Գլխավոր տեղեկություն
Համար
N 2006-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 2006-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-688-23.10.2023-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-688-23.10.2023-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292-րդ հոդվածի խրախուսող նորմը՝ ազատելով իրավախախտումը վերացրած քաղաքացիներին խրախուսող նորմի կիրառման համար 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) իրավախախտման հատկանիշները վերացրած լինելու ապացույցը ներկայացնելու պարտավորությունից։

Վերոնշյալ նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները.

1․ Նախագծով առաջարկվող կարգավորումը, ըստ էության, իրագործելի է, եթե ծրագրատեխնիկական համակարգը հնարավորություն տա, որպեսզի քաղաքացիների կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացվելու մասին տեղեկատվությունը, այսինքն՝ կնքված պայմանագիրը, սահմանված ժամկետում արտացոլվի էլեկտրոնային հարթակում։

Նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն է առաջանալու Պարեկային ծառայության կողմից օգտագործվող էլեկտրոնային ծրագիրը փոխկապակցելու aswa.am կայքին, որպեսզի ինքնաբերաբար գործի խրախուսող նորմը (կամ գործող պայմանագիր ունենալու հանգամանքն ինքնաբերաբար արտացոլվի)։ Այս համատեքստում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առաջիկայում նախատեսվում է ձեռնարկել միջոցներ՝ համապատասխան ծրագրատեխնիկական լուծումներ գտնելու համար։

2. Նախագծի հիմնավորումն ունի լրամշակման կարիք։ Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձը խախտումը վերացնելու և տուգանքի 25 տոկոսը վճարելու, բայց 24 ժամվա ընթացքում դրա ապացույցը չներկայացնելու դեպքում «ենթարկվում է հավելյալ վարչական պատասխանատվության»։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական տույժ է նախատեսված քաղաքացու՝ ՀՀ օրենքով նախատեսված պարտավորությունը չկատարելու համար։ Հետևաբար, խրախուսող նորմով պարտականություն է դրվել իրավասու մարմին ներկայացնելու գործող պայմանագիր։ Քաղաքացու կողմից հիմնական պարտականությունը չկատարելն է առաջացնում գործող պայմանագիր ներկայացնելու պարտականություն, որպեսզի կիրառվի խրախուսող նորմը։

Գործող իրավակարգավորումն անձի համար կրկնակի պատասխանատվություն չի առաջացնում։ Խրախուսող նորմի չկիրառվելու դեպքում անձը պետք է վճարի տուգանքի գումարի ոչ թե 125, այլ՝ 100 տոկոսը։ Հաշվի առնելով, որ հիմնավորման մեջ ներառված նման մոտեցումը կարող է հանրության շրջանում թյուրըմբռնումների տեղիք տալ (առավել ևս, որ իրավական առումով հիմնավորված չէ), առաջարկվում է նախագծի հիմնավորումից հանել վերոհիշյալ հատվածը։

3. Նախագծում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածների պահանջները: