Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-51-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.07.2008-01.03.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.139
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սնանկության գործերի քննության կարգը

1. Սնանկության գործերի քննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:

 

Հոդված 2. Օրենքի գործողության սահմանները

 

1. Սույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության.

բ) համայնքի.

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.

դ) բանկի.

ե) վարկային կազմակերպության.

զ) ներդրումային ընկերության.

է) ապահովագրական ընկերության:

Սույն մասում օգտագործված «բանկ», «ապահովագրական ընկերություն», «ներդրումային ընկերություն» կամ «վարկային կազմակերպություն» հասկացությունները չեն ներառում ինքնալուծարման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությունն ստացած բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային ընկերությունը կամ վարկային կազմակերպությունը:

2. Օրենքով կարող են սահմանվել ապահովագրական ընկերությունների, բարեգործական, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամների, արժեթղթավորման հիմնադրամների ներդրումային ընկերությունների կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, գրավատների, բնական մենաշնորհի և շուկայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների անվճարունակության և որպես պարտապան դրանց մասնակցությամբ սնանկության վարույթի այլ կանոններ, քան սահմանված են սույն օրենքով:

3. Որպես պարտապան` օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձի մասնակցությամբ անվճարունակության (սնանկության) հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4. Օտարերկրյա պետությունների դատարանների անվճարունակության (սնանկության) գործերով վճիռները (որոշումները) Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության սկզբունքով:

5. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(2-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-201-Ն, 25.05.08 ՀՕ-108-Ն)

 

Հոդված 3. Պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները

 

1. Պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

2. Պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, նույնիսկ եթե պարտապանն անվճարունակ չէ: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը.

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը).

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:

3. Պարտապանն անվճարունակ է, եթե առկա է ստորև նախատեսված հիմքերից մեկը`

ա) պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն): Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել.

բ) պարտապանն ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները (փաստացի անվճարունակություն):

 

Հոդված 4. Սնանկության գործերի ենթակայությունը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումն ու սնանկության գործերը քննում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանը (այսուհետ` տնտեսական դատարան):

2. Սնանկության գործերը, այդ թվում` դրանցով կայացված վճիռների և որոշումների` վճռաբեկության կարգով վերանայումից և բեկանումից կամ վերացումից հետո, տնտեսական դատարանում քննվում են միանձնյա:

3. Սնանկության գործի վարույթի ընթացքում տնտեսական դատարանին ենթակա են այն քաղաքացիական գործերով վեճերը, որոնցով պարտապանը պատասխանող է:

 

Հոդված 5. Պարտապանի` դատարան դիմելու պարտականությունը

 

1. Պարտապանը սեփական սնանկության ճանաչման նպատակով պարտավոր է դիմել դատարան, եթե`

ա) մեկ կամ մի քանի պարտատերերի պահանջների բավարարումը անհնար կդարձնի այլ պարտատերերի հանդեպ դրամական պարտավորությունների լրիվ կատարումը (կանխատեսելի սնանկություն).

բ) պարտապան իրավաբանական անձի կառավարման բարձրագույն մարմինը որոշում է ընդունել պարտապանին սնանկ ճանաչելու դիմումով դատարան դիմելու մասին:

2. Պարտապան իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը (լուծարողը) պարտավոր է պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան, եթե լուծարման ժամանակ պարզվում է, որ լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջներն ամբողջովին բավարարելու համար:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը պետք է դատարան ներկայացվի ոչ ուշ, քան համապատասխան հիմքերի հայտնաբերումից հետո` տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 6. Պարտատիրոջ կամ այլ անձանց` դատարան դիմելու պարտականությունը

 

1. Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարումների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում`

ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարումների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.

բ) համայնքի ղեկավարը` տեղական տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:

2. Եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի անբավարարության հետևանքով անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) և մեկամսյա ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնել դատարան` անկախ նրանից, այդ բոլոր կատարողական վարույթները գտնվում են նույն հարկադիր կատարողի մոտ, թե ոչ:

Սույն մասի իմաստով գույքն անբավարար է համարվում, եթե կատարողական վարույթով (վարույթներով) իրացման ենթակա արգելանք դրված և գնահատված գույքի առաջիկա իրացման գնահատված կամ մեկնարկային գինն ավելի ցածր է պահանջի (պահանջների) չափից: Պահանջի (պահանջների) չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական վարույթի իրականացման հետ կապված ծախսերը և գույքի իրացումից ծագող անուղղակի հարկային պարտավորությունները:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերում նշված պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները` Հայաստանի Հանրապետության դատախազության մասին օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածով նախատեսված պետական մարմինները և պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել պահանջից, եթե պարտավորության կատարման հետևանքով դրա չափը նվազել է սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված չափից:

5. Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշումը:

 

Հոդված 7. Անձնական գույքային պատասխանատվությունը` դատարան դիմելու պարտականությունը չկատարելու համար

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված անձանց կողմից նույն հոդվածում սահմանված դեպքերում և ժամկետում չներկայացնելու դեպքում դիմում ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտատերերի առջև սուբսիդիար պատասխանատվություն են կրում պարտապանի այն պարտավորությունների համար, որոնք առաջացել են սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նույն պատասխանատվությունն առաջանում է նաև հարկադիր կատարողի համար` սույն օրենքի 6-րդ հոդվածով վերջինիս համար սահմանված պարտականությունը չկատարելու դեպքում:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասու պաշտոնատար անձինք նույն հոդվածում նախատեսված դեպքերում և ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում չներկայացնելու դեպքում անձնական գույքային պատասխանատվություն են կրում դրա հետևանքով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությանը և համայնքին պատճառված վնասի համար:

 

Հոդված 8. Կանխամտածված սնանկությունը

 

Եթե պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունն ուղղորդելը և այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այդ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով` վերջինիս գույքի անբավարարության դեպքում:

 

Հոդված 9. Պարտապանի հետ փոխկապակցված անձինք

 

1. Պարտապանի հետ փոխկապակցված են համարվում`

ա) պարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձը.

բ) պարտապանի ղեկավարը, ինչպես նաև տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նաև սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.

գ) պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 և ավելի տոկոսին տիրապետող անձը.

դ) պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը:

Պարտապանի նկատմամբ փոխկապակցված է համարվում նաև անձը, որը սույն մասում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հարաբերությունների մեջ, իսկ սույն մասի «գ» կամ «դ» կետերի հիմքով իրավաբանական անձի փոխկապակցվածության դեպքում` նաև այդ անձի` սույն մասի «բ» կետում նշված պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձը:

2. Ֆիզիկական անձ պարտապանի հետ փոխկապակցված են համարվում նրա ամուսինը, նրանց հետ երկու աստիճան ուղիղ վերընթաց և վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, եղբայրը, քույրը և նրանց հետ ուղիղ վայրընթաց ազգակցական կապերի մեջ գտնվող անձինք, ամուսնու եղբայրը, քույրը:

3. Կառավարչի և պարտատերերի հետ փոխկապակցված անձինք որոշվում են սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԱՅՆ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

Հոդված 10. Դիմումը ներկայացնելը և հետ վերցնելը

 

1. Հարկադրված սնանկության դիմում կարող են ներկայացնել`

ա) մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ.

բ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համապատասխան պաշտոնատար անձը` սույն օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում:

2. Կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն`

ա) իրավաբանական անձանց անունից` օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները (այսուհետ` պարտապանի ղեկավար).

բ) ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը:

3. Մեկից ավելի պարտատերերի ներկայացրած դիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

Դիմումը կարող է հետ վերցվել մինչև դիմումը վարույթ ընդունելը:

 

Հոդված 11. Դիմումի ձևը և բովանդակությունը

 

1. Դիմումը դատարան է ներկայացվում քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ձևով և բովանդակությամբ:

2. Դիմումում պետք է նշվեն նաև`

ա) պարտատիրոջ դրամական պահանջի չափը, պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

բ) պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը:

3. Դիմումին կցվում են նաև`

ա) իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 30 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող պետական գրանցման տվյալները.

բ) հարկային պետական մարմինների կողմից դիմումը ներկայացվելու դեպքում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող պարտապանի ներկայացրած վերջին ֆինանսական հաշվետվությունները:

4. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի դիմումատուի կողմից:

5. Պարտատիրոջ դիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:

6. Պարտատերերը կարող են միավորել իրենց պահանջները պարտապանի նկատմամբ և մեկ դիմում ներկայացնել դատարան: Նման դիմումը ստորագրում են պահանջները միավորած բոլոր պարտատերերը:

 

Հոդված 12. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը

 

1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով դիմում ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում են (իսկ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով սահմանված դեպքերում պարտապանը պարտավոր է ներկայացնել) հետևյալ փաստաթղթերը`

ա) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը` համաձայն վերջին գույքագրման արդյունքների (դրա առկայության դեպքում), ներառյալ` կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները.

բ) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և չափը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորությունները.

գ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.

դ) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է, ապա անդամների անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրը և պետական գրանցման տվյալները.

ե) պարտապանի հայտարարությունը` ֆինանսական առողջացման մտադրության մասին.

զ) տեղեկություններ (ապացույցներ) այլ գույքային իրավունքների մասին:

2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան:

 

Հոդված 13. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

 

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը: Եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանում, ապա նոր դիմողի ներկայացրած սնանկության դիմումը քննվում է որպես առանձին վարույթ և ենթակա է կարճման, եթե նախորդ վարույթի գործով պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ է օրինական ուժի մեջ մտնում:

2. Դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ: Եթե դատարանում առկա սնանկության գործով արդեն նշանակված է ժամանակավոր կառավարիչ, ապա նոր ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում:

3. Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է`

ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

բ) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա.

գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.

դ) մաքսային պետական մարմիններին.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` կենտրոնական բանկ).

զ) դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը.

է) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

ը) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:

4. Ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:

5. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:

 

Հոդված 14. Սնանկության վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը

 

1. Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե`

ա) պարտապանի նկատմամբ առկա է անվճարունակ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ.

բ) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը սույն օրենքի համաձայն պարտապան չի կարող լինել:

2. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու օրը:

3. Դատավորի որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են դիմողին:

4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում դիմողն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմելու դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:

Դիմումն ստանալու հաջորդ օրն այն քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:

Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում` դիմումը մերժելու մասին որոշումը վերացնելու կամ դիմումն առանց բավարարման թողնելու մասին:

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է վարույթ ընդունված` այդ որոշման ընդունման օրը:

 

Հոդված 15. Սնանկության վերաբերյալ դիմումը վերադարձնելը

 

1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե`

ա) չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.

բ) մեկ դիմումում միացված են մի քանի պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ.

գ) քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

2. Դիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու օրը:

3. Դիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:

4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում դիմողն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմելու դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:

Դիմումն ստանալու հաջորդ օրը դիմումը քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:

Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում` դիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացնելու կամ դիմումն առանց բավարարման թողնելու մասին:

5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է վարույթ ընդունված` այդ որոշման կայացման օրը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Հոդված 16. Սնանկ ճանաչելը կամավոր սնանկության դիմումի հիման վրա

 

1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն առերևույթ անվճարունակ է:

2. Եթե պարտապանի անվճարունակությունը վիճելի է, ապա դատավորը դիմումը վարույթ ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, նշանակում է դատական նիստ, որին հրավիրվում են պարտապանը և դիմումում նշված պարտատերերը:

Պատշաճ ծանուցված պարտատերերի և պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

3. Դատական նիստում դիմումի քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` պարտապանին սնանկ ճանաչելու կամ դիմումը մերժելու մասին:

4. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում` դրա կայացման, իսկ սույն հոդվածի երրորդ մասում նշված դեպքերում` դատական նիստում հրապարակման պահից 15 օր հետո:

 

Հոդված 17. Պարտապանին սնանկ ճանաչելը պարտատիրոջ (պարտատերերի) դիմումի հիման վրա

 

1. Հարկադրված սնանկության դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:

Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերը:

2. Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

3. Եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը:

4. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում` կայացման, իսկ սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերում` դատական նիստում հրապարակման պահից 15 օր հետո:

 

Հոդված 18. Հաշտության համաձայնության անթույլատրելիությունը

 

Ոչ հարկադրված սնանկության դիմումի քննության և ոչ էլ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո հաշտության համաձայնություն չի կարող կնքվել այլ կերպ, քան սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 19. Պարտապանին սնանկ ճանաչելու և դիմումը մերժելու հետևանքները

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը`

ա) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (այսուհետ` կառավարիչ)` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները.

բ) անհապաղ նշանակում է պարտատերերի առաջին ժողովի անցկացման ժամանակը և վայրը: Պարտատերերի առաջին ժողովը նշանակվում է սնանկ ճանաչելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 80 օրվա և ոչ շուտ, քան 50 օրվա ընթացքում:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշման բողոքարկումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ պարտատերերի առաջին ժողովի անցկացման համար, բացառությամբ եթե բողոքարկվում են որոշմամբ հաստատված բոլոր պահանջները.

գ) պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին անհապաղ տեղեկացնում է`

- պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին,

- անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին,

- այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է,

- մաքսային պետական մարմիններին,

- կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության բանկերին և այլ վարկային կազմակերպություններին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային ծանուցելու համար,

- դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը,

- Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար,

- պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

- աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին:

Սույն կետով նախատեսված տեղեկացումն ուղարկվում է գրավոր կամ առանձին գերատեսչությունների հետ համաձայնեցված կարգով, այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցների գործադրմամբ.

դ) կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.

ե) սույն օրենքով նախատեսված դեպքերում` կառավարչի, պարտատերերի խորհրդի, պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ.

զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում կառավարչին ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե դիմումը ներկայացրել է պարտատերը, հարկադիր կատարողը, կամ պարտապանի կողմից դիմում ներկայացնելու դեպքում դրանք ներկայացվել են թերի.

է) պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից անհապաղ որոշում է կայացնում պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքները կասեցնելու մասին.

ը) արգելանք է դնում պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, բացառությամբ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

թ) կարճում է նույն պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով այլ դիմումներով դատարանի վարույթում առկա գործերի վարույթը:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի գործողության և լուծարման վարույթում գտնվող պարտապանի գործունեության վերսկսման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ստուգման կամ ուսումնասիրության իրականացման համար դատարանի որոշում չի պահանջվում:

Ստուգման կամ ուսումնասիրության իրականացումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է:

3. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կասեցվում են պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում մասնակցություն ունեցող անձանց` օրենքով և պարտապանի կանոնադրությամբ սահմանված այն լիազորությունները, որոնք պայմանավորված են այդ մասնակցությամբ: Նշված լիազորությունների իրականացումը կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ` ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում:

Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է սույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված` պետական մարմինները պարտավոր են տասնհինգօրյա ժամկետում դատարան ներկայացնել պարտապանի գույքի (այդ թվում` իրավաբանական անձանց բաժնեհավաք, փայահավաք կամ այլ կապիտալում մասնակցության), ինչպես նաև իրավունքների (այդ թվում` պարտապանի գրավառուի իրավունքների) գրանցման մասին, իսկ բանկերը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան` պարտապանի` բանկային հաշիվների և դրանց մնացորդների, ինչպես նաև արժեթղթերի նկատմամբ ունեցած իրավունքների մասին տեղեկություններ:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտատերերը կարող են ծանոթանալ սնանկության վարույթի նյութերին:

6. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված կասեցումները վերացնելու համար:

7. Սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ դիմումի մերժումը չի արգելում նույն անձին նույն դիմումով նույն պարտապանի դեմ դիմել դատարան` սնանկության հիմքերի առկայությունն ակնհայտ դառնալու պայմաններում:

 

Հոդված 20. Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը) և հարկադիր կատարողը` վերջինիս կողմից դիմում ներկայացնելու դեպքում:

3. Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները:

4. Դատարանի վճռի բեկանումից հետո գործը քննվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում միանձնյա` այլ դատավորի կողմից:

5. Սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, վճռաբեկության կարգով, միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում: Մնացած դեպքերում դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

6. Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների մասով մտնում է ուժի մեջ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

 

Հոդված 21. Ժամանակավոր կառավարիչը

 

1. Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել կառավարության լիազորված մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ լիցենզավորված և սույն օրենքով սնանկության կառավարչի համար սահմանված պահանջները բավարարող ֆիզիկական անձը: Ժամանակավոր կառավարչի նշանակումը և վաղաժամկետ ազատումը կատարվում է սույն օրենքով կառավարչի նշանակման և վաղաժամկետ ազատման համար սահմանված կարգով:

2. Սնանկության ժամանակավոր կառավարիչը`

ա) միջնորդություն է ներկայացնում դատարան` սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված սահմանափակումների կիրառման համար.

բ) մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի «ե» և «զ» կետերով նախատեսված լիազորությունները:

3. Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ:

4. Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժվելու, ինչպես նաև այն դեպքում, երբ տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակվել է այլ անձ, ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է պարտապանի հաշվին` վերջին տարում պարտապանի տնօրենի տարեկան վաստակի 1/12 չափով:

5. Ժամանակավոր կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու կարգը և ժամանակավոր կառավարչի պատասխանատվությունը որոշվում են սույն օրենքի 31-32-րդ հոդվածներով սահմանված կանոններով:

 

Հոդված 22. Կառավարչի նշանակումը և ազատումը

 

1. Կառավարիչ կարող է նշանակվել կառավարության լիազորված մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ լիցենզավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող ֆիզիկական անձը:

2. Եթե կառավարիչ նշանակված անձը հրաժարվում է կառավարչի պարտականություններն ստանձնելուց, ապա դատարանը անհապաղ կառավարիչ է նշանակում ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացրած այլ թեկնածուի:

3. Եթե կառավարչի հրաժարումն անհիմն է, ապա դատարանն այդ մասին տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին և այն ինքնակարգավորվող կազմակերպությանը, որի անդամ է կառավարիչը:

4. Կառավարիչը կարող է հրաժարվել կառավարչի պարտականություններն ստանձնելուց միայն աշխատանքային ծանրաբեռնվածության կամ այլ հարգելի պատճառով:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` յոթնօրյա ժամկետում, դատավորը սնանկության գործը դասակարգում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի և համապատասխան դաս ունեցող կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը:

6. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, ստանալով դատարանի պահանջագիրը, կազմակերպում է իր անդամ հանդիսացող և համապատասխան դաս ունեցող կառավարիչների միջև վիճակահանություն և ոչ ուշ, քան պահանջագիրն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը տասներկուսը դատարան է ներկայացնում տվյալ գործով կառավարչի թեկնածություններ:

7. Սնանկության գործերի դասակարգման, կառավարիչների վարկանիշի չափորոշիչները և վարկանիշի ռեեստրի վարման կարգը, ըստ վարկանիշի դասային աստիճանների որոշման և վիճակահանության կազմակերպման և թեկնածուների ներկայացման կարգը, կառավարիչների թեկնածուների ցուցակ տրամադրելու դիմումի ձևը սահմանվում են կառավարության որոշմամբ:

 

Հոդված 23. Կառավարչին ներկայացվող պահանջները

 

1. Կառավարչի լիցենզիա կարող է տրվել ֆիզիկական անձին, որն ունի բարձրագույն կրթություն և լիցենզիա ստանալու համար դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ, կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսից:

2. Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել, իսկ նշանակված լինելու դեպքում ենթակա է ազատման այն անձը, որը`

ա) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի նկատմամբ.

բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող է.

գ) քրեական գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ կամ ամբաստանյալ.

դ) նախկինում դատապարտվել է շահադիտական հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը մարված չէ.

ե) պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն.

զ) վերջին հինգ տարիների ընթացքում սնանկ է ճանաչվել որպես ֆիզիկական անձ.

է) սնանկության վերաբերյալ այլ գործերով չի փոխհատուցել կառավարչի պարտականությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասները.

ը) վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից վաղաժամկետ ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից` սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով.

թ) չի հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:

 

Հոդված 24. Կառավարչի հաշվառումը դատարանում

 

Կառավարիչները, որոնք չեն հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, լիցենզիա ստանալու պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր են հաշվառվել դատարանում` ներկայացնելով լիցենզիաների պատճենները, քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումը ապացուցող տեղեկություններ: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչներն այդ մասին անհապաղ հայտնում են դատարանին:

 

Հոդված 25. Կառավարչի գույքային պատասխանատվությունը

 

1. Կառավարիչը պարտավոր է ապահովագրել իր քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար: Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր կառավարչի համար հետևյալ չափերից`

ա) 1-ին դասի կառավարչի համար` նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից.

բ) 2-րդ դասի կառավարչի համար` նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկից.

գ) 3-րդ դասի կառավարչի համար` նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից:

2. Կառավարչի մեղքով վնաս կրած պարտապանը կամ պարտատերը համարվում է ապահովագրական գումարի շահառու:

Կառավարչի մեղքով շահառուներին պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական գումարից, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից:

Եթե ապահովագրական գումարի օրենքով սահմանված չափը բավարար չէ վնաս կրած բոլոր շահառուների` վնասով պայմանավորված պահանջները բավարարելու համար, ապա պահանջների բավարարումն իրականացվում է երկու փուլով:

Առաջին փուլում վնասների հատուցումն իրականացվում է ապահովագրական գումարից` տվյալ գումարը վնաս կրած բոլոր շահառուների միջև` իրենց վնասով պայմանավորված պահանջներին համամասնորեն բաշխելու միջոցով:

Երկրորդ փուլում վնասների փոխհատուցումն իրականացվում է կառավարչի գույքից` վնաս կրած բոլոր շահառուների միջև իրենց վնասով պայմանավորված պահանջի ապահովագրական գումարով չծածկված մասով` իրենց պահանջներին համամասնորեն:

 

Հոդված 26. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը

 

1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը, որի անդամ են հանդիսանում ոչ պակաս, քան 20 լիցենզավորված կառավարիչներ:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար բացի օրենքով սահմանված փաստաթղթերից ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին և նրանց լիցենզիաների պատճենները, անդամների քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումն ապացուցող տեղեկություններ: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել դատարանում` ներկայացնելով սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է դատարանին:

4. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով:

5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի էթիկայի կանոնների մշակումն ու կիրառումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը:

6. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`

ա) վերահսկելու իր անդամների գործունեությունը` սույն օրենքով սահմանված պահանջներին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությանն ու կանոններին համապատասխանեցնելու նպատակով.

բ) ընդունելու կարգեր և կանոններ` իր անդամների որակավորումը, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, ինչպես նաև կառավարչի լիցենզիա ստանալու համար անձանց ստաժավորում իրականացնելու նպատակով.

գ) իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու (այդ թվում` դրամական)` սույն օրենքի, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության և կանոնների խախտման համար.

դ) վարելու կառավարիչների վարկանիշի ռեեստր.

ե) իրականացնելու օրենսդրությամբ չարգելված այլ գործառնություններ և գործունեություն:

 

Հոդված 27. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները

 

1. Անդամների (հիմնադիրների) կողմից կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները միանվագ և պարբերական վճարներ են կատարում իրենց անդամության համար:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`

ա) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.

բ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.

գ) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.

դ) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

ե) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր:

3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդն ընտրում կամ նշանակում է գործադիր մարմին, իրականացնում է կանոնադրությամբ և ժողովի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ: Դիտորդ խորհրդի անդամների քանակը և գործունեության կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Դիտորդ խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմիններին: Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ (ղեկավար), կարգապահական հանձնաժողովի անդամ (ղեկավար):

4. Գործադիր տնօրենը կամ վարչությունը և վարչության ղեկավարը կազմակերպում են ինքնակարգավորվող կազմակերպության աշխատանքները և հաշվետու են դիտորդ խորհրդին: Գործադիր մարմնի իրավասությունները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ: Գործադիր տնօրենը, վարչության անդամը կամ ղեկավարը պետք է ունենա կառավարչի լիցենզիա, սակայն չի կարող միաժամանակ լինել որևէ սնանկության գործով կառավարիչ կամ կարգապահական հանձնաժողովի անդամ:

5. Կարգապահական հանձնաժողովն ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ, ինչպես նաև կանոններով կամ կարգերով սահմանված կարգով վերահսկում է անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենքին, ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությանը, կանոններին, կարգերին, խախտում թույլ տված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցում և համապատասխան տույժեր կիրառում: Կարգապահական հանձնաժողովի անդամը պետք է ունենա կառավարչի լիցենզիա և չի կարող միաժամանալ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ գործադիր մարմնի աշխատակից:

 

Հոդված 28. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի պատասխանատվությունը

 

1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում քննարկել իր անդամի գործունեության վերաբերյալ ստացված բողոքը: Բողոքում նշված օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների կոպիտ խախտումներ հայտնաբերելու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովը լուծում է տվյալ կառավարչին կազմակերպության անդամությունից ազատելու հարցը, որը պետք է լուծվի ոչ ուշ, քան խախտումը հայտնաբերելու կամ դրա մասին տեղեկանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամի հեռացման մասին որոշումը 5 օրվա ընթացքում ուղարկվում է լիցենզավորող մարմնին և դատարան:

3. Որոշումը կարող է հիմք հանդիսանալ օրենքով սահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու, ինչպես նաև դատարանի կողմից կառավարչին` իր պարտականությունների կատարումից ազատելու համար:

 

Հոդված 29. Կառավարչի լիազորությունները

 

1. Սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`

ա) դատարանի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն:

Եթե պարտատերերի ժողով է հրավիրվում կառավարչին ազատելու մասին դատարանին միջնորդություն ներկայացնելու հարցով, ապա այն նախագահում է ժողովին ներկա, ձայնի իրավունք ունեցող ամենախոշոր պարտատերը.

բ) սնանկության գործով դիմում է դատարան` սույն օրենքով նախատեսված դեպքերում.

գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է եկել որպես հայցվոր կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.

դ) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների և նրանց վարձատրում է պարտապանի հաշվին.

ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.

զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.

է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.

ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.

թ) հիմնական կապիտալի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին հինգ առևտրային բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.

ժ) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը.

ժա) հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ.

ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:

3. Սույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

4. Յուրաքանչյուր կառավարիչ ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, իր անուն-ազգանվան և լիցենզիայի համարի նշագրմամբ կնիք:

 

Հոդված 30. Կառավարչի վարձատրությունը

 

1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից:

2. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրով` հաշվի առնելով պարտապանի կառավարվող ակտիվների ծավալը և (կամ) կառավարման բարդությունը:

3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`

ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.

բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.

գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.

դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.

ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.

զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:

4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված տոկոսադրույքների նկատմամբ` կախված անվճարունակության գործով կառավարչի դասից, կիրառվում են հետևյալ ուղղիչ գործակիցները`

ա) 1-ին դասի կառավարչի համար` 1.

բ) 2-րդ դասի կառավարչի համար` 0,9.

գ) 3-րդ դասի կառավարչի համար` 0,8:

5. Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

 

Հոդված 31. Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը

 

1. Պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

2. Բողոքն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում համապատասխան որոշում, որի մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին:

3. Բողոքարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները:

4. Կառավարչի գործողությունները չեն կարող բողոքարկվել այլ դատարաններում:

 

Հոդված 32. Կառավարչի պատասխանատվությունը

 

1. Դատավորն իր նախաձեռնությամբ, պարտապանի կամ պարտատիրոջ (պարտատերերի) միջնորդությամբ կարող է վաղաժամկետ ազատել կառավարչին իր պարտականությունների կատարումից, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն օրենքով սահմանված իր լիազորությունները` այդ մասին տեղեկացնելով պարտապանին և պարտատերերին: Կառավարչին իր պարտականությունների կատարումից ազատելու հարցը նախաձեռնող անձը միջնորդությունը դատարան ներկայացնելու օրվան նախորդող օրը դիմում է ներկայացնում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` խնդրելով տվյալ գործի համար դատարանին տրամադրել կառավարչի թեկնածուների ցուցակ: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով դատարանին է ներկայացնում կառավարչի թեկնածություններ:

Ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան սահմանված վարձատրության և դրա չափի հարցը որոշում է դատարանը:

2. Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը հիմք է կառավարչի լիցենզիայի գործողությունն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու համար:

Կառավարչի լիցենզիայի գործողության դադարեցման կամ կասեցման մյուս հիմքերը և դրա իրականացման կարգը սահմանվում են այլ օրենքով:

3. Կառավարչի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին դատարանի որոշումը հիմք է հանդիսանում նրան կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից հեռացնելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 33. Պարտատերերի ժողովը

 

1. Պարտատերերի ժողովին (այսուհետ` ժողով) քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը: Մնացած պարտատերերը հետագա ժողովներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ առաջին ժողովին չներկայացած, սակայն պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ` սույն հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում սահմանված դեպքերի:

Եթե պարտատիրոջ պահանջն առարկվել է մասնակի, ապա նա կարող է մասնակցել առաջին ժողովին: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ ձայնը հաշվարկվում է պահանջի չառարկված մասով:

Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ձայնի իրավունք ունեցող պարտատերերի առնվազն կեսը:

Եթե սնանկության գործով առկա է մեկ պարտատեր, ապա ժողովի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումները կայացնում է այդ պարտատերը:

2. Ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի և պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ:

3. Ժողովը հրավիրում և նախագահում է կառավարիչը, բացառությամբ 29-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով նախատեսված դեպքերի:

4. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.

բ) պարտատերերի խորհրդի կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

գ) իր կանոնակարգի ընդունումը.

դ) սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը:

5. Ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին (պարտատիրոջը), որը բաշխվում է նրանց միջև` իրենց հաստատված և գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն:

Առաջին ժողովին չներկայացած և պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ կողմից հետագա ժողովներին ներկայանալու դեպքում համապատասխան ժողովում ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին և այդ պարտատիրոջը` նրանց պահանջներին համամասնորեն:

Պարտատիրոջ (պարտատերերի) քվեարկության ձայնի իրավունքը պահպանվում է չբավարարված պահանջի մասով: Եթե քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատիրոջ պահանջը լրիվ բավարարվել է, ապա պարտատերը կորցնում է քվեարկության ձայնի իրավունքը: Այդ դեպքում ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններում նշված չբավարարված պահանջներով պարտատերերին, որը նրանց միջև բաշխվում է նրանց հաստատված կամ գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն:

6. Առաջին ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման դեպքում ժողովն իրավասու է` անկախ դրանում ներկայացված պարտատերերի (պարտատիրոջ) ձայների քանակից:

Հետագա ժողովներն իրավասու են, եթե դրանց մասնակցում են քվեարկության իրավունք տվող ձայների պարզ մեծամասնություն ունեցող պարտատերերը (պարտատերը):

7. Ժողովի նիստերն արձանագրվում են: Ժողովի արձանագրությունն ստորագրում է կառավարիչը, և դրա մեկ օրինակը ժողովի անցկացման հաջորդ օրը ներկայացվում է դատարան:

8. Ժողովի արձանագրությանը կցվում են`

ա) ժողովի անցկացման օրվա դրությամբ պարտատերերի պահանջների գրանցամատյանը (միայն առաջին ժողովի արձանագրության).

բ) ժողովի մասնակիցների գրանցման թերթիկները.

գ) քվեաթերթիկները.

դ) ժողովի մասնակիցների լիազորագրերը կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթեր.

ե) ժողովի մասնակիցների կողմից ժողովի քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.

զ) ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պարտատերերի պատշաճ ծանուցումը հավաստող ապացույցները.

է) այլ փաստաթղթեր:

 

Հոդված 34. Ժողովի մասին ծանուցումը

 

1. Ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող պարտատերերին և պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի:

Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով, իսկ պարտատերերի առաջին ժողովի մասին նաև պատվիրված նամակով ծանուցում է այն քաղաքացիներին, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար (առկայության դեպքում):

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու կամ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձի ծանուցումն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող (խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող) պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը:

2. Ժողովին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք պետք է ծանուցվեն ոչ ուշ, քան ժողովի հրավիրման օրվանից 3 օր առաջ, իսկ սույն հոդվածի առաջին մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում հայտարարությունը պետք է հրապարակվի ժողովի հրավիրման օրվանից 5 օր առաջ:

3. Ժողովի մասին ծանուցումը պետք է պարունակի`

ա) պարտապանի անվանումը (անունը) և գտնվելու (բնակության) վայրը.

բ) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

գ) ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը.

դ) ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին ծանոթանալու կարգը.

ե) ժողովի մասնակիցների գրանցման կարգը:

 

Հոդված 35. Ժողովի գումարման կարգը

 

1. Ժողովը գումարվում է կառավարչի կողմից` իր նախաձեռնությամբ կամ 5 և ավելի տոկոս ձայն ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով: Պարտատիրոջ նախաձեռնությամբ ժողովը հրավիրվում է, եթե պարտատերը վճարում է ժողովի կազմակերպման և անցկացման ծախսերը: Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին:

2. Ժողով անցկացնելու պահանջում պետք է նշվեն ժողովի օրակարգում առաջարկվող հարցերը, որոնք ընդգրկվում են ժողովի օրակարգում առանց քվեարկության:

Կառավարիչն իրավունք չունի փոխելու պարտատերերի պահանջով հրավիրվող ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի ձևակերպումները:

3. Կառավարիչն անցկացնում է պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով գումարվող ժողովը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջն ստանալուց երկու շաբաթվա ընթացքում: Ժողովի անցկացումը պահանջող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է փոխհատուցել իր պահանջով անցկացվող ժողովի ծախսերը ոչ ուշ, քան ժողովի անցկացման պահանջ ներկայացնելուց մեկ շաբաթվա ընթացքում` ըստ կառավարչի ներկայացրած նախահաշվի: Պարտատիրոջ (պարտատերերի) պահանջով հրավիրված ժողովի համար փոխանցված և չօգտագործված միջոցները վերադարձվում են պարտատիրոջը (պարտատերերին)` ժողովի ավարտման օրվանից 3 օրվա ընթացքում:

 

Հոդված 36. Ժողովի որոշումների ընդունման կարգը

 

1. Ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկայացած, քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատարան բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված ժողովի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու ժողովի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:

Դատավորը բողոքը քննում է մեկշաբաթյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու ժողովի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տրված խախտումներն էական չեն:

 

Հոդված 37. Քվեարկության քվեաթերթիկը

 

1. Ժողովում քվեարկությունն իրականացվում է քվեաթերթիկների օգտագործման միջոցով:

2. Քվեաթերթիկները կազմում է կառավարիչը և տրամադրում է ժողովին մասնակցող` քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատերերին:

3. Քվեաթերթիկը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամանակը և վայրը.

բ) քվեարկության դրվող յուրաքանչյուր հարցի ձևակերպումը և հարցերի քննարկման հերթականությունը.

գ) քվեարկության դրված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկության տարբերակները` «կողմ», «դեմ».

դ) ցուցում այն մասին, որ քվեաթերթիկը պետք է ստորագրի պարտատերը.

ե) քվեաթերթիկը լրացնելու կարգի պարզաբանումը:

4. Քվեարկությունների անցկացման և կազմակերպման կարգը որոշվում է ժողովի կանոնակարգով:

 

Հոդված 38. Պարտատերերի խորհուրդը

 

1. Պարտատերերի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ներկայացնում է պարտատերերի շահերը և սույն օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում կառավարչի գործունեության նկատմամբ: Հաստատված պահանջներով պարտատերերի թիվը 10-ից պակաս լինելու դեպքում խորհուրդ չի ձևավորվում: Նման դեպքում, ինչպես նաև այլ պատճառներով խորհրդի չձևավորման դեպքերում խորհրդի լիազորություններն իրականացնում է ժողովը:

2. Խորհուրդը ձևավորվում է պարտատերերի առաջին ժողովում: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր հինգ չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը` հաստատված պահանջների մեծությանը համապատասխան, անկախ ժողովում քվեարկության իրավունք ունենալու հանգամանքից:

3. Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված պարտատերերի քանակը հինգից պակաս լինելու դեպքում հաջորդ առավել խոշոր չապահովված պահանջ ունեցող պարտատերերն ընդգրկվում են խորհրդի կազմում:

4. Խորհուրդն իրավունք ունի`

ա) կառավարչից պահանջելու տեղեկություններ պարտապանի ֆինանսական վիճակի և սնանկության վարույթի մասին.

բ) օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկելու կառավարչի գործողությունները.

գ) իրականացնելու սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

5. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայն: Խորհրդի անդամի ձայնի փոխանցումն այլ անձի չի թույլատրվում:

6. Խորհրդի որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Խորհրդի կողմից հարցեր քննարկելու և որոշումներ ընդունելու կարգը որոշվում է խորհրդի ընդունած կանոնակարգով: Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի անդամները` նշելով տվյալ որոշմանն իրենց կողմ կամ դեմ լինելը: Եթե տվյալ որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը հրաժարվում է ստորագրելուց, ապա որոշման մեջ նշագրում է կատարվում այդ մասին: Նշագրման իսկությունը հավաստվում է խորհրդի մյուս անդամների ստորագրություններով: Խորհրդի որոշմանը դեմ քվեարկած խորհրդի անդամը կարող է որոշմանը կցել իր կարծիքը:

7. Խորհրդի նիստերը նախագահում է կառավարիչը` առանց քվեարկության ձայնի իրավունքի:

8. Կառավարիչը, պարտատերերն ու պարտապանն իրավունք ունեն եռօրյա ժամկետում դատարան բողոքարկելու սույն օրենքի, իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ ընդունված խորհրդի որոշումը: Դատարանն իրավունք ունի անվավեր ճանաչելու խորհրդի որոշումը, եթե խախտվել են օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված դիմողի իրավունքները: Հակառակ դեպքում դատարանը դիմումը մերժում է:

Դատավորը բողոքը քննում է եռօրյա ժամկետում: Դատավորն իրավունք ունի ուժի մեջ թողնելու խորհրդի որոշումը, եթե այդ պարտատիրոջ քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, և թույլ տված խախտումներն էական չեն:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 39. Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում)

 

1. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից`

ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների.

բ) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նաև նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների և օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձևով ծանրաբեռնումը, բացառությամբ սույն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի.

գ) կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները.

դ) արգելվում է պարտատիրոջ` մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը` պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ:

2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից`

ա) արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը.

բ) արգելվում է պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով.

գ) կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության գործի ավարտից հետո պարտապանի ֆինանսապես առողջացման դեպքում: Հակառակ դեպքում դատարանի սնանկության գործն ավարտելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է քաղաքացիական գործի վարույթի կարճման համար` լուծարված պարտապանի մասով.

դ) կասեցվում է դրամական պարտավորությունների (այդ թվում` ապահովված) և պարտադիր վճարումների, ներառյալ` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տուժանքների և այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաև վճարման ենթակա տոկոսների հաշվարկումը, վճարումը կամ գանձումը.

ե) կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները:

3. Մորատորիումի գործողությունը չի տարածվում`

ա) ալիմենտների բռնագանձման վրա.

բ) միջանկյալ բաշխման ծրագրերով ժամանակավոր կառավարչի վարձատրության, վարչական և պարտապանի ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ այլ ծախսերի վրա:

4. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ շարունակում է ներկայացնել պարտապանի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը և կրում է դրանք չներկայացնելու կամ ոչ պատշաճ ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:

5. Պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարիչը ներկայացնում է`

ա) տեղեկատվություն հարկային և այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ.

բ) պարտապանի գործունեությունը վերսկսվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական և այլ բնույթի հաշվետվություններ:

6. Մորատորիումը շարունակվում է մինչև տվյալ սնանկության գործի ավարտը:

 

Հոդված 40. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների թույլատրումը

 

1. Շահագրգիռ անձի դիմումով դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու վերաբերյալ, եթե`

ա) առաջանում է համարժեք պաշտպանություն տալու անհրաժեշտություն.

բ) տվյալ գույքը վաճառքի (իրացման) ենթակա չէ:

2. Պարտատիրոջ կամ պարտապանի դիմումով դատարանը մորատորիումի ընթացքում թույլատրում է պարտապանի և պարտատիրոջ միատեսակ հանդիպական պարտավորությունների հաշվանցի կատարումը:

3. Հաշվանց չի թույլատրվում, եթե`

ա) պարտապանի նկատմամբ ունեցած պահանջը պարտատիրոջն է փոխանցվել այլ անձի կողմից` սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում, և այդ ընթացքում պարտապանը անվճարունակ էր.

բ) պարտատերը պարտապանի նկատմամբ պարտավորությունն ստանձնել է սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում` պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի հետ հաշվանց կատարելու նպատակով:

4. Մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին և կառավարչին` պարտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում, իսկ եթե դիմումը ներկայացվել է պարտապանի (պարտատիրոջ հետ իր ունեցած փոխադարձ պարտավորությունների հաշվանցի կատարման նպատակով) կամ կառավարչի կողմից, ապա համապատասխանաբար պարտատիրոջը (պարտատերերին) և կառավարչին կամ պարտատիրոջն ու պարտապանին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը (պարտատերը) գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են պատշաճ ձևով:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարումը թույլատրելու կամ դիմումը մերժելու մասին:

 

Հոդված 41. Համարժեք պաշտպանությունը

 

1. Համարժեք պաշտպանությունը մորատորիումի ընթացքում որոշակի գործողությունների կատարման թույլատրումն է, որն ուղղված է ապահովված պարտատիրոջ` պահանջի դիմաց գրավադրված գույքի արժեզրկման արդյունքում պահանջի ապահովվածության պահպանմանը:

Համարժեք պաշտպանությունը տրվում է այն դեպքերում, երբ ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի գործունեության վերսկսման շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում օգտագործելու ապահովված պարտատիրոջ` գրավի առարկա հանդիսացող գույքը:

2. Համարժեք պաշտպանությունը (տրվում) իրականացվում է ցանկացած եղանակով, որը կապահովի ապահովված պարտատիրոջ շահերի պաշտպանությունը: Մասնավորապես այն կարող է իրականացվել հետևյալ ձևերով `

ա) կառավարչի կողմից իրականացվող կանխիկ վճարումներ` գույքի արժեզրկման չափով.

բ) պարտապանի գրավի առարկա հանդիսացող գույքի ավելացում կամ առավել արժեքավոր գույքով փոխարինում.

գ) պարտատիրոջ ապահովված պահանջների ամբողջական բավարարում` գույքի հնարավոր իրացման գնի ամբողջ մասով (առանց գույքի պահպանման և այլ վարչական ծախսերի վճարման):

3. Համարժեք պաշտպանություն տալու մասին դիմումն ստանալու հաջորդ օրը դատարանը դիմումի պատճենն ուղարկում է պարտապանին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում ներկայացված դիմումը, ապա ութերորդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու մասին:

Եթե դիմումի պատճենն ստանալուն հաջորդող 7 օրվա ընթացքում պարտապանը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալու հաջորդ օրը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը և պարտապանը:

Առարկությունների քննարկման արդյունքում նույն օրը դատարանը որոշում է կայացնում համարժեք պաշտպանություն տալու կամ տալը մերժելու մասին:

5. Համարժեք պաշտպանություն կարող է տրվել միայն վարչական ծախսերի ամբողջական վճարման դեպքում, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի «գ» կետով սահմանված դեպքերի:

 

Հոդված 42. Պահանջների հաշվառումը և հաշվարկումը

 

Կառավարիչն իր կողմից վարվող գրանցամատյանում հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը: Պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները և վարման կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ:

 

Հոդված 43. Ապահովված պահանջները

 

1. Ապահովված են համարվում պարտապանի` գրավադրված գույքով (այդ թվում` երրորդ անձանց պատկանող) ապահովված պահանջները: Ապահովված պահանջ ունեցող պարտատերը (այսուհետ` ապահովված պարտատեր) կարող է պահանջել անմիջապես բավարարել իր պահանջները գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

2. Ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող չգրավադրված գույքի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև գրավադրված գույքի իրացումը, քանի դեռ գրավադրված գույքի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանության տրամադրման դեպքերի: Եթե գրավադրված գույքի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի կամ վնասման արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` այդ նվազման չափով:

3. Եթե գրավի առարկայի վաճառքից ստացված միջոցները բավարար չեն ապահովված պահանջներն ամբողջովին մարելու համար, ապա պարտատիրոջ պահանջի չբավարարված մասը համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով: Եթե գրավի առարկայի վաճառքից ստացված միջոցները գերազանցում են ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մասով միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ, իսկ եթե գրավի առարկան այլ անձի սեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

4. Եթե գրավի առարկայի շուկայական արժեքը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 5 տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

5. Եթե պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված է երրորդ անձի գույք, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու գույքի գրավադրումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

ա) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` ապահովված պահանջի 5 տոկոսի չափով.

բ) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

6. Երրորդ անձ գրավատուն պարտապանի նկատմամբ ձեռք է բերում պահանջի իրավունք` իր վճարած գումարի չափով, որը ենթակա է բավարարման որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «զ» կետով նախատեսված պահանջ:

7. Երաշխավորի կամ երաշխիք տվող անձի կողմից իր պարտավորության կատարման, ինչպես նաև երրորդ անձի կողմից պարտապանի պարտավորության մարման նպատակով պարտատիրոջ պահանջը սույն օրենքով սահմանված կարգով բավարարելու դեպքում նրանց պահանջը պարտապանի նկատմամբ բավարարվում է այն հերթում, որում գրանցված էր բավարարում ստացած պահանջը:

 

Հոդված 44. Չապահովված պահանջները

 

Գրավով չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի վաճառքի հետ կապված ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:

 

Հոդված 45. Կատարման ժամկետը չլրացած պարտավորությունները

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:

2. Պայմանագրի լուծման դեպքում մինչև լուծման պահը կատարում ստացած կողմը պարտավոր է հատուցել չվճարված մասը` պայմանագրով որոշված գնով:

 

Հոդված 46. Պահանջների հաստատումը

 

1. Պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`

ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`

- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,

- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.

բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.

գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.

դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:

Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:

Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:

3. Պահանջի ներկայացումը սահմանված կարգով գրանցվում է դատարանում:

4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` սույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:

6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

7. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը, առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

8. Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:

9. Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` սույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:

10. Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար: Նիստի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին դատարանը ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

 

Հոդված 47. Պարտապանի գույքն ու դրա տնօրինումը

 

1. Պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ, ինչպես նաև ցանկացած այլ գույք, որը գրավադրվել է երրորդ անձի կողմից` ի ապահովում պարտապանի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման:

2. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության:

3. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:

4. Պարտապանի կողմից սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջների խախտումով կնքված ցանկացած գործարք առոչինչ է:

 

Հոդված 48. Պարտապանի համագործակցելու պարտավորությունը

 

1. Պարտապանի ղեկավար մարմինները պարտավոր են կառավարչին տրամադրել պարտապանի գործունեության և միջոցների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և հավաստի տեղեկությունները, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած երեք տարվա ընթացքում պարտապանի գույքի օտարման կամ ակտիվների այլ ձևով նվազեցման մասին:

2. Սույն հոդվածով նախատեսված համագործակցելու պարտականությունը պարտապանի ղեկավարը, ինչպես նաև նյութական պատասխանատու անձինք կրում են մինչև սնանկության գործի ավարտը: Նշված պահանջը չկատարելու դեպքում համապատասխան անձինք պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 49. Պարտապանի կոմունալ ծառայությունների դիմաց վճարումը

 

1. Պարտապանին կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր, հեռախոսակապ և այլն) մատուցող կազմակերպությունները չեն կարող հրաժարվել, մերժել, դադարեցնել իրենց ծառայությունների մատուցումը պարտապանին դատարանի կողմից նրան սնանկ ճանաչելու պատճառով, եթե պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո ժամանակին կատարում է նշված ծառայությունների դիմաց ընթացիկ վճարումները:

2. Մինչև պարտապանին սնանկ ճանաչելն առաջացած պարտքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ կոմունալ ծառայությունների տրամադրման պայմանագրի լուծման կամ ծառայությունների դադարեցման համար:

 

Հոդված 50. Պարտապանի պայմանագրերը

 

1. Գույքն օտարելու պայմանագրային պարտավորությունները պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չեն կարող կատարվել:

Բացառիկ դեպքերում գույքն օտարելու պարտապանի պարտավորության կատարումը, ելնելով պարտապանի գործունեության, գույքի, գործարքի առանձնահատկություններից և այլ հանգամանքներից, կառավարչի միջնորդության հիման վրա կարող է թույլատրվել դատարանի որոշմամբ:

Գույքն օտարելու վերաբերյալ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:

Դատարանի որոշման բողոքարկումը չի կասեցնում գույքի օտարումը:

2. Եթե պարտապանի գույքը գնած անձը մինչև վաճառքի գումարի ամբողջական մարումն ստացել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, իր պարտավորության լրիվ կատարման դեպքում գործարքը համարվում է ավարտված:

3. Պարտապանի աշխատանքային պայմանագրերը լուծվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Պայմանագրի կողմը կարող է պահանջել պայմանագրի վաղաժամկետ լուծմամբ իրեն պատճառված իրական վնասի հատուցում` իր պահանջը ներկայացնելով սույն օրենքով սահմանված կարգով:

5. Եթե պայմանագրով նախատեսվում են (պարտապանի կողմից) պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն սույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:

 

Հոդված 51. Տարանցման վիճակում գտնվող գույքը

 

1. Եթե պարտատիրոջ կողմից պարտապանին վաճառված գույքի նկատմամբ պահանջը գրանցելու պահին պարտապանը ձեռք չի բերել սեփականության իրավունք, ապա պարտատերը կարող է այն հետ ստանալ կամ չհանձնել պարտապանին: Այդ դեպքում հետ ստանալու կամ չհանձնելու հետ կապված բոլոր ծախսերը կրում է պարտատերը` վերադարձնելով նաև պարտապանի կատարած վճարները:

2. Եթե պարտատերն այնուամենայնիվ հանձնում է գույքը պարտապանին կամ մինչև պահանջը գրանցելու պահը գույքը հետ ստանալու պահանջ չի ներկայացնում, ապա նրա դրամական պահանջը կարող է ընդգրկվել ընդհանուր պահանջների ցանկում:

 

Հոդված 52. Երրորդ անձանց պատկանող գույքի իրացումը

 

1. Եթե պարտապանն իրացնում է երրորդ անձին պատկանող գույքը կամ այդ գույքը նրա մոտ է գտնվում այլ պայմանագրային հիմունքներով (այսուհետ` երրորդ անձանց պատկանող գույք), ապա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երրորդ անձն իրավունք ունի պարտապանից հետ պահանջելու իր գույքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Եթե պարտապանին սնանկ ճանաչելուց հետո երրորդ անձանց պատկանող գույքի կամ դրա մի մասի վերադարձը հնարավոր չէ, այդ թվում` գույքն իրացված լինելու պատճառով, կամ վերադարձի արդյունքում դրա որակական հատկանիշները կարող են էապես վատանալ (արագ փչացող ապրանքներ և այլն), ապա այդ գույքի սեփականատիրոջ դիմումով նրա պահանջն ընդգրկվում է պահանջների գրանցամատյանում` գույքի պայմանագրային արժեքով, իսկ վերջինիս որոշման անհնարինության դեպքում` դրա շուկայական արժեքով:

3. Պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված` երրորդ անձանց պատկանող գույքը դատարանի որոշմամբ կառավարիչն իրացնում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 53. Մասնագիտական ծառայությունների մատուցումը

 

1. Եթե պարտապանին սնանկ ճանաչելուց հետո պայմանագրի մյուս կողմը համաձայն է պարտապանի` ծառայություններ մատուցելու պայմանագրային պարտավորություններն ընդունել, ապա պարտապանը կարող է կառավարչի հսկողությամբ իրականացնել այդ ծառայությունները` մինչև պարտապանի լուծարումը:

2. Եթե կառավարիչը գտնում է ոչ նպատակահարմար պարտապանի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանագրային պարտավորությունների կատարումը, ապա այդ պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 54. Երրորդ անձանց կատարված փոխանցումները և գույքի օտարումը

 

1. Կառավարիչը կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու`

ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.

բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.

գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի` պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, և պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում.

դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի և գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա:

2. Սույն հոդվածի առաջին մասի «գ» կետով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե`

ա) փոխանցման հետ միաժամանակ պարտատերը պարտապանին է փոխանցում համարժեք այլ գույք.

բ) պարտապանի կողմից պարտատիրոջ նկատմամբ նախկինում ստանձնած պարտավորության կատարումից հետո պարտատերը գրավի առարկա չհանդիսացող նոր գույք է փոխանցել պարտապանին.

գ) պարտապանն իր բնականոն գործունեության իրականացման ընթացքում կատարել է պարտատիրոջ նկատմամբ այդ ընթացքում ստանձնած պարտավորությունը, եթե այն կատարվել է գործարար շրջանառության սովորույթներին համապատասխան.

դ) փոխանցմամբ կատարվել է պարտատիրոջ նկատմամբ ստանձնած 200.000 դրամը չգերազանցող պարտավորություն.

ե) պարտապանի գույքի գրավի այն պայմանագրերը, որի արդյունքում չեն խախտվում չապահովված պարտատերերի իրավունքները (որի արդյունքում պարտապանի չապահովված պարտավորությունների արժեքը չի գերազանցի նրա գրավով չծանրաբեռնված գույքի արժեքից).

զ) փոխանցմամբ կատարվել են հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները, վարչական տուգանքի վճարումները:

 

Հոդված 55. Պարտապանին պատկանող գույքի պահպանումը և իրացումը

 

1. Կառավարիչը ձեռնարկում է պարտապանին պատկանող գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

2. Կառավարիչը, մինչև դատարանի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն`

ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.

բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը:

Պարտապանի ղեկավարը, մինչև վերջինիս գործունեության կասեցումը, կառավարչի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ կարող է շարունակել պարտապանի գործունեության արդյունք հանդիսացող գույքի իրացումը, ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, եթե նման գործառնությունների դադարեցումը կհանգեցնի պարտապանի գործունեության խաթարման, դադարման կամ կարող է առաջացնել պարտապանի համար այլ անբարենպաստ հետևանքներ: Նման իրացման դեպքերի վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված գույքի օտարման սահմանափակումները:

3. Պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող են օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները: Եթե պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված միջոցները բավարար չեն պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար, ապա կառավարիչը, դատարանի թույլտվությամբ, ուղղակի գործարքով կարող է վաճառել պարտապանին պատկանող այլ գույքը: Այդ նպատակով վաճառվող գույքի արժեքը չի կարող գերազանցել պարտապանին պատկանող ամբողջ գույքի արժեքի 10 տոկոսը:

4. Սույն հոդվածով նախատեսված գործարքներից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի` սնանկության հատուկ հաշվին:

5. Եթե սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում վաճառվում է գրավի առարկա հանդիսացող գույքը, ապա պարտապանի գույքի պահպանությունն իրականացնելու համար կարող է օգտագործվել պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցված այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների ոչ ավելի, քան 5 տոկոսը, իսկ գրավառուի համաձայնությամբ` 5 տոկոսից ավելի:

 

Հոդված 56. Պարտապանի գույքի գույքագրումը

 

1. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանի համապատասխան աշխատակիցները պարտավոր են ներկա լինել և աջակցել գույքագրմանը:

Պարտապանի գույքի գույքագրման մասին կառավարիչը ծանուցում է խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին: Այդ անձինք կարող են ներկա գտնվել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված չվճարված աշխատանքները և ծառայությունները, ինչպես նաև պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Վերջիններս չեն կարող օտարվել մինչև դրանց սեփականության իրավունքի հարցի պարզումը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը (հայտնի լինելու դեպքում):

3. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որը ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած պարտապանի ներկայացուցիչը: Պարտապանի ներկայացուցչի ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանի ներկայացուցիչն ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը:

 

Հոդված 57. Պարտապանի գույքի գնահատումը

 

Պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին:

 

Հոդված 58. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը

 

Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը: Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու և մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծության ներկայացման ժամկետը ողջամիտ ժամկետով: Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը պետք է պարունակի տեղեկություններ`

ա) սնանկության պատճառների մասին, այդ թվում` կեղծ կամ կանխամտածված սնանկության հատկանիշների առկայության մասին.

բ) դատական ծախսերի փոխհատուցման և կառավարչի վարձատրության համար պարտապանի միջոցների բավարար լինելու մասին.

գ) պարտապանի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին.

դ) պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրման հնարավորության մասին.

ե) պարտապանի կնքած վիճարկելի գործարքների մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հոդված 59. Ֆինանսական առողջացման ծրագիրը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ:

2. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը չի կարող գերազանցել 24 ամիսը, եթե սույն օրենքով սահմանված կարգով դրա գործողության ժամկետը չի երկարաձգվել:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները`

ա) պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառքը.

բ) պարտապանի գույքը պարտատերերին հաշվանցով փոխանցելը.

գ) պարտապանի գույքի գրավադրումը.

դ) շահութաբերություն չապահովող գործունեության դադարեցումը և ձեռնարկատիրական գործունեության ոլորտի փոփոխությունը.

ե) անշահավետ գործարքների փոփոխումը կամ դադարեցումը.

զ) պարտքի վերակառուցումը (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում).

է) պարտքի փոխարինումը արժեթղթերով.

ը) դեբիտորական պարտավորությունների բռնագանձումը.

թ) նոր վարկի ստացումը.

ժ) նոր ներդրումների իրականացումը.

ժա) պարտապանի վերակազմակերպումը.

ժբ) նոր բաժնետոմսերի թողարկումը կամ հետգնումը.

ժգ) օրենքով չարգելված այլ միջոցառումներ:

 

Հոդված 60. Ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև առաջին ժողովը: Ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձի միջնորդությամբ դատարանը կարող է երկարաձգել ծրագրի ներկայացման ժամկետը ևս 30 օրով:

 3. Պարտատիրոջ, պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 1/3-ին տիրապետող անձանց առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ծախսերը և դրա ընդունման համար անհրաժեշտ դատական ծախսերը կատարվում են առաջարկողի հաշվին: Կառավարչի կամ պարտապանի առաջարկած ֆինանսական առողջացման ծրագրի ծախսերը կատարվում են պարտապանի գույքի հաշվին:

 

Հոդված 61. Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`

ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով.

բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.

գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում պարտապանի գործունեությունը շարունակելիս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում` վաճառվող գույքի կազմը.

դ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի և այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել պարտատերերի պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով: Պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր:

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խախտել այլ անձանց շահերը:

4. Եթե ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է օգտագործվի ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքը, ապա ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է:

5. Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է նոր վարկի ստացում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար վարկի տրամադրման մասին հնարավոր վարկատուի համաձայնությունը պարտադիր է:

 

Հոդված 62. Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում, դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին: Մինչև որոշում ընդունելը դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել ծրագրի վերաբերյալ փորձագետի եզրակացություն:

2. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննարկման թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:

3. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` սույն օրենքով կամ երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:

Ժողովի հրավիրման մասին տեղեկությունը պետք է հրապարակվի իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նշելով ծրագիրը (ծրագրերը) ներկայացնողի անունը (անվանումը) և ժողովի հրավիրման տարին, ամիսը, ամսաթիվը:

 

Հոդված 63. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը

 

1. Մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր քննարկվելու դեպքում բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:

2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի, սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի և Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների պահանջներով պարտատերերի:

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, ինչի մասին ժողովը կայացնում է որոշում:

4. Եթե քվեարկվում են մեկից ավելի ծրագրեր, ապա դրանք քվեարկվում են ըստ ներկայացման առաջնայնության: Սույն հոդվածի առաջին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո մնացած ծրագրերը չեն քվեարկվում:

(63-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն)

 

Հոդված 64. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը` ժողովի որոշմամբ ընդունվելու և սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, հաստատվում է դատարանի որոշմամբ: Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

2. Եթե ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվում պարտատերերի նոր պահանջներ, ապա մեկամսյա ժամկետում կարող են դատարան ներկայացվել նոր ֆինանսական առողջացման ծրագիր կամ հաստատված ծրագրի փոփոխություններ: Նոր ֆինանսական առողջացման ծրագիրը կամ հաստատված ծրագրի փոփոխությունները դատարան են ներկայացվում և հաստատվում սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 65. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման հետևանքները

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո պարտապանի գործունեությունն իրականացվում է միայն ծրագրի շրջանակներում, իսկ պարտատերերի պահանջների բավարարումը` ծրագրով սահմանված կարգով:

2. Պարտապանը կառավարչի վերահսկողությամբ պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի գործողության ընթացքում պարտապանի կառավարման մարմինները, այդ թվում` ղեկավարը, գործում են ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված իրավասության շրջանակներում:

4. Կառավարիչն առնվազն երեք ամիսը մեկ դատարան է ներկայացնում հաշվետվություն` ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 

Հոդված 66. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի երկարաձգումը

 

1. Պարտատերերի ժողովն իրավունք ունի քննարկելու ֆինանսական առողջացման ծրագիրը մինչև 12 ամիս ժամկետով երկարաձգելու կամ դրանում փոփոխություններ մտցնելու հարցը:

2. Դատավորը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու կամ դրա մեջ փոփոխություններ մտցնելու մասին, եթե այդ որոշումն ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման վերաբերյալ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

 

Հոդված 67. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտը

 

1. Մինչև ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտը պարտատերերի պահանջների բավարարման դեպքում կառավարիչը դատարան է ներկայացնում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտի մասին հաշվետվություն: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ ավարտման հաշվետվությունը հաստատելու դեպքում սնանկության գործը ենթակա է ավարտման:

2. Եթե պարտատերերի պահանջները հաշվետվության ներկայացման պահին բավարարված չեն, ապա դատարանը մերժում է կառավարչի հաշվետվության հաստատումը, և ֆինանսական առողջացման ծրագիրը շարունակվում է:

 

Հոդված 68. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`

ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը.

բ) այն հանգամանքների առկայությունը, որոնք վկայում են, որ պարտապանն ի վիճակի չէ կատարել պարտավորությունների մարման ժամանակացույցը.

գ) ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվել նոր պահանջներ և մեկամսյա ժամկետում չեն ներկայացվել ծրագրի փոփոխություններ, որոնք նախատեսում են նաև նոր ներկայացված պահանջների բավարարում, կամ այդ փոփոխությունները ներկայացվել են դատարան և դատարանի որոշմամբ մերժվել են:

2. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատարան կարող են դիմել կառավարիչը, պարտապանը, առավել խոշոր պահանջներ ունեցող 5 չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը, ինչպես նաև սույն օրենքի 61-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ապահովված պարտատերը (պարտատերերը):

3. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և որոշում է կայացնում պարտապանին լուծարելու մասին: Հակառակ դեպքում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը մերժվում է:

 

Հոդված 69. Ֆինանսական առողջացման ծրագրի ավարտը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 15 օր առաջ կառավարիչը պետք է դատարան ներկայացնի ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվություն:

2. Կառավարչի հաշվետվությանը կցվում են`

ա) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

3. Դատավորը ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին հաշվետվությունն ստանալուց ոչ ուշ, քան երկու և ոչ շուտ, քան մեկ շաբաթվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին, պարտապանին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Ամենախոշոր 5 պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Կառավարչի, պարտապանի և որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

4. Ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության և ֆինանսական առողջացման ծրագրի կատարման վերաբերյալ պարտատերերի առարկությունների քննության արդյունքներով դատարանը կայացնում է`

ա) վճիռ` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվությունը հաստատելու և սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են.

բ) որոշում` ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժելու և պարտապանին լուծարելու մասին, եթե պարտատերերի պահանջները բավարարված չեն:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 70. Պարտապան իրավաբանական անձի լուծարման և պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթները

 

1. Սույն օրենքով սահմանված ժամկետում ֆինանսական առողջացման ծրագիր չներկայացվելու, ներկայացված ծրագրի հաստատումը մերժվելու, ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվելու, ֆինանսական առողջացման ծրագրի կատարման մասին կառավարչի հաշվետվության հաստատումը մերժվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման վարույթ սկսելու մասին (այսուհետ` պարտապանի լուծարում):

2. Պարտապանի լուծարման մասին որոշման կայացումից հետո` 5 օրվա ընթացքում, կառավարիչն այն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Պարտապանին լուծարելու մասին որոշման մեկ օրինակը դատարանն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին` համապատասխան գրառում կատարելու համար:

3. Պարտապանին լուծարելու մասին որոշման հրապարակումից հետո կառավարիչը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է պարտապանի գույքի վաճառքը:

 

Հոդված 71. Պարտապանի գույքի արգելադրումը

 

1. Դատավորի կողմից պարտապանի լուծարման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը դատարանի որոշման հիման վրա արգելադրում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ այն գույքի, որի վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:

2. Եթե պարտապանը սեփականության իրավունքով գույք ունի այլ երկրներում, ապա կառավարիչը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով դիմում է այդ երկրների դատարաններին` նշված գույքն արգելադրելու մասին հանձնարարությամբ: Այլ երկրներում պարտապանին պատկանող գույքի արգելադրումը կարող է իրականացվել միայն տվյալ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 72. Պարտապանի գործունեության կասեցումը

 

1. Եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու` պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատարանի որոշմամբ:

2. Դատավորի որոշմամբ պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:

 

Հոդված 73. Պարտապանի գործունեության վերսկսումը

 

1. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված կարգով, ապա կառավարչի միջնորդության հիման վրա կայացված դատարանի որոշմամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մինչև մեկ տարի ժամանակով, եթե պարտապանի գործունեության վերսկսումը կարող է ավելացնել պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը:

2. Պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու մասին բոլոր պարտատերերը պատշաճ կերպով ծանուցվում են:

Եթե դատարանի համապատասխան որոշման մասին տեղեկացվելուց հետո` 7 օրվա ընթացքում, պարտատերերից որևէ մեկը գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա կառավարիչը հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի որոշումը և նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան:

3. Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

Դատավորի որոշումը եռօրյա ժամկետում կառավարիչն ուղարկում է պարտատերերին և հարկային համապատասխան մարմնին:

 

Հոդված 74. Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում

 

1. Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր ամիս դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ:

2. Կառավարչի հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: 

3. Եթե պարտապանի գործունեության վերսկսման արդյունքում բավարարվում են պարտատերերի բոլոր պահանջները, ապա կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որում պարունակվում է հիմնավորված միջնորդություն գործն ավարտելու մասին: Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում է պարտապանի վերջնական հաշվեկշիռը:

4. Դատարան ներկայացվող պարտապանի վերջնական հաշվեկշռին կցվում են`

ա) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

բ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

5. Վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ այդ փաստաթղթերի` իր մոտ դեպոնացված օրինակին:

6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:

Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

7. Դատավորը, հաստատելով վերջնական հաշվեկշիռը, վճիռ է կայացնում լուծարման վարույթը դադարեցնելու և պարտապանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատարանը մերժում է վերջնական հաշվեկշռի հաստատումը և գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

 

Հոդված 75. Պարտապանի գույքի վաճառքը

 

1. Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

2. Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է այդ ծրագրով նախատեսված կարգով:

4. Վճարահաշվարկային կազմակերպություններին պատկանող գույքի` սույն օրենքով սահմանված վաճառքի կամ այլ ձևով օտարման, վարձակալության տալու կամ գրավադրման առանձնահատկությունները սահմանվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 76. Լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով

 

1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):

2. Պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:

3. Կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները:

4. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում կառավարչի կողմից գույքի իրացումը հրապարակային սակարկություններով (կրկնաճուրդ) շարունակելու վերաբերյալ դատարանի լրացուցիչ որոշում չի պահանջվում: Եթե պարտապանի գույքի վաճառքը թույլատրվել է պարտատիրոջ առաջարկած գնով և այդ սակարկություններով չի վաճառվել, ապա պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում:

Կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել վաճառվող գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաև շուկայական գների կտրուկ փոփոխություն:

Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման վերաբերյալ կառավարիչն անհապաղ տեղեկացնում է ամենախոշոր 5 պարտատերերին:

Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվելու դեպքում այն կրկին հրապարակային սակարկություններով կարող է իրացվել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով տրված դատարանի որոշմամբ:

5. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում:

Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ:

 

Հոդված 77. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով

 

1. Եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը:

Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

2. Պարտապանի` տվյալ պահին առկա գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար խորհրդի նիստի, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում ժողովի հրավիրումը պարտադիր չէ, բացառությամբ եթե վաճառվող գույքի արժեքը հինգ միլիոն դրամից ավելի է:

3. Կառավարչի կամ որևէ պարտատիրոջ նկատմամբ փոխկապակցված անձին գույքի ուղղակի գործարքով վաճառքն արգելվում է:

 

Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

 

Պարտապանին պատկանող գույքի կառավարումից և տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:

 

Հոդված 79. Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցների փոխանցումը

 

Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

 

Հոդված 80. Գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխումը

 

1. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

3. Միջանկյալ բաշխման ծրագրի` իր կողմից հաստատված երկու օրինակ կառավարիչը ներկայացնում է դատարան, մեկական օրինակ` պարտապանին և պարտատերերին: Պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու դեպքում կառավարիչը բաշխման ծրագիրը դատարան է ներկայացնում այն դեպոնացնելու միջնորդությամբ և այդ մասին հայտարարություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

4. Եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է պարտատերերի կողմից ընդունված:

Դատավորը կառավարչի ներկայացրած բաշխման ծրագրի մեկ օրինակը վերադարձնում է կառավարչին` օրենքով սահմանված ժամկետում առարկված չլինելու նշագրմամբ և կնքված իր կնիքով:

5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:

Ամենախոշոր 5 պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

6. Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

 

Հոդված 81. Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը

 

1. Կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:

2. Յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:

 

Հոդված 82. Պահանջների բավարարման հերթականությունը

 

1. Պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

ա) կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը,

- վարչական աշխատողների աշխատավարձը,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարումները, այդ թվում` գործատուի պարտադիր սոցիալական վճարումները,

- աշխատավարձի և սոցիալական ապահովության վճարումներին վերաբերող փաստաթղթերի արխիվացման ծախսերը.

բ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին).

գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և սույն հերթի պահանջների բավարարումից առաջացած պարտադիր սոցիալական վճարումները.

դ) դատական ծախսերը.

ե) ընթացիկ անուղղակի հարկային պարտավորությունները` կապված պարտապանի գույքի վաճառքի հետ.

զ) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով.

է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.

ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.

թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները:

2. Սույն հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով նախատեսված վնասի հետ կապված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները, ինչպես նաև անաշխատունակ ծնողի ու ամուսնու օգտին ալիմենտները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար, իսկ երեխայի օգտին ալիմենտը հաշվարկվում է մինչև չափահաս դառնալը: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Վնասի, ալիմենտի հատուցման համար կապիտալացված գումարը վճարվում է պարբերական վճարումների ձևով, իսկ հատուցման իրավունք ունեցող անձի համաձայնության դեպքում` միանվագ:

Հատուցման համար գումարների կապիտալացման, ինչպես նաև դրանց վճարման չափերը և կարգը սահմանում է կառավարությունը:

3. Ապահովված պահանջը բավարարվում է գրավի առարկայի իրացումից ստացված հասույթից:

4. Սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում են ներառվում այն անձանց պահանջները, որոնք վարկ են տրամադրել կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ են ձեռք բերել դատարանի հաստատած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակներում, եթե ֆինանսական առողջացման ծրագրով տվյալ պահանջը ապահովված չէ գույքի գրավով, կամ նախատեսված չէ այդ պահանջի բավարարման առաջնահերթություն` կառավարչի աշխատավարձի և վարչական ծախսերի նկատմամբ:

(82-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն)

 

Հոդված 83. Ստորադաս չապահովված պահանջները

 

Ստորադաս չապահովված պահանջների խմբին դասվում են`

ա) իրավաբանական անձ պարտապանին իր հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) կողմից տրամադրված վարկերից, փոխառություններից կամ այլ ներդրումներից առաջացած պահանջները.

բ) պարտապանի կողմից տեղաբաշխված տասը տարի և ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերով, ինչպես նաև արտոնյալ արժեթղթերով ներկայացված պահանջները.

գ) աշխատավարձի գծով այլ պահանջներ.

դ) սույն օրենքի 82-րդ և 83-րդ հոդվածներով չնախատեսված այլ պահանջներ:

 

Հոդված 84. Պահանջների բավարարման կարգը

 

1. Պարտապանի դրամական միջոցներն անբավարար լինելու դեպքում համապատասխան հերթի պարտատերերի միջև դրանք բաշխվում են բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:

2. Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:

 

Հոդված 85. Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների բավարարումը

 

1. Սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջները համարվում են ստորադաս չապահովված պահանջներ:

2. Պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Պահանջը սահմանված ժամկետներում չներկայացնելու պատճառների հարգելիությունը որոշելու համար դատավորը հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին կառավարչին, պարտապանին, պարտատերերին ծանուցում է պատշաճ կարգով: Ծանուցվող անձանց թիվը 10-ից ավելի լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակված հայտարարությունը: Պատճառների հարգելիության քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

3. Սույն հոդվածով սահմանված պահանջները ստորադաս չապահովված բոլոր պահանջների բավարարումից հետո ներկայացվելու դեպքում բավարարման ենթակա չեն:

 

Հոդված 86. Պահուստավորվող գումարները

 

Դատավորի որոշմամբ կարող են միջոցներ պահուստավորվել չապահովված պահանջների դիմաց բաշխման ենթակա միջոցների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Նշված պահուստավորված միջոցներից կարող են բավարարվել`

ա) պարտատերերի այն պահանջները, որոնք վիճարկելի են և դատարանի կողմից դեռ չեն հաստատվել.

բ) գույքի պահպանման հետ կապված հետագա ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

 

Հոդված 87. Սնանկության գործի ավարտը պարտապանի լուծարումով

 

1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվությունը:

2. Դատարան ներկայացվող վերջնական հաշվետվությանը կցվում են`

ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:

3. Վերջնական հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց` իր մոտ դեպոնացված օրինակին:

4. Դատավորը վերջնական հաշվետվությունը ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:

Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:

Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

5. Դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

6. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտվել է պարտապանի լուծարմամբ, ապա այն ավարտվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 88. Կառավարչի պարտականությունները պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտվելու դեպքում

 

1. Կառավարիչը պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում պարտապանի` օրենքով և իրավական այլ ակտերով պահպանման ենթակա արխիվային փաստաթղթերը կարգավորված վիճակում հանձնում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվ, սահմանված կարգով հանձնում է պարտապանի կնիքը և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար:

2. Պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար կառավարիչը պետական գրանցումն իրականացնող մարմին է ներկայացնում`

ա) դիմում.

բ) պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի պատճենը.

գ) կնիքը հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթ.

դ) պետական գրանցման վկայականը.

ե) պարտապանի` արխիվացման ենթակա փաստաթղթերը արխիվ հանձնելու մասին փաստաթուղթ:

3. Կառավարիչը գույքային պատասխանատվություն է կրում սույն հոդվածի երկրորդ մասում նշված պարտականությունները չկատարելու հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասի համար:

4. Իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան իրավաբանական անձի լուծարման կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման գրանցման պահից դադարեցվում են կառավարչի` սույն օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 89. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, պահանջներ չներկայացվելու կամ պահանջների բավարարման դեպքում

 

1. Սնանկության գործի ցանկացած փուլում կառավարչի միջնորդության հիման վրա գործը կարող է ավարտվել, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են (այդ թվում` հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի կողմից պարտապանի պարտավորությունների կատարման համար սնանկության հատուկ հաշվին անհատույց դրամական միջոցներ փոխանցելու միջոցով), կամ նրանք հրաժարվել են իրենց պահանջներից, կամ պահանջներ չեն ներկայացվել, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:

Կառավարչի հաշվետվությունը և վերջնական հաշվեկշիռը քննարկվում և դատարանի կողմից վճիռ է կայացվում սույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Եթե սույն հոդվածով սահմանված գործի ավարտը կատարվում է պարտատերերի պահանջների բավարարմամբ, և կառավարչի կողմից հավաքվել են պարտատերերի պահանջների չափը գերազանցող ակտիվներ (դեբիտորական պարտքերի հավաքում, պարտապանին պատճառված վնասի վերականգնում, այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի հայտնաբերում, դրա վերադարձ կամ փոխհատուցում), ապա կառավարիչն ստանում է նաև պարգևավճար հավաքված ակտիվների` պարտատերերի գրանցված (այդ թվում` հրաժարված) պահանջների չափը գերազանցող մասի 5 տոկոսի չափով:

 

Հոդված 90. Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները

 

1. Իրավաբանական անձ պարտապանը համարվում է լուծարված, իսկ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը` դադարած սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից:

2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:

Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և 19-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:

4. Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`

ա) ալիմենտների վճարումից.

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:

5. Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 91. Ֆիզիկական անձանց սնանկության կարգավորումը

 

Ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 92. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը

 

1. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարան կարող է ներկայացնել տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը կամ պարտատերը:

2. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ալիմենտների բռնագանձման պահանջներով պարտատերերն իրենց պահանջները կարող են ներկայացնել դատարան` սույն օրենքով սահմանված կարգով: Նշված պահանջները չներկայացվելու դեպքում ֆիզիկական անձի սնանկության գործի ավարտից հետո պահպանում են իրենց ուժը:

 

Հոդված 93. Դատարանի կողմից սնանկության մասին գործի քննությունը

 

1. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Ֆիզիկական անձի միջնորդությամբ դատարանը կարող է ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) ազատել արգելանքից, երրորդ անձանց կողմից երաշխավորության կամ ֆիզիկական անձի պարտավորությունների կատարման այլ ապահովում ներկայացնելու դեպքում:

Դատարանն ազատում է ֆիզիկական անձի գույքն արգելանքից, եթե վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվում է պարտապանի պարտավորությունները գերազանցող (առնվազն 30 տոկոսով) արժեքով գույք, ներկայացվում է երաշխիք կամ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ մուտքագրվում են պարտավորությանը համարժեք դրամական միջոցներ:

3. Ֆիզիկական անձի դիմումով, հայտնի պարտատերերի համաձայնությամբ, դատարանը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել սնանկության մասին գործի քննությունը` ֆիզիկական անձի կողմից պարտատերերի հետ վերջնահաշվարկներ կատարելու կամ հաշտության համաձայնության հասնելու նպատակով:

4. Ֆիզիկական անձի օգտին ժառանգության բացման մասին տեղեկությունների առկայության դեպքում դատարանի որոշմամբ կարող է կասեցվել սնանկության մասին գործի վարույթը` մինչև օրենքով սահմանված կարգով ժառանգության հարցի լուծումը:

Եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը խուսափում է ժառանգություն բացելուն ուղղված գործողությունների կատարումից, ապա նրա փոխարեն ժառանգության բացման համար կարող է դիմել կառավարիչը:

Սնանկ ճանաչված ֆիզիկական անձն իրավունք չունի հրաժարվելու ժառանգությունից: Եթե նա հրաժարվում է ժառանգության ընդունումից, ապա նրա փոխարեն ժառանգությունը կարող է ընդունել կառավարիչը:

5. Եթե սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում ֆիզիկական անձը չի ներկայացրել պարտատերերի պահանջները բավարարելու ապացույցներ և նշված ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքել, ապա դատարանը վճիռ է կայացնում ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին:

6. Ֆիզիկական անձի սնանկության մասին տեղեկությունների հրապարակումն իրականացնում է տվյալ ֆիզիկական անձը, եթե սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է ինքը:

 

Հոդված 94. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը

 

1. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիր կարող է ներկայացնել միայն պարտապանը:

2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին: Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող 4 տարուց ավելի լինել:

3. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի կողմից չի քվեարկվում:

4. Ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատիրոջ (պարտատերերի) կողմից կարող է վիճարկվել, եթե`

ա) այն չի համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին.

բ) ծրագրի ժամկետը պակաս է 3 տարուց, և (որի արդյունքում) պարտատերերը իրենց պահանջների ամբողջական բավարարում չեն ստանում:

5. Պարտապանը մինչև դատարանի կողմից ֆինանսական առողջացման ծրագրի հաստատելը կարող է փոփոխել այն, այդ թվում` երկարաձգել կամ նվազեցնել ֆինանսական առողջացման ծրագրի ժամկետը, փոփոխել վճարումների կատարման կարգը և այլ պայմանները:

 

Հոդված 95. Պարտապանի գույքը

 

1. Ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

2. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

 

Հոդված 96. Իրացման ոչ ենթակա պարտապանի գույքը

 

1. Պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Պարտապանի կամ այլ անձանց պահանջով դատարանի որոշմամբ բռնագանձում կարող է չտարածվել բռնագանձման ենթակա պարտապանի այն գույքի վրա, որի արժեքը էական ազդեցություն չի կարող ունենալ պարտատերերի պահանջների բավարարման համար:

 

Հոդված 97. Ֆիզիկական անձին պարտավորություններից ազատելը

 

Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`

ա) սույն օրենքի 90-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված պարտավորությունների.

բ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.

գ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.

դ) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:

 

Հոդված 98. Կառավարչի լիազորությունների դադարեցումը

 

Ֆիզիկական անձի սնանկության գործն ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարում են:

 

Հոդված 99. Ֆիզիկական անձի կրկնակի սնանկության սահմանափակումը

 

1. Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, նույն ֆիզիկական անձը չի կարող կամավոր սնանկության դիմում ներկայացնել սնանկ ճանաչվելու համար, իսկ նման դիմում ներկայացնելու դեպքում դիմումի ընդունումը ենթակա է մերժման սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից հինգ տարվա ընթացքում տվյալ ֆիզիկական անձը չի կարող լինել առևտրային կազմակերպության հիմնադիր (մասնակից) կամ կոոպերատիվի անդամ, ինչպես նաև գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր:

 

Հոդված 100. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության առանձնահատկությունները

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ սնանկության վարույթում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված պարտավորություններով նրա պարտատերերը, ինչպես նաև անձնական բնույթի այլ պահանջներով պարտատերերը նույնպես իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները:

2. Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատերը չի կարող գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր` սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից հինգ տարվա ընթացքում, ինչպես նաև չի կարող լինել առևտրային կազմակերպության հիմնադիր (մասնակից) կամ կոոպերատիվի անդամ:

 

Հոդված 101. Ֆիզիկական անձի սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները, սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց հրապարակային ռեգիստրը

 

1. Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆիզիկական անձը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձինք երեք տարվա ընթացքում համարվում են գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնող: Սույն հոդվածի իմաստով տվյալ ֆիզիկական անձի հետ փոխկապակցված են համարվում`

ա) նրա ամուսինը, համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակները.

բ) նրա ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում` համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրերը և եղբայրները.

գ) նրա ամուսնացած և զավակ ունենալու դեպքում` համատեղ ապրող չափահաս չամուսնացած զավակը և համատեղ ապրող ծնողը:

2. Հայտարարագրման ենթակա գույքը և եկամուտները (այդ թվում` գործառնություններն ու աղբյուրները), հայտարարագրի ձևը, ներկայացնելու վայրը, կարգն ու ժամկետները, ինչպես նաև պարտատերերին տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում են կառավարության որոշմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

Հոդված 102. Լուծարվող պարտապանի գործի քննության առանձնահատկությունները

 

1. Եթե լուծարվող իրավաբանական անձ-պարտապանի գույքի արժեքը բավարար չէ պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա իրավաբանական անձը լուծարվում է սույն օրենքով սահմանված կարգով:

2. Եթե լուծարման հանձնաժողովն իրականացրել է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները պարտատերերի հայտնաբերման ուղղությամբ, ապա նրա ներկայացրած պարտատերերի ցուցակը հիմք է դատարանի կողմից պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար:

3. Եթե ապահովված չէ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանը, ապա պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները լուծարվող պարտապանի նկատմամբ` լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայտարարության հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում: Այս դեպքում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվում է սույն օրենքով սահմանված ընթացակարգով:

4. Լուծարման հանձնաժողովը չի կարող ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր:

5. Լուծարման հանձնաժողովի լիազորությունները դադարում են լուծարվող պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է սնանկության գործով կառավարչին հանձնել պարտապանի ողջ գույքը, հաշվապահական և այլ փաստաթղթերը, կնիքը:

 

Հոդված 103. Բացակայող պարտապանի սնանկությունը

 

1. Եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

2. Բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

3. Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

4. Բացակայող պարտապանի և (կամ) նրա գույքի հայտնաբերման դեպքում կառավարչի միջնորդությամբ դատարանը կարող է որոշում կայացնել` սնանկության պարզեցված ընթացակարգի դադարեցման և սույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու մասին:

 

Հոդված 104. Վերագրանցում չանցած իրավաբանական անձանց սնանկության առանձնահատկությունները

 

Իրավաբանական անձինք, որոնք օրենսդրության պահանջներին համապատասխան չեն անցել վերագրանցում, և որոնց վերագրանցման ժամկետը լրացել է սնանկության վերաբերյալ գործը հարուցելու պահին, ենթակա չեն ֆինանսական առողջացման և պետք է լուծարվեն սույն օրենքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով` առանց 70-րդ հոդվածի առաջին մասի պայմանների:

 

Հոդված 105. Սնանկության վերաբերյալ գործի ավարտը կառավարչի ներկայացմամբ

 

1. Սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և խորհրդի համաձայնության առկայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե`

ա) պարտապանը չունի որևէ գույք.

բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.

գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.

դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:

2. Եթե պարտատերը (պարտատերերը) առարկում է սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեմ, ապա սնանկության վերաբերյալ գործը կարող է շարունակվել առարկող պարտատիրոջ (պարտատերերի) հաշվին: Նման դեպքերում առարկող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է դատարանի որոշմամբ սահմանված չափով դեպոզիտ վճարել սնանկության հատուկ հաշվին` ի ապահովումն սնանկության գործի վարույթի հետ կապված ծախսերի հատուցման:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 106. Անցումային դրույթներ

 

1. Մինչև սույն օրենքով սահմանված` կառավարության համապատասխան որոշումների ընդունումը.

ա) սնանկության ժամանակավոր կառավարիչներին և կառավարիչներին նշանակում է դատարանը` սնանկության գործով կառավարչի լիցենզիա ունեցող այն անձանց ցանկից, որոնց քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական գումարի չափը պակաս չէ 500.000 դրամից.

բ) պարտապանի գույքն իրացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

գ) սնանկության գործով կառավարիչների ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի որոշմամբ` պարտապանի տնօրենի (գլխավոր տնօրենի, ղեկավարի) տարեկան վաստակի 1/12-րդ չափով: Խորհրդի (իսկ եթե այն ձևավորված չէ` ժողովի) նախնական համաձայնությամբ, դատարանի որոշմամբ կառավարչի համար սահմանվում է նաև հավելյալ վարձատրություն` սնանկության հատուկ հաշվին պարտապանի գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքումից (այդ թվում` դեբիտորական պարտքերից) գոյացած միջոցների նկատմամբ` մինչև 10 տոկոսի չափով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին կառավարչի վարձատրություն սահմանելու մասին դատարանի որոշման առկայության դեպքում նոր որոշման կայացում չի պահանջվում:

2. Մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի հրապարակումը սույն օրենքով սահմանված հրապարակումները և ծանուցումները հրապարակվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված մամուլի միջոցով, իսկ այդպիսին չլինելու դեպքում` առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով:

3. Սույն օրենքի 90-րդ հոդվածի երրորդ մասի պահանջը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ավարտված գործերով պարտապանների նկատմամբ:

4. 2007 թվականի հուլիսի 1-ից հետո կարող է լինել պետական գրանցում ստացած կառավարիչների մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառավարիչների ինքնակարգավորվող մեկից ավելի կազմակերպություններ գրանցված լինելու դեպքում սույն օրենքի ուժով դրանք ենթակա են միաձուլման: Միաձուլվող ինքնակարգավորվող կազմակերպությունների հիմնադիր ժողովը հրավիրում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, որը ժողովը վարում է մինչև ինքնակարգավորվող կազմակերպության նախագահի ընտրվելը:

Հիմնադիր ժողովն իրավասու է սկսելու աշխատանքներն ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների ընդհանուր թվի առնվազն կեսի առկայության դեպքում:

 

Հոդված 107. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հարուցված և դատարանի վարույթում գտնվող սնանկության վերաբերյալ գործերի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով և 83-րդ հոդվածի «ա» կետով սահմանված կանոնները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվում են 2010 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-17-Ն օրենքը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 22
Երևան
ՀՕ-51-Ն