ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) օրենսդրությանը համապատասխան կառուցված կենցաղային հարմարություններով և սանիտարական հանգույցով, վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով: Առևտրի իրականացման վայրերը պետք է ապահովված լինեն մուտքի մոտակայքում տեղակայված վճարովի կամ անվճար հասարակական զուգարանների առկայության մասին տեղեկացնող, ինչպես նաև գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով.».
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-7-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) առևտրի իրականացման վայրում սպառողների գնումների համար նախատեսված առևտրային տարածքներում (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտների տարածքների), սպառողներին հասանելի տեղերում տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցների առկայությունը:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) վաճառվող փաթեթավորված և ոչ փաթեթավորված հացի գնապիտակի վրա, բացի սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվող պահանջներից, նշվում են նաև մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը»:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «և բուֆետապանը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Առևտրի և ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի և 4-րդ մասի «դ» կետի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ու «դ» կետերի և 3-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի, 11-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «2008» թիվը փոխարինել «2011» թվով:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի և 5-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջները`
ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից.
բ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:
5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետի և 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի պահանջներն ուժի մեջ են մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:»:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|