Գլխավոր տեղեկություն
Համար
N 1825-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2023-13.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1825-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում՝

1) զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունն անվանափոխվում է հանրապետական զինվորական կոմիսարիատի.

2) կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինն անվանափոխվում է կազմակերպավերլուծական բաժնի.

3) կապիտալ շինարարության վարչությունն անվանափոխվում է կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության.

4) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը բաժանվում է` ստեղծելով թիկունքային ապահովման վարչությունը, սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը և զինվորական ներկայացուցչությունների բաժինը.

5) կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում են երկու նոր կառուցվածքային ստորաբաժանումներ՝ ռազմագիտակրթական քաղաքականության վարչությունը և քաղաքացիական անձնակազմի կառավարման վարչությունը: Այդ կապակցությամբ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունն անվանափոխվում է կադրային քաղաքականության գլխավոր վարչության.

6) ռազմական վերահսկողական ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծվում է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ ներքին քննությունների վարչությունը.

7) ստեղծվում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները՝

ա. ռազմաբժշկական ապահովման վարչությունը,

բ. կենտրոնացված փոխադրումների ապահովման (լոգիստիկ) վարչությունը,

գ. պահեստային տնտեսության կառավարման ծառայությունը,

դ. ստանդարտացման և չափագիտության ծառայությունը:

3. Սահմանել, որ նախարարության՝

1) հանրապետական զինվորական կոմիսարիատը, ռազմական ոստիկանությունը և գործերի կառավարչությունը գործում են գլխավոր վարչության կարգավիճակով.

2) ռազմական վերահսկողական ծառայությունը, կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը, պահեստային տնտեսության կառավարման ծառայությունը և քարտուղարությունը գործում են վարչության կարգավիճակով.

3) ստանդարտացման և չափագիտության ծառայությունը, մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնը, կենտրոնական արխիվը գործում են բաժնի կարգավիճակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հոկտեմբերի 19-ի N 1825-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.

2) ռուսերեն` Министерство обороны Республики Армения.

3) անգլերեն` Ministry of Defence of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն` Ministere de la Defense de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ այլ լեզուներով կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են`

1) Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում մշակել և իրականացնել պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովման, օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ռազմական շահերին առնչվող հիմնախնդիրների ու գործընթացների, ռազմական սպառնալիքների և վտանգների, պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման, գնահատման ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովման ոլորտներում քաղաքականությունը.

2) միջազգային ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունների իրականացման ու հավաքական պաշտպանության մեխանիզմների զարգացման, զինված ուժերի միջազգային ներգրավման, զինված ուժերի համակողմանի ապահովման, զինվորական անձնակազմի պատրաստության, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման, Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացման ապահովման ոլորտներում քաղաքականությունը:

10. Նախարարության խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովումը.

2) անհրաժեշտ կառուցվածքով և թվաքանակով, ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով հագեցած զինված ուժերի զարգացման և բարձր մարտունակության ապահովումը.

3) պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների, ներառյալ՝ ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակման և վերանայման գործընթացին մասնակցության ապահովումը.

4) օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման ու գնահատման ապահովումը.

5) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում համագործակցության կազմակերպման ապահովումը.

6) նախարարության համակարգի տեղեկատվական անվտանգության, ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպումն ու ապահովումը.

7) զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացման ապահովումը.

8) նախարարության համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման համակարգերի առկայության ապահովումը.

9) զինված ուժերում օրինականության և պետական գույքի պահպանության ապահովումը.

10) զորքերի բնակավորման ապահովումը.

11) ռազմական ուսուցման և ռազմական գիտության զարգացման ապահովումը.

12) զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականության մշակման և իրականացման ապահովումը.

13) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իր լիազորությունների սահմաններում ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

2) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացումը, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակման և վերանայման գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկությունների ներկայացումը.

4) ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպման և ապահովման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

5) զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման գործընթացի վերահսկումը.

6) զինված ուժերն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման միջոցառումների իրականացման գործընթացի վերահսկումը.

7) զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, զինվորական կարգապահության և հայրենասիրական դաստիարակության գործընթացի վերահսկումը.

8) զինված ուժերի զարգացման պլանով սահմանված միջոցառումների իրականացման կազմակերպումը.

9) զինված ուժերում կառավարման համակարգերի կատարելագործման և զարգացման կազմակերպումը.

10) օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության կազմակերպումը.

11) զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականությունն ապահովող միջոցառումների կազմակերպումը.

12) զինված ուժերի թիկունքային և տեխնիկական ապահովումների կազմակերպումը.

13) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների, զորահավաքային զորակոչի, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացի իրականացումը.

14) քաղաքացիների զինվորական հաշվառման գործընթացի կազմակերպումը և զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի վարումը.

15) զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

16) զինված ուժերի կարիքների համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի ու նյութական պաշարների ձեռքբերման, նախարարության գործունեության ապահովմանն ուղղված այլ գնումների գործընթացների իրականացումը.

17) զինված ուժերի զորանոցաբնակելի ֆոնդի կառավարումը և զորքերի բնակավորման գործընթացի իրականացումը.

18) զինված ուժերի և նախարարության համակարգի այլ մարմինների ու կառույցների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը.

19) զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների պահեստային տնտեսության կառավարման և այդ միջոցների կենտրոնացված փոխադրումների գործընթացի կազմակերպումը.

20) նախարարության համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության, ներառյալ՝ հաշվապահական հաշվառման, ակտիվների և պարտավորությունների կառավարման համակարգերի առկայության ապահովումը.

21) նախարարությանն ամրացված պետական գույքի նպատակային օգտագործման և տիրապետման ապահովումը.

22) որպես հիմնական միջոց դասակարգված սպառազինության և ռազմական տեխնիկայի, այլ նյութատեխնիկական միջոցների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետների վերաբերյալ հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր պետական մարմնին առաջարկությունների ներկայացումը.

23) իր իրավասությունների շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների պետական փորձարկումների գործընթացի կազմակերպումը.

24) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, տարանցիկ փոխադրման և միջնորդական գործունեության լիցենզավորման գործընթացի իրականացումը.

25) օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում զինված ուժերում օրինականության ապահովման, հանցագործությունների կանխարգելման և պետական գույքի պահպանության իրականացման կազմակերպումը.

26) կարգապահական գումարտակների և կայազորային կարգապահական մեկուսարանների գործունեության կազմակերպումը.

27) զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականության իրականացումը, զինված ուժերի համար զինվորական կադրերի պատրաստման, ընտրության, նշանակման, ատեստավորման գործընթացի կազմակերպումը.

28) պաշտպանության ոլորտում տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ապահովմանն ուղղված գործունեության համակարգումը.

29) զինված ուժերում ռազմաբժշկական համակարգի կազմակերպումը, ռազմաբժշկական փորձաքննությունների իրականացումը.

30) զինված ուժերում շրջակա միջավայրի պահպանությանը և բնապահպանական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպումը.

31) զինված ուժերի չափագիտական ապահովման և ստանդարտացման գործընթացի կազմակերպումը և իրականացումը.

32) զինված ուժերում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպումը.

33) զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության ապահովումը.

34) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

35) զինվորական գերեզմանատների գործունեության կազմակերպումը.

36) պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացի իրականացումը.

37) զինված ուժերում իրավական աշխատանքների կազմակերպումը.

38) ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական բնագավառներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան իր լիազորությունների սահմաններում օտարերկրյա պետությունների ռազմական գերատեսչությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը.

39) միջազգային պայմանագրերին համապատասխան զինված ուժերի և օտարերկրյա պետությունների զինված ուժերի համատեղ մասնակցությամբ իրականացվող միջոցառումների կազմակերպումը.

40) միջազգային պայմանագրերին համապատասխան զինված ուժերի ստորաբաժանումների կողմից այլ պետությունների տարածքում խաղաղապահ և այլ գործողություններին մասնակցության կազմակերպումը.

41) ռազմական կրթության կազմակերպման և ռազմական գիտության զարգացման միջոցառումների իրականացումը, նախարարության ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումը և վերահսկումը.

42) պաշտպանության ոլորտում հանրային իրազեկման և զինված ուժերի գործունեության լուսաբանման իրականացումը.

43) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` նախարարության համակարգում գործավարության և արխիվային գործի կազմակերպումն ու վարումը.

44) հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը մասնակցությունը.

45) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

12. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը` ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները` նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության վերաբերյալ:

13. Նախարարության նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է նախարարին կից կոլեգիա (այսուհետ` կոլեգիա) և հաստատվում կոլեգիայի կազմն ու աշխատակարգը: Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որը`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, ոլորտային քաղաքականության իրականացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) աջակցում է նախարարության ռազմավարական ծրագրերի իրականացման և գնահատման գործընթացներին.

3) մշակում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ` վարչապետ) և նախարարը:

15. Վարչապետը`

1) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

2) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

16. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

17. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին:

18. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա մարմնի, պետական հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները, նախարարի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

19. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալները:

20. Նախարարը`

1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.

2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի, նախարարությանը ենթակա մարմնի, պետական հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը.

3) համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը` զինված ուժերի կիրառման պլանի համաձայն.

4) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

5) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

6) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

7) կազմակերպում և վերահսկում է նախարարության, զինված ուժերի, նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում` ֆինանսական միջոցների ծախսումը և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործումը.

8) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

9) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.

10) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

11) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

12) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

13) օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինծառայողների և այլ ծառայողների, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր.

14) հաստատում է զինված ուժերի կազմակերպական կառուցվածքը և կազմը, նախարարության ու զինված ուժերի գլխավոր շտաբի, զորամիավորումների, միավորումների, զորատեսակների և զորամասերի, զինվորական հաստատությունների ու զինվորական այլ կազմավորումների հաստիքային կազմը և հաստիքացուցակը.

15) հաստատում է զինված ուժերի համակողմանի ապահովման պլանները և ծրագրերը.

16) օրենքով սահմանված կարգով որոշումներ է ընդունում զորամասերի ստեղծման, վերակազմակերպման և լուծարման, ինչպես նաև դրանց տեղակայման և վերատեղակայման մասին.

17) առաջարկություններ է ներկայացնում զինվորական հաստատությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման, ինչպես նաև դրանց տեղակայման և վերատեղակայման մասին.

18) սահմանում է զինված ուժերի ծառայությունների ստեղծման, զորամասերի, զորատեսակների և զինվորական կառավարման մարմինների տոնական օրերը.

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

20) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

21) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

22) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, պետական հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

23) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ռազմական վերահսկողական ծառայության, ենթակա մարմնի, պետական հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

24) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր.

25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

21. Նախարարի առաջին տեղակալն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, ով չի հանդիսանում նախարարին փոխարինող առաջին տեղակալ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, որպես նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար, գործում է օրենքով սահմանված լիազորությունների ուժով:

22. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում` նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

23. Նախարարի տեղակալը`

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմնին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

24. Նախարարի տեղակալն ունի օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

25. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

26. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

27. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

28. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

29. Գլխավոր քարտուղարը`

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավասությունների սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր իրավասությանը վերապահված հարցերով կնքում է գործարքներ և տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալների, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմնին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալների անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

30. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:

31. Նախարարի խորհրդականը`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

32. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

33. Նախարարի օգնականը`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

34. Նախարարի տեղակալի օգնականը`

1) նախարարի տեղակալի կողմից սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում նախարարի տեղակալին հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում լուծման վերաբերյալ.

2) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.

3) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ` կազմակերպում է նախարարի տեղակալի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարի տեղակալին.

4) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

5) նախարարի տեղակալի հանձնարարությամբ` համագործակցելով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

6) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

35. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) ռազմական վերահսկողական ծառայությունը.

2) պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունը.

3) կադրային քաղաքականության գլխավոր վարչությունը.

4) ռազմագիտակրթական քաղաքականության վարչությունը.

5) սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը.

6) թիկունքային ապահովման վարչությունը.

7) ռազմաբժշկական ապահովման վարչությունը.

8) կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունը.

9) կենտրոնացված փոխադրումների ապահովման (լոգիստիկ) վարչությունը.

10) պահեստային տնտեսության կառավարման ծառայությունը.

11) հանրապետական զինվորական կոմիսարիատը.

12) ռազմական ոստիկանությունը.

13) զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը.

14) ներքին աուդիտի վարչությունը:

36. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) գործերի կառավարչությունը.

2) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը.

3) քաղաքացիական անձնակազմի կառավարման վարչությունը.

4) ֆինանսաբյուջետային վարչությունը.

5) իրավաբանական վարչությունը.

6) գնումների կազմակերպման վարչությունը.

7) ներքին քննությունների վարչությունը.

8) քարտուղարությունը.

9) կենտրոնական արխիվը.

10) կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը.

11) մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնը.

12) ստանդարտացման և չափագիտության ծառայությունը.

13) զինվորական ներկայացուցչությունների բաժինը.

14) կազմակերպավերլուծական բաժինը:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆԸ

 

37. Նախարարությանը ենթակա մարմինն է`

1) Զինված ուժերի գլխավոր շտաբը:

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

38. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

39. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

40. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

41. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են և գնումների գործընթացի համակարգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

42. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

43. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

44. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով` «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

23.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ