Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.11.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0200 Ն. 28.11.23

 

28 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 200-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել փոխանակման կետերի կողմից ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքերի միջոցով արտարժույթի առք ու վաճառքի իրականացումը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.

«10) «Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (ՖԳԻԱՍ)» (այսուհետ նաև՝ ավտոմատ սարք)` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 196-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգով» սահմանված նշանակության:»:

2) Կանոնակարգի 4-րդ կետը 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.

«11) տեղեկանք ավտոմատ սարքի վերաբերյալ՝ համաձայն սույն որոշման հավելված 21-ի, եթե փոխանակման կետը նախատեսում է տեղադրել ավտոմատ սարք:»:

3) Կանոնակարգի 5-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով.

«10) տեղեկանք ավտոմատ սարքի վերաբերյալ՝ համաձայն սույն որոշման հավելված 21-ի, եթե փոխանակման կետը նախատեսում է տեղադրել ավտոմատ սարք:»:

4) Կանոնակարգի 6-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) տեղեկանք ավտոմատ սարքի վերաբերյալ՝ համաձայն սույն որոշման հավելված 21-ի, եթե փոխանակման կետը նախատեսում է տեղադրել ավտոմատ սարք:»:

5) Կանոնակարգի 7-րդ կետում «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ և 9-րդ» բառերով:

6) Կանոնակարգի 100-րդ կետում «180» թիվը փոխարինել «120» թվով։

7) Կանոնակարգը 10-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 10.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՍԱՐՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

131.1. Փոխանակման կետը ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարքի (ՖԳԻԱՍ) միջոցով կարող է իրականացնել արտարժույթի առքի կամ վաճառքի գործառնություններ։

131.2. Արտարժույթի առքի կամ վաճառքի գործառնություններ իրականացնելու նպատակով սույն կանոնակարգի 56-րդ կետով սահմանված վայրերում (այդ թվում՝ 56-րդ կետով սահմանված տարածքի մեծության պահանջին չբավարարող) գործող փոխանակման կետը (փոխանակման կետի մասնաճյուղը) կարող է տեղադրել ավտոմատ սարք տվյալ վայրում (այդ թվում՝ փոխանակման կետի (մասնաճյուղի) դրամարկղի դրսի պատին ներկառուցված և բացառությամբ դրամարկղի ներսի հատվածի), ընդ որում` ավտոմատ սարքից պետք է հնարավոր լինի օգտվել բացառապես այդ վայրի ներսում։

131.3. Սույն կանոնակարգի 56-րդ կետով սահմանված վայրերից տարբերվող վայրերում գործող փոխանակման կետը (փոխանակման կետի մասնաճյուղը) արտարժույթի առքի կամ վաճառքի գործառնություններ իրականացնելու նպատակով կարող է տեղադրել ավտոմատ սարք միայն այն դեպքում, եթե փոխանակման կետն ունի հաճախորդների սպասարկման համար նախատեսված առանձնացված սպասարկման սրահ: Ավտոմատ սարքը կարող է տեղադրվել փոխանակման կետի դրամարկղի պատին ներկառուցված կամ հաճախորդների սպասարկման սրահում, ընդ որում՝ ավտոմատ սարքից պետք է հնարավոր լինի օգտվել բացառապես սպասարկման սրահի ներսում։

131.4. Ավտոմատ սարք տեղադրելու կամ տեղադրված ավտոմատ սարքը տեղադրման վայրից հանելու դեպքում փոխանակման կետը այն տեղադրելուց (հանելուց) հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում տեղեկանք ավտոմատ սարքի վերաբերյալ՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 21-ի։

131.5. Փոխանակման կետը ավտոմատ սարքի միջոցով արտարժույթի առքի կամ վաճառքի գործառնություններ իրականացնելիս պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի գլուխ 10-ով սահմանված պահանջներին, բացառությամբ` 71-րդ, 74-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ կետերի։»։

8) Կանոնակարգը լրացնել Հավելված 21-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 28-ի

թիվ 200-Ն որոշման

 

 

«Հավելված 21

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների

լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Փոխանակման կետ _____________________

Լիցենզիա թիվ` _____________________

Հասցե` ______________________________

Փոստային հասցեն ___________________

Հեռախոսի համար ___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՍԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

☐ Հայտնում ենք, որ _______/______/_______-ից մեր կողմից տեղադրվել է (են)

                          Օր, ամիս, տարի

ավտոմատ սարք(եր), որի (որոնց) վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ տեղեկատվությունը.

 

☐ Հայտնում ենք, որ _______/______/_______-ից հետևյալ ավտոմատ սարք(եր)ը հանվել է (են) տարածքից.

                          Օր, ամիս, տարի

 

1. Նշեք

o Սարքը արտադրողի անվանումը

o Սարքի մակնիշը

o Սարքը նույնականացնող տվյալներ

2. Նշեք

o Սարքի տեղադրման հասցեն

o Սարքի տեղադրման վայրը

   ☐ _______________________________________________________ սպասարկման սրահում*

   ☐ Փոխանակման կետի սպասարկման սրահում

   ☐ Դրամարկղի պատին ներկառուցված

o Սարքի աշխատանքային ժամերը

   ☐ Փոխանակման կետի աշխատանքային ռեժիմով

   ☐ Համաձայն կից ներկայացված հայտարարության

o Սարքն իրականացնելու է՝

   ☐արտարժույթի առք

   ☐արտարժույթի վաճառք

   ☐արտարժույթի առքուվաճառք

 

*- նշվում է Կանոնակարգ 10-ի համաձայն այն վայրի անվանումը, որտեղ տեղադրված է ավտոմատ սարքը:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

 

 

Շաբաթվա օրերը

Աշխատանքային օրվա սկիզբ

Աշխատանքային օրվա ավարտ

Երկուշաբթի

   

Երեքշաբթի

   

Չորեքշաբթի

   

Հինգշաբթի

   

Ուրբաթ

   

Շաբաթ

   

Կիրակի

   

 

 

 

 

Ավտոմատ սարքը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո

օրերին*

 

*-դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում

 

 

 

 

Ավտոմատ սարքը աշխատելու է 24/7 ռեժիմով

 

 

Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)

 

Ստորագրություն

 

 

______________________

 

______________________

 

                                         »։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական: