ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1908-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1100-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի 727-Ն որոշման N 3 հավելվածի 3-րդ գլխի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի «Արիդես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին» N 1100-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերից հետո լրացնել «, 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 3-րդ գլխի դրույթները» բառերով:
2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 290.110.912407) տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու, մասնավորապես, նորարարական տեխնոլոգիաներով բժշկական կահույքի հավաքման ու օժանդակ պարագաներ արտադրելու, Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների (մասնավորապես, քիմիական լուծույթներ), ինչպես նաև պլաստմասսայե արտադրատեսակների, այդ թվում՝ ինչպես սեփական արտադրատեսակների բաղադրամաս հանդիսացող արտադրատեսակների, այնպես էլ որպես վերջնական արտադրատեսակ հանդիսացող՝ վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակների (մասնավորապես, ալկոթեստերների գործածության համար անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման մուշտուկներ, ինչպես նաև բժշկական նշանակության այլ պլաստմասսայե արտադրատեսակներ (նստարան լոգարանի համար, զուգարանակոնքի գլխադիրներ, աստիճան լոգարանի համար, միզընդունիչ և գիշերանոթ, սանիտարական հարմարանքով աթոռի պլաստիկե մեջք, նստատեղ, դույլ՝ կափարիչով, և բռնակ, գլխադիրներ և գլանիկներ, ալկոթեստերի աքսեսուար պլաստիկե տուփեր) արտադրության համար:»:
3․ Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 12 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ հաստատված կարգով «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2017 թվականի նոյեմբերի 7-ին «22» համարի ներքո տրամադրված՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության վկայականում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման և վկայականի փոփոխված տարբերակը «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու գործընթացը.
2) շահագործողի թույլտվության վկայականի փոփոխված տարբերակի պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրելու գործընթացը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|