ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1871-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 5.5-րդ գլխով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Արդարադատության նախարարություն» բաժնի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի ֆինանսական գնահատականը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
3. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել համապատասխանաբար կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված՝ իրենց կողմից կատարման ենթակա գործողությունների վերաբերյալ՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո ապահովել մոնիթորինգի, մոնիթորինգի և գնահատման հաշվետվությունների մշակումը և դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|