Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-169
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.07.2008-31.08.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ.331
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն օրենքը կարգավորում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի իրավասությունները:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորների, արժեթղթավորման հիմնադրամների, Կենտրոնական դեպոզիտարիայի, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների պետական գրանցման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

3. Հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ժամկետները սահմանվում են սույն օրենքով և համապատասխան օրենքով:

4. Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հաշվառման, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(1-ին հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-361-Ն, 09.04.07 ՀՕ-163-Ն, 09.04.07 ՀՕ-186-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-208-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-103-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ և ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Պետական գրանցումն ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումն է պետության կողմից:

2. Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից, իսկ նրա գործունեությունը դադարած` գործունեության դադարման պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից: Իրավաբանական անձի, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի, կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը հավաստվում է իրավաբանական անձանց գրանցող մարմնի (այսուհետ` պետական ռեգիստր) տարածքային ստորաբաժանման կողմից տրված համապատասխան վկայականով:

3. Հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց միությունների պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Նրանց գրանցումը նույնպես հավաստվում է համապատասխան վկայականով:

4. Սույն օրենքի 11-14-րդ հոդվածներով սահմանված գործառույթները հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց միությունների համար իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը:

5. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումներն իրականացվում են սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով` պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից:

(3-րդ հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 4. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ

 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց կանոնադրությունների փոփոխությունների, սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» և «ժե» ենթակետերում նշված տեղեկությունների կամ դրանց փոփոխությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի մասին սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «գ»-«ը» ենթակետերում նշված տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցման, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների փոփոխությունների հաշվառման, պետական հաշվառման վկայականի փոխարեն նորը տալու, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, այլ մարմնի կողմից գրանցված կազմակերպություններին սահմանված ձևի պետական գրանցման վկայական տալու, իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններում կատարվող փոփոխությունների, ինչպես նաև պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու համար գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:

(4-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական գրանցումն ընդգրկում է`

ա) իրավաբանական անձի պետական գրանցումը, որը գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի մասին սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառումն է պետական գրանցամատյանում.

բ) իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը, որը իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության (այսուհետ` կանոնադրության փոփոխություն), ինչպես նաև պետական գրանցամատյանում` սույն օրենքի 20-րդ հոդվածի «ժգ» և «ժե» ենթակետում նշված տեղեկությունների ու դրանց փոփոխությունների (այսուհետ` փոփոխությունների) պետական գրանցումն է.

գ) իրավաբանական անձի լուծարման (գործունեության դադարման) պետական գրանցումը, որը գրանցված իրավաբանական անձի գոյության դադարման մասին պետական գրանցամատյանում գրառում կատարելն է.

դ) իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյանների վարումը (օրենքով սահմանված դեպքերում):

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից իրավաբանական անձանց պետական գրանցումը կատարվում է ըստ նրանց գտնվելու վայրի, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի: Անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացվում է ըստ նրանց բնակության կամ պետական գրանցման վայրի (անհատ ձեռնարկատիրոջ դիմումի համաձայն):

3. Հայաստանի Հանրապետությունում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելվում է: Առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 6. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

1. Պետական ռեգիստրը պահպանում է բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գրանցման փաստաթղթերը:

2. Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ արխիվային գործը ենթակա է պահպանման պետական ռեգիստրի արխիվում 10 տարի, որից հետո սահմանված կարգով հանձնվում է պետական արխիվ: Իր գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը ենթակա է ոչնչացման` սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(6-րդ հոդվածը փոփ. 08.06.04 ՀՕ-98-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

ՀՈԴՎԱԾ 7. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ

 

1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրը, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում: Պետական ռեգիստրը կազմված է կենտրոնական մարմնից և տարածքային ստորաբաժանումներից:

2. Պետական ռեգիստրը գլխավորում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը:

3. Պետական ռեգիստրի ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով: Պետական ռեգիստրի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն ու աշխատակիցները նշանակվում և ազատվում են օրենքով սահմանված կարգով:

4. Պետական ռեգիստրը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

5. Պետական ռեգիստրի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Պետական ռեգիստրի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Պետական ռեգիստրի գործակալությունը և նրա տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

(7-րդ հոդվածը փոփ., խմբ. 06.11.02 ՀՕ-452-Ն, լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական ռեգիստրի ղեկավարի միջոցով կազմակերպում և մեթոդական ղեկավարություն է իրականացնում պետական ռեգիստրի գործունեության նկատմամբ:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը`

ա) սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի և պետական միասնական գրանցամատյանի վարման կարգը.

բ) հաստատում է փաստաթղթերի ընդունման մատյանները, դրանց ձևերը և վարման կարգը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իրավաբանական անձանց պետական գրանցամատյանների և պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը.

դ) հաստատում է պետական գրանցման համար օգտագործվող փաստաթղթերի (դիմումների, գրանցման քարտերի և այլն) ձևերը.

ե) սահմանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արխիվային գործերի վարման և պահպանման կարգը.

զ) հաստատում է ոչնչացված վկայականների գրանցման մատյանների ձևերը, դրանց վարման կարգը.

զ1) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը.

է) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(8-րդ հոդվածը լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 9. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը`

ա) կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.

բ) հսկողություն է իրականացնում տարածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.

գ) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց միությունների պետական գրանցումը, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև լրատվության միջոցների հաշվառումը.

դ) իրականացնում է իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումները.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլի միջոցով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.

զ) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց միությունների պետական գրանցամատյանի և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը, օրենքով սահմանված դեպքերում վարում է իրավաբանական անձանց մասնակիցների ռեեստրը.

է) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից.

ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.11.02 ՀՕ-452-Ն, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 10. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են տվյալ տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը և իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների հաշվառումը:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում վարվում է տվյալ տարածքում գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյան, որը հանդիսանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի մասը:

3. (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-163-Ն)

4. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները գործում են սույն օրենքին և պետական ռեգիստրի կանոնադրությանը համապատասխան:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 11. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Իրավաբանական անձանց պետական գրանցման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց գտնվելու վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ինչի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը կարող են ներկայացվել բնակության կամ պետական գրանցման վայրի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում:

2. Նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպությունների հիմնադիրների կամ նրանց կողմից լիազորված անձի պահանջով պետական ռեգիստրի կողմից տրամադրվում են գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևեր, որոնցում առևտրային կազմակերպությունների հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը լրացնում են միայն իդենտիֆիկացնող (անհատականացնող) տեղեկություններ: Առևտրային կազմակերպությունների հիմնադիրների կամ նրանց կողմից լիազորված անձի գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի (կանոնադրության, հիմնադիր ժողովի որոշման) նմուշային ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքների պահանջներին: Հիմնադիր փաստաթղթերի նմուշային ձևեր ներկայացվելու դեպքում ստուգվում են միայն ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:

4. Փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում (այսուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատասխան` կոդավորվում է իրավաբանական անձը: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է գրանցման համարը, ստորագրում և կնքում է քարտը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր կողմից ստորագրված և կնքված պետական գրանցման վկայականը: Իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա կատարվում է իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում:

5. Հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև իրավաբանական անձանց միությունների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են կենտրոնական մարմին:

(11-րդ հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, լրաց., փոփ., խմբ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 12. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված փոփոխությունների պետական գրանցման համար, սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է համապատասխան գրառում:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքների պահանջներին:

3. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում փոփոխությունների մասին տեղեկությունները լրացվում են քարտերում, անհրաժեշտության դեպքում կոդավորվում են տեղեկությունները: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը ստորագրում ու կնքում է քարտերը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու դիմողին տալիս է պետական գրանցման վկայականի` իր կողմից ստորագրված և կնքված հերթական ներդիրը` համապատասխան գրառում կատարելով պետական գրանցման վկայականում: Անհրաժեշտության դեպքում իրավաբանական անձի կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթի վրա կատարվում է այդ փոփոխության պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Փոփոխությունների պետական գրանցումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:

4. Անհատ ձեռնարկատերը փոփոխությունների պետական գրանցման նպատակով դիմում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում` սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «դ»-«ը» ենթակետերով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում: Փոփոխությունների պետական գրանցումը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

5. Իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) փոփոխությամբ պայմանավորված կանոնադրության փոփոխության պետական գրանցումը կատարում է մինչև փոփոխությունը գրանցելու պահը գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) տարածքային ստորաբաժանումը, որը համապատասխան պետական գրանցումը կատարելուց հետո իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գրանցման գործերը տեղափոխում է համապատասխան տարածքային բաժին:

(12-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.11.02 ՀՕ-452-Ն, լրաց., խմբ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 13. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմին, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում:

2. Պետական ռեգիստրը ստուգում է վերակազմակերպման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքների պահանջներին:

3. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պետական գրանցումների այն բոլոր դեպքերում, երբ`

ա) ստեղծվում է նոր իրավաբանական անձ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում տրվում է նոր վկայական, որի ներդիրում կատարվում է նշում` իրավահաջորդության մասին.

բ) իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվում են փոփոխություններ, ապա պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր, որում անհրաժեշտության դեպքում կատարվում է նշում` իրավահաջորդության մասին.

գ) իրավաբանական անձի գործունեությունը դադարում է, ապա պետական գրանցումը կատարվում է 14-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պետական գրանցումներ իրականացնելուց հետո պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը գրանցման բոլոր փաստաթղթերն ուղարկում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում, որոնք հիմք են հանդիսանում պետական գրանցամատյաններում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

5. Վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական գրանցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում տրվում է նոր վկայական, որի ներդիրում կատարվում է նշում` իրավահաջորդության մասին:

6. Իրավաբանական անձի վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը լրացնում է անհրաժեշտ քարտը և պետական գրանցամատյանում կատարում է գրառում` գործունեության դադարման մասին:

7. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո պետական ռեգիստրի ղեկավարը (վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում` տարածքային ստորաբաժանման ղեկավարը) կատարում է նշում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(13-րդ հոդվածը խմբ., լրաց. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 14. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի դիմումի, իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշման և մամուլում հրապարակված համապատասխան հայտարարության հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր:

Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման դեպքում գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի (որոնք ներկայացվում են սույն կետի 1-ին մասում նշված փաստաթղթերի հետ) հիման վրա պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումն իրավաբանական անձին շնորհում է գրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին, որի վերաբերյալ դիմողին տրվում է տեղեկանք: Եթե այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձը, օրենքի համաձայն, ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացվել սույն մասում նշված փաստաթղթերից որևէ մեկը:

Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը մերժում է, եթե խախտվել է օրենքով սահմանված կարգը, ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:

2. Լուծարվող իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը, լուծարման գործընթացն ավարտելուց հետո օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշմամբ, հաստատված լուծարման հաշվեկշիռը սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում լուծարման պետական գրանցում կատարելու համար:

3. Լուծարման վերաբերյալ գրառում է կատարվում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման փաստաթղթերի ընդունման մատյանում: Պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:

Եթե գրանցման հայտի հետ, որում առկա է պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության մասին իրավաբանական անձի հավաստումը, չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում և լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

31. Եթե գրանցման հայտ ներկայացնողն ապահովագրական ընկերություն է, և վերջինս գրանցման հայտի հետ չի ներկայացրել սույն օրենքի 24-րդ հոդվածի «գ1» ենթակետով սահմանված տեղեկանքը, և հայտը պարունակում է ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին ապահովագրական ընկերության հավաստումը, ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում լիազորված պետական կառավարման մարմին` տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Լիազորված պետական կառավարման մարմինը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես տվյալ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում, և լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո, լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք, և լուծարումը գրանցվում է պետական գրանցամատյանում:

5. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման դեպքում անհատ ձեռնարկատերը պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանում է ներկայացնում դիմում և սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը, ինչի վերաբերյալ փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում: Պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:

Եթե գրանցման հայտի հետ, որում առկա է պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության մասին անհատ ձեռնարկատիրոջ հավաստումը, չի ներկայացվել սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներին` պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ստացականով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության հավաստում, և անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)` սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո, գործունեության դադարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում, տարածքային ստորաբաժանման ղեկավարն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտում, ստորագրում ու կնքում է այն և գործունեության դադարումը գրառում է պետական գրանցամատյանում:

7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարած), պետական գրանցման պահից, ինչի մասին տրվում է տեղեկանք:

8. Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի լուծարման գրանցման համար պետական տուրք չի գանձվում:

(14-րդ հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, 11.06.04 ՀՕ-104-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-188-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 15. Պետական ռեգիստր փաստաթղթեր ներկայացնելը

 

1. Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում դիմումի ստացման ամսաթիվն է, որը նշվում է ստացված դիմումի վրա` փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ, և գրառվում է նաև փաստաթղթերի ընդունման մատյանում:

2. Պետական ռեգիստր ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.

ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված, ինչը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.

բ) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, ջնջված բառեր, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, չծանոթագրված ուղղումներ.

դ) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.

ե) միաժամանակ հայերեն և օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.

զ) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.

է) մեկից ավելի թերթեր պարունակող փաստաթղթերը (փոխանցման ակտ, բաժանիչ հաշվեկշիռ) կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչի տեսքով (բացառելով որևէ անձի կողմից փոփոխություններ կատարելու հնարավորությունը)` սույն կետի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան.

ը) կանոնադրության (կանոնադրության փոփոխությունների) տիտղոսաթերթը պետք է նշում պարունակի հաստատման մասին, ներկայացված օրինակների քանակի ու օրինակի հերթական համարի, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալների մասին: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կանոնադրության փոփոխությունը պետք է նշում պարունակի նաև պետական գրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվա մասին.

թ) իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթղթի պատճենը պետք է բավարարի սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները և պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը: Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի սույն ենթակետով սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:

3. Իրավաբանական անձի դիմումը պետք է բովանդակի`

ա) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).

բ) դիմողի բնակության (գտնվելու) վայրը.

գ) պետական գրանցում իրականացնող մարմնի անվանումը.

դ) ներկայացվող պահանջը.

ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.

զ) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.

է) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը կամ լիազորված անձի ստորագրությունը (այս դեպքում դիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը):

4. Որոշումները կարող են ունենալ հետևյալ ձևերը.

ա) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի (այսուհետ` նիստ) արձանագրություն.

բ) որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ իրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասում նշված ձևերից որևէ մեկը.

գ) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավելի անձանց.

դ) հրաման.

ե) դատարանի որոշում.

զ) դատարանի վճիռ.

է) օրենքով սահմանված այլ ձևեր:

5. Արձանագրությունը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները.

ա) նիստի գումարման օրվա և վայրի մասին.

բ) արձանագրության կազմման օրվա մասին.

գ) նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցողների) մասին.

դ) նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին.

ե) նիստի օրակարգը.

զ) կայացած ելույթների հիմնական դրույթները.

է) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները:

Արձանագրությունը պետք է բովանդակի նաև առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով, իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ տեղեկություններ:

Արձանագրությունից քաղվածքը պետք է բովանդակի սույն կետով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ «ե», «զ» և «է» ենթակետերով սահմանված տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է բովանդակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին: Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով:

Արձանագրությունների պատճենները պետք է ներկայացվեն լուսապատճենի տեսքով, իսկ պատճենի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով:

6. Նշված պահանջները չբավարարող փաստաթղթերը պետական ռեգիստրը վերադարձնում է առանց քննարկման: Սույն հոդվածում նշված պահանջները չբավարարող փաստաթղթի առկայությունը հիմք է պետական գրանցումը մերժելու համար:

(15-րդ հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 16. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ և ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետական ռեգիստր ներկայացնելուց և նույն օրը տարածքային ստորաբաժանման փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների գրառմամբ պայմանավորված պետական գրանցումը: Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված, պետական գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերով պետական գրանցումը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացվում է ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ: Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներն իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Իրավաբանական անձի կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին և իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերին հիմք են իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում կանոնադրությունների հետ պայմանագիրն ու փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում (կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում, բաժանիչ հաշվեկշռում) վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթների բացակայությունը հիմք են վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները մերժելու համար: Իրավաբանական անձանց լուծարման` օրենքով սահմանված կարգի խախտումը, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը և ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին հիմք են պետական գրանցումը մերժելու համար:

3. Իրավաբանական անձի կազմավորման կարգի խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում փաստաթղթերն ընդունելու օրվանից իրավաբանական անձանց համար` հնգօրյա, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` մեկօրյա ժամկետում, գրավոր մերժվում է` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով: Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով սահմանված են պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետում: Գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

4. Իրավաբանական անձի փոփոխությունների, վերակազմակերպման և իրավաբանական անձի գործունեության դադարման պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են իրավաբանական անձն ստեղծելիս, նրա կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելիս, իրավաբանական անձի գործունեությունը դադարելիս, կամ որոնց հակասում է իրավաբանական անձի կանոնադրությունը:

5. Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

6. Իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, իրավաբանական անձի գործունեության դադարման պետական գրանցման մերժումն ստորագրում է տարածքային ստորաբաժանման ղեկավարը: Այն վավերացվում է տվյալ տարածքային ստորաբաժանման կնիքով: Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում պետական գրանցման մերժումն ստորագրում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ղեկավարը:

7. Եթե դիմումը ներկայացնելու մասին գրանցամատյանում գրառում կատարելուց հետո իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը սահմանված ժամկետներում չի մերժվում, ապա գրանցումը համարվում է կատարված և ոչ ուշ, քան համապատասխան գրանցման համար նախատեսված ժամկետի լրանալուց հետո 1 օրվա ընթացքում, դիմողին տրվում է վկայական կամ ներդիր կամ տեղեկանք:

8. Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև պետական գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:

(16-րդ հոդվածը փոփ. 06.11.02 ՀՕ-452-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 17. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ և ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում գործում է իրավաբանական անձանց պետական գրանցման կոդերի միասնական համակարգ:

2. Կոդավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից տարածքային մարմիններ կոդերի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Պետական միասնական գրանցամատյանը, որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին: Պետական միասնական գրանցամատյանը վարում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը, որն այդ նպատակով ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ պետական գրանցամատյանների տեղեկությունների հիման վրա, արդիականացնում է այն: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(17-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 18. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

1. Պետական գրանցման վկայականը պետական գրանցման փաստը հավաստող փաստաթուղթ է, որն ունի հերթական համարով ներդիր (ներ)` կատարված փոփոխություններն ամրագրելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում են պետական գրանցման միասնական ձևի վկայականներ:

2. Պետական գրանցման վկայականների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) իրավաբանական անձի անվանումը (ներառյալ` ֆիրմային անվանումը և կազմակերպական-իրավական ձևը).

բ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

գ) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

դ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

ե) կոդը.

զ) գտնվելու վայրը.

է) իրավաբանական անձի տեսակը.

ը) պետական գրանցումն իրականացրած մարմնի (պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում կամ կենտրոնական մարմին) անվանումը.

թ) գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում` նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը).

ժ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձի (այսուհետ` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը.

ժա) իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը և գրանցման համարը.

ժբ) նշում` հերթական ներդիրը տալու մասին.

ժգ) սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

4. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) անհատ ձեռնարկատիրոջ անունը, անձնագրային տվյալները.

բ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը.

դ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

ե) բնակության վայրը և պետական գրանցման վայրը.

զ) անհատ ձեռնարկատիրոջ լուսանկարը.

է) պետական գրանցումն իրականացրած պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման անվանումը.

ը) գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում` նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը).

թ) նշում` հերթական ներդիրը տալու մասին:

5. Պետական գրանցման վկայականն ստորագրում է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, և այն վավերացվում է կնիքով:

6. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականն ստորագրում է պետական ռեգիստրի ղեկավարը:

7. Պետական գրանցման վկայականի կորստյան կամ գործածության համար ոչ պիտանի լինելու դեպքում տրվում է նոր վկայական իր ներդիրով (ներդիրներով): Պետական գրանցման նոր վկայական տալու մասին դիմումին պետք է կցված լինի պետական գրանցման կորած վկայականն անվավեր ճանաչելու մասին հայտարարությունը պարունակող մամուլի միջոցի օրինակը կամ պետական գրանցման վկայականի բնօրինակը:

(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.11.02 ՀՕ-452-Ն, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 19. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Լուծարված (գործունեությունը դադարեցրած) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է հանձնաժողով, որի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պետական գրանցման վկայականների ոչնչացման կարգը և ժամկետները սահմանվում են պետական ռեգիստրի կանոնադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) անվանումը, ներառյալ` ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

բ) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

գ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

դ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

ե) հիմնադրման տարին.

զ) հիմնադրման եղանակը.

է) իրավաբանական անձի կոդը.

ը) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) կազմը և տեղեկություններ նրանց վերաբերյալ (ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, իրավաբանական անձանց դեպքում` անվանումը, գրանցման վկայականի տվյալները, գտնվելու վայրը).

թ) կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) չափը.

ժ) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) հիմնադիրների (մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի) ներդրումների չափը.

ժա) իրավաբանական անձի գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսը և կապի այլ միջոցներ.

ժբ) գործունեության ժամկետը, եթե ստեղծված է որոշակի ժամանակով.

ժգ) տեղեկություններ լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը).

ժդ) գործունեության (գոյության) դադարման դեպքում` նշում այդ մասին.

ժե) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները):

2. Իրավաբանական անձանց միությունների, հասարակական միավորումների և հիմնադրամների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին կետի «թ» և «ժ» ենթակետերով սահմանված տեղեկությունները, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով սահմանված տեղեկությունները կուսակցությունների համար գրառելու դեպքում նշվում է միայն մշտական գործող ղեկավար մարմնի անդամների վերաբերյալ տեղեկությունները:

3. Բաժնետիրական ընկերությունների պետական գրանցման դեպքում պարտադիր գրառման ենթակա չեն սույն հոդվածի 1-ին կետի «ը» և «ժ» ենթակետերով սահմանված տեղեկությունները:

4. Կոոպերատիվների պետական գրանցման դեպքում բաժնային ֆոնդի (սույն հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետ) հետ գրառվում է անբաժանելի ֆոնդի չափը:

41. Սույն հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական գրանցման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր գրանցվող (ստեղծվող) իրավաբանական անձի հիմնադիր ժողովը (համագումարը կամ օրենքով սահմանված այլ մարմինը) կամ հիմնադիրը ընտրել (նշանակել) են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար:

5. Անհատ ձեռնարկատիրոջ մասին պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տվյալները`

ա) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը.

բ) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

դ) անհատ ձեռնարկատիրոջ անունը.

ե) անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, ում կողմից է տրված և այլն).

զ) բնակության վայրը.

է) պետական գրանցման հասցեն (եթե չի համընկնում բնակության վայրի հետ).

ը) գործունեության ժամկետը, եթե գրանցվում է որոշակի ժամկետով.

թ) գործունեության դադարման դեպքում` նշում այդ մասին:

6. Սույն հոդվածում սահմանված տեղեկությունները պետական ռեգիստրի կողմից փոփոխվել չեն կարող:

(20-րդ հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 21. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Պետական գրանցման համար իրավաբանական անձինք ներկայացնում են`

ա) իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը.

բ) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի), որին մասնակցում են հիմնադիրներն անձամբ, արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ ֆիզիկական անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Եթե հիմնադիրների կազմում առկա է իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և պետական գրանցման վկայականի պատճենը: Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը.

գ) կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ե) «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկություն տրամադրող անձինք՝ նաև իրավաբանական անձին հանձնվող կամ վերջինիս կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրվող գույքի օրինականության վերաբերյալ հայտարարություն՝ նշելով հանձնվող գույքի կազմը, չափը և ծագման աղբյուրները, եթե հանձնվող կամ ներդրվող գույքի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը:

Սույն կետում նշված հայտարարությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը դրա պատճենը պատվիրված նամակով առաքում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

2. Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով կարող են նախատեսվել պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա նաև այլ փաստաթղթեր:

21. Առևտրային իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ֆիրմային անվանման պետական գրանցման մասին լիազորված մարմնի որոշումը:

22. Տնտեսական ընկերությունները, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի գրավոր հավաստումը այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալը վճարված է:

23. Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման դեպքում, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, իրավաբանական անձը ներկայացնում է նաև գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) և հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:

3. Օտարերկրյա հիմնադիր (մասնակից) իրավաբանական անձով իրավաբանական անձինք պետական գրանցման համար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:

4. Պետական գրանցման համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է`

ա) գրանցման մասին դիմում` նշելով անունը, անձնագրի տվյալները, բնակության և պետական գրանցման վայրը, գործունեության ժամկետը.

բ) անձնագրի պատճենը.

գ) լուսանկար.

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(21-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-18-Ն, լրաց., փոփ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 22. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Փոփոխությունների պետական գրանցման համար դիմող սուբյեկտները պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում ներկայացնում են`

ա) իրավաբանական անձի դիմումը.

բ) կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունների, լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի «դ»-«զ» ենթակետերով նախատեսված տվյալների փոփոխությունը գրանցելու համար անհատ ձեռնարկատերը ներկայացնում է դիմում և փոփոխությունը հավաստող փաստաթուղթ, իսկ «է» և «ը» ենթակետերի դեպքում` միայն դիմում:

Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման (նշանակման, ընտրելու) դեպքում ներկայացվում է նաև իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը:

Տնտեսական ընկերությունները սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետով նախատեսված տվյալների փոփոխությունը գրանցելու համար, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալը կամ դրա հավելումը վճարված է, կամ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման և նրա նոր չափի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի ընկերության բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:

(22-րդ հոդվածը լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, խմբ., լրաց. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 23. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`

1) միաձուլման դեպքում`

ա) միաձուլվող իրավաբանական անձինք ներկայացնում են՝

- միաձուլվող իրավաբանական անձանց դիմումները,

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականները,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միաձուլման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է`

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների պատճենները.

2) միացման դեպքում`

ա) միացող իրավաբանական անձինք ներկայացնում են՝

- միացող իրավաբանական անձանց դիմումները,

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականը (վկայականները),

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միացման արդյունքում ընդլայնված իրավաբանական անձը ներկայացնում է՝

- ընդլայնված իրավաբանական անձի դիմումը,

- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենները,

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) բաժանման դեպքում`

ա) բաժանվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- բաժանվող իրավաբանական անձի դիմումը,

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- հիմնադիր (բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց) ժողովների (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունները,

- պետական տուրքի վճարման անդորրագրերը.

բ) բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում են`

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) առանձնացման դեպքում`

ա) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`

- առանձնացող իրավաբանական անձի դիմումը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- հիմնադիր (առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կամ անձանց) ժողովների (համագումարների կամ օրենքով սահմանված այլ մարմինների) արձանագրությունները,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) առանձնացման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը (անձինք) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում են՝

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

5) վերակազմավորման դեպքում`

ա) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- վերակազմավորվող իրավաբանական անձի դիմումը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է`

 - վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).

7) վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

ՀՈԴՎԱԾ 24. ԼՈՒԾԱՐՄԱՆ (ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`

ա) դիմում.

բ) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.

գ) տեղեկանք (տեղեկանքներ) հարկային մարմիններից` պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին.

գ1) ապահովագրական ընկերությունների լուծարման դեպքում` նաև տեղեկանք լիազորված պետական կառավարման մարմնից` ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շահառուների և պետության (միայն պետական տուրքի մասով) նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին.

դ) կնիքը հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթ.

ե) պետական գրանցման վկայականը.

զ) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:

2. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար ներկայացվում են`

ա) դիմում.

բ) տեղեկանք (տեղեկանքներ) հարկային մարմիններից` պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին.

գ) պետական գրանցման վկայականը.

դ) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:

3. Մահացած անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի մարումն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի համաձայն, որի համար ներկայացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը և մահվան փաստը հավաստող փաստաթուղթը:

4. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով իրավաբանական անձանց լուծարման դեպքում լուծարումն իրականացվում է վճռում նշված մարմնի, իսկ նման նշման բացակայության դեպքում իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի կողմից, որոնք լուծարումը գրանցելու համար պետական ռեգիստր են ներկայացնում դատարանի վճիռը և սույն հոդվածում նշված փաստաթղթերը:

5. Սնանկության հետևանքով լուծարված իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը և սույն հոդվածի 1-ին կետի «ա», «դ», «ե» և «զ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

Սնանկ ճանաչված անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման համար ներկայացվում են դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը և սույն հոդվածի 2-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

(24-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.11.02 ՀՕ-452-Ն, լրաց. 11.06.04 ՀՕ-104-Ն, լրաց., փոփ. 08.06.04 ՀՕ-98-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-188-Ն, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-163-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 25. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Պետական ռեգիստրին ներկայացված փաստաթղթերի տվյալների իսկության համար պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը ներկայացրած անձինք:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերում պետական ռեգիստրի ղեկավարը պատասխանատվություն են կրում իրավաբանական անձի, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների, վերակազմակերպման կամ լուծարման (գործունեության դադարման), ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման, գործունեության դադարման պետական գրանցումն անհիմն մերժելու կամ դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով:

(25-րդ հոդվածը փոփ. 06.11.02 ՀՕ-452-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 26. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 3 ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 1 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող այլ գրանցամատյանները փոխանցվում են պետական ռեգիստր` իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյան ձևավորելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
26 ապրիլի 2001 թ.
ՀՕ-169