ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
7 նոյեմբերի 2023 թ. |
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե․ Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողների՝ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի ներկայացուցիչ Ա. Զեյնալյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Քաղաքացիական օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:
Քաղաքացիական օրենսգրքի «Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում» վերտառությամբ 344-րդ հոդվածը սահմանում է.
«Հայցային վաղեմությունը չի տարածվում`
1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.
3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.
4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).
5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.
6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա»:
Ընդունումից ի վեր Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը փոփոխությունների չի ենթարկվել:
Գործի քննության առիթը Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի (այսուհետ նաև՝ Դիմողներ)՝ 2023 թվականի հունիսի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից պահանջված և ստացված թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սահմանադրական վեճի նախապատմությունը
Դիմող Գոհար Գալստյանը 1964 թվականից, իսկ դիմող Ռուբեն Գրիգորյանը 1986 թվականից հաշվառվել և բնակվել են ք. Երևան, Փավստոս Բուզանդի 11, բնակարան 12 հասցեում գտնվող բնակարանում։
1998 թվականի փետրվարի 25-ին Կառավարությունն ընդունել է թիվ 114 որոշումը, որով Դիմողները կարող էին գրանցել ք. Երևան, Փավստոս Բուզանդի 11, բնակարան 12 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը:
Դիմող Գոհար Գալստյանը, նշյալ որոշման համաձայն, 1998 թվականի մայիսի 25-ին դիմել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:
Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշմամբ Դիմողների նշյալ բնակարանը հայտնվել է հասարակության և պետության կարիքների համար իրացման գոտում, որի ուժով դրա նկատմամբ Դիմողների սեփականության իրավունքի գրանցումը սահմանափակվել է:
Կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի թիվ 1748-Ն որոշմանը (3-րդ կետ) համապատասխան՝ Դիմողների բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ենթակա չի եղել օրինականացման:
Դիմող Ռուբեն Գրիգորյանը 2004 թվականի հոկտեմբերի 29-ին դիմել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ բնակարանն օրինականացնելու խնդրանքով, սակայն 2004 թվականի նոյեմբերի 1-ին ստացել է մերժում այն պատճառաբանությամբ, որ ինքնակամ կառույցը գտնվում է պետության կարիքների համար վերցվող իրացման գոտում:
Դիմող Ռուբեն Գրիգորյանը դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պետական մարմնի անգործությունը, գործողությունն օրենքին հակասող և անվավեր ակտ ճանաչելու, Երևանի Փավստոս Բուզանդի փողոց 11, թիվ 12 բնակարանի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և դատարանի 2005 թվականի մարտի 16-ի որոշմամբ Դիմողի պահանջը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշմամբ նրանց բնակարանը ներառվել է հասարակության և պետության կարիքների համար գույքի իրացման գոտում:
Դիմողները 2005 թվականի հունիսի 15-ին արագացված կարգի կիրառմամբ վտարվել են վերը նշված հասցեում գտնվող իրենց բնակարանից այն պատճառաբանությամբ, որ Կառավարության թիվ 950 որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույք գնելու, վերցնելու, գնային ձևավորման իրացման կարգ, իսկ Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ին թիվ 1151-Ն որոշմամբ հաստատվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտի, որում ներառված է նաև Երևան քաղաքի Փավստոս Բուզանդի 11, 12 բնակարան հասցեում գտնվող գույքը:
Դիմողներն օտարված բնակարանի դիմաց պետությունից փոխհատուցում չեն ստացել այն պատճառաբանությամբ, որ բնակարանն օրինականացված չէ, և Դիմողները չունեին դրա նկատմամբ սեփականության իրավունք:
2006 թվականի ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-630 որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր են ճանաչվել Դիմողների բնակարանի օտարման հիմքում ընկած օտարման իրավահարաբերությունների պահին գործող Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը, Հողային օրենսգրքի 104-րդ, 106-րդ, 108-րդ հոդվածները և Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումը։
2019 թվականի հոկտեմբերի 15-ին Դիմողները հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ի դեմս Ֆինանսների նախարարության՝ պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34667/02/19), բավարարելով Կառավարության ներկայացուցչի կողմից ներկայացված՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը, 2022 թվականի մարտի 3-ին կայացրել է վճիռ, որով Դիմողների հայցը մերժվել է՝ Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ հայցային վաղեմությունը լրացած լինելու հիմքով:
Դիմողները 2022 թվականի հուլիսի 11-ին ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է նույն պատճառաբանությամբ, իսկ Դիմողների՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունել մերժել է 2023 թվականի մարտի 22-ի որոշմամբ:
2. Դիմողների դիրքորոշումները
Դիմողները նշում են, որ իրենց համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից իրենց նկատմամբ կիրառված և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 3-ի վճռի, վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման մեջ անմիջականորեն վկայակոչված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը:
Դիմողները գտնում են, որ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը չի նախատեսում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու բացառություն, որպիսի պարագայում դատարանները, մասնավորապես՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի մարտի 3-ի վճռով և վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ հնարավորություն չեն ունեցել ապահովելու իրենց՝ դատարանի մատչելիության իրավունքը և սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու շուրջ վեճի՝ ըստ էության քննությունը դատարանում:
Այն դեպքերում, երբ առկա են իրավունքի շարունակական խախտում ենթադրող հայցապահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառում և հայցի ըստ էության քննության առնելուց դատարանների հրաժարում, ապա դա հանգեցնում է դատարանի մատչելիության իրավունքի խախտման: Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զարգացրած իրավունքին՝ Դիմողները նշում են, որ իրավունքի շարունակական խախտման իրավիճակ է ոչ միայն Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածում նկարագրված իրավիճակը, այլև՝ հանրային գերակա շահի հիմքով սեփականություն օտարելու դիմաց, պետության կարիքների համար օտարված գույքի դիմաց՝ նախնական համարժեք փոխհատուցում վճարելուց կամ տրամադրելուց հրաժարվելու իրավիճակը:
Դիմողները գտնում են նաև, որ Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածում նկարագրված իրավիճակի առարկայով հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելուց բացառությունը սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում, սակայն այդ հոդվածը չի սահմանել նույնպիսի բացառություն շարունակական իրավունքի այնպիսի խախտման դեպքի համար, ինչպիսին է հանրության գերակա շահերի հիմքով պետության կարիքների համար սեփականության օտարման դիմաց նախնական համարժեք փոխհատուցում տրամադրելուց հրաժարվելը:
Ըստ Դիմողների՝ խախտվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրենց սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքը, քանի որ այս իրավունքը նախատեսում է ոչ միայն արդեն իսկ պետության կողմից ճանաչված սեփականության, այլ նաև դրա նկատմամբ Դիմողների ունեցած իրավաչափ ակնկալիքը:
Դիմողների պնդմամբ՝ իրենց կողմից ներկայացված հայցադիմումի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումը հանգեցրել է իրենց հայցապահանջի ըստ էության՝ բովանդակային քննության մերժման՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտման:
Դիմողները գտնում են, որ օրինականության սկզբունքը խախտվել է այն պատճառով, որ Քաղաքացիական օրենսգրքի հայցային վաղեմության մասին դրույթները չեն կարող կիրառվել Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավահարաբերությունների նկատմամբ, քանի որ դրանք կրել են տևական և շարունակական բնույթ:
Դիմողների պնդմամբ՝ իրավական բացի պատճառով դատարանները չեն կարողացել ապահովել Դիմողների սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված հայցապահանջի բովանդակային՝ ըստ էության քննությունը: Դիմողները գտնում են, որ հայցային վաղեմության ինստիտուտի նպատակն իրավական պետությունում իրավական որոշակիությունը, կանխատեսելիությունը և անվտանգությունն է, իսկ տևական և շարունակական խախտման դեպքում իրավական որոշակիության մասին խոսք լինել չի կարող, քանի որ սույն դեպքում առաջնահերթությունն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է:
3. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), հղում կատարելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումներին, գտնում է, որ Դիմողների կողմից վիճարկվող՝ Քաղաքացիական օրենսգրքի իրավադրույթում բացակայում են իրավական անորոշությունն ու օրենսդրական բացը:
Պատասխանողը նշում է, որ «հայցային վաղեմության չտարածումը սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի՝ տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների վերացման պահանջների վրա (նեգատոր հայց) պայմանավորված է այդ խախտումների տևական և շարունակական լինելու պայմաններով, իսկ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի՝ տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի խախտումների վերացման պահանջների (վինդիկացիոն հայցերի) նկատմամբ հայցային վաղեմության տարածումը բացատրվում է հետևյալ պայմաններով․
- իրավական որոշակիության և վերջնականության ապահովումը,
- հնարավոր պատասխանողներին հնացած և հետևաբար դժվարությամբ վիճարկելի պահանջներից պաշտպանությունը,
- անարդար որոշումների նախականխումն այն դեպքերում, երբ դատարանից պահանջվի լուծել պահանջը վաղ անցյալում տեղի ունեցած փաստերի հաստատման միջոցով և այնպիսի ապացույցներով, որոնք զգալի ժամանակ անցնելու պատճառով այլևս անարժանահավատ կամ ոչ ամբողջական են դարձել,
- կանոնակարգել քաղաքացիական շրջանառությունը,
- ստեղծել իրավական կապերի որոշակիություն և կայունություն,
- ապահովել իրավահարաբերության մասնակիցների կարգապահությունը,
- ապահովել քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտների իրավունքների և շահերի ժամանակին պաշտպանությունը,
- ապահովել քաղաքացիական իրավահարաբերության որոշակիությունը և կայունությունը»։
Անդրադառնալով օրենսդրական բացին՝ Պատասխանողը նշում է, որ ըստ էության, Դիմողների պնդումները միտված են հայցային վաղեմության կիրառման նոր կարգավորումներ սահմանելուն, այլ ոչ թե արդեն իսկ առկա կարգավորումների շրջանակում օրենսդրական բացին:
Ամփոփելով՝ Պատասխանողը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
4. Սահմանադրական վեճի քննության շրջանակը և պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործը Սահմանադրական դատարանը քննում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Դիմողների կողմից ներկայացված անհատական դիմումի հիման վրա։ Հետևաբար՝ սույն գործով սահմանադրական վեճի շրջանակը որոշելու նպատակով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել իրավահարաբերությունների տեսակը՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող՝ գույքի օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը, որով սահմանափակվում է սույն գործով քաղաքացիական իրավունքում նման պահանջների նկատմամբ հայցային վաղեմության սահմանադրականության ստուգումը, և, հաջորդաբար՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող՝ սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի ծագման համար հիմք ծառայած իրավակարգավորումների ժամանակագրական այն հատվածը, որը ներառում է Դիմողների բնակարանի օտարման իրավահարաբերությունները։ Մասնավորապես.
4․1․ Սույն սահմանադրական վեճը ծագել է Դիմողների բնակարանի՝ սույն որոշման 1-ին կետում նկարագրված օտարման գործընթացում տեղ գտած իրավահարաբերություններից, որոնք հստակորեն տարբերակվում են քաղաքացիական իրավունքով կարգավորվող գույքային իրավահարաբերությունների մյուս խմբերից՝ հաշվի առնելով (1) սույն իրավահարաբերության սուբյեկտային կազմը, որը Դիմողների գույքի օտարման պահին գործող օրենսդրությամբ սահմանափակվում էր ֆիզիկական կամ իրավաբանական անձ և պետություն շրջանակով, երբ գույքի օտարման պահանջ կարող էր ներկայացնել բացառապես Հայաստանի Հանրապետությունը, և (2) սույն իրավահարաբերության բնույթը, որը կարգավորող քաղաքացիական օրենսդրության դրույթները բացառություն էին քաղաքացիական օրենսդրության հիմքում ընկած՝ կարգավորվող հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության (Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մաս) ընդհանուր սկզբունքներից։
Հետևաբար՝ վերը նշված իրավահարաբերությունների առանձնահատուկ բնույթը պայմանավորում է սույն սահմանադրական վեճի բովանդակային շրջանակը, որն է՝ բացառապես Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության կամ դրա օրինական ակնկալիքի օտարման հարաբերություններում օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության սահմանադրականության ստուգումը։
Հետայսու սույն որոշմամբ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության կամ դրա օրինական ակնկալիքի օտարման համատեքստում Սահմանադրական դատարանը կիրառելու է «սեփականություն» ընդհանրական տերմինը խմբագրական նկատառումներով՝ դրա ներքո նկատի ունենալով ինչպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «սեփականությունը», այնպես էլ՝ սեփականության իրավունքի օրինական ակնկալիքի ներքո գույքը՝ համաձայն 2008 թվականի մարտի 18-ի ՍԴՈ-741 (կետ 8), 2015 թվականի դեկտեմբերի 1-ի ՍԴՈ-1238 (կետ 7), 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1326 (կետ 6), 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1424 (կետ 4.2), 2019 թվականի մարտի 19-ի ՍԴՈ-1448 (կետ 4.4), 2021 թվականի մարտի 9-ի ՍԴՈ-1583 (կետ 4.2), 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-1609 (կետ 4.2), 2021 թվականի սեպտեմբերի 27-ի ՍԴՈ-1611 (կետ 6.2), 2021 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-1617 (կետ 3) և 2021 թվականի նոյեմբերի 30-ի ՍԴՈ-1618 (կետ 4.5) որոշումների։
4.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն սահմանադրական վեճը ծագել է սույն որոշման 1-ին կետում նկարագրված՝ Դիմողների բնակարանի օտարման գործընթացում տեղ գտած՝ հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման իրավահարաբերություններից։ Առհասարակ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման իրավահարաբերությունների կարգավորման պատմությունն ունի ժամանակագրական երեք՝ տարբեր օրենսդրական ռեժիմներ նախատեսող ժամանակահատված։
Վերոհիշյալ կարգավորումների առաջին ժամանակահատվածը ներառում է 1999 թվականի հունվարի 1-ից (Քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից) մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը, երբ Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ ուժը կորցրին հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունները կարգավորող առանցքային իրավական հետևյալ դրույթները ․
ա) Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածը` հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների կանոնակարգման առումով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 3-րդ, 8-րդ (1-ին մաս), 31-րդ (3-րդ մաս) և 43-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով․
բ) Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածը` հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների կանոնակարգման առումով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 8-րդ (1-ին մաս), 31-րդ (3-րդ մաս) և 43-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով․
գ) Հողային օրենսգրքի 106-րդ հոդվածը՝ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 31-րդ (3-րդ մաս), 43 և 83.5-րդ (1-ին և 2-րդ կետեր) հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով․
դ) Հողային օրենսգրքի 108-րդ հոդվածը՝ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 3-րդ, 31-րդ (3-րդ մաս) և 43-րդ հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով․
ե) Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումը` «Երևանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասին», հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հողային օրենսգրքի 104-րդ հոդվածների դրույթները, հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերությունների ենթաօրենսդրական կարգավորման առումով Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 3-րդ, 8-րդ (1-ին մաս), 31-րդ (3-րդ մաս), 43-րդ, 83.5-րդ (1-ին և 2-րդ կետեր) և 85-րդ (2-րդ մաս) հոդվածների պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերությունների հաջորդ՝ երկրորդ ժամանակահատվածը ներառում է Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետով նախատեսված՝ Քաղաքացիական և Հողային օրենսգրքերի վերոհիշյալ դրույթների և Կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշման ուժը կորցնելու վերջնաժամկետից՝ 2006 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 29-ը (մինչև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի (ՀՕ-185-Ն) ուժի մեջ մտնելու պահը), երբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերությունները չեն ունեցել որևէ օրենսդրական կարգավորում։
Վերջապես, հասարակության և պետության կարիքների կամ հանրային գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման իրավահարաբերությունների կարգավորման հաջորդ՝ երրորդ ժամանակահատվածը ներառում է 2006 թվականի դեկտեմբերի 30-ից մինչ օրս ժամանակահատվածը, որը ներառում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի (ՀՕ-185-Ն) ուժի մեջ լինելու ժամանակահատվածը։
Հաշվի առնելով սույն գործի՝ անհատական դիմումի հիման վրա իրավադրույթների սահմանադրականության կոնկրետ ստուգման սահմանադրական վեճի բնույթը և դրանով քննվող վեճի շրջանակի համար այն որոշիչ հանգամանքը, որ Դիմողների բնակարանի՝ սույն որոշման 1-ին կետում նկարագրված օտարումը տեղի է ունեցել հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման իրավահարաբերությունների վերը նկարագրված ժամանակահատվածներից 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը, Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի շրջանակը սահմանափակում է՝ դրանում ներառելով միայն Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասից բխող հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման այն իրավահարաբերություններում օտարված սեփականության դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության սահմանադրականության ստուգման շրջանակը, որոնք կարգավորվել են վերը նկարագրված առաջին ժամանակահատվածում գործող իրավակարգավորումներով, ինչը ժամանակագրորեն ներառում է 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը։
4.3․ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Դիմողների առաջադրած սահմանադրական վեճի բովանդակությունը՝ հանրային գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների) ապահովման նպատակով գույքի օտարման դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության սահմանադրականությունը, առնչվում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգային երաշխիքների պաշտպանության տիրույթին։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողմից սույն սահմանադրական վեճի շրջանակներում քննվող վիճելի իրավադրույթի սահմանադրականությունը ենթակա է ստուգման՝ վերջինիս՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված երաշխիքներին համապատասխանության տեսանկյունից։
4․4․ Միաժամանակ, Դիմողների առաջադրած սահմանադրական վեճի բովանդակությունը՝ հանրային գերակա շահի (հասարակության և պետության կարիքների) ապահովման նպատակով գույքի օտարման դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության սահմանադրականությունը, լինելով Սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ դրույթների ենթակայության իրավական խնդիր, հայցային վաղեմության հետևանքային ազդեցությամբ հանգեցնում է նաև Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի սահմանափակման՝ դատարան դիմելու իրավունքի կամ արդարադատության մատչելիության սահմանափակման ձևով։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի կողմից սույն սահմանադրական վեճի շրջանակում քննվող վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը ենթակա է ստուգման նաև վերջինիս՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին` սույն գործի շրջանակում սեփականության իրավունքի ընթացակարգային պաշտպանությանը խաչվող կառուցակարգին համապատասխանության նպատակով։
4.5. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի շրջանակը սահմանում է հետևյալ հարցադրումներով.
- արդյո՞ք Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով (1995 թվականի Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության իմաստով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման) 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը գործող իրավադրույթներով կարգավորվող իրավահարաբերություններից բխող վեճերում օտարված սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման սահմանադրական երաշխիքը ենթակա է սահմանափակումների հանրային իշխանության կողմից, և
- եթե նախորդ հարցի պատասխանը դրական է, ապա արդյո՞ք Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության բացառման ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով (1995 թվականի Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության իմաստով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման) 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը գործող իրավադրույթներով կարգավորվող իրավահարաբերություններից բխող վեճերում օտարված սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը համապատասխանում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին՝ օտարվող գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի սահմանափակման համաչափության տեսանկյունից, և
- եթե առաջին հարցի պատասխանը դրական է, ապա արդյո՞ք Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության բացառման ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով (1995 թվականի Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության իմաստով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման) 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը գործող իրավադրույթներով կարգավորվող իրավահարաբերություններից բխող վեճերում օտարված սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը համապատասխանում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին՝ արդար դատաքննության իրավունքի սահմանափակման համաչափության տեսանկյունից։
5․ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը սեփականության իրավունքի մասով
5․1․ Սույն սահմանադրական վեճի լուծմանը վերաբերելի Սահմանադրության դրույթները․
Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն (․․․) իրավական պետություն է»:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «[Մ]արդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «[Հ]անրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «[Հ]անրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «[Յ]ուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
5․2․ Սահմանադրական դատարանը վերահաստատում է սեփականության իրավունքի վերաբերյալ իր՝ նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ սեփականության իրավունքը, որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ, ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն (Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում, կետ 4.1):
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգում ունեցած ընդգծված կարևորությունն արձանագրված է առաջին հերթին Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ գլխի 10-րդ հոդվածում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Սեփականության հիմնական իրավունքի պաշտպանության նպատակով սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներն ամրագրվել են նաև Սահմանադրության 60-րդ հոդվածում։
Վերը նշվածից բացի, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ սեփականության հիմնական իրավունքը, թեպետ որոշ բովանդակային փոփոխություններով, սակայն որպես հիմնական իրավունքի իրավական ամրագրում 1995 թվականից մինչ այժմ կայուն հետևողականությամբ տեղ է գտել Սահմանադրության մեջ և դրանում կատարված բոլոր փոփոխություններում։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ սեփականության իրավունքի պաշտպանության հանրային իշխանության պարտականությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի կարևոր բաղադրիչ է նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով միայն՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (հոդված 17, ընդունված և հռչակված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևով), 1950 թվականի նոյեմբերի 4-ի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածով։
Ելնելով սեփականության իրավունքի պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բաղադրիչ լինելու հիմնարար սահմանադրական արժեքից՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսվել են սեփականության իրավունքին միջամտությունների՝ (1) սեփականության իրավունքի ընդհանուր սահմանափակումների, (2) սեփականությունից զրկման և (3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման նպատակները, իրավական հիմքը և պայմանները։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը վերահաստատում է նաև սեփականության իրավունքի պաշտպանության հարցում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը, ի թիվս այլ ջանքերի՝ երաշխավորել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունը օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը (Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում, կետ 4․1):
Արձանագրելով սեփականության իրավունքի պաշտպանության կարևորությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի համար՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ սեփականության իրավունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանադրաչափ սահմանափակումների, այսինքն` որ սեփականության իրավունքի սահմանափակման ձևով որևէ միջամտություն պետք է բավարարի Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հետևյալ ընդհանուր պայմանները.
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող օրենքով,
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների կամ ազատությունների պաշտպանության նպատակով,
- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սահմանադրական սկզբունքին,
- սեփականության իրավունքի սահմանափակումը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները։
5.3. Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նորմը գործում է որպես սեփականության իրավունքին հանրային իշխանության կողմից միջամտության ընդհանուր կանոն (lex generalis)։
Միաժամանակ, սեփականության իրավունքի առավել խիստ միջամտության երկու հատուկ ձևերի՝ սեփականությունից զրկելու և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունը օտարելու իրավահարաբերությունների կարգավորման նպատակով Սահմանադրության, համապատասխանաբար, 60-րդ հոդվածի 4-րդ մասով և 60-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել են հատուկ նորմեր, որոնք Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի նկատմամբ հանդես են գալիս որպես հատուկ նորմեր (lex specialis), որոնք, դրանցով նախատեսված միջամտության խստության աստիճանով և իրավահարաբերությունների բնույթով պայմանավորված, նախատեսել են սեփականության իրավունքին միջամտության սահմանադրաչափության հատուկ և պարտադիր այլ պայմաններ։
Մասնավորապես՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընդհանուր պայմանների հետ մեկտեղ սեփականությունից զրկվելու ձևով միջամտության սահմանադրաչափության անհրաժեշտ պայման է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «դատական կարգի» ապահովումը, ինչպես նաև սեփականությունից զրկվելու դեպքի «օրենքով սահմանված» լինելը։
Միաժամանակ, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման ձևով սեփականության իրավունքին միջամտության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընդհանուր պայմանները Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով խստացվել են հետևյալ որակական պահանջներով․
- Ի տարբերություն Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքին միջամտության «հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» սահմանադրաչափ նպատակի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի միջամտության (սեփականության օտարման) սահմանադրաչափ նպատակը (1) չի ներառում նման միջամտությունը «այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության» համար, (2) իսկ «հանրության շահերի պաշտպանության» ընդհանուր նպատակների շրջանակից վերաբերում է միայն այն հատվածին, որը դասվում է «հանրության գերակա շահերին», որով սահմանափակվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով միջամտության սահմանադրաչափ նպատակների միջակայքը․
- Ի տարբերություն Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքին սահմանադրաչափ միջամտության իրավական հիմքի՝ «օրենքի» և Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված դրա անխուսափելի որակական պահանջների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի միջամտության (սեփականության օտարման) սահմանադրաչափ իրավական հիմքը, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված «օրենքին» առաջադրվող պահանջներից բացի, (1) պետք է անհրաժեշտաբար սահմանի նաև միջամտության «բացառիկ դեպքերը», ինչպես նաև՝ (2) սեփականության օտարման «կարգը»․
- Ի տարբերություն 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ սեփականության իրավունքին միջամտության Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության ընդհանուր սկզբունքով նախատեսված և նման համաչափության ապահովման հանրային իշխանության հայեցողությանը վերապահված միջոցների ընտրության դեպքի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով սեփականությանը միջամտության (սեփականության օտարման) դեպքում համաչափությունը կշռված է Սահմանադրի կողմից, ինչը ապահովելու նպատակով ընտրված միջոցը «փոխհատուցումն» է, որի նկատմամբ առաջադրված որակական պահանջներն են «նախնական» և «համարժեք» սահմանադրական չափանիշները։
Սեփականության իրավունքին միջամտության սահմանադրաչափության ընդհանուր նորմի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի և դրա նկատմամբ գերակա հանրային շահերի (հասարակության և պետության կարիքների) ապահովման նպատակով սեփականության օտարման ձևով միջամտության սահմանադրաչափության հատուկ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի վերը նշված դիտարկումներն արձանագրելով՝ Սահմանադրական դատարանը նկատում է, որ սույն սահմանադրական վեճի շրջանակներում Դիմողների կողմից բարձրացված հարցադրումը, վերաբերելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման իրավահարաբերություններին, չի պարունակում սեփականության իրավունքի միջամտության սահմանադրաչափ նպատակի և նման միջամտության համար հիմք ծառայած օրենքի և դրա որակների վերաբերյալ սահմանադրական վեճ։
Փոխարենը, ինչպես արդեն նշվել է սույն որոշման 4.2-րդ կետում, այն վերաբերում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված օտարված սեփականության դիմաց փոխհատուցման իրավունքին, ինչը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությանը միջամտության համաչափությանը վերաբերող հարց է։
Հետևաբար՝ վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության ստուգման քննությունը Սահմանադրական դատարանը շարունակելու է վիճարկվող իրավադրույթով նախատեսվող միջամտության համաչափության ստուգման ուղղությամբ։
5.4. Սույն սահմանադրական վեճի լուծումը, ինչպես արդեն նշվել է սույն որոշման 4.2-րդ կետում, ժամանակագրորեն առնչվում է 1995 թվականին ընդունված Սահմանադրության և դրա 2005 ու 2015 թվականների փոփոխությունների գործողության ժամանակահատվածներին, երբ՝
ա) դիմողների բնակարանի՝ սույն որոշման 1-ին կետում նկարագրված օտարման գործընթացում տեղ գտած իրավահարաբերությունները տեղի են ունեցել 1995 թվականի Սահմանադրության գործողության ժամանակահատվածում, որի՝ սույն իրավահարաբերություններին վերաբերելի 28-րդ հոդվածի համաձայն՝ «․․․ [Ս]եփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ»․
բ) 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ».
գ) 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:
1995 թվականի Սահմանադրության ընդունման պահից հասարակության և պետության կարիքների համար, իսկ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով՝ սեփականության օտարման վերաբերյալ Սահմանադրությամբ նախատեսված հիշյալ հատուկ կանոնն ունեցել է բովանդակային փոփոխություններ, որոնք վերաբերել են (1) սեփականության իրավունքին միջամտության սահմանադրական նպատակի բովանդակությանը (1995 թվականից մինչև 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունները՝ «հասարակության և պետության կարիքների համար», 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ «հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում», իսկ գործող Սահմանադրությամբ՝ «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով»), և (2) միջամտության իրավական հիմքին (1995 թվականից մինչև 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունները՝ «օրենքի հիման վրա», 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ «օրենքով սահմանված կարգով», իսկ գործող Սահմանադրությամբ՝ «օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով»)։
Մինչդեռ հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում սեփականության իրավունքին միջամտության համաչափության պատվիրանը կայուն հետևողականությամբ շարունակել է մնալ անփոփոխ՝ երաշխավորելով նման միջամտության դեպքում համաչափության պահպանման հրամայական պայմանը՝ «փոխհատուցումը», և վերջինիս առաջադրվող պահանջները՝ որպես միջամտության դեպքում սահմանադրական երաշխիքներ՝ «նախնական» և «համարժեք»։
5.5. Արձանագրելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (մինչ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունները՝ հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում սեփականության իրավունքին միջամտության համաչափության վերաբերյալ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանադրական պահանջի՝ համաչափության սահմանադրական ընդհանուր սկզբունքի նկատմամբ հատուկ նորմի կարգավիճակը՝ Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով անհրաժեշտ է համարում բացահայտել համաչափության ընդհանուր սկզբունքի և դրա վերաբերյալ սահմանադրական հատուկ նորմի սահմանման նշանակությունը։
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման համաչափության սահմանադրական սկզբունքի վերլուծությամբ արտահայտված իր դիրքորոշումը, որով սահմանել էր, որ․
«(…) որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, իսկ համաչափության սկզբունքով պայմանավորված` օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները հետևյալն են.
1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.
2) սահմանափակման համար ընտրված միջոցների`
ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.
բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.
գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին:
(…)
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքի բաղադրիչներից մեկն է: 2015 թվականի փոփոխություններով (գործող) Սահմանադրության մեջ այն ամրագրվել է ամբողջ ծավալով` հստակորեն (expressis verbis):
Համաչափության սկզբունքի էությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանափակումն է մասնավոր և հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման միջոցով, և հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին ներկայացվող սահմանադրական պահանջների շարքում այն ունի առանձնահատուկ կարևորություն» (Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշում):
Վերը նկարագրված համաչափության սկզբունքը նախատեսված է որպես հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակման համաչափության սահմանադրական բովանդակություն և անհրաժեշտաբար կիրառելի է անհատական իրավունքին կամ ազատությանը թույլատրելի բոլոր միջամտությունների իրավաչափության գնահատման համար։
Սահմանափակումների կամ այլ միջամտությունների ենթակա (ոչ բացարձակ) իրավունքին կամ ազատությանը միջամտության սահմանադրաչափության ստուգումը ներառում է նման (1) միջամտության նպատակի, (2) միջամտության համար հիմք ծառայած իրավական ակտի առկայության և դրա որակի, և (3) միջամտության համաչափության ստուգման ընդհանուր ստուգացուցակը, որտեղ միջամտության համաչափության ստուգումը սահմանադրաչափության չափանիշների ստուգման հերթականության եզրափակիչ փուլն է։ Այս մեթոդաբանական հերթականությունը միջամտության սահմանադրականության ստուգման չափանիշների կարևորության աստիճանակարգություն չէ, այլ արտացոլում է ամեն հաջորդ չափանիշի բաղադրության համար անհրաժեշտ նախորդ չափանիշի ստուգման առաջնահերթությունը։
Հակառակը, որպես Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության իրավական պետության որակական բնորոշիչ և Սահմանադրության 3-րդ հոդվածով նախատեսված՝ մարդու հիմնական իրավունքի կամ ազատության երաշխիք, հիմնական իրավունքին կամ ազատությանը միջամտության համաչափության սահմանադրական սկզբունքը հանդես է գալիս որպես հիմնական իրավունքի սահմանափակման պայման, միաժամանակ նաև՝ որպես (1) հանրային իշխանության՝ նման միջամտության համար ընտրած նպատակի և (2) Սահմանադրությամբ պահանջվող որակի իրավական նորմով կիրառելի սահմանափակումների ընտրության` հանրային իշխանության հայեցողության սահմանափակման գործիք՝ երաշխավորելով Սահմանադրության 80-րդ հոդվածով նախատեսված՝ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական դրույթների էության անխախտելիությունը։
Այսպիսով, հիմնական իրավունքի՝ Սահմանադրությամբ թույլատրելի սահմանափակումների կամ այլ միջամտությունների սահմանադրաչափության ստուգման նպատակով մեթոդաբանական հաջորդականությամբ վերջին չափանիշը լինելով՝ համաչափության սահմանադրական սկզբունքը հիմնական իրավունքի կամ ազատության սահմանադրական դրույթների էության անխախտելիությունը երաշխավորող առաջնային երաշխիքն է, քանի որ հիմնական իրավունքի թույլատրելի սահմանափակման կամ այլ միջամտության սահմանադրաչափության պայման լինելով հանդերձ, միաժամանակ ունի նաև մյուս երկու պայմանների սահմանման հարցում հանրային իշխանության հայեցողության՝ անհատի իրավունքների և հանրության շահերի միջև արդարացի հավասարակշռության հաստատման միջոցով սահմանափակող (հակակշռող) նպատակ։
Հիմնական իրավունքի կամ ազատության վերաբերյալ սահմանադրական նորմերն ունեն ընդհանրականության և վերացականության բարձր աստիճան։ Սա առավել ևս վերաբերում է սահմանադրական սկզբունքներին վերաբերող սահմանադրական դրույթներին։ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով առհասարակ իրավական նորմերի ընդհանրականության և վերացականության որակին, նշել է. «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1610 որոշում)։
Օրենքի նորմին ներհատուկ վերացականության հատկությունն առավել բարձր աստիճանով հատուկ է սահմանադրական սկզբունքներ կամ կանոններ նախատեսող նորմերին, որոնք մանրամասնելու, դրանց՝ ողջամտորեն հնարավոր առավելագույն հստակությունը և կանխատեսելիությունն ապահովելու պարտականությունը հանրային իշխանության մարմինների՝ հիմնական իրավունքների և ազատությունների հարգման և պաշտպանության ուղղությամբ հիմնական պարտականություններից է։ Սա իրականացվում է առաջնահերթությամբ՝ օրենսդիր իշխանության կողմից՝ օրինաստեղծ, գործադիր իշխանության կողմից՝ իրավաստեղծ, իսկ իրավակիրառ և դատական իշխանության կողմից՝ դատական մեկնաբանության և իրավակիրառ ոլորտներում վերջիններիս վերապահված սահմանադրական լիազորությունների շրջանակում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքով նախատեսված անհատական իրավունքի կամ ազատության և հանրության շահերի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով հանրային իշխանությունն օժտված է նման հավասարակշռությունն ապահովող անհրաժեշտ միջոցների ընտրության և դրանց կիրառման հայեցողական իրավասությամբ։
Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը պարունակում է հիմնական իրավունքների սպառիչ ցանկ, որոնց միջամտության սահմանադրաչափության համար անհրաժեշտ համաչափության ապահովման միջոցի ընտրությունն ունի սահմանադրական ամրագրում, հետևաբար՝ դուրս է հանրային իշխանության հայեցողական իրավասության տիրույթից և ունի սահմանադրական հրամայականի բարձրագույն իրավաբանական ուժով օժտված հատկություն։
Մասնավորապես, բայց չսահմանափակվելով միայն սույն դիտարկմամբ՝ հատուցումը՝ որպես հիմնական իրավունքին միջամտության դեպքում համաչափության ապահովման միջոց, Սահմանադրի կողմից անմիջականորեն ընտրվել և սահմանադրական ամրագրում է ստացել սահմանադրական երեք նորմերում․
(1) Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է հատուցում՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց․
(2) Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հատուցում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի համար, որի պայմանները և կարգը սահմանվում են օրենքով․
(3) Սահմանադրության 62-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է օրենքին համապատասխան հատուցում այն դեպքերում, երբ հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
Վերը նշված երեք դեպքերի համեմատական վերլուծությունից բխում է, որ ի տարբերություն Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված համաչափության սահմանման նպատակով անհրաժեշտ միջոցի անմիջական սահմանման դեպքերի, երբ Սահմանադիրը նման միջոցի՝ մի դեպքում հատուցման պայմանների, դեպքերի և կարգի որոշման (ինչպես Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի), իսկ մյուսի դեպքում՝ առհասարակ հատուցման համապատասխանության հարցը (ինչպես՝ 62-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) վերապահել է օրենսդրի հայեցողությանը, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջամտության համաչափության միջոցը (փոխհատուցման) և դրան առաջադրվող որակական չափանիշները (նախնական և համարժեք) սահմանել է Սահմանադրության մեջ դրանց ամրագրմամբ։
5.6. Սույն որոշման 5.5-րդ կետում Սահմանադրական դատարանը, վերլուծելով Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սահմանադրական սկզբունքը, արձանագրում է, որ այն իր բովանդակային նշանակությամբ նպատակաուղղված է սահմանադրական միջամտելի իրավունքների «սահմանափակումների (միջամտությունների) սահմանափակմանը», որի իրավակիրառական նպատակը հանրային իշխանության՝ հիմնական իրավունքի սահմանափակմանը կամ այլ միջամտությանն ուղղված հայեցողության սահմանափակումն է՝ որպես անհատի իրավունքի պաշտպանության առաջնային երաշխիք։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված միջամտության (օտարման) համար Սահմանադրի կողմից ամրագրվել է նման միջամտությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու պայման-երաշխիքը, որի ազդեցությամբ օտարվող գույքի սեփականատերը, ունենալով դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքը, պաշտպանվում է նման միջամտության դեպքում անհամաչափ ծանրության բեռ կրելու հնարավոր հետևանքից։
Այս իմաստով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված՝ Սահմանադրի կողմից համաչափության միջոցի (փոխհատուցում) ընտրության և դրա որակների սահմանադրական ամրագրման նպատակին։
Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հարաբերություններում «նախնական և համարժեք փոխհատուցման» սահմանադրական երաշխիքը կոչված է հակակշռելու հանրային իշխանության այն լայն հայեցողությունը, որի առջև անհրաժեշտ և բավարար երաշխիքների բացակայությունը հանրային իշխանություն-անհատ իրավահարաբերություններում վերջինիս խոցելիությունը նվազեցնելուն և հանրային իշխանության հնարավոր կամայականությունը կանխելուն ուղղված սեփականատիրոջը հասանելի արդյունավետ միջոցն է։
Այդուամենայնիվ, հաշվի առնելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման գործընթացում նյութական շահերի համադրման այնպիսի դրվածքը, երբ՝
ա) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման նպատակի (հանրության գերակա շահերի) որոշման հարցը վերապահված է բացառապես հանրային իշխանության մարմինների հայեցողությանը, և
բ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման շահառուն պետությունն է, և
գ) հանրության գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների) ծանրակշիռ ազդեցությամբ անհատի սեփականության իրավունքի պաշտպանության անհատական շահը ստորադասվում է հանրության գերակա շահի (հասարակության և պետության կարիքների) ապահովման անհրաժեշտությանը, և
դ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դեպքում սեփականության իրավունքի վերականգնումն օտարված գույքի նկատմամբ անդառնալի հետևանք է այդ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման իմաստով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակառակը հանրության գերակա շահի վտանգման ռիսկ է պարունակում,
հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման իրավահարաբերությունների սուբյեկտային կազմի բերումով, երբ պետություն-անհատ հարաբերություններում սեփականության իրավունքին միջամտության համաչափությունը՝ անհատին հասանելի մասնակցային հնարավորություն ընձեռող միակ հնարավոր հարցն է, Սահմանադիրը հանրության գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների) ապահովման և անհատի սեփականության իրավունքի պաշտպանության միջև արդարացի հավասարակշռության հաստատման միջոցի (փոխհատուցման) և դրա որակական չափանիշների (նախնական և համարժեք) սահմանման նպատակով ամրագրել է համաչափության սահմանադրական սկզբունքի առանցքային տարրերը Սահմանադրությամբ՝ բացառություն կատարելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումների սահմանադրաչափության չափանիշների հստակեցումն օրենսդրին վերապահելու ընդհանուր կանոնից։
Այսպիսով, սույն որոշման 5.5-րդ կետում նկարագրված համաչափության, այսինքն՝ հիմնական իրավունքի «սահմանափակումների կամ այլ միջամտությունների սահմանափակման» միջոցի և դրա որակների ընտրությունը Սահմանադիրն ամրագրել է Սահմանադրությամբ՝ դրա շրջանակի սահմանումը դուրս բերելով հանրային իշխանության իրավասության շրջանակից՝ որպես հիմնական իրավունքի միջամտության համար շահերի վերը նկարագրված համադրությունից բխող կամայականությունների հնարավոր լայն հնարավորությունների դիմաց անհատի իրավունքի պաշտպանության երաշխիք, և ի տարբերություն հիմնական մյուս իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի բաղադրիչների ընտրության հարցում դրանց և դրանց որակների ընտրության հայեցողությունն օրենսդրին պատվիրակելուն՝ Սահմանադիրն ինքն է հաստատել այս իրավահարաբերությունում համաչափության բանաձևը սահմանադրական նորմի կայունության և դրա իրավաբանական բարձրագույն ուժի պաշտպանության ներքո՝ բացառելով հանրային իշխանության միջամտությունը դրա վերջնարդյունքի՝ «նախնական և համարժեք փոխհատուցման» միջոցի նկատմամբ։
Այսպիսով, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» նկատմամբ պահանջի իրավունքը՝ որպես չափելի տնտեսական արժեքի նկատմամբ գույքային իրավունք, արդեն դուրս է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակման ընդհանուր կանոնի գործողությունից, քանի որ այն ունի նաև սեփականությանը միջամտության՝ հանրային իշխանության կամայականության կանխման նպատակով համաչափությունը հաստատող՝ իրավունքի «սահմանափակումը սահմանափակող» Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված երաշխիքի բովանդակություն։
Այսպիսով, հանրային իշխանության կողմից սեփականությանը միջամտության կամայականությունը բացառելու նպատակն է կանխորոշել «նախնական և համարժեք փոխհատուցման» արձանագրումը Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասում՝ դրանով իսկ բացառելով այդ միջոցին և դրա որակներին միջամտելու հանրային իշխանության իրավասությունը։
5.7. Համաչափության սահմանադրական ընդհանրական սկզբունքի ամրագրման պայմաններում դրա հաստատման միջոցի և վերջինիս առաջադրվող որակական պահանջների սահմանադրական հստակ և բառացի (expresis verbis) ամրագրումը Սահմանադրությամբ՝ որպես Սահմանադրության 2-րդ գլխում նախատեսված բոլոր այլ իրավունքների միջամտության սահմանադրաչափ պայմանների ընդհանրականության կանոնից բացառություն, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց փոխհատուցումն այսպիսով վերածվում է Սահմանադրության ուղիղ հրամայականի, որի կատարման նկատմամբ ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր և ո՛չ էլ դատական իշխանությունը չունի միջամտության, ներառյալ նաև՝ այն սահմանափակելու հայեցողություն։
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հնարավորությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքի արժեբանական բովանդակությունը Սահմանադրի կողմից՝ օտարված գույքի դիմաց տրված բառացի, դրա նկատմամբ կիրառելի պայմանականություններից զերծ, անվերապահ խոստումն է՝ ապահովելու «նախնական և համարժեք փոխհատուցում»։ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Սահմանադրության բարձրագույն ուժով և 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անմիջականորեն գործող իրավունքով պայմանավորված՝ այս խոստման իրավական բովանդակությունը, համապատասխանաբար, հանրային իշխանության համար այն ի կատար ածելու անվերապահ հանձնառությունն է։ Սահմանադրի այս խոստումը, միաժամանակ, հայելային անդրադարձով հանդես է գալիս, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության տիրոջ՝ օտարված գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի բացարձակ իրավունք։
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ իրավունքի «բացարձակ», այսինքն՝ հանրային իշխանության կողմից սահմանափակման կամ այլ միջամտություններից պաշտպանված լինելու որակը չի վերաբերում Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքին որպես ընդհանուր կանոն, որը, ինչպես Սահմանադրական դատարանը նշել է սույն որոշման 5․4-5.6-րդ կետերում, սահմանափակումների և այլ միջամտությունների (ընդհուպ մինչև սեփականության իրավունքի դադարեցման) ենթակա իրավունք է (mutatis mutandis Սահմանադրական դատարանի 2010 թվականի հուլիսի 13-ի ՍԴՈ-903 որոշման 8-րդ կետը և 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման 4.4-րդ կետը)՝ պայմանով, որ սեփականության իրավունքին այդ սահմանափակումները և այլ միջամտությունները բավարարում են նման միջամտությունների սահմանադրաչափության պայմանները։
Բացարձակ իրավունքի որակը, որի նկատմամբ Սահմանադիրը բացառել է հանրային իշխանության միջամտության հնարավորությունը, այլ ընդհակառակը՝ հանրային իշխանությանը ծանրաբեռնում է այդ իրավունքի իրականացման նպատակով ձեռնարկելու դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, վերաբերում է միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց օտարված գույքի սեփականատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքին։
Այս իրավունքի սահմանափակումը կամ այլ ձևով միջամտությունը հետևանքային ազդեցությամբ հանգեցնում է սույն որոշման 5.4-5.6-րդ կետերում նկարագրված համաչափության հաստատման վերջնարդյունքին միջամտության, այսինքն՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սեփականությանը միջամտության հարցում հանրային իշխանության «միջամտության սահմանափակումների սահմանափակման», ինչպիսի իրավասությամբ Սահմանադրի կողմից հանրային իշխանության որևէ մարմին օժտված չէ։
5.8. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման սահմանադրական ինստիտուտին առնչվող իր նախկին երկու որոշումներում (ՍԴՈ-92 և ՍԴՈ-630) հետևողականորեն անդրադարձել է սեփականության օտարման դիմաց սահմանադրական «նախնական և համարժեք փոխհատուցման» սահմանադրական երաշխիքի անխախտելիության և անձեռնմխելիության որակներին։
Մասնավորապես՝ Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա՝ «Ազգային ժողովի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածին և 28-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով կայացրած ՍԴՈ-92 որոշմամբ բացահայտելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ինստիտուտի սահմանադրական բովանդակությունը՝ Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրությունն ամրագրում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այսպիսով, որպես սեփականության օտարման հիմք է ճանաչվում «պետության և հասարակության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիքներ են համարվում օտարումը` «միայն բացառիկ դեպքերում», օտարումը` «օրենքի հիման վրա», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ» (Սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշում, կետ 6):
Այնուհետև, 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարության կողմից ընդունված թիվ 1151-Ն որոշման հիման վրա` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման զանգվածային գործընթացի հետևանքով մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում բարձրացված խնդիրների առնչությամբ՝ Քաղաքացիական և Հողային օրենսգրքերի սույն որոշման 4.2-րդ կետում թվարկված դրույթների՝ Սահմանադրությանը հակասության մասին եզրակացությանը հանգեցրած վերլուծություններում Սահմանադրական դատարանը հետևողականորեն շեշտադրել է խնդրո առարկա իրավահարաբերությունների կարգավորմանը կոչված սահմանադրական նորմում ամրագրված սահմանադրական երաշխիքների պահպանման հրամայականը, մասնավորապես նշելով․ «8. (….) Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ. (…) սեփականության օտարման դեպքում պետք է երաշխավորված լինի նախնական փոխհատուցումը, (…) այդ փոխհատուցումը պետք է լինի համարժեք: (…) 9. (….) Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի դրույթներից բխում է, որ Սահմանադրությունը տվյալ իրավահարաբերությունների համատեքստում որպես սեփականության հարկադիր օտարման հիմք է ճանաչում «հասարակության և պետության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներ է համարում օտարումը` «միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում», օտարումը` «օրենքով սահմանված կարգով», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ: (.) 11. (...) «Սեփականության օտարում» հասկացությունը, իր հերթին, սահմանադրական տվյալ դրույթի համատեքստից ելնելով, ենթադրում է Սահմանադրությամբ նախատեսված այդ նույն իրավաչափ նպատակի համար կոնկրետ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակում կամ դադարում` պայմանով, որ այդ օբյեկտի դիմաց անձին նախապես տրվում է համարժեք այլ գույք կամ փոխհատուցում, որն էլ երաշխավորում է սեփականության իրավունքի ապահովման շարունակականությունը» (Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշում)։
Չնայած Սահմանադրական դատարանի ՍԴՈ-92 և հետագայում՝ ՍԴՈ-630 որոշումներով հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերություններում «նախնական և համարժեք փոխհատուցման» երաշխիքի սահմանադրական ամրագրման և դրա ուժով հանրային իշխանության միջամտություններից պաշտպանված լինելու հանգամանքի մասին հիշեցումներին և վերահաստատմանը՝ իրավակիրառ պրակտիկան, ինչպես սույն գործով Դիմողների ներկայացրած և Սահմանադրական դատարանի կողմից պահանջված նրանց քաղաքացիական գործից է բխում՝ 25 տարի անփոփոխ շարունակվել է այն ուղղությամբ, որ Քաղաքացիական օրենսգրքով օրենսդրի սահմանած իրավունքի պաշտպանության սահմանափակումները, որպես իրավունքի սահմանափակման ընդհանուր կանոն, կիրառվում են հանրության գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների) ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքում «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջների նկատմամբ՝ սեփականության իրավունքի սահմանափակումների ընդհանուր կանոնի (60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված) տրամաբանությամբ, այլ ոչ՝ որպես 60-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով՝ որպես սեփականությանը միջամտության սահմանափակման՝ անհատի իրավունքի պաշտպանության սահմանադրական նորմի կայունությամբ և բարձրագույն ուժով պաշտպանվող անմիջամտելի, անձեռնմխելի և սահմանափակումներից պաշտպանված երաշխիք։
5.9. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններ սահմանելու նպատակային նշանակությունը հանրային իշխանությանը պարտավորեցնելն է՝ յուրաքանչյուր ամրագրված իրավունքի ոչ միայն պաշտպանությունը, այլև դրա խախտման դեպքում պատճառված վնասների հատուցում ապահովելը (Սահմանադրական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1383 որոշում):
Հիմնական իրավունքի արդյունավետ իրականացումը հանրային իշխանությունից պահանջում է ոչ միայն ձեռնպահ մնալ այդ իրավունքի իրականացմանը միջամտությունից, այլև դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ թելադրում է նաև որոշ պոզիտիվ պարտականություններ։
Նշվածի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման ընթացակարգային առաջնային երաշխիքն է դրա՝ արդար դատաքննության իրավունքի համապատասխան կառուցակարգերի միջոցով պաշտպանության ապահովումը։
Քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
Այսպիսով, հայցային վաղեմությունը խախտված իրավունքի դատական կարգով պաշտպանություն հայցելու համար օրենսդրի կողմից նախատեսված ժամկետն է։ Օրենսդիրն այս ժամկետի ավարտով պայմանավորում է իրավական հետևանքներ, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքում խախտված իրավունքների դատական պաշտպանությանը չդիմելը կարող է հանգեցնել հայցի մերժմանը՝ վեճի մյուս կողմի հայցային վաղեմություն կիրառելու խնդրանքի հիման վրա, որը դատարանին պարտավորեցնում է (պայմանով, որ հայցային վաղեմության ժամկետը լրացել է) մերժել հայցը՝ դադարեցնելով ենթադրաբար խախտված իրավունքի դատական պաշտպանությունը։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության կիրառումը և այդ հիմքով իրավունքը խախտված անձի կողմից ներկայացված հայցի մերժման արդյունքում խնդրո առարկա իրավունքը կորցնում է իրացվելիության և պետական հարկադրանքի միջոցով պաշտպանվածության իր հատկանիշները։
Ինչպես վերը ներկայացվեց՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու սահմանադրական երաշխիքը ենթակա չէ հանրային իշխանության հայեցողությամբ սահմանվող պայմանականություններին։ Հետևաբար՝ անձի՝ իր օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը սահմանափակման ենթակա չէ՝ անկախ նման ենթադրյալ սահմանափակման նպատակից՝ «բացարձակ իրավունքը ենթակա է բացարձակ պաշտպանության» սկզբունքով։
Սահմանադրական սույն վեճի նախապատմությունից հետևում է, որ Դիմողների գործով դատարանները հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու բերումով վեճի մյուս կողմի՝ Կառավարության դիմումի հիման վրա մերժել են գույքի օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի հայցը՝ առանց այն ըստ էության քննելու։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը հանգեցնում է այս իրավունքի իրականացման անհնարինության, քանի որ այն կորցնում է իրացվելիության և պետական հարկադրանքով պաշտպանվածության իր հատկանիշները։
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ գերակա հանրային շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքին միջամտություն է, ինչպիսի իրավասությամբ, սույն որոշման 5.3-5.8-րդ կետերում շարադրված հիմնավորումների համաձայն, Սահմանադրությամբ հանրային իշխանությունն օժտված չէ։
5.10. Սույն սահմանադրական վեճի քննության շրջանակում Սահմանադրական դատարանն արդեն իսկ հաստատել է դրա ժամանակագրական միջակայքը։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այդ ժամանակագրական շրջանակի սկզբնապահից 24 տարի անցած լինելու իրողությունը, անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման գործընթացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված պաշտոնական դիրքորոշումներին՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված «նախնական և համարժեք փոխհատուցում» տրամադրելու՝ սույն որոշման 5.3-5.8-րդ կետերում շարադրված սահմանադրական երաշխիքների շարունակական անտեսման հետևանքային համատեքստ։
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ գերակա հանրային շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքի՝ իրավական իմաստով հստակ երաշխիքների՝ Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժով օժտված նորմերում նախատեսված լինելու պայմաններում Սահմանադրական դատարանն առնվազն երկու հիմնարար քննություն է կատարել՝ առաջինը՝ Հանրապետության Նախագահի (ՍԴՈ-92 որոշում) և երկրորդը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված մտահոգությունների (ՍԴՈ-630) կապակցությամբ։
Բացի դրանից, նույն հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շարունակաբար արձանագրել է Հայաստանում հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործընթացներում տեղ գտած համակարգային բացթողումները, որոնք հանգեցրել են դիմողների հիմնական իրավունքների խախտման։ Ներքոհիշյալ գործերով Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածով (Սեփականության պաշտպանություն) նախատեսված իրավունքի խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մասնավորապես՝
(1) «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ Պալատի վճռով, հղում կատարելով և հիմնվելով նաև Սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշման վրա, ճանաչել է սեփականության իրավունքի խախտումներ այն հիմքով, որ դիմողների սեփականության օտարումը տեղի է ունեցել կամայական և անօրինական, տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», քանի որ «սեփականության օտարման ողջ գործընթացը, ներառյալ գույքի դիմաց փոխհատուցման որոշման կարգը, տեղի է ունեցել Կառավարության որոշումներով»1։
(2) «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ Պալատի վճռով ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտումներ այն հիմքով, որ դիմողների գույքային իրավունքի դադարեցումը տեղի է ունեցել կամայական և անօրինական՝ այնպիսի նորմերի հիման վրա, որոնք կիրառելի չէին նրանց օգտագործման իրավունքի դադարեցման իրավահարաբերությունների նկատմամբ, հանգեցրել է նրանց համար անկանխատեսելի կամ կամայական ելքի, ինչպես նաև զրկել դիմողներին իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանությունից2։
(3) «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում՝ նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով եզրակացրել է, որ գույքի օտարումը և գույքի օգտագործման իրավունքի դադարեցումը տեղի չեն ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար3։
(4) «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում՝ նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով եզրակացրել է, որ գույքի օտարումը և գույքի օգտագործման իրավունքի դադարեցումը տեղի չեն ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար4։
(5) «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում՝ նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» ու «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար5։
(6) «Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում՝ նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» ու «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ գույքի օտարումը և գույքի օգտագործման իրավունքի դադարեցումը տեղի չեն ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար6․
(7) «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում՝ նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» ու «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար7։
(8) «Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում (տան մասով)՝ մասնավորապես նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ դիտարկվող ժամանակահատվածում գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար8։
(9) «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում՝ նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ դիտարկվող ժամանակահատվածում գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար9։
Վերոհիշյալ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր եզրահանգումները վերաբերել են սույն սահմանադրական վեճի քննության շրջանակում Սահմանադրական դատարանի արդեն իսկ հաստատած ժամանակագրական միջակայքում տեղ գտած սեփականության իրավունքի, ներառյալ նաև «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի խախտումներին, որոնք իրենց բնույթով եղել են համակարգային և, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատմամբ՝ վերը հիշատակված գործերի կոնկրետ հանգամանքներում հանգեցրել են կամայական և անօրինական միջամտության։
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ վերը շարադրված շարքը չի սահմանափակվում միայն հիշատակված գործերով, և լրացվում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ գործը քննվող գործերի ցուցակից հանելու մասին որոշումներով, որոնցով Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրական դատարանի արդեն իսկ հաստատած ժամանակագրական միջակայքում տեղ գտած՝ սեփականության օտարման գործերով միակողմանիորեն ճանաչել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի խախտումները, մասնավորապես այն, որ դիմողների գույքի օտարումը «տեղի չի ունեցել 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան»։ Տե՛ս, օրինակ՝
(1) «Պողոսյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով10 ,
(2) «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով11 ,
(3) «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով12 ,
(4) «Վահանյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով13 ,
(5) «Գրիգորյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով14 ,
Բացի դրանից, հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ոլորտում սեփականատերերի իրավունքների շարունակական խախտումների խնդիրներին իր տարեկան հաղորդումներում անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանները: Վերջիններիս կողմից մատնանշված շարունակական և համակարգային բնույթ ունեցող խնդիրների շարքում տեղ են գտել նաև նախնական համարժեք փոխհատուցման վերաբերյալ բանակցությունների ընթացակարգի չգործելը15 , օտարված գույքի սեփականատերերին անգամ գույքի օտարումից հետո շարունակաբար փոխհատուցում չվճարելու պրակտիկան16։
Վերը նշված համատեքստը չի կարող նախորոշել Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման նպատակով իրավական նորմերի ստուգման ելքը, սակայն հիշատակման արժանի հանգամանք է՝ բացահայտելու համար Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների անտեսման և Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշումներին անբավարար ուշադրության հետևանքները՝ առաջին հերթին՝ իրավունքների խախտումներից տուժած քաղաքացիների համար, ապա և՝ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի պաշտպանության ընդհանրական գնահատականի իմաստով։
6․ Սահմանադրական դատարանի դիրքորոշումն արդար դատաքննության իրավունքի մասով
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի սեփականատիրոջ իրավունքի բնույթի և դրա սահմանափակման նկատմամբ հանրային իշխանության իրավասության Սահմանադրի կողմից բացառման եզրահանգման բերումով սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով այլևս անհրաժեշտ չէ հայցային վաղեմության՝ սույն վեճի շրջանակում քննության անհրաժեշտությունը Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի շրջանակներում։
7․ Սույն դիմումով Դիմողների մատնանշած խնդիրն այն է, որ վիճարկվող դրույթով Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով (գույքի օտարման պահին գործող Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության իմաստով՝ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման) 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը գործող իրավադրույթներով կարգավորվող իրավահարաբերություններից բխող վեճերում սեփականության օրինական ակնկալիքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը հանգեցրել է դրա նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ հայցային վաղեմության ընդհանուր կանոնի կիրառման և, արդյունքում՝ սահմանափակվել են Դիմողների հնարավոր սեփականության և արդար դատաքննության իրավունքները՝ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր կանոնով նախատեսված եռամյա ժամկետը լրանալու պատճառաբանությամբ։
Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դիմողների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառվել է՝ Դիմողների ունեցած պահանջի իրավունքը դիտարկելով որպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակումների ընդհանուր կանոնի ենթակա իրավունք, և հետևաբար՝ օրենսդրի կողմից սահմանադրաչափ սահմանափակումների ենթակա իրավունք։ Նման մոտեցման պայմաններում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջ չնախատեսելը իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ այս խումբ պահանջների նկատմամբ տարածվում են հայցային վաղեմության՝ օրենսդրի կողմից սահմանված դրույթները։
Սահմանադրական դատարանը սույն որոշման 5.3-5.8-րդ կետերում արդեն իսկ անդրադարձել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ սահմանափակում կիրառելու կամ այլ կերպ միջամտելու հանրային իշխանության (ներառյալ նաև՝ օրենսդրի) իրավասության բացակայությանը։ Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն անհնար է դարձնում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելը որպես օրենքի բաց դիտարկելը։
Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ «(...) օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառ պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը» (Սահմանադրական դատարանի 2010 թվականի 14 սեպտեմբերի ՍԴՈ-914 որոշում, կետ 7):
Հաշվի առնելով, որ հանրային իշխանության որևէ մարմնի, ներառյալ օրենսդրին վերապահված չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցում» տրամադրելու Սահմանադրի խոստման սահմանափակման իրավասություն, որի իրականացմամբ Սահմանադրի խոստումը զրկվում է իրացվելիության և պետական հարկադրանքով պաշտպանված լինելու հատկություններից, ապա Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի կարող մեկնաբանվել որպես հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող՝ 1995 թվականի Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները առհասարակ չեն կարող տարածվել։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող՝ 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում։
2․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման:
3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
________________________________
1 Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի վճիռ), թիվ 27651/05, 70-77 կետեր, 2009 թվականի հունիսի 23 (հայերեն թարգմանությամբ)։
2 Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 5065/06, 40-47 կետեր, 2010 թվականի հուլիսի 20 (հայերեն թարգմանությամբ)։
3 Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 25825/05, 35-39 կետեր, 2012 թվականի հոկտեմբերի 9 (հայերեն թարգմանությամբ)։
4 Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 22812/05, 35-39 կետեր, 2012 թվականի հոկտեմբերի 9 (հայերեն թարգմանությամբ)։
5 Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 43242/05, 22-26, 2014 թվականի նոյեմբերի 13 (հայերեն թարգմանությամբ)։
6 Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 23566/05, 22-26, 2014 թվականի նոյեմբերի 13 (հայերեն թարգմանությամբ)։
7 Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 19940/05, 22-26, 2014 թվականի նոյեմբերի 13 (հայերեն թարգմանությամբ)։
8 Վարդանյանը և Նանուշյանը ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 8001/07, կետեր 97-100, 2016 թվականի հոկտեմբերի 27 (հայերեն թարգմանությամբ)։
9 Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 14156/07, կետեր 50-54, 2019 թվականի հոկտեմբերի 17 (հայերեն թարգմանությամբ)։
10 Պողոսյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 3310/06, 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշում։
11 Երանոսյանն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 3309/06, 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշում։
12 Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 10446/05, 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշում։
13 Վահանյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 220/06 և 32289/06, 2012 թվականի նոյեմբերի 6-ի որոշում։
14 Գրիգորյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 40864/06, 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշում։
15 Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2009 թվականի տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, https://www.ombuds.am/images/files/37e25ee596e697fd1c3b2cbdaacc0a4a.pdf
16 Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2009 թվականի տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, https://www.ombuds.am/images/files/37e25ee596e697fd1c3b2cbdaacc0a4a.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2010 թվականի տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, https://www.ombuds.am/images/files/7b273bc7061ea770062b252de866a3f8.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2016 թվականի տարեկան հաղորդում , էջ 49, https://www.ombuds.am/images/files/28731eccde752a30c70feae24a4a7de7.pdf
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2017 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 3, https://www.ombuds.am/images/files/b5220dd0b83b420a5ab8bb037a1e02ca.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2018 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/8f03a4f279d0491fd510fca443f8f269.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/15b2661f76d10eb07746d7d4d4dec84f.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2020 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/883f55af65e3c33553139031c7ac0ce6.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2021 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/022666474d87ff84a86acf39be58bec8.pdf
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
7 նոյեմբերի 2023 թվականի ՍԴՈ-1699 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2023 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1699 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ (հրապարակվել է 2023 թվականի նոյեմբերի 10-ին) որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող՝ 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում (…)»:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը՝ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը։ Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:
Վերոգրյալ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ օրենքով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
1. Սահմանադրական դատարանի որոշման առանցքում հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության կամ դրա օրինական ակնկալիքի օտարման հարաբերություններում օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման սահմանադրականության ստուգման հարցն է, և Սահմանադրական դատարանը, Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելը դիտարկելով որպես օրենքի բաց, որոշմամբ ներկայացված պատճառաբանությունների հիման վրա որոշման եզրափակիչ մասում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածին տվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի՝ «(…) հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող՝ 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում»։
Անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանություններին, մասնավորապես՝ դրանում օրենսդրական բացի առկայությունն արձանագրելուն, և քննարկվող իրավանորմին որոշման եզրափակիչ մասում տրված մեկնաբանությանը, հարկ եմ համարում նշել հետևյալը.
Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները, գտել է, որ.
1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումներով հստակեցվել են Սահմանադրական դատարանի կողմից օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության շրջանակը՝ սահմանելով նման հարցերի առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների թույլատրելիության որոշ չափանիշներ։ Ուստի Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր դեպքում օրենքի բացի սահմանադրականության հարցի վերաբերյալ ներկայացված դիմումը նախքան քննության առնելը, պետք է պարզի, թե դիմողի կողմից ներկայացված օրենքի բացը ենթադրում է որպես օրենսդրական կարգավորման թերություն, թե՝ տվյալ օրենսդրական կարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ իրավական նորմի բացակայությունն օրենսդիր մարմնի ուղղակի և հստակ կամքի արդյունք է։ Հետևաբար սահմանադրական վերահսկողության ենթակա օրենքի բացը, հանդիսանալով որպես օրենսդրական ոչ լիարժեք կարգավորում, չի կարող նույնացվել օրենսդրական կարգավորմամբ կոնկրետ իրավական նորմի բացակայության հետ, ուստի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի ընդունելիության փուլում պետք է քննարկման առարկա դառնա, ի թիվս այլնի, նաև սահմանադրական վերահսկողության ենթակա օրենքի բացի և օրենսդրական կարգավորման բացակայության հարաբերակցությունը, քանի որ օրենսդրական կարգավորման բացակայության հետ կապված փոփոխությունները գտնվում են բացառապես օրենսդիր մարմնի լիազորությունների և հայեցողության տիրույթում։
Տվյալ դեպքում քննության առարկա դիմումով դիմողները Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել են այն հարցը,որ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա է օրենքի բաց, մասնավորապես՝ վիճարկվող նորմը չի նախատեսում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու բացառություն, որպիսի պարագայում դատարանները հնարավորություն չեն ունեցել ապահովելու իրենց՝ դատարանի մատչելիության իրավունքը և սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու շուրջ վեճի՝ ըստ էության քննությունը դատարանում:
Անդրադառնալով քննության առարկա դիմումին և դրանով բարձրացված հարցին՝ գտնում եմ, որ դիմողների կողմից բարձրացված՝ վիճարկվող հոդվածում ենթադրյալ օրենսդրական բացի առկայությանն առնչվող հարցը չի բավարարում վերը հիշատակված՝ Սահմանադրական դատարանի որոշումներով հստակ սահմանված չափորոշիչներով ներկայացված այն պահանջները, որոնք հնարավորություն կտային տվյալ հարցը դիտարկել որպես Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարց հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես՝ վիճարկվող դրույթը՝ Քաղաքացիական օրենսգրքի «Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում» վերտառությամբ 344-րդ հոդվածը սահմանում է.
«Հայցային վաղեմությունը չի տարածվում`
1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.
3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.
4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).
5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.
6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա»:
Փաստորեն օրենսդիրը, հստակորեն արտահայտելով իր կամքը, վիճարկվող դրույթով սպառիչ կերպով ներկայացրել է այն պահանջները, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում։ Ավելին՝ նշված պահանջների մեջ ներառված չէ դիմողների կողմից բարձրացված՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը։
Իր հերթին Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմողների կողմից բարձրացված հարցը, եկել է այն եզրահանգման, որ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելը պետք է դիտարկել որպես օրենքի բաց։ Միաժամանակ նշել է, որ վիճարկվող դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ վերոնշյալ խումբ պահանջների նկատմամբ տարածվում են հայցային վաղեմության՝ օրենսդրի կողմից սահմանված դրույթները։
Մինչդեռ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը, քննության առնելով սույն գործով ներկայացված դիմումը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ, ելնելով վիճարկվող դրույթի բովանդակությունից՝ գտնում եմ, որ օրենսդրի կողմից վիճարկվող դրույթով հայցային վաղեմություն չտարածվելու բացառությունների հստակ ամրագրումը չի կարող հանգեցնել իրավական անորոշության։ Ավելին՝ իրավական անորոշության մասին կարող է խոսք լինել իրավակարգավորման ոչ լիարժեք կամ թերի լինելու դեպքում, ինչն էլ կարող է ձևավորել տվյալ նորմի մեկնաբանության ու կիրառման առնչությամբ հակասական իրավակիրառ պրակտիկա։
Հետևաբար վիճարկվող իրավադրույթի առնչությամբ օրենքի բացը Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողության առարկա կարող էր դառնալ այն դեպքում, երբ տվյալ իրավանորմը հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում կպարունակեր թերի և ոչ ամբողջական կարգավորում՝ սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի վերաբերյալ։ Ըստ այդմ, վիճարկվող իրավադրույթում վերոնշյալ հարցի առնչությամբ որևէ կարգավորում նախատեսված չլինելու պարագայում Սահմանադրական դատարանի կողմից գոյություն չունեցող կարգավորմանը մեկնաբանություն տալը չի կարող բխել Սահմանադրական դատարանի լիազորություններից, քանի որ կոնկրետ իրավադրույթում որևէ կարգավորում նախատեսելու իրավասությունը գտնվում է օրենսդիր մարմնի լիազորությունների տիրույթում։
Իմ գնահատմամբ՝ դիմողների կողմից բարձրացված հարցը պայմանավորված է ոչ թե վիճարկվող դրույթի իրավական անորոշությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում նշված հարցի տարակերպ մեկնաբանություններով, այլ այն իրենից ենթադրում է օրենսդրի կողմից կոնկրետ իրավադրույթում նման պահանջի չնախատեսման հստակ և ուղղակի վարքագծի դրսևորում։ Հետևաբար դիմողի կողմից բարձրացված օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ իրավակարգավորման բացակայությամբ, ուստի նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Ուստի դիմողների կողմից բարձրացված օրենքի բացը տվյալ դեպքում չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության առարկա։
Փաստորեն, Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օբյեկտիվ իրականության մեջ ընդհանրապես գոյություն չունեցող դրույթ։ Այլ կերպ ասած՝ Սահմանադրական դատարանը, դուրս գալով իր լիազորությունների տիրույթից, սահմանել է գոյություն չունեցող կարգավորում, դրանով իսկ ստանձնելով օրենսդիր իշխանության գործառույթները, և այդ գոյություն չունեցող կարգավորմանն էլ տվել է իր մեկնաբանությունը։ Այդուհանդերձ, եթե անգամ հիմնավորվեր սույն դիմումով բարձրացված օրենքի բացի առկայությունը (որը սույն որոշմամբ որևէ կերպ չի հիմնավորվել), ապա նման պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր բացառապես հակասահմանադրական ճանաչել օրենքի նման բացը։ Մինչդեռ սույն դեպքում Սահմանադրական դատարանը կիրառել է մի լիազորություն, որի պարագայում ոչ միայն սահմանադրական է ճանաչել գոյություն չունեցող դրույթը, այլ նաև նման գոյություն չունեցող նորմին Սահմանադրական դատարանի կողմից տրվել է մեկնաբանություն։ Նշվածը ևս վկայությունն է այն իրողության, որ Սահմանադրական դատարանն ըստ էության դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։
Միաժամանակ անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանություններին՝ հարկ եմ համարում նշել հետևյալը.
Սահմանադրական արդարադատության բնագավառում, ի թիվս այլնի, գործում է նաև կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ անձի կողմից սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, որն իրացվում է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8–րդ կետին համապատասխան։ Նշված սահմանադրական դրույթն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում, որը կանոնակարգելով կոնկրետ սահմանադրական վերահսկողությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։
Կոնկրետ վերահսկողության պարագայում, ի թիվս այլնի, անհրաժեշտ պայման է, որ անձի կողմից դատական պաշտպանության միջոցները սպառելու արդյունքում կայացված վերջնական դատական ակտով վիճարկվող դրույթը կիրառված լինի իր նկատմամբ, և կիրառման արդյունքում համապատասխան պատճառահետևանքային կապի առկայության համատեքստում խախտված լինի իր սահմանադրական կոնկրետ իրավունքը («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդված)։
Սահմանադրականը դատարանը, 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ անդրադառնալով կոնկրետ սահմանադրական վերահսկողության ինստիտուտին, նշել է, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը։ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը մասնավորապես բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն իր հերթին 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվում է կոնկրետ վերահսկողություն, ինչը ենթադրում է, որ նորմատիվ ակտի սահմանադրականությունն առնչվում է դատաքննության առարկա դարձած այս կամ այն կոնկրետ գործին: Ի վերջո Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության ինստիտուտի՝ դիմողի համար վերջնական և հիմնական հետևանքը դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի՝ նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով վերանայումն է։
Այսպիսով, Սահմանադրական դատարանում կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունն իր նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության գնահատման միջոցով կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործի շրջանակում։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ ենթադրյալ սահմանադրականության վերաբերյալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործով դատարանի կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարց։ Ավելին՝ Սահմանադրական դատարանն իր հերթին կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս իր մեկնաբանություններն ու դիրքորոշումները կարող է կառուցել կոնկրետ գործով փաստական հանգամանքների հիման վրա։ Փաստորեն, կոնկրետ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու Սահմանադրական դատարանի լիազորությունը կարող է իրացվել Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված՝ տվյալ վերահսկողության շրջանակում ներկայացված դիմումների քննության և լուծման առանձնահատկությունների պահպանմամբ։ Հետևաբար Սահմանադրական դատարանը, լինելով համապատասխան իրավակարգավորումներով կաշկանդված, կոնկրետ գործի պարագայում չի կարող հայեցողաբար կիրառել և մեկնաբանել տվյալ վերահսկողությանը բնորոշ առանձնահատկությունները։
Ի տարբերություն կոնկրետ սահմանադրական վերահսկողության՝ վերացական վերահսկողության պարագայում սահմանադրական արդարադատությունն իրականացվում է անորոշ հանգամանքներով պայմանավորված իրավահարաբերությունների նկատմամբ, որպիսի դեպքում ստուգվում է դիմողի կողմից վիճարկվող նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը` անկախ կոնկրետ դեպքում տվյալ նորմերի կիրառման հանգամանքի։
Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանը, ստուգելով Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելու սահմանադրականությունը, իր որոշման պատճառաբանությունները կառուցել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման իրավահարաբերություններին վերաբերող իրավակարգավորումների վրա։
Մինչդեռ սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու առիթ հանդիսացած թիվ ԵԴ/34667/02/19 քաղաքացիական գործի, ինչպես նաև սույն գործով զեկուցող դատավոր Ս. Սաֆարյանի կողմից Դատական դեպարտամենտի ղեկավարից պահանջված և Սահմանադրական դատարանում ստացված թիվ հ.2-699-2005թ. գործի ուսումնասիրությունից հետևում է, որ՝
- թիվ հ.2-699-2005թ. գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.03.2005 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով Ռուբեն Գրիգորյանի դիմումն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պետական մարմնի անգործությունը, գործողությունն օրենքին հակասող և անվավեր ակտ ճանաչելու, Երևանի Փ. Բյուզանդի փող. 11 բակի թիվ 12 բնակարանի նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։
- Թիվ 2-412-2005թ. գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.05.2005 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի՝ օգտագործման իրավունքի դիմաց 2000-ական ԱՄՆ դոլարին համարժեք աջակցության գումար վճարելուց հետո՝ ք. Երևան, Բյուզանդի 11 հասցեից վտարելու պահանջի մասին բավարարվել է:
Փաստորեն, վերոնշյալ դատական գործերից հետևում է, որ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնց համաձայն՝ վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ դիմողների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժվել է, և վերջիններս վտարվել են վերոնշյալ հասցեի բնակարանից։ Նշվածից հետևում է, որ վերոնշյալ դատական ակտերի ուժով դիմողները վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ չունեն ինչպես սեփականության իրավունք, այնպես էլ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք։
Սահմանադրական դատարանը, 2016 թվականի դեկտեմբերի 6-ի ՍԴՈ-1326 որոշմամբ անդրադառնալով անձի սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքին, արձանագրել է, որ այն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ՝
- անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է,
- անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք։
Սույն գործով դիմողների կողմից վիճարկվող՝ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականության գնահատման համար առանցքային նշանակություն ունի դիմողների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի (այս համատեքստում նաև՝ լեգիտիմ ակնկալիքի) առկայությունը։ Ուստի ելնելով վերոնշյալ դիրքորոշումների և սույն գործի փաստական հանգամանքների համադրությունից՝ գտնում եմ, որ սույն գործի շրջանակում դիմողները չէին կարող Սահմանադրական դատարանից ակնկալել սեփականության իրավունքի պաշտպանություն, իսկ Սահմանադրական դատարանն իր հերթին չէր կարող վիճարկվող նորմի սահմանադրականությունը դիտարկել սեփականության իրավունքի պաշտպանության համատեքստում՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է վերջիններիս կողմից վեճի առարկա հանդիսացող բնակարանի նկատմամբ ինչպես սեփականության իրավունք, այնպես էլ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք չունենալու հանգամանքը։
Վերոնշյալի հաշվառմամբ՝ գտնում եմ, որ վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ օրենսդրական բացին վերաբերող հարցը սույն անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն չի առնչվում դիմողների՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված համապատասխան հիմնական իրավունքներին և (կամ) ազատություններին։ Ուստի Սահմանադրական դատարանը, սույն որոշման պատճառաբանությունները կառուցելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման իրավահարաբերությունների վրա, դուրս է եկել Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության սահմաններից։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը, շեղվելով սույն դիմումի հարուցման հիմք հանդիսացող գործի փաստական հանգամանքներից և որոշման առանցքում դնելով դիմողների սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքը, փաստացի իրականացրել է վերացական սահմանադրական վերահսկողություն, ինչի իրավասությունը չէր կարող ունենալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի հիմքով՝ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում, ուստի գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի բխում կոնկրետ սահմանադրական վերահսկողության էությունից։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ ներկայացված անհատական դիմումով չի հիմնավորվել դիմողների կողմից վիճարկվող՝ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասությունը՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված համապատասխան հիմնական իրավունքներին և (կամ) ազատություններին, տվյալ հիմնական իրավունքների և (կամ) ազատությունների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող հոդվածում առկա ենթադրյալ օրենքի բացի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, որպիսի պայմաններում հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ սույն գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա էր կարճման։
Դատավոր՝ |
Ե. Խունդկարյան |
«16» նոյեմբերի 2023 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|