Գլխավոր տեղեկություն
Համար
N 605-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.678
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 605-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 26.10.23 N 1837-Ն)

1. Հաստատել քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրա փամփուշտներին ներկայացվող վնասվածքային, քիմիավերլուծական (բժշկակենսաբանական) նորմերը և փորձարկման մեթոդիկաները:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի հիման վրա կատարել համապատասխան փոփոխություններ գործող քրեագիտական պահանջները սահմանող գերատեսչական նորմատիվ իրավական ակտում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 27
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 605-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրված՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկերի ծածկագրերին համապատասխան՝ հետևյալ քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների խմբերի վրա՝

 

 9302 00 000 0-ից   Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ թվում՝ ռետինե 

գնդակներով, փամփուշտներով կրակելու հնարավորությամբ,

     
 9302 00 000 0-ից   Ակոսափող սպորտային ատրճանակներ և ռևոլվերներ,
     

 9302 00 000 0-ից
(բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի)

  Ակոսափող ծառայողական ատրճանակներ և ռևոլվերներ,
     
 9303 20-ից   Սպորտային ողորկափող հրազեն,
     
 9303 30 000 0-ից   Սպորտային ակոսափող հրազեն,
     
 9303 20 100 0-ից   Որսորդական մի փողանի ողորկ-երկարափող հրազեն,
     
 9303 20 950 0-ից   Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն,
 9303 30 000 0-ից    
     
 9303 20 950 0-ից   Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ  թվում՝ տարբեր տրամաչափի փողերով,
     
 9303 30 000 0-ից   Որսորդական ակոսափող հրազեն,
 9303 20 950 0-ից    
     
 9304 00 000 0-ից   Որսորդական օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով,
     
 9304 00 000 0-ից   Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք՝ 3 ջոուլից ավելի փողային էներգիայով,
     
 9304 00 000 0-ից   Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և ռևոլվերներ՝ 3 ջոուլից ավելի փողային էներգիայով,
     
 9306 21 000 0-ից   Սպորտային և որսորդական ողորկափող հրազենի փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկիչ,
     

 9306 30 100 0-ից
(բացառությամբ փամփուշտներ,
ռազմական
նշանակության
արտադրանքի),

  Սպորտային, ծառայողական ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ 
     
 9306 30 900 0-ից   Սպորտային և որսորդական ակոսափող հրազենի (բացի ատրճանակներից և ռևոլվերներից), ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ, այդ թվում՝ փորձարկիչ,
     
 9307 00 000 0-ից   Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական 8211-ից դանակներ և դաշույններ),
     
 9307 00 000 0-ից   Սպորտային սառը շեղբավոր զենք,
     
 93 07 00 000 0-ից   Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք՝ նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային տարազների հետ՝ նախատեսված հավաքածուներ կազմելու համար,
     
 95 06 99 9000   Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղներ (27 կգուժ-ից բարձր աղեղային ուժ) և արբալետներ,
     
  9304 00 000 0-ից   Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,
     
 9303-ից   Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված 6 մմ-ից ավելի տրամաչափի ազդանշանային զենք

(1-ին կետը փոփ. 26.04.07 N 505-Ն, 25.04.13 N 438-Ն, խմբ. 03.08.17 N 917-Ն, փոփ., խմբ. 26.10.23 N 1837-Ն)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրա փամփուշտներին ներկայացվող անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջներն ու համապատասխանության գնահատման ընթացակարգերը։

(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքն ու դրա փամփուշտները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

(3-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`

երկարափող հրազեն՝300 մմ և ավելի երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն,

կարճափող հրազեն՝ մինչև 300 մմ երկարություն ունեցող փողով (փողերով) հրազեն,

ողորկափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ողորկ անցուղով փող կամ փողեր,

ակոսափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր,

համակցված հրազեն՝ հրազեն, որն ունի բլոկ կազմող ինչպես ակոսավոր, այնպես էլ հարթ փողեր,

հրացան՝ ողորկափող կամ համակցված երկարափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ երկու ձեռքով այն պահելու և կառավարելու համար, կամ ակոսափող երկարափող կամ միափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ ուսին՝ խզակոթի հենակով` երկու ձեռքով այն պահելու և կառավարելու համար,

կարաբին՝ թեթևացրած կարճափող հրացան,

ատրճանակ՝ կարճափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ մեկ ձեռքով այն պահելու և կառավարելու համար,

ռևոլվեր՝ ատրճանակ՝ փամփշտանոցների կամ փողերի պտտվող բլոկներով,

սառը շեղբավոր զենք՝ սառը զենք, որն ունի դաստապանին ամուր և անշարժ միացած մարտական մաս՝ սեպի, շեղբի (սեպերի, շեղբերի) տեսքով,

հրազենի փող՝ հրազենի հիմնական մաս, որն ունի խողովակին նմանվող տեսք՝ նետվող տարրին տրված ուղղությամբ, և որոշակի արագությամբ հաղորդում է շարժում,

էլեկտրահարող սարք՝ քաղաքացիական զենք (պաշտպանական միջոց), որն օգտագործվում է որպես ինքնապաշտպանության ու անկանխատեսելի էլեկտրական հպումային միջոցների ներգործությունից պաշտպանման նպատակներով, և որի գործողությունը հիմնված է էլեկտրական իմպուլսների առաջացման վրա:

Որպես էլեկտրահարող սարք կարող են կիրառվել համանման գործառույթներ ունեցող կայծային պարպիչները,

գոյատևման դանակ՝ որսորդական հանդերձանքի մաս կազմող դանակ, որը նախատեսված է արդյունաբերական կամ սպորտային որսորդության ու ծանր (արտակարգ) արշավային պայմաններում, ճանապարհորդության և սպորտային պարապմունքների, զբոսաշրջության (լեռնագնացություն, ջրային զբոսաշրջություն) ժամանակ օգտագործելու համար:

(4-րդ կետը խմբ., փոփ. 03.08.17 N 917-Ն, փոփ. 26.10.23 N 1837-Ն)

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների բոլոր մոդելների իրացումը պետք է իրականացվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և ուղեկցվի համապատասխանության նշանի մակնշմամբ և համապատասխանության սերտիֆիկատով:

(5-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, խմբ. 26.10.23 N 1837-Ն)

6. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների շրջանառությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոններին համապատասխան:


IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


  Քաղաքացիական ծառայողական զենքի տեխնիկական պահանջները

7. Սպորտային և որսորդական զենքի (ատրճանակ, ռևոլվեր, հրացան, կարաբին), համակցված որսորդական հրազենի, 5 մմ-ից պակաս կամ հավասար տրամաչափի և 15 մմ-ից ոչ ավելի երկարությամբ փամփշտանոց ունեցող զենքի, ինքնուրույն նետողական լիցք առաջացնող` բոցավառվող բաղադրություն ունեցող փամփուշտներով կրակելու համար նախատեսված զենքի (որի փամփշտանոցի երկարությունը և տրամաչափը կարող են հասնել 6 մմ-ի, և որը նախատեսված չէ 7,5 Ջ-ից ավելի փողային էներգիայով գնդակներով կրակելու համար), մեկ անգամվա համար օգտագործվող զենքի, ազդանշանային զենքի փամփուշտներով կրակելու համար նախատեսված` սեփական փակման համակարգ չունեցող փողում 200 մՊա-ից ոչ ավելի գազի ճնշում զարգացնող փողերի և դրանց փամփուշտների անվտանգությունը բնութագրող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30520 և ԳՕՍՏ Ռ 50530 ստանդարտներով սահմանված պահանջներին:

8. (կետը հանվել է 03.08.17 N 917-Ն)

9. Սպորտային և որսորդական, ինչպես նաև սիրողական հրաձգության ու սպորտի համար օդաճնշիչ զենքի անվտանգության պահանջներն ու մակնշմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51612 ստանդարտի 3.3-րդ և 3.5-րդ կետերով սահմանված պահանջներին:

Օդաճնշիչ զենքի յուրաքանչյուր արտադրանք պետք է ուղեկցվի հայերենով ձևակերպված շահագործման հրահանգով կամ տեղեկաթերթիկով:

 (9-րդ կետը փոփ. 26.10.23 N 1837-Ն)

10. 4,5, 5,0 և 5,5 մմ տրամաչափերով օդաճնշիչ զենքի համար նախատեսված գնդակների մակնշմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51590 ստանդարտի 4.1-ին կետով սահմանված պահանջներին:

11. Գազային փամփուշտներով կրակող բոլոր տեսակի զենքերի` գազային ատրճանակների, ռևոլվերների և կրակող սարքերի, ինչպես նաև դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 և ԳՕՍՏ Ռ 50742 ստանդարտներով սահմանված պահանջներին:

12. Էլեկտրահարող սարքերի (կայծային պարպիչների) և պաշտպանական միջոցների անվտանգությունը բնութագրող էլեկտրական չափանիշների` ազդեցության միջին հզորության, էլեկտրոդների վրա կայծային պարպման լարման, արդյունավետ ազդեցության ժամանակ պարամետրերի ամբողջության, նորմերը, ինչպես նաև մակնշմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները և շահագործման պայմանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50940 ստանդարտով սահմանված պահանջներին:

13. Ազդանշանային փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51886 ստանդարտի 5-րդ բաժնով սահմանված պահանջներին, բացառությամբ ստանդարտի 5.2.4-րդ կետով նախատեսված համապատասխանության ազգային նշանի, որը Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխարինվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության նշանով:

(13-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

14. Աերոզոլային փաթեթում ինքնապաշտպանական միջոցների և մեխանիկական փոշեցրիչների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30522 ստանդարտով սահմանված պահանջներին:

Քաղաքացիական սառը շեղբավոր ու նետողական զենքի կառուցվածքով դրան նմանվող իրերի ու առարկաների տեխնիկական պահանջները

15. Որսորդական դանակների և դաշույնների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500 ստանդարտով սահմանված պահանջներին:

16. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում` ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների, տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու համար նախատեսված որսորդական դանակների (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 ստանդարտով սահմանված պահանջներին:

17. Գոյատևման դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51548 ստանդարտով սահմանված պահանջներին:

18. Զբոսաշրջային և հատուկ սպորտային դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51501 ստանդարտով սահմանված պահանջներին:

19. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 ստանդարտով սահմանված պահանջներին:

20. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին` բացառությամբ ստանդարտի 7.5-րդ կետի և 7.10-րդ կետի վերջին պարբերության, որոնք համապատասխանաբար փոխարինվում են հետևյալ պահանջներով`

ա) Հայաստանի Հանրապետության տարածք սպորտային արբալետների եզակի նմուշներ ներմուծող մատակարարը կամ ֆիզիկական անձն ինքն է դրանց վրա նշում անհատական համարը՝ ԳՕՍՏ Ռ 51905 ստանդարտի 7.2-րդ կետին համապատասխան: Անհատական համարի փոխարեն` ներմուծված սպորտային արբալետի վրա պետք է նշվի փաստաթղթի (անդամության տոմս, հավաքածուների լիցենզիա) համարը` տրված համապատասխան մարմինների կողմից` դրա տնօրինողին` սպորտային արբալետը ձեռք բերելու, կրելու և պահելու թույլտվություն ստանալու ժամանակ.

բ) թույլատրվում է լրացուցիչ սպորտային արբալետի անհատական փաթեթվածքում տեղադրել քրեագիտական փորձարկումների արձանագրության մասին տեղեկատվական թերթիկի պատճենը՝ տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

20․1. Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52115 ստանդարտով սահմանված պահանջներին:

(20.1-ին կետը լրաց. 26.10.23 N 1837-Ն)

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)

 

21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգերից որևէ մեկը:

(21-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն, փոփ. 26.10.23 N 1837-Ն)

22. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության գնահատումը միջազգային պայմանագրերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, պետք է կատարվի միջազգային, միջպետական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման ընթացակարգերից որևէ մեկով կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների կամ համապատասխանության նշանների (դրոշմների), այդ թվում` բրյուսելյան կոնվենցիայի միջազգային մշտական հանձնաժողովի (այսուհետ` ՄՄՀ) անդամ պետությունների փորձարկման դրոշմների ճանաչմամբ:

(22-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

23. Հայտատուն գազային զենքի և դրա փամփուշտների, վնասվածքային ու լուսային, ծխային կամ ձայնային ազդեցությամբ փամփուշտների, էլեկտրահարող սարքերի (կայծային պարպիչների) և ինքնապաշտպանական միջոցների, աերոզոլային փաթեթներում ինքնապաշտպանական միջոցների և մեխանիկական փոշեցրիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն առաջին անգամ ներմուծված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման մասին հայտի հետ միասին պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացնի բժշկակենսաբանական եզրակացություն՝ տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` այդ միջոցների բժշկակենսաբանական և քիմիավերլուծական փորձարկումների արդյունքների հիման վրա:

Բժշկակենսաբանական և քիմիավերլուծական փորձարկումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդներով:

(23-րդ կետը փոփ. 03.08.17 N 917-Ն)

24. Օտարերկրյա սերտիֆիկատների, փորձարկման մասին արձանագրությունների և համապատասխանության նշանների (դրոշմների) ճանաչման համար հայտատուն պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացնի օտարերկրյա սերտիֆիկատի (փորձարկման մասին արձանագրության և դրոշմի) ճանաչման մասին հայտը, քաղաքացիական և ծառայողական զենքի կամ դրա փամփուշտների նմուշը և հետևյալ փաստաթղթերը`

ա) օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի բնօրինակը կամ պատճենը` վավերացված` սերտիֆիկատը տվող սերտիֆիկացման մարմնի կամ բնօրինակը տնօրինող կազմակերպության կողմից (համապատասխանության սերտիֆիկատի ճանաչման դեպքում),

բ) քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փորձարկման մասին արձանագրությունները (փորձարկման արդյունքների ճանաչման դեպքում),

գ) քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների գունավոր նկարը, որի վրա հստակ պետք է երևա փորձարկման դրոշմի պատկերը,

դ) ապրանքաուղեկից փաստաթղթերը:

25. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հավաստումն իրականացնում է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետով սահմանված ընթացակարգով, որը նախատեսում է զենքի մոդելի (փամփուշտի տիպի), զենքի (փամփուշտի) խմբաքանակի կամ զենքի եզակի նմուշի սերտիֆիկացում, կամ սույն տեխնիկական կանոնակարգի 24-րդ կետով համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում:

(25-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

26. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի խմբաքանակի փորձարկումներ կատարելու նպատակով քաղաքացիական և ծառայողական զենքից (փամփուշտներից) նմուշառումն իրականացնում է կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն քանակով` որոշակի քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված նմուշների քանակից:

(26-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

27. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրականացնում է`

1) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.

2) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) նույնականացում` սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնին համապատասխան.

3) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) քրեագիտական փորձաքննություն, եթե տվյալ զենքը (փամփուշտը) արտադրված է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կամ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում առաջին անգամ, և բացակայում է համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին երկկողմանի պայմանագիրը:

Քրեագիտական փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխանության գնահատման մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:

(27-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

28. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումը ապահովող ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:

(28-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

29. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների քրեագիտական փորձարկումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով և մեթոդիկաներով:

30. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման համար հայտի հետ միասին ներկայացված փաստաթղթերի փորձաքննության, դրանց նույնականացման և փորձարկումների արդյունքների հիման վրա կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի (փորձարկման արձանագրության և դրոշմի) ճանաչման դեպքում հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետները սահմանվում են` հաշվի առնելով քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների ծառայության ժամկետները, բայց 12 ամսվանից ոչ պակաս:

Համապատասխանության սերտիֆիկատի հանձնման ժամանակ քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշը (նմուշները) պետք է վերադարձվի (վերադարձվեն) հայտատուին:

(30-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

31. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետում նշված համապատասխանության գնահատման ընթացակարգով:

(31-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն, փոփ. 26.10.23 N 1837-Ն)

32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

(32-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

33. Սերտիֆիկացված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ՝ սույն տեխնիկական կանոնակարգի 31-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա։

(33-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

34. 31-րդ կետում նշված պայմանագրի և համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգի հիման վրա պետական կադաստրում փոփոխություն կատարելու համար:

(34-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)
 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ


35. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների նույնականացման նպատակը սերտիֆիկացման ներկայացված դրանց նմուշների և հայտում նշված մոդելի նույնության հավաստումն է` ճանաչելով փորձարկման դրոշմները և համեմատելով տեխնիկական բնութագրերը` սույն տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետին համապատասխան:

36. Սերտիֆիկացման ներկայացված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեսակից կախված` նույնականացման գործողությունները պետք է ներառեն դրանց արտաքին տեսքի, փորձարկման դրոշմի, եզրաչափքերի ու կառուցվածքային այլ տեխնիկական բնութագրերի նույնականության հավաստումը և զենքի նմուշի նույնականության մասին եզրակացության կազմումը:

37. Նույնականացման համար հիմք պետք է ընդունվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) մատակարարման պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը և կից անվանացանկը (ներմուծման դեպքում),

բ) զենքի (փամփուշտի) տեղեկաթերթիկը,

գ) քաղաքացիական և ծառայողական զենքի պետական կադաստրը,

դ) ֆիրմային կատալոգը (առկայության դեպքում),

ե) նորմատիվ փաստաթուղթը (առկայության դեպքում),

զ) հավաքման գծագիրը (առկայութան դեպքում):

38. Նույնականացման գործընթացում պետք է խմբաքանակը համեմատվի մատակարարման պայմանագրի (ինվոյսի) ու զենքի (փամփուշտի) տեղեկաթերթիկի հետ, և սերտիֆիկացման ներկայացված խմբաքանակից պետք է կատարվի նմուշառում՝ ըստ որոշակի արտադրանքի նորմատիվ փաստաթղթի:

Քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշները պետք է պահվեն, ինչպես նաև հայտատուի լիազորած անձանց միջոցով դրանք պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:

39. Արտաքին տեսքի նույնականության գնահատման համար պետք է կատարվի սերտիֆիկացման ներկայացված նմուշի արտաքին տեսքի համեմատություն նկարների (լուսանկարների), սխեմաների, գծագրերի, կատալոգների, տեղեկաթերթիկի, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի, տեղեկատվական ժողովածուների կամ այլ փաստաթղթերի կամ հայտում նշված քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելի, չափանմուշի (առկայության դեպքում) հետ:

(39-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

40. Փորձարկման դրոշմի նույնականության գնահատման համար ստուգվում են`

ա) զենքի նմուշի վրա փորձարկման դրոշմի առկայությունը և արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը, քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելը, յուրաքանչյուր փողի համար օգտագործվող փամփուշտի տրամաչափը, քաղաքացիական և ծառայողական զենքի հերթական համարը, փորձարկման տարեթիվը, փամփշտանոցի երկարությունը (ողորկափող զենքի համար), փողանցքի տրամաչափը,

բ) փամփուշտների նմուշների վրա` փորձարկման փամփուշտի դրոշմի առկայությունը, արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը, տրամաչափի ստանդարտ նշագիրը, փամփուշտների առաջնային փաթեթվածքի վրա` խմբաքանակի համարը, փամփուշտի տեսակը, պիտանիության ժամկետը և փամփուշտների թիվը փաթեթում: Կոտորակային փամփուշտների համար փամփուշտների վրա պետք է լինեն արտադրողի ապրանքային նշանը կամ փամփուշտի առևտրային անվանումը, փամփուշտի տրամաչափի ստանդարտ նշագիրը, փամփուշտի կոտորակի համարը և պարկուճի երկարության չափը,

գ) փորձարկման դրոշմի ճշտությունը, ինչպես նաև դրա համապատասխանությունը (քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման մասին հայտում նշված տվյալներին և ապրանքաուղեկից փաստաթղթերին (նորմատիվ փաստաթղթեր, տեղեկաթերթիկ, քարտացուցակ և այլն):

Փորձարկման դրոշմի համեմատությունը կատարվում է տեսողաբար` խոշորացույցի (2x) օգնությամբ, որը պետք է լինի հստակ և զետեղված` երևացող տեղում: Չի թույլատրվում փորձարկման դրոշմի բացակայություն կամ ներկայացվող պահանջներին դրա անհամապատասխանություն:

(40-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

41. Հրազենի առաջնային փաթեթվածքի վրա փորձարկման դրոշմի նույնականացման գործընթացում կարող է կատարվել փորձարկման դրոշմների ճանաչում, եթե փորձարկման դրոշմների փոխադարձ (միակողմ) ճանաչման վերաբերյալ բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի պահանջներին համապատասխան` բոլոր տեսակների (բացառությամբ՝ ռևոլվերների) ձեռքի հրազենի, յուրաքանչյուր փողի և փակաղակի, փողատուփի կամ փակող մեխանիզմի հիմնական մասերի, ռևոլվերների՝ փողի, թմբուկի և շրջանակի, ինչպես նաև այն զենքի, որի փամփշտանոցը և փողը միասնական ամբողջականություն չեն՝ փողի, յուրաքանչյուր փամփշտանոցի և փակող մեխանիզմի հիմնական մասերի վրա հստակ երևացող տեղերում դրված լինեն փորձարկման դրոշմները:

Ռազմամթերքի առաջնային փաթեթվածքի վրա պետք է դրված լինի փորձարկման դրոշմը, որը հավաստում է, որ ռազմամթերքն անցել է վերահսկում` բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի պահանջներին համապատասխան:

42. Ձեռքի հրազենի փորձարկման դրոշմների փոխադարձ (միակողմ) ճանաչման վերաբերյալ բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի անդամ պետությունների փորձարկման դրոշմների ճանաչումն իրականացվում է սերտիֆիկացման համար ներկայացված քաղաքացիական և ծառայողական զենքի հիմնական մասերի (փողի, փակաղակի, փողատուփի թմբուկի) վրա նշված փորձարկման դրոշմների բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված փորձարկման դրոշմների չափանմուշների կամ դրանց ստուգանմուշների հետ համեմատելու միջոցով:

43. Փորձարկման դրոշմների կատարման ճշտությունը պետք է ստուգվի խոշորացույցի (2x) և 0,01 մմ-ից ոչ ավելի բաժանման արժեքով ինդիկատորային խորաչափի օգնությամբ: Փորձարկման դրոշմի պատկերը պետք է լինի հստակ ու կայուն, չափերով և ձևով պետք է համապատասխանի չափանմուշներին: Դրոշմի խորությունը պետք է լինի 0,2 մմ-ից ոչ պակաս:

44. Նմուշի եզրաչափքերի և կառուցվածքային այլ տեխնիկական բնութագրերի նույնականությունը հավաստելիս պետք է նախատեսվի հիմնական եզրաչափքերի և տեխնիկական բնութագրերի համապատասխանության համեմատումը քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշների տեխնիկական բնութագրերի հետ, որոնք, օրինակ, կարող են ներառել`

ա) հրազենի համար՝ տրամաչափը, փամփշտանոցի երկարությունը, պահունակի (թմբուկի) տարողությունը, եզրաչափքերը, փողի երկարությունը, զանգվածը, օգտագործվող փամփուշտը,

բ) օդաճնշիչ զենքի համար՝ տրամաչափը, փողային էներգիան, եզրաչափքերը, զանգվածը, օգտագործվող նետվող արկը,

գ) ողորկափող հրազենի փամփուշտների համար՝ տրամաչափը, փամփուշտի երկարությունը, զանգվածը, կոտորակի, կարտեչի, գնդակի զանգվածը` գնդակային փամփուշտների համար, գնդակի տեսակը,

դ) ակոսափող հրազենի փամփուշտների համար` տրամաչափը, պարկուճի և փամփուշտի երկարությունը, փամփուշտի զանգվածը, գնդակի զանգվածը:

Բացի նշված տեխնիկական բնութագրերից, կարող են ստուգվել նաև այլ տեխնիկական բնութագրեր, օրինակ, ավտոմատիկայի սկզբունքը, պահունակի տեսակը, նշանառության հարմարանքը, գնդակի տեսակը, խզակոթի առկայությունը և այլն:

45. Դիտարկվող քաղաքացիական և ծառայողական զենքը հայտարարված զենքի մոդելին նույնականացման մասին եզրակացությունը պետք է տրվի սույն տեխնիկական կանոնակարգի 42-44-րդ կետերով նախատեսված նույնականացման դրական արդյունքների հիման վրա:

46. Նույնականացման արդյունքների հիման վրա պետք է կազմվի հայտարարված զենքի (փամփուշտի տիպի) մոդելի նույնականությունը ճանաչելու մասին արձանագրություն:

Արձանագրության մեջ պետք է նշվեն զենքի անունը, արտադրող կազմակերպության անվանումը, զենքի համարը, փորձարկման դրոշմը և այլն: Արձանագրության վերջում պետք է տրվի եզրակացություն հայտարարված զենքի մոդելի կամ փամփուշտի տիպի համապատասխանության մասին:

Նույնականացման բացասական արդյունքների դեպքում պետք է նշվեն անհամապատասխանության վերաբերյալ հիմնավորումները:

 

VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ


47. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։


VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

48. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։

(48-րդ կետը փոփ. 26.10.23 N 1837-Ն)

IX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ


Ստանդարտի նշագիրը 

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը   

1

2

ԳՕՍՏ 30521  Ատրճանակներ և ռևոլվերներ գազային. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ 
ԳՕՍՏ 30522  Միջոցներ ինքնապաշտպանական աերոզոլային փաթեթվածքում և մեխանիկական փոշեցրիչներ. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ   
ԳՕՍՏ Ռ 50530  Փամփուշտներ ձեռքի հրազենի, արդյունաբերական և հատուկ նշանակության սարքերի. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ   
ԳՕՍՏ Ռ 50742
(բացառությամբ գազային անփող զենքի)
Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների, կրակող սարքերի և գազային անփող զենքերի. Անվտանգության պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և մեթոդներ   
ԳՕՍՏ Ռ 50940
5-7-րդ բաժիններ 
Սարքեր էլեկտրահարող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ 
ԳՕՍՏ Ռ 51500  Դանակներ և դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ   
ԳՕՍՏ Ռ 51501  Դանակներ զբոսաշրջային և հատուկ սպորտային. Ընդհանուր տեխնիկական պայմաններ   
ԳՕՍՏ Ռ 51548  Դանակներ գոյատևման համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ   
ԳՕՍՏ Ռ 51590  Գնդակներ օդաճնշական զենքի համար. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ   
ԳՕՍՏ Ռ 51612
3.3-րդ և 3.5-րդ կետեր, 4-րդ բաժին 
Օդաճնշիչ զենք. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ   
ԳՕՍՏ Ռ 51644 Դանակներ մասնատման և մորթազերծման. Ընդհանուր տեխնիկական պայմաններ   
ԳՕՍՏ Ռ 51715  Արտադրանք գեղարարական և հուշանվերային, արտաքնապես սառը կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական պահանջներ
ԳՕՍՏ Ռ 51886  Փամփուշտներ ազդանշանային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ   
ԳՕՍՏ Ռ 51905
6-8-րդ բաժիններ
 Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ
ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50529 Հրազեն քաղաքացիական և ծառայողական. Սարքեր արդյունաբերական ու հատուկ նշանակության. Անվտանգության պահանջներ և անվտանգության փորձարկման մեթոդներ

ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52115

Հրաձգային նետողական զենքեր․ Աղեղներ ունիվերսալ սպորտային և որսորդական, աղեղներ սպորտային, աղեղներ հանգստի և ժամանցի համար և դրանց նետերը․ Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Անվտանգության փորձարկման

մեթոդներ

ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51549

Նետողական զենք․ Արբալետներ և աղեղներ սպորտային․

Արբալետներ և աղեղներ հանգստի և ժամանցի համար․ Տերմիններ և սահմանումներ

(ցանկը փոփ., լրաց. 03.08.17 N 917-Ն, լրաց. 26.10.23 N 1837-Ն)

(հավելվածը փոփ. 26.04.07 N 505-Ն, 25.04.13 N 438-Ն, փոփ., խմբ. 02.04.15 N 356-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.08.17 N 917-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.10.23 N 1837-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան