Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.06.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԱԴ/0030/01/19

Նախագահող դատավոր՝

 Ռ. Բարսեղյան

Դատավորներ՝

 Ա. Ազարյան

 Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

30 հունիսի 2023 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Հովհաննես Վարազդատի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ՀԱսլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

12019 թվականի մարտի 3-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հարուցվել է թիվ 29154019 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2019 թվականի մարտի 22-ից թիվ 29154019 քրեական գործի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ Բագրատ Լյուդվիգի Մելիքյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Հովհաննես Վարազդատի Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2019 թվականի հունիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Հովհաննես Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

3. Ամբաստանյալ Հ.Սահակյանի պաշտպան Հ.Գալստյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը բեկանվել է, Հ.Սահակյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ ու արդարացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

4. Վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։ 2023 թվականի հունիսի 16-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը:

Ըստ բողոքաբերի՝ դատավարական իրավունքի խախտումն արտահայտվել է նրանում, որ վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքները և քննարկման առարկա հանդիսացող իրավահարաբերությունները կարգավորող նորմերը, այդ թվում՝ չի պահպանել նշված օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքի պահանջները, անտեսել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված դիրքորոշումները՝ նույնանման փաստերով այլ գործերով Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ իրավական նորմերի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություններ տալով կիրառած նորմերին՝ չի հիմնավորել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը, որպիսի հանգամանքը ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Բողոքաբերը գտել է, որ նյութական իրավունքի խախտումը՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառումը, արտահայտվել է նրանում, որ ձեռք բերված փաստական տվյալները գնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել քրեական օրենքը, քանի որ ներկայացված տվյալները վկայել են ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված արարք կատարելու մասին:

6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7 Առաջին ատյանի դատարանը, ՀՍահակյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, հաստատված է համարել հետևյալը «(…) Հ․Սահակյանը 2017 թվականի մարտի 28-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԱԴ/1296/02/16 վճռով պարտավորեցվել է ապօրինի տիրապետումից ազատել թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր՝ Բագրատ Մելիքյանին պատկանող, Ոսկեվազ գյուղի 21-րդ փողոցում գտնվող, շինություններով ծանրաբեռնված՝ 316քմ տնամերձ հողամասը, որը սակայն Հովհաննես Սահակյանի կողմից չի կատարվել, որպիսի պայմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների միջամտությամբ, 2018 թվականի մայիսի 30-ին, հիշյալ հողամասն ազատվել է Հովհաննես Սահակյանի ապօրինի տիրապետումից: Դրանից հետո Հովհաննես Սահակյանը, համաձայն չլինելով վերջնական արդյունքի հետ, ենթադրելով, որ ինքը նույնպես այդ հողամասի նկատմամբ ունի որոշակի իրավունքներ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ինքնակամ իրականացնելով իր այդ ենթադրյալ իրավունքը, կատարելով ինքնիրավչություն՝ շարունակել է ապօրինի տիրապետել հողամասում առկա թոնրատունն ու կիսակառույց շինությունը, որով էական վնաս է պատճառել Բագրատ Մելիքյանի իրավունքներին և օրինական շահերին՝ թույլ չտալով վերջինիս լիարժեք տնօրինել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը»2:

8. Առաջին ատյանի դատարանը դատավճռի հիմքում դրել է տուժող՝ ԲՄելիքյանի, վկաներ՝ ՀՀովհաննիսյանի, ՍՄեջլումյանի, ԳՄարտիրոսյանի, ԱԲաղդասարյանի ցուցմունքները, քննիչի՝ 2019 թվականի մայիսի 27-ի որոշմամբ որպես այլ փաստաթուղթ ապացույց ճանաչված՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 2-ի վճիռը, Բագրատ Մելիքյանի անվամբ 2007 թվականի մարտի 5-ին տրված թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականը, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի թիվ ԱՐԱԴ/1296/02/16 վճիռը, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության 2018 թվականի մայիսի 30-ի՝ կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի՝ 2018 թվականի հոկտեմբերի 1-ի գրավոր պարզաբանումը3։

9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հ.Սահակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ ու արդարացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով, արձանագրելով հետևյալը. «(…) [Ս]ույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կնիքով և ստորագրությամբ հաստատված սեփականության իրավունքի թիվ 1196914 վկայականի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի, Ոսկեվազ համայնքի 0,13 հա հողամասը համատեղ սեփականության իրավունքով տրվել է Վարազդատ Սահակյանին, Ա.Սահակյանին, Մ.Սահակյանին, Հ.Սահակյանին, Թ.Սահակյանին, Լ. և Ս. Սահակյաններին: Նշված սեփականության իրավունքի գրանցման վկայականը տրվել է 03.11.2003 թվականին:

Վիճարկվող՝ 0,0316 հա տարածքով հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականը Բագրատ Մելիքյանին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է 05.03.2007 թվականին:

Նշված սեփականության իրավունքի գրանցման վկայականը Գ.Մելիքյանին տրվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2007 թվականի վճռի հիման վրա: Ինչպես 2007 թվականին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից, այնպես էլ 2017 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռներով Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր չի ճանաչվել: Նշված վճիռներով դատարանները հաստատված են համարել այն փաստը, որ Գ.Մելիքյանին պատկանող 0,0316 հա տարածքով հողակտորը թյուրիմացաբար ներառվել է Հ.Սահակյանին պատկանող հողակտորի կազմի մեջ, սակայն վերոնշյալ փաստը հիմք չի հանդիսացել Հ.Սահակյանին տրված սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու համար: Մինչ օրս Հ.Սահակյանի, ինչպես նաև նշված հողակտորը համատեղ սեփականության իրավունքով տիրապետող այլ անձանց սեփականության իրավունքը չի դադարեցվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Սահակյանի կողմից իր իրավունքների իրականացումը չի կատարվել օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հ.Սահակյանն իրականացրել է 2003 թվականին օրենքով սահմանված կարգով իրեն տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականից բխող իր իրավունքները՝ որպես համասեփականատեր:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ Հովհաննես Սահակյանը քաջատեղյակ է եղել, որ վիճելի գույքը հանդիսանում է Բագրատ Մելիքյանի սեփականությունը, իսկ նախկինում այն Վարազդատ Սահակյանի և մյուսների անվամբ սխալմամբ, և օրենքով սահմանված կարգի խախտմամբ է հաշվառվել ավելի մեծ մակերեսով, քան իրականում առկա է, սակայն ինքնակամ իրականացրել է իր ենթադրյալ իրավունքը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող հողակտորի նկատմամբ իրավահարաբերությանը մասնակից կողմերի միջև իրավունքների ճանաչման վեճի առկայությունը և Հ. Սահակյանի կողմից վիճարկվող հողակտորի նկատմամբ Բ.Մելիքյանի սեփականության իրավունքի գրանցում կատարված լինելու փաստի իմացությունը դեռևս բավարար չէ ինքնիրավչության հանցակազմի առկայությունը հաստատված համարելու համար, հատկապես հաշվի առնելով այն, որ վիճելի հողակտորի նկատմամբ Հ.Սահակյանի և մյուսների սեփականության իրավունքի գրանցումը դադարեցված չէ։ (...)»4:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ ՀՍահակյանի արարքում ինքնիրավչության հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին (…)»:

11.1. Վերլուծելով ինքնիրավչության հանցակազմը՝ Վճռաբեկ դատարանը Վարդան Պետրոսյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(…) Ինքնիրավչության հիմնական անմիջական օբյեկտն անձանց կողմից իրենց իրավունքների ու ազատությունների իրականացման՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգն է, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

(...) Նշված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ակտիվ վարքագծով` գործողությամբ: Ընդ որում, անհրաժեշտ է, որ այդ գործողության իրավաչափությունը վիճարկվի անձի (կազմակերպության) կողմից: Տվյալ դեպքում որպես վիճարկում հարկ է հասկանալ շահագրգիռ անձի կողմից իրավապահ մարմիններին համապատասխան հայտարարություն (դիմում, բողոք) ներկայացնելը` ինքնիրավ գործողությունների արդյունքում իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ:

Ինքնիրավչության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է գործողության կատարման եղանակը. հանցավորը գործում է ինքնակամ, ինքնագլուխ կերպով, իրավունքի իրականացման՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Ընդ որում, արարքը որպես ինքնիրավչություն որակելու համար որևէ նշանակություն չունի, թե հանցավորի գործողություններն ուղղված են եղել իրական, թե ենթադրյալ իրավունքի իրականացմանը:

Ինքնիրավչության հանցակազմը նյութական է, այսինքն` հանցագործությունն ավարտված է համարվում այլ անձանց իրավունքներին և օրինական շահերին էական, իսկ պետության ու հասարակության շահերին` խոշոր վնաս պատճառելու դեպքում: Ինքնիրավչությունը, որի արդյունքում էական վնաս չի պատճառվել, քրեորեն հետապնդելի արարք չէ:

Վնասը կարող է դրսևորվել ինչպես նյութական, այնպես էլ անձի սահմանադրական և այլ իրավունքների խախտման տեսքով, կարևորն այն է, որ ինքնիրավ գործողության և առաջացած վնասի միջև լինի պատճառահետևանքային կապ: Պատճառված վնասի էական լինելը պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքում՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից:

(...) Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ. հանցավորը կարծում է, որ ինքն ունի որոշակի իրավունք, գիտակցում է, որ այդ իրավունքը վիճարկվում է այլ անձի կամ կազմակերպության կողմից, և ինքն իրականացնում է այդ իրավունքը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ: Հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի վերաբերմունքը կարող է դրսևորվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ: (… )»5։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը Հովհաննես Սահակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, հաստատված համարելով, որ նա 2017 թվականի մարտի 28-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԱԴ/1296/02/16 վճռով պարտավորեցվել է ապօրինի տիրապետումից ազատել թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր Բագրատ Մելիքյանին պատկանող՝ Ոսկեվազ գյուղի 21-րդ փողոցում գտնվող, շինություններով ծանրաբեռնված՝ 316 քմ. տնամերձ հողամասը, որը սակայն չի կատարել։ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների միջամտությամբ, 2018 թվականի մայիսի 30-ին, հիշյալ հողամասն ազատվել է Հ.Սահակյանի ապօրինի տիրապետումից, որից հետո նա, համաձայն չլինելով վերջնական արդյունքի հետ, ենթադրելով, որ ինքը նույնպես այդ հողամասի նկատմամբ ունի որոշակի իրավունքներ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ինքնակամ իրականացնելով իր այդ ենթադրյալ իրավունքը, կատարելով ինքնիրավչություն՝ շարունակել է ապօրինի տիրապետել հողամասում առկա թոնրատունն ու կիսակառույց շինությունը, որով էական վնաս է պատճառել Բ.Մելիքյանի իրավունքներին և օրինական շահերին՝ թույլ չտալով վերջինիս լիարժեք տնօրինել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը6:

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հ.Սահակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ ու արդարացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հ.Սահակյանի կողմից իր իրավունքների իրականացումը չի կատարվել օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ, քանի որ նա իրականացրել է 2003 թվականին օրենքով սահմանված կարգով իրեն տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականից բխող իր իրավունքները՝ որպես համասեփականատեր, և նրա սեփականության իրավունքը դադարեցված չի եղել7:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում մեջբերված իրավադրույթի և վկայակոչված իրավական դիրքորոշման լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Հ.Սահակյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելով, պատշաճ գնահատման չի ենթարկել գործում առկա փաստական տվյալները։

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի վերլուծել և չի գնահատել հետևյալ փաստական հանգամանքները.

- ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի նոյեմբերի 17-ի վճռով Վարազդատ Սահակյանի և Աննման Սահակյանի հայցն ընդդեմ Լյուդվիգ Մելիքյանի (իրավահաջորդ Բագրատ Մելիքյան), Ոսկեվազի գյուղապետարանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի Աշտարակի տարածքային ստորաբաժանման` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու և Ոսկեվազի համայնքի ավագանու՝ 2005 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 5 արձանագրությունը, Ոսկեվազի գյուղապետի՝ 2005 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 17 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է,

- ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 2-ի վճռի հիման վրա, որով ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցվել է գրանցելու Բագրատ Լյուդվիգի Մելիքյանի սեփականության իրավունքը, 2007 թվականի մարտի 5-ին տրվել է թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականը, որում ներառվել է նաև վեճի առարկա հանդիսացող 0,0316 հա հողամասը,

- ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի թիվ ԱՐԱԴ/1296/02/16 վճռով Բագրատ Մելիքյանի հայցը բավարարվել է՝ պարտավորեցվել է պատասխանող Հովհաննես Սահակյանին ապօրինի տիրապետությունից ազատել թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր Բ.Մելիքյանին պատկանող անշարժ գույքը8,

 - նշված վճիռն ի կատար է ածվել. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականով հայցվոր Բագրատ Մելիքյանին պատկանող անշարժ գույքը 2018 թվականի մայիսի 30-ին ազատվել է Հ.Սահակյանի ապօրինի տիրապետումից և կատարողական վարույթը կարճվել է,

- Հովհաննես Սահակյանը մասնակից է եղել քաղաքացիական գործերի քննությանը, տեղեկացված է եղել վճիռների բովանդակության, իր իրավունքների և պարտականությունների մասին, սակայն, համաձայն չլինելով, շարունակել է ինքնակամ իրականացնել իր ենթադրյալ իրավունքը՝ տիրապետել է 0,0316 հա հողամասում առկա թոնրատունն ու կիսակառույց շինությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոհիշյալ փաստական տվյալներով հաստատվել են վեճի առարկա հանդիսացող գույքի՝ Բագրատ Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանելու և Հովհաննես Սահակյանի կողմից ապօրինի տիրապետելու հանգամանքները: Հաստատվել է նաև, որ ամբաստանյալ ՀՍահակյանի գործողությունները կատարվել են ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իր քաղաքացիական իրավունքների պաշտպանության նպատակով, այլ ուղղված են եղել Բ.Մելիքյանի սեփականության իրավունքի դեմ: Հ.Սահակյանը, կարծելով, որ ունի որոշակի իրավունք վեճի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ, գիտակցել է, որ իր այդ իրավունքն իրականացնում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ։

14. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ ինչպես 2007 թվականին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի, այնպես էլ 2017 թվականին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռներով Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր չի ճանաչվել և մինչ օրս Հ.Սահակյանի սեփականության իրավունքը չի դադարեցվել, Վճռաբեկ դատարանն այն հիմնազուրկ է համարում հետևյալ պատճառաբանությամբ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գույքի կամ դրա օրենքով սահմանված մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է ուժը կորցրած ճանաչված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ օրենքով սահմանված հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից»։ Հետևաբար, 2007 թվականի մարտի 5-ին Բագրատ Մելիքյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման պահից նույն համայնքում Հովհաննես Սահակյանի և մյուսների անվամբ 2003 թվականի նոյեմբերի 3-ին կատարված ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցման արդյունքում տրամադրված թիվ 1196914 վկայականը մասամբ՝ վեճի առարկա հանդիսացող գույքի մասով, համարվում է ուժը կորցրած։ Այսինքն՝ վիճելի գույքի նկատմամբ Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքը դադարել է Բագրատ Մելիքյանի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցելու պահից, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, առանց անհրաժեշտ իրավական նշանակություն տալու քաղաքացիական գործերով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, դրանց հիման վրա տրված թիվ 2339942 սեփականության իրավունքի վկայականին, հանգել է անհիմն հետևության, որ վիճելի գույքի նկատմամբ Հովհաննես Սահակյանի սեփականության իրավունքը դադարեցված չի եղել:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ ՀՍահակյանի գործողությունները եղել են իրավաչափ, քանի որ դադարեցված չեն եղել իր իրավունքները տվյալ տարածքի նկատմամբ, հիմնազուրկ է:

15. Այսպիսով, ամփոփելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Հ.Սահակյանի արարքում ինքնիրավչության հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

16. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանելու հիմք է։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ուստի պետք է օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հովհաննես Վարազդատի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 76-80:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 155-157:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 137-158:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի`Վարդան Պետրոսյանի գործով 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԱՎԴ1/0063/01/09 որոշման 11-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան