Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15

Նախագահող դատավոր՝

 Ն. Բարսեղյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի հունիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.08.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երեմ Հովսեփյանի ընդդեմ Աշոտ Մալխասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Երեմ Հովսեփյանը պահանջել է Աշոտ Մալխասյանից բռնագանձել 48.800.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները՝ սկսած 15.02.2014 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Հովսեփյան) 14.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավորներ՝ Լ. Գրիգորյան և Գ. Խանդանյան) 25.01.2018 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.03.2020 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 05.03.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Աշոտ Մալխասյանից հօգուտ Երեմ Հովսեփյանի բռնագանձել 48.800.000 ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 30.01.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 48.800.000 ՀՀ դրամին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.08.2021 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 05.03.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Մալխասյանը (ներկայացուցիչներ Թ. Մալխասյան և Կ. Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երեմ Հովսեփյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 9-րդ, 61-րդ, 66-րդ և 414-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աշոտ Մալխասյանը, հանդես գալով լիազորագրով, Երեմ Հովսեփյանի խնդրանքով ֆիզիկապես ներկա է գտնվել գործարքի կնքման պահին, միայն ստորագրել է առուվաճառքի պայմանագիրը, իսկ գումարային հարցերը լուծվել են սեփականատեր Երեմ Հովսեփյանի և իրական գնորդ Աբրամ Ամիրխանյանի միջև՝ պայմանագրի գինը գնորդի կողմից փոխանցվել է վաճառողին, որի մասին Երեմ Հովսեփյանն իրեն նախապես տեղեկացրել է։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքի վերաբերյալ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020թ. հայտնած դիրքորոշումը։ Բացի այդ, ստորադաս դատարանները կրկին որպես գործի համար էական նշանակություն ունեցող փաստարկ վկայակոչել են վկա Ռիմա Ամիրխանյանի՝ կադաստրին «հասցեագրված» դիմումները՝ առանց հաշվի առնելու այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականին հայտնած դիրքորոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշումից հետևում է, որ առաջին ատյանի դատարանում նոր քննության ընթացքում հայցվոր կողմը պարտավոր էր ներկայացնել վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված արժանահավատ ցուցմունքով հայտնած հանգամանքները հերքող հանգամանքներ, ըստ էության՝ նոր ապացույցներ, սակայն քաղաքացիական գործի ողջ քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել որևէ նոր ապացույց, որը կհակադրվեր վկայի ցուցմունքին։ Ավելին՝ պատասխանող կողմի այն հարցերին, թե որ փաստերով է հիմնավորվում այն իրողությունը, որ պատասխանող Աշոտ Մալխասյանն ստացել է առուվաճառքի պայմանագրի գումարը, հայցվորի ներկայացուցիչը միայն մատնանշել է 14.02.2014 թվականի առուվաճառքի պայմանագիր 2.1 կետը, ինչը դատարանին և կողմերին հայտնի է եղել դեռևս հայցադիմումը ներկայացնելիս, հետևաբար նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 23.03.2021 թվականին որոշում կայացնելիս։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը նույնիսկ ապացուցման բեռի բաշխման որոշում կայացնելիս հայցվոր կողմի վրա չի դրել վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից հայտնած հանգամանքները հերքող ապացույցներ ներկայացնելու պարտականություն:

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նշել այն կոնկրետ փաստը, որը ապացուցում է պատասխանող Աշոտ Մալխասյանի կողմից գումար ստանալու հանգամանքը, այլ ոչ թե առաջնորդվեր ենթադրություններով և վերացական հիմնավորումներով: Քաղաքացիական գործում առկա չէ որևէ ապացույց, ինչը վկայում է այն մասին, որ պատասխանող Աշոտ Մալխասյանին գումար է տրվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.08.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել կամ բեկանել դատական ակտն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության։

 

2.1 Երեմ Հովսեփյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ հետևյալ հիմնավորումներով.

Պատասխանողն իր պարտավորությունը կատարել է մասնակի՝ վաճառել է անշարժ գույքը, սակայն վաճառքից ստացված գումարն իրեն չի տրամադրել:

Անշարժ գույքի վաճառքի գումարը պատասխանողի կողմից իրեն չվճարելու փաստը պատասխանողի կողմից չի վիճարկվել:

Վկա Ռիմա Ամիրխանյանի տրված ցուցմունքն արժանահավատ ապացույց չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2017 թվականի վճռով Երեմ Հովսեփյանի հայցն ընդդեմ Աշոտ Մալխասյանի բավարարվել է ու վճռվել է Աշոտ Մալխասյանից բռնագանձել 48.800.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի վաճառքից ստացված գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները՝ սկսած 15.02.2014 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 112-121, հատոր 2-րդ, գ.թ. 89-105)

2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.03.2020 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ (հատոր 3-րդ, գ.թ. 115-126)

3) գործի նոր քննության ընթացքում Դատարանը հայցվոր Երեմ Հովսեփյանի վրա պարտականություն չի դրել ապացուցելու որ Ռիմա Ամիրխանյանի կողմից Աշոտ Մալխասյանին է փոխանցվել (վերջինս Ռիմա Ամիրխանյանից ստացել է) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարը։ Գործի նոր քննության ընթացքում Դատարանը պատասխանող կողմի վրա պարտականություն է դրել ապացուցելու, որ Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի գումարն իրեն չի փոխանցել (հատոր 4-րդ, գ.թ. 33, 34, 38)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործը նոր քննության ուղարկելու մասին որոշում կայացվելու դեպքում սահմանված ծավալով գործի նոր քննության առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: (…)

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ստորադաս դատարանում գործի նոր քննությունը վերադաս դատարանի որոշման հիման վրա՝ վերադաս դատարանի կողմից սահմանված ծավալով իրականացնելու հարցին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի վկայակոչմամբ արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերադաս դատական ատյանը, սահմանելով գործի նոր քննության ծավալը և արձանագրելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ըստ էության, իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատարանի համար` գործի նոր քննության ընթացքում առաջնորդվելու նշված ծավալով և այդ շրջանակներում: Այլ կերպ` գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, քանի որ դրանք ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո։ Եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ վերջինս եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում կամ նույն սահմաններում (տե՛ս, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազությունն ընդդեմ Ավետիս Վարդանյանի և մյուսների թիվ ՎԴ3/0258/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Թեև վերը նշված իրավական դիրքորոշումներն արտահայտվել են վարչական դատավարության կարգով քննվող գործերի շրջանակներում, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դրանք հավասարապես կիրառելի են նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործերով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (տե՛ս, Վահան Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/3739/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.21 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.07.2017 թվականի վճռով Երեմ Հովսեփյանի հայցն ընդդեմ Աշոտ Մալխասյանի բավարարվել է ու վճռվել է Աշոտ Մալխասյանից բռնագանձել 48.800.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի վաճառքից ստացված գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները՝ սկսած 15.02.2014 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.03.2020 թվականի որոշմամբ Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ, որի համաձայն՝ գործի նոր քննության ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ պետք է գնահատեր գործում եղած բոլոր ապացույցները, որոշեր հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առներ, որ վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված ցուցմունքն արժանահավատ ապացույց է:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը, վերը նշված ծավալը սահմանելիս պատճառաբանելով, որ՝

1) «որպես վկա հրավիրված Ռիմա Ամիրխանյանը դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ առուվաճառքի պայմանագիրը կնքելիս ինքն Աշոտ Մալխասյանին գումար չի փոխանցել, քանի որ երկուսն էլ տեղեկացված էին, թե ովքեր են իրական գնորդը և իրական վաճառողը, որոնց միջև արդեն իսկ գումարային հարցերը լուծվել էին: Ռիմա Ամիրխանյանը հայտնել է, որ տեղյակ չէ անշարժ գույքի նկատմամբ կատարված պետական գրանցումների մասին, քանի որ որևէ դիմում չի ներկայացրել Կադաստր։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս ատյանները վկայի ցուցմունքը` որպես ապացույց, որակել են անարժանահավատ այն պատճառաբանությամբ, որ հակառակ Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքի, որ ինքը տեղյակ չէ անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ, կադաստրային գործում առկա են Ռիմա Ամիրխանյանի անունից ներկայացված դիմումներ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ վկայի ցուցմունքը սույն գործով ունի էական և կարևոր ապացուցողական նշանակություն: Վկայի ցուցմունքը միայն վերոգրյալ պատճառաբանությամբ ոչ արժանահավատ համարելն իրավաչափ չէ: Նախ` իրականում չեն ստուգվել կադաստրային գործում առկա դիմումներում առկա ստորագրությունների իսկությունը: Երկրորդ` եթե անգամ կադաստրային գործում առկա դիմումները ներկայացվել են Ռիմա Ամիրխանյանի կողմից, ապա այդ դիմումներով չի ապացուցվում այն փաստը, որ Ռիմա Ամիրխանյանն իրականում առուվաճառքի գումարը փոխանցել է Աշոտ Մալխասյանին: Հետևաբար, կադաստրային գործում առկա դիմումները չեն կարող բավարար համարվել վկայի ցուցմունքն անարժանահավատ ապացույց դիտելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում նշված վկայի ցուցմունքի հավաստիության ու արժանահավատության հետ կապված կասկածներն անհրաժեշտ է փարատել այդ վկայի ցուցմունքը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով»,

2) «անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ՀՀ, Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծիծեռնակաբերդի խճուղի, 1/3 շենք, թիվ 25-րդ հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրած անձինք, այսինքն թե՛ պատասխանող Աշոտ Մալխասյանը, և թե՛ գնորդ Ռիմա Ամիրխանյանը պնդում են, որ գումարային հարցերը լուծվել են անշարժ գույքի սեփականատեր Երեմ Հովսեփյանի և իրական գնորդ Աբրամ Ամիրխանյանի կողմից, իսկ Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի կնքման պահին Աշոտ Մալխասյանին որևէ գումար չի փոխանցել՝ չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի համաձայն՝ գումարը տրվում է վաճառողին պայմանագիրը վավերացնելու պահին: Փաստորեն, ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն կարևորագույն հանգամանքը, որ սույն գործով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրած երկու անձինք էլ փաստում են նույնը, որ գնորդը` Ռիմա Ամիրխանյանը, վաճառողի կողմից լիազորված անձին` Աշոտ Մալխասյանին, գումար չի փոխանցել»,

3) «ստորադաս դատարանները վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը ոչ արժանահավատ ապացույց են համարել անհիմն կերպով՝ չգնահատելով այդ ցուցմունքը սույն գործում առկա ապացույցների համակցության մեջ: Արդյունքում ոչ բավարար հիմնավորելով ցուցմունքի անարժանահավատ լինելը՝ ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ եզրահանգման»,

4) «Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևոր փաստը, որ առուվաճառքի պայմանագիրը ստորագրած երկու անձինք էլ պնդում են գնորդի կողմից գումարը փոխանցված չլինելու և վաճառողի կողմից գումարը չստանալու մասին: Իսկ հակառակը վկայակոչող դատավարության կողմը` տվյալ դեպքում հայցվորը, գործի քննության ընթացքում այդպես էլ չի ապացուցել, որ Ռիմա Ամիրխանյանի կողմից անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարը ստացել է Աշոտ Մալխասյանը և չի փոխանցել իրեն: Այնինչ սույն գործի փաստերից ելնելով՝ այդ փաստի ապացուցման բեռը կրում է հենց ինքը՝ հայցվոր Երեմ Հովսեփյանը»,

արձանագրել է, որ «սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանը վճիռ է կայացրել Երեմ Հովսեփյանից հօգուտ Աշոտ Մալխասյանի նաև 48.800.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին այն պատճառաբանությամբ, որ՝

1) «պատասխանողի կողմից վերաբերելի ապացույց չի ներկայացվել, որով կհիմնավորվեր, որ 14.02.2014 թվականին Երեմ Հովսեփյանի (ում անունից գործել է Աշոտ Մալխասյանը՝ 06.12.2011 թվականին տրված լիազորագրի համաձայն) և Ռիմա Ամիրխանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի իրական կողմեր են հանդիսացել ոչ թե Երեմ Հովսեփյանը և Ռիմա Ամիրխանյանը, այլ կողմեր են հանդիսացել Երեմ Հովսեփյանը և Աբրամ Ամիրխանյանը, ինչպես նաև այն, որ պայմանագրի գումարն արդեն իսկ Աբրամ Ամիրխանյանի կողմից անձամբ փոխանցվել է Երեմ Հովսեփյանին»,

2) «Աշոտ Մալխայանը Դատարանին վերաբերելի ապացույց չի ներկայացրել, որով նաև կհիմնավորվեր, որ վերոնշյալ պայմանագիրը կամ պայմանագրի 2.1 կետը, մասնավորապես՝ այն, որ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 48.800.000 ՀՀ դրամ, որը տրվում է վաճառողին պայմանագիրը վավերացնելու պահին, երբևէ դատական կարգով վիճարկվել է և հանդիսանում է անվավեր»,

3) «չի ներկայացվել համապատասխան ապացույց, որով կհիմնավորվեր, որ պայմանագիրը շինծու է, և պայմանագրի իրական կողմեր են հանդիսանում Երեմ Հովսեփյանը և Աբրամ Ամիրխանյանը: Դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործի շրջանակում նման պահանջով հակընդդեմ հայց չի ներկայացվել, հետևապես նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ 14.02.2014 թվականի պայմանագրի կողմերը հանդիսացել են Երեմ Հովսեփյանը (ում անունից գործել է Աշոտ Մալխասյանը) և Ռիմա Ամիրխանյանը»,

4) «պատասխանողը կատարելով լիազորագրով ստանձնած պարտավորություններից, այն է՝ սեփականության իրավունքով Երեմ Հովսեփյանին պատկանող Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառելու, առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու գործողությունները, սակայն առուվաճառքի պայմանագրից բխող և լիազորագրում նշված մյուս պարտավորությունը, այն է՝ գումար ստանալը, չի կատարել, իսկ ինչպես արդեն նշվել է պատասխանողը վերաբերելի ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր, որ առուվաճառքի գումարը հայցվորն անձամբ արդեն իսկ ստացած է եղել»,

5) «պատասխանողի կողմից որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացվել պարտավորության պատշաճ կատարված լինելու վերաբերյալ, հետևաբար նման պայմաններում Դատարանը գտնում է, որ Աշոտ Մալխասյանից հօգուտ Երեմ Հովսեփյանի պետք է բռնագանձել 48.800.000 ՀՀ դրամ»:

Վերաքննիչ դատարանը 17082021 թվականին որոշում է կայացրել Աշոտ Մալխասյանի վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 05032021 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝

1) «Ընդհանուր իրավասության դատարանն իրավափաչորեն հաստատված է համարել, որ պատասխանողը կատարելով լիազորագրով ստանձնած պարտավորություններից, այն է՝ սեփականության իրավունքով Երեմ Հովսեփյանին պատկանող Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 շենքի 25-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառելու, առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու գործողությունները, չի կատարել առուվաճառքի պայմանագրից բխող և լիազորագրում նշված մյուս պարտավորությունը, այն է՝ գումար ստանալը, միևնույն ժամանակ վերոգրյալի վերաբերյալ՝ չներկայացնելով վերաբերելի ապացույց, որով կհիմնավորվեր, որ առուվաճառքի գումարը հայցվորն անձամբ արդեն իսկ ստացած է եղել»,

2) «պատասխանողի կողմից որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացվել պարտավորության պատշաճ կատարված լինելու վերաբերյալ, հետևաբար նման պայմաններում Դատարանը իրավացիորեն գտել է, որ Աշոտ Մալխասյանից հօգուտ Երեմ Հովսեփյանի պետք է բռնագանձել 48 800 000 ՀՀ դրամ»,

3) «Ռիմա Ամիրխանյանից գումար ստանալու և այն բնակարանի սեփականատեր Երեմ Հովսեփյանին փոխանցելու պարտավորությունը բողոքաբերը կրել է Երեմ Հովսեփյանի կողմից վերջինիս տրված լիազորագրի ուժով»։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանում գործի նոր քննությունը չի իրականացվել գործը նոր քննության ուղարկելու մասին սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.03.2020 թվականին կայացված որոշմամբ սահմանված ամբողջ ծավալով, ինչպես նաև անտեսվել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից նույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, որոնք պարտադիր են եղել գործը քննող դատարանի համար:

Այսպես՝ ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը, բեկանելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և գործն ուղարկելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, նոր քննության ծավալ է սահմանել գործում եղած բոլոր ապացույցների գնահատումը՝ նույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից ելնելով, ու հաշվի առնելով վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված ցուցմունքի արժանահավատ ապացույց հանդիսանալու հանգամանքը։

Վերը նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումներից են, որ՝

- վկայի ցուցմունքի հավաստիության և արժանահավատության հետ կապված կասկածներն անհրաժեշտ է փարատել այդ վկայի ցուցմունքը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելու միջոցով,

- ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն կարևորագույն հանգամանքը, որ սույն գործով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն ստորագրած երկու անձինք էլ փաստում են նույնը, որ գնորդը` Ռիմա Ամիրխանյանը, վաճառողի կողմից լիազորված անձին` Աշոտ Մալխասյանին, գումար չի փոխանցել,

- ստորադաս դատարանները վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը ոչ արժանահավատ ապացույց են համարել անհիմն կերպով՝ չգնահատելով այդ ցուցմունքը սույն գործում առկա ապացույցների համակցության մեջ: Արդյունքում ոչ բավարար հիմնավորելով ցուցմունքի անարժանահավատ լինելը՝ ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ եզրահանգման,

- Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարևոր փաստը, որ առուվաճառքի պայմանագիրն ստորագրած երկու անձինք էլ պնդում են գնորդի կողմից գումարը փոխանցված չլինելու և վաճառողի կողմից գումարը չստանալու մասին, իսկ հակառակը վկայակոչող դատավարության կողմը` տվյալ դեպքում հայցվորը, գործի քննության ընթացքում այդպես էլ չի ապացուցել, որ Ռիմա Ամիրխանյանի կողմից անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարն ստացել է Աշոտ Մալխասյանը և չի փոխանցել իրեն, մինչդեռ այդ փաստի ապացուցման պարտականությունը կրում է հենց ինքը՝ հայցվոր Երեմ Հովսեփյանը։

 Մինչդեռ, Դատարանը, անտեսելով վերոգրյալը, հայցվորի վրա պարտականություն չի դրել ապացուցելու որ Ռիմա Ամիրխանյանի կողմից Աշոտ Մալխասյանին փոխանցվել է (վերջինս Ռիմա Ամիրխանյանից ստացել է) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարը ընդհակառակը՝ գործի նոր քննության ընթացքում Դատարանը պատասխանող կողմի վրա պարտականություն է դրել ապացուցելու, որ Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի գումարն իրեն չի փոխանցել։

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալու մասին, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում վճռաբեկ բողոքում նշված դրա մյուս հիմքերին անդրադառնալը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը` որպես նոր քննության ծավալ սահմանելով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումների համատեքստում հայցվոր Երեմ Հովսեփյանի վրա Ռիմա Ամիրխանյանի կողմից Աշոտ Մալխասյանին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարը փոխանցած (վերջինիս կողմից Ռիմա Ամիրխանյանից այն ստացած) լինելու փաստի ապացուցման պարտականություն դնելը և դրա հիման վրա գործի նոր քննություն իրականացնելը։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանությամբ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.08.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

 

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15

2023 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15

Նախագահող դատավոր՝

 Ն. Բարսեղյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Ա. Պետրոսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով 30.06.2023 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«30» հունիսի, 2023 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 30062023 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.08.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Երեմ Հովսեփյանի ընդդեմ Աշոտ Մալխասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 17.08.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 30062023 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է՝ ստորադաս դատարանների կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը պահպանված չլինելու, այդ որոշմամբ արտահայտված և գործը քննող դատարանի համար պարտադիր իրավական դիրքորոշումները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսված լինելու մասին Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիք այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները և բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Համաձայն չլինելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ սահմանված ծավալը ստորադաս դատարանների կողմից գործի նոր քննության ընթացքում պահպանված չլինելու, այդ որոշմամբ արտահայտված և գործը քննող դատարանի համար պարտադիր իրավական դիրքորոշումները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսված լինելու մասին Վճռաբեկ դատարանի եզրահանգումների հետ, հայտնում եմ հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Նշված նորմից հետևում է, որ վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում գործի քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որոնք ստորադաս դատարանին տրված ցուցումներ են քննարկման ենթակա հարցերի, դատավարական գործողություններ կատարելու, օրինակ՝ որոշակի ապացույցներ հետազոտելու և գնահատելու, ինչպես նաև կիրառելի օրենսդրության, օրենքի մեկնաբանման և այլ հարցերի մասին: Ընդ որում, գործի նոր քննության ընթացքում կիրառելի նորմերի մասին վերադաս դատական ատյանի արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ չի հիմնավորվում գործի փաստերի նկատմամբ դրանց կիրառելի չլինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանի՝ որպես բարձրագույն դատական ատյանի, կողմից կիրառելի նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները և սահմանած գործի նոր քննության ծավալը պարտադիր են գործը քննող դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, բայց չեն կանխորոշում դրա արդյունքը: Այն, որ գործը քննող դատարանը պետք է գործի նոր քննությունն իրականացնի ՀՀ Վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով՝ կատարելով սահմանված դատավարական գործողությունները, իր հերթին նշանակում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր դատական ակտում պետք է հստակ նշի նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք գործի նոր քննության ժամանակ ստորադաս դատարանի կողմից պետք է վերացվեն, ինչպես նաև գործի նոր քննության ընթացքում կատարվելիք դատավարական գործողությունների շրջանակը:

Սույն գործով առաջին քննության ժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը վերջինիս կողմից դատավարական իրավունքի նորմերի՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 47-րդ և 53-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու պատճառաբանությամբ: ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ նշել է՝ «ստորադաս ատյանները վկայի ցուցմունքը` որպես ապացույց, որակել են անարժանահավատ այն պատճառաբանությամբ, որ հակառակ Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքի, որ ինքը տեղյակ չէ անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ, կադաստրային գործում առկա են Ռիմա Ամիրխանյանի անունից ներկայացված դիմումներ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ վկայի ցուցմունքը սույն գործով ունի էական և կարևոր ապացուցողական նշանակություն: Վկայի ցուցմունքը միայն վերոգրյալ պատճառաբանությամբ ոչ արժանահավատ համարելն իրավաչափ չէ: Նախ` իրականում չեն ստուգվել կադաստրային գործում առկա դիմումներում առկա ստորագրությունների իսկությունը: Երկրորդ` եթե անգամ կադաստրային գործում առկա դիմումները ներկայացվել են Ռիմա Ամիրխանյանի կողմից, ապա այդ դիմումներով չի ապացուցվում այն փաստը, որ Ռիմա Ամիրխանյանն իրականում առուվաճառքի գումարը փոխանցել է Աշոտ Մալխասյանին: Հետևաբար, կադաստրային գործում առկա դիմումները չեն կարող բավարար համարվել վկայի ցուցմունքն անարժանահավատ ապացույց դիտելու համար: (…)»: ՀՀ Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է նաև, որ «ստորադաս դատարանները վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը ոչ արժանահավատ ապացույց են համարել անհիմն կերպով՝ չգնահատելով այդ ցուցմունքը սույն գործում առկա ապացույցների համակցության մեջ: Արդյունքում ոչ բավարար հիմնավորելով ցուցմունքի անարժանահավատ լինելը՝ ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ եզրահանգման: (…)»:

Անդրադառնալով գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտության հարցին և նոր քննության ծավալին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ նշել է՝ «(…) տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանում գործի նոր քննությունը չի իրականացվել գործը նոր քննության ուղարկելու մասին սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.03.2020 թվականին կայացված որոշմամբ սահմանված ամբողջ ծավալով, ինչպես նաև անտեսվել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից նույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, որոնք պարտադիր են եղել գործը քննող դատարանի համար: (…)»:

Նշվածից բխում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարել կադաստրային գործում առկա դիմումների վկայակոչմամբ վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը ոչ արժանահավատ ապացույց լինելու մասին ստորադաս դատարանների պատճառաբանությունները՝ արձանագրելով, որ այդ ապացույցը պետք է գնահատել գործում եղած այլ ապացույցների հետ համակցության մեջ: Վկայի ցուցմունքի՝ որպես ապացույցի առանձին տեսակի, գնահատման մասով ոչ իրավաչափ եզրահանգման գալու հիմնավորմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարաններին դատավարական իրավունքի նորմերի՝ Նախկին օրենսգրքի 47-րդ և 53-րդ հոդվածների խախտումներ է վերագրել: Գործը նոր քննության ուղարկելու պայմաններում ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի նոր քննության ընթացքում հայցը բավարարման կամ մերժման ենթակա լինելու հարց լուծելիս ստորադաս դատարանները պետք է հիմք ընդունեն գործում եղած բոլոր ապացույցները, այդ թվում՝ վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արժանահավատ ապացույց համարված ցուցմունքը: Այսինքն՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը գործը քննող դատարանի համար ընդհանուր կարգով սահմանել է գործում առկա բոլոր ապացույցները, այդ թվում նաև՝ գործի առաջին քննության ժամանակ չհետազոտված ու չգնահատված վկայի ցուցմունքը, իրենց համակցության մեջ գնահատելու և հետազոտելու պարտականություն, որը ստորադաս դատարանների կողմից կատարվել է:

Մասնավորապես, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) վճռում արձանագրել է, որ «պատասխանողը խնդրել է հաշվի առնել արդեն իսկ նախորդ քննության ընթացքում տված ցուցմունքը, (…)», ապա անդրադարձել դրան և գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ գնահատել այն՝ հանգելով այն եզրակացության, որ «նկատի ունենալով, որ առուվաճառքի պայմանագիրն անվավեր պայմանագիր չէ՝ նման պայմաններում պատասխանողի վրա լիազորագրի ուժով դրված է եղել առուվաճառքի գումարը ստանալու և հայցվորին հանձնելու պարտավորությունը և միայն այդ փաստի առկայության դեպքում լիազորագրով ստանձնած պարտավորության կատարումը կարող էր համարվել պատշաճ, մինչդեռ պատասխանողի կողմից որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացվել պարտավորության պատշաճ կատարված լինելու վերաբերյալ, հետևաբար նման պայմաններում Դատարանը իրավացիորեն գտել է, որ Աշոտ Մալխասյանից հօգուտ Երեմ Հովսեփյանի պետք է բռնագանձել 48 800 000 ՀՀ դրամ: (…)»:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքին և գնահատելով դրա վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությունը, գտել է, որ «դատարանի հետևությունները դիտում է հիմնավոր, իսկ բողաքաբեր Ա.Մալխասյանի փաստարկները՝ անհիմն: (…)»: Ավելին՝ անդրադառնալով Դատարանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասող հետևություններ արված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ «ընդհանուր իրավասության դատարանն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Դատարանի կողմից, տվյալ դեպքում, վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը գնահատվել է գործով ներկայացված մյուս ապացույցների հետ համակցության մեջ և տրվել դրանց գնահատականը վերջնական ակտով: (…)»:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն եզրակացությանը, որ Դատարանը, անտեսելով ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ արտահայտված՝ իր համար պարտադիր իրավական դիրքորոշումները «հայցվորի վրա պարտականություն չի դրել ապացուցելու որ Ռիմա Ամիրխանյանի կողմից Աշոտ Մալխասյանին փոխանցվել է (վերջինս Ռիմա Ամիրխանյանից ստացել է) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարը ընդհակառակը՝ գործի նոր քննության ընթացքում Դատարանը պատասխանող կողմի վրա պարտականություն է դրել ապացուցելու, որ Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի գումարն իրեն չի փոխանցել։», ապա հարկ եմ համարում նշել հետևյալը

Դատարանը, հաշվի առնելով Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքներով նշված այն հանգամանքը, որ պայմանագրի կնքման օրը բնակարանի առուվաճառքի գումարը չի փոխանցվել Աշոտ Մալխասյանին, ինչպես նաև վաճառողի և գնորդի իրավունքներն ու պարտականությունները սահմանող՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 5-րդ և 6-րդ կետերը, արձանագրել է, որ եթե «անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման պահին գնորդը չի վճարել անշարժ գույքի արժեքը, իսկ պայմանագրով սահմանվել էր, որ այն պետք է վճարվեր պայմանագիրը վավերացվելու պահին և պայմանագիրը վավերացվել է պայմանագրի կնքման օրը, հետևաբար Աշոտ Մալխասյանը նման պարագայում պարտավոր է եղել պայմանագրի կնքման օրը գումարի չվճարման պարագայում ձեռնարկել բոլոր միջոցները անշարժ գույքի արժեքը գնորդից պահանջելու համար: Հետևաբար նման պարագայում պատասխանողի պարտավորությունը կդիտարկվեր պատշաճ կատարված միայն այն դեպքում, երբ գնորդի կողմից առուվաճառքի գումարի չվճարման պարագայում վերջինիցս ստանար գումարը և փոխանցեր հայցվորին՝ հաշվի անելով նաև այն հանգամանքը, որ լիազորագրով սահմանված չի եղել առուվաճառքի գումարի ստանալու պարագայում այն տնօրինել և լիազորված է եղել կատարել միայն հանձնարարության հետ կապված գործողություններ:»

Այսինքն՝ Դատարանը ոչ թե Աշոտ Մալխասյանի վրա դրել է պարտականություն ապացուցելու, որ «Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի գումարն իրեն չի փոխանցել», այլ Դատարանն արձանագրել է, որ Աշոտ Մալխասյանը կրել է այն փաստն ապացուցելու պարտականությունը, որ պատշաճ կատարել է իրեն լիազորագրով վերապահված՝ առուվաճառքի գումարը ստանալու և հայցվորին հանձնելու պարտավորությունը։

Նշված պատճառաբանություններով գտնում եմ, որ ստորադաս դատարաններն իրականացրել են ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ սահմանված ծավալով գործի նոր քննություն, գործում եղած ապացույցների, այդ թվում վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքի, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ լուծել են վեճը, հետևաբար Վճռաբեկ դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ մերժեր վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողներ Վերաքննիչ դատարանի 17.08.2021 թվականի որոշումը:

 

Դատավոր

Արսեն Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան