տե՛ս, օրինակ, Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի, Անահիտ Բաբայանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Հասմիկ Մելիքյանի և Վիկտորյա Հովսեփյանի թիվ ԵԿԴ/4715/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Մասնավորապես, գործը դատաքննության նախապատրաստելու փուլում դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, որոնց վերաբերյալ վերջնական եզրահանգումները պետք է արտացոլվեն կայացվող դատական ակտում: Ըստ այդմ, դատարանը կրում է պարտականություն՝ ճիշտ ընտրելու կիրառելի իրավունքը` անկախ դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումից: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմ(եր)ը:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող դատական սխալի հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, սխալ մեկնաբանում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը պարտադիր պետք է արտահայտված լինի առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանն արձանագրել է «թիվ 138-Ա հրամանը չի կարող ունենալ իրավաբանական ուժ», «հրամանի իրավաբանական ուժ չունենալու փաստը բավարար է այն անվավեր ճանաչելու համար»։

Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 04012022 թվականի վճիռը թողնելով անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ «Բողոք բերած անձը Դատարանին մի շարք նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ վերագրելով և Վերաքննիչ դատարանի առաջ այն հարցը բարձրացնելով, թե արդյոք իրավաբանական ուժ չունեցող անհատական իրավական ակտերը կարող են անվավեր ճանաչվել և կիրառվել անվավերության հետևանք, արձանագրել է, որ իրավաբանական ուժ չունեցող անհատական իրավական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, հետևապես չի կարող կիրառվել անվավերության հետևանք: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը, որպես գործին մասնակցող անձ, պատշաճ ծանուցված լինելով գործի քննության, դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որևէ դիրքորոշում չի ներկայացրել վերը նշված հանգամանքի մասին, սակայն զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու և վերաքննիչ բողոքում նշված հարցերը բարձրացնելու հնարավորությունից: (…) Վերաքննիչ դատարանը բողոքի վերոնշյալ փաստարկներին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով ըստ էության չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ Բողոք բերած անձը որևէ դիրքորոշում չի ներկայացրել վերը նշված հանգամանքի մասին, սակայն զրկված չի եղել դիրքորոշում հայտնելու և վերաքննիչ բողոքում նշված հարցերը բարձրացնելու հնարավորությունից: (…):

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 04012022 թվականի վճռի դեմ բողոքաբերի ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել է Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը չկիրառելու, սխալ մեկնաբանելու հանգամանքը։ Մասնավորապես, վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են սույն գործի փաստերի նկատմամբ Դատարանի կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 113-րդ հոդվածի 9-րդ կետի, 123-րդ հոդվածի սխալ մեկնաբանմանը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառմանը, որի վերաբերյալ բողոքաբերը կարող էր դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ դրան ծանոթանալուց հետո՝ վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը՝ դրանում ներկայացված հարցի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, հաշվի չի առել, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ դատական սխալին։ Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության 379-րդ հոդվածի 5-րդ մասը, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ խախտելով բողոքաբերների դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից, խախտելով բողոքաբերի՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու իրավունքը։

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը ըստ էության չի քննել վերաքննիչ բողոքը, և առկա է վերաքննիչ բողոքի նոր քննության անհրաժեշտություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08072022 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան