Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.07.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ/0009/11/20

Նախագահող դատավոր՝

 Տ․ Սահակյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

 

28 հուլիսի 2023 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀԱսլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 290-րդ հոդվածի 1-ին մասի, 298-րդ հոդվածի 1-ին մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 36160320 քրեական գործը։ Հետագայում, գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի քննչական բաժին։

11 Դիմող Ռոբերտ Սիմոնյանի ներկայացուցիչ ԱՄանթաշյանը նախաքննության մարմնին միջնորդություն է ներկայացրել՝ հիշյալ քրեական գործով Ռոբերտ Սիմոնյանի նկատմամբ կայացնել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում՝ վերջինիս գործողություններում հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով, որի լուծումը նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ հետաձգվել է՝ մինչև դրա լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը։

12 Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա.Հովհաննիսյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ ԱՄանթաշյանի ներկայացրած բողոքը մերժվել է:

2. Նախաքննության մարմնի վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյանը և ՆՉիլինգարյանը բողոք են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել դիմող Ռոբերտ Սիմոնյանի իրավունքների խախտումը։

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյանի և ՆՉիլինգարյանի բողոքը բավարարվել է, նախաքննության մարմնի` 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը վերացվել և վերջինս պարտավորեցվել է վերականգնել դիմող Ռոբերտ Սիմոնյանի խախտված իրավունքները։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀԱսլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ըստ բողոքի հեղինակի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի այն ենթակա է բեկանման։

6. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 6-րդ, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 7-րդ հոդվածների դրույթները, նշել է, որ ստորադաս դատարանները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ կայացնելով անհիմն և օրենքից չբխող դատական ակտեր:

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում իրավասու չէր վերացնել նախաքննության մարմնի բողոքարկված որոշումը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը լիազորում է դատարանին բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների խախտումը, իսկ որոշումը վերացնելու դատարանի լիազորությունը սահմանող նույն օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված հատուկ կարգավորումը վերաբերում է միայն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների դատական ստուգման դեպքերին։ Հետևաբար, նախաքննության մարմնի քննարկվող որոշումը վերացնելով, Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։

Բողոքաբերը նշել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից ըստ էության գնահատական է տրվել գործ հարուցելու մասին հետաքննության մարմնի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը, չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը դիմողի ներկայացուցիչների կողմից չի բողոքարկվել ո՛չ դատախազին, ո՛չ էլ դատարան։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը թողնելով ուժի մեջ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Նախաքննության մարմինը 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ քննարկելով ՌՍիմոնյանի նկատմամբ հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջինիս ներկայացուցիչ ԱՄանթաշյանի միջնորդությունը, նշել է՝ «(...) Նկատի ունենալով, որ (...) միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դեռևս անհրաժեշտ է պարզել էական հանգամանքներ, ուստի փաստաբան Աննա Մանթաշյանի միջնորդության լուծումը անհրաժեշտ է հետաձգել (...)»2:

9. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ բավարարելով դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյանի և ՆՉիլինգարյանի բողոքը՝ այդ թվում վերացնելով նախաքննության մարմնի վերոհիշյալ որոշումը, նշել է. «(…) Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին 03.08.2020թ. կայացրած որոշման մեջ նշված է, որ Ռ.Սիմոնյանը հանդիսանալով «Վիլլա Ռեստ Հաուզ» ՍՊԸ-ի տնօրեն, իրականացնելով հողային աշխատանքներ, միաժամանակ կատարել է հյուրանոցը սնուցող ջրահավաք բաքը վերանորոգելու և հյուրանոցի հարակից տարածքը բարեկարգելու աշխատանքներ, սակայն պարզ չէ, թե Ռ.Սիմոնյանի փաստական վարքագիծը քրեական օրենսգրքով նախատեսված որ հանցագործության հատկանիշներին է համապատասխանում՝ 290 հոդվածի 1-ին մաս, 298 հոդված, 315 հոդվածի 1-ին մաս: Սա այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին որոշման մեջ անձի անվանական նշումը արդեն իսկ ենթադրում է նրան փաստորեն կասկածյալի կարգավիճակ վերագրել: Ավելին, նախաքննական մարմինը կայացնելով միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշում՝ պատճառաբանում է, որ պետք է կատարվեն քննչական և դատավարական գործողություններ գործի լրիվությունը և բազմակողմանիությունը ապահովելու նպատակով, այսինքն միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դեռևս անհրաժեշտ է պարզել էական հանգամանքներ, մինչդեռ որոշումից պարզ չի, թե ինչպիսի էական հանգամանքների մասին է խոսքը գնում և կոնկրետ ինչ հանգամանքներ պետք է պարզվեն, որպիսի պարագայում դատարանը գտնում է, որ միջնորդության լուծումը հետաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի կայացրած որոշումը հիմնավորված ու օրինական չէ, ինչը հանգեցրել է Ռ.Սիմոնյանի իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, քանզի վերջինս գտնվում է փաստորեն կասկածյալի կարգավիճակում և պարզ չէ, թե նրա այդ կարգավիճակը մինչև երբ է շարունակվելու (...)»3։

10. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի փետրվարի 22-ի որոշման համաձայն` «(...) Ինչ վերաբերում է միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշմանը, ապա Առաջին ատյանի դատարանը այդ կապակցությամբ արձանագրել է, որ նախաքննական մարմինը կայացնելով միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշում՝ պատճառաբանում է, որ պետք է կատարվեն քննչական և դատավարական գործողություններ գործի լրիվությունը և բազմակողմանիությունը ապահովելու նպատակով, այսինքն միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դեռևս անհրաժեշտ է պարզել էական հանգամանքներ, մինչդեռ որոշումից պարզ չի, թե ինչպիսի էական հանգամանքների մասին է խոսքը գնում և կոնկրետ ինչ հանգամանքներ պետք է պարզվեն, որպիսի պարագայում գտել է, որ միջնորդության լուծումը հետաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի կայացրած որոշումը հիմնավորված ու օրինական չէ, ինչը հանգեցրել է Ռ.Սիմոնյանի իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, որպիսի հիմնավորումները ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար (...)»4։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դատավորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին և վարույթն իրականացնող մարմնին»։

13. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում բողոքարկման ենթակա դատավարական ակտերի կապակցությամբ, Վճռաբեկ դատարանը Արթուր Գյուլնազարյանի գործով կայացված որոշմամբ արձանագրել է՝ «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետևյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

(…)

Վճռաբեկ դատարանը, (…) գտնում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ քննիչի որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք այնպիսի սահմանափակման, որ այդ հանգամանքով պայմանավորված վիճարկվող որոշումը դիտարկվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։ Այլ հարց է, որ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող, նախաքննության մարմնի որոշ վարույթային ակտերի (օրինակ՝ անձի անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքները սահմանափակող կամ այլ վարույթային ակտերի) բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս կարող է հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, ինչը, սակայն, հիմք է նախաքննության մարմնի այդպիսի կոնկրետ վարույթային ակտերը, այլ ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու համար»5։

14 Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ թեև նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը արտահայտվել է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման դատական ստուգման շրջանակներում, սակայն այն հավասարապես վերաբերելի է նաև քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ կայացված որոշմանը։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- նախաքննության մարմինը 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ դիմող Ռոբերտ Սիմոնյանի ներկայացուցիչ ԱՄանթաշյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին միջնորդության լուծումը հետաձգել է՝ էական հանգամանքներ պարզելու անհրաժեշտության պատճառաբանությամբ6։

- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյանի և ՆՉիլինգարյանի բողոքը բավարարել է՝ վերացրել է նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և պարտավորեցրել է վերջինիս վերականգնել դիմող Ռոբերտ Սիմոնյանի խախտված իրավունքները7։

 - Վերաքննիչ դատարանը մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը և Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը թողնելով անփոփոխ՝ ընդունելի է համարել դրանում արտահայտված դիրքորոշումները8։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ըստ էության քննելով դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյանի և ՆՉիլինգարյանի բողոքը և բավարարելով այն, իսկ Վերաքննիչ դատարանն այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, հանգել են սխալ հետևության՝ կայացնելով անհիմն որոշումներ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացուցիչ ԱՄանթաշյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն ինքնին չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլերում չի հանգեցնի դիմող Ռոբերտ Սիմոնյանի իրավունքների անհամարժեք սահմանափակման։

17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը չի հանդիսացել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, ուստի Առաջին ատյանի դատարանը, 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ըստ էության քննելով և բավարարելով դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյանի ու ՆՉիլինգարյանի բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից։

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերի այն պնդումը, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր վերացնել սույն գործով բողոքարկված՝ միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշումը9։

19 Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացուցիչ Ա.Մանթաշյանի կողմից բողոքարկված որոշումը չի հանդիսացել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։ Հետևաբար, քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանելու և փոփոխելու համար։

Միաժամանակ, վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի և ՆՉիլինգարյանի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը, ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանել և փոփոխել։ Դիմող Ռոբերտ Սիմոնյանի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի և ՆՉիլինգարյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 6-7։

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 49-50։

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 39-53։

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Գյուլնազարյանի գործով 2023 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0376/11/20 որոշումը, 12-րդ կետ։

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Համբարձում Հարությունյանի գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը, 18-20-րդ կետեր, Դավիթ Վարոսյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշումը, 25-րդ կետ։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան