Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23193/02/20

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23193/02/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Լ Գրիգորյան

 Կ Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Եվգենի Պրիյմակի ընդդեմ Կազմակերպության՝ որոշումն անվավեր ճանաչելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու, վիրավորանքով ու զրպարտությամբ պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված և նյութական վնասների հատուցման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Եվգենի Պրիյմակը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի 02072020 թվականի նիստի որոշման իրեն վերաբերող 45-րդ կետը, պարտավորեցնել Կազմակերպությանը հերքել իրեն վերագրվող զրպարտություն պարունակող տեղեկությունները, բռնագանձել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև բռնագանձել աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով պատճառված վնասը՝ բաց թողնված օգուտը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 23.10.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Եվգենի Պրիյմակի ընդդեմ Կազմակերպության՝ Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի որոշման Եվգենի Պրիյմակին վերաբերող 45-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, առանձնացվել է թիվ ԵԴ/23193/02/20 քաղաքացիական գործից և առանձնացված մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2021 թվականի որոշմամբ Եվգենի Պրիյմակի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 23102020 թվականի «Քաղաքացիական գործի վարույթն առանձնացնելու և առանձնացված մասով այն կարճելու մասին» որոշումը վերացվել է, և հարցն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Միխաիլ Մկրտումյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածները, Կազմակերպության կանոնադրության 63-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տվյալ դեպքում հայցվորը վիճարկել է Կազմակերպության որոշումը, որով հայցվորը, ըստ էության, նախաձեռնել է վեճ, որն անմիջապես կապված է Կազմակերպության կանոնակարգի հետ և այն ծագել է այդ կանոնակարգի կիրառումից: Ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել սույն գործով վեճի էությունը, որի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման առ այն, որ սույն գործով վեճը ենթակա չէ արբիտրաժային դատարանի քննությանը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը որդեգրելով սխալ դիրքորոշում առ այն, որ սույն գործով վեճը չի կարող լինել արբիտրաժային դատարանի քննության առարկա, չի իրականացրել վերաքննիչ բողոքի բազմակողմանի քննություն։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության որոշմամբ հայացվորը ենթարկվել է պատասխանատվության և պատասխանատվության ենթարկելու հիմքում դրված է սպորտային բնույթի խախտում։ Վիճարկելով Կազմակերպության որոշումը՝ հայցվորը վիճարկել է նաև Կազմակերպության որոշման հիմքը` սպորտային բնույթի խախտումը, հետևաբար սույն գործով խոսքը գնում է սպորտային (խաղային) բնույթի վեճի մասին, և այդ վեճն ակնհայտորեն ներառվում է կազմակերպության կանոնադրության 63-րդ կետի կարգավորումների ներքո, կարող է և անխուսափելիորեն պետք է լինի սպորտային արբիտրաժի քննության առարկա, հետևաբար այդ վեճը չի կարող լինել ընդհանուր իրավասության դատարանի քննության առարկա:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանում բերված փաստարկներին, որտեղ հիմնավորվել է, որ սույն գործով առկա են ոչ միայն գործի վարույթը կարճելու հիմքեր, այլ նաև հայցադիմումն առանց քննության թողնելու հիմքեր։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը և հայցադիմումը թողնել առանց քննության, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը և գործ ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Արագած» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի և Եվգենի Պրիյմակի միջև 01.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ նույն պայմանագրով ֆուտբոլիստը ընդունվում է ակումբում աշխատանքի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ ֆուտբոլիստի և ակումբի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նույն պայմանագրով, ՀՀ գործող օրենսդրությամբ, ակումբի, ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի կանոնադրություններով և կանոնակարգերով:

Պայմանագրի 1.5 կետի համաձայն՝ աշխատանքը սկսվում է 01.02.2020 թվականից։

Պայմանագրի 7.1 կետի համաձայն՝ նույն պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է լուծվել ՀՖՖ համապատասխան կոմիտեի որոշմամբ, միայն մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտման դեպքում կամ ՀՀ գործող օրենսդրությամբ, ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերով նախատեսված դեպքերում և կարգով։

Պայմանագրի 91 կետի համաձայն՝ կողմերի միջև առաջացած վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով՝ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև ՀՖՖ, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի գործող կանոնադրություններին և կանոնակարգերին համապատասխան։ Եթե բանակցությունները դրական արդյունք չեն տալիս, ապա վեճը ենթակա է լուծման ՀՖՖ համապատասխան մարմնի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 45-54):

2) Համաձայն 02.07.2020 թվականի ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրության՝ նիստի օրակարգում դրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի միջնորդությունը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 24-24):

3) Համաձայն Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի նիստի արձանագրության քաղվածքի՝ Եվգենի Պրիյմակին ցմահ արգելվել է զբաղվել որևէ ֆուտբոլային գործունեությամբ (հատոր 1-ին, գթ 21-22)։

4) 06.07.2020 թվականի պայմանագրի համաձայն՝ «Արագած» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն և Եվգենի Պրիյմակը երկկողմանի համաձայնությամբ վաղաժամկետ լուծել են 01.02.2020 թվականի աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին, գթ 91)։

5) Համաձայն 30.07.2020 թվականի Կազմակերպության ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության մասին կանոնակարգի քաղվածքի՝ կանոնակարգի 5-րդ հոդվածով ֆուտբոլիստը ակումբի կողմից գրանցվում է ՀՖՖ-ում կամ պրոֆեսիոնալ, կամ սիրողական կարգավիճակով՝ համաձայն հոդված 2-ի դրույթների: ՀՖՖ-ում առկա է ֆուտբոլիստների գրանցման էլեկտրոնային համակարգ, որն առաջին անգամ գրանցվող յուրաքանչյուր ֆուտբոլիստի տալիս է ՖԻՖԱ կոդ (FIFA ID): Միայն էլեկտրոնային տարբերակով գրանցված և ՖԻՖԱ կոդ (FIFA ID) ունեցող ֆուտբոլիստն իրավունք ունի մասնակցելու կազմակերպված ֆուտբոլին: Ֆուտբոլիստը գրանցվելուց հետո պարտավորվում է ենթարկվել ՖԻՖԱ֊ի ՈԻԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրությունների և կանոնակարգերի պահանջներին (հատոր 1-ին, գթ 125)։

6) Կազմակերպության կանոնադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ ՀՖՖ-ի, ՀՖՖ-ի Անդամների, ֆուտբոլիստների, պաշտոնատար անձանց, մրցախաղի ներկայացուցիչների, ֆուտբոլային միջնորդների և խաղերի գործակալների միջև առաջացած ցանկացած վեճ, ինչպես նաև Վեճերի լուծման պալատի կողմից ընդունված որոշումների դեմ ներկայացված ցանկացած բողոք ենթակա է լուծման Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից՝ որպես վերջին ատյան։

Նույն կանոնադրության 63-րդ կետի համաձայն՝ ՀՖՖ-ում ազգային հարթությանն առնչվող կամ ՀՖՖ-ի Անդամներից որևէ մեկի, Լիգաների, Լիգաների անդամների, Ակումբների, Ակումբների անդամների, ֆուտբոլիստների և Պաշտոնատար անձանց մասնակցությամբ ցանկացած վեճ՝ կապված ՀՖՖ-ի Կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման հետ կամ ծագած դրանց կիրառումից, որպես վերջին ատյան (վեճի լուծման ՀՖՖ-ի ներքին բոլոր միջոցները սպառելուց հետո) պետք է հանձնվի ԿԱՍ-ի քննությանը, որը կլուծի վեճը՝ բացառելով վեճը Ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելը (հատոր 2-րդ գ.թ. 97-124):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ արբիտրաժային համաձայնության առկայության պարագայում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն ընդհանուր իրավասության դատարանի կողմից իրականացվելու հնարավորության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արբիտրաժային համաձայնության առկայության պարագայում արդյոք վեճը ենթակա է արբիտրաժային դատարանի քննությանը, թե քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Բացի այդ, Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում. արդյունավետ միջոցը պետք է օժտված լինի մարդու իրավունքի ենթադրյալ խախտումը կամ դրա շարունակումը կանխելու, կամ իրավունքի խախտման համար պատշաճ փոխհատուցում ապահովելու հատկանիշով (տե՛ս, Իլհանն ընդդեմ Թուրքիայի (22277/93) գործով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 97):

Անձի՝ վերոնշյալ իրավունքների ապահովման երաշխիքներն իրենց դրսևորումն են ստացել ներպետական օրենսդրության համապատասխան նորմերում: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի վերլուծությանը, նշել է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցների` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքներից է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այդ իրավունքին համապատասխանում է պետության պարտականությունը` ստեղծել անհրաժեշտ և գործուն կառուցակարգեր` ուղղված նշված իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացմանը: Մասնավորապես, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը գործող իրավակարգավորման պայմաններում կարող է իրականացվել դատական, վարչական և հասարակական (արբիտրաժային) ձևերով... (տե´ս, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանները, Իսկուհի Ավագյանն ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1910/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ՝ արբիտրաժ) նույնպես իրականացնում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գործառույթ, ուստի արբիտրաժային կարգով գործերի քննումն ու լուծումը հանդիսանում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության ձևերից մեկը: Ընդ որում, պաշտպանության այս ձևի իրականացման ընթացակարգը մանրամասն կարգավորված է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով: Այսպես՝

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձևով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր:

«Առևտրային արբիտրաժի մասին« ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն օրենքի իմաստով «առևտրային» հասկացությունը ներառում է քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը: Առևտրային բնույթը, առանց սահմանափակման, մասնավորապես ներառում է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված վեճերը, ապրանքների մատակարարման և փոխանակման ու ծառայությունների մատուցման, առևտրային ներկայացուցչության կամ գործակալության, ֆակտորինգի, վարձակալության, լիզինգի, աշխատանքների կատարման, խորհրդատվության, նախագծման, լիցենզային, ներդրման, ֆինանսավորման, ապահովագրության, շահագործման կամ կոնցեսիայի, համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձևերի, ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավահարաբերությունները:

«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է նաև առևտրային բնույթ չունեցող վեճերի վրա, եթե օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։

Վկայակոչված նորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճն արբիտրաժին ենթակա լինելու հանգամանքը պայմանավորված է տվյալ վեճի բնույթով և վեճի կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնության առկայությամբ: Օրենսդիրն արբիտրաժի ենթակայությանն է վերապահել քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը՝ միևնույն ժամանակ օրենքով նախատեսված դեպքերում չբացառելով առևտրային բնույթ չունեցող վեճերի լուծումը ևս արբիտրաժային կարգով: Արբիտրաժի ենթակայությանն օրենքով հանձնված գործերը քննվում և լուծվում են վերջինիս կողմից, եթե առկա է այդ մասին կողմերի համաձայնությունը: Իսկ արբիտրաժի իրավասությանը հանձնված գործերի քննությունը և լուծումը, համաձայն ընդհանուր կանոնի, դատական կամ այլ կարգով բացառվում է, եթե առկա է վավեր արբիտրաժային համաձայնություն, արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել և կողմը հղում է կատարում նշված համաձայնությանը (տե´ս, Սվետլանա Գևորգյանն ընդդեմ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/3817/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Արագած» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի և Եվգենի Պրիյմակի միջև 01.02.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.1 կետով նույն պայմանագրով ֆուտբոլիստն ընդունվել է ակումբում աշխատանքի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակով: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ ֆուտբոլիստի և ակումբի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նույն պայմանագրով, ՀՀ գործող օրենսդրությամբ, ակումբի, ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի կանոնադրություններով և կանոնակարգերով:

Պայմանագրի 1.5 կետի համաձայն՝ աշխատանքը սկսվում է 01.02.2020 թվականից։

Պայմանագրի 7.1 կետի համաձայն՝ նույն պայմանագիրը կողմերից մեկի պահանջով կարող է լուծվել ՀՖՖ համապատասխան կոմիտեի որոշմամբ, միայն մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտման դեպքում կամ ՀՀ գործող օրենսդրությամբ, ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերով նախատեսված դեպքերում և կարգով։

Պայմանագրի 91 կետի համաձայն՝ կողմերի միջև առաջացած վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով՝ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև ՀՖՖ, ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի գործող կանոնադրություններին և կանոնակարգերին համապատասխան։ Եթե բանակցությունները դրական արդյունք չեն տալիս, ապա վեճը ենթակա է լուծման ՀՖՖ համապատասխան մարմնի կողմից։

Համաձայն 02.07.2020 թվականի ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրության՝ նիստի օրակարգում դրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի միջնորդությունը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ։

Համաձայն Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի նիստի արձանագրության քաղվածքի՝ Եվգենի Պրիյմակին ցմահ արգելվել է զբաղվել որևէ ֆուտբոլային գործունեությամբ։

06.07.2020 թվականի պայմանագրի համաձայն՝ «Արագած» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն և Եվգենի Պրիյմակը երկկողմանի համաձայնությամբ վաղաժամկետ լուծել են 01.02.2020 թվականի աշխատանքային պայմանագիրը։

Կազմակերպության կանոնադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ ՀՖՖ-ի, ՀՖՖ-ի Անդամների, ֆուտբոլիստների, պաշտոնատար անձանց, մրցախաղի ներկայացուցիչների, ֆուտբոլային միջնորդների և խաղերի գործակալների միջև առաջացած ցանկացած վեճ, ինչպես նաև Վեճերի լուծման պալատի կողմից ընդունված որոշումների դեմ ներկայացված ցանկացած բողոք ենթակա է լուծման Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից՝ որպես վերջին ատյան։

Նույն կանոնադրության 63-րդ կետի համաձայն՝ ՀՖՖ-ում ազգային հարթությանն առնչվող կամ ՀՖՖ-ի Անդամներից որևէ մեկի, Լիգաների, Լիգաների անդամների, Ակումբների, Ակումբների անդամների, ֆուտբոլիստների և Պաշտոնատար անձանց մասնակցությամբ ցանկացած վեճ՝ կապված ՀՖՖ-ի Կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման հետ կամ ծագած դրանց կիրառումից, որպես վերջին ատյան (վեճի լուծման ՀՖՖ-ի ներքին բոլոր միջոցները սպառելուց հետո) պետք է հանձնվի ԿԱՍ-ի քննությանը, որը կլուծի վեճը՝ բացառելով վեճը Ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելը:

Դատարանը, Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի որոշման Եվգենի Պրիյմակին վերաբերող 45-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջելու մասով առանձնացվելով և առանձնացված մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվելով, պատճառաբանել է, որ սույն հայցի առարկա վեճը ծագել է Կազմակերպության կանոնադրության և կանոնակարգի կիրառման արդյունքում, իսկ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանվել է օտարերկրյա արբիտրաժային դատարանի իրավասությունը, հետևաբար վեճը չի կարող քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով:

Վերաքննիչ դատարանը բավարարելով վերաքննիչ բողոքը և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով ուղարկելով նոր քննության, պատճառաբանել է, որ հայցվորը դիմել է Դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Կազմակերպության կարգապահական և էթիկային կոմիտեի 02072020 թվականի որոշման 45-րդ կետը, որը վերաբերում է հայցվորին՝ ֆուտբոլային գործունեությունից զրկելուն։ Այսինքն՝ հայցվորն ըստ էության վիճարկել է այն որոշումը, որով վերջինս զրկվել է իր աշխատնքից։ Հետևաբար այդ վեճը կապված չէ Կազմակերպության կանոնադրության 63-րդ կետով սահամանված որևէ պայմանի հետ, ուստի գործի վարույթը կարճելը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով վեճը քննության ենթակա չլինելու հիմքով, իրավաչափ չէ:

 

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանվել է վեճերի լուծման այլ կարգ՝ բացառելով վեճերի լուծումը ընդհանուր իրավասության դատարանների կողմից, իսկ Եվգենի Պրիյմակն ակումբի հետ ստորագրելով պայմանագիր՝ ընդունել է Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված իրավակարգավորումները, այդ թվում՝ վեճերի լուծման մասով:

Տվյալ դեպքում վեճերի լուծման այլ կարգը վերաբերում է այն վեճերին, որոնք ծագել են Կազմակերպության կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման արդյունքում կամ ծագել են դրանց կիրառումից: Կազմակերպության կանոնադրության 63-րդ կետի մեկնաբանությունից հետևում է, որ Լոզանի արբիտրաժային դատարանի քննությանն են հանձնվում ոչ միայն Կազմակերպության անդամներից որևէ մեկի մասնակցությամբ ծագած վեճերը, այլ նաև Կազմակերպության ազգային հարթությանն առնչվող իրավական վեճերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լոզանի սպորտային արբիտրաժի քննությանը, որպես վերջին ատյանի, ենթակա են բոլոր այն վեճերը, որոնք կապված են՝

* Կազմակերպության կանոնադրության կիրառման հետ, կամ

* կանոնակարգերի կիրառման հետ, կամ

* ծագած դրանց կիրառումից։

Նշված իրավակարգավորումից բխում է, որ Լոզանի սպորտային արբիտրաժի քննությանը ենթակա են ոչ թե բոլոր, այլ միայն վերը նշված բնույթի վեճերը։

Այսինքն՝ Կազմակերպության ազգային հարթությանը առնչվող կամ Կազմակերպության անդամներից որևէ մեկի մասնակցությամբ ծագած վեճերի՝ սպորտային արբիտրաժի քննությանը վերապահված լինելու հարցի լուծման տեսանկյունից էական նշանակություն ունի այն հանգամանքի պարզումը, թե արդյոք այդ վեճերը ծագել են Կազմակերպության կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման արդյունքում կամ դրանց կիրառումից։

Տվյալ դեպքում Կազմակերպության կարգապահական և էթիկայի կոմիտեի 02.07.2020 թվականի նիստին քննարկման է դրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի միջնորդությունը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեին «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ», «Երևան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև բազմաթիվ անձանց վերաբերյալ պայմանավորված խաղերում մասնակցություն ունենալու, պայմանավորված խաղեր կազմակերպելու և դրանց վերջնական արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու հանգամանքով կարգապահական վարույթ սկսելու վերաբերյալ: Կարգապահական և էթիկայի կոմիտեի անդամները հաստատել են ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգով սահմանված իրավական հիմքերը և շրջանակը։ Քվեարկության արդյունքում 45-րդ կետով որոշվել է (...) Եվգենի Պրիյմակին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ Կազմակերպության կանոնադրության 63-րդ հոդվածով ըստ էության սահմանված է Կազմակերպության կանոնադրության կամ կանոնակարգերի կիրառման հետ կապված դրանց կիրառման արդյունքում ծագած վեճը Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու մասին վերապահում՝ բացառելով վեճը ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելու հնարավորությունը, և հաշվի առնելով, որ Եվգենի Պրիյմակը Կազմակերպության հետ պայմանագիր կնքելով պարտավորվել է ընդունել ՖԻՖԱ-ի, ՈԻԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնադրություններն ու կանոնակարգը և իր աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարվել դրանցով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվգենի Պրիյմակն ընդունել է Կազմակերպության կանոնադրության 63-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային վերապահումը։ Ուստի Եվգենի Պրիյմակի և Կազմակերպության միջև ծագած վեճը Կազմակերպության կանոնակարգերի կիրառման հետ կապված լինելու կամ դրանց կիրառումից ծագած լինելու պայմաններում ենթակա է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի քննությանը։

Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, որ հայցվորն ըստ էության վիճարկել է այն որոշումը, որով վերջինս զրկվել է իր աշխատանքից և վեճը կապված չէ Կազմակերպության կանոնադրության 63-րդ կետով սահամանված որևէ պայմանի հետ, անհիմն է, քանի որ վերը նշված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ վեճը կապված է Կազմակերպության կանոնակարգերի կիրառման հետ, ծագել է դրանց կիրառման արդյունքում և կողմերի միջև ծագած վեճը ենթակա է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանի քննությանը։

Նման պայմաններում Կազմակերպության կարգապահական և էթիկային կոմիտեի 02072020 թվականի որոշման 45-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով վեճը չի կարող քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով, ինչպիսի ճիշտ եզրահանգման էլ եկել է Դատարանը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.03.2021 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանի 23102020 թվականի «Քաղաքացիական գործի վարույթն առանձնացնելու և առանձնացված մասով այն կարճելու մասին» որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, (…):

Նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի ուժով վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, իսկ սույն դեպքում բողոք բերող անձ Կազմակերպության կողմից վճարվել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ իրավանորմի ուժով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց


1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2021 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23102020 թվականի «Քաղաքացիական գործի վարույթն առանձնացնելու և առանձնացված մասով այն կարճելու մասին» որոշմանը:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան