ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18039/02/19 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18039/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2023
թվականի սեպտեմբերի 19-ինգրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Տիգրան Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի՝ ինքնակամ կառուցված պարիսպը՝ բետոնյա հիմքը քանդելու, մետաղական ճաղավանդակները, մետաղական դռները և մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տիգրան Հովհաննիսյանը պահանջել է պատասխանողներին պարտավորեցնել քանդել ք.Երևան, Անտառային փողոցի 19-րդ շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի՝ թիվ 30 բնակարանի սահմաններին ինքնակամ կառուցված պարիսպը՝ բետոնյա հիմքը և մետաղական ճաղավանդակներն ամբողջությամբ ու մետաղական դռները, իսկ թիվ 30 բնակարանի դիմաց ինքնակամ ցանկապատով առանձնացված տարածքում առկա մետաղական կոնստրուկցիան՝ ապամոնտաժել:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 19.05.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06․10․2022 թվականի որոշմամբ Տիգրան Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.05.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Հովհաննիսյանը (ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Անթրանիկ Բողոսսյանը և Հայկ Մարտիրոսյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 3-րդ, 39-րդ, 10-րդ, 60-րդ, 61‑րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ ու 163-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 11-րդ, 13-րդ, 57-րդ, 58-րդ, 64-րդ, 66-րդ, 68-րդ, 75-րդ, 84-րդ, 178-րդ, 179-րդ ու 199-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
2005 թվականից սկսվել է «Պատուհան դեպի Արարատ» բնակելի համալիրի կառուցումը, որը ներառել է նաև թիվ 19 շենքը: Բնակելի համալիրի կառուցման պահից կառուցվել է լողավազան: Այդ շենքի նկատմամբ 19.12.2006 թվականին գրանցվել է Անթրանիկ Բողոսսյանի սեփականության իրավունքը, տրվել է սեփականության իրավունքի վկայական: Սեփականության իրավունքի վկայականում 19-րդ շենքի հողամասի վրա քարե հիմքով ցանկապատի վերաբերյալ իրավունքի պետական գրանցում կատարված լինելու վերաբերյալ գրառում առկա չէ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր կողմից ներկայացված թվով 23 լուսանկարները Դատարանի կողմից որպես թույլատրելի ապացույց չեն գնահատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը խախտված լինելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ թեև միջնորդության մեջ նշված չեն եղել՝ երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել լուսանկարները, սակայն իր ներկայացուցիչը 27.01.2022 թվականի դատական նիստին, երբ քննարկվում էր ներկայացված ապացույցները թույլատրելու միջնորդությունը, հայտնել է լուսանկարների՝ երբ, որտեղ, ում կողմից, ինչպես նաև ինչ պայմաններում արված լինելու մասին, մինչդեռ Դատարանը, միջնորդությունը մերժելով անհիմն պատճառաբանությամբ, իրեն զրկել է դատական նիստին պահանջվող տեղեկությունները հայտնելու հնարավորությունից։ Ավելին՝ 13.12.2019 թվականի դատական նիստին ճաղավանդակներն ապամոնտաժելու վերաբերյալ լուսանկարներ են հետազոտվել, սակայն այդ հանգամանքին Դատարանը վճռով չի անդրադարձել, ինչը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն վեճի ընթացքում, երբ Հայկ Մարտիրոսյանը դարձել էր թիվ 30 բնակարանի սեփականատերը, իր դիմում-բողոքների հիման վրա ցանկապատի ապամոնտաժման հանգամանքը պատկերված է եղել նաև լուսանկարներում, սակայն Հայկ Մարտիրոսյանի անմիջական մասնակցությամբ այդ ապամոնտաժված ճաղավանդակները կրկին տեղադրվել են։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները
Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի անունից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ ի թիվ այլնի հայտնելով, որ լուսանկարները ներկայացնելիս հայցվորը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ լուսանկարների ուսումնասիրությունից պարզ չէ, թե դրանք որտեղ և երբ են կատարվել, դրանցով չեն ապացուցվում նաև հայցվորի վկայակոչած փաստերը, ինչն իրավաչափորեն արձանագրել են ստորադաս դատարանները:
Վճռաբեկ դատարանին խնդրել են վճռաբեկ բողոքը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ ք. Երևան, Կենտրոն, Վ. Անտառային փողոցի 19-րդ շենքի թիվ 10 բնակարանի նկատմամբ տարաժամկետ վճարումով առուվաճառքի 14.11.2017 թվականի պայմանագրի հիման վրա 17.11.2017 թվականին գրանցվել է Տիգրան Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, իսկ 0.1388հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․ 10).
2) գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 03.06.2019 թվականի տեղեկանքի պատճենի համաձայն՝ ք. Երևան, Կենտրոն, Վ. Անտառային փողոցի 19-րդ շենքի թիվ 30 բնակարանի նկատմամբ 17.05.2019 թվականից գրանցված է Անթրանիկ Բողոսսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․ 12).
3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենի համաձայն՝ ք. Երևան, Կենտրոն, Վ. Անտառային փողոցի 19-րդ շենքի թիվ 30 բնակարանի նկատմամբ տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի 02.07.2019 թվականի պայմանագրի հիման վրա 10.07.2019 թվականին գրանցվել է Հայկ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը, իսկ 0.1388հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ․թ․ 40).
4) հայցադիմումում ներկայացված են լուսանկարներ, որոնք 13.12.2019 թվականի դատական նիստին հայցվոր Տիգրան Հովհաննիսյանի ներկայացուցչի և պատասխանող Անթրանիկ Բողոսսյանի ներկայացուցչի մասնակցությամբ հետազոտվել են Դատարանի կողմից (հիմք՝ 13.12.2019 թվականի դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչը) (հատոր 1-ին, գ․թ․ 75).
5) հայցվոր Տիգրան Հովհաննիսյանի ներկայացուցիչը 24.09.2021 թվականին Դատարան է ներկայացրել թվով 23 լուսանկարներ (հատոր 2-րդ, գ․թ․ 13-22), իսկ 03.01.2022 թվականին՝ նշված լուսանկարները թույլատրելու գրավոր միջնորդություն (հատոր 2-րդ, գ․թ․ 64, 67).
6) Դատարանում գործի քննության ընթացքում՝ 27.01.2022 թվականի դատական նիստին՝ թվով 23 լուսանկարները թույլատրելու միջնորդությունը քննարկելիս հայցվոր Տիգրան Հովհաննիսյանի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել բանավոր նշելու լուսանկարների՝ երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում արված լինելու մասին: Դատարանը պարզաբանել է, որ պահանջվող տեղեկատվությունը պետք է նշվեր գրավոր ներկայացված միջնորդությամբ, ինչը չի արվել (հիմք՝ 27.01.2022 թվականի դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրումը, էլեկտրոնային կրիչը) (հատոր 2-րդ, գ․թ․ 111).
7) 27.01.2022 թվականի դատական նիստին, Դատարանը, արձանագրելով, որ հայցվորը ներկայացրած միջնորդությամբ չի նշել, թե լուսանկարները երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել, այսինքն՝ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջը, որոշում է կայացրել հայցվորի ներկայացրած լուսանկարները ապացույցների կազմից հանելու մասին (հիմք՝ 27.01.2022 թվականի դատական նիստի արձանագրության համակարգչային համառոտագրումը, էլեկտրոնային կրիչը) (հատոր 2-րդ, գ․թ․ 109-111)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցները գնահատելու հարցին՝ անդրադառնալով նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները դատարան ներկայացնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատավարական կարգին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները:
Հաշվի առնելով լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների և տեսագրությունների՝ որպես ապացույցի տեսակների առանձնահատկությունները, գործող դատավարական օրենքը սահմանել է դրանք ներկայացնելու, թույլատրելու և հետազոտելու հատուկ կանոններ: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները հետազոտվում են համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ դիտման միջոցով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ և տեսագրություններ թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք իրականացնելու ժամանակի, վայրի, իրականացնողի, իրականացնելու եղանակների ու պայմանների մասին տեղեկությունները դատարանի և գործին մասնակցող այլ անձանց առջև բացահայտելու պահանջը պայմանավորված է ներկայացված լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների ու տեսագրությունների թույլատրելիության գնահատումն իրականացնելու անհրաժեշտությամբ՝ նկատի ունենալով, որ միայն թվարկված փաստերն ուսումնասիրելու միջոցով դատարանը կարող է ստուգել լուսանկարահանելու, ձայնագրելու ու տեսագրելու օրինականությունը: Ընդ որում, քննարկվող փաստերից որևէ մեկը չբացահայտելը կամ դրանց արժանահավատությունը հերքող բավարար ապացույցների առկայությունն ընդհանրապես բացառում են ներկայացված ապացուցողական նյութի հետազոտումը: Նման իրավաընկալմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը քննարկվող պահանջի խախտման դեպքերի համար սահմանել է ապացույցի ոչ թույլատրելի լինելու կանխավարկածը, որը կարող է հաղթահարվել միայն նշված տեղեկությունները ներկայացնելու միջոցով:
Գործող օրենսդրությամբ ապացուցման ողջ պարտականությունը դրված է գործին մասնակցող անձանց վրա՝ ապացույցներ հավաքելու և դատարան ներկայացնելու պարտականությունը կրում են կողմերը: Դատարանը, իր հերթին, պատասխանատու է ապացուցման գործընթացի կազմակերպման համար՝ կրելով ներկայացված միջնորդությանն անդրադառնալու ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դրան լուծում տալու պարտականություն՝ այդ կերպ ապահովելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով ամրագրված՝ կողմերի մրցակցության հիման վրա դատավարության իրականացման սկզբունքի իրագործումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են ապացուցման պարտականությունը կատարելու նպատակով իրենց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցներն ու դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները դատարան ներկայացնելու կանոնները:
Ընդհանուր կանոնի համաձայն՝ ապացույցը ներկայացվում է դատարան այն թույլատրելու միջնորդությամբ (բացառությամբ, եթե հայցադիմումում կամ հայցադիմումի պատասխանում վկայակոչված ապացույցները դատարան են ներկայացվում նշված դատավարական փաստաթղթերին կից կամ ներկայացվում է ոչ թե ապացույցը, այլ այն ձեռք բերելու միջնորդություն)՝ մատնանշելով փաստը, որը գործին մասնակցող անձը ցանկանում է ապացուցել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները նույնպես պետք է ներկայացվեն դրանք թույլատրելու վերաբերյալ միջնորդությամբ։ Ընդ որում, լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել, թե երբ, որտեղ, ում կողմից, ինչպես, և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելը կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելը հիմք է լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեսագրությունները չհետազոտելու ու ապացույցների կազմից հանելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը։ (․․․)։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ (․․․):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ միջնորդությունները կարող են ներկայացվել ինչպես բանավոր՝ դատական նիստում, այնպես էլ՝ գրավոր։ Ընդ որում, գրավոր միջնորդությունը կարող է ներկայացվել ինչպես դատական նիստում, այնպես էլ դատական նիստից դուրս։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացնելիս գնահատում է ապացույցները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտման բազմակողմանիությունը ենթադրում է, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության (ընկալման) ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների դատողությունն ու բացատրությունները՝ միաժամանակ իր իրավասության սահմաններում ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները ստացված փաստական տվյալների արժանահավատությունը ստուգելու համար: Ապացույցների հետազոտման լրիվությունը ենթադրում է գործով ներկայացված (ձեռք բերված) բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների ընկալում ու ստուգում, փաստերի գոյության կամ բացակայության մասին վերջնական եզրահանգումներ կատարելու համար անհրաժեշտ և բավարար ամբողջ ապացուցողական նյութի վերլուծություն ու ստուգում։ Ապացույցների հետազոտման օբյեկտիվությունը ենթադրում է, որ դատարանն ապացույցները հետազոտելիս որևէ կերպ չպետք է շահագրգռված լինի գործի ելքով և անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերի ապացույցների հետազոտման ընթացքում` ապահովելով կողմերի մրցակցությունն ու իրավահավասարությունը և զերծ մնալով գործի ելքի կամ այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ նախնական դատողություններ կատարելուց։
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար։
Վերը նշված դատավարական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ հայցային վարույթում գործին մասնակցող անձանց կողմից, ի կատարումն ապացուցելու պարտականության, ներկայացված ապացույցներին, այդ թվում՝ լուuանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները և տեuագրությունները թույլատրելու միջնորդությունների քննարկմանը դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա նախնական դատական նիստում՝ ներկայացված ապացուցողական նյութի վերաբերելիության ու թույլատրելիության հարցը լուծելիս (ապացուցողական նյութի նախնական զտում)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական նիստից դուրս գրավոր կամ դատական նիստում գրավոր կամ բանավոր ձևով ներկայացվում է լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, որում նշված չեն կամ ոչ պատշաճ (ոչ լրիվ ծավալով) ձևով են նշված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող տեղեկությունները, ապա դատարանը, նպատակ ունենալով պահպանելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, պարտավոր է միջնորդություն ներկայացրած անձին առաջարկել կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունը՝ բացահայտել դրանով պահանջվող տեղեկությունները։ Նշված տեղեկությունները չբացահայտելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները, տեսագրությունները և դրանց էլեկտրոնային կրիչները ենթակա չեն հետազոտման դատաքննության փուլում՝ ապացույցների կազմից հանվելու հիմքով։
Վճռաբեկ դատարանի վերը նշված դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ թեև ապացույց ներկայացնելու հատուկ կանոնների սահմանմամբ ընդունելիության որոշակի սահմանափակում նախատեսելն ինքնանպատակ չէ (ինչպես արդեն նշվել է, այն թելադրված է թույլատրելիության նախնական գնահատումն իրականացնելու անհրաժեշտությամբ) և չի կարող ձևական բնույթ կրել, սակայն միաժամանակ պետք է բացառել այնպիսի իրավիճակները, երբ ընթացակարգային նորմերի չափազանցված ձևականացումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատավարության արդարացիության վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`
1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.
2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.
3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից բխում է, որ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր):
Անդրադառնալով 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածին, վերահաստատելով ապացուցելուց ազատվելու հիմքերի վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները և անդրադառնալով անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև օրենսդրի կողմից իբրև ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով և դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա (տե՛ս Ստեփան Հայրապետյանն ընդդեմ Նինա Կուցանյանի թիվ ԵԱՔԴ/4741/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.03.2019 թվականի որոշումը):
Նկատի ունենալով, որ դատավարական փոփոխությունները զարգացել են ՀՀ վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիրքորոշմանը համահունչ, ապացուցման կարիք չունեցող փաստերի տարանջատմամբ պայմանավորված՝ ապացուցման գործընթացի հնարավորինս պարզեցման և հստակեցման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների նկատմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պայմանները (այդ թվում՝ բացառությունները):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրել է հայցադիմում՝ ք.Երևան, Անտառային փողոցի 19-րդ շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի՝ թիվ 30 բնակարանի սահմաններին ինքնակամ կառուցված պարիսպը՝ բետոնյա հիմքը և մետաղական ճաղավանդակներն ամբողջությամբ ու մետաղական դռները քանդելու, թիվ 30 բնակարանի դիմաց ինքնակամ ցանկապատով առանձնացված տարածքում առկա մետաղական կոնստրուկցիան ապամոնտաժել պարտավորեցնելու պահանջների մասին:
Գործի քննության ընթացքում Դատարան ներկայացրած գրավոր դիրքորոշումներով հայցվորը հայտնել է, որ պատասխանող Անթրանիկ Բողոսսյանի կողմից վերը նշված բնակարանի ամբողջ երկայնքով ինքնակամ կառուցված պարիսպը՝ բետոնյա հիմքը և մետաղական ճաղավանդակն ամբողջությամբ սահմանափակում են հայցվորի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող տարածք մուտք գործելու հնարավորությունը, իսկ այդ բնակարանի դիմաց ինքնակամ ցանկապատով առանձնացված տարածքում առկա մետաղական կոնստրուկցիան, գտնվելով հայցվորի սեփականություն հանդիսացող թիվ 10 բնակարանի պատուհանների տակ, առաջացնում է հայցվորի բնակարան ապօրինի մուտք գործելու հնարավորություն: Մինչև թիվ 30 բնակարանը պատասխանող Հայկ Մարտիրոսյանին վաճառելը՝ շենքում այլ երեխաներ են բնակվել, և մինչ այդ բնակարանի սահմանները երկու կողմից մետաղական ցանկապատով առանձնացված չեն եղել, առկա չեն եղել դռան փականներ, դեպի լողավազան մուտքն ազատ է եղել 2005 թվականի՝ համալիրի կառուցումից մինչև 02.07.2019 թվականը՝ թիվ 30 բնակարանի վաճառքը:
Պատասխանող Անթրանիկ Բողոսսյանը Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով (վերջինիս ներկայացուցիչը՝ նաև բանավոր հայտնած դիրքորոշումներով, հատոր 1-ին, գ.թ. 75) ի թիվ այլնի հայտնել է, որ բնակելի համալիրի կենտրոնական հատվածում տեղակայված է լողավազան, որի բոլոր մուտքերն առանձնացված են ցածր մետաղական դռներով՝ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով: Նշված մետաղական դռները, դրանց բետոնյա հիմքերն առկա են եղել դեռևս 2009 թվականից, թիվ 19 շենքի հարևանությամբ դեռևս 2009 թվականից առկա է մետաղական կոնստրուկցիա, որի վրա անցկացվում է համապատասխան ծածկոց, որը պաշտպանում է արևի ճառագայթներից և հնարավորություն է տալիս բնակիչներին բակում՝ արևից պաշտպանված հատվածում, ժամանակ անցկացնել: 2019 թվականին մետաղական դռան աջ և ձախ հատվածը ցանկապատվել է թեթև կոնստրուկցիաներով՝ ճաղերով, որի նպատակը եղել է «աուտիզմ» հիվանդությամբ տառապող երեխայի անվտանգության ապահովումը՝ մուտքը դեպի լողավազան:
Պատասխանող Հայկ Մարտիրոսյանը Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ վեճի առարկա հանդիսացող պարիսպը, մետաղական դռները և մետաղական կոնստրուկցիան առնչվում են միայն թիվ 30 բնակարանի մուտք ու ելքին, դրանց առկայությունը չի խոչընդոտում հայցվորի ազատ տեղաշարժը: Բնակելի համալիրի կենտրոնական հատվածում տեղակայված է լողավազան, որի բոլոր մուտքերն առանձնացված են ցածր մետաղական դռներով՝ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով, մետաղական դռները և դրանց բետոնյա հիմքերը, մետաղական կոնստրուկցիան առկա են եղել դեռևս 2009 թվականից, 2019 թվականին մետաղական դռան աջ ու ձախ հատվածը ցանկապատվել է թեթև կոնստրուկցիաներով՝ ճաղերով, որի նպատակը եղել է իր՝ «աուտիզմ» հիվանդությամբ տառապող երեխայի անվտանգության ապահովումը, դռները փականներ չունեն և որոշակի ուժի գործադրմամբ բացվում են:
Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ ի թիվ այլնի սահմանել է հայցվորի կողմից ապացուցման ենթակա հետևյալ փաստը՝ ք. Երևան, Վ. Անտառային փողոցի 19-րդ շենքի թիվ 30 բնակարանի դիմաց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի վրա Անթրանիկ Բողոսսյանի կողմից կառուցվել է ինքնակամ կառույց՝ պարիսպ՝ բետոնյա հիմք, բետոնյա հիմքի վրա տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ, մետաղական դռներ, դռների փականներ, ինչի արդյունքում խախտվել են հայցվորի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը:
Ի կատարումն նշված որոշման՝ հայցվորն ի թիվ այլնի Դատարան է ներկայացրել թվով 23 լուսանկարներ և դրանք թույլատրելու գրավոր միջնորդություն:
27.01.2022 թվականի դատական նիստին Դատարանը, անդրադառնալով ներկայացված ապացույցների թույլատրելիությանը և վերաբերելիությանը, հայցվորի ներկայացրած թվով 23 լուսանկարները հանել է հետազոտման ենթակա ապացույցների կազմից՝ արձանագրելով, որ հայցվորը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը։
Գործի քննության արդյունքում Դատարանը, ի թիվ այլնի արձանագրելով, որ «ՀՀ վարչական դատարանի 13.02.2020թ. թիվ ՎԴ/7976/05/18 վճիռը մտել է օրինական ուժի մեջ, որով փաստորեն անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի 12.06.2019 թվականի թիվ Վ-22/8 որոշումը, այսինքն՝ Երևանի քաղաքապետի 24.05.2019 թվականի թիվ 029664 արձանագրությամբ և նշած որոշմամբ արձանագրված իրավախախտման փաստն առկա չէ, իսկ հայցվորի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել որևէ այլ վերաբերելի և թույլատրելի ապացույց ի հիմնավորումն այն փաստի, որ Անթրանիկ Բողոսսյանի կողմից կառուցվել է ինքնակամ կառույց՝ պարիսպ՝ բետոնյա հիմք, բետոնյա հիմքի վրա տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ, մետաղական դռներ, դռների վրա փականներ, այսինքն՝ գործով ներկայացված ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում այդ փաստերի առկայությունը, որպիսի պայմաններում վիճելի է մնում նաև այն փաստի առկայությունը, որ նման գործողությունների արդյունքում խախտվել են հայցվորի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը», վճռել է հայցը մերժել:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ներկայացված լուսանկարները թույլատրելու միջնորդությունը մերժելու հայցվորի վերաքննիչ բողոքի փաստարկին, արձանագրելով, որ «Որոշակի տեսակի ապացույցներ թույլատրելու մասին միջնորդությունների ներկայացման համար օրենսդիրը սահմանել է հստակ կարգ և դրա չպահպանման բացասական հետևանքներ՝ համապատասխան ապացույցը թույլատրելու մասին միջնորդությունը մերժելու կամ ապացույցների շարքից ապացույցը հանելու տեսքով», և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը, եզրահանգել է, որ «Դատարանի կողմից հայցվորի ներկայացրած լուսանկարներն ապացույցների շարքից հանելն իրավաչափ է և բխել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումներից, որի ուժով, լուսանկարներ թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս, հայցվորը պարտավոր է եղել նշել դրանց թույլատրելիությունը կանխորոշող հատկանիշները»:
Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ հայցվորի ներկայացրած թվով 23 լուսանկարները Դատարանը հանել է հետազոտման ենթակա ապացույցների կազմից այն հիմնավորմամբ, որ չի պահպանվել լուսանկարների՝ որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցի տեսակը ներկայացնելու դատավարական կարգը:
Իր հերթին լուսանկարները հետազոտման ենթակա ապացույցների կազմից հանելու Դատարանի հետևությունը Վերաքննիչ դատարանը գնահատել է իրավաչափ՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նույնպես արձանագրելով ապացույցի նշված տեսակը ներկայացնելու դատավարական կարգը պահպանված չլինելու հանգամանքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների հետևության իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ հայցվորի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել թվով 23 լուսանկարներ և դրանք թույլատրելու գրավոր միջնորդություն:
Թեև գրավոր ներկայացված միջնորդության մեջ չեն նշվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները (գրավոր միջնորդությունը չի բովանդակել տեղեկություն այն մասին, թե երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել թվով 23 լուսանկարները), այդուհանդերձ, դրանք բացահայտելու հարցին Դատարանը չի անդրադարձել դատական նիստում միջնորդության քննարկման ընթացքում։ Մասնավորապես, թվով 23 լուսանկարները թույլատրելու գրավոր ներկայացված միջնորդության քննարկման ժամանակ հայցվորի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել նշելու լուսանկարների՝ երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում արված լինելու մասին, մինչդեռ Դատարանը զրկել է հայցվորի ներկայացուցչին նման հնարավորությունից:
Տվյալ դեպքում միջնորդության քննարկման ժամանակ՝ 27.01.2022 թվականի դատական նիստին, որին մասնակցել են նաև պատասխանողների ներկայացուցիչները, գրավոր միջնորդությունը բանավոր լրացնելու հնարավորությունից հայցվորի ներկայացուցչին զրկելով՝ Դատարանը ըստ էության միջնորդության քննարկման նկատմամբ ցուցաբերել է խիստ ձևական, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավակարգավորումներից չբխող մոտեցում: Դատական նիստում գրավոր ներկայացված միջնորդությունը քննարկելիս հայցվորի ներկայացուցչի բանավոր պարզաբանումները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունների բացահայտումը՝ գրավոր ներկայացված միջնորդության հետ համակցությամբ, բավարար էին միջնորդությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված լինելու փաստն արձանագրելու համար:
Այսինքն՝ ըստ էության, բացակայել են ներկայացված թվով 23 լուսանկարների հետազոտումը դժվարացնող, անհնարին դարձնող կամ դրա արժանահավատությունը կասկածի տակ դնող այլ հիմնավոր պատճառներ, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման պատճառաբանությամբ Դատարանը չէր կարող ներկայացված լուսանկարները հանել հետազոտման ենթակա ապացույցների կազմից և եզրահանգում անել այն մասին, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել որևէ այլ վերաբերելի ու թույլատրելի ապացույց ի հիմնավորումն այն փաստի, որ Անթրանիկ Բողոսսյանի կողմից կառուցվել է ինքնակամ կառույց՝ պարիսպ՝ բետոնյա հիմք, բետոնյա հիմքի վրա տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ, մետաղական դռներ, դռների վրա փականներ:
Ավելին՝ ստորադաս դատարաններն անտեսել են նաև, որ հայցվորի պնդմամբ լուսանկարներում պատկերված, հայցի առարկան կազմող բետոնյա հիմքի, ճաղավանդակների, դռների և մետաղական կոնստրուկցիաների առկայության, դրանց տեղադրման ժամանակի, պայմանների ու պատճառների վերաբերյալ գրավոր դիրքորոշումներ են հայտնել պատասխանողներ Անթրանիկ Բողոսսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ գրավոր դիրքորոշումներով (հայցադիմումի պատասխաններով) ընդունելով դրանց առկայության փաստը:
Վերոշարադրյալը թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին եզրահանգելու, որ հայցապահանջի հիմքում վկայակոչված և գործի լուծման համար նշանակություն ունեցող՝ բետոնյա հիմքի, դռների, ճաղավանդակների ու մետաղական կոնստրուկցիաների առկայության և դրանցով հայցվորի իրավունքների ու օրինական շահերի խախտման վերաբերյալ փաստերի առկայությունը կամ բացակայությունը հնարավոր է պարզել սույն գործով կողմերի դիրքորոշման և ներկայացված թվով 23 լուսանկարների՝ որպես հետազոտման ենթակա ապացույցների հետ համակցությամբ հետազոտման ու գնահատման հիման վրա, ինչը տվյալ դեպքում չի իրականացվել։
Վերը նշված պատճառաբանությամբ ընթացակարգային նորմերի նկատմամբ Դատարանի դրսևորած ձևական մոտեցումը, ըստ էության, հանգեցրել է ապացուցողական նյութի անտեղի կորստի։ Մինչդեռ որպես հայցապահանջը հիմնավորող ապացույցների՝ թվով 23 լուսանկարների պատշաճ հետազոտումը և գնահատումը կարող են ձևավորել Դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք ու ազդել գործի ելքի վրա:
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի ներկայացրած թվով 23 լուսանկարները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հետազոտելու և գնահատելու նպատակով առկա է ամբողջ ծավալով գործի նոր քննության անհրաժեշտություն, ուստի տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [Գլուխ 10] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|