Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.10.2023-28.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 276-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.05.23 N 784-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 276-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ԳԼՈՒԽ 1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։

2. Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։

3. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) անասնաբուծության ճյուղում` տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով ներդրում իրականացնող, ռեզիդենտ իրավաբանական անձինք, այդ թվում` վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով) (այսուհետ՝ շահառու), որոնք՝

ա․ ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,

բ․ ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումի ներկայացմանը նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունի չվճարված հարկային պարտավորություններ.

3) ներդրումային ծրագիրը գնահատող ֆինանսական կառույցը (այսուհետ՝ ՖԿ).

4) ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունները (Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ՝ Deloitte Touche Tohmatsu Limited, ՓրայսուոթերհաուսԿուպերս՝ PricewaterhouseCoopers, Էրնստ ընդ Յանգ Գլոբալ Լիմիտեդ՝ Ernst & Young Global Limited, Քեյ Փի Էմ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթեդ՝ KPMG International Limited) (այսուհետ՝ ընկերություն):

(3-րդ կետը փոփ. 29.09.22 N 1500-Լ, 18.05.23 N 784-Լ)

4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1,0 մլրդ դրամի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) ներդրումային ծրագիր (անասնաբուծական համալիր, որը պետք է ներառի անասնաշենքեր, օժանդակ շինություններ, տեխնոլոգիական ապահովման սարքավորումներ, կարող է ներառել նաև անասնաբուծական մթերքների, գյուղատնտեսական կենդանիների աղբի վերամշակման, կերարտադրության կազմակերպման կարողություններ) իրականացնող տնտեսավարողները։ Ընդ որում, ներդրումների կառուցվածքում չեն ներառվում փոխկապակցված անձանցից կատարված գնումները, ինչպես նաև իրեն պատկանող կազմակերպությունից ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումը, իսկ կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմեն շենքեր-շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ 1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 1,0 մլրդ դրամի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամի) չափով։

(4-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, լրաց. 29.09.22 N 1500-Լ, փոփ., լրաց. 18.05.23 N 784-Լ, լրաց. 19.10.23 N 1814-Լ)

4.1. Շահառուի կողմից փաստացի կատարված ներդրումների չափը կարող է տարբերվել ներդրումային ծրագրով ներկայացված չափից՝ պահպանելով ծրագրի 4-րդ կետով սահմանված պահանջները և ներդրումային ծրագրով նախատեսված ցուցանիշները, ընդ որում, ներդրումային ծրագրով ներկայացված ներդրումներից ավելի կատարված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն։

(4.1-ին կետը լրաց. 19.10.23 N 1814-Լ)

5. Ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ 2 փուլով, ներդրումների՝ ծրագրի պահանջներին համապատասխանության և չափերի (ծավալի) վերաբերյալ ընկերության կողմից տրված եզրակացության հիման վրա: 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարը կկազմի ընդամենը կատարված կապիտալ ներդրումների 40 %-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը։

(5-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, փոփ. 19.10.23 N 1814-Լ)

6. Յուրաքանչյուր շահառու ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունից կարող է օգտվել միայն մեկ ներդրումային ծրագրի համար։

7. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը), գրանցումն ու հիմնադրումը հավաստող փաստաթղթերը (պատճենները), համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին, Վարկային բյուրոյից զեկույց՝ վարկային դրական պատմության վերաբերյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ բարվոք հարկային պատմության վերաբերյալ, ներդրումային ծրագիրը (առնվազն հետներդրումային 5 տարվա արդյունքային ցուցանիշներով), ընկերության կողմից տրամադրված դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներդրումային ծրագրի միջազգային առաջադեմ փորձի կիրառման, մթերատվության և արտադրության նախատեսվող ծավալների, վերամշակող կարողությունների (առկայության դեպքում) և առաջիկա տարիներին նախատեսվող վճարվելիք հարկերի և ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացվող հասույթի վերաբերյալ տեղեկություններ) կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից տրամադրված ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն), շենքեր-շինությունների դեպքում ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը (կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում)։ Ընդ որում, ծրագրի շրջանակում ընկերության կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից մատուցվող ծառայությունների համար վճարում է շահառուն։

(7-րդ կետը լրաց., փոփ. 26.05.22 N 819-Լ, փոփ. 29.09.22 N 1500-Լ, խմբ. 19.10.23 N 1814-Լ)

8. Ծրագրի մասնակցության պայմանագիր նախարարությունը կնքում է միայն 7-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացրած շահառուների հետ՝ դիմումն ստանալու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում, պետական աջակցություն կտրամադրվի միայն պայմանագիրը կնքելուց հետո կատարված ներդրումների համար։ 7-րդ կետում նշված ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ պայմանագիրը համարվում է լուծված։ Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են պայմանագրով։

(8-րդ կետը փոփ. 29.09.22 N 1500-Լ, լրաց. 19.10.23 N 1814-Լ)

9. Պայմանագիր կնքելուց հետո՝ ներդրումային ծրագրի իրականացման 10-րդ կետում նշված ժամանակահատվածում շահառուն չի կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նույն նպատակի համար նախատեսված աջակցության այլ ծրագրերից, ինչպես նաև չի կարող ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մինչև շահագործումը և շահագործման համար պատրաստ լինելու պահից՝ 4 տարի) օտարել ներդրված հիմնական միջոցները։

(9-րդ կետը լրաց. 26.05.22 N 819-Լ)

10. Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել 8-րդ կետում նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 2 տարվա ընթացքում (անհաղթահարելի ուժի հետևանքով ներդրումային ծրագիրը ժամկետում չավարտելու դեպքում՝ ժամկետը կարող է երկարացվել անհաղթահարելի ուժի ժամկետով՝ նախարարության համաձայնությամբ)։

11. Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման դրական եզրակացությունը (պետք է պարտադիր ներառի ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների ու պահանջների, փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների, ինչպես նաև կատարված ներդրումների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների ծավալների և ուղղությունների վերաբերյալ դրույթներ), ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, հայտարարություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում փոխկապակցված անձանցից և իրեն պատկանող կազմակերպությունից գնումներ (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) չկատարելու վերաբերյալ, որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա 5-րդ կետով հաշվարկված փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 մլրդ դրամը, իսկ 2-րդ փուլում՝ հաջորդ հարկային տարվա ընթացքում (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա ընթացքում) ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու դեպքում՝ փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։

(11-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, լրաց., փոփ. 19.10.23 N 1814-Լ)

12. Ներդրումային ծրագրի իրականացումից (շահագործումից հետո) հաջորդ հարկային տարին (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարին) լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ շահառուն նախարարություն պետք է ներկայացնի ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման դրական եզրակացությունը (այդ թվում՝ հարկային տարվա (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա) ընթացքում ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած փոխհատուցման գումարի՝ 1/3-ի չափը կրկնակի գերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն), որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։

(12-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, փոփ. 19.10.23 N 1814-Լ)

13. Փոխհատուցման 1-ին փուլի մերժման համար հիմք է հանդիսանում ընկերության կողմից տրամադրված մոնիթորինգի և գնահատման բացասական եզրակացությունը և ծրագրի 11-րդ կետում նշված փաստաթղթերի չներկայացնելը, իսկ երկրորդ փուլի դեպքում՝ ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման բացասական եզրակացությունը, ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացված հասույթի գումարը մնացած 1/3-ի չափով փոխհատուցման գումարի կրկնակի չգերազանցելը։

(13-րդ կետը փոփ. 26.05.22 N 819-Լ)

14. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) 3 տարի տարեկան պարբերականությամբ (օրացուցային տարին լրանալուց հետո հնգամսյա ժամկետում) շահառուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով նախարարություն է ներկայացնում հաշվետվություն՝ ներդրումային ծրագրում ներառված տարեկան ցուցանիշների, այդ թվում՝ անասնագլխաքանակի՝ ըստ սեռահասակային կազմի, նրանց շարժի, մթերատվության վերաբերյալ (թռչնաբուծության դեպքում՝ թռչնագլխաքանակի և մթերատվության վերաբերյալ՝ յուրաքանչյուր եռամսյակի մեկնարկային օրվա դրությամբ)։

(14-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ, լրաց. 19.10.23 N 1814-Լ)

14.1. Նախարարությունը 14-րդ կետում նշված հաշվետվությունն ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում 3 տարի տարեկան պարբերականությամբ իրականացնում է մոնիթորինգ՝ նախարարության կողմից սահմանված կարգով, որը ներառում է բոլոր պայմանների համապատասխանության ստուգումը։ Ծրագրի 14-րդ կետում նշված հաշվետվությունը չներկայացնելու, նախարարության կողմից արձանագրված ներդրված հիմնական միջոցների օտարման, ոչ նպատակային օգտագործման, ինչպես նաև նախարարության կողմից արձանագրված ներդրված միջոցների հետագա ոչ արդյունավետ օգտագործման (ներդրումային ծրագրով ներկայացված տարեկան ցուցանիշների հանրագումարի միջինը 80 %-ի չափով չապահովում)՝ դեպքում 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։

(14.1-ին կետը լրաց. 26.05.22 N 819-Լ)

15. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ (նախադասությունը հանվել է 26.05.22 N 819-Լ)

(15-րդ կետը փոփ. 26.05.22 N 819-Լ)

16. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) հանրապետությունում 5 խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների առկայություն.

2) անասնաբուծական թարմ և վերամշակված արտադրանքի ծավալների ավելացում.

3) տավարի, խոզի և թռչնի մսի, կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում.

4) կաթի որակական հատկանիշների բարելավում.

5) նոր լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում.

6) անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ շուրջ 30,0 մլրդ դրամի ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա (կենդանի քաշով) թռչնի միս՝ շուրջ 7,0 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 2000 տոննա խոզի միս՝ միջինը շուրջ 5,7 մլրդ դրամի համախառն արտադրանք, շուրջ 340 տոննա տավարի միս՝ շուրջ 1,0 մլրդ դրամի համախառն արտադրանք և 10000 տոննա կաթ և կաթնամթերք՝ շուրջ 4,3 մլրդ դրամի համախառն արտադրանք։ Արդյունքում՝ թռչնի մսի ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով, խոզի մսինը՝ շուրջ 14,5 %-ով, տավարի մսինը՝ շուրջ 0.6 %-ով, իսկ կաթինը՝ 0.2 %-ով։

(16-րդ կետը խմբ. 26.05.22 N 819-Լ)

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(գլուխը լրաց. 19.10.23 N 1814-Լ)

 

17. Ծրագրի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումների շրջանակում պայմանագրեր կկնքվեն նաև ծրագրի 7-րդ կետում նշված դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ ծրագրով սահմանված ընթացակարգով։

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 26.05.22 N 819-Լ, փոփ., լրաց. 29.09.22 N 1500-Լ, 18.05.23 N 784-Լ, լրաց., փոփ., խմբ. 19.10.23 N 1814-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական: