Գլխավոր տեղեկություն
Համար
N 1179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.12.2023-10.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.21/70(1159) Հոդ. 914
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2015 թվականի N 1179-Ն

 

ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը և 23.2-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.20 N 845-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 20.01.16 N 75-Ն) 

(1-ին կետը փոփ. 20.01.16 N 75-Ն, 27.05.20 N 845-Ն) 

1.1. Սահմանել, որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:

(1.1-ին կետը լրաց. 08.12.16 N 1250-Ն) 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 16

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ չաշխատող կին) մայրության նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) դիմող՝ մայրության նպաստը նշանակելու և վճարելու մասին դիմում ներկայացրած անձ.

2) շահառու՝ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատող կին (ում նշանակվում է մայրության նպաստը).

3) տարածքային կենտրոն` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում.

4) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,

դ. Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված՝ փախստական ճանաչված անձանց (այսուհետ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը,

ե. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, սակայն Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման համաձայն փախստական չճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված) համար՝ սույն ենթակետի «ա» պարբերություններում նշված անձը հաստատող փաստաթուղթը.

5) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` շահառուի (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:

(2-րդ կետը փոփ., խմբ. 27.05.20 N 845-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց. 30.11.23 N 2083-Ն)

2.1. Սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված անձինք նույնականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների, «ե» պարբերությունում նշված անձինք՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված տվյալների:

(2.1-ին կետը լրաց. 30.11.23 N 2083-Ն)

3. Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի (այդ թվում` երկքաղաքացի) կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող շահառուին, եթե նա հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.

2) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ օտարերկրյա քաղաքացի շահառուին, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.

3) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շահառուին, եթե նա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում.

4) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո 140 օրվա ընթացքում:

(3-րդ կետը խմբ. 23.06.17 N 727-Ն, փոփ. 27.05.20 N 845-Ն, լրաց. 30.11.23 N 2083-Ն)

4. Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), 

բ. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

գ. այն բանկի անվանումը, որտեղից շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.

դ. նշում այն մասին, որ շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և մայրության նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության կամ Լեռնային Ղարաբաղում գտնվող բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.

3.1) երեխայի ծննդյան վկայականը, եթե շահառուն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական և չի կարող ներկայացնել Լեռնային Ղարաբաղում տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 14.01.21 N 17-Ն) 

5) շահառուի ստորագրած հայտարարությունը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում) կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում) չհանդիսանալու մասին (հայտարարությունը ներառում է նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով:

(4-րդ կետը փոփ. 20.01.16 N 75-Ն, 08.12.16 N 1250-Ն, լրաց., փոփ. 20.02.20 N 188-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.05.20 N 845-Ն, փոփ. 14.01.21 N 17-Ն, խմբ., լրաց. 30.11.23 N 2083-Ն)

4.1. Եթե շահառուն նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել է) կամ ծննդաբերել է Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունում, ինչպես նաև այն դեպքում, երբ շահառուն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կամ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական, ապա նրան մայրության նպաստ նշանակվում է, եթե Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն շահառուին Լեռնային Ղարաբաղում մայրության նպաստ չի նշանակվել:

(4.1-ին կետը լրաց. 23.06.17 N 727-Ն, փոփ. 20.02.20 N 188-Ն, խմբ. 30.11.23 N 2083-Ն)

4.2.  (կետն ուժը կորցրել է 30.11.23 N 2083-Ն)

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված` դիմողին վերաբերող դրույթները կիրառելի են, եթե դիմողը շահառուն չէ:

6. Եթե առկա է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին մերժված դիմում, որից հետո ներկայացվում է նոր դիմում, ապա մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում մայրության նպաստը տրվում է 70 օրվա համար` հաշված երեխայի ծննդյան օրվանից (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած): Այս դեպքում ներկայացվում է վաղաժամ ծննդաբերելու մասին փաստաթուղթ:

(7-րդ կետը խմբ. 20.01.16 N 75-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 20.02.20 N 188-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 20.02.20 N 188-Ն) 

10. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային կենտրոնը՝ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում որոշում է`

1) մերժել մայրության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել շահառուին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել մայրության նպաստը:

11. Տարածքային կենտրոնը մերժում է մայրության նպաստ նշանակելը (տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) շահառուն չունի մայրության նպաստի իրավունք, կամ՝

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ՝

3) համաձայն առկա տեղեկատվության՝ շահառուի մայրության նպաստը պետք է նշանակվի և վճարվի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ՝

4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում՝ սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից, իսկ սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված դեպքերում նպաստ նշանակելու համար դիմելու 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից.

5) սույն կարգի 4.1-ին կետում նշված՝ Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ շահառուին Լեռնային Ղարաբաղում նշանակվել է մայրության նպաստ:

(11-րդ կետը լրաց. 23.06.17 N 727-Ն, խմբ.30.11.23 N 2083-Ն)

12. Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի շահառուն հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չի եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:

(12-րդ կետը լրաց. 23.06.17 N 727-Ն, 27.05.20 N 845-Ն)

13. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված դեպքերում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է շահառուին: Եթե տարածքային կենտրոնը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է շահառուին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում (բացառությամբ 11-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի), եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշման ընդունման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում դիմումին կից ներկայացվում են միայն պակասող փաստաթղթերը (բացառությամբ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է՝ անկախ որևէ հանգամանքից):

14. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում տարածքային կենտրոնը վճարում է նպաստը:

15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` մայրության նպաստի գումարը շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(15-րդ կետը խմբ. 20.01.16 N 75-Ն, 27.05.20 N 845-Ն)

16. Նպաստը նշանակելու մասին դիմումին կից շահառուի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացվելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի (դիմողի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

(16-րդ կետը փոփ., լրաց. 20.01.16 N 75-Ն, խմբ. 27.05.20 N 845-Ն)

16.1. Շահառուի կամ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), եթե բանկ է ներկայացվում հաշվետիրոջ (շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) տված՝ բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը։

(16.1-ին կետը լրաց. 27.05.20 N 845-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 27.05.20 N 845-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 20.01.16 N 75-Ն)

19. Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացվելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և բանկային հաշվին մուտքագրված մայրության նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:

(19-րդ կետը փոփ. 23.06.17 N 727-Ն, խմբ. 27.05.20 N 845-Ն)

20. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 20.01.16 N 75-Ն, փոփ. 08.12.16 N 1250-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.06.17 N 727-Ն, լրաց., փոփ. 20.02.20 N 188-Ն, փոփ., խմբ. լրաց. 27.05.20 N 845-Ն, փոփ. 14.01.21 N 17-Ն, 25.03.21 N 396-Ն, լրաց., խմբ., փոփ. 30.11.23 N 2083-Ն )

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 27.05.20 N 845-Ն) 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1179-Ն որոշման

(հավելվածն ուժը կորցրել է 20.01.16 N 75-Ն)